
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԵՐՀՈՍՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ
Սամվել ՄարտիրոսյանՀաճախ են դեպքեր, երբ իշխանությունները այս կամ այն երկրում հարկադրված են որքան հնարավոր է նվազեցնել լրահոսերը արտակարգ իրավիճակների, պատերազմների կամ նման այլ իրավիճակների դեպքում:
Դեռ մի քանի տարի առաջ տեղեկատվությունը «փակելու» լավագույն միջոցը (ավանդական գրաքննություն մտցնելուց բացի) ինտերնետի հանդեպ հատուկ ուշադրություն դարձնելն էր, քանի որ ցանցով տեղեկատվությունը շատ ավելի արագ է «շարժվում» էլեկտրոնային նամակների, ֆորումների և այլնի օգնությամբ: Գրաքննության հարցի լուծումը ցանցում զտումն էր` կոնկրետ կայքերի արգելափակումը, որոնց միջոցով կարող էր տարածվել տեղեկատվությունը, կամ հակառակը` սեփական մուտքը ներքին տեղեկատվական դաշտ: Ցանցում կոնտենտի արգելափակման հարցերը լուծվում են լոկալ պրովայդերների վերահսկողության միջոցով, որոնց վերագրում են արգելափակել այս կամ այն վեբ-կայքերը, այս կամ այն ելման կամ մուտքի թրաֆիկը:
Սակայն վերջին մի քանի տարիներին տեղեկատվության անցանելիությունն արգելքների միջով կտրուկ ավելացել է: Պատճառները մի քանիսն են.
- Չնայած ինտերնետի արգելափակման համակարգերի արդյունավետության բարձրացմանը` նույնքան ակտիվորեն զարգանում են նաև ցանցի զտման համակարգերը շրջանցելու մեթոդները: Նույնքան արդյունավետ են այն նաև բազմաթիվ միջոցները, որոնք թույլ են տալիս թաքցնել ինտերնետ-ակտիվիստի անձը: Բազմաթիվ կազմակերպություններ գլոբալ միջոցառումներ են անցկացնում` ուղղված ինտերնետ-գրաքննության հաղթահարմանը, ֆինանսավորվում են ցանցում ակտիվությունը թաքցնելու արդյունավետ ծրագրերի ստեղծման տարբեր նախագծեր: Այսպես, «Թղթակիցներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունը 2009թ. թողարկեց «Հրահանգներ բլոգերների և կիբեր-դիսիդենտների համար» երկրորդ, թարմացված հրատարակությունը1, որն էլ հենց ուղղված է այն բանին, որ խոչընդոտի տեղեկատվության արգելափակմանն ինտերնետում:
Չինաստանը, որն ինտերնետի զտման առավել արդյունավետ աշխատող համակարգ ունի, հաճախ ի վիճակի չէ փակել «Չինական մեծ firewall2» կոչվող իր պաշտպանության բոլոր ճեղքերը: Չնայած զտման բոլոր փորձերին` անհրաժեշտ տեղեկատվությունը, օգտագործողի հմտության պարագայում, միևնույն է, հոսում է չինական վիրտուալ սահմանի երկու ուղղությամբ էլ: - Կտրուկ ավելացել են վիրտուալ սոցիալական կապերը. այժմ միջին օգտվողի շփման շրջանակն ինտերնետում այնքան լայն է, այնքան բազմակողմ և գլոբալ, որ թույլ է տալիս տեղեկատվությունն ամենակարճ ժամանակում տարածել առավելագույն լայն շառավղով, ընդունող-փոխանցող օղակների միջոցով։
- Ցանցում տեղեկատվության տարածման հնարավորություններն էլ ավելի դինամիկ և կրոս-պլատֆորմային են դառնում։ Այսպես, այսօր օգտվողը հնարավորություն ունի որոշակի սերվիսների միջոցով բազմացնել իր հաղորդագրությունը. հրապարակումը մեկ սոցիալական ցանցում կամ բլոգում հանգեցնում է այն բանին, որ նույն գրանցումը հայտնվում է նույն օգտվողի այլ աքաունթներում՝ դրանով իսկ ընդլայնելով նախնական տեղեկատվության ներթափանցումը։
- Մեկ այլ գործոն է մոբիլ տեխնոլոգիաների ավելի լայն օգտագործումը։ Այժմ միջին արժողության բջջային հեռախոս ունեցող ամեն մարդ կարող է սոցիալական թղթակից դառնալ, նկարել և կարճ ժամանակաընթացքում ցանց ներմուծել լուսանկարներ և տեսանյութ ինչ-որ միջադեպի մասին, որն ավանդական լրատվամիջոցները չեն հասցրել լուսաբանել, կամ էլ տեղեկատվությունը գրաքննության ենթակա է եղել։ Այսպես, Facebook սոցիալական ցանցն ավելի քան 100 մլն օգտվող ունի, որոնք օգտագործում են կայքի մոբիլ տարբերակը։
- Ցանցում հրապարակման արդի միջոցները միայն բազմացման և կրոս-պլատֆորմայնության հնարավորություններ չէ, որ ունեն, դրանք նաև տեղեկատվության մի տեսակը մյուսի փոխելու ավտոմատ հնարավորություն են տալիս։ Այսպես, շատ պլատֆորմներ այժմ հնարավորություն են տալիս իրենց այցելուներին սոցիալական ցանցերում նորություններ հրապարակել բջջային հեռախոսով համապատասխան բովանդակության հաղորդագրություններ կամ նամակներ ուղարկելու միջոցով։ Այսինքն՝ անգամ ամենապարզ բջջային հեռախոսը, որը լրացուցիչ հնարավորություններ չունի, թույլ է տալիս հաշվված վայրկյաններում համաշխարհային ցանցի միջոցով կարևոր տեղեկատվություն տարածել հենց փողոցից՝ չդիմելով ինտերնետ-տեխնոլոգիաներին։
Այսպիսով, արդի ինտերնետ-տեխնոլոգիաները, սոցիալական ցանցերը թույլ են տալիս սովորական միջին օգտվողին, որը ինտերնետ մտնելու հնարավորություն ունեցող համակարգիչ կամ բջջային հեռախոս ունի (անգամ միայն SMS ուղարկելու հնարավորություն ունեցող), դառնալ տեղեկատվության աղբյուր ավանդական ԶԼՄ-ի համար դժվար մատչելի տեղերից։
Ընդ որում, հիպերսոցիալացման փուլ անցնող արդի ինտերնետի առանձնահատկությունները հանգեցնում են նրան, որ հասարակական առումով նշանակալի ցանկացած տեղեկատվություն սկսում է տարածվել հեղեղի նման՝ արագ լցնելով տեղեկատվական հոսքերը։ Տեղեկատվությունը գերհոսուն է դարձել, իսկ ինտերնետը մոտ է այնպիսի վիճակի, որը կարող է անվանվել գերհաղորդունակ. ոչ ֆորմալ սոցիալական ցանցերով չափազանց կարևոր տեղեկատվության տարածման արագությունը գրեթե ակնթարթայինին է մոտենում։
Սոցիալական ցանցերի գերհագեցածությունը
Ավանդական լրատվամիջոցները հարկադրված են ինչ-որ կերպ արձագանքել տեղեկատվության այլընտրանքային այսպիսի աղբյուրների հայտնվելուն։ Ամենից հաճախ մրցակցությունն այսօր հանգեցնում է երկու մեդիա-տեսակների սերտաճմանը. մամուլն ավելի հաճախ է օգտագործում բլոգերների, զանազան ցանցերի մասնակիցների հաղորդումները։ Այսպես, Իրանում նախագահական ընտրություններից հետո ընդդիմության և իշխանությունների բախումների ընթացքում արևմտյան շատ լրատվամիջոցներ որպես տեղեկատվության աղբյուր օգտագործում էին Twitter կայքից իրանցի օգտվողների հաղորդումները, որոնք արվում էին փողոցից, անմիջապես բախումների ժամանակ։ Նման տեղեկատվության օպերատիվությունը ոչնչի հետ չես համեմատի, քանի որ արվում է անմիջապես ականատեսի կողմից, որը թղթակցությունը հաղորդում է իր բջջային հեռախոսով (հատկապես հաշվի առնելով այն, որ օտարերկրյա լրագրողների աշխատանքն իրանական իշխանությունների կողմից սահմանափակված էր այդ պահին)։
Մյուս կողմից` իրադարձությունների մասին տեղեկատվության ակտիվ հոսքերն օն-լայն ռեժիմում հանգեցնում են ողջ աշխարհի օգտվողների գերմեծ հետաքրքրությանը: Իրադարձությունների հանդեպ գերհետաքրքրությունը, այսինքն` որոշակի հոսքերի հանդեպ հսկայածավալ լսարանի հետաքրքրությունն այդ հոսքերը դարձնում է խոցելի այն խմբերի կողմից, որոնք սեփական նպատակներ են հետապնդում: Այսպես, իրադարձությունների ակտիվացման պարագայում, երբ ներկա են բլոգերներ կամ սոցիալական ցանցերի օգտվողներ, որոնք տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկացնում են օն-լայն ռեժիմում, իրավիճակը հանգեցնում է մեկ ուղղությամբ տեղեկատվության կտրուկ ավելացման (օրինակ, բախումներն Իրանում, հեղափոխությունը Ղրղզստանում և այլն): Հետևաբար, ի հայտ են գալիս բազմաթիվ մարդիկ, որոնք խիստ հետաքրքրված են, որպեսզի տեղեկատվություն ստանան առավելագույնս հապճեպ ռեժիմով: Բացի այդ, հաճախ գոյություն ունի կոնֆլիկտի երկրորդ կողմը, որը փորձում է թաքցնել տեղեկատվությունը: Տեղեկատվության լիակատար արգելափակման բարդությունների մասին վերոնշյալը նկատի ունենալով` այսօր ծագում են գրաքննության այլ մեթոդներ:
Տեղեկատվության հեղեղանման ավելացումը հանգեցնում է ոչ միայն աղբյուրների տեսակավորման և դրանցից առավել հավաստիների բացահայտման աշխատանքի պարզ գծային ավելացման (նշենք, որ հոսքերի ավելացումը կապված է ոչ միայն ուղղակիորեն ինտերնետի մեծացող հնարավորությունների հետ: Գործում է նաև ակտիվության ուժեղացման գործոնը. օրինակ, գրաքննության ուժեղացումը կտրուկ մեծացնում է նաև սոցիալական թղթակիցների` հասարակ մարդկանց քանակն ու որակը, որոնք ուզում են աշխարհին իրենց պատկերացումների և հնարավորությունների սահմաններում հավաստի տեղեկատվություն հասցնել): Ավանդական ԶԼՄ խմբագիրների համար (ինչպես նաև այն օգտվողների համար, որոնք ուզում են ինքնուրույն գտնել տեղեկատվությունը սոցիալական ցանցերում) այսօր առավել էական խնդիր են դառնում տեղեկատվության աղետալի չափերի հասնող ավելացումը և արժանահավատ աղբյուրներ գտնելու դժվարությունները:
Բացի տեղեկատվության սովորական հսկայական հոսքից, հավաստի աղբյուրների որոնումը դժվարանում է նաև նրանով, որ.
- Բազմաթիվ օգտվողներ պատճենում են նորությունները, որպեսզի օգնեն դրանց տարածմանը: Մի կողմից` սա դրական գործոն է: Մյուս կողմից` վերահրապարակումների զանգվածում առաջնային աղբյուրը կորչում է: Հաճախ ակտիվ փոխանցողը կարող է սխալմամբ որպես սկզբնաղբյուր ճանաչվել:
- Թեմայի հանդեպ հետաքրքրությունից օգտվում են սփամերները, որոնք ցանցում տեքստային տեղեկատվություն են զետեղում կարևոր թեմայի վերաբերյալ, այն դեպքում, երբ հղումը տանում է դեպի թեմայի հետ բոլորովին կապ չունեցող կայք, որն, ի հաշիվ դրա, լրացուցիչ թրաֆիկ է ստանում:
- Ակտիվ թեմաների միջոցով հաքերային խմբավորումները մեծ քանակությամբ վիրուսներ են տարածում: Թեմայի հանդեպ մեծ հետաքրքրությունը նկատի ունենալով` օգտվողները հաճախ, շտապելով, սեղմում են այն հղման վրա, որն իբր կապված է հրատապ հարցի հետ և հայտնվում են այն կայքերում, որոնք վարակված են վնասաբեր ծրագրերով: Սա հատկապես ակտուալ է Twitter կայքի համար, որտեղ գործում են ինտերնետ հասցեի համառոտիչներ, ինչի պատճառով օգտվողը չի տեսնում, թե ուր է անցնում հղման վրա սեղմելիս:
- Ի հայտ են գալիս չճշտված տեղեկատվության բազմաթիվ վերահրապարակումներ. մարդիկ հաճախ շփոթում են իրադարձությունները: Ցանցում, օրինակ, հայտնվում են կադրեր, որոնք կապված չեն տվյալ իրադարձության հետ և այլն:
Մեկ այլ էական առանձնահատկություն է գրաքննության նոր մեթոդի հայտնվելը (որն, ի դեպ, հիմնվում է նոր պլատֆորմի վրա դրված հին մշակումների վրա): Իրանական իրադարձությունների ժամանակ արդեն հասկանալի դարձավ, որ տեղեկատվական հոսքերը զգալիորեն ձևափոխված են: Մի կողմից` փողոցներում աշխատում էին մի քանի տասնյակ մարդիկ բջջային հեռախոսներով: Այնուհետև նրանց հաղորդումները վերահրատարակվում էին ահավոր չափերի հասնող քանակությամբ: Սակայն նկատվեց, որ սփամից, վիրուսներից և պարզապես վերահրապարակումներից բացի, ինչ-որ պահի ցանց մտցվեց ապատեղեկատվության հսկայական քանակություն: Բազում ենթադրություններ արվեցին, որ ապատեղեկատվությունը ցանց են մտցնում Իրանի հատուկ ծառայությունները:
Անհնար է հաստատել կամ հերքել այս տեղեկատվությունը, սակայն փաստ է, որ բախումների առաջին օրերին Իրանի հատուկ ծառայությունները չկարողացան արգելափակել տեղեկատվության արտահոսքը. ակտիվիստներին հաջողվում էր միջնորդավորված ճանապարհներով տեղեկատվությունը դուրս հանել, որն այնուհետև վերահրապարակվում էր տասնյակ հազարավոր ակտիվիստների կողմից ողջ աշխարհով մեկ: Ուստի, տեղեկատվության արգելափակման առավել գործուն մեթոդը դարձավ ոչ թե աղբյուրների ուղղակի փակումը, այլ դրանց վարկաբեկումը` քանակով ու որակով համադրելի ապատեղեկատվության տարածման օգնությամբ:
Այսպիսով, այսօր այլընտրանքային ԶԼՄ-ի միջոցով տեղեկատվության տարածման խնդիր են դառնում մի քանի գործոն, որոնք առայժմ դժվարվերահսկելի են և լուրջ պատրաստություն են պահանջում (ԶԼՄ խմբագիրների կամ փորձագետների և այլոց համար, որոնք օգտվում են այդ աղբյուրներից).
- Գլոբալ հետաքրքրություն առաջացնող լուրջ իրադարձությունների դեպքում տեղեկատվության քանակը միավոր ժամանակում դառնում է կրիտիկական` վերլուծությունը չափազանց դժվար, եթե ոչ` անհնարին դարձնելով:
- Սփամի, վնասաբեր ծրագրերի, տեղեկատվական աղմուկի քանակը դառնում է ծայրահեղ մեծ:
- Հակամարտության կողմերից մեկի կողմից ապատեղեկատվության վերահսկվող տարածումը խիստ բարդացնում է տեղեկատվության հավաստիության խնդիրը: Հատկապես հաշվի առնելով ինտերնետի «անստորագիր լինելը» (ինչը նման դեպքերում հաճախ հարկադրական է լինում. օրինակ` դիսիդենտը չի կարող բացահայտ ներկայացնել իրադարձությունները, քանի որ սպառնալիքի տակ կդնի իր անվտանգությունը):
1http://en.rsf.org/spip.php?page=article&id_article=33844
2Մի ցանցը մեկ այլ ցանցի միջոցով պաշտպանելու մեթոդ է։ Firewall-ը կանխում է ոչ ցանկալի մուտքը պաշտպանված ցանց, միևնույն ժամանակ մուտքի իրավունք տրամադրելով պաշտպանված ցանցին firewall-ից դուրս գտնվող ցանցերից։ Սովորաբար ընկերությունները firewall տեղադրում են, որպեսզի օգտագործողներին հնարավորություն տրվի մուտք գործել ինտերնետ՝ պաշտպանելով նրանց ներքին տեղեկատվությունը։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԸՍՏ ՕՐԻՆԱԳԾԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ՀԱՆԳԻՍՏ ԿԱՐՈՂ Է ԴԻՏԱՐԿՎԵԼ ՈՐՊԵՍ ԱՆԱՆՈՒՆ ՀՂՈՒՄ. Սամվել Մարտիրոսյան[20.10.2021]
- ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱՆԵՐԸ[27.09.2018]
- ՈՒՂԻՂ ԵԹԵՐՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ (ինչպես ձևափոխվեց տեղեկատվական դաշտը)[08.06.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԱՔԵՐԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[05.04.2018]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2017Թ.)[07.12.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[06.10.2017]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2016Թ.[26.07.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ[31.05.2017]
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՍՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ[10.05.2017]
- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՔԵՐՆԵՐԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ[29.03.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ․ ԻՐԱՎԻՃԱԿԸ 2016Թ.[30.01.2017]