
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՇՈՒՐՋ

«Նորավանք» ԳԿՀ ավագ փորձագետ, Հայաստանում ՄԱԿ ԶԾ էներգետիկայի և տրանսպորտի գծով ազգային փորձագետ, տ.գ.թ., ավագ գիտաշխատող։
ԱՀ ռազմական ծախսերը
Ադրբեջանական Հանրապետության (ԱՀ) ռազմական ծախսերի (ՌԾ) մասին տվյալները չեն արտացոլվում պետական բյուջեի կամ այլ պաշտոնական հրապարակումներում: ԱՀ պաշտպանության նախարարության կայքէջում երկրի պաշտպանական բյուջեի մասին որևէ նյութ չկա: Նույնն է պատկերը ԱՀ ազգային անվտանգության, պաշտպանական արդյունաբերության նախարարությունների, ԱՀ խորհրդարանի և ԱՀ նախագահի կայքէջերում:
ԱՀ պետական բյուջեի շրջանակներում ՌԾ ծավալների հետ առնչվող միակ պաշտոնական աղբյուրը ԱՀ ֆինանսների նախարարությունն է: 2012թ. օգոստոսի դրությամբ նախարարության կայքէջում և հրապարակումներում ՌԾ-ին առնչվող տվյալները բերվում են միայն 2000թ. և 2005-09թթ.-ի համար, և միայն տարրալուծված դատաիրավական և անվտանգության համակարգի ընդհանուր ծախսերի բյուջետային տողում (տե՛ս Աղյուսակ 1, defence, justice and security institutions): Պաշտոնական այս 6 թվերը, իհարկե, որևէ կերպ չեն արտացոլում ԱՀ ՌԾ-ի մասին իրական պատկերը: Այնուամենայնիվ, դրանք են արտաքին աշխարհի համար հասանելի պաշտոնական, բաց միակ աղբյուրը, ուր մատնանշվում են ԱՀ պաշտպանական (ռազմական) ծախսերը:
Անցնելով միջազգային հեղինակավոր կառույցների տվյալներին՝ նախ ընդգծենք, որ ՄԱԿ-ին իր անդամակցման օրվանից (1992թ. մարտի 2) Ադրբեջանը ՄԱԿ զինաթափման գործերով գրասենյակին (ՄԱԿ ԶԳԳ, UN ODA)2 չի տրամադրել սեփական ՌԾ-ի մասին և ոչ մի պաշտոնական հաշվետվություն: Հիշեցնենք, որ նմանօրինակ հաշվետվությունները, ճիշտ է, կամավոր են, բայց նաև տվյալ երկրի կայացածության յուրահատուկ վկայություն են հանդիսանում և ցույց են տալիս այս հարցում երկրի բացությունը, ժողովրդավար ու խաղաղասեր բնույթը: Այս մեխանիզմի հաստատումից ի վեր ՄԱԿ անդամ երկրների գրեթե երկու երրորդը ՄԱԿ ԶԳԳ-ին է ներկայացրել սեփական ՌԾ-ի մասին պաշտոնական հաշվետվություն` գոնե մեկ անգամ ([1], p. 22): Հայաստանը ՄԱԿ ԶԳԳ իր առաջին պաշտոնական հաշվետվությունը ներկայացրել էր 1997-ին և սկսած 2003-ից՝ կանոնավոր շարունակում է ներկայացնել դրանք: 2012թ. օգոստոսի դրությամբ Ադրբեջանը ՄԱԿ ԶԳԳ-ին իր ՌԾ-ի մասին պաշտոնական հաշվետվությունը չի ներկայացրել և ոչ մի անգամ:
ԱՀ ՌԾ-ի մասին բաց, պաշտոնական տեղեկատվության առումով ստեղծված այսպիսի արտառոց դրությունը միջազգային հեղինակավոր կառույցների կողմից ոչ մեկնաբանվում է, ոչ էլ դատապարտվում: Այնինչ, ռազմական ծախսերի հաշվետվությունների ՄԱԿ ԶԳԳ մեխանիզմը և, հատկապես, Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի (ԵՍՍՊ, Conventional Armed Forces in Europe Treaty, CFET) դրույթներն ու պահանջները նորագույն պատմության այն կարևորագույն զսպման միջոցներն են, որոնք ապահովում են մեր տարածաշրջանի կայունությունն ու արգելակում են սահքը դեպի ռազմական հակամարտություն ու նոր պատերազմ: Ինչպես կտեսնենք ստորև, Ադրբեջանն անվրդով խախտում է ԵՍՍՊ հիմնական պահանջներն իր իսկ կողմից այդ պայմանագրի ստորագրման օրվանից սկսած (տե՛ս ստորև):
Երկրների ՌԾ-ի մասին, թերևս, ամենահայտնի և առավել շատ մեջբերվող աղբյուրը Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հետազոտական ինստիտուտն է (ՍՄԽՀԻ, SIPRI): Սակայն ՍՄԽՀԻ տվյալների գրադարանի3 վերլուծությունը ցույց է տալիս, որ 1992-2000թթ.-ի համար բերված գնահատականներն էականորեն նվազ են այլ հեղինակավոր աղբյուրների տվյալների համեմատ: Այսպես, համաձայն ԱՄՆ պետական դեպարտամենտի Սպառազինության վերահսկման բյուրոյի (ԱՄՆ ՊԴԲ) «Աշխարհի ռազմական ծախսերը և զենքի փոխանցումները» 2000թ. պաշտոնական հաշվետվության (WMEAT 2000) [2], ԱՀ ՌԾ-ն 1999թ. կազմել է մոտ 927 մլն 1999թ. ԱՄՆ դոլար, ինչը համարժեք է 1.21 մլրդ 2010թ. ԱՄՆ հաստատուն դոլարի: ՍՄԽՀԻ-ն գնահատում է այն 257 մլն 2010թ. ԱՄՆ հաստատուն դոլար [4], այսինքն` մոտ 5 անգամ ավելի քիչ: 1995թ. համար պատկերը հետևյալն է. WMEAT 2000 հաշվետվություն` 600 մլն 1999թ. ԱՄՆ դոլար (781 մլն 2010թ. հաստատուն ԱՄՆ դոլար) [2]: ՍՄԽՀԻ-ն տալիս է 171 մլն 2010թ. ԱՄՆ հաստատուն դոլար, այսինքն` 4.6 անգամ ավելի քիչ: Նույնն է իրավիճակը, եթե անդրադառնանք նաև Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի «Military Balance» տեղեկատուներին [3]:
ԱՀ ՌԾ գնահատականների հետ կապված այս անմխիթար վիճակը միայն խորացել է 2005-ից հետո, երբ սկսեցին գոյանալ ԱՉԳ (Ազերի-Չիրագ-Գյունեշլի) նավթադաշտի «հիմնական նավթի» փուլի անթափանց և անվերահսկելի շահույթները: Այսպես, 2011թ. ԱՀ ՌԾ ՍՄԽՀԻ գնահատականը կազմում է 2.45 մլրդ մանաթ (մոտ $2.8 մլրդ ԱՄՆ 2010թ. հաստատուն դոլար) [4]: Համաձայն այլ հեղինակավոր աղբյուրների [5, 6], այդ տարի ԱՀ ՌԾ-ն իրականում մոտ 40-50% ավելին էր և գերազանցում էր 4 մլրդ ԱՄՆ 2010թ. հաստատուն դոլար ցուցանիշը: Նույն գնահատականն են անուղղակիորեն հաստատում և որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ4: Առկա են բոլոր հիմքերը ենթադրելու, որ 2006-2012թթ. Ադրբեջանի համար ՍՄԽՀԻ գնահատականները զգալիորեն նվազեցնում են ԱՀ ՌԾ իրական ծավալները, քանի որ հաշվի չեն առնում ԱՀ պաշտպանական արդյունաբերության նախարարության բյուջեն և այլ ծախսերը:
