
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱՑՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ
Հայ-թուրքական հարաբերությունների ներկա դինամիկան կարող են փոխել ՀՀ և ԼՂՀ, ինչպես նաև Սփյուռքի տեղեկատվական դաշտի ձևաչափը և բովանդակությունը։
Ադրբեջանը և Թուրքիան այսօր Հայաստանի հիմնական հակառակորդներն են տեղեկատվական դաշտում։ Ընդ որում՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման շուրջ ծավալված զարգացումներն արդեն որոշակիորեն ձևախախտել են տեղեկատվական դաշտը։ Ադրբեջանը սկսել է վարել ոչ միայն հակահայկական, այլ նաև մասամբ հակաթուրքական քարոզչություն, որը հիմնականում ուղղված է թուրքական և ադրբեջանական հասարակությանը։ Սրա հետ կապված՝ որոշակիորեն թուլացել է Հայաստանի դեմ ուղղված ճնշումը։
Թուրքական ճակատն, իր հերթին, ավելի թափանցելի է դարձել Հայաստանի համար։ Երկու երկրների միջև որևէ հարաբերության բացակայության պայմաններում հիմնական տեղեկատվական պայքարն ընթանում էր Թուրքիայի և նրա արբանյակների (թուրքական սփյուռքյան կազմակերպություններ, Թուրքիային աջակցող ադրբեջանական, հրեական կազմակերպություններ և այլն) ու Սփյուռքի (հիմնականում՝ արևմտահայ) միջև։ Այդ շրջանում թուրքական տեղեկատվական դաշտը Հայաստանում մեծ մասամբ ընկալվում էր սփյուռքյան տեղեկատվական հոսքերի տեսանկյունից։
Այսօր իրավիճակը փոխվել է։ Հայկական ԶԼՄ-ի համար թուրքական պարբերականները, կազմակերպությունները, փորձագետները «նյուսմեյքերներ» են դարձել։ Ինտերնետից օգտվողները Հայաստանում, իրենց հերթին, սկսել են ավելի ակտիվ կարդալ թուրքական on-line մամուլը։ Փաստորեն, հայկական տեղեկատվական դաշտն ինչ-որ չափով հայտնվել է թուրքականի ազդեցության տակ։
Ազդեցություն Հայաստան-Սփյուռք կապի վրա
Թուրքական քարոզչությունն արդեն ակտիվորեն աշխատում է այն ուղղությամբ, որ սեպ խրի Հայաստանի ու Սփյուռքի միջև։ Այսօր այդ նպատակով օգտագործվում են Հայության շրջանում առկա հակասությունները հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված։
Այստեղ որպես միջնորդ հանդես է գալիս ադրբեջանական մամուլը։ Ադրբեջանի միջոցով է արդեն զտված թուրքական քարոզչությունը հայտնվում հայկական դաշտում։ Ադրբեջանական կողմն օգտագործում է մի շարք գործոններ, որոնցից հիմնական են համարվում երկուսը.
- Հայկական մամուլը և ինտերնետից օգտվողները մինչև օրս որոշակի չափով կախվածության մեջ են գտնվում ադրբեջանական մամուլից, որից էլ վերցնում են տարածաշրջանային բնույթի նորությունները:
- Լեզվի գործոնը. Հայաստանում ինտերնետից օգտվողները հիմնականում տիրապետում են ռուսերենին, ավելի քիչ` անգլերենին: Սրանից ելնելով` ադրբեջանական մամուլն ակտիվորեն անգլերենից ռուսերեն է թարգմանում թուրքական մամուլի անհրաժեշտ հատվածները` հայ հասարակության վրա հոգեբանական և տեղեկատվական ճնշում գործադրելու համար: Բացի այդ, ակտիվորեն օգտագործվում են նաև թուրքալեզու մամուլի նյութերը, ինչը չի վերահսկվում և ստուգվում հայկական ԶԼՄ-ի կողմից այն պարզ պատճառով, որ շատերը չէ, որ թուրքերեն գիտեն:
Այս երկու գործոնը թուրքական և ադրբեջանական մամուլին թույլ են տալիս բավական ակտիվ ազդեցություն ունենալ հայկական տեղեկատվական դաշտի վրա: Փորձ է արվում աշխատել հայ հասարակության տարբեր հատվածների մեջ պառակտում մտցնելու ուղղությամբ` արդեն առկա հակասությունների հիմքի վրա:
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Թուրքիայի հետ սահմանը բացելու պարագայում Հայաստանը երես առ երես կհայտնվի մեկ այլ իրականության առջև: Խոսքը Թուրքիայի հայ համայնքի մասին է: Հաշվի առնելով այն փաստը, որ համայնքը կազմված է ինչպես այն հայերից, որոնք այստեղ են մնացել դեռ Ցեղասպանության ժամանակներից, այնպես էլ ՀՀ-ից այստեղ եկածների ալիքից, Թուրքիան հնարավորություն է ստանում խաղարկել նաև թուրքական հասարակության հետ պառակտվելու խաղաթուղթը: Մանավանդ որ համայնքը բավական դժվար կացության մեջ է գտնվում և կարող է ենթարկվել թուրքական իշխանությունների ճնշումներին: Հրանտ Դինքի սպանությունից հետո արդեն պարզ դարձավ, որ հայ համայնքը Թուրքիայի իշխանությունների համար քարոզչազենք է արտաքին աշխարհում իր իմիջի ձևավորման համար: Ճիշտ նույն կերպ էլ հայկական գործոնը Թուրքիայում կարող է Հայաստանի և Սփյուռքի հասարակությունների վրա հոգեբանական ազդեցություն գործելու զենք դառնալ:
Հայկական մեդիադաշտը
Հայկական մեդիադաշտը, ինչպես արդեն նշվել է, այսօր մասամբ գտնվում է թուրքական ազդեցության ներքո: Հարկ է նկատի ունենալ, որ իրենց ունեցած ռեսուրսներով թուրքական զանգվածային լրատվամիջոցները գերազանցում են Հայաստանի ԶԼՄ-ներին:
Առաջին հնարավոր քայլը կլինի թուրքական ԶԼՄ թղթակցային կետերի ստեղծումը Հայաստանում: Ընդ որում` դժվար թե հայկական կողմը նույնքան օպերատիվորեն արձագանքի դրան. հայկական մամուլը խիստ կողմնորոշված է դեպի ներքաղաքական դաշտը (նույնիսկ ԼՂՀ-ում չեն ստեղծվում հայկական ԶԼՄ թղթակցային կետեր):
Երկրորդ փուլում Հայաստանում հնարավոր է թուրքական տպագիր արտադրանքի տարածում: Անգլերեն լեզվով` հայերի և զբոսաշրջիկների համար: Թուրքերեն լեզվով` Թուրքիայից հնարավոր միգրանտների համար:
Երրորդ փուլում չի կարելի բացառել, որ ստեղծվեն հայ-թուրքական համատեղ, ինչպես նաև զուտ թուրքական լրատվամիջոցներ հայերեն լեզվով:
Հայկական տեղեկատվական դաշտը պատրաստ չէ նրան, որ Թուրքիան ակտիվորեն ներխուժի այդ դաշտ, ընդ որում` ոչ միայն անգլերեն, այլև հայերեն լեզվով: Թուրքիայում արդեն գործում է հայալեզու ռադիո: Բացի այդ, այնտեղ հայերեն պարբերականներ են ստեղծվում նաև հայ համայնքի կողմից:
Ադրբեջանն արդեն հոկտեմբերից հայերեն նորություններ է հեռարձա-կում արբանյակային հեռուստաալիքով: Սակայն ադրբեջանական և թուրքական ներխուժումը հայալեզու տեղեկատվական դաշտ կտրուկ կտարբերվի որոշ բնութագրիչներով.
- Թուրքիայում լրջորեն ուսումնասիրվում է հայկական հոգեբանությունը: Ուստի, տեղեկատվության հոսքը կլինի կշռադատված, ի տարբերություն ադրբեջանական կոպիտ քարոզչության:
- Հայոց լեզվի ուսուցումը Թուրքիայում քաջալերվում է պաշտոնյաների շրջանում: Բացի այդ, հայ համայնքում կան շատերը, որոնք այս կամ այն կերպ համագործակցում են իշխանությունների, մամուլի հետ: Եվ այն-տեղ կան ինչպես հայկական մամուլի մոնիթորինգի, այնպես էլ լավ հայերենով նյութերի ստեղծման լուրջ հնարավորություններ:
Տեղեկատվական դաշտի նման փոփոխություններին հայ հասարակությունը պատրաստ չէ: Թուրքիայի տեղեկատվական դաշտը խիստ բազմազան է, դինամիկ և շատ ավելի կոշտ մրցակցություն է պահանջում, քան նույն Ադրբեջանը:
Հնարավոր են և հակառակ գործընթացներ. հայկական լրատվամիջոցներն են սկսում թուրքերենով հեռարձակումները: Եթե ավելի վաղ մի քանի տարի գոյություն ուներ «Ազգ» օրաթերթի թուրքերեն on-line տարբերակը, ապա այսօր արդեն երկու ինտերնետ գործակալություն` Tert.am и News.am, իրենց լրահոսը թարգմանում են թուրքերեն: Մի կողմից` սա լավ հնարավորություն է թուրքական հասարակության այն հատվածի վրա ազդեցություն գործելու համար, որն անգլերեն չի կարդում: Մյուս կողմից` ձևավորվում է հայկական համայնքի կողմից չվերահսկվող տեղեկատվական դաշտ, որը կարող է ժամանակի ընթացքում ինֆոգեն սպառնալիք դառնալ: Հենց այն պատճառով, որ Հայաստանից դուրս են գալիս այնպիսի տեղեկատվական հոսքեր, որոնք ձևավորվում և վերահսկվում են խիստ սահմանափակ թվով մարդկանց կողմից:
Էլեկտրոնային անվտանգություն
Թուրքիայի հետ սահմանների բացումը Հայաստանի համար կարող է նշանակել նաև արտաքին աշխարհի հետ տվյալների փոխանակման միջանցքների դիվերսիֆիկացում: Հնարավոր է, որ ստեղծվեն Հայաստանից Թուրքիայի տարածքով դեպի արտաքին աշխարհ տանող օպտիկամանրաթելային երթուղիներ:
2008թ. հոկտեմբերին տեղեկատվություն հայտնվեց այն մասին, թե «Բիլայն» ընկերությունը և թուրքական հեռահաղորդակցային օպերատորը («Turkcell») բանակցություններ են վարում պահեստային ինտերնետ ալիքի ստեղծման շուրջ: Չնայած հետագայում այս տեղեկությունը հերքվեց ընկերության կողմից, ակնհայտ է, որ սահմանների բացման և բաց մրցակցության պայմաններում «թուրքական մալուխն» իսկապես կարող է իրականություն դառնալ:
Այս դեպքում պետք է նկատի ունենալ, որ Թուրքիայից եկող ինտերնետ թրաֆիկը վերահսկելի է դառնալու թուրքական հատուկ ծառայությունների կողմից:
Բացի այդ, խոսքը կարող է վերաբերել նաև տվյալների փոխանակման համար թուրքական հեռահաղորդակցային արբանյակների օգտագործմանը: Հայաստանը մասամբ նման փորձ ունի: Այսպես կոչված «վիրտուալ մետաքսի ճանապարհը», որում ներգրավված են հետխորհրդային մի շարք երկրներ, մի քանի տարի Հայաստանի գիտական և կրթական կառույցներին ինտերնետը հասանելի դարձնելու համար օգտագործում էր թուրքական հաղորդակցային արբանյակը: 2002թ. արդեն գործի դրվեց Eurasiasat-1/TurkSat-2A արբանյակը:
Ամփոփում
Ինֆոգեն բնույթի պոտենցիալ սպառնալիքները Թուրքիայի կողմից առաջիկայում կարող են ավելանալ: Հարկ է նկատի ունենալ երկու գործոն.
- Թուրքիան առաջիկայում չի դադարի լինել Հայաստանի տեղեկատվական և քաղաքական մրցակիցը` անգամ արձանագրությունների ստորագրումից և դրանցում ներկայացված` երկու երկրների մերձեցման ծրագրերի իրականացումից հետո:
- Չնայած Թուրքիայի հետ ունեցած հակասություններին` Ադրբեջանը չի դադարի լինել Անկարայի դաշնակիցը: Անկարա-Բաքու քարոզչական տանդեմը կշարունակի ճնշումը Հայաստանի վրա: Կշարունակվի նաև Հայաստանի և ընդհանրապես Հայության դեմ գործող ադրբեջանական և թուրքական հաքերային խմբավորումների սերտաճումը:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի և Իսրայելի միջև շարունակվող դիմակայությունը կարող է դրական գործոն հանդիսանալ Հայաստանի համար ինչպես Թել Ավիվի հետ հնարավոր մերձեցման, այնպես էլ իսրայելական կողմի ուժգնացող ճնշման հետ կապված` թուրքական քարոզչամեքենայի թուլացման առումով:
Մյուս կողմից` տեղեկատվական դաշտի կտրուկ փոփոխությունը և աշխուժացումը կհանգեցնեն զանգվածային լրատվամիջոցների, այլընտրանքային մեդիայի արագ զարգացմանը բուն Հայաստանում, և գերակայություններն ավելի շատ արտաքին քաղաքական կլինեն, քան ներքաղաքական:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԸՍՏ ՕՐԻՆԱԳԾԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ՀԱՆԳԻՍՏ ԿԱՐՈՂ Է ԴԻՏԱՐԿՎԵԼ ՈՐՊԵՍ ԱՆԱՆՈՒՆ ՀՂՈՒՄ. Սամվել Մարտիրոսյան[20.10.2021]
- ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱՆԵՐԸ[27.09.2018]
- ՈՒՂԻՂ ԵԹԵՐՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ (ինչպես ձևափոխվեց տեղեկատվական դաշտը)[08.06.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԱՔԵՐԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[05.04.2018]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2017Թ.)[07.12.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[06.10.2017]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2016Թ.[26.07.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ[31.05.2017]
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՍՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ[10.05.2017]
- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՔԵՐՆԵՐԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ[29.03.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ․ ԻՐԱՎԻՃԱԿԸ 2016Թ.[30.01.2017]