• am
  • ru
  • en
Версия для печати
10.03.2011

ՑԱՆՑԸ՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐ

EnglishРуский

   

Սամվել Մարտիրոսյան

Ս.Մարտիրոսյան` «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ

Ինտերնետն աշխարհի տեղեկատվական դաշտում աներևակայելի արագությամբ դիրքեր է զբաղեցնում։ Որպես տեղեկատվության աղբյուր դիրքերն էլ ավելի են կորցնում տպագիր հրատարակությունները, հիմա արդեն դրանց հաջորդում է նաև հեռուստատեսությունը, որը նույնպես զիջում է հիմնական տեղեկատուի իր դերը։ Միևնույն ժամանակ, Ինտերնետն առաջին դիրքերն է գրավում բնակչության սոցիալապես առավել ակտիվ մասի՝ երիտասարդության շրջանում։

Ինտերնետի նշանակության աճին նպաստում են թե՛ ցանցից օգտվողների թվաքանակի, համակարգչային գրագիտության աճը, կապի և տեխնիկայի գների նվազումն աշխարհում, թե՛ այնպիսի գործոններ, ինչպիսին են բջջային (մոբիլ) տեխնոլոգիաների զարգացումը, Ինտերնետում տեղեկատվության հրապարակման հնարավորությունների հեշտացումը, գլոբալ սոցիալական ցանցերում օգտվողների միավորումը, քաղաքացիական ցանցային լրագրության զարգացումը և այլն։ Միևնույն ժամանակ, այսօրվա դրությամբ արդեն բավական դժվար է տեղեկատվության սույն աղբյուրը պարզապես Ինտերնետ անվանելն ավանդական իմաստով. ձևավորվում է համակցված ցանց։ Տեղի է ունենում ցանցային, համակարգչային, բջջային տեխնոլոգիաների միաձուլում, ձևավորվում են տեղեկատվության տարածման համակցված կլաստերներ (շերտեր)։

Բջջային Ինտերնետը երկու անգամ ընդլայնվում է

Արդի Ինտերնետի կառուցվածքի փոփոխություններում քիչ դեր չեն խաղում ցանցը վերափոխող բջջային տեխնոլոգիաները։ Opera Software ընկերության՝ ամենատարածված բջջային բրաուզերներ արտադրողներից մեկի State of the Mobile Web1 հաշվետվության համաձայն՝ բջջային Ինտերնետի ընդլայնումը 2010թ. բեկումնային էր։ Այսպես, Opera Mini բջջային բրաուզերից օգտվողների թիվը 2010թ. նոյեմբերին հասել է 80 մլն-ի, իսկ աճը 2009թ. նոյեմբերի համեմատ կազմել է 91,8%։ Ցանցում բջջային հավելվածների միջոցով այցելված էջերի քանակը 2010թ. 11 ամիսներին հասել է 340 մլրդ-ի, այն դեպքում, երբ 2009թ. նույն ցուցանիշը կազմել է ընդամենը 129 միլիարդ։ Փաստորեն, վերջին մեկ տարվա ընթացքում Ինտերնետը կրկնակի աճ է ունեցել։

Հաշվի առնելով այն, որ սմարթֆոն, ինչպեսև պլանշետ օգտագործողների թիվն այժմ նույնպես ավելանում է սրընթաց տեմպերով, իսկ բջջային Ինտերնետի արժեքը կտրուկ ընկնում է, կարելի է կանխատեսել, որ ցանցից օգտվելու որակական բեկում կառաջանա։ Բեկումն արդեն նկատվում է բարձրտեխնոլոգիական երկրներում։ Օրինակ, ԱՄՆ-ում, Nielson and Forrester Research2-ի կանխատեսումներով, այժմ արդեն, օրինակ, Facebook սոցիալական ցանցից օգտվողների կեսի համար հասանելի է բջջային միջոցը։

Համապատասխան փոփոխության է ենթարկվում նաև տեղեկատվական դաշտը, Ինտերնետից օգտվողները հնարավորություն ունեն հեռուստատեսության ֆոնային դիտումից անցնել տեղեկատվության թարգեթային որոնման Ինտերնետում՝ իրենց հարմար ցանկացած պահի։ Ինտերնետին անցմանը նպաստում է նաև սոցիալական ցանցերի, բլոգերի և միկրոբլոգերի զարգացումը, որտեղ տեղի է ունենում առավել կարևոր նորությունների փոխանակում միմյանց վստահող այցելուների միջև։ Համապատասխանաբար՝ վերանում է ցանցի մշտական մոնիթորինգի՝ անհրաժեշտ տեղեկատվությունը որոնելու անհրաժեշտությունը. մի մարդու փոխարեն այդ գործը ստանձնում է տեղեկատվական դաշտը զտող ցանցային հանրույթը։

Հեռուստատեսությունը զիջում է դիրքերը

Pew Research Center3-ի վերջին տվյալներով՝ ավանդական լրատվամիջոցներն ամերիկացիների համար սրընթացորեն կորցնում են նորությունների աղբյուր լինելու դիրքերը։ Ըստ լսարանի, միայն հեռուստատեսությունն է, որ Ինտերնետի համար միջինը մրցակցող պլատֆորմ է մնում։ Եթե ավագ սերնդի միջին ամերիկացու համար Ինտերնետը դեռ չի դարձել տեղեկատվության որոնման հիմքը, ապա 18-29 տարեկան ամերիկացիների ճնշող մեծամասնության (65%) համար Ինտերնետն արդեն երկու տարի է, ինչ դարձել է նորությունների հիմնական աղբյուր՝ այդ գծով իր բաժինը 2006-ից սկսած կրկնակի ավելացնելով։

Չնայած ԱՄՆ-ը սովորական միջակ երկիր չի հանդիսանում, և Ինտերնետն այստեղ իր զարգացածությամբ էապես գերազանցում է երկրների մեծամասնությանը, սակայն այս միտումը գլոբալ է, և մյուս երկրների համար նման ցուցանիշների հասնելն ընդամենը ժամանակի հարց է։

Հեռուստատեսությունը դիրքերը զիջում է նաև Հայաստանում

Հեռուստատեսության լսարանի թվաքանակի նվազումը գլոբալ միտում է և նկատվում է ոչ միայն տեխնոլոգիապես զարգացած այնպիսի երկրում, ինչպիսին ԱՄՆ-ն է։ Օրինակ, Հայաստանում, որտեղ վերջին երկու տարիներին դիտվում է Ինտերնետից օգտվելու կտրուկ աճ, զուգահեռաբար ընթանում են հեռուստատեսության լսարանի նվազման գործընթացներ։ 2007-2009թթ. տվյալներով, որոնք հրապարակել է AGB Nielsen4 ընկերությունը, Հայաստանում նվազել է ինչպես հեռուստադիտողների թվաքանակը, այնպես էլ, ընդհանուր առմամբ, հեռուստացույցի առջև անցկացված ժամանակը։

Բացի այդ, հայկական հեռուստաալիքների մեծ մասն անցում է կատարում Ինտերնետ հեռարձակման։ Մասնավորապես, ժողովրդականություն վայելող հիմնական հաղորդումները փոխադրվում են Youtube տեսասերվիս։ Youtube-ի տվյալներով՝ տեսանյութ դիտող օգտվողների համար միջին արագությունը Հայաստանում հասնում է 1Mb/s-ի։ Չնայած այն բանին, որ դա մոտավորապես 4 անգամ ցածր է միջին համաշխարհային ցուցանիշից, սակայն արդեն թույլ է տալիս հայաստանցի օգտվողներին հեշտությամբ տեսանյութեր դիտել ցանցում։ Համապատասխանաբար էլ՝ մեծ տարածում գտած հեռուստածրագրերի առկայությունն Ինտերնետում դրանք ավելի հրապուրիչ է դարձնում այդ ձևով, քան եթե կդիտեին հեռուստացույցով. Ինտերնետում կարելի է դրանք դիտել ուզածդ պահին, կարելի է դիտել մաս-մաս, ցույց տալ ընկերներին և այլն։ Այս առնչությամբ կարելի է ենթադրել, որ հեռուստաալիքների վարկանիշի վրա առաջիկայում կսկսեն ազդեցություն գործել նաև այնպիսի գործոններ, ինչպիսին է հեռուստածրագրերի գրագետ զետեղումը ցանցում5։

1 http://www.opera.com/smw/2010/11/

2 http://www.mobilemarketingwatch.com/smartphone-owners-to-overtake-feature-phone-owners-by-the-end-of-2011-8708/

3 http://actualweb.ru, http://people-press.org/report/689/

4 http://www.agbnielsen.am/en/news/8/

5 Օրինակ, «Շանթ» հեռուստաընկերությունը 9 ամսում զանազան ծրագրերի տեսագրությունների գրեթե 3,5 մլն դիտում է ունեցել Youtube-ում։ http://www.youtube.com/user/TheShantTV

«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 1, 2011

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր