
«ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 6, 2018
Գագիկ Հարությունյան
«Նորավանք» ԳԿՀ տնօրեն
Ներկայիս հիբրիդային իրողություններում, երբ տոտալ հակամարտություններն ընթանում են մարդկային կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում (ռազմական, դիվանագիտական, գիտակրթական, մշակութային և անգամ սպորտային), գլոբալ հարթությունում գրեթե վերացել են նախկինում միջազգային հարաբերությունների վերաբերյալ եղած պատկերացումները և նորմերը։ Որոշ քաղաքագետներ1 գտնում են, որ արդի իրավիճակը հիշեցնում է 1618-1648թթ. Եվրոպայում սկիզբ առած երեսնամյա պատերազմը [1]։ Միանգամայն հիմնավորված է նաև այն տեսակետը, համաձայն որի՝ «կառավարվող քաոսի» տեխնոլոգիաների2 կիրառմամբ ընթացող ներկայիս քաղաքականությունը նպաստում է «գլոբալ կրիտիկականության» ձևավորմանը, որը վերացնում է գոյություն ունեցող աշխարհակարգի հիմքերը [2, 3]։ Նման հայեցակարգի տեսական հիմնավորումն է «ինքնակազմակերպված կրիտիկականության» տեսությունը, համաձայն որի՝ ոչ գծային օրինաչափություններին ենթարկվող համակարգն իր զարգացման ընթացքում անխուսափելիորեն մոտենում է այսպես կոչված «բիֆուրկացիայի» կետին կամ, այլ խոսքերով, այն կետին, երբ փոխվում է համակարգի գործելու նախկին ռեժիմը։ Դա նվազեցնում է համակարգի կայունությունը, և արդյունքում՝ անգամ աննշան փոփոխությունները կարող են հրահրել անկանխատեսելի հետևանքներով բուռն պրոցեսներ, որոնք փոխում են ողջ համակարգի պատկերը և բովանդակությունը։ Հատկանշական է, որ նման իրավիճակում անգամ կոնկրետ վտանգների վերացումը կարող է հանգեցնել այլ անցանկալի տարբերակների առաջացման հավանականությանը [2]։
Ինչպես հետևում է վերոնշյալից, արդի ոչ գծային օրինաչափություններին ենթարկվող տուրբուլիզացված աշխարհակարգը գտնվում է որակական փոփոխությունների փուլում։ Դա վկայում է այն մասին, որ ստեղծված իրավիճակում, առավել քան երբևիցե նախկինում, ազգային անվտանգության համատեքստում անհրաժեշտ է կարևորել ստեղծված իրողությունների ադեկվատ ընկալումը և դրանց նույնքան ադեկվատ արձագանքելու կարողությունը։ Նման մոտեցումը ենթադրում է խոր, համակարգված գիտելիքներ և իմացություններ ինչպես սեփական, այնպես էլ տարածաշրջանային ու գլոբալ ակտորների ոչ նյութական և նյութական ռեսուրսների վերաբերյալ։ Ի լրումն՝ պետք է նաև հաշվի առնել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայի աննախադեպ զարգացման ժամանակաշրջանում հանրություններում արտաքին աշխարհի հանդեպ ձևավորվել են նաև զուտ վիրտուալ պատկերացումներ, որոնցում էլ նա «ապրում ու գործում է» (կամ, ինչպես դիպուկ նկատել է Գ.Պոչեպցովը, եթե «իրական աշխարհը գոյություն ունի անկախ մարդու պատկերացումներից, ապա վիրտուալ աշխարհը կառուցվում է համաձայն մարդու պատկերացումների»)3։
Ակնհայտ է, որ միայն վերոնշյալ բոլոր հանգամանքները հաշվի առնելու պարագայում է հնարավոր ամրագրել սեփական հոգևոր, մտավոր (հոգևոր, մտավոր, կազմակերպչական և այլն) և նյութական ոլորտների (ռազմաքաղաքական, տնտեսական և այլն) «կոորդինատները» գլոբալ հարթությունում։ Նման մոտեցումը թույլ կտա ոչ միայն վարել արդյունավետ արտաքին քաղաքականություն, այլև մշակել համապատասխան ռազմավարություն ներքին հիմնախնդիրների վերհանման և լուծման ուղղությամբ։
Այս վերջին խնդրի պարագայում անհրաժեշտ է խիստ կարևորել ինչպես սեփական, այնպես էլ այլոց համակարգային նշանակություն ունեցող ենթակառուցվածքների կամ, այլ խոսքերով՝ կրիտիկական ենթակառուցվածքների վերհանումը, որոնց խոցումը կարող է հանգեցնել անդառնալի կորուստների և անգամ ողջ համակարգի փլուզման։ Միևնույն ժամանակ, կրիտիկական նշանակություն կարող են ունենալ ոչ միայն առանձին կառույցներ կամ կառույցների համախումբը, այլ նաև ամբողջ ոլորտներ, որոնցում տիրող իրավիճակը և զարգացման մակարդակը պայմանավորում են այլ ոլորտների անվտանգությունը և արդյունավետությունը [4]։ Ավելին, համաձայն մեր մոտեցումների՝ անգամ նման ընդհանրական դասակարգման պարագայում կարելի է վերհանել այնպիսի ոլորտ, որի զարգացածության մակարդակը հանդիսանում է մնացյալ բոլոր ոլորտների անվտանգության և զարգացման նախապայմանը, և նման ոլորտը կարելի է պայմանականորեն անվանել «կրիտիկական ոլորտների կրիտիկական ոլորտ»։ Մեր պատկերացումները թույլ են տալիս պնդել, որ նման անվանմանը կարող է հավակնել հոգևոր-գիտելիքային ոլորտը, որի կատարելության և զարգացման մակարդակն ուղղակի կամ անուղղակի պայմանավորում է այլ ուղղություններում ընթացող զարգացումների արդյունավետությունը։
Հարկ է նաև նկատել, որ ներկայի ոչ գծային բնույթի հիմնախնդիրների և պրոցեսների մեջ խորամուխ լինելը հնարավոր է միայն ժամանակային գործոնը հաշվի առնելու պարագայում։ Այս համատեքստում դա նշանակում է, որ այս կամ այն երևույթն ադեկվատ ընկալելու համար բավական չէ սահմանափակվել կոնկրետ դիտարկման ժամանակահատվածով և համադրել ստացված արդյունքներն անցյալի նախադեպերի հետ։ Արդի մոտեցումները պահանջում են, որպեսզի երևույթները և գործընթացները քննարկվեն նաև ապագայում դրանց փոխակերպումների վերաբերյալ փորձագիտական հնարավորինս հիմնավորված պատկերացումների հիման վրա։ Անցյալի, ներկայի և հնարավոր ապագայի կամ, այսպես կոչված, «ժամանակային տրիադայի» համատեքստում փոխկապակցված մոտեցումների ձևավորումն էապես մեծացնում է ոչ գծային զարգացումներն ադեկվատ ընկալելու հավանականությունը և այդպիսով նպաստում է դրանց առավել իմաստավորված արձագանքելու կարողությանը4։
Վերը ներկայացված խիստ համառոտ նկատառումներն առավել ակտուալ են այն երկրների և հանրությունների համար, որոնք այս կամ այն պատճառներով արդի աշխարհաքաղաքական-աշխարհագաղափարախոսական զարգացումների մասն են հանդիսանում։ Ակնհայտ է, որ Հայաստանը (ՀՀ և ԱՀ) և Հայկական հանրությունը (արդի, պատմական Հայաստանում և այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցները), գտնվելով Ադրբեջանի հետ պատերազմական իրավիճակում և Թուրքիայի հանդեպ պահանջատիրության դիրքերում, դասվում են նման երկրների և հանրությունների շարքին։ Ակնհայտ է նաև, որ մեր հիմնախնդիրների լուծման ալգորիթմների ձևավորումը և դրանց իրագործումը ենթադրում են Հայկական հանրության հոգևոր-մտավոր ներուժի, թերևս, անգամ տոտալ մոբիլիզացիա։ Միևնույն ժամանակ, ստեղծված իրավիճակում երբեք ավելորդ չեն նաև այդ հիմնախնդիրների առանձին քննարկումները և վերլուծությունները։ Մասնավորապես, կարծում ենք, որ ադեկվատ ընկալումների հարցում առաջնային խնդիրների շարքում է գտնվում ՀՀ հասարակության գիտելիքային ներուժի կոորդինատների հնարավորինս ճշգրտումն արդի տեղեկատվական հեղափոխությունների ժամանակաշրջանում։
1 Г.Арутюнян, Фрагментированный или «довестфальский» миропорядок, http://www.noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=16546. Т.Бордачев, Третья тридцатилетняя война, http://www.noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=17368&sphrase_id=67565
2 Այդ տեխնոլոգիաները մշակվել են ամերիկյան Սանտա Ֆե քաղաքում 1984թ. հիմնադրված «Միջդիսցիպլինար հետազոտությունների» ինստիտուտում (որն անվանում են նաև «Կրիտիկական բարդության ինստիտուտ»), որի նպատակներից էր, մասնավորապես, քաոսի վերաբերյալ տեսական ֆիզիկայի դրույթները կիրառական աշխարհաքաղաքական նպատակներին «հարմարեցնելը»։ Այս վերջին մոտեցումը գործնականում կիրառվեց աշխարհաքաղաքական գլոբալ նշանակություն ունեցող «Արաբական գարուն» նախագծում։
3 Г.Почепцов, Виртуальность не знает поражений от реальности, только другая виртуальность может ее победить, http://hvylya.net/analytics/society/virtualnost-ne-znaet-porazheniy-ot-realnosti-tolko-drugaya-virtualnost-mozhet-ee-pobedit.html
4 Բնորոշ է, որ ԱՄՆ-ում, որտեղ ընթացիկ գործընթացների վերլուծությունը և կանխատեսման մշակույթը, շնորհիվ բազմաթիվ «ուղեղային կենտրոնների» կողմից կատարված մշակումների, գտնվում է շատ բարձր մակարդակի վրա (տե՛ս, օրինակ, Г.Арутюнян, Распад «системы» и формирование будущего, НОФ «Нораванк», Ереван, 2011), ձևավորվել է նաև հատուկ հանձնաժողով, որն ուսումնասիրում է Հռոմեական կայսրության փլուզման պատճառները։ Այդ աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունքներն օգտագործվում են սեփական գերտերության կայունությունը պահպանելու նպատակով։
Գրականություն
1. Գ.Հարությունյան, Ֆրագմենտացված կամ «մինչվեստֆալյան» աշխարհակարգ, Գլոբուս, #2(91), 5, 2018։
2. А.Бартош, Агрессия нового типа, НВО, #18, (996), 2018.
3. «Տեղեկատվական անվտանգություն», Նախագծի ղեկավար և գլխ. խմբագիր Գ.Հարությունյան, 317 էջ, Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2017։
4. Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի վրա ազդող գործոնների ուսումնասիրություն (հետազոտական ծրագրի համակարգողներ Ս.Մանուկյան, Գ.Հարությունյան), «Նորավանք» ԳԿՀ, 218 էջ, 2015, http://www.noravank.am/arm/books/details.php?ELEMENT_ID=1326023.03.2015
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]