ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Թուրքական խորհրդարանի հանձնաժողովն ապրիլի 16-ին հավանություն տվեց այն նախագծին, ըստ որի` փոփոխությունների պետք է ենթարկվեն Քրեական oրենսգրքի (ՔՕ) 301-րդ և 305-րդ հոդվածները:
301-րդ հոդվածն ասում է.
- Այն անձը, ով «հրապարակավ կվիրավորի թուրքական ազգը, հանրապետությունը կամ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ)», կբանտարկվի 0.5-3 տարով:
- Այն անձը, ով «հրապարակավ կվիրավորի Թուրքիայի Հանրապետության կառավարությանը, պետական դատական հաստատությունները, զինված ուժերը կամ անվտանգության ուժերը», կբանտարկվի 0.5-2 տարով:
- Եթե թուրքական ազգի հասցեին հրապարակավ արված վիրավորանքը հասցվում է արտասահմանում գտնվող թուրքական քաղաքացու կողմից, ապա դրա համար նախատեսված վերոնշյալ պատժաչափն ավելանում է 1/3-ով:
- Հոդվածը չի տարածվում իշխանության հասցեին արված քննադատական արտահայտությունների վրա:
305-րդ հոդվածով նախատեսված է հետևյալ պատժամիջոցը. «Այն քաղաքացին, ով ուղղակիորեն կամ անուղղակիորեն անձնական շահ ունի օտարներից ու օտար կառույցներից և գործում է հիմնական ազգային շահերի դեմ, ազատազրկման է ենթարկվում 3-10 տարի ժամկետով»:
Թուրքիայի խորհրդարանը 2008թ. ապրիլի 30-ին ութժամյա քննարկումներից հետո հավանություն տվեց երկրի ՔՕ ուղղումներին, համաձայն որոնց՝ փոփոխության ենթարկվեց 301-րդ հոդվածը: Նոր ուղղումները հետևյալն են.
- Հանցագործություն է համարվում «թուրքական ազգին» հասցված վիրավորանքը: Նախկինում դա վերաբերում էր «թուրքականությանը» (թուրքական ինքնագիտակցությանը) հասցված վիրավորանքին:
- Առավելագույն պատիժը 3-ից կրճատվեց մինչև 2 տարի ազատազրկման, ինչը հնարավորություն է տալիս բանտարկությունը փոխարինել դատավճռի իրագործման հետաձգման պայմանական ժամկետով: Բացի այդ, ամբողջովին վերացվեց այն հատվածը, որով նախատեսված էր պատժաչափի ավելացում 1/3-ով, եթե մեղադրյալը տվյալ հանցագործությունը կատարել է Թուրքիայի սահմաններից դուրս:
- Այս հոդվածով յուրաքանչյուր քրեական գործ պետք է հարուցի միայն արդարադատության նախարարը:
Միևնույն ժամանակ, 305-րդ հոդվածի բովանդակությունը մնաց անփոփոխ, պարզապես օրենքի այս հոդվածը խախտած անձանց հետապնդումը պետք է իրականացվի ոչ թե արդարադատության նախարարի, այլ երկրի նախագահի թույլտվությամբ:
Խորհրդարանի նիստի ընթացքում, որը սկսվեց 20.30-ին և ավարտվեց 04.35-ին, ԹԱՄԺ-ում օրենքի փոփոխման օգտին քվեարկեց 250, դեմ` 65 խորհրդարանական: Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ), որը գերիշխող դիրք է գրավում 550 հոգանոց մեջլիսում1, միակն էր, որ կողմ քվեարկեց ուղղմանը: Ընդդիմադիր կուսակցությունները դեմ քվեարկեցին: Դա պայմանավորված էր նրանով, որ ընդդիմությունը դժգոհ էր ԱԶԿ-ից, քանի որ վերջինս զիջումների է գնում ԵՄ-ին` ցանկանալով դառնալ դրա լիիրավ անդամ:
Որպեսզի ուղղումն օրենքի ուժ ձեռք բերի, այն պետք է հաստատվի երկրի նախագահի կողմից:
Մայիսի 8-ին նախագահ Աբդուլահ Գյուլը հաստատեց 301-րդ հոդվածում կատարված փոփոխությունները: Դա բնական է, քանզի Գյուլը երկրի նախագահի պաշտոնում առաջադրվել է հենց ԱԶԿ-ի կողմից:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսը հայտարարել է, թե Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածում կատարված փոփոխությունները վկայում են այն մասին, որ թուրքական իշխանությունները պատրաստ են վերանայել երկրի օրենսդրությունը՝ հաշվի առնելով երկրի պարտավորությունները որպես ԵԽ անդամի և Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի մասնակցի:
Ներկայումս շատերը Եվրոպայում ուրախությամբ են ընդունում այս նորությունը, սակայն դա չպետք է դիտարկել որպես էական դրական փոփոխություն: Սա պետք է դիտարկել ընդամենը հասարակության դեմոկրատացման ուղղությամբ կատարված փոքրագույն մի քայլ2: Սա էական ազդեցություն չի թողնի թուրք-եվրոպական հարաբերություններում: Սակայն այդքանը բավարար կլինի, որպեսզի Եվրոպայի մոտ ամրապնդվի կարծիքը, թե Թուրքիան էապես պետք է փոխի իր քաղաքական համակարգը, եթե ցանկանում է միանալ Եվրամիությանը: Ընդհանուր առմամբ, եվրոպական հասարակությունը ողջունում է թուրքական նախաձեռնությունը, սակայն հազիվ թե այն հանգեցնի տվյալ հարցում ԵՄ-ի կողմից իրականացվող ճնշման նվազեցմանը: Հարկ է նշել, որ 301-րդ հոդվածի վերացման հարցն այժմեականություն ձեռք բերեց ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցի քննարկումների ժամանակ: Թուրքիան բազմիցս խոստացել էր փոփոխել ՔՕ 301-րդ հոդվածի բովանդակությունը:
Թուրք քաղաքագետ Օզջան Թիքիթի կարծիքով՝ Թուրքիայում իրենց մտքերի ու համոզմունքների համար մարդկանց հետապնդումը հակասում է դեմոկրատական ու մարդկային արժեքներին, ինչի պատճառով էլ քաղաքացիները կորցնում են պետության նկատմամբ հավատը: Թիքիթը հայտարարել է. «Թուրքական 301-րդ հոդվածի նման հոդված գոյություն ունի նաև Իտալիայում, պարզապես այդ երկրում, ի տարբերություն Թուրքիայի, մարդիկ իրենց մտքերի ու համոզմունքների համար չեն հետապնդվում»:
Հարկ է նշել, որ սկսած 2006 թվականից՝ թուրքական օրենսդիրները 8 անգամ փոփոխել են 301-րդ հոդվածի բովանդակությունը: Չնայած դրան` այս հոդվածը նախկինի նման լրագրողների, գրողների ու մշակութային գործիչների համար շարունակում է մնալ խոսքի ազատության գլխավոր խոչընդոտը: ԵՄ-ը բազմիցս կոչ է արել Թուրքիային չեղյալ հայտարարել 301-րդ հոդվածը, որով «թուրքերի ազգային արժանապատվությունը» վիրավորելու համար քրեական պատասխանատվության են կանչվել 2007թ. հունվարի 19-ին սպանված հայազգի լրագրող Հրանտ Դինքը3, նրա որդին՝ «Ակոս» թերթի խմբագիր Արատ Դինքը4, Նոբելյան մրցանակի դափնեկիր, գրող Օրհան Փամուկը5, կին գրող Էլիֆ Շաֆաքը6, պատմաբան Թանըր Աքչամը7, գրող, հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուն8 և շատ ուրիշներ:
Վերջին 5 տարիներին Թուրքիայում 301-րդ հոդվածով 6745 քաղաքացու նկատմամբ գործ է հարուցվել, որոնցից 745-ը դատապարտվել են: Տասնյակ թուրք գրողներ դատապարտվել են 301-րդ հոդվածով` Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության մասին հրապարակավ արտահայտվելու համար: Դատական հետաքննության համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ նրանք կասկածի տակ են դրել թուրքական պատմության պաշտոնական տարբերակը և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանությունները որակել են ցեղասպանություն, ինչն էլ տարբերվում է հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ պետական թույլատրելի կարծիքից: Սակայն 301-րդ հոդվածով դատապարտման հիմքերը չեն վերաբերում միայն Հայոց ցեղասպանությանը. օրինակ, կին գրող Իփեք Չալըշլարի դեմ 301-րդ հոդվածով գործ էր հարուցվել այն բանի համար, որ նա «բոլոր թուրքերի հայր» Քեմալ Աթաթուրքի կնոջ մասին իր գրքում պատմում է այն մասին, թե ինչպես է Քեմալը, կանացի զգեստ հագնելով, թաքնվել մարդասպաններից: Այդ դրվագն ընկալվել է որպես Աթաթուրքին վախկոտության մեջ մեղադրելու փորձ, ինչի հետևանքով էլ 301-րդ հոդվածով գործ հարուցվեց գրողի նկատմամբ: Իսկ ահա պրոֆեսոր Աթիլա Յայլան Անկարայի համալսարանից հեռացվեց և ապա 301-րդ հոդվածով 15-ամսյա պայմանական ազատազրկման ենթարկվեց այն բանի համար, որ քննարկումներից մեկի ժամանակ իրեն իրավունք էր վերապահել ենթադրելու, որ Աթաթուրքի ժամանակ ստեղծված հանրապետությունը քաղաքական առումով այնքան առաջադեմ չէր, որքան ներկայացնում են այսօր:
Ընդդիմադիր Ազգային շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին վարչապետ Էրդողանին առաջարկել էր հանրաքվե անցկացնել օրինագծի փոփոխման համար: Նշելով փոփոխության վերաբերյալ ժողովրդական կարծիքն իմանալու անհրաժեշտության մասին` Բահչելին ասել է. «Եթե դուք քաջ եք և իսկապես հավատում եք ժողովրդական կարծիքին, ապա հանրաքվեի նախաձեռնություն ցուցաբերեք»:
Ժողովրդա-հանրապետական կուսակցության9 (ԺՀԿ) ներկայացուցիչը հայտարարել էր, որ տվյալ փոփոխությունները հակասում են երկրի Սահմանադրությանը: Ամենայն հավանականությամբ, նա նկատի ուներ այն, որ Սահմանադրության 35-րդ հոդվածով թուրք են համարվում բոլոր այն անձինք, ովքեր համարվում են Թուրքիայի քաղաքացիներ` անկախ էթնիկական պատկանելությունից:
Թուրքական խորհրդարանի հանձնաժողովում քրդական «Դեմոկրատական կարգ» կուսակցության ներկայացուցիչը պահանջում էր ոչ թե փոփոխության ենթարկել 301-րդ հոդվածը, այլ չեղյալ հայտարարել այն: Նա հայտարարել է. «Ես երբեք չեմ տեսել, որ այս երկրում երբևէ որևիցե մեկին գոնե մեկ անգամ դատապարտած լինեն քրդերին, լազերին, չերքեզներին վիրավորելու համար: Քրեական գործեր չեն հարուցվել նրանց նկատմամբ, ովքեր քրդերին համարում են «սատանայի ծնունդներ», իսկ հայերին վիրավորում են` օգտագործելով «հայկական վիժվածք» արտահայտությունը»:
Այսպիսի մոտեցում է ցուցաբերում նաև ոչ վաղ անցյալում Թուրքիայում ստեղծված «Ո՛չ ռասիզմին ու ազգայնականությանը» հասարակական շարժումը, որի ներկայացուցիչները կարծում են, թե 301-րդ հոդվածը, որը Թուրքիայում խոսքի ազատության գլխավոր արգելքն է, պետք է վերացվի:
Հայոց ցեղասպանության կտրվածքով, 301-րդ հոդվածի փոփոխությունն ավելի կընդլայնի թուրքական մտավորականության ներկայացուցիչների այն շրջանակը, որը հրապարակավ կխոսի այդ մասին: Դրանով Թուրքիայում ցեղասպանություն բառի վրա դրված թաբուն վերացնելու նախադրյալներ կստեղծվեն: Սակայն անհրաժեշտ է նշել, որ Հայոց ցեղասպանության վրա դրված թաբուի վերացումը ենթադրում է վերափոխել Թուրքիայի Հանրապետության պատմությունը, քանի որ և՛ Քեմալ Աթաթուրքը, և՛ նրա կողմնակիցների ու մերձավորների մեծ մասը եղել են հատուկ կազմակերպության ակտիվ գործիչներ: Այս պարագայում արդեն կբացահայտվի Հայոց ցեղասպանության գործում քեմալականների ունեցած անմիջական մասնակցությունը: Փաստորեն, դա անխուսափելիորեն կհանգեցնի նաև Քեմալ Աթաթուրքի գործունեության վերափոխմանը: Այս պայմաններում Թուրքիայում աննախադեպ կաճեն էթնիկական ու կրոնական խմբերի ինքնարտահայտման հնարավորությունները, իսկ դա կհանգեցնի միացյալ թուրքական ազգի պատրանքի փլուզմանը: Դրա համար էլ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը բխում է Թուրքիայի Սահմանադրության 66-րդ հոդվածից, որում նշված են Քեմալ Աթաթուրքի հետևյալ խոսքերը. «Երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում»:
Հետաքրքիր է, որ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի առաջիկա փոփոխության մասին հայտարարելուց մի քանի ժամ առաջ Բրյուսելում հրապարակվեց ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլի Ռեհնի տարեկան զեկույցը: Ռեհնը Թուրքիային` որպես ԵՄ-ի անդամակցության թեկնածու երկիր, կոչ արեց գործադրել «զգալի ջանքեր»` ապահովելու խոսքի, դավանանքի ազատությունը և քրդական բնակչության իրավունքները: Ընդ որում՝ Ռեհնը հայտարարեց, որ Բրյուսելն Անկարայի հետ «Արդարադատությունը և մարդու իրավունքները» խորագրով բանակցություններ չի սկսի այնքան ժամանակ, քանի դեռ փոփոխության չի ենթարկվել ՔՕ 301-րդ հոդվածը: Ըստ էության, Թուրքիայում անսացին Ռեհնի ցանկություններին:
Այսպիսով, 301-րդ հոդվածի բովանդակության մեջ փոփոխություններ իրականացնելով` Թուրքիան ցանկանում է աշխարհին ապացուցել, որ երկիրը շարժվում է եվրոպական ժողովրդավարության չափանիշներին ընդառաջ: Իրականում ԵՄ պահանջը չկատարվեց. 301-րդ հոդվածը չվերացվեց, նշանակում է՝ թուրքական մտավորականությանը շարունակում է սպառնալ բանտարկության վտանգը, եթե նա հրապարակավ արտահայտվի Հայոց ցեղասպանության մասին կամ էլ կասկածի տակ առնի Աթաթուրքի արժանիքները: Միևնույն ժամանակ, պետք է խոստովանել, որ 301-րդ հոդվածի բովանդակությունում կատարված փոփոխությունները որոշակի առաջընթաց են, և տվյալ բնագավառում ցանկացած փոքր առաջընթաց ողջունելի է: Նման առաջընթացները հետագայում հնարավոր կդարձնեն թուրքական կառավարության կողմից 301-րդ հոդվածի արգելումը: Առայժմ, սակայն, 301-րդ հոդվածը թուրքական մտավորականության համար շարունակելու է հանդես գալ Դամոկլյան սրի դերում և մնալու է որպես Թուրքիայում խոսքի ազատության յուրօրինակ ցուցիչ:
1Ներկայումս ԹԱՄԺ կազմն ունի հետևյալ պատկերը. ԱԶԿ - 340 մանդատ, Ժողովրդա-հանրապետական կուսակցություն (ԺՀԿ) - 98 մանդատ, Ազգային շարժում կուսակցություն (ԱՇԿ) – 70 մանդատ, Դեմոկրատական հասարակություն կուսակցություն (ԴՀԿ) - 20 մանդատ, Դեմոկրատական ձախ կուսակցություն (ԴՁԿ) - 13 մանդատ, անկախ կուսակցականներ – 5 մանդատ, թափուր տեղեր – 2, Ազատություն և համերաշխություն կուսակցություն (ԱՀԿ) - 1 մանդատ, Մեծ միասնություն կուսակցություն (ՄՄԿ) - 1 մանդատ: Խորհրդարանականի մահանալու կամ զոհվելու պարագայում նրա տեղը թափուր է մնում մինչև հաջորդ ընտրությունները:
2Եվրոպական չափորոշիչներին մոտենալուն ուղղված ևս մեկ քայլ է համարվում այն հանգամանքը, որ ՔՕ-ում կատարված նոր փոփոխության համաձայն պատիժ նախատեսված չէ ամուսնական դավաճանության համար:
3Հրանտ Դինքն ասել է. «Մի ժողովուրդ, որ 4000 տարի ապրել է իր հարազատ հողի վրա, այդ ժողովրդին թեկուզ ոսկե օդանավերի մեջ դնես ու ապահով տեղափոխես մեկ ուրիշ վայր, դարձյալ դա ցեղասպանություն է, քանզի այդ ժողովրդին արմատից են կտրել, էլ չեմ ասում 1,5 միլիոն անմեղ մարդկանց գազանաբար ոչնչացումը»:
42007թ. «Ակոս» թերթում հրապարակել է Հրանտ Դինքի հետ անցկացված հարցազրույցը, ուր Դինքն արծարծում է Հայոց ցեղասպանության թեման:
52005թ. շվեյցարական հանդեսին տված հարցազրույցում Օրհան Փամուկը նշել է. «Այս հողում սպանվել են մեկ միլիոն հայ ու 30.000 քուրդ, և բացի ինձնից ոչ ոք չի համարձակվում խոսել այդ մասին»: 2006թ. սկզբին ԵՄ ճնշմամբ Փամուկի գործը կարճվեց: Հրանտ Դինքի սպանությունից հետո Փամուկը փախավ ԱՄՆ:
62006թ. ամռանը մեղադրվել է իր` «Ստամբուլի արտաամուսնական երեխան» («Հայրը և ապօրինածին երեխան») նովելում Հայոց ցեղասպանության մասին հիշատակելու համար: 2007թ. հունիսի 28-ին Թուրքական հրատարակիչների միությունը Շաֆաքին հանձնել է Խոսքի ազատության մրցանակը:
71970-ական թթ. Աքչամը Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար ստիպված եղավ հեռանալ Թուրքիայից: Ներկայումս նա Մինեսոթայի համալսարանի (ԱՄՆ) պատմության պրոֆեսոր է:
8«Բյոլգե» հրատարակչատան ղեկավար, թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուն 1990-ական թթ. հրատարակեց Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը: 2006թ. Զարաքօլուն որոշեց հրատարակել բրիտանական գրող Ջորջ Ջերջյանի «Ճշմարտությունը կարող է ազատել մեզ» գիրքը, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը: Դրա համար նրան եռամյա բանտարկություն էր սպառնում: 2007թ. Զարաքօլուն արժանացավ «Մամուլի ազատություն - 2007» մրցանակին: Նույն մրցանակին արժանացել է նաև Հրանտ Դինքը (հետմահու):
9ԺՀԿ առաջնորդ, 70-ամյա Դենիզ Բայքալը 2008թ. ապրլի 27-ին, կուսակցության համագումարում, 10-րդ անգամ վերընտրվեց իր պաշտոնում` հնարավոր 1105 քվեներից ստանալով 1021-ը:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[05.06.2018]
- «ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ[18.04.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՋՐԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՈՒՐՋ[26.03.2018]
- ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[21.03.2018]
- 21-ՐԴ ԴԱՐԸ՝ «ՔՐԴԱԿԱ՞Ն ԴԱՐ»[19.12.2017]
- ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ[13.12.2017]
- «ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱ». ՊԱՏՄԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆՆԵՐ[10.11.2017]
- ԿԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ[21.07.2017]
- «ԻՆՋԻՐԼԻՔԻ» ԹՆՋՈՒԿԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ[27.06.2017]
- ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ[11.05.2017]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԵՓՐԱՏԻ ՎԱՀԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ[04.04.2017]