
ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Սամվել Մարտիրոսյան«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ
Սոցիալական մեդիա և բջջային տեխնոլոգիաների զուգահեռ զարգացումը տեղեկատվական դաշտում զգալի փոփոխությունների հանգեցրեց։ Սովորական քաղաքացիները՝ զինված բջջային հեռախոսներով և բջջային այլ սարքերով, դեպքերի վայրից տեղեկատվության փոխանցման աղբյուր են դարձել՝ օպերատիվությամբ հաճախ առաջ անցնելով ավանդական լրատվամիջոցներից։ Մեծ թվով բջջային քաղաքացիական թղթակիցների երևան գալը, որոնք բջջային սարքերի օգնությամբ տեղեկատվություն են փոխանցում այնպիսի վայրերից, որտեղ ավանդական լրատվամիջոցներն ի վիճակի չեն օպերատիվ աշխատանք ապահովել, առաջ է բերել տեղեկատվության աղբյուր հասկացության և հավաստիության հնարավորության վերանայման անհրաժեշտություն։ Մի կողմից՝ բարդ իրադարձությունների ժամանակ ավանդական լրատվամիջոցներն ի վիճակի չեն ապահովել դեպքի վայրից տեղեկատվության օպերատիվ հոսքը (չհաշված այն դեպքերը, երբ ԶԼՄ աշխատանքը պարզապես արգելվում է), ինչը մեծացնում է քաղաքացիական լրագրության հանդեպ հետաքրքրությունը։ Մյուս կողմից՝ քաղաքացիական լրագրությունը մի շարք լուրջ թերություններ ունի. աղբյուրները հաճախ չեն նշվում (անոնիմ են), նույնիսկ ակնհայտ աղբյուրները գրագետ, ստույգ տեղեկատվություն տրամադրելու (ինչին կոչված են ավանդական լրատվամիջոցները) շարժառիթ չունեն։
Բջջային ինտերնետի և այլընտրանքային կամ քաղաքացիական լրագրության զուգակցումը ձևավորում է բջջային թղթակիցների բավական առանձնահատուկ հատված։ Հատկապես այն վայրերում, որտեղ տեղի են ունենում մամուլի կողմից առանձնակի ուշադրություն պահանջող նշանակալի իրադարձություններ, որտեղ, սակայն, դա անելու հնարավորություն չկա։ Նման իրադարձություններ կարող են լինել ինչպես այն դեպքերը, որոնցում քաոսայնության պատճառով զանգվածային լրատվամիջոցները չեն կարող օպերատիվորեն հայտնվել դեպքերի վայրում (քաղաքացիական պատերազմ, բնական աղետներ և այլն), ինչպեսև նրանք, երբ իշխանությունները կամ այն ուժերը, որոնք զավթել են տեղական իշխանությունը, խոչընդոտում են լրագրողների աշխատանքը։ Նման դեպքերում առաջին պլան են դուրս գալիս սոցիալապես ակտիվ այն քաղաքացիները, որոնք, օգտագործելով բջջային տեխնոլոգիաները, սկսում են դեպքի վայրից տեղեկատվության անմիջական, առցանց փոխանցումը։ Այսօր գոյություն ունեցող տեխնոլոգիաները, որոնք մատչելի են լայն զանգվածներին ինչպես էժանությամբ, այնպես էլ իրենց դյուրին կիրառությամբ, կարելի է մոտավորապես մի քանի տեսակի բաժանել.
- Բլոգինգ դեպքի վայրից։ Այս եղանակը զուտ տեխնիկական առումով այնքան էլ հեշտ իրականանալի չէ, դրա համար էլ քիչ է գործածվում։ Ավելի հաճախ բլոգերում գրառումներ կատարվում են արդեն իրադարձություններից հետո։
- Միկրոբլոգային հարթակների օգտագործում (այս առումով ամենատարածվածն է Թվիթերը)։ Այս պարագայում շատ երկրներում օգտվողից նույնիսկ հեռախոսը բջջային ինտերնետին միացնել չի պահանջվում, քանի որ հնարավորություն կա գրելու սեփական միկրոբլոգում՝ անհրաժեշտ տեքստով SMS-հաղորդագրություն ուղարկելով կոնկրետ համարի (Հայաստանում այս հնարավորությունը ներկա պահին չկա)։ Միևնույն ժամանակ, բջջային ինտերնետին միացած սմարթֆոն ունեցողները հնարավորություն ունեն ոչ միայն օպերատիվ գրառումներ անելու իրենց միկրոբլոգում, այլև այնտեղ ուղարկել նաև լուսանկարներ և նույնիսկ տեսագրություն դեպքի վայրից։
- Գրառումներ սոցիալական ցանցերում։ Այսօրվա դրությամբ սոցիալական ցանցերի մեծամասնությունը հարմար բջջային տարբերակներ կամ հատուկ ծրագրեր ունի սմարթֆոնների համար։ Ավելին, կրկին հնարավորություն կա գրառումներ անել անմիջապես SMS-հաղորդագրություն ուղարկելու միջոցով (Հայաստանում բջջային օպերատորներից մեկն արդեն տրամադրում է SMS-հաղորդագրության առաքում անմիջապես իր պրոֆիլին Ֆեյսբուք ցանցում)։
- Ուղղակի տեսահեռարձակման իրականացում դեպքի վայրից սմարթֆոնի միջոցով։ Այս եղանակը երկրների մեծամասնության համար կապված է օգտվողի համեմատաբար մեծ ֆինանսական ծախսերի հետ, քանի որ տեղի է ունենում ինտերնետ-թրաֆիկի խիստ էական սպառում։
Բացի այդ, մնում է նաև ոչ այնքան օպերատիվ, բայց մեծամասնության համար ավելի հեշտ միջոց, երբ բջջային հեռախոսն օգտագործվում է որպես լուսանկարչական սարք կամ տեսախցիկ, իսկ նյութն ինտերնետ է բեռնվում արդեն դեպքից հետո, ստացիոնար համակարգչի միջոցով։ Որոշ դեպքերում նույնիսկ այդ դեպքը կարող է ավելի օպերատիվ լինել, քան ավանդական մամուլի միջամտությունը։
Բջջային թղթակիցների ներկայությունը հանրային հետաքրքրություն ներկայացնող դեպքերի վայրում հանգեցնում է տեղեկատվական դաշտի ձևախեղման։ Ծայրահեղ պահերին ավանդական լրատվամիջոցները կարող են հայտնվել երկրորդ պլանում, իսկ որպես տեղեկատվության առաջնային աղբյուր առաջին տեղ են դուրս գալիս հենց հանրային լրագրողներն իրենց բջջային հեռախոսներով։
Նման պահերին առաջ են գալիս տեղեկատվության հավաստիությունը ստուգելու հետ կապված խնդիրներ։ Այսպես, օրինակ, եթե վերցնենք 2009թ. Իրանում տեղի ունեցած դեպքերը, որոնք հետևեցին նախագահական ընտրություններին, ապա ինչ-որ պահի Թվիթերը դարձավ տեղեկատվության գրեթե միակ աղբյուրն իրական ժամանակում, քանի որ օտարերկրյա թղթակիցների աշխատանքը փողոցներում արգելվել էր երկրի ղեկավարության կարգադրությամբ։ Տեղեկատվական դաշտում Թվիթեր ցանցի գերիշխանությունն այդ շրջանում այնքան ուժեղ էր, որ ԱՄՆ պետդեպարտամենտը դիմեց Թվիթերի աշխատակազմին՝ խնդրելով չանջատել սերվերները, երբ ի հայտ եկավ տեղեկատվություն այն մասին, որ սերվիսը որոշ ժամանակով չի աշխատելու՝ տեխնիկական աշխատանքների հետ կապված1։
Միևնույն ժամանակ, Թվիթերի գերիշխանությունն այդ շրջանում հանգեցրեց թեմայի նկատմամբ անհավանական հետաքրքրության։ Ինչ-որ պահերի Թվիթերում տասնյակ հազարավոր հաղորդագրություններ էին ստեղծվում մեկ ժամվա ընթացքում, իսկ ամենաթեժ պահերին այդ ցուցանիշը հասնում էր մի քանի հարյուր հազարի (տե՛ս Նկ. 1)։ Ի՞նչ խնդիրներ էին առաջանում տեղեկատվության աղբյուրները ստուգելիս, սադրիչներին բացահայտելիս, հավաստի աղբյուրները որոշելիս և այլն։
Եվ այսպես, Թվիթերի՝ որպես տեղեկատվության աղբյուրի, գերակայության ընթացքում առաջ են գալիս հետևյալ լուրջ խնդիրները.
- Ցանցում ի հայտ են գալիս բազմաթիվ սադրիչներ, որոնց դրդող շարժառիթները կարող են տարբեր լինել և նույնիսկ տարբերվել իրենց շատ լայն ընդգրկումով։ Այսպես, օրինակ, օգտվողների մի մասը մեղադրվում էր այն բանում, որ նրանք իրանական ընդդիմության կողմից հանդես եկող սադրիչներ են, որոնք ձգտում են թեժացնել իրավիճակը, մյուսները կասկածվում էին իրանական հատուկ ծառայություններին պատկանելու մեջ, որոնք ջանում էին ապակողմնորոշել Իրանից դուրս գտնվող լսարանին, եղան մեղադրանքներ Իսրայելի հատուկ ծառայությունների սադրիչ գործողություններում ներգրավված լինելու մեջ և այլն։
- Հենց որ ինտերնետում ի հայտ է գալիս միտումնային թեմա, դրանում անհապաղ ներգրավվել են փորձում սպամերները, նրանք, ովքեր փորձում են լրացուցիչ թրաֆիկ ստանալ իրենց կայքերի համար. օգտվողները բազմաթիվ անգամներ սեղմում են հաղորդումների վրա, որոնք տարածված թեմայի տակ քողարկում են գովազդը։
- Խաղի մեջ ներգրավվում են նաև ցանցահենները, որոնք ջանում են ստիպել օգտվողների զանգվածներին մտնել իրենց կայքեր, որոնց միջոցով վարակվում են համակարգիչները։
- Բայց, թերևս, իսկապես տարածված թեմաների համար ամենամեծ խնդիրն է հաղորդումների հոսքի հսկայական մասշտաբը։
Նկար 1
Իրանի թեմայի շուրջ հաղորումների թվաքանակը Թվիթերում 2009թ. հունիսի 16-17-ին2
Ավելի հաճախ տեղեկատվության իրական աղբյուրների թիվը (անգամ այն դեպքերից, որոնց մեծ թվով մարդիկ են մասնակցում) չի գերազանցում մի քանի տասնյակը, քանի որ տեղեկատվության վարժ կազմումն ու տարածումը, հատկապես խիստ սահմանափակ ձևաչափում, ինչպես դա լինում է բջջային սարքերի պարագայում, որոշակի հմտություններ են պահանջում։ Անգամ անմիջական մասնակիցների շրջանում, որոնք ներգրավված են բջջային թղթակցության մեջ, մեծամասնությունը վերարտադրում է հիմնական աղբյուրների գրառումները։
Այս խնդիրը հանգեցրել է մի քանի նոր հոսանքների ձևավորմանն ավանդական ԶԼՄ-ում։ Այսպես, երևան եկան հատուկ խմբագիրներ, որոնք աշխատում են բջջային թղթակցության որոնման և աղբյուրների հավաստիությունն ստուգելու ուղղությամբ։ Բացի այդ, ավանդական լրատվամիջոցներն իրենք սկսեցին թափանցել բջջային տեղեկատվության ոլորտ։ Այսպես, օրինակ, 2011թ. սկզբին եգիպտական հեղափոխության ժամանակ, որն անվանեցին Ֆեյսբուք կամ Թվիթեր հեղափոխություն, չնայած Թվիթերի հսկայածավալ ինֆորմացիային, տեղեկատվության հիմնական կենտրոնները սոցիալական ցանցերում ավանդական լրատվամիջոցները և պրոֆեսիոնալ լրագրողներն էին, որոնք ընդունել էին խաղի կանոնները և ինֆորմացիայի երկու զուգահեռ հոսք էին վարում՝ ավանդական ոճով և որպես այլընտրանքային լրատվամիջոցներ։
Այսպիսով, ներկա պահին ակտիվորեն զարգանում է բջջային քաղաքացիական թղթակցությունը։ Միևնույն ժամանակ, լուրջ իրադարձությունների ժամանակ առաջ եկող հաղորդումների հսկայածավալ քանակության զտմանը, այնուամենայնիվ, ներկա պահին պրոֆեսիոնալ մեդիաներն են տիրապետում։
1 http://www.pcmag.com/article2/0,2817,2348833,00.asp
2 http://news.sky.com/skynews/Home/World-News/Iran-And-Twitter-Pro-Mousavi-Supporters-Drowned-Out-By-US-And-UK-Tweets-Amid-Election-Protests/Article/200906315311513
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԸՍՏ ՕՐԻՆԱԳԾԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ՀԱՆԳԻՍՏ ԿԱՐՈՂ Է ԴԻՏԱՐԿՎԵԼ ՈՐՊԵՍ ԱՆԱՆՈՒՆ ՀՂՈՒՄ. Սամվել Մարտիրոսյան[20.10.2021]
- ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱՆԵՐԸ[27.09.2018]
- ՈՒՂԻՂ ԵԹԵՐՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ (ինչպես ձևափոխվեց տեղեկատվական դաշտը)[08.06.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԱՔԵՐԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[05.04.2018]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2017Թ.)[07.12.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[06.10.2017]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2016Թ.[26.07.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ[31.05.2017]
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՍՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ[10.05.2017]
- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՔԵՐՆԵՐԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ[29.03.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ․ ԻՐԱՎԻՃԱԿԸ 2016Թ.[30.01.2017]