
ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԵՓՐԱՏԻ ՎԱՀԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հայկ Գաբրիելյան
2017թ. մարտի վերջին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց Սիրիական ազատ բանակի (ՍԱԲ) հետ համատեղ Սիրիայի հյուսիսում իրականացվող «Եփրատի վահան» ռազմական գործողության ավարտի մասին. «Ալ-Բաբ քաղաքը գտնվում է ամբողջական վերահսկողության ներքո, այնպես որ «Եփրատի վահան» գործողությունն ավարտված է։ Եթե հետագայում կարիք լինի ինչ-որ բան ձեռնարկելու Սիրիայում, ապա դա կլինի մեկ այլ գործողություն՝ այլ անվանմամբ։ Նոր ռազմական գործողությունը կարող է պատրաստվել և իրականացվել ինչպես ԻՊ խմբավորման դեմ, այնպես էլ ազգային անվտանգության սպառնալիքի հայտնվելու դեպքում»1։
Բինալի Յըլդըրըմի այս հայտարարությանը նախորդել էր Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) 4 ժամանոց նիստը, որում էլ վճռվեց «Եփրատի վահանի» հարցը։ Թուրքական կողմի հաղորդմամբ՝ այդ գործողությունն իրականացվել է ԻՊ-ի կողմից հարձակումների ու վտանգների կանխման, սիրիացիներին իրենց երկիր վերադառնալու հնարավորություն ընձեռելու, նրանց անվտանգ ու խաղաղ կյանքի համար պայմաններ ապահովելու համար2։
«Եփրատի վահան» գործողության արդյունքների ու դրա ավարտի պատճառների մասին խոսելուց առաջ հարկ ենք համարում անդրադառնալ դրա մեկնարկի դրդապատճառներին։ Թուրքիայի զինված ուժերի (ԹԶՈւ) «Եփրատի վահան» գործողությունը Սիրիայի հյուսիսում մեկնարկել է 2016թ. օգոստոսի 24-ին, ինչի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ այն միտված է ԻՊ և Սիրիայի քրդերի «ահաբեկչական խմբերի» (PYD/YPG) դեմ, որոնք սպառնում են Թուրքիային3։ Իր այս հայտարարությունում, ինչպես նաև նախորդ ու հետագա հայտարարություններում Էրդողանը մեկ հարթության վրա է դնում ԻՊ-ին ու PYD/YPG-ին՝ ընդգծելով, որ Թուրքիան տարբերություն «չի դնում» նրանց միջև և երկուսին էլ դիտարկում է որպես ահաբեկիչներ։
Սակայն իրականում Թուրքիան տարբերակված մոտեցում է ցուցաբերել ԻՊ-ի ու Սիրիայի քրդերի հանդեպ։ 2014թ. Թուրքիան չխոչընդոտեց ԻՊ-ի կողմից Սիրիայի հյուսիսային (նաև քրդաբնակ) շրջանները գրավելուն, արդյունքում՝ ԻՊ-ը հոկտեմբերին Թուրքիայի հետ ուներ արդեն 200 կմ-անոց սահման4 Դա տեղի ունեցավ այն բանից հետո, ինչ 2014թ. հունվարին Սիրիայի քրդերը հայտարարեցին ինքնավար 3 կանտոնի (Ջիզրե, Քոբանի, Աֆրին) ստեղծման մասին՝ շեշտադրելով, որ դրանք Սիրիայի տարածքի մի մասն են։ Մինչդեռ, երբ 2015թ. սկսվեց հակառակ գործընթացը և Սիրիայի քրդերը ԱՄՆ գլխավորած միջազգային դաշինքի աջակցությամբ սկսեցին ռազմական հաջողություններ գրանցել ԻՊ-ի դեմ պայքարում (2015թ. հունիսի կեսին YPG-ը գրավեց Քոբանիի և Ջիզրեի միջև սեպի նման խրված Թել Աբյադը), Թուրքիան անմիջապես փորձեց կասեցնել Սիրիայի քրդերի հաղթարշավը։ 2015թ. ամռանը Թուրքիայի ԱԱԽ նիստում որոշվեց Սիրիայի քրդերի համար «կարմիր գիծ» սահմանել Եփրատ գետի արևմտյան ափը, և երբ նրանք աշնանը փորձեցին գետանցել Եփրատը, թուրքական հրետանին ու մարտական ինքնաթիռները խորտակեցին նրանց նավակները։
Այդպիսով, Թուրքիան Սիրիայի քրդերին թույլ չտվեց գետանցել Եփրատը և ԻՊ-ից ազատագրել նրա արևմտյան ափին ընկած Ջերաբլուս քաղաքն ու ընդհանրապես Ազեզ-Ջերաբլուս մոտ 100 կմ-անոց գոտին։ Թուրքական կողմն իր այդ քայլը «պատճառաբանեց» նրանով, որ եթե Սիրիայի քրդերը հարձակվեն Ջերաբլուսի վրա, ապա Թուրքիայում կմեծանա փախստականների թիվը։ Սակայն դրանից մեկ տարի առաջ, երբ ԻՊ-ը հարձակվել էր Քոբանիի վրա, Թուրքիան ոչ միայն որևէ կերպ չխոչընդոտեց ԻՊ այդ քայլին, այլև անգամ նպաստեց դրան՝ գրեթե կտրելով ջրային հզոր արգելք Եփրատի գետահոսքը։ Արդյունքում՝ Քոբանիից Թուրքիա գաղթեց 130.000 մարդ։ Ինչևէ, այդ ժամանակ ԻՊ-ին չհաջողվեց գրավել Քոբանին, և 2015թ. YPG-ը Քոբանիի համար մի քանի ամիս մարտերից հետո հասավ Եփրատ գետին, իսկ ԻՊ զինյալները քաշվեցին Եփրատի արևմտյան ափ։
Ինչպես արդեն նշվեց, Թուրքիան խոչընդոտեց, որ Սիրիայի քրդերը գետանցեն Եփրատը, ինչի դրդապատճառները հետևյալն են. ա) Թուրքիան առաջին հերթին ձգտում էր կանխել YPG հաղթարշավը դեպի Աֆրին և Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավար բոլոր կանտոնների միավորումը, որի դեպքում թուրք-սիրիական 911 կմ-անոց սահմանի մոտ 650 կմ-ը կհայտնվեր Սիրիայի քրդերի ձեռքում, և նրանք կդառնային Թուրքիայի խոշորագույն հարևանը (թուրք-իրանական սահմանի երկարությունը կազմում է մոտ 550 կմ), բ) Թուրքիան մտավախություն ուներ, որ YPG հաջորդ քայլը կարող է լինել մինչև Լաթաքիա (Միջերկրական ծով) հասնելը, ինչը Սիրիայի քրդերին հետագայում կօգներ կախված չլինել Թուրքիայի տարածքից (ինչպես, ասենք, Հյուսիսային Իրաքի պարագայում է), գ) Թուրքիան այդպիսով կզրկվեր ԻՊ-ին սահմանակից լինելուց, օժանդակելուց, նրանից նավթ և այլն գնելուց, դ) Ջերաբլուս-Ազեզ հատվածին YPG-ի տիրելու դեպքում թուրք-սիրիական գրեթե ողջ սահմանին կհաստատվեր կայունություն, և Թուրքիան, դեմ առնելով քրդական պատնեշին (միջանցք), կզրկվեր Սիրիայի դեպքերից դժգոհելու, իր տարածքին սպառնացող վտանգների մասին ահազանգելու, ահաբեկչական խմբավորման (ԻՊ) դեմ պայքարի պատրվակով ցամաքային ռազմական («Եփրատի վահան») գործողություն ձեռնարկելու, Ջերաբլուս-Ազեզ հատվածում «անվտանգության գոտի» ձևավորելու և ավելի լայն իմաստով Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում լուրջ դերակատարում ունենալու հնարավորությունից, ե) Թուրքիան ձգտում էր կանխել Սիրիայի քրդերի կողմից տարածաշրջանի ժողովրդագրական պատկերի փոփոխումը (թուրքական մամուլի հաղորդմամբ՝ Ջերաբլուս-Ազեզ գոտու բնակչության 75%-ը կազմում են արաբները, իսկ 15%-ը՝ թուրքմենները), զ) թուրքական մամուլը չէր բացառել, որ Ջերաբլուս-Ազեզ գոտին անցնելու է Թուրքիային՝ դառնալով նրա 82-րդ նահանգը5։
Ինչպես տեսնում ենք, Թուրքիան ծանրակշիռ պատճառներ ուներ՝ թույլ չտալու համար, որ Սիրիայի քրդերը գետանցեն Եփրատը, և նա վճռեց ցամաքային ռազմական գործողությամբ սեպ խրել քրդական շրջանների միջև՝ չնայած Սիրիայի իշխանություններն օգնության խնդրանքով չէին դիմել Թուրքիային։ Սակայն ներխուժման համար Թուրքիային անհրաժեշտ էր քիչ թե շատ խելամիտ հիմնավորում և, բնականաբար, արտաքին խոշոր դերակատարների աջակցությունը (առնվազն չառարկելը)։ «Եփրատի վահան» գործողությունից առաջ՝ 2016թ. ապրիլի վերջին, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ ԻՊ-ը նույն թվականի հունվարի 18-ից սկսած՝ 46 հրթիռ է արձակել Քիլիս նահանգի (սահմանակից է Ազեզ-Ջերաբլուս գոտուն) տարածքի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհեր են գրանցվել: Դրա հետ կապված` Քիլիսում ապրիլին կազմակերպվեց բողոքի ակցիա, որի մասնակիցներն իշխանություններից պահանջեցին ապահովել իրենց անվտանգությունը:
2016թ. մայիսի 12-ին Էրդողանն Անկարայում հայտարարեց, որ ԹԶՈւ-ն պատրաստվում է ԻՊ զինյալներից մաքրել Սիրիայի այն տարածքը, որը գտնվում է նրանց վերահսկողության տակ և սահմանակից է Քիլիսին: Էրդողանը հիշեցրեց, որ վերջին շրջանում ԻՊ զինյալները գրեթե ամեն օր հարվածում են Քիլիսին, ինչի հետևանքով զոհվել են 130 խաղաղ բնակիչ ու անվտանգության ուժերի ներկայացուցիչ, և դրա համար էլ իրենք ցանկանում են տվյալ տարածքը մաքրել ԻՊ զինյալներից6։
Դժվար է պատկերացնել, թե ԻՊ-ն ինչ նպատակներ կարող էր հետապնդել Քիլիսը հրթիռակոծելով, հրետակոծելով, սակայն ակնհայտ է, որ դա Թուրքիայի համար Սիրիայի հյուսիս ներխուժելու և այնտեղ «անվտանգության գոտի» ձևավորելու «օրինական հիմք» էր ստեղծում։ Ըստ ամենայնի՝ ԻՊ-ը հասկանում էր, որ YPG ճնշման ներքո հարկադրված է լինելու ի վերջո լքել Ազեզ-Ջերաբլուս գոտին, և նա նախընտրեց այն թողնել իրեն մեծապես աջակցած Թուրքիային (Ջերաբլուսը հեշտությամբ թողնվեց նրան, իսկ Ալ-Բաբի մասին կխոսվի ստորև)։ Օգոստոսի 20-ին Սիրիայի սահմանից ոչ հեռու գտնվող Գազիանթեփում գրանցվեց խոշոր ահաբեկչություն, որի հետևանքով զոհվեց 59 և վիրավորվեց ավելի քան 90 մարդ։ Թուրքիան ահաբեկչության պատասխանատվությունը դրեց ԻՊ-ի վրա, շահեց միջազգային հանրության կարեկցանքն ու աջակցությունը և արդեն 4 օր անց սկսեց «Եփրատի վահան» գործողությունը։
Անգամ տվյալ գործողության անվանումն է ակնարկում, որ այն առաջին հերթին ուղղված է Սիրիայի քրդերի դեմ, առավել ճշգրիտ՝ Եփրատ գետը Սիրիայի քրդերի դեմ որպես վահան ծառայեցնելուն և այդպիսով նրանց հաղթարշավը դեպի արևմուտք կասեցնելուն։ Այդ մասին են վկայում նաև Թուրքիայի իշխանությունների մի շարք հայտարարություններ։ Մասնավորապես, օգոստոսի 25-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարեց, որ Սիրիայում թուրքական ռազմական գործողությունն ունի երկու նպատակ՝ անվտանգություն ապահովել թուրք-սիրիական սահմանին և հասնել նրան, որ այնտեղ չլինեն քրդեր7։ Օգոստոսի 29-ին էլ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարեց, որ գործողության նպատակներից մեկն Իրաքից մինչև Միջերկրական ծով քրդերի կողմից միջանցք ստեղծելուն խանգարելն է։ Եվ թեև 2016թ. նոյեմբերի 29-ին Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան «Եփրատի վահան» ռազմական գործողությունը սկսել է Բաշար Ասադի վարչակարգը տապալելու նպատակով, սակայն դժվար է կարծել, թե Էրդողանն իսկապես հավատացել է, որ իրեն թույլ կտան հասնել ուժային ճանապարհով Ասադի վարչակարգի տապալմանը (պատահական չէ, որ Էրդողանի այդ հայտարարությունը հարուցեց Ռուսաստանի դժգոհությունը)8։
Ինչ վերաբերում է «Եփրատի վահանի» մեկնարկին, ապա դրան նախորդեց երկու հիշարժան իրադարձություն՝ ԻՊ-ի դեմ Սիրիայի քրդերի հարձակումն ու ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման մեկնարկը։ 2016թ. մայիսի 31-ին Սիրիայի քրդերը գետանցեցին Եփրատը և սկսեցին ԻՊ-ից ազատագրել Ազեզ-Ջերաբլուս գոտին՝ այդպիսով հատելով Թուրքիայի սահմանած «կարմիր գիծը»9։ Ընդ որում՝ Սիրիայի քրդերն այս անգամ Եփրատը գետանցեցին Թուրքիայի սահմանից բավական հարավ, ուր թուրքական հրետանին չէր կարող հասնել նրանց, իսկ թուրքական ավիացիան այլևս չէր գործում Սիրիայում. այն Սիրիա վերադարձավ 2015թ. նոյեմբերի 24-ին ռուսական «Սու-24» ռմբակոծչի ոչնչացումից միայն 10 ամիս անց՝ «Եփրատի վահան» գործողության ժամանակ («Սու-24»-ի միջադեպից հետո Սիրիայում ռուսական ռմբակոծիչներին սկսեցին ուղեկցել կործանիչները, և բացի այդ, Ռուսաստանը Սիրիայում տեղակայեց S-400 նորագույն ԶՀՀ, ինչից անմիջապես հետո դադարեցվեցին Սիրիայի օդային տիրույթում թուրքական ավիացիայի թռիչքները)10։
Արդեն 2016թ. հունիսի 23-ին Սիրիայի քրդերն ԻՊ-ից ազատագրեցին ռազմավարական կարևորության Մանբիջ քաղաքը11, և Թուրքիայի համար առավել իրատեսական դարձան Ազեզ-Ջերաբլուս գոտու հետ կապված վերոնշյալ բոլոր վտանգները։ Թուրքիան հայտարարեց, որ ԱՄՆ-ը իրեն խոստացել էր, որ Սիրիայի քրդերը չեն հայտնվի Եփրատի արևմտյան ափին։ Թուրքիայի բողոքներից հետո ԱՄՆ-ը խոստացավ, որ Սիրիայի քրդերը կվերադառնան Եփրատի արևելյան ափ, և թեև դա տեղի չունեցավ, նրանք շատ չզարգացրին իրենց հաղթարշավը Եփրատի արևմտյան ափին։
Ընդգծենք, որ այդ ամենը տեղի էր ունենում ռուս-թուրքական վատթար հարաբերությունների պայմաններում, երբ Ռուսաստանը ռազմական աջակցություն էր ցուցաբերել Սիրիայի քրդերին։ Արդեն հունիսի 27-ին (Մանբիջի ազատագրումից ընդամենը 4 օր հետո) Կրեմլը հայտնեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանից ստացել է ներողություն բառը պարունակող նամակ, որում թուրք առաջնորդը Ռուսաստանն անվանել է Թուրքիայի բարեկամ ու ռազմավարական գործընկեր։ Դրանով տրվեց Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման մեկնարկը, որից մոտ երկու ամիս հետո էլ մեկնարկեց «Եփրատի վահանը»։ Թեև «Սու-24»-ի միջադեպից հետո Ռուսաստանը տնտեսական ու վիզային մի շարք սահմանափակումներ սահմանեց Թուրքիայի հանդեպ, որոնք մեծ վնաս հասցրին նրա տնտեսությանը, քաղաքացիներին, այնուամենայնիվ, դրանք չխաղացին վճռորոշ գործոնի դեր, որը Թուրքիային կստիպեր գնալու Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այդպիսի գործոնի դեր խաղացին Սիրիայի քրդերի ռազմական հաջողությունները, որոնք արդեն հայտնվել էին Եփրատի արևմտյան ափին։
Ի դեպ, «Եփրատի վահան» գործողության մեկնարկից հետո թուրքական մամուլը գրեց, որ օսմանների թոռներն ուղիղ 500 տարի հետո վերստին Ջերաբլուսում են. 1516թ. օգոստոսի 24-ին օսմանյան սուլթան Սելիմ Ահեղի բանակը Մերջիդաբըքի ճակատամարտում (Հալեպից 44 կմ հյուսիս) պարտության էր մատնել մամլուքների բանակը, ինչից հետո օսմանյան պետության կազմում ընդգրկվեցին Սիրիան, Պաղեստինը, Լիբանանը12։ Փաստորեն, «Եփրատի վահանի» մեկնարկի ժամկետը պատահական չէր ընտրված. այն տեղավորվում է Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականության շրջանակներում, որի բաղադրիչներից մեկը «ռազմակայանային» քաղաքականությունն է՝ Օսմանյան կայսրության նախկին տարածքներում ռազմական ներկայության հաստատումը (2015թ. դեկտեմբերի սկզբին Թուրքիան տանկային գումարտակ էր տեղակայել Իրաքի հյուսիսում)։
Ուշագրավ է նաև, որ «Եփրատի վահանն» իրականացվեց հուլիսի 15-ին Թուրքիայում կատարված ռազմական հեղաշրջման փորձից (ՌՀՓ) մոտ մեկ ամիս հետո՝ արտակարգ դրության պայմաններում։ Էրդողանը դրանով ցանկանում էր նաև ի ցույց դնել, որ ՌՀՓ-ին հաջորդած բռնությունների և ռազմական ոլորտի կտրուկ բարեփոխումների հետևանքով թուրքական բանակը «չի թուլացել», ինչպես նաև այն, որ բանակը հավատարիմ է իրեն, գտնվում է իր վերահսկողության ներքո և պատրաստ է նախկինի նման ծառայել հայրենիքին (հաշվի էր առնվել նաև այն, որ Թուրքիայի Գլխավոր շտաբի (ԳՇ) ուշադրությունը կկենտրոնացվի «Եփրատի վահանի» վրա)։
Այսպիսով, 2017թ. մարտին թուրքական իշխանությունները հայտարարեցին 7 ամիս և 5 օր տևած «Եփրատի վահան» գործողության հաջող ավարտի մասին։ Դրա հետ կարելի է համաձայնել միայն մասնակի՝ հաշվի առնելով, որ Թուրքիային ամեն դեպքում հաջողվեց սեպ խրել Սիրիայի քրդերի շրջանների միջև, ռազմական ներկայություն հաստատել հարևան երկրում, աշխարհին ցույց տալ, որ պայքարում է ԻՊ-ի (ահաբեկչության) դեմ և որոշակի ձայնի իրավունք ձեռք բերել սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում։ Սակայն դրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել նաև այն գործոնները, որոնք վկայում են, որ Թուրքիան ամբողջովին չի հասել իր նպատակներին։ Մասնավորապես, 2016թ. հոկտեմբերի վերջին Էրդողանը հայտարարում էր, որ Ալ-Բաբի գրավումից հետո իրենք կշարունակեն առաջխաղացումը դեպի Մանբիջ և Ռաքքա13։ Արդեն Ալ-Բաբի գրավումից հետո թուրքական իշխանությունները վստահորեն հայտարարում էին, որ Ալ-Բաբն իրենց վերջնական թիրախը չէր, որ իրենց հաջորդ թիրախները լինելու են Մանբիջն ու Ռաքքան14։
Նշենք, որ ԹԶՈւ-ն Ալ-Բաբի ռազմական գործողությունը սկսեց 2016թ. սեպտեմբերին, իսկ Թուրքիայի ԳՇ-ը դրա ավարտի մասին հայտարարեց միայն 2017թ. փետրվարի 16-ին։ Կարող է թվալ, թե Թուրքիան բավական մեծ դժվարությամբ է կարողացել տիրել Ալ-Բաբին, սակայն, մեր կարծիքով, գործողության մեծ տևականությունը (5 ամիս) առաջին հերթին պայմանավորված է եղել ոչ թե թուրքական բանակի խնդիրներով, մեծ կորուստներով, ԻՊ կատաղի դիմադրությամբ (2017թ. հունվարին Ալ-Բաբի շրջանում ԻՊ օբյեկտներին հարվածեց անգամ ռուսական ավիացիան, ինչը Սիրիայում ռուսական ու թուրքական ավիացիայի առաջին համատեղ գործողությունն էր15), այլ նրանով, որ Թուրքիայի իշխանությունների համար անորոշ է եղել հետագան, թե որն է լինելու Ալ-Բաբի գրավմանը հաջորդող քայլը (նույնը, թերևս, կարելի է ասել Մոսուլի ազատագրման գործողության ձգձգման մասին)։ Ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, նման քայլ չեղավ (չհաշված մանր բախումները Ասադի բանակի ու Սիրիայի քրդերի հետ), և Թուրքիայի իշխանությունները ստիպված եղան հայտարարել «Եփրատի վահանի» ավարտի մասին (մյուս կողմից էլ՝ նրանք չէին կարող անվերջ ձգձգել Ալ-Բաբի գրավումը)։ Ընդգծենք, որ Ալ-Բաբն ունի ռազմավարական մեծ կարևորություն թե՛ Թուրքիայի, թե՛ Սիրիայի քրդերի համար. հենց այստեղ են միմյանց ամենամոտը գտնվում Քոբանիի ու Աֆրինի շրջանները, և Ալ-Բաբը սեպի դեր է խաղում նրանց միջև։ Թուրքիային այդպիսով հաջողվեց միմյանցից կտրված պահել այդ շրջանները (Սիրիայի քրդերը չեն կարող հարավից շրջանցել Ալ-Բաբը և այդպիսով միավորել իրենց շրջանները, քանի որ Ալ-Բաբից հարավ կանգնած է Ասադի բանակը)։
Ալ-Բաբի գրավումից հետո թուրքական զորախումբն ուներ առաջխաղացման երեք ճանապարհ՝ դեպի հարավ (Ռաքքա), դեպի արևելք (Մանբիջ) և դեպի արևմուտք (Աֆրին)։ Հայտնի է, որ Թուրքիան ցանկանում էր մասնակցել ԻՊ-ին Ռաքքայից վտարելու գործողությանը և դրա հետ մեկտեղ հայտարարում էր, որ տվյալ գործողությանը չպետք է մասնակցեն Սիրիայի քրդերը։ Դա Թուրքիային հնարավորություն կտար էլ ավելի մխրճվել Սիրիայի տարածքում, էլ ավելի մեծացնել հետպատերազմյան Սիրիայում իր ձայնի իրավունքը, ինչպես նաև ԱՄՆ-ին ի ցույց դնել, որ միայն YPG-ը չէ, որ ունակ է ցամաքում արդյունավետորեն պայքարել ԻՊ-ի դեմ։ Ընդ որում՝ Թուրքիայում չէին բացառում, որ ԹԶՈւ-ն Ռաքքայի վրա հարձակումը կարող է իրականացնել Սիրիայի քրդերի վերահսկած տարածքներով՝ Թել Աբյադով16։ Դա նշանակում է, որ Թուրքիան այդ դեպքում արդեն նոր սեպ կխրեր Սիրիայի քրդերի շրջանների, կոնկրետ այս դեպքում՝ Քոբանիի ու Ջիզրեի միջև։
Սակայն Թուրքիան այդ հարցում չկարողացավ ստանալ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի աջակցությունը (Թուրքիայում լավ էին հասկանում, որ հետագա առաջխաղացումն ինչպես Ռաքքայի, այնպես էլ Մանբիջի ուղղությամբ կարող էր մեծ խնդիրներ առաջացնել Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի հետ)։ ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ էլ շարունակում է հենվել Սիրիայի քրդերի վրա և աջակցել նրանց։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա 2017թ. փետրվարի 9-ին (Ալ-Բաբի գրավման ավարտից ուղիղ մեկ շաբաթ առաջ) ռուսական մարտական ինքնաթիռն Ալ-Բաբի շրջանում հարվածեց թուրք զինվորականներին (սպանվեց 3, վիրավորվեց 11 զինծառայող)17։ Դրանից հետո Կրեմլը հայտարարեց, որ հարվածը եղել է «ոչ միտումնավոր», որ դրա պատճառը եղել են թուրքական կողմի տրամադրած կոորդինատները, որոնց համաձայն՝ թուրք զինվորականները չպետք է գտնվեին հարվածի վայրում։ Սակայն Թուրքիայի ԳՇ-ն հակադարձեց՝ նշելով, որ թուրք զինվորներն արդեն 10 օր է, ինչ գտնվում էին տվյալ վայրում։ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ չի կարող հաստատել իր մասնակցությունն Աստանայում Սիրիայի վերաբերյալ բանակցությունների 2-րդ փուլին (փետրվարի 15-16), ինչը յուրօրինակ ուղերձ էր Ռուսաստանին։ Արդյունքում՝ մեկ օր ուշացումով և ցածր մակարդակի պատվիրակություն ուղարկեց Աստանա, ինչի համար Սիրիայի իշխանությունները Թուրքիային մեղադրեցին բանակցությունները ձախողելու փորձի համար։ Ուշագրավ է, որ ռուսական ավիացիայի հարվածից օրեր հետո Էրդողանը խոստովանեց, որ Ռուսաստանն իրենց ասում է, թե ավելի լավ կլինի, եթե իրենք չառաջանան Ալ-Բաբից դեպի հարավ (Ասադի զորքեր) ու արևմուտք (Սիրիայի քրդեր)։
2017թ. մարտի սկզբին Սիրիական ժողովրդավարական ուժերի (SDF) վերահսկողության տակ գտնվող Մանբիջ քաղաքի ռազմական խորհրդի ներկայացուցիչները հայտարարեցին, որ SDF արաբ-քրդական ջոկատները Մանբիջի շրջանի մի շարք բնակավայրեր հանձնել են նախագահ Բաշար Ասադի կառավարական զորքերի վերահսկողությանը18։ Ընդդիմադիր ուժերն այդ քայլով ձգտել են կանխել թուրք զինվորականների ներխուժումը Մանբիջ, և անկասկած է, որ Ասադի բանակի տվյալ զորաշարժն իրականացվել է Ռուսաստանի համաձայնությամբ, որը Թուրքիային հասկացրել է, որ պետք է բավարարվել Ալ-Բաբով: Այդպիսով, Թուրքիայի համար մնաց միայն արևմտյան տարբերակը։
Նշենք, որ այս տարբերակը ռազմական տեսանկյունից Թուրքիայի համար, թերևս, ամենահեշտ տարբերակն էր, քանի որ Աֆրինի շրջանը նախ կտրված է քրդական մյուս շրջաններից, ինչպես նաև երեք կողմից շրջապատված է Թուրքիայի կողմից (Աֆրինի շրջանի արևմուտքում գտնվում է Թուրքիայի Հաթայ նահանգը, հյուսիսում՝ Գազիանթեփ ու Քիլիս նահանգները, իսկ արևելքում՝ արդեն Թուրքիայի ու ՍԱԲ վերահսկողության տակ գտնվող Ազեզ-Ջերաբլուս գոտին)։ Սա նշանակում է, որ Աֆրինի շրջանի գրավմամբ Թուրքիան (ժամանակավորապես) կազատվեր Սիրիայի քրդերի շրջանների միավորման վտանգից։ Սակայն մարտի երկրորդ կեսին տեղեկություններ տարածվեցին, թե Ռուսաստանը պատրաստվում է բազա հիմնել Աֆրինի շրջանում և մարզել քուրդ մարտիկներին19։ Եվ թեպետ ՌԴ ՊՆ-ն հերքեց դա, այնուամենայնիվ, ռուս զինվորականները հայտնվեցին Աֆրինի շրջանում։ Դա հարուցեց Թուրքիայի դժգոհությունը և հատկապես այն բանից հետո, ինչ նրանք սկսեցին քրդերի հետ միասին տոնել Նովրուզն ու իրենց թևին կապել YPG տարբերանշանը։ Դրանով իսկ Թուրքիայի համար փակվեց նաև Աֆրինի տարբերակը, և արդեն օրեր հետո Թուրքիայի իշխանությունները հարկադրված եղան հայտարարել «Եփրատի վահանի» ավարտի մասին։
«Եփրատի վահան» գործողության մասնակի հաջողության մասին վկայում է նաև այն, որ Թուրքիան չկարողացավ ամբողջովին հասնել նպատակին «անվտանգության գոտու» (իրականում՝ սեպի ու ռազմական ներկայության միջոցի) հարցում։ Ավելի վաղ Էրդողանը քանիցս հայտարարել է, որ իրենք նպատակադրվել են Սիրիայի հյուսիսում ձևավորել 5000 կմ2 տարածքով «անվտանգության գոտի», մինչդեռ Ալ-Բաբի գրավումից հետո այդ ցուցանիշը կազմել է միայն 2060 կմ2։
Պետք է ընդգծել նաև Սիրիայի քրդերի զորեղացման գործոնը, որոնք 2016թ. մարտին հայտարարեցին Սիրիայի հյուսիսում՝ իրենց վերահսկած տարածքներում, դաշնության ստեղծման մասին, իսկ ամիսներ անց՝ դեկտեմբերի վերջին, ընդունեցին այդ դաշնության սահմանադրությունը։ Չնայած Թուրքիային հաջողվեց սեպ խրել Սիրիայի քրդական շրջանների միջև, սակայն Սիրիայի քրդերը ներկայում շատ ավելի ուժեղ և շահեկան դիրքերում են, քան սիրիական ճգնաժամի մեկնարկից առաջ էր (նրանց հաջողությունները կարող են ոգևորել նաև Թուրքիայի քրդերին)։ Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ ներկայում Սիրիայի տարածքի մեծ մասը՝ 61%, գտնվում է «ահաբեկիչների» վերահսկողության ներքո։ Մասնավորապես, Սիրիայի քրդերը վերահսկում են երկրի տարածքի 21%-ը (38.500 կմ2) և ընդհանրապես Թուրքիային սահմանակից տարածքների 65%-ը, իսկ ԻՊ վերահսկողության տակ է գտնվում Սիրիայի տարածքի 41%-ը՝ 75.500 կմ2 20։
Բացի այդ, Սիրիայի քրդերն ազդեցիկ ուժ են ռազմական առումով, շարունակում են հավակնել Սիրիայի վերաբերյալ բանակցություններին մասնակցելուն, գերտերությունների և տարածաշրջանային ուժերի համար վերածվել են Թուրքիայի վրա ազդեցության լուրջ լծակի և Թուրքիան նրանց համար դարձրել են խոցելի։ Արդեն նշվեց, որ հենց Սիրիայի քրդերի ռազմական հաջողությունները Թուրքիային ստիպեցին ներողություն խնդրել Ռուսաստանից։ Նույնը կարելի է ասել ԱՄՆ-ի վերաբերյալ, որին Թուրքիան 2015թ. միանգամից 3 խոշոր զիջում արեց.
ա) Սիրիայի քրդերի կողմից Թել Աբյադի վրա վերահսկողություն հաստատելուց շատ չանցած՝ 2015թ. հուլիսի վերջին, Թուրքիան ԱՄՆ-ին թույլատրեց ԻՊ-ի դեմ պայքարում օգտվել «Ինջիրլիքի» ավիաբազայից, ինչին ընդդիմանում էր երկար ժամանակ՝ առաջ քաշելով մի շարք պահանջներ (որոնք առնչվում էին Սիրիայի հյուսիսում 30 կմ-անոց «անվտանգության գոտու» ստեղծմանը, նույն տեղում թռիչքազերծ գոտի ստեղծելուն, ուր չպետք է մուտք գործեր Ասադի ավիացիան, ոչ միայն ԻՊ-ի, այլև Բաշար Ասադի ուժերին ավիահարվածներ հասցնելուն, չափավոր ընդդիմությանն ուղիղ աջակցելուն), բ) օգոստոսի վերջին Թուրքիայի մարտական ինքնաթիռներն առաջին անգամ ԱՄՆ գլխավորած դաշինքի հետ համատեղ Սիրիայում հարվածեցին ԻՊ օբյեկտներին, գ) նոյեմբերի 15-ին Թուրքիան հրաժարվեց ԶՀՀ-ներ գնել ամերիկյան պատժամիջոցների ներքո գտնվող չինական CPMIEC ընկերությունից, որը Թուրքիայի անցկացրած համապատասխան մրցույթի արդյունքներով հաղթել էր դեռևս 2013թ. աշնանը՝ հարուցելով ԱՄՆ դժգոհությունը:
Փաստորեն, երբ Թուրքիան տեսավ, որ ԻՊ-ը սկսել է պարտություններ կրել և այլևս ունակ չէ զբաղվել Սիրիայի քրդերի խնդրի լուծմամբ, սկսեց ավելի մերձենալ ԱՄՆ-ի հետ։ Երբ 2014թ. ԱՄՆ-ը Թուրքիային կոչ էր անում ակտիվորեն ներգրավվել ԻՊ-ի դեմ պայքարում, Թուրքիան չէր ընդառաջում նրան։ Արդյունքում՝ ԱՄՆ-ը սկսեց ավելի շատ հենվել Սիրիայի քրդերի վրա, որոնք էլ աստիճանաբար սկսեցին զգալի հաջողություններ արձանագրել ԻՊ-ի դեմ պայքարում։ Այդ ժամանակ Թուրքիայում փորձեցին զիջումների տեսքով հետ բերել կորցրածը, որպեսզի ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ պայքարում սկսի ավելի շատ հենվել ոչ թե Սիրիայի քրդերի, այլ Թուրքիայի վրա։ Սակայն նրա գնացքն արդեն մեկնել էր։
2017թ. ապրիլի 1-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ իր երկիրը Սիրիայից զորքի դուրսբերման հնարավորությունը կդիտարկի այն բանից հետո, երբ տեղի ուժերը կկարողանան վերահսկել իրավիճակը, ապահովել «անվտանգության գոտու» անվտանգությունը, ուր Թուրքիայից արդեն վերադարձել է ավելի քան 50.000 սիրիացի, և բացի այդ, Սիրիայի այլ շրջաններից էլ գալիս են այստեղ։ Չավուշօղլուն ընդգծել է, որ «ազատագրված տարածքների» անվտանգության ապահովման հարցը պետք է լինի տեղի ուժերի առաջնահերթությունը, սակայն այդ տարածքներում ծավալվելիք տեղի ուժերի մարզման ու սպառազինման համար ժամանակ է անհրաժեշտ21։
Ինչպես և ակնկալվում էր, թուրքական կողմի մտահղացմամբ՝ «անվտանգության գոտու» ապահովությունն իրականացնելու է հենց Թուրքիան, որը «Եփրատի վահան» գործողության ավարտից հետո չի պատրաստվում մոտ ժամանակներս դուրս բերել զորքը Սիրիայի հյուսիսից և ձգտելու է հնարավորինս երկար պահպանել իր ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիսում։ Եվ երբ դա դառնա անհնար (ասենք՝ Սիրիայում ԻՊ վերահսկած տարածքների ազատագրումից, գերտերությունների համապատասխան որոշումից հետո), Թուրքիան ամեն ջանք գործադրելու է, որպեսզի Ազեզ-Ջերաբլուս գոտին թողնի իր հանդեպ բարյացակամ տրամադրված ուժերին (ՍԱԲ, Սիրիայի թուրքմեններ) և ոչ թե, ասենք, Ասադի բանակին կամ Սիրիայի քրդերին։
Ինչ վերաբերում է թուրքական կողմի այն հայտարարություններին, թե «Եփրատի վահանի» ավարտը դեռ չի նշանակում Սիրիայում «հակաահաբեկչական» գործողությունների ավարտ, ապա, բնականաբար, դրա տակ հասկացվում են բուն Սիրիայի քրդերի դեմ հնարավոր ռազմական գործողությունները։ Սակայն այս հարցում Թուրքիան կբախվի մեծ խնդիրների և հազիվ թե հանդգնի ձեռնարկել նման գործողություններ, քանի որ, ի տարբերություն ԻՊ-ի, որին համայն աշխարհը համարում է ահաբեկչական, PYD/YPG-ը չեն համարվում ահաբեկչական կառույցներ. Թուրքիային ցայժմ չի հաջողվել այդ հարցում ստանալ միջազգային հանրության և հատկապես ԱՄՆ-ի ու Ռուսաստանի աջակցությունը։ Մյուս կողմից՝ Սիրիայում «հակաահաբեկչական» գործողությունները շարունակելու հնարավորության մասին թուրքական կողմի հայտարարություններն ավելի շուտ ծառայում են մոտ ժամանակներս Սիրիայի տարածքից թուրքական զորքի դուրս չբերելը հիմնավորելուն։
1 Başbakan Yıldırım: Fırat Kalkanı Harekatı bitmiştir, Hürriyet, 29.03.2017.
2Milli Güvenlik Kurulu toplantısı sona erdi, NTV, 29.03.2017.
3 Erdoğan'dan 'Fırat Kalkanı' harekâtı için ilk açıklama, Cumhuriyet, 24.08.2016.
4 IŞİD'in Türkiye ile 200 kilometrelik sınırı var , Dünya Bülteni Haber Portalı, 10.10.2014.
5 Հայկ Գաբրիելյան, ԻՊ-ին Թուրքիայի չքողարկված աջակցության շուրջ, «Նորավանք» ԳԿՀ, 04.04.2016։
6 Հայկ Գաբրիելյան, Թուրքիայի «ռազմակայանային» քաղաքականության շուրջ, «Նորավանք» ԳԿՀ, 30.06.2016։
7 Bakan Işık operasyondaki son durumu açıkladı, Akşam, 25.08.2016.
8 Kurtulmuş'tan Cerablus açıklaması, Takvim, 29.08.2016.
9 PYD Fırat çevresinde harekete geçti, Anadolu Ajansı, 01.06.2016.
10 Türk uçakları Suriye'ye dönecek, Hürriyet, 12.08.2016.
11 PYD, Münbiç'e girdi, Dünya Bülteni Haber Portalı, 23.06.2016.
12 Cerablus operasyonu Mercidabık Savaşı ile aynı tarihte, Habertürk, 24.08.2016.
13 Cumhurbaşkanı Erdoğan: El Bab'a yürüyoruz, sonra Münbiç'e, Rakka'ya yöneleceğiz, Anadolu Ajansı, 27.10.2016.
14 Erdoğan: El Bab'dan sonra hedef Menbiç, Sputnik, 17.02.2017.
15 Son dakika: Türk ve Rus savaş uçakları ilk kez bunu yaptı, Milliyet, 18.01.2017.
16 Rakka’nın yolu Tel Abyad’dan geçer!, Akşam, 10.02.2017.
17 TSK: Rus uçağı kazaen Türk askerlerini vurdu, 3 şehit, BBC Türkçe, 09.02.2017.
18 YPG Münbiç koridorunu Suriye ordusuna Verdi, Milliyet, 03.03.2017.
19 Afrin'de Rus muamması!, Vatan, 22.03.2017.
20 Suriye'nin yüzde 61'i iki terör örgütünün işgalinde, Anadolu Ajansı, 31.03.2017.
21 El Bab ele geçirildi ama her şey tam bitmiş değil, AjansHaber.com, 01.04.2017.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[05.06.2018]
- «ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ[18.04.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՋՐԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՈՒՐՋ[26.03.2018]
- ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[21.03.2018]
- 21-ՐԴ ԴԱՐԸ՝ «ՔՐԴԱԿԱ՞Ն ԴԱՐ»[19.12.2017]
- ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ[13.12.2017]
- «ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱ». ՊԱՏՄԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆՆԵՐ[10.11.2017]
- ԿԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ[21.07.2017]
- «ԻՆՋԻՐԼԻՔԻ» ԹՆՋՈՒԿԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ[27.06.2017]
- ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ[11.05.2017]