Պատկերն ամբողջացնելու համար նշենք, որ ԱՄՆ ԿՀՎ «World Factbook» հեղինակավոր ամենամյա տեղեկատուները [7] ԱՀ ՌԾ ծավալների գնահատականներն անցած 20 տարիների համար տալիս են միայն հինգ անգամ: Վերջինը թվագրված է 1999-ով և կազմում է $121 մլն ընթացիկ ԱՄՆ դոլար: Այս գնահատականն էականորեն` մոտ 8 անգամ, զիջում է այդ տարի WMEAT 2000 տեղեկատուի գնահատականին ($927 մլն 1999թ. ընթացիկ) [2]: Հավաստի տվյալների բացակայության պատճառով ԿՀՎ-ն 1999-ից ի վեր ԱՀ ՌԾ ծավալների գնահատականներ այլևս չի բերում: Էլ ավելի վատն է դրությունը ԱՀ ՌԾ-ն որպես ՀՆԱ տոկոս գնահատման դեպքում: Անցած 20 տարիներին կատարված է միայն երկու այդպիսի գնահատում: 1995-ին դրանք գնահատվել են ՀՆԱ 10%, ինչն, ի դեպ, մոտ 4 անգամ ավելին է, քան ՍՄԽՀԻ համապատասխան գնահատականը (2.7%) [4]: Մյուս՝ առայսօր վերջին գնահատականը կատարված է 1999թ.-ի համար (2.6%): Հասկանալի է, որ հավաստի տվյալների բացակայության պատճառով 1999-ից ի վեր ԿՀՎ-ն Ադրբեջանի ՌԾ-ն որպես ՀՆԱ տոկոս այլևս չի գնահատում:
Անհրաժեշտ է նկատել, որ ԱՀ պաշտպանական արդյունաբերության նախարարությունը հիմնվել է 2005թ. դեկտեմբերին: Սա ԱՉԳ նավթադաշտի «հիմնական նավթի» փուլի մեկնարկի նախօրյակն է: Ժամանակային այս զուգադիպումը չի կարելի պատահական համարել: Այն մատնանշում է ԱՀ ռազմական ներուժի զարգացման, երկրի ռազմականացման բազմափուլ և բազմաբաղադրիչ պետական համալիր ծրագրի առկայության մասին: Անկասկած, այս ծրագրի մեկ բաղադրիչը ենթադրում է ԱՉԳ «հիմնական նավթի» փուլում [13] առաջացած եկամուտների ուղղորդումը ռազմարդյունաբերական համալիրի գոյացմանը, որի համար և ստեղծվել է նշված նախարարությունը: Ծրագրի մյուս բաղադրիչը, ինչպես կտեսնենք ստորև, գրոհային նշանակության սպառազինությունների գնումն է։ Վերջապես, ծրագրի 3-րդ՝ տեղեկատվական և հոգեբանական բաղադրիչը կոչված է ադրբեջանական հասարակությանը պատրաստել ռևանշիստական պատերազմի՝ հայատյացության քարոզմամբ, թշնամու պատկերի կերտումով և զանգվածային ինդոկտրինացիայով: Ձևավորված ռազմատենչ փսիխոզի հասարակական տրամադրության վառ արգասիք է ԱՀ նախագահական ընտրություններին ընդառաջ «կացնով մարդասպանի» ներումն ու հերոսացումը ԱՀ նախագահի կողմից:
Հաշվի առնելով ԱՀ ՌԾ-ի մասին եղած տարաբնույթ տվյալները՝ Նկար 1-ում պատկերել ենք դրանց վերին սահմանի մեր գնահատումը 1992-2011թթ.-ի համար, արտահայտված 2010թ. ԱՄՆ հաստատուն դոլարով: Համեմատության համար նույն նկարում բերվում են նաև ՍՄԽՀԻ գնահատականները [4]: Նշված ժամանակահատվածում ԱՀ ՌԾ գումարային ծավալն ըստ ՍՄԽՀԻ-ի կազմել է մոտ 11.7 մլրդ 2010թ. ԱՄՆ հաստատուն դոլար, և, ամենայն հավանականությամբ, նվազ է այս ցուցանիշի իրական արժեքից առնվազն 40-50%:
1992-2011թթ.-ի համար ԱՀ գումարային ՌԾ վերին սահմանի մեր գնահատականը կազմում է շուրջ 28.5 մլրդ 2010թ. ԱՄՆ հաստատուն դոլար:
ԱՀ բանակային տարիք թևակոխող մարդկային ներուժը
ԱՄՆ ԿՀՎ տեղեկատուները բերում են չափազանց ուշագրավ տվյալներ ԱՀ բանակում ծառայելու տարիք (18 տարեկան) թևակոխող արական սեռի բնակչության տարեկան թվաքանակի մասին: Այսպես, 2009-ին այս ցուցանիշը կազմել էր 85.3 հազ. մարդ, իսկ 2011-ին` 77 հազ. մարդ: Այսինքն՝ այնքան, որքան որ գնահատել էր այս ցուցանիշը ԿՀՎ-ն 2001թ.: Նկար 2-ը ի մի է բերում ԿՀՎ տեղեկատուների բոլոր տվյալները 1993-2011թթ.-ի համար5:
2009-ի համեմատ 2011թ. 18 տարեկան դարձող տղաների թվի կտրուկ նվազումը (մոտ 10 հազարով) պայմանավորված է նրանով, որ չարդարացան 2009թ. ԱՀ 2-րդ ազգային մարդահամարի հետ կապված միջազգային կազմակերպությունների և հարցով զբաղվող մասնագիտական հանրության սպասումները: Ակնկալվում էր, որ այս մարդահամարը կշտկի ԱՀ ժողովրդագրական վիճակագրությունում առկա աղաղակող խեղաթյուրումները [8]: Սակայն, մարդահամարի արդյունքների պաշտոնական (մասնակի) հրապարակումը (2011թ. վերջ) չհանգեցրին ԱՀ ժողովրդագրական վիճակագրությունում իրավիճակի որևէ շտկման, ուստի և ԿՀՎ-ն, սկսած 2010 թվականից, ձեռնամուխ է եղել իրադրությունն առողջացնելու սեփական միջոցներին՝ ճշգրտման ենթարկելով 18 տարեկան մտած արական սեռի բնակչության թիվը6:
ԱՀ ծանր սպառազինության գնումները
ԱՀ ՌԾ դինամիկային առնչվող տվյալները փաստում են, որ 1995թ. համեմատ 2011-ին դրանք աճել են առնվազն 16 անգամ [4]: Հատկապես խոսուն է ծանր սպառազինության ԱՀ գնումների մասին տեղեկատվությունը:
Այսպես, հիմնական մարտական տանկերի (ՀՄՏ) մասով գնումներն իրականացվել են 2 հստակորեն անջատ փուլերով: Առաջին փուլում 1994-95թթ. ընթացքում Ուկրաինայից գնվել էր 150 հատ T-55 տիպի ՀՄՏ: Գնումների 2-րդ փուլում Ադրբեջանին մատակարարվել է 45 հատ T-72M1 տիպի ՀՄՏ` Ուկրաինայից (2004-06թթ.), 60 հատ նույն տիպի ՀՄՏ` Բելառուսից (2004-06թթ.) և 62 հատ T-72 տիպի ՀՄՏ ` ՌԴ-ից (2006-07թթ.) [3, 4, 9-11]:
Հիմնական քարշակ հրետանու մատակարարումներն իրականացվել են 2002-10թթ.` նույնպես 2 ալիքով. 2002-ին` T-12 տիպի 100մմ տրամաչափի 72 թնդանոթ` Ուկրաինայից, M-46 տիպի 130մմ տրամաչափի 36 թնդանոթ` Բուլղարիայից: 2-րդ փուլում, 2006-07թթ. M-43 տիպի 120մմ տրամաչափի 85 հաուբից` Ուկրաինայից, և 2006-10թթ. D-30 տիպի 122մմ տրամաչափի թնդանոթ Ուկրաինայից` 55 հատ և Բելառուսից` 30 հատ:
Մեծ տրամաչափի ինքնագնաց հրետանու մատակարարումներն իրականացվել են բացառապես ԱՉԳ «հիմնական նավթի» փուլի մեկնարկից հետո` 2008-10թթ.: Այդ ժամանակ գնվել են 203մմ տրամաչափի 2S7 «Пион» հրետանային համակարգերն7 Ուկրաինայից` 3 հատ8 (2008թ.) և Բելառուսից` 12 հատ (2008-09թթ.): Ուկրաինայից գնվել և մատակարարվել են 152մմ տրամաչափի 2S3 «Акация» հրետանային 16 համակարգ (2008-10թթ.) և 122մմ տրամաչափի 2S1 «Гвоздика» հրետանային 54 համակարգ (2007-10թթ.): Իսրայելից գնվել և մատակարարվել է 155մմ տրամաչափի «АTMOS-2000» հրետանային 5 համակարգ (2010թ.): Բացի այս, Ադրբեջանին է մատակարարվել ծանր ռեակտիվ համազարկային BM-9A52 «Смерч» 12 համակարգ9 Ուկրաինայից, ռեակտիվ այլ համազարկային կայանքներ` Թուրքիայից և Իսրայելից [3, 4, 9-11]:
Վերջապես, բացառապես ԱՉԳ «հիմնական նավթի» փուլի մեկնարկից հետո` 2008-12թթ. Ադրբեջանին է մատակարարվել Ми-24 (Hind-E) գրոհային ուղղաթիռ. 12 հատ` Ուկրաինայից և 24 հատ` ՌԴ-ից10, 15 հատ Миг-29 (Fulcrum-A) մարտական ինքնաթիռ Ուկրաինայից և ավելի քան 24 հատ Су-25 (Frogfoot-A) մարտական ինքնաթիռ` Վրաստանից11 և Բելառուսից [3, 4, 9-11]:
Վերը թվարկված ծանր սպառազինության բոլոր տեսակներն ունեն առաջին հերթին գրոհային նշանակություն, իսկ դրանց գնման և մատակարարումների ծավալները կազմում են ԱՀ-ի կողմից 1992-2012թթ. ընթացքում ողջ սպառազինության գնումների ծավալի ավելի քան 80%-ը:
Ինչպես հայտնի է, Ադրբեջանի (և Հայաստանի) համար ԵՍՍՊ շրջանակներում 1999-ից գործում են հիմնական սպառազինությանը վերաբերող պարտավորեցնող շեմային արժեքներ (TLE, Ceiling): ՀՄՏ առումով ԱՀ շեմային արժեքն է 220 հատ տանկ: Այնինչ, համաձայն մի շարք հեղինակավոր աղբյուրների [9, 12, 14], ԱՀ-ում այսօր հաշվարկվում է 381 հատ ՀՄՏ (TLE, Holdings)12: Իրականում, ՀՄՏ առումով Ադրբեջանը խախտում է ԵՍՍՊ պարտավորեցնող շեմային արժեքն այս հիմնարար պայմանագրի ստորագրման տարեթվից` 1999-ից ի վեր, իսկ համաձայն ՍՄԽՀԻ տվյալների [4]՝ 2006 թվականից սկսած ՀՄՏ շեմային արժեքը գերազանցում են արդեն միայն ԱՀ-ի կողմից գնված նոր տանկերը (տե՛ս Նկար 3):
Նույնն է վիճակը և հիմնական տրամաչափի հրետանու առումով. ԵՍՍՊ շեմային արժեքը ԱՀ-ի համար կազմում է 285 միավոր, այնինչ ԱՀ-ում առկա հիմնական տրամաչափի հրետանու իրական թվաքանակը կազմում է 425-ից 516 միավոր [9, 12, 14]13:
Նկատենք, որ ԵՍՍՊ շրջանակներում դիտարկվող հիմնական սպառազինության մասին պաշտոնական տվյալներն Ադրբեջանը ՄԱԿ ԶԳԳ-ի «Սպառազինությունների հաշվառում» բաժին չի ներկայացրել սկսած իր կողմից ԵՍՍՊ ստորագրման պահից [11]: 2012թ. օգոստոսի դրությամբ այստեղ առկա էին ԱՀ միայն 1995, 1996 և 1997 թվականների հաշվետվությունները14: ՄԱԿ ԶԳԳ-ի «Ծանր սպառազինություն» բաժին Ադրբեջանը չի ներկայացրել իր 2007թ. հաշվետվությունը [10]: Այնինչ, համաձայն մի շարք տվյալների [4, 9], այդ տարի Ադրբեջանին էին մատակարարվել 55 հատ D-30 տիպի 122մմ տրամաչափի թնդանոթ Ուկրաինայից, 62 հատ T-72 տիպի ՀՄՏ` ՌԴ-ից և այլ ծանր սպառազինություն, որը դիտարկվում է ԵՍՍՊ-ի կողմից: Դե, իսկ ինչպես նշել էինք վերը, ՄԱԿ իր անդամակցության օրվանից ԱՀ-ն ՄԱԿ ԶԳԳ-ին չի ներկայացրել իր ՌԾ-ի մասին ազգային հաշվետվությունը և ոչ մի անգամ:
Զավեշտալի է, որ այս պարագայում 2011թ. հոկտեմբերի 24-ին ԱՀ-ն ընտրվեց ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ:
Եզրակացություններ
Ադրբեջանական Հանրապետության ՌԾ-ի շուրջ ստեղծվել է արտառոց իրավիճակ: Ըստ էության, դրանց մասին հավաստի գնահատականները բացակայում են թե՛ պաշտոնական, թե՛ այլ աղբյուրներում: Սակավաթիվ հասանելի տվյալները վկայում են ԱՀ իշանությունների կողմից իրականացվող ռազմականացման համալիր, բազմաբաղադրիչ ծրագրի առկայությունը:
ԱՀ-ի կողմից սպառազինության գնումների քանակա-որակական ցուցանիշները ցույց են տալիս, որ այդ երկիրը հետևողականորեն մեծացնում է իր ռազմական, առաջին հերթին` գրոհային կարողությունները: Այլ խոսքով` Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի:
Այս ամենը կատարվում է միջազգային հիմնարար կարևորության պայմանագրերի դրույթների կոպիտ խախտումներով, միջազգային հանրության ընդհանուր առմամբ անտարբեր վերաբերմունքի ֆոնին:
1 Փոխարկումն իրականացված է նախ ընթացիկ դոլարի` ԱՀ կենտրոնական բանկի տվյալ տարվա միջին տարեկան փոխարժեքով, այնուհետև բերված է 2010թ. հաստատուն դոլարի` ԱՄՆ Աշխատանքի բյուրոյի սպառողական գների ցուցիչն (CPI) օգտագործելով: Ճիշտ նույն մոտեցումն է կիրառվում ՌԾ-ի մասին SIPRI, IISS, Jane's գնահատականներում:
2 http://unhq-appspub-01.un.org/UNODA/Milex.nsf
4 http://www.trend.az/print/1765123.html
5 Նյութի պատրաստման պահին 2012թ. ԿՀՎ գնահատականները բացակայում էին:
6 ԱՀ իշխանությունների կողմից իրականացվող ժողովրդագրական վիճակագրական տվյալների զանգվածային զեղծարարությունների մասին ավելի մանրամասն տե՛ս [8]:
7 ԽՍՀՄ արտադրության այս համակարգերն ունակ են կրակել ինչպես սովորական, այնպես էլ քիմիական, բակտերիոլոգիական և միջուկային լիցքերով արկեր:
8 Այլ տվյալներով՝ 6 հատ:
9 Այլ տվյալներով՝ 18 հատ:
10 2011-ին մատակարարվել էր ընդհանուր 24 հատից 4-ը:
11 6 հատ 2002 թվականին:
12 Մեր հաշվարկներով ԱՀ-ում առկա է 438 ՀՄՏ (տե՛ս Նկար 3): ԱՀ-ում առկա 381 հատ ՀՄՏ գնահատականը բերվում է UK Defence Statistic տեղեկատուի 2010թ. սեպտեմբերի 29-ի հրատարակումում և ՄԱԿ 67-րդ Ընդհանուր ասամբլեայի ՀՀ հաշվետվությունում (2012թ. հունիսի 12)` ներկայացված ՄԱԿ գլխավոր քարտուղարի 2012թ. հուլիսի 9-ի զեկույցում [14]:
13 516 միավոր գնահատականը բերվում է [14] աղբյուրում:
14 Այս հաշվետվություններում նշվում է 270 հատ ՀՄՏ և 301 միավոր ծանր հրետանի:
Աղբյուրներ և գրականություն
- UNODA Occasional Papers. PROMOTING FURTHER OPENNESS AND TRANSPARENCY IN MILITARY MATTERS. An assessment of the united nations stardardized instrument for reporting military expenditures. No. 20, November 2010.
- WMEAT 2000. World Military Expenditures and Arms Transfers 1999-2000. US Department of State. Bureau of Verification and Compliance. Washington, DC. June, 2002.
- The International Institute for Strategis Studies. Military Balance, 1995-2011.
- SIPRI Yearbooks, 1994-2011.
- http://www.ng.ru/cis/2011-02-22/1_neoglobalizm.html
- http://www.eurasianet.org/print/62223
- US CIA. World FactBooks. 1992 - 2011.
- Մարջանյան Ա., Ադրբեջանական Հանրապետություն. «վիրտուալ» ժողովրդագրության առանձնահատկությունները, Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2012թ.։ http://noravank.am/upload/pdf/Ara Marjanyan book.pdf
- JANES, Defense & Security Intelligence & Analysis Sentinel Security Assessment - Russia And The CIS. Section: Procurement - Azerbaijan, July 25, 2012.
- UN Register of Convetional Arms: Heavy Weapons. August 2012.
- UN Register of Convetional Arms: National Holdings. August 2012.
- UK DEFENCE STATISTICS. Declared Tanks, Armoured Combat Vehicles, Artillery, Attack Helicopters and Combat Aircraft Holdings and Ceilings by country within the scope of the Conventional Armed Forces in Europe Treaty. Directorate for Counter-Proliferation and Arms Control.
- Մարջանյան Ա., Ադրբեջանի նավթային ոլորտը: «Նորավանք» ԳԿՀ, Գլոբուս, թիվ 5 (26), 2012:
- Контроль над обычными вооружениями на региональном и субрегиональном уровнях. Шестьдесят седьмая сессия ГА ООН, Пункт 95(v) первоначального перечня A/67/50. Всеобщее и полное разоружение. Доклад Генерального секретаря. 9-ое июля 2012г.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՅՏՆԻ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ». ՓՈՐՁԱԳԵՏ[17.12.2018]
- ՀՈՒՄ ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ[05.11.2018]
- ՇՓՄԱՆ ԳԻԾ–ԱՐԱ ՄԱՐՋԱՆՅԱՆ (05.10.18)[09.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆ – ՌՈՒՍԱՍՏԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎՏԱՆԳՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[07.08.2018]
- ԳԼՈԲԱԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ, ՍԵՐՆԴԱՅԻՆ ԱԼԻՔՆԵՐ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ[19.07.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՆ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎՏԱՆԳՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[09.07.2018]
- ԻՍՐԱՅԵԼԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՕԳՏԱԳՈՐԾԻ ԻՐԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ (տեսանյութ)[16.05.2018]
- ԻՆՏԵՐՆԵՏ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[08.05.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՍՄԻԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՏԱԽՈՒԶԱ-ՀԵՌԱԶՆՆՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ[09.04.2018]
- ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ «ԲԱՆԱԼԻՆ» ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ Է. Ա.ՄԱՐՋԱՆՅԱՆ[26.02.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԵԳՄԵՆՏԸ[19.02.2018]