• am
  • ru
  • en
Версия для печати
30.07.2012

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՑԱՆՑԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

EnglishРуский

   

Սամվել Մարտիրոսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ



Վերջին տարիներին հայաստանյան համացանցը պայթյունային աճ ունեցավ։ Օգտվողների թվի աննախադեպ աճը բերեց նրան, որ ԱՊՀ երկրներում Հայաստանը հայտնվեց առաջատարի դիրքում1։

Համացանցի հայաստանյան հատվածի աճը 2011-2012թթ.

Օգտվողների թվի աճը պայմանավորված է մի քանի հիմնական պատճառներով, որոնք են.

  • Ինտերնետի մեծածախ գնի անկումը, ինչի հետևանքով գրանցվել է նաև կտրուկ անկում մանրածախ շուկայում2
  • Բջջային օպերատորների կողմից մարզերում ինտերնետ-կապի մատակարարումը
  • Համակարգիչների գների անկումը և վարկային վաճառքի տարբերակի մատչելիությունը
  • Սմարթֆոնների թվի աճը երկրում (պետք է հաշվի առնել, որ օգտվողների բավական մեծ մասն այցելում է սոցցանցեր միայն հեռախոսներից)
  • Համացանցից օգտվելը դարձել է առօրեական։

Այս ամենի հետևանքով ավելանում է հայկական կայքերի քանակը։ Այսպես, Circle.am համակարգում (ուր գրանցված է հայկական բովանդակություն կամ պատկանելություն ունեցող կայքերի մեծամասնությունը) 2011թ. սեպտեմբերի վերջի դրությամբ գրանցված կայքերի թիվը կազմել է 2214: Հունիս-սեպտեմբերին համակարգում գրանցվել է 426 նոր կայք: 2010թ. սեպտեմբերի վերջի համեմատ Circle.am-ում գրանցված կայքերի թիվն աճել է մոտ 48%-ով3: Իսկ 2012թ. մայիսի վերջի դրությամբ կայքերի թիվը կազմում է 2,567։

Circle.am-ում գրանցված կայքերի այցելուների ժողովրդագրական պատկերն էլ է փոխվում։ Այսպես, 2011թ. սեպտեմբերին այցելուների 57.51%-ը կազմում էին Հայաստանի տարածքից այցելությունները, իսկ սույն թվականի մայիսին այս ցուցանիշը բարձրացել է մինչև 60% և դիտվում է աճի միտում4։

Վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանում սկսեց աճել շարժական սարքերից (հեռախոսներից և պլանշետներից) օգտվողների թիվը։ Այսպես, ըստ StatCounter ընկերության, 2012թ. ապրիլի դրությամբ Հայաստանից այցելությունների ընդհանուր քանակի մոտ 1,5%-ը կազմում են շարժական սարքերը, իսկ 2011թ. այս ցուցանիշը կազմում էր 0,8%։ (Հարկ է նշել, որ տվյալ ցուցանիշը վերաբերում է ամբողջ համացանցին, սակայն սոցիալական ցանցերի և ԶԼՄ դեպքում տվյալ տոկոսը կտրուկ աճում է)։ Շարժական սարքերի պատկերը ցույց է տալիս, որ Հայաստանում հիմնականում գերիշխող դիրքեր ունի կոնկրետ Symbian համակարգը, սակայն այստեղ նույնպես տվյալ համակարգի դերի նվազման և այլ համակարգերի օգտագործման աճի միտում կա (տե՛ս Պատկեր 1).

Հարձակումները հայկական կայքերի վրա

Հայաստանյան համացանցի հատվածը ժամանակ առ ժամանակ տուժում է հաքերային զանգվածային հարձակումներից, որոնց մեծ մասը քաղաքական ենթատեքստ ունի։ Հիմնական հարձակումները կատարվում են ադրբեջանական հաքերային խմբերի կողմից։ Երկրորդ տեղը գրավում են թուրքական խմբերը։ Ժամանակ առ ժամանակ արձանագրվում են նաև հարձակումներ այլ երկրներից, որոնք չունեն քաղաքական ենթատեքստ։ Հիմնականում 2011թ. և 2012թ. առաջին հինգ ամիսների ընթացքում հարձակումները կատարվել են հայկական հոսթինգներում տեղակայված կայքերի վրա։ Արձանագրվել է մի քանի զանգվածային հաքերային հարձակում։ Ամենախոշորը եղել է 2011թ. հունվարին, ինչպես նաև նույն թվականի սեպտեմբերին և նոյեմբերին (տե՛ս Պատկեր 2)։ 2012թ. փետրվարին և մարտին արձանագրվել են երկու մեծ հարձակումներ ադրբեջանական հաքերների կողմից, ինչից հետո հարձակումների թիվը կտրուկ նվազել է (տե՛ս Պատկեր 3

Եզրակացություններ

Հայաստանը վերջին մի քանի տարիներին, որոնք հաջորդեցին հեռահաղորդակցության ոլորտի ազատականացմանը, ինտերնետի պայթյունային աճ ապրեց։ Մի կողմից՝ համացանցից օգտվողների թիվը գերազանցեց բնակչության կեսը։ Մյուս կողմից՝ օգտվողների թվի աճը և ինտերնետ կապի գների անկումը հանգեցրին նաև համացանցի հայաստանյան սեգմենտի կտրուկ աճին։ Այսպես, .am տիրույթում գրանցված դոմենային անունների թիվն արդեն գերազանցում է 20 հազարը5 (համեմատության համար՝ Ադրբեջանում այս թիվը կազմում է մոտ 14 հազար6)։ Բացի քանակական աճից, դիտվում են նաև որակական փոփոխություններ. ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարժական ինտերնետը սկսում է դառնալ գործոններից մեկը, որոնք պայմանավորում են ոլորտի հետագա աճը։

Պատկեր 1
Հայաստանում շարժական սարքերի վրա տեղադրված օպերացիոն համակարգերի բաշխումը։ StatCounter կազմակերպության տվյալները, 2012թ. մայիս

Պատկեր 2
Հայաստանյան համացանցի հատվածի վրա հաքերային հարձակումները 2011թ. ընթացքում։ Ըստ Cybergates կազմակերպության տվյալների

Պատկեր 3
Հայաստանյան համացանցի հատվածի վրա հաքերային հարձակումները 2012թ. հունվար-մայիսին։ Ըստ Cybergates կազմակերպության տվյալների

1 Հայաստանցի ինտերնետ-օգտատիրոջ պատկերը, Սամվել Մարտիրոսյան, «Նորավանք», http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6490

2 Հայաստանը դառնում է կիբերխոցելի երկիր, Սամվել Մարտիրոսյան, «Նորավանք», http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6267

3 Ինտերնետը Հայաստանում. հունիս - սեպտեմբեր 2011, http://www.b24.am/report/internet_in_armenia_june-september_2011.html

4 Տվյալները՝ ըստ Circle.am-ի։

5 https://www.amnic.net/

6 http://vesti.az/news

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 8, 2012

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր