
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 2009Թ. ԱՊՐԻԼԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանում ՄԱԿ Զարգացման ծրագրի էներգետիկայի և տրանսպորտի գծով ազգային փորձագետ, տ.գ.թ., ավագ գիտաշխատող
Համաձայն Ադրբեջանական Հանրապետության Վիճակագրության պետական կոմիտեի (ԱՀՎՊԿ, Dövlət Statistika Komitəsi)1 տվյալների՝ 2011թ. հանրապետության բնակչությունը կազմել է 9.11 մլն մարդ։ Նույն գնահատականն է ներկայացնում նաև ԱՊՀ երկրների Միջպետական վիճակագրական կոմիտեն2։ Աղյուսակ 1-ում բերվում են 2000-2011թթ. հանրապետության բնակչության մասին պաշտոնական տվյալները։ Աղյուսակի վերաբերյալ մեկնաբանությունը հաստատում է, որ այն արտացոլում է Ադրբեջանական Հանրապետության բնակչության 2009թ. ապրիլի մարդահամարի արդյունքները։
Այս տվյալներն արդեն իսկ մի շարք հարցեր են առաջացնում։ Նախ՝ նշված աղբյուրը չի ճշտում, թե ինչ բնակչության մասին է (de jure, թե de facto) խոսքը։ Այնինչ, բնակչության նման դասակարգումն ընդունված է աշխարհի գրեթե բոլոր երկրների ազգային վիճակագրական ծառայությունների, այդ թվում և Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից։ Սակայն գլխավորն այն է, որ բերված պաշտոնական տվյալներն էապես տարբերվում են հայտնի մի շարք միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, ՏՀԶԿ-ն (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն), ՄԷԳ-ը (Միջազգային էներգետիկական գործակալություն), ԱՄՀ-ն (Արժույթի միջազգային հիմնադրամ) և այլն, բերած տվյալներից3։
Աղյուսակ 1
Ադրբեջանական Հանրապետության բնակչությունը, պաշտոնական տվյալներ
Աղբյուրը՝ http://www.azstat.org/publications/azfigures/2011/en/004.shtml
Դիմենք ԱՄՆ ԿՀՎ լայնորեն հայտնի “World FactBooks” տարեգրքերին [1], որոնք արդեն ավելի քան 50 տարի ներկայացնում են աշխարհի ավելի քան 150 երկրների հիմնական սոցիալ-տնտեսական բնութագրերի մասին տվյալներ։ Համաձայն այս տեղեկատուի ինտերնետ-կայքի՝ Ադրբեջանական Հանրապետության բնակչությունը 2011թ. կազմել է 8.372 մլն մարդ4։ Այս գնահատականի և Բաքվի պաշտոնական տվյալների միջև տարբերությունը կազմում է 740 հազար մարդ։ Սա բավական պատկառելի տարբերություն է։ Աղյուսակ 2-ում մենք ներկայացնում ենք Ադրբեջանական Հանրապետության բնակչության մասին վերջին 11 տարիների տվյալները ԿՀՎ նշված տեղեկատուներից։ Համեմատելով այս երկու աղյուսակները՝ դժվար չէ նկատել, որ վերջին 11 տարիների ընթացքում Ադրբեջանական Հանրապետության բնակչության մասին պաշտոնական տվյալները միջինը կես միլիոն մարդով գերազանցում են ԿՀՎ գնահատականները։
Աղյուսակ 2
Ադրբեջանական Հանրապետության բնակչությունը, ԱՄՆ ԿՀՎ տվյալները
Աղբյուրը՝ 2000-2010թթ. համար. US CIA World Fact Books [1], 2011թ.՝ https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/aj.html
Ընդ որում, եթե 2000թ. այս տարբերությունը կազմում էր 285 հազար մարդ, ապա արդեն 2010թ.՝ մոտ 700 հազար։ Նկ. 1-ն ավելի պատկերավոր է ցույց տալիս Ադրբեջանական Հանրապետության բնակչության գնահատականների այդ տարբերությունը նշված աղբյուրների տվյալներից։
Այստեղ անհրաժեշտ է մի քանի դիտողություն անել։ Նախ՝ ընդհանրապես վիճակագրական տեղեկատվության աղբյուրների մասին։ Աշխարհի գրեթե բոլոր ազգային վիճակագրական ծառայություններին բնորոշ է տվյալների մշտական ճշտումն ու իր արդեն հրապարակած արդյունքների վերահաշվարկը։ Ճշտված տվյալները մշտապես հրապարակվում են ազգային վիճակագրական ծառայությունների կողմից, և երբեմն հեշտ չի լինում ամբողջությամբ հետևել այս կամ այն փոփոխությանը։ Իրավիճակը սրվում է մեր՝ էլեկտրոնային հրապարակումների ժամանակներում, երբ բերված փոփոխությունների մասին կարելի է դատել միայն այն դեպքում, եթե մշտապես վերցվեն և հիշվեն անընդհատ թարմացվող կայքերի կոնտենտները՝ դրանց հետագա համեմատության և վերլուծության համար5։ Մեր աշխատանքում մենք այսպես ենք վարվել։ Տարբեր կազմակերպությունների կայքերի տվյալները մենք վերցրել ենք ս.թ. սեպտեմբերի կեսերի-սեպտեմբերի վերջի դրությամբ։ Ինչ վերաբերում է World FactBooks 2000-2010թթ. տեղեկատուներին, ապա մենք կօգտագործենք միայն դրանց տպագիր հրապարակումները [1]։
Հաջորդ հանգամանքը վերաբերում է Ադրբեջանական Հանրապետության բնակչության մասին 2007-08թթ. ԿՀՎ տեղեկատուների բերած տվյալներին։ Բանն այն է, որ այդ տեղեկատուներում բերված աշխարհի երկրների բնակչության մասին բոլոր տվյալները հիմնված են այդ երկրներից ստացվող, այդ թվում և պաշտոնական աղբյուրների տվյալների վրա։ Եվ ահա, 2007թ. սկզբին ԱՄՆ Մարդահամարի բյուրոյի օգտագործած մոդելները, որոնք օգտագործվում են ԿՀՎ կողմից Ադրբեջանական Հանրապետությունից ստացվող տվյալների սխալների այնպիսի կուտակում արձանագրեցին, որը հարցականի տակ դրեց մոդելավորման արդյունքների արժանահավատությանը։ Այդ պատճառով ԿՀՎ փորձագետներն անհնար են համարել գնահատել Ադրբեջանական Հանրապետության 2008թ. ժողովրդագրական հիմնական ցուցանիշները։ Հրապարակումների անընդմեջությունը չխախտելու համար World FactBook-2008թ. տեղեկատուում նրանք պարզապես կրկնում են նախորդ տարվա գնահատականները (տե՛ս Աղյուսակ 2. ավելի մանրամասն՝ World FactBook -2007 և 2008 [1])։
Հարկ է նշել, որ մինչև 2000-ական թթ. սկիզբը հետխորհրդային երկրների գրեթե բոլոր ազգային վիճակագրական ծառայություններին բնորոշ էր տվյալների բավական նկատելի «խոտանը»։ Այդ խոտանը հատկապես նկատելի էր երկրի բնակչության թվաքանակի և ազգային կազմի մասին տվյալներում։ Դա մասամբ «խորհրդային վիճակագրության» տխուր ժառանգության հետևանք էր, որը հարկավոր է հաղթահարել։ Բավական է հիշեցնել, որ ԽՍՀՄ բնակչության 1937թ. մարդահամարի արդյունքները երկար տասնամյակներ գաղտնի էին պահվում և հրապարակվեցին միայն 1996թ., ըստ էության՝ արդեն ուրիշ երկրում (տե՛ս [2])։
Մեր հետազոտության օբյեկտիվության նպատակով դիտարկենք Հայաստանի բնակչության թվաքանակի մասին պաշտոնական տվյալների պատմությունը (Նկ. 2)։ Մինչև Հայաստանի Հանրապետության բնակչության առաջին հետխորհրդային մարդահամարը (2001թ.) Հայաստանի բնակչության մասին պաշտոնական տվյալները հիմնվում էին Հայկ. ԽՍՀ 1979 և 1989թթ. մարդահամարների արդյունքների6, ինչպես նաև Հայաստանի բնակչությանը 1980-ական թթ. կեսերին և վերջին բնորոշ ժողովրդագրական միտումների վրա։ Մինչև 2003թ. սկիզբը, երբ հրապարակվեցին 2001թ. մարդահամարի տվյալները, Հայաստանի բնակչության մասին պաշտոնական տվյալները, սկսած 1993-94-ից, 500-600 հազ. մարդով գերազանցում էին ԱՄՆ ԿՀՎ գնահատականները։ Բնակչության 2001թ. մարդահամարի տվյալների հրապարակումն էական ճշգրտումներ մտցրեց Հայաստանի բնակչության պաշտոնական գնահատականների մեջ. 2001թ. 3.8 մլն մարդու փոխարեն հաջորդ՝ 2002թ. այդ թիվը 3.2 մլն էր (տե՛ս Նկ. 2, ինչպես նաև [3, p. 24])։ Ավելին, կատարվեց նաև Հայաստանի բնակչության թվաքանակի մասին ավելի վաղ շրջանի տվյալների վերահաշվարկ (տե՛ս նույն տեղում)։
Նման ճշգրտումը բարձր գնահատվեց մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք ևս ճշտեցին իրենց տվյալները։ Դա նկատելի է, օրինակ, ԱՄՆ ԿՀՎ տվյալներում (տե՛ս համապատասխան տեղեկատուները [1])։ Կարծում ենք, որ բնակչության հերթական մարդահամարը, որն անցկացվեց ս.թ. հոկտեմբերին, էլ ավելի կբարելավի իրավիճակը Հայաստանում պաշտոնական վիճակագրական տվյալների հետ կապված։ Ավելացնենք, որ Հայաստանի բնակչության 2001թ. մարդահամարի տվյալների բարձր գնահատականն էապես նպաստեց այն բանին, որ ընդհանուր առմամբ դրական գնահատական է տրվում 2003 թվականից սկսած Հայաստանում անցկացվող բոլոր համազգային ընտրություններին7։
Համեմատելով այս իրավիճակը Ադրբեջանական Հանրապետությունում բնակչության թվաքանակի պաշտոնական գնահատականների իրավիճակի հետ՝ մենք ստիպված ենք փաստել, որ մարդահամարի տվյալների հրապարակումն այս հանրապետությունում չբարելավեց իրավիճակը։ Իրոք, 2011թ. հուլիսի 22-ին վերջապես ներկայացվեցին Ադրբեջանական Հանրապետությունում 2009թ. անցկացված մարդահամարի տվյալները։ ԱՀՎՊԿ պաշտոնական կայքում 2011թ. սեպտեմբերի դրությամբ այդ տվյալները ներկայացված են ոչ թե մեկ հրապարակմամբ, այլ «բաշխված», ըստ տարբեր թեմատիկ աղյուսակների։
Այս տվյալների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ պաշտոնական Բաքուն շարունակում է արատավոր ավանդույթը և չի դասակարգում տվյալներն ըստ երկրի de jure և de facto բնակչության։ Բերված տվյալները չեն արտացոլում նաև հետխորհրդային երկրների բնակչությանը բնորոշ ժողովրդագրական առանձնահատկությունները և հետևողականորեն խեղաթյուրում են ինտենսիվ գործընթացների իրական պատկերը։
Միգրացիոն գործընթացներն Ադրբեջանական Հանրապետությունում
Սկսենք ԱՀՎՊԿ ինտերնետ-կայքի «Բնակչության միջազգային միգրացիան» (Əhalinin beynəlxalq miqrasiyası) պաշտոնական Աղյուսակ 1.26-ից8։ Համաձայն այդ աղյուսակի, որի հղումը հաստատում է, որ այն արտացոլում է 2009թ. մարդահամարի արդյունքները, «զուտ միգրացիան» (net migration) Ադրբեջանական Հանրապետությունում 2010թ. կազմել է (+) 1.4 հազ. մարդ։ Ընդ որում՝ ԱՀՎՊԿ-ն տարբերում է միգրացիայի միայն մեկ տեսակ, այն է՝ մշտական բնակության համար ելքը և մուտքը։ Զուտ միգրացիան որոշվում է որպես այս երկու կատեգորիաների պարզ տարբերություն։ 1990թ. երկրից մշտական բնակության համար հեռացել է 138 հազ. և եկել 84.3 հազ. մարդ։ 2010թ.՝ համապատասխանաբար 800 և 2.2 հազ. մարդ։ Ընդհանրապես, ըստ աղբյուրի՝ զուտ միգրացիան դրական է դառնում սկսած 2008 թվականից։ Նկ. 3-ը պաշտոնական Բաքվի այդ տվյալները պատկերում է 11 տարվա կտրվածքով (1990-2011թթ.)։
Միանգամայն այլ պատկեր է ստեղծվում, եթե դիմում ենք աշխարհի երկրների բնակչության միգրացիայի վիճակագրությամբ զբաղվող ճանաչված միջազգային աղբյուրներին։ Նախ՝ դրանք բոլորն էլ գնահատում են երկրի de facto բնակչությունը և հանգամանալիորեն ամրագրում են միգրացիայի բոլոր տեսակները, այն է՝ ա. աշխատանքային միգրանտների (արտագաղթողների և ներգաղթողների) ելքն ու մուտքը, բ. փախստականներ, գ. ապաստան խնդրած անձինք, դ. բռնի տեղահանված մարդիկ և այլն։ ԱՀՎՊԿ-ն միգրացիայի այս բոլոր տեսակները մեծամտորեն լռության է մատնում։
Աղբյուրը՝ ԱՀՎՊԿ, «Əhalinin beynəlxalq miqrasiyası», http://www.azstat.org/statinfo/demoqraphic/az/AZ_1.shtml
Այնինչ, Միգրացիայի խնդիրների միջազգային կազմակերպության (IoM)9 տեղեկատուների համաձայն՝ 2005թ. վերջին Ադրբեջանական Հանրապետությունից աշխարհի այլ երկրներում են գտնվել 1.365 մլն աշխատանքային միգրանտ։ IoM-ի համաձայն՝ այս տարի դա կազմել է Ադրբեջանական Հանրապետության de jure բնակչության 16.2%-ը10 ([4], p. 17)։ Դժվար չէ հաշվել, որ համաձայն IoM-ի՝ Ադրբեջանական Հանրապետության de jure բնակչությունը 2005թ. կազմել է 7.06 մլն մարդ։ ԱՄՆ ԿՀՎ վերը նշված տեղեկատուները նշում են 7.9 մլն մարդ՝ երկրի «զուտ միգրացիան» գնահատելով -4.64 միգրանտ 1000 հոգու հաշվով, այսինքն՝ -36.7 հազ. մարդ 2005թ. [1]։ Դե, իսկ զուտ միգրացիայի պաշտոնական Բաքվի գնահատականն այդ թվականին կազմել է ընդամենը -900 մարդ, այսինքն՝ 41 անգամ ցածր, քան ԿՀՎ գնահատականը (տե՛ս Նկ. 3)։ Ընդ որում՝ Ադրբեջանական Հանրապետության ընդհանուր բնակչությունը, համաձայն պաշտոնական տվյալների, կազմել է 8.45 մլն մարդ, այսինքն՝ 1.39 մլն մարդով ավելի, քան IoM-ի գնահատականն է (տե՛ս Աղյուսակ 1)։
Աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող միգրացիոն գործընթացների մասին առավել ամբողջական տվյալներ են բերվում Համաշխարհային բանկի «Զարգացման հեռանկարներ» խմբի (ՀԲ ԶՀԽ, WB DPG)11 «Միգրացիան և դրամական փոխանցումները» հատուկ տեղեկագրերում։ Ըստ այդ տեղեկագրի ամենաթարմ տվյալների՝ 2010թ. վերջի դրությամբ աշխարհի երկրներում Ադրբեջանից 1.43 մլն աշխատանքային միգրանտ (Stock of emigrants) է եղել, ինչը, համաձայն տեղեկագրի, կազմել է հանրապետության այդ տարվա բնակչության 16%-ը ([5], c. 75)։ Նշված աղբյուրի ընդգրկած ժամանակաշրջանի համար ռեկորդային է եղել 2008 թվականը, երբ Ադրբեջանի սահմաններից դուրս գտնվել է 1.55 մլն միգրանտ։ Հաջորդ տարի այդ թիվը նվազել է մինչև 1.2 մլն-ի։ Անկասկած, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով (տե՛ս նույն տեղում)։
ՀԲ ԶՀԽ փորձագետները կազմել և կանոնավորապես թարմացնում են 215 x 215 չափողականությամբ այսպես կոչված «միգրանտների երկկողմ մատրիցը» (Bilateral migration matrix)՝ այն երկրների թվով, որոնց համար դիտարկվում են փոխադարձ միգրացիոն հոսքերը։ Հենց այս մատրիցի տվյալներն են ելակետային հանդիսանում միգրանտների և աշխարհի երկրների բնակչության գնահատման հարցերով զբաղվող շատ կազմակերպությունների համար (UN, IoM, OECD, IMF և այլն)։ Օգտագործելով այդ մատրիցը 2010թ. վերջի դրությամբ՝ մենք միասնական մեկ աղյուսակում բերել ենք անդրկովկասյան երեք հանրապետություններից աշխարհի տարբեր երկրներում գտնվող միգրանտների թիվը։ Աղյուսակ 3-ում մենք ներկայացնում ենք այդ աղյուսակի մի մասը՝ առաջին 10 երկրների վերաբերյալ, որոնց համար առավել մեծ է Ադրբեջանական Հանրապետությունից միգրանտների քանակը (երկրները ներկայացված են նվազող կարգով)։
Աղյուսակ 3
Արտագաղթ, 2010թ.
Աղբյուրը՝ http://go.worldbank.org/JITC7NYTT0
Ինչպես հետևում է այս աղյուսակից, 2010թ. վերջի դրությամբ Ադրբեջանից 1.433 մլն միգրանտների ընդհանուր թվից Ռուսաստանում են գտնվել մոտ 867 հազարը կամ նրանց ընդհանուր թվի 60%-ը (Վրաստանից՝ 644 հազ. կամ մոտ 60%, Հայաստանից՝ 493 հազ. կամ 56%)։ Անդրկովկասյան երեք հանրապետություններից Ռուսաստանում միգրանտների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն մարդ։ Հետաքրքիր է, որ Ադրբեջանական Հանրապետությունից Իսրայել գաղթածների թիվը 10 հազարով գերազանցում է Վրաստանից, 20 հազարով՝ Հայաստանից գնացածների թիվը։ Ադրբեջանական Հանրապետությունից Հայաստանում գտնվող 164.5 հազար մարդիկ, ըստ ՀԲ մեթոդաբանության, մեր այն հայրենակիցներն են, որոնց համար ՀԲ ԶՀԽ փորձագետներն արձանագրել են դրամական փոխանցումներ Հայաստանից դուրս (տե՛ս ստորև)12։
Իրոք, ՀԲ ԶՀԽ հետազոտությունների հետաքրքիր ասպեկտ է հանդիսանում միգրանտների դրամական փոխանցումների (Inward remittance)13 մատրիցի կազմումը, որի համար օգտագործվում է վերը հիշատակված միգրանտների մատրիցը, ինչպես նաև աշխարհի երկրների բանկային համակարգերից ստացված տվյալները։ Այդ մատրիցը նույն՝ 215 x 215 չափականությունն ունի, ինչ և միգրանտների երկկողմանի մատրիցը։ ՀԲ ԶՀԽ փորձագետները երեք նման մատրից են կազմում։ Նախ՝ դա միգրանտների փոխանցումների պարզ երկկողմանի մատրիցն է՝ արտահայտված ԱՄՆ դոլարով, ընթացիկ փոխարժեքով (Bilateral remittance estimates using migrant stocks)։ Այնուհետև, փոխանցումների այն մատրիցը, որտեղ փոխանցումների գումարները ճշգրտվում են ըստ նշանակման երկրի եկամուտների մակարդակով (Bilateral remittance estimates using migrant stocks and destination country incomes)։ Վերջապես, դա փոխանցումների այն մատրիցն է, որտեղ հաշվի են առնված ինչպես ուղարկող, այնպես էլ փոխանցումները ստացող երկրի եկամուտների մակարդակները (Bilateral remittance estimates using migrant stocks, destination country incomes, and source country incomes)։
Հենվելով այս երրորդ մատրիցի տվյալների վրա՝ Աղյուսակ 4-ում ներկայացնում ենք միգրանտների դրամական հոսքերի մասին տվյալները հիմնականում Անդրկովկասի երեք երկրների համար։ Ընդ որում՝ դրանք բերվում են ըստ Ադրբեջանական Հանրապետություն կատարված դրամային փոխանցումների առաջին տասնյակ երկրների համար։
Աղյուսակ 4
Միգրանտների դրամական փոխանցումները, 2010թ, մլն $
Աղբյուրը՝ http://go.worldbank.org/JITC7NYTT0
Ինչպես տեսնում ենք այս աղյուսակից, 2010թ. վերջի դրությամբ (աշխարհի 51 երկրից, տե՛ս [5]) Ադրբեջանական Հանրապետություն են ուղարկվել $1.472 մլրդ գումարի դրամական միջոցներ (Վրաստան և Հայաստան՝ մոտ $0.824 յուրաքանչյուրին14)։ Ընդ որում՝ ՌԴ-ից Ադրբեջանական Հանրապետություն է ուղարկվել մոտ $900 մլն (Վրաստան՝ $491 մլն, Հայաստան՝ $437 մլն)։ Իսկ ահա Հայաստանից Ադրբեջանական Հանրապետություն փոխանցվել է մոտ $155 մլն (Վրաստան՝ մոտ $45 մլն)։ Ընդ որում՝ Ադրբեջանից Հայաստան փոխանցվել է մոտ $33.6 մլն15 (Վրաստան՝ մոտ $3.5 մլն, տե՛ս [5])։ Այսպիսով, 2010թ. վերջի դրությամբ դրամական փոխանցումների հաշվեկշիռը կազմել է $118 մլն Հայաստանից։ Նշենք, որ Ադրբեջանական Հանրապետություն դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը 2010թ. վերջի դրությամբ ($1.5 մլրդ) միանգամայն համեմատելի է երկրի նույն ժամանակաշրջանի ոսկու-արժույթի պաշարներին ($6.4 մլրդ, տե՛ս [1]) և շատ անգամ գերազանցում է այսպես կոչված երկրի զարգացման պաշտոնական օգնությանը (Official development assistance, ODA, $0.2 մլրդ, տե՛ս [5]), որն այդ երկիրը ստանում է աշխարհի զարգացած երկրներից։ Կարծում ենք՝ այս տվյալները կզարմացնեն Ադրբեջանական Հանրապետության մեր շատ կոլեգաների։
Այսպիսով, պաշտոնական և միջազգային աղբյուրների տվյալների համեմատական վերլուծությունը պարզ ցույց է տալիս, որ Ադրբեջանական Հանրապետության բնակչության 2009թ. ապրիլի մարդահամարի արդյունքների հրապարակումից հետո անգամ պաշտոնական Բաքուն շարունակում է խեղաթյուրել երկրի բնակչության փաստացի մակարդակի իրական պատկերը՝ ոչ ադեկվատ ձևով ներկայացնելով միգրացիոն հոսքերի վիճակագրությունը։
Աղբյուրներ և գրականություն
- US CIA. World FactBooks. 2000 - 2010.
- Жиромская В.Б., Киселев И.Н., Поляков Ю.А., Полвека под грифом "Секретно". Всесоюзная перепись населения 1937 года. М., Наука, 1996.
- Statistical Yearbook of Armenia - 2003. Republic of Armenia, Yerevan, 2003.
- Migration in the Republic of Azerbaijan: A Country Profile. International Organization of Migration. October 2008.
- Миграция и денежные переводы: Цифры и факты – 2011. Отдел Всемирного Банка по Оценке Перспектив Развития, Изд. 2-е, Вашингтон, 2011.
- Aliyev Alovsat, Migration to and from Azerbaijan. Migration Perspectives, 2006, p. 27.
1 http://www.azstat.org/statinfo/demoqraphic/en/AP_1.shtml
3 World Bank; Organisation of Economic Cooperation and Developement; Interanational Energy Agensy; Interantional Monetary Fund.
4 https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/aj.html
5 «Համակարգային հիշողության», մշտապես և ավտոմատ կերպով թարմացվող հանրագիտարանների և տեղեկատուների նման կորուստը, որը կանխատեսվել էր մեծ հակաուտոպիստների և անցյալ դարի ֆանտաստների (Հաքսլի, Օրուել, Զամյատին, Ազիմով, Լեմ, Շեքլի և այլք) կողմից, խիստ հատկանշական է պոստմոդեռնի մեր ժամանակներին, երբ մենք խոսում ենք «իրականության մահվան» և «պատմության ավարտի» մասին։
6 ՀԽՍՀ 1989թ. մարդահամարի արդյունքները հանվեցին պաշտոնական շրջանառությունից այն բանի համար, որ Սպիտակի աղետալի երկրաշարժի ողբերգական հետևանքների պարագայում անհնարին էր մարդահամարի պատշաճ մակարդակով իրականացումը և տվյալների պատշաճ մակարդակի ապահովումը։
7 Հասկանալի է, որ դա չէր միակ պատճառը։ Բայց, ինչպես կասեին մաթեմատիկոսները, դա «անհրաժեշտ» պայման էր։
8 http://www.azstat.org/statinfo/demoqraphic/az/AZ_1.shtml
9 http://www.iom.int/jahia/Jahia/lang/en/pid/1
10 IoM-ի համաձայն՝ այս գնահատականները կոնսերվատիվ են։ [6] հետազոտության արդյունքները մեջբերելով՝ աղբյուրն Ադրբեջանից իրական արտագաղթը գնահատում է երկրի de jure բնակչության 16-25%-ի չափով։
11 World Bank, Development Prospects Group. Migration and Remittances Factbooks.
12 Մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ այդ փոխանցումները հասցեագրված էին Արցախում և Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող իրենցհարազատներին ու մերձավորներին։
13 Նշված աղբյուրն այնուհետև միգրանտների դրամական փոխանցումները տարբերակում է երեք տեսակի. աշխատողների դրամական փոխանցումներ (Workers’ remittances), աշխատավարձ (Compensation of employees) և միգրանտների ունեցվածքի փոխանցումներ (Migrants’ transfers)։
14 Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2010թ. վերջի դրությամբ հանրապետության բանկային համակարգի միջոցով արտասահմանից Հայաստան են փոխանցվել ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներ՝ $1.627 մլրդ-ի չափով, իսկ Հայաստանից արտասահման՝ $731.6 մլն։ Այսպիսով, Հայաստան փոխանցումների զուտ հաշվեկշիռը կազմել է $895.5 մլն։ Հայաստան կատարված ընդհանուր փոխանցումների 76.1%-ը և Հայաստանից կատարված փոխանցումների 38.3%-ը բաժին են ընկել ՌԴ-ին և ԱՄՆ-ին միասին։ Դրամական փոխանցումների մասին ՀԲ ԶՀԽ-ի և Հայաստանի Կենտրոնական բանկի բերած գնահատականների տարբերությունը մասամբ բացատրվում է այն հանգամանքով, որ իր գնահատականները Հայաստանի ԿԲ-ն բերում է անմիջապես ԱՄՆ դոլարով՝ պաշտոնական փոխարժեքով։ Այնինչ, ՀԲ ԶՀԽ տվյալները, որոնք մենք ներկայացնում ենք վերը, ճշտված են ըստ դրամական փոխանցումներն ուղարկող երկրի և ստացող երկրի եկամուտների մակարդակների։ http://www.cba.am/am/SitePages/statexternalsector.aspx
15 ՀԲ այս տվյալներում խոսքը Արցախից Հայաստան փոխանցումների մասին է։
«Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն», թիվ 6, 2011
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՅՏՆԻ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ». ՓՈՐՁԱԳԵՏ[17.12.2018]
- ՀՈՒՄ ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ[05.11.2018]
- ՇՓՄԱՆ ԳԻԾ–ԱՐԱ ՄԱՐՋԱՆՅԱՆ (05.10.18)[09.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆ – ՌՈՒՍԱՍՏԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎՏԱՆԳՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[07.08.2018]
- ԳԼՈԲԱԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ, ՍԵՐՆԴԱՅԻՆ ԱԼԻՔՆԵՐ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ[19.07.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՆ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎՏԱՆԳՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[09.07.2018]
- ԻՍՐԱՅԵԼԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՕԳՏԱԳՈՐԾԻ ԻՐԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ (տեսանյութ)[16.05.2018]
- ԻՆՏԵՐՆԵՏ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[08.05.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՍՄԻԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՏԱԽՈՒԶԱ-ՀԵՌԱԶՆՆՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ[09.04.2018]
- ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ «ԲԱՆԱԼԻՆ» ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ Է. Ա.ՄԱՐՋԱՆՅԱՆ[26.02.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԵԳՄԵՆՏԸ[19.02.2018]