
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱՎԹԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ

«Նորավանք» ԳԿՀ ավագ փորձագետ, տ.գ.թ.։
Պաշարները
Ադրբեջանի հում նավթի ապացուցված պաշարները (prooved reserves) չեն փոխվել 2002-ից ի վեր և ներկայումս կազմում են 7 մլրդ բարել [1] (տե՛ս Նկար 1, ձախ առանցք): Ապացուցված պաշարների առյուծի բաժինն ընկնում է Ադրբեջանի ափեզրյա նավթադաշտերին, որոնցից ամենահարուստը Ազերի-Չիրագ-Գյունեշլի (ԱՉԳ) նավթադաշտն է: Դեռ 1994թ. կնքված համաձայնագրով սահմանված ԱՉԳ նավթադաշտի տարածքում և գործունեության ժամանակահատվածում (1994-2024թթ.) նավթի արդյունահանելի պաշարները (recoverable reserves) գնահատվում են 5.4 մլրդ բարել, այսինքն՝ ԱՀ ապացուցված պաշարների 77%-ը: 2009թ. վերջի դրությամբ այստեղից արդեն իսկ արդյունահանվել էր 1.4 մլրդ բարել նավթ (ԱՉԳ հասանելի պաշարների 26%-ը): Համաձայն մասնագիտական գնահատականների, նշանակալի արդյունահանման համար ԱՉԳ հասանելի պաշարները կսպառվեն 2018-20թթ.:
Սպառումը
Հում նավթի սպառումն ԱՀ-ում 1998-2011թթ. չի գերազանցել 125 հազ. բ/օր ցուցանիշը [1] (տե՛ս Նկար 1, աջ առանցք): Ընդ որում, 2001-2011թթ. ժամանակահատվածում այն իջնում է մինչև օրական միջինը 85 հազ. բարել, ինչն արտացոլում է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը՝ հնարավորինս իջեցնել հում նավթի սեփական սպառումը և այն հնարավորինս արտահանել: 2011թ. հում նավթի սպառումը կազմել է 74 հազ. բարել օրական (բ/օր) և համաձայն մասնագիտական կանխատեսումների [1, 2]՝ այս ցուցանիշը կպահպանվի առաջիկա 2-3 տարիներին:

Մշակումը
2012թ. հունվարի դրությամբ Ադրբեջանի գործող երկու նավթամշակման գործարանների նոմինալ արտադրողունակությունը կազմում է մոտ 400 հազ. բ/օր (Բաքվի նավթամշակման գործարանը` օրական 239 հազ. բ/օր հզորությամբ և Նոր Բաքվի նավթամշակման գործարանը` օրական 160 հազ. բ/օր հզորությամբ): Երկու գործարաններն էլ ունեն մոդեռնիզացիայի կարիք, որի համար պահանջվող ներդրումները գնահատվում են $600-700 մլն [2]:
Արտահանումը
2010թ. Ադրբեջանից հում նավթի արտահանումների ընդհանուր ծավալը կազմել էր 777 հազ. բ/օր, ինչը մոտ 8%-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Արտահանումների մոտ 80%-ը իրականացվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղով, որը հիմնականում մղում է ԱՉԳ-ից արդյունահանված նավթը: 2008թ. ԲԹՋ նաթամուղով տեղափոխվում էր նաև Թենգիզի դաշտից արդյունահանված ղազախական նավթը, որը լցանավերով հասցվում էր Սանգաչալի տերմինալ: 2010թ. հուլիսից այս նավթատարով տեղափոխվում է նաև թուրքմենական նավթը: ԲԹՋ-ն շահագործում է BP ընկերության կողմից ղեկավարվող կոնսորցիումը1: Թուրքական հատվածի օպերատորը BOTAS International ընկերությունն է:
ԲԹՋ նավթամուղը հիմնական ռեժիմով աշխատանքները սկսել էր 2006թ. հուլիսից: Նավթամուղի նոմինալ տարողունակությունը կազմում է մեկ մլն բ/օր, որը կարող է բարձրացվել մինչև 1.2 մլն-ի: Իրականում, սակայն, ԲԹՋ-ն աշխատել է նոմինալ տարողունակությունից զգալիորեն ավելի ցածր մակարդակով: Այսպես, 2008թ. ԲԹՋ միջին օրական թողունակությունը կազմել էր 0.653 մլն բ/օր: 2011թ. այս նավթատարով տեղափոխվել է մոտ 32.2 մլն տ նավթ, ինչը 13%-ով ավելի քիչ է նախորդ տարվա ցուցանիշից: Համաձայն BP ընկերության տվյալների, 2006թ. կեսից մինչև 2011թ. վերջը նավթամուղով տեղափոխվել է 1.13 մլրդ բարել: Դժվար չէ հաշվարկել, որ 2006թ. հուլիսից մինչև 2011թ. վերջը ԲԹՋ-ն աշխատել է իր նոմինալ (մոտ 2.0 մլրդ բարել 2000 օրում) բեռնման միայն 56%-ով:
Նավթատարի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 2010թ. հուլիսին Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև համաձայնագիր կնքվեց ԲԹՋ-ով թուրքմենական նավթի տեղափոխման համար: 2012թ. փետրվարի 1-ի դրությամբ ԲԹՋ-ով տեղափոխվել է մոտ 4.4 մլն տ թուրքմենական նավթ, որից մոտ 2 մլն-ը` 2011թ. ընթացքում: 2011թ. մարտին հայտարարվեց, որ ԲԹՋ թուրքական BOTAS International օպերատորը նավթամուղի մեկնարկի պահից արձանագրել է $31 մլն-ի կորուստ` նավթամուղի թերբեռնման հետևանքով: Ակնկալվում է, որ ԲԹՋ ծրագրի գործունեության ավարտին (2045թ.) միայն այս ընկերության կորուստը կկազմի $2 մլրդ:
Հաջորդ նավթատարը Բաքու-Նովոռոսիյսկ 100 հազ. բ/օր նոմինալ թողունակությամբ խողովակաշարն է: 2010թ. այս խողովակաշարով արտահանման ռեժիմը կազմել էր 45.5 հազ. բ/օր, 2008թ.` մոտ 29 հազ.: 2011թ. այս նավթամուղով տեղափոխվել էր մոտ 2 մլն տ նավթ, ինչը 11.3%-ով ավելի քիչ էր 2010թ. ցուցանիշից: Հիշեցնենք, որ դեռ 1996թ. ստորագրված ռուս-ադրբեջանական համաձայնագրով նախատեսվում էր, որ Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով պետք է տեղափոխվի 5 մլն տ նավթ տարեկան` $15.67/տ տրանզիտային սակագնով: 2011թ. երկրորդ կեսին արձանագրվել էր SOCAR և Транснефть ընկերությունների միջև բանավեճ` տրանսպորտային սակագների և տեղափոխվող նավթի ծավալների վերաբերյալ: Ռուսական կողմը, մասնավորապես, պահանջում էր կամ ավելացնել նավթատարի թողունակությունը, կամ վերանայել քվոտաները (տրամադրել չապաhովված 3 մլն տ նավթ տարեկան քվոտան ռուսական «Лукойл» ընկերությանը):
Երրորդ նավթատարը 145 հազ. բ/օր (կամ մոտ 7 մլն տ տարեկան) նոմինալ թողունակությամբ Բաքու-Սուփսա (Վրաստան) խողովակաշարն է: Նավթատարը կանգնեցված էր 2006թ. հոկտեմբերից մինչև 2008թ. նոյեմբերը: 2008թ. տեղափոխումների թողունակությունը կազմել է ընդամենը 13 հազ. բ/օր: 2009թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածում այս խողովակաշարի թողունակությունը կազմել է 55 հազ. բ/օր: 2011թ. այս խողովակաշարով տեղափոխվել էր մոտ 2.652 մլն տ նավթ, ինչը 187 հազ. տ ավելի քիչ է նախորդ տարվա ցուցանիշից:
Վերջապես, Ադրբեջանից արտահանվող նավթի ծավալների մոտ 5%-ը բաժին է ընկնում երկաթուղուն և ավտոտրանսպորտին:
Արդյունահանում
Նկար 1-ում բերում ենք Ադրբեջանում հում նավթի արդյունահանման կորը 1998-2011թթ. համար [1] (աջ առանցք, հազ. բ/օր): Բերում ենք նաև 2012-13թթ. համար արդյունահանման կանատեսումները [2]: Ինչպես տեսնում ենք նկարից, 1998-2004թթ. ժամանակահատվածում ԱՉԳ դաշտի «վաղ նավթի» փուլի մեկնարկից հետո արդյունահանումը սկսում է աճել և 2004թ. հասնում է 315 հազ. բ/օր ցուցանիշին: 2005-ից, ԱՉԳ «հիմնական նավթի» արդյունահանման և ԲԹՋ նավթատարի հիմնական ռեժիմով շահագործման մեկնարկից (2006թ. հուլիս) հետո, հում նավթի արդյունահանումն ինտենսիվ կերպով աճում է՝ 2010թ. հասնելով օրական միջինը 1.037 մլն բարել ցուցանիշի: 2010թ. արդյունահանված նավթի այս ծավալից օրական 830 հազ. բարելը (80%) արդյունահանվել է ԱՉԳ-ից: 2011թ. Ադրբեջանում արձանագրվել է նավթի արդյունահանման անկում: Այսպես, 2011թ. սեպտեմբերի 27-ին հայտարարվեց2, որ վերանայվել է 2011թ. համար Ադրբեջանում պլանավորված նավթի արդյունահանման պաշտոնական ցուցանիշը: Այն իջեցվեց օրական 100 հազ. բարելով և կազմեց 900 hազ. բ/օր` ողջ 2011թ. համար: Այս ծավալից օրական 800-850 հազ. բարելն արդյունահանվել է ԱՉԳ-ից:

ԱՉԳ արդյունահանումն իրականացվում է նավթադաշտը շահագործող AIOC կոնսորցիումի և այդ կոնսորցիումի ղեկավար BP ընկերության համալիր եռափուլ ծրագրի շրջանակներում: Դրան հարում է նաև նախնական` «վաղ նավթի» փուլը (EOP): Նկար 2-ում պատկերում ենք ԱՉԳ արդյունահանման արտադրական սխեման: Այն ներառում է ԱՉԳ «վաղ նավթի» փուլում տեղակայված «Չիրագ» ափեզրյա պլատֆորմը (նկարում` Chirag, EOP, թողարկումը` 1997թ. դեկտեմբերին), առաջին փուլի «Կենտրոնական Ազերի» ինտեգրացված պլատֆորմը (phase 1 «Sentral Azeri», թողարկումը` 2005թ. փետրվարին), երկրորդ փուլի երկու պլատֆորմները (phase 2 «West Azeri», «East Azeri», թողարկումը` 2005թ. դեկտեմբեր և 2006թ. նոյեմբեր համապատասխանաբար) և 3-րդ փուլի «Խորջրյա Գյունեշլի» ինտեգրացված պլատֆորմը (phase 3 «DWG», թողարկումը` 2008թ. ապրիլին):
Համալիր եռափուլ ծրագրով պլանավորվում էր, որ ԱՉԳ-ից նավթարդյունահանումը պետք է հասներ իր պիկային` 1.24 մլն բ/օր ցուցանիշին դեռ 2010թ., այնուհետև իջներ մինչև օրական 0.9 մլն բ/օր ցուցանիշին` 2014-2015թթ. [3]: Մինչդեռ, 2010թ. ողջ Ադրբեջանում արդյունահանված հում նավթի ծավալները կազմել էին օրական 1.037 մլն բարել: Իսկ ԱՉԳ-ից այդ տարի արդյունահանվել էր օրական ընդամենը 0.83 մլն բարել, այսինքն՝ մոտ 400 հազ. բ/օր ավելի քիչ (կամ մոտ 440 մլն բարել 3 տարում), քան նախատեսվում էր նշված եռափուլ ծրագրով: ԱՉԳ ցուցանիշները մնացին գրեթե անփոփոխ նաև 2011թ.։ Բնական է, որ պլանավորվող արդյունահանման ցուցանիշների այսպիսի նկատելի թերակատարումը (32%) բացասաբար ազդեց նաև ԱՉԳ դաշտի նավթը տեղափոխող ԲԹՋ նավթամուղի աշխատանքների վրա (տե՛ս վերը): Այսպիսով, կարելի է խափանված համարել թե՛ BP/AIOC կոնսորցիումի «ԱՉԳ շահագործման համալիր եռափուլ ծրագրի» իրականացումն Ադրբեջանում, թե՛ ԲԹՋ գործունեությունը տարածաշրջանում` որպես զուտ գործարար նավթային ծրագիր:
Հում նավթի արդյունահանման խնդիրները և հեռանկարները
Համաձայն ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Էներգետիկ տեղեկատվության վարչության (DOE EIA) 2012թ. հունվարի կանխատեսումների [2], Ադրբեջանում հում նավթի երկար սպասված 1.1-1.2 մլն բարել միջին օրական արտադրությունը կգրանցվի 2012թ., այնուհետև կպահպանվի կամ թեթևակի կնվազի հաջորդ` 2013թ. (տե՛ս Նկար 1, ընդհատ գիծ): Ամենայն հարգանք տածելով հիշյալ աղբյուրի նկատմամբ՝ կարծում ենք, որ նման կանխատեսումները լավատեսական են:
Բանն այն չէ միայն, որ անգամ ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերության տվյալներով3, նավթի արդյունահանման բարձրակետն Ադրբեջանում ամենայն հավանականությամբ կարձանագրվի միայն 2013թ.: Բանն այն է, որ ըստ մեր գնահատականների, պլանավորվող ցուցանիշներից օրական մոտ 400 հազ. բարել ավելի քիչ ծավալների արդյունահանումը4 վկայում է ԱՉԳ շահագործման և այդ նավթի՝ ԲԹՋ նավթամուղով արտահանման ողջ համալիր ծրագրի համակարգային արատի մասին:
Իրոք, այս հարցը քննող տարօրինակորեն սակավաթիվ աղբյուրները ԱՉԳ դաշտից նավթի արդյունահանման պլանավորվող ծավալների և ժամանակացույցի նշված խափանումը բացատրում են հիմնականում հետևյալ երեք գործոններով կամ դրանց որևէ համադրությամբ.
- 2008թ. օգոստոսյան վրաց-օսական պատերազմ և ՌԴ-ի հետ Վրաստանի առճակատում, որին նախորդեց ԲԹՋ նավթամուղի մեկ հատվածի պայթեցումը Թուրքիայի տարածքում, որի հետևանքով նվազեցվեց ԱՉԳ-ից նավթի արդյունահանումը,
- 2010թ. Մեքսիկական ծոցում BP ընկերության նավթային պլատֆորմի վթարի ու առաջացած բնապահպանական աղետի հետևանքներով, որի արդյունքում BP-ն ստիպված է ԱՉԳ ափեզրյա նավթադաշտի Ազերի հատվածում տեղակայված իր պլատֆորմներում ավելի հաճախակի տեսչական կանգնեցումներ իրականացնել,
- 2008թ. սեպտեմբերի 17-ին ԱՉԳ նավթադաշտում տեղակայված BP ընկերության՝ «Կենտրոնական Ազերի» նավթային պլատֆորմի լուրջ վթարի5 և դրա վերացման հետ կապված միջոցառումները:
Սակայն, բոլոր այս գործոնների հանգամանալի զննումը գալիս է ապացուցելու, որ դրանք առանձին-առանձին և միասին վերցրած՝ անկարող են բացատրել պլանավորվող ցուցանիշների հիշյալ թերակատարումը: Կան բոլոր հիմքերը պնդելու, որ պլանավորված ծավալներին հասնելու գործում թերացումն այստեղ ուներ «սիստեմային» բնույթ: Դրա հիմնական պատճառները կայանում են [4].
- Ջրի և նավթարդյունահանման ընթացքում ստացված, այսպես կոչված, «հարակից գազի» ոչ բավարար ծավալներով հետմղման մեջ դեպի ԱՉԳ նավթային հորիզոններ, նավթաբեր շերտերում արդյունահանման համար անհրաժեշտ ճնշումն ապահովելու համար,
- ԱՉԳ նավթի արդյունահանելի պաշարների սկզբնական գնահատականների ուռճացման մեջ,
- ԱՉԳ նավթադաշտից օրական մեկ մլն և ավելի բարել նավթ արդյունահանելու համար BP/AIOC սկզբնական եռափուլ համալիր ծրագրի ընդհանուր հզորությունների անբավարար մակարդակի մեջ:
Իր հերթին, հարակից գազի հետ` դեպի ԱՉԳ դաշտ ոչ բավարար ծավալների մղման պատճառը, ամենայն հավանականությամբ, այն է, որ սկսած 2007-ից՝ միանգամայն համահունչ «Ալիևի դոկտրինի» դրույթներին, ԱՀ-ն ձեռնամուխ է լինում իր՝ այս անգամ գազային պաշարները որպես տարածաշրջանային աշխարհաքաղաքականության առավել ճկուն լծակ օգտագործելու ծրագրին: Ենթադրվում էր, որ ադրբեջանական (հեռանկարում՝ նաև թուրքմենական) գազը պետք է դուրս մղի տարածաշրջանում ռուսական (և իրանական) գազի մատակարարումները, ամրացնի ԱՀ դիրքը տարածաշրջանում՝ ամրապնդելով «Հարավային Կովկասի էներգետիկ կամուրջը» Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Իսրայել առանցքով, վարժեցնի Թուրքիային ադրբեջանական գազը ԵՄ հասցնելու գործում բացառապես տրանզիտային, այլ ոչ թե «գնող, վաճառող» երկրի դերակատարմանը: Մյուս կողմից, ԱՄՆ իշխանական և կուսակցական տարբեր օղակները, այդ թվում՝ ԱՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, էական ճնշում էին բանեցնում ԱՀ-ի վրա, որպեսզի.
- ապահվվի 2006-07թթ. ձմեռները Վրաստանում «տաք» ու անցնցում անցկացնելու մարտավարական, հրատապ խնդրի լուծումը,
- իրականացվի Վրաստանին ՌԴ-ից ստացվող գազից «կտրելու» և դեպի Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել ու ԵՄ «էներգետիկ կամուրջն» ուղղորդելու ռազմավարական ծրագիրը,
- սպասարկվի ու ամրապնդվի Թուրքիայի նոր, ռազմավարական նշանակության դերակատարումը «Մեծ Միջին Արևելքի» տարածաշրջանում ընթացող և գալիք կարևորագույն գործընթացներում:
Արդյունքում՝ BP ընկերությունը 2006-08թթ. գտնվում էր ԱՀ իշխանությունների, պետական SOCAR ընկերության, ԱՄՆ իշխանական ու կուսակցական օղակների, Վրաստանի (ու Թուրքիայի) կառավարությունների անընդհատ ճնման տակ, որով պահանջվում էր սահմանափակել դեպի դաշտ հարակից գազի հետմղման ծավալները, օգտագործելով այն առաջին հերթին Վրաստանի (և Թուրքիայի) գազամատակարարման համար, հատկապես ձմեռային սեզոններին: Արդյունքում՝ տեղի տալով այս ճնշումներին6 և սահմանափակելով հարակից գազի հետմղման ծավալները, դաշտում ներքին անբավարար ճնշման հետևանքով «Կենտրոնական Ազերի» պլատֆորմի արտադրողականությունն ընկել էր պլանավորված ցուցանիշներից դեռ ողջ 2007թ. և 2008թ. առաջին 10 ամիսներին: Դժվար չէ հաշվարկել, որ 2007-11թթ. ժամանակահատվածում «Կենտրոնական Ազերի» պլատֆորմի պլանավորված ծավալներից թերարտադրումը կազմել էր միջինը մոտ 242 հազ. բ/օր, կամ վերը նշված ԱՉԳ պլանավորված ցուցանիշից թերակատարման (400 հազ. բ/օր) մոտ 55%: Թերակատարման մնացած 45%-ը վերը նշված 2-րդ և 3-րդ պատճառների արդյունքն է:
Փրկելու համար ստեղծված իրադրությունը և ԱՉԳ-ից արդյունահանվող նավթը բաղձալի մեկ մլն և ավելի բ/օր ցուցանիշին վերջապես հասցնելու նպատակով BP ընկերությունը 2010-ից ստիպված եղավ ձեռնամուխ լինել նոր, ծավալուն ու թանկարժեք` ԱՉԳ 4-րդ փուլի ծրագրի իրականացմանը7: Խոսքը $6 մլրդ ընդհանուր արժողությամբ Չիրագ Նավթային ծրագրի (COP) մասին է, որով ԱՉԳ դաշտի Չիրագ հատվածում նախատեսվում է տեղակայել նոր ափեզրյա պլատֆորմներ: Դրանցից առաջինը` «Արևմտյան Չիրագը» (West Chirag), կտեղակայվի «Խորջրյա Գյունեշլի» և ԱՉԳ «վաղ նավթի» փուլի «Չիրագ 1» պլատֆորմների միջև: Ներկայումս ընթանում են «Արևմտյան Չիրագ» պլատֆորմի մոնտաժի և տեղակայման աշխատանքները:
ԱՉԳ դաշտի նավթի արդյունահանման ծավալների ժամանակացույցը՝ մինչև COP ծրագրի իրականացումը (ձախից) և դրանից հետո (աջից): ԳԷԿՀ, 2011թ.

Թեև COP ծրագրի մեկնարկով BP ընկերությունը հաստատեց ԱՉԳ շահագործմանն ուղղված իր վճռականությունը՝ փորձելով շտկել նախկին ժամանակահատվածում նավթի արդյունահանման պլանավորված ցուցանիշների թերակատարումը, կան որոշ հիմքեր կասկածելու, որ անգամ COP ծրագրի իրականացմամբ ԱՉԳ արդյունահանումն այդպես էլ չի հասնի օրական մեկ մլն բարել ցուցանիշի:
Այսպես, համաձայն Գլոբալ էներգետիկ հետազոտությունների կենտրոնի (ԳԷՀԿ) վերջերս կատարած հաշվարկների8, այս ծրագրի իրականացումը հիմնականում թույլ կտա վերաբախշել ԱՉԳ դաշտի ներքին ճնշումը և երկարացնել օրական մոտ 900 հազ. բարել արդյունահանման ժամանակահատվածը պլատոյի ռեժիմում, այլ ոչ թե ապահովել դեռ 2006-07թթ. պլանավորված 1.2 մլն բ/օր պիկային արդյունահանումը:
Նկար 3-ում բերում ենք ԳԷԿՀ կառուցած ԱՉԳ արդյունահանման ժամանակացույցը` հազ. բ/օր չափողականությամբ: Ձախից պատկերված է մինչև COP ծրագրի մեկնարկը ԱՉԳ արդյունահանման 2010թ. ճշգրտված ցուցանիշներով ժամանակացույցը՝ վերջինիս վրա COP ծրագրի (նարնջագույն) ժամանակացույցի պարզ ավելացումով: Իսկ աջից պատկերված ժամանակացույցն արդեն հաշվի է առնում COP ծրագրի իրականացման հետևանքով ԱՉԳ դաշտում ներքին ճնշման վերաբաշխումը: Վերջինս թույլ կտա փոփոխել ԱՉԳ առաջին 3 փուլերի պլատֆորմների արդյունահանման ռեժիմները և երկարացնել պլատոյի ռեժիմում դաշտի շահագործման ժամանակահատվածը: Սակայն, համաձայն ԳԷՀԿ գնահատականների, նույնիսկ COP ծրագրի իրականացմամբ հնարավոր կլինի ապահովել միայն օրական մոտ 900 հազ. բարել արդյունահանումը պլատոյի ռեժիմում մինչև 2016թ.:
Ավարտելով Ադրբեջանի նավթային ոլորտին նվիրված մեր հակիրճ քննությունը՝ անհրաժեշտ ենք համարում կատարել հետևյալ դիտարկումը:
ԱՉԳ «հիմնական նավթի» եռափուլ ծրագրի խափանումը, միջազգային նավթագազային ընկերությունների «շանտաժին» հլու ենթարկվելը, ինչպես նաև մի շարք այլ գործոններ հանգեցնում են դեռ 1994թ. Ադրբեջանին համատարած բարօրություն ու սոցիալ-տնտեսական շեշտակի զարգացում խոստացած «Ալիևի դոկտրինից» շոշափելի հիասթափության: Այն կարող է ավելի խորանալ, եթե Շահ Դենիզի (2-րդ փուլ), բնական գազի ու կոնդենսատի այլ դաշտերի արդյունահանման ակնկալիքներն ունակ չլինեն կոմպենսացնել նավթային ոլորտի եկամտաբերության անխուսափելի անկումը: Այս հիասթափությունը, զուգորդված հասարակության խորացող սոցիալական բևեռացմամբ, հանրային և անձնական ազատությունների բռնաճնշմամբ, ազգային փոքրամասնությունների նկատմամբ համակարգային բնույթ ունեցող խտրականություններով, պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծում երկրում: Առավել ևս, եթե հաշվի առնենք Ադրբեջանական Հանրապետությունում ժողովրդավարության սաղմնային մակարդակը, քաղաքացիական հասարակության թերզարգացածությունը ու, հատկապես, իշխանափոխության մեխանիզմների և իշխանության կիրառման, ըստ էության՝ կիսաֆեոդալ բնույթը:
Այսպիսի իրավիճակում իշխանական վերնախավում աճում է գայթակղությունը՝ վերաուղղորդել աճող հիասթափությունն ու բացասական էներգիան այլ, ցանկալի է՝ երկրի ազգային սահմաններից դուրս (Արցախ, Հայաստան, Իրան, Հ. Կովկաս) ուղություններով և/կամ դեպի այլ թիրախներ (ազգային և կրոնական փոքրամասնություններ, «ագահ իմպերիալիստներ», «դավադիր և նենգ հայեր», «ներքին թշնամիներ», տարատեսակ «դավաճաններ» և այլն): Ներկայիս իրադրությունն Իրանի շուրջ, այսպես կոչված «Արաբական գարնան» իրողությունները և մեր տարածաշրջանի համար էական մի շարք երկրներում (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ և այլն) նախագահական ընտրություններով պայմանավորված ընդհանուր «սպասողական» աշխարհաքաղաքական թայմաութը կարճաժամկետ հեռանկարում (2012-13թթ.) նպաստում է տարածաշրջանի ապակայունացմանը:
Դե, իսկ Ադրբեջանի աբսուրդային ռազմական բյուջեն, միլիտարիստական հռետորաբանությունը, տասնամյակներ տևող ու համատարած սերմանվող հայատյացությունն ու քսենոֆոբիան վտանգը դարձնում են լուրջ ու անմիջական:
1BP (30.1%), Ադրբեջանական պետական Sokar ընկերությունը (25%), Chevron (8.9%), Statoil (8.71%), TPAO (6.53%), ENI և Total (5%-ական), Itochu (3.4%), ConocoPhilliрs և Inрex (2.5%-ական), Amerada Hess (2.36%).
2 http://uk.reuters.com/article/2011/09/27/oil-azerbaijan-suspension-idUKL5E7KR2NF20110927
3 http://uk.reuters.com/article/2011/09/28/azerbaijan-oil-idUKL5E7KS6FP20110928
4 Կամ 200 հազ. բ/օր ավելի քիչ, քան 2009-10թթ. BP/AIOC կոնսորցիումի վերանայված ցուցանիշները:
5 Այս վթարի մասին տեղեկությունները հայտնի դարձան միայն Gardian ամսագրի կողմից ԱՄՆ դեսպանությունների հաղորդագրությունների 2010թ. դեկտեմբերի 15-ի Wikiliks-յան հրապարակումից հետո:
6Իր հերթին, BP ընկերությունը ճնշում էր բանեցնում Ադրբեջանի իշխանությունների վրա, որպեսզի ամրապնդի իր գրեթե մենաշնորհային դրությունը նավթարդյունահանման ոլորտում, վերահսկման տակ առնի ԱՉԳ, այսպես կոչված, «խորքային գազի», ինչպես նաև Շահ Դենիզի գազակոնդենսատային դաշտի շահագործումը: Պարադոքսալ կերպով 2008թ. օգոստոսյան վրաց-ռուսական հակամարտությունը և դրա արդյունքում ձևավորված տարածաշրջանային նոր կոնֆիգուրացիան դյուրինացրին BP այս նպատակների հաջող իրականացումը (այս հարցերն ավելի մանրամասն քննվում են [4]-ում):
7Ինչպես նաև ԲԹՋ-ն այլ աղբյուրներից «լցման» գործին (տե՛ս վերը):
8 http://www.cges.co.uk/resources/articles/2011/07/13/azerbaijan%E2%80%99s-oil-output-begins-to-slip
Աղբյուրներ և գրականություն
- BP Statistical Review of World Energy. 1998-2011.
- US DOE Energy Information Administration. Azerbaijan: Country Analysis Brief. 9 Jan, 2012.
- Azeri, Chirag, Gunashli Full Field Development Produced Water Disposal Project. Environmental and Socio-economic Impact Assessment. Final Report, AIOC/BP. January 2007.
- Մարջանյան Ա., Ադրբեջանի սոցիալ-տնտեսական համակարգը, «Նորավանք» ԳԿՀ, 2012թ.:
Փետրվար, 2012
«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 5, 2012
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՅՏՆԻ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ». ՓՈՐՁԱԳԵՏ[17.12.2018]
- ՀՈՒՄ ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ[05.11.2018]
- ՇՓՄԱՆ ԳԻԾ–ԱՐԱ ՄԱՐՋԱՆՅԱՆ (05.10.18)[09.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆ – ՌՈՒՍԱՍՏԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎՏԱՆԳՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[07.08.2018]
- ԳԼՈԲԱԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ, ՍԵՐՆԴԱՅԻՆ ԱԼԻՔՆԵՐ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ[19.07.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՆ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎՏԱՆԳՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[09.07.2018]
- ԻՍՐԱՅԵԼԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՕԳՏԱԳՈՐԾԻ ԻՐԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ (տեսանյութ)[16.05.2018]
- ԻՆՏԵՐՆԵՏ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[08.05.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՍՄԻԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՏԱԽՈՒԶԱ-ՀԵՌԱԶՆՆՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ[09.04.2018]
- ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ «ԲԱՆԱԼԻՆ» ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ Է. Ա.ՄԱՐՋԱՆՅԱՆ[26.02.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԵԳՄԵՆՏԸ[19.02.2018]