• am
  • ru
  • en
Версия для печати
20.11.2018

«ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 8, 2018


Գագիկ Հարությունյան

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն

Այսօր նախկին խորհրդային հանրապետությունների, ինչու չէ՝ նաև նախկին «սոցճամբարի» որոշ երկրների տեղեկատվական դաշտում կարելի է հանդիպել ոչ քիչ թվով նյութերի՝ նվիրված «ծանր խորհրդային կայսերական և գաղութային ժառանգությանը»։ Որպես կանոն, նման հրապարակումները «խորհուրդներ» են պարունակում այն մասին, թե ինչ պետք է անել՝ արդեն մեր օրերում «ռուսական կայսերական գաղութային քաղաքականությանը» դիմակայելու համար։ Այս համատեքստում ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ հանրապետությունների նորաթուխ քաղաքական գործիչները և ԶԼՄ մեկնաբաններն առաջարկում են դուրս գալ այդ կառույցներից և այդպիսով «վերականգնել երկրի անկախությունը», ինչն էլ ինքնըստինքյան կհանգեցնի «և՛ տնտեսության աճին, և՛ անվտանգության ամրապնդմանը»։ Նշենք, որ նմանատիպ տեղեկատվական գործողություններն ունեն որոշակի ներգործություն (մասնավորապես՝ երիտասարդության վրա) և հասարակությունում կասկածներ ու անվստահություն են հարուցում եվրասիական ինտեգրացիոն գործընթացի հանդեպ ընդհանրապես [1]։ Բնական է, որ այս հանգամանքը, թեև անուղղակիորեն, բայց ազդեցություն է գործում նաև քաղաքական ընտրանու և դրանով իսկ՝ պետական մակարդակով ընդունվող որոշումների բնույթի վրա, ինչին էլ, ըստ էության, ձգտում են հասնել նման տեղեկատվական քաղաքականության ստրատեգները։ Ստեղծված իրավիճակը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով, որոնցից, մասնավորապես, նշենք հետևյալը.

- Հետխորհրդային երկրներում օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող բազմաթիվ հասարակական կազմակերպությունների առկայությունը, որոնց մի մասի խնդիրն են աշխարհաքաղաքական մրցակիցների դեմ տեղեկատվական գործողությունները, որոնք իրականացվում են փափուկ ուժի և հիբրիդային ռազմավարության բոլոր կանոններով;

- Նման ագիտացիոն և պրոպագանդիստական բնույթի տեղեկատվական գործողությունների արդյունավետությունը բավական բարձր է, քանի որ հետխորհրդային երկրների հասարակություններում նկատվում է կրթական-ինտելեկտուալ մակարդակի անկում, ինչն իր հերթին հանգեցնում է ԶԼՄ-ից ստացվող տեղեկությունների ոչ քննադատական և ոչ ադեկվատ ընկալման [2, 3];

- ԵԱՏՄ և ՀԱՊԿ համապատասխան կառույցների կողմից ինտեգրման գործընթացին ուղղված մտածված և համակարգային տեղեկատվական քաղաքականության բացակայություն՝ աշխարհաքաղաքական իրողությունների, այդ կազմակերպությունների անդամ երկրների հասարակությունների առանձնահատկությունների, արժեքների համակարգի և մենթալության հաշվառմամբ։

Նկատենք, որ վերջին կետում թվարկված գործոնները բավական խելամտորեն օգտագործվում են տեղեկատվական գործողություններում, որոնք իրականացնում են ԵԱՏՄ և ՀԱՊԿ մրցակիցները։ Մասնավորապես, «ռուսական (խորհրդային) գաղութատիրություն և իմպերիալիզմ» բառերն ու հասկացությունները դարձել են յուրատեսակ մեմեր, որոնք մեթոդաբար և լայնորեն արծարծվում են՝ աստիճանաբար դառնալով հասարակական գիտակցության տարրեր, հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչների շրջանում։ Մինչդեռ, համառուսական պետական բազմազգ համակարգը սկզբունքորեն տարբերվում է կայսերական-գաղութային կառավարման արևմտյան մոդելներից, և այս համատեքստում ուշադրություն դարձնենք խորհրդային անցյալի որոշ փաստերի վրա։

«Խորհրդային-ռուսական գաղութատիրության» առանձնահատկությունները. Հայտնի է, որ գաղութատիրություն բառը և հասկացությունը մարդկանց մեջ բացասական հույզեր են առաջացնում։ Գրեթե բոլոր բառարաններում այն նշանակում է ժողովուրդների, երկրների և տարածքների նվաճում և ստրկացում ռազմական և քաղաքական մեթոդներով։ Մասնավորապես, նշվում է, որ գաղութարարները շահագործում են բնական հարստություններն ու տեղի աշխատանքը հօգուտ մետրոպոլիայի, ինչը հանգեցնում է տնտեսական զարգացման արգելակման և, ընդհանուր առմամբ, տվյալ երկրի ու նրա հասարակության դեգրադացման։ Փորձենք այս տեսանկյունից հակիրճ դիտարկել, թե ինչ տեսք ուներ գաղութատիրությունը Խորհրդային Միությունում, որտեղ, համաձայն որոշ քաղաքագետների, գաղութներ էին հանդիսանում ինչպես միութենական հանրապետությունները, այնպես էլ ինքնավար մարզերը։

Աղյուսակ 1.
Խորհրդային հանրապետություններում 1985, 1987, 1989 և 1990թթ. բնակչության մեկ շնչի հաշվով արտադրության և սպառման գումարային ցուցանիշները (ԱՄՆ դոլարով) և այդ ցուցանիշների հարաբերակցությունը
1


Աղյուսակ 1-ում ներկայացված են 1985-1990թթ. խորհրդային բոլոր 15 հանրապետությունների բնակչության մեկ շնչի հաշվով արտադրության և սպառման միջինացված տվյալները, ինչպես նաև սպառման և արտադրության ցուցանիշների հարաբերակցությունը։ Ինչպես հետևում է այդ տվյալներից, ամենացածր սպառումը գրանցվել է ՌԽՖՍՀ-ում՝ ընդամենը արտադրված արտադրանքի 76%-ը, այսինքն՝ այսպես կոչված «գաղութարարը» սպառում էր ավելի քիչ, քան իր «գաղութները» և փաստորեն նրանց պահում էր ի հաշիվ սեփական ռեսուրսների։ Աղյուսակից նաև երևում է, որ բոլոր երեք սլավոնական հանրապետություններից միայն Ուկրաինան մի փոքր ավելի է սպառել, քան արտադրել է։ Հատկանշական է, որ Ուզբեկստանը, Վրաստանը և Հայաստանը Ռուսաստանի և Բելոռուսիայի համեմատ մոտ երեք անգամ ավելի են սպառել, քան արտադրել են։ Սա վառ վկայությունն է այն բանի, որ ԽՍՀՄ-ում բացակայել է այսպես կոչված գաղութային էթնիկ շահագործումը, ինչն այնքան բնորոշ էր, օրինակ, բրիտանացի գաղութարարներին։

Սակայն վերադառնանք մեր օրեր և հակիրճ անդրադառնանք արդի Ռուսաստանի «գաղութային քաղաքականությանը»։ Ինչպես հայտնի է, Սախայի Հանրապետությունում (Յակուտիա), որը հսկայական տարածք է զբաղեցնում (ավելի քան 300 հազ. կմ2), ապրում է ընդամենը մոտ 1 մլն մարդ։ Այնինչ, այս սակավ բնակեցված հանրապետությունում այսօր գործում է 11 բուհ, որոնք հրապարակում են գիտական ամսագրեր և գրքեր, այդ թվում և Հյուսիսարևելյան դաշնային համալսարանի (СВФУ) «Математические заметки» հեղինակավոր ամսագիրը։ Հանրապետությունում գործում են նաև 8 թատրոն և 2 խոշոր թանգարան2։ Հարկ է խոստովանել, որ Սախայի Հանրապետությունը խիստ դժվար է գաղութ անվանել, և նման «գաղութ»-հանրապետություններ, որոնք իրենց ցուցանիշներով շատ նման են Յակուտիային, Ռուսաստանում ուղիղ 21-ն են։ Այս համատեքստում ավելորդ չէ հիշել, որ ԱՄՆ տեղաբնիկները՝ հնդկացիները (որոնց թիվը գերազանցում է հինգ միլիոնը), հիմնականում ապրում են ռեզերվացիաներում և որևէ տնտեսական կամ մշակութային ռեսուրսի գրեթե չտիրապետելով՝ գլխավորապես զբաղվում են ծխախոտի և ալկոհոլի անաքցիզ առևտրով։ Հետաքրքիր է, որ որպես այդ ժողովրդի ձեռքբերում նշվում է այն, որ համեմատաբար վերջերս հպարտ «վերջին մոհիկանները» և իրոկեզները սեփական խաղատներ հիմնելու իրավունք են ստացել3։ Հասկանալի է, որ այս ոչ մեծ հոդվածում իմաստ չունի դիտարկել բնական պաշարներով հարուստ աֆրիկյան և մերձավորարևելյան բրիտանական կամ ֆրանսիական գաղութների օրինակները, քանի որ դրանցից շատերն այսօր էլ դե ֆակտո պահպանել են իրենց գաղութային կարգավիճակը, իսկ այդ երկրների բնակչությունը զանգվածաբար փախչում է դեպի Եվրոպա՝ հանապազօր հաց վաստակելու։

Անգամ ներկայացված մի քանի օրինակներից հետևում է, որ բազմազգ Ռուսաստանը ինտեգրող պետության ինքնատիպ տեսակ է, որն արմատապես տարբերվում է կայսրության արևմտյան տեսակից։ Այդ պետությունը բնակեցնող ժողովուրդներն ունեն ինքնավարության բարձր աստիճան, ինչը նպաստում է իրավահավասար, ուստի և սիներգետիկ մշակութային և տնտեսական փոխգործակցությանը։ Ակնհայտ է նաև այն, որ ԽՍՀՄ փլուզումն ազատ արձակեց վիթխարի ապակառուցողական էներգիա, որը բացասաբար ազդեց նաև այդ երկիրը բնակեցնող ժողովուրդների հոգևոր ներուժի վրա։ Մասնավորապես, տեղեկատվական առումով մեծ աշխատանք տարվեց սեփական ոչ վաղ անցյալի պատմությունը վարկաբեկելու և մոռացության տալու համար։ Բայց և այնպես, այսօր տեղի է ունենում նախկին քաղաքակրթական-մշակութային մոդելի վերականգնում, որն էլ ընկած է հետխորհրդային հանրապետությունների միջև հարաբերությունների հիմքում։ Չէ՞ որ հայտնի է, որ «ինտեգրված տարածքի մատրիցան» ոչ միայն հասարակության պատմական հիշողության տարր է, այլ նաև օբյեկտիվ գործոն»4։ Այս իմաստով «հետխորհրդային երկրների» ինտեգրացիոն ձգտումները միանգամայն ադեկվատ են, մանավանդ հաշվի առնելով ազգային անվտանգության մարտահրավերները, որոնք առաջ են եկել արդի հիբրիդային իրողություններով և մինչ այս գոյություն ունեցող աշխարհակարգի էական փոփոխություններով պայմանավորված5։ Այնինչ, «եվրասիական քաղաքակրթություն» բառակապակցությունը և այդ հասկացության մեկնությունները որևէ կերպ չեն նշվում և չեն մեկնաբանվում ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկրների տեղեկատվական տարածքում։ Նման իրավիճակը պետք է ընդունել որպես լուրջ բացթողում բուռն ընթացող ագիտացիոն և պրոպագանդիստական բախումների պայմաններում։

Քաղաքակրթական գործոն. Վերը նշված գործոնները և նկատառումներն ամբողջովին վերաբերում են նաև Հայաստանին, որը ժամանակին բավական ներդաշնակորեն մտավ եվրասիական քաղաքակրթական համակարգ և ոչ միայն այդ համակարգի բարիքների սպառողն էր, այլև դարձավ բավական արդյունավետ դերակատար այդ տարածքում։ Այս համատեքստում ավելորդ չէ հիշել պատմությունը, որի որոշ տարրեր ցայսօր չեն կորցրել իրենց արդիականությունը։ Գուցե առաջին համոզված «եվրասիացին» հայ ազատագրական շարժման ականավոր գործիչ Իսրայել Օրին էր (1658-1711)։ Օսմանյան և պարսկական լծից հայերի ազատագրության համար եվրոպական կառավարիչների օգնությունն ստանալու բազմաթիվ անհաջող փորձերից հետո նա 1701թ. ուղևորվեց Մոսկվա, որտեղ հանդիպեց Պետրոս 1-ինի հետ, որը խոստացավ օգնություն ցուցաբերել հայերին Շվեդիայի հետ պատերազմի ավարտից հետո։ Բայց այն ժամանակ այդ ծրագրերին վիճակված չէր իրականանալ։

Իսրայել Օրու առաջարկներն իրագործվեցին 1827թ., երբ գեներալ Պասկևիչին հաջողվեց գրոհով վերցնել Էրիվանի բերդը և ազատագրել պարսկական տիրապետության տակ մտնող Արևելյան Հայաստանի մի մասը6։ Հատկապես նշենք, որ այդ ժամանակ Էրիվանի խանությունում ապրում էր մոտ 30 հազար հայ, և միայն Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումից հետո (1828թ.) այստեղ եկան ևս 50 հազար մեր հայրենակիցներ Թուրքիայից և Պարսկաստանից։ Ընդհանուր առմամբ, 19-րդ դ. – 20-րդ դարասկիզբ ժամանակաշրջանում Հարավային Կովկասում բնակություն հաստատեց ավելի քան 1 մլն հայ7, որոնք էլ դրեցին ժամանակակից հայոց պետականության հիմքերը՝ հանձինս Առաջին, Երկրորդ (Հայկ. ԽՍՀ) և Երրորդ հանրապետությունների։ Պատմությունը ցույց է տալիս, որ Օրու և նրա համախոհների քաղաքակրթական կողմնորոշումը լիովին արդարացվեց։ Օրինակը Հայաստանի երկրորդ Հանրապետությունն է (որը, միջազգային ֆինանսական և այլ կառույցների բացակայության պայմաններում, ուներ ավելի լայն ինքնիշխանություն իր ներքին գործերում, քան Երրորդը), որտեղ ներդաշնակորեն զարգանում էին բարձրտեխնոլոգիական արտադրությունը, գիտությունը և մշակույթը։ Բավական է նշել այն փաստը, որ այդ հանրապետության բնակչությունը կազմում էր 4 մլն, իսկ 1980-ական թթ. վերջի ՀՆԱ ցուցանիշը ցայժմ մնում է չգերազանցված8։ Միևնույն ժամանակ, հանրապետությունում գործում էին մոտ հարյուր մասնագիտացված ինստիտուտներ և կոնստրուկտորական բյուրոներ, որոնցում աշխատող հայ գիտնականներն ու տեխնոլոգները մեծ ավանդ են ներդրել մեծ տերության պաշտպանունակության բարձրացման գործում [4, 5]։ Նշենք, որ այդ ավանդույթները (գուցե ոչ այն չափով, ինչ այն ժամանակ) շարունակվում են նաև այսօր9։

Թերևս, շարունակելով պաշտպանունակության և անվտանգության թեման՝ նշենք, որ Իսրայել Օրու ծրագրերը համահունչ էին թուրքական և պարսկական լծի տակ գտնվող հայերի ձգտումներին, որոնք 1804-1813 և 1826-1828թթ. ռուս-իրանական պատերազմներում մարտնչում էին Ռուսական կայսրության կողմում։ Հայտնի է, որ հայ կամավորական ջոկատները ակտիվորեն մասնակցում էին նաև ռուս-թուրքական պատերազմներին և հենց այդ պատմական ժամանակաշրջանում էլ դրվեցին ռուս-հայկական մարտական գործակցության հիմքերը, որը, փայլուն դիմանալով համաշխարհային երկու պատերազմներին, շարունակվում է մինչ օրս։ Բավական է հիշել, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ավելի քան 100 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, Թամանյան դիվիզիան հաղթականորեն ավարտեց պատերազմը Բեռլինում, իսկ մի քանի հայ զորահրամանատարներ դարձան մարշալներ և ծովակալներ։ Այս ամենի առիթով նշենք, որ պատմական հիշողության պահպանման քաղաքականության շրջանակներում նպատակահարմար է ընտրել հատուկ օր, որպեսզի ամեն տարի նշվի «Ռուս-հայկական մարտական գործակցության» օրը։

Սակայն, ցավոք, վերը նշված գործոնները և դրանց մեկնաբանությունները որևէ կերպ իրենց արտացոլումը չեն գտնում հայկական տեղեկատվական դաշտում։ Գուցե ստեղծված իրավիճակը շտկելու համար հարկ է կազմակերպել ՀԱՊԿ ներկայացուցիչների և ազգային անվտանգության հարցերով զբաղվող փորձագետների համատեղ սեմինար՝ «ուղեղային գրոհ», որի ժամանակ էլ, ամենայն հավանականությամբ, կգտնվեն սույն հարցերի իրատեսական լուծումները։

1 Աղյուսակի ներկայացված ցուցանիշները ստացվել են С.С. Сулакшин, В.Э. Багдасарян «Цивилизационный феномен в российском государствообразовании» (http://rusrand.ru/ideas/civilizacionnyy-fenomen-v-rossiyskom-gosudarstvoobrazovanii) աշխատանքում ներկայացված տվյալների մշակման արդյունքում։

2 https://ru.wikipedia.org/wiki/%D0%AF%D0%BA%D1%83%D1%82%D0%B8%D1%8F#.

3 http://www.visionary.ru/stati/indeyskie-plemena-severnoy-ameriki.html

4 Зигмунт Бауман, «Прошлое России – это будущее России», http://www.rodon.org/polite-110519100638.

5 Федор Лукьянов, Картина мироустройства превращается в непостижимую мозаику, http://www.rodon.org/polit-181011102611.

6 http://erevangala500.com/page/46.html.

7 https://bigenc.ru/domestic_history/text/4937627

8 Ю.А. Корчагин, Рейтинг стран — бывших республик СССР по ВВП в 2016 году и в 1990г., http://www.lerc.ru/?part=articles&art=1&page=388).

9 Տե՛ս, օրինակ, Летающий гранатомет: армянские инженеры создали неуязвимое оружие?: https://ru.armeniasputnik.am/society/20181007/14936089/letayushchij-granatomet-armyanskij-hajtek-otvetit-na-vrazheskie-avantyury.html

Գրականություն

1. Манукян С., «Социологическая проблематика и задачи Евразийской интеграции», доклад на Ежегодной конференции Евразийского экспертного клуба 20 декабря, Ереван, 2017.

2. Арутюнян Г., Информационные и деиндустриализованные общества, 21-й Век, #4(41), с. 6, 2016.

3. Տեղեկատվական անվտանգություն (խմբ.՝ Հարությունյան Գ.), Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2017, 316 էջ։

4. Арутюнян Г., Распад «системы» и формирование будущего, Ереван, НОФ «Нораванк», 2011.

5. Կրիտիկական ենթակառուցվածքները և ազգային անվտանգությունը (խմբ.՝ Հարությունյան Գ.), Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2018 (պատրաստվում է տպագրության)։



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր