• am
  • ru
  • en
Версия для печати
30.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԿԻԲԵՐԽՈՑԵԼԻ ԵՐԿԻՐ

EnglishРуский

   

Սամվել Մարտիրոսյան

«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի փորձագետ

Հայաստանում վերջին մեկ-երկու տարվա ընթացքում դիտվում է ինտերնետից օգտվողների աննախադեպ աճ, ինչը պայմանավորված է ինչպես ինտերնետ կապի գների կտրուկ անկմամբ, այնպես էլ նրանով, որ համակարգիչները և շարժական սարքերն ավելի մատչելի են դարձել։ Ուստի, աճել են հնարավոր վտանգները՝ կապված Հայաստանի կիբերանվտանգության հետ։

Ցանցից օգտվողների աճի տեմպը

Համացանցից օգտվողների թվի աճը Հայաստանում պայմանավորված է մի քանի հիմնական հանգամանքներով.

  • ընդհանուր ինտերնետ կապի արժեքի նվազում միջազգային շուկայում,
  • ներքին շուկայում ՏՀՏ ոլորտի ազատականացում և սակագների իջեցում,
  • համակարգիչների և շարժական սարքերի (սմարթֆոններ, պլանշետներ) վարկային վաճառքի տարածում,
  • հասարակության մեջ հետաքրքրության աճ։

Այս ամենը հանգեցրեց այն բանին, որ մի կողմից՝ կտրուկ ընկան մեծածախ ինտերնետի գները։ Եթե մեծածախ գները 1 Մբիթ ինտերնետի համար 2008թ. հասնում էին 1,2 մլն դրամի, ապա 2011թ. դրանք նվազեցին մինչև 50 հազար դրամի (Նկար 1

Նկար 1. 1 Մբիթ ինտերնետի գինը

Նման զարգացումները հանգեցրին ընդհանուր օգտվողների թվի աճի։ Եթե 2008թ. բաժանորդների թիվը հասնում էր 80 հազարի, ապա արդեն 2011 նրանց թիվը գերազանցեց 340 հազարը։ Եվ եթե 2008-ին լայնաշերտ ինտերնետից օգտվող բաժանորդների թիվը հասնում էր 14 հազարի, ապա 2011-ին բաժանորդների մեծամասնությունն արդեն իսկ օգտվում էր արագ կապից (ավելի քան 330 հազար լայնաշերտ ինտերնետ բաժանորդ) (Նկար 2

Նկար 2. Ինտերնետ բաժանորդների աճը 2008-2011թթ.

Ծանոթ. Աղբյուրը՝ ՀՀ կառավարություն, http://report.gov.am/?id=10

Հարկ է նշել, որ խոսքը ոչ թե ինտերնետից օգտվող բնակչության, այլ ինտերնետ կապի բաժանորդների թվի մասին է։ Ինչ վերաբերում է հենց ինտերնետից օգտվողների թվին, ապա կարելի է գնահատել, որ 2011թ. վերջին Հայաստանում կար մեկ միլիոնից ավելի օգտվող։ Այսպես, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը 2011թ. հունիսին ասել էր, որ վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում ինտերնետ օգտագործողների թիվն աճել է 6 անգամ՝ այսօր կազմելով հանրապետության բնակչության թվի մեկ երրորդը1: Կարելի է ենթադրել, որ կես տարվա ընթացքում այս թիվն էլ ավելի է աճել։

Կիբերվտանգների աճը

Ինտերնետից օգտվողների թվաքանակի նման պայթյունային աճը, բացի դրական հետևանքներից, նաև ռիսկեր է ստեղծում։ Համացանցում հայտնվել է ինտերնետից օգտվողների մեծ բանակ, որը բացարձակ կրթված չէ համացանցի հետ գործ ունենալու համար։

Մարդիկ, իրազեկված չլինելով համացանցում հնարավոր վտանգների մասին, հեշտությամբ դառնում են ինտերնետային հարձակումների զոհ։ Դրա հետևանքով Հայաստանը հակավիրուսային լաբորատորիաների կողմից դիտարկվում է որպես ամենավտանգավոր երկրներից մեկը։ Այսպես, Kaspersky Lab-ի տվյալներով, Հայաստանն աշխարհում, Ռուսաստանից և Օմանից հետո, երրորդ երկիրն է, որտեղ օգտվողների համակարգիչների վրա ամենամեծաթիվ հարձակումներն են գրանցվում (Աղյուսակ 1

Նման հարձակումները հետևանք են այն բանի, որ մարդիկ այցելում են վտանգավոր կայքեր, օգտվում գողացված ծրագրային ապահովումից, չունեն կամ չեն թարմացնում հակավիրուսային ծրագրերը, գաղափար չունեն անվտանգության այլ մեխանիզմների մասին և այլն։

Աղյուսակ 1. Կիբերանվտանգության առումով ամենավտանգավոր երկրները (տվյալ երկրում հարձակման ենթարկվող համակարգիչների տոկոսը)

Աղբյուրը՝ Kaspersky Lab2

Այսինքն՝ համացանցային կրթության պակաս կա։ Ընդ որում, այս խնդիրը գոյություն ունի հասարակության բոլոր տարիքի ներկայացուցիչների համար։ Բացի այդ, Հայաստանն այն երկրներից է, ուր ամենաշատն են օգտագործում ապօրինի, ոչ լիցենզիոն գողացված ծրագրային ապահովում (ծրագրերի մոտ 90%-ը լիցենզիոն չէ)3։ Իսկ դա նշանակում է, որ նման համակարգիչները խոցելի են հարձակումների համար։

Հաշվի առնելով, որ Հայաստանում արդեն իսկ սկսվում է էլեկտրոնային առևտրի ժամանակաշրջանը, հնարավոր վտանգներն առաջիկայում միայն կավելանան։

Այսպիսով, օգտվողների կտրուկ աճը հանգեցնում է նրան, որ Հայաստանը թիրախ է դառնում կիբերհանցագործների համար։ Եվ քանի որ հասարակության ակտիվ զանգվածի մեծ մասն ինտերնետ օգտատեր է՝ մենք հայտնվում ենք լուրջ մարտահրավերի առջև, որի հաղթահարման առաջին քայլը պետք է լինի համատարած կրթությունը։

1 http://www.mediamax.am/am/news/society/1210/

2 http://www.securelist.com/en/analysis/204792190/Monthly_Malware_Statistics_August_2011?print_mode=1

3 http://www.panarmenian.net/rus/details/57505/

«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 1, 2012

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր