• am
  • ru
  • en
Версия для печати
19.11.2012

ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔ-ԻՐԱՔՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

   

Հայկ Գաբրիելյան

Վերջին շրջանում բավական սրվել են թուրք-իրաքյան հարաբերությունները, ինչում իր ուրույն դերն ունի քրդական գործոնը: Բուն քրդական գործոնին անդրադառնալուց առաջ հարկ է ընդհանուր հայացք ձգել թուրք-իրաքյան հարաբերություններում ստեղծված իրավիճակին եւ մասնավորապես նրանց միջեւ առկա տարաձայնություններին, որոնք այնքան էլ կապված չեն քրդական գործոնի հետ:

Թուրքիա–Իրաք

Իրաքի վարչապետ, շիա Նուրի ալ-Մալիքին այս տարի շարունակ դատապարտում է տարածաշրջանում սեփական գերիշխանությունը հաստատելուն ուղղված Թուրքիայի փորձերը` ընդգծելով, որ հարեւանների գործերին միջամտելու ցանկությունը Թուրքիային վերածում է տարածաշրջանի բոլոր երկրների թշնամու: Մալիքին Թուրքիային մեղադրում է նաեւ Իրաքում սուննիների ու շիաների միջեւ թշնամություն սերմանելու մեջ:

Թուրք-իրաքյան հարաբերությունների վրա իր բացասական կնիքն է թողնում նաեւ այն, որ Թուրքիան ապաստան է տվել եւ հրաժարվում է Իրաքին հանձնել այդ երկրի փոխնախագահ, սուննի Թարիք ալ-Հաշիմիին, որին իրաքյան դատարանը երեք անգամ դատապարտել է մահապատժի` մեղավոր ճանաչելով ավելի քան 300 հանցագործությունների մեջ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այդ կապակցությամբ շարունակ հայտարարում է, որ Թարիք ալ-Հաշիմին բուժում է ստանում Թուրքիայում եւ կարող է Թուրքիայում մնալ այնքան, որքան որ կցանկանա:

Թուրք-իրաքյան հարաբերությունները շատ ավելի սրվեցին, երբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն օգոստոսի սկզբին Հյուսիսային Իրաք կատարած իր այցի շրջանակներում անսպասելիորեն այցելեց նաեւ Քիրքուկ: Դավութօղլուն նախ Էրբիլում հանդիպեց Քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ եւ հիմնականում քննարկեց Սիրիայի հարցը` Բարզանիին փոխանցելով թուրքական կողմի մտահոգությունները` կապված Սիրիայի հյուսիսում քրդական Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) ամրապնդման հետ, որը վերջին 30 տարիներին Թուրքիայի դեմ պատերազմ մղող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դաշնակիցն է:

Այդ հանդիպումից հետո Դավութօղլուն այցելեց Էրբիլից 83 կիլոմետր դեպի հարավ ընկած Քիրքուկ, որը հիմնականում բնակեցված է Անկարայի հանդեպ բարյացակամ տրամադրված իրաքյան թուրքմեններով, որոնց Դավութօղլուն անվանեց եղբայրներ: Թուրքական մամուլն անմիջապես Դավութօղլուի այս այցը որակեց պատմական` ընդգծելով, որ Դավութօղլուն երկար ժամանակ էր պատրաստվել դրան, եւ հիշեցնելով, որ վերջին անգամ թուրք պետական գործիչը Քիրքուկ է այցելել 75 տարի առաջ:

Դավութօղլուի քիրքուկյան այցը հարուցեց Իրաքի ԱԳՆ խիստ արձագանքը, քանի որ այն իրականացվել էր առանց պաշտոնական Բաղդադին իրազեկելու: Նուրի ալ-Մալիքիի խորհրդականն իր հերթին հայտարարեց, որ Թուրքիան շատ բաց միջամտում է Իրաքի գործերին. «Պետք է փակել Իրաքում Թուրքիայի դեսպանատունը: Մենք իրավունք ունենք կալանավորելու Դավութօղլուին: Դավութօղլուն պետք է լավ իմանար, որ այդպիսի այց կատարելու համար անհրաժեշտ է օգտվել պետական ու դիվանագիտական աղբյուրներից»: Դավութօղլուին 24 ժամ տրվեց երկրի տարածքը լքելու համար:

Ապա Իրաքի կառավարության խոսնակ Ալի Դաբաղը հայտարարեց, որ Իրաքի Նախարարների խորհրդի նիստում որոշվել է վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները, փոխվարչապետ Հուսեին Շահրիսթանիի գլխավորությամբ ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կհետազոտի Դավութօղլուի այդ այցի ազդեցությունն Իրաքում առկա իրավիճակի վրա: Իրաքյան կողմի կարծիքով` պաշտոնական Անկարայի վերջնական նպատակն Իրաքի մասնատումն ու ոչնչացումն է:

Հոկտեմբերի կեսերին Դավութօղլուի նման Իրաքի կենտրոնական իշխանություններին անտեսեցին արդեն թուրք ուխտագնացները: Դրա հետեւանքով Իրաքի անվտանգության ուժերը ձերբակալեցին ավտոբուսներով Սաուդյան Արաբիա ուղեւորվող 1200 թուրք ուխտավորների, որոնք մուտքի վիզա էին ստացել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունից եւ ոչ թե Իրաքի կենտրոնական իշխանություններից:

Սեպտեմբերի վերջին Ռեջեփ Էրդողանը, որը շարունակ Մալիքիին մեղադրում է իշխանության մոնոպոլացման ու եսակենտրոնության մեջ, անսպասելիորեն նրան հրավիրեց այցելել Թուրքիա, սակայն Մալիքին մերժեց` իր «աշխատանքային խիտ գրաֆիկի» պատճառով:

Նոյեմբերի սկզբին Մալիքին թուրք-իրաքյան հարաբերությունների կարգավորման ցանկություն հայտնեց, սակայն դրա հետ մեկտեղ մի շարք նախապայմաններ ներկայացրեց Թուրքիային` ընդգծելով, որ առանց դրանց իրագործման անհնար կլինի երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը: Մալիքին, մասնավորապես, հայտարարել է, որ Թուրքիան պետք է հարգանք ցուցաբերի Իրաքի նկատմամբ, չմիջամտի նրա ներքին գործերին, չխախտի նրա օդային սահմանը եւ վերադարձնի Թուրքիայում գտնվող Իրաքի փոխնախագահ Թարիք ալ-Հաշիմիին: Բնականաբար, թուրքական կողմը պատրաստ չէ ընդառաջել այս նախապայմաններին, ինչը վկայում է, որ թուրք-իրաքյան հարաբերությունները շարունակելու են մնալ լարված:

Թուրքիա–քրդեր

Թուրք-իրաքյան հարաբերությունների վրա իր բացասական կնիքն է թողնում քրդական գործոնը: Այստեղ պետք է միմյանցից տարանջատել Հյուսիսային Իրաքում բազավորված PKK-ին եւ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությանն առնչվող թուրք-իրաքյան հակասությունները:

Այս ամառ PKK-ն բավական ակտիվ գործունեություն ծավալեց Թուրքիայում` իրականացնելով բազմաթիվ հարձակումներ, որոնց հետեւանքով Թուրքիան ռազմական ու տնտեսական կորուստներ կրեց: PKK-ի այդ ակտիվ գործունեությունը պահպանվեց նաեւ աշնանը, եւ եթե հավատանք Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT), ապա PKK-ն ակտիվ է լինելու նաեւ ձմռանը: Թուրքական կողմն էլ շարունակ PKK-ի գրեթե յուրաքանչյուր խոշոր հարձակմանը պատասխանում է Դիարբեքիրում բազավորված F-16 կործանիչների ավիահարվածներով, որոնց թիրախում են հայտնվում Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարները:

Սեպտեմբերի 26-ին Իրաքի խորհրդարանի անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Իսքենդեր Վիթվիթն ամերիկյան The New York Times թերթին տված հարցազրույցի ժամանակ դժգոհություն հայտնեց Թուրքիայի կողմից Հյուսիսային Իրաքի շարունակական ռմբակոծումների կապակցությամբ: Ընդգծելով, որ Թուրքիան Ղանդիլի ռմբակոծմամբ խախտում է Իրաքի օդային տիրույթը` Վիթվիթը սպառնաց, որ Իրաքն այսուհետ կկործանի իր օդային սահմանը խախտած թուրքական ինքնաթիռները: Սակայն թուրքական կողմը տուրք չտվեց այդ սպառնալիքին եւ շարունակեց Հյուսիսային Իրաքի ռմբակոծությունները:

Հոկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Թուրքիայի խորհրդարանը պատրաստվում է մեկ տարով երկարաձգել Հյուսիսային Իրաքում բազավորված PKK-ի մարտիկների դեմ անդրսահմանային ռազմական օպերացիաներ իրականացնելու մանդատը, որը սպառվում էր հոկտեմբերի 17-ին: Ի պատասխան դրա, Իրաքի կառավարության նիստում որոշվեց չեղյալ հայտարարել այն բոլոր գործող պայմանագրերը, որոնցով օտար զորքերին թույլատրված է ռազմական օպերացիաներ իրականացնել երկրի տարածքում, ինչպես նաեւ այսուհետ չկնքել նման պայմանագրեր, քանի որ դրանք պայմաններ են ստեղծում երկրի ինքնիշխանության խախտման համար: Իրաքի կառավարությունն այս առաջարկությունը ներկայացրեց խորհրդարանի հաստատմանը:

Սա առաջին հերթին ուղղված էր Թուրքիայի դեմ, որի զինծառայողները տեղակայված են Իրաքի հյուսիսում` PKK-ի դեմ պայքարելու համար: Հիշեցնենք, որ 1995 թվականին Թուրքիայի ու Սադամ Հուսեյնի ղեկավարած Իրաքի միջեւ կնքված պայմանագրով Թուրքիային իրավունք էր տրվել PKK-ի դեմ պայքարի շրջանակներում մուտք գործել Իրաքի տարածք եւ ռազմական բազա ունենալ այնտեղ: Արդեն 1996 թվականին Թուրքիան մեկ տանկային գումարտակ տեղակայեց Իրաքի հյուսիսում գտնվող Բամերնիի բազայում, ուր ներկայումս զինծառայություն է կրում 1200 թուրք զինծառայող:

Հոկտեմբերի 11-ին Թուրքիայի խորհրդարանը մեկ տարով երկարաձգեց անդրսահմանային օպերացիաների անցկացման ժամկետը: Դրանից օրեր անց Իրաքը Քրդական ինքնավարության ղեկավարությունից պահանջեց հավանության արժանացնել Թուրքիայի հետ սահմանին սեփական զորքերի տեղակայումը, ինչի նպատակը թուրքական զորքերի մուտքն Իրաքի տարածք կանխելն է, ինչպես նաեւ թուրքական օդուժի կողմից Իրաքի տարածքի ռմբակոծություններին վերջ դնելը: Հարկ է նշել, որ Բաղդադի եւ Էրբիլի վատ հարաբերությունները խանգարում են Իրաքի կենտրոնական կառավարությանը` ձեռնարկելու ավելի լուրջ քայլեր երկրի հյուսիսում թուրքական զորքերի ռազմական գործողություններին վերջ դնելու համար:

Նոյեմբերի 7-ին` Թուրքիայի խորհրդարանի կողմից անդրսահմանային օպերացիաների մանդատի երկարաձգումից 28 օր անց, թուրքական հատուկջոկատայինների երկու գումարտակ F-16 կործանիչների աջակցությամբ ներխուժեց Հյուսիսային Իրաք եւ 5-10 կիլոմետր խորությամբ առաջ շարժվեց, ինչից հետո վերադարձավ Թուրքիա: Սա վերջին շրջանում Հյուսիսային Իրաքում Թուրքիայի իրականացրած առաջին ցամաքային գործողությունն է:

Ներկայումս Թուրքիան մեծ հույսեր է կապում Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության էներգակիրների հարուստ պաշարների ներկրման հետ, ինչը հարուցում է Իրաքի դժգոհությունը: Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության նավթային պաշարները կազմում են 45 միլիարդ բարել, գազային պաշարները` 6 տրիլիոն խորանարդ մետր, նավթի օրական արդյունահանումը հասել է 300.000 բարելի: Քրդական ինքնավարությանն է բաժին ընկնում Իրաքում արդյունահանվող ողջ նավթի 60 տոկոսը: Հոկտեմբերի վերջերին Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությունը, Բաղդադի կենտրոնական կառավարության շրջանցմամբ, նավթի առաջին խմբաքանակը (ավելի քան 12.000 տոննա) ուղարկեց Արեւմուտք եւ հայտարարեց, որ մտադիր է օրական արտահանել 1500 տոննա նավթ: Դրանով իսկ քրդական ինքնավարությունը դուրս եկավ նավթի համաշխարհային շուկա, եւ Թուրքիան (ոչ միայն) շտապում է օգտվել ստեղծված բարեպատեհ իրավիճակից:

Դեռեւս 2012 թվականի հուլիսին Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ երեք տարվա ընթացքում կարող է մի քանի անգամ մեծացվել Քիրքուկ-Ջեյհան նավթամուղի հզորությունը, որով իրաքյան նավթը փոխադրվում է Թուրքիա: Այստեղ պետք է նշել, որ թուրքական այդ պլանները կարող է խափանել PKK-ն, որն այս տարի արդեն իսկ մի քանի անգամ պայթեցրել է տվյալ նավթամուղը:

Իսկ օգոստոսի սկզբին Թաներ Յըլդըզը հայտարարեց. «Թուրքիան Քրդական ինքնավարության հետ նավթային համագործակցության ժամանակ չի ձեռնարկի որեւէ միջոց, որը կանհանգստացնի Իրաքի կենտրոնական կառավարությանը: Մենք Բաղդադի շահերին հակասող քայլ չենք ձեռնարկի»: Սակայն, իրականում թուրքական կողմի քայլերը չեն վկայում, թե այն իր գործողություններում հաշվի է առնում պաշտոնական Բաղդադի շահերը:

Սեպտեմբերի վերջին Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության էներգետիկայի նախարար Աշթի Հավրամին տեղեկացրեց, որ Թուրքիան եւ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը ստորագրելու են էներգետիկ ոլորտում պատմական համագործակցության պայմանագիր. «Թուրքիային մեր նավթի արտահանման պլանավորված ծավալն ապահովելու համար անհրաժեշտ է դեպի Ջեյհան կառուցել նոր նավթամուղ: 18-24 ամսվա ընթացքում մենք Թուրքիային կսկսենք մատակարարել նաեւ բնական գազ: Մենք պլանավորել ենք տարեկան Թուրքիային վաճառել մինչեւ 15 միլիարդ խորանարդ մետր գազ: Առաջին փուլում պետք է կառուցվի փոքր գազատար, որի տարեկան թողունակությունը կազմելու է 1 միլիարդ խորանարդ մետր»:

Ներկայումս Թուրքիան ձգտում է օգտվել Իրաքի կենտրոնական կառավարության ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության միջեւ առկա տարաձայնություններից` իր էներգետիկ պլաններն իրականացնելու համար: Սակայն Իրաքի նավթարդյունաբերության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ասըմ Ջիհադը հայտարարել է, որ Բաղդադը պատժամիջոցներ կսահմանի թուրքական այն ընկերությունների դեմ, որոնք նավթագազային համաձայնագիր կկնքեն Քրդական ինքնավարության հետ` առանց կենտրոնական կառավարության համապատասխան թույլտվության:

Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալը` կարելի է կարծել, որ թուրք-իրաքյան հարաբերությունները շարունակելու են լարված մնալ: Ավելին, դրանք կարող են էլ ավելի սրվել, եթե Իրաքի խորհրդարանը հաստատի երկրի տարածքում թուրքական ռազմական ներկայության վերացման եւ թուրքական օդուժի ռմբակոծություններին վերջ դնելու օրինագիծը, ինչպես նաեւ` եթե Թուրքիան, առանց պաշտոնական Բաղդադին իրազեկելու, էներգետիկ համաձայնագրեր կնքի Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության հետ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր