
ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ «ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԻ» ՇՈՒՐՋ
2009 թվականի հոկտեմբերի 14-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց ԵՄ անդամակցության թեկնածու երկրների վերաբերյալ տարեկան զեկույցը: Թուրքիայի կտրվածքով 1998 թվականից հրապարակվող 11-րդ զեկույցում ժողովրդավարության ուղղությամբ դրական քայլերից են համարվում քրդերեն լեզվով «TRT-6»-ի հաղորդումները, ալավիների նկատմամբ դրական նախաձեռնությունները: ԵՄ-ն ողջունում էր 2009 թվականի նոյեմբերի 10-ին թուրքական խորհրդարանում պլանավորված «Քրդական հարցի» դեմոկրատական լուծման քննարկումները, որոնց մասին Թուրքիայում խոսում էին դեռեւս հուլիսից:
Այս ամենին զուգահեռ` Իմրալի կղզում ցմահ բանտարկված PKK առաջնորդ Աբդուլա Օջալանը, ինչպես նաեւ PKK 5 զինյալներ տեղափոխվեցին նորակառույց մասնաշենք: Մինչեւ վերջերս այդ կալանավայրը հսկում էին հատուկ նշանակության մարտիկները, իսկ այժմ դա անում են կալանավայրերի սովորական հսկիչները: Թերեւս, իշխանությունների զիջողականության պատճառն այն է, որ Օջալանը համաձայնել է Թուրքիա վերադառնալու կոչով դիմել PKK անդամների խմբին («խաղաղության խմբին»)` որպես PKK-ի կողմից զինյալ պայքարին վերջ դնելու պատրաստակամության ժեստ: Նույնիսկ նշվում է, որ Օջալանն արդեն նախապատրաստել է ընդհանուր դեմոկրատացման շրջանակներում «Քրդական հարցի» փուլային լուծման «ճանապարհային քարտեզը» եւ այն փաստաբանի միջոցով հանձնել թուրքական իշխանություններին:
Միաժամանակ, հոկտեմբերի երկրորդ կեսին Օջալանի կոչով PKK 34 անդամներից բաղկացած «խաղաղության խումբը» վերադարձավ Թուրքիա: Նրանք ձերբակալվեցին, սակայն որոշ ժամանակ անց դատարանը համաներմամբ («զղջման օրենք»-ի հիմքով) ազատեց նրանցից 29-ին, իսկ հետո` նաեւ մնացած 5-ին: Դատարանը դա հիմնավորեց նրանով, որ «PKK-ում գտնված ժամանակ նրանք ոչ մի հանցագործություն չէին կատարել»:
Տասնյակ հազարավոր համակիրներ, քրդական Դեմոկրատական հասարակարգ կուսակցության (ԴՀԿ) գլխավորությամբ, մեծ շուքով ընդունեցին զինյալների վերադարձը, որով էլ հարուցեցին թուրքական հասարակության ու հատկապես ընդդիմության դժգոհությունը: Սակայն ամենամեծ դժգոհությունն արտահայտեցին PKK-ականների կողմից սպանված թուրք զինծառայողների մայրերն ու հակամարտության ժամանակ վիրավորված վետերանները: Այդ կապակցությամբ ԴՀԿ առաջնորդ Ահմեթ Թուրքը հայտարարեց, որ իրենք հետագայում առավել չափավոր կլինեն եւ վերադարձողներին կդիմավորեն միայն նրանց ընտանիքների անդամները:
Սակայն չպետք է կարծել, թե զինյալների Թուրքիա վերադարձով PKK-ն թուլանում է: Այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ Թուրքիա վերադարձած 34 PKK-ականների փոխարեն այս կառույցին են միացել 55 նոր զինյալներ: Իսկ Քրդական ազգային կոնգրեսի անդամ Դուրան Քալքանը քրդական երիտասարդությանը կոչ է արել միանալ PKK-ին, որպեսզի դրանով Թուրքիայի կառավարությանը պարտադրեն խաղաղություն, քանզի միայն իրենց ուժեղ լինելու հանգամանքը դրա հնարավորությունը կընձեռի1:
Թուրքական խորհրդարանում «քրդական նախաձեռնությունների» կապակցությամբ նախնական քննարկումներն սկսվեցին 2009 թվականի նոյեմբերի 10-ին: Հասկանալի պատճառով դրանք ստացան «դեմոկրատական նախաձեռնություններ» անվանումը (ըստ իշխող Արդարություն եւ Զարգացում կուսակցության (ԱԶԿ)` «ազգային միասնության ծրագիր»):
«Նախաձեռնությունները» բաղկացած են 10 կետից.
1. Թուրքիայի միացյալ պետական կարգի պահպանում: Բոլոր քաղաքական կուսակցությունները, ներառյալ ԴՀԿ-ն, կողմ են երկրի միացյալ կարգի պահպանմամբ քրդական հարցի լուծմանը:
2. Քրդերեն լեզվով քաղաքական ակցիաներ անցկացնելու թույլտվություն: Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի 81-րդ հոդվածում, ըստ որի` քաղաքական ակցիաների անցկացումը թույլատրվում է բացառապես թուրքերեն լեզվով: Այսուհետ քրդերենին այդպիսի հնարավորություն կընձեռվի:
3. Քրդերեն լեզվի ուսումնասիրում: Առայժմ ձեռք չի բերված հասարակական կրթության մեջ քրդերենի կիրառման մասին համաձայնությունը: Առաջարկը ներառում է դպրոցներում քրդերեն լեզվի հավելումը` որպես ոչ պարտադիր առարկա եւ հասարակական ուսումնական կենտրոններում այդ լեզվով դասընթացների հիմնումը: Նախատեսվում է նաեւ վերացնել քրդերենով մասնավոր հեռուստակայանների հաղորդումների վերաբերյալ սահմանափակումները:
4. Քրդերենը կթույլատրվի բանտերում: Կվերացվի բանտերում քրդերեն լեզվով հաղորդակցվելու ներկայիս արգելքը:
5. Քրդերեն լեզվով տեղանունների վերականգնումը: Երկրի արեւելքում ու հարավ-արեւելքում կվերականգնվեն հազարավոր քաղաքների ու գյուղերի անունները, որոնք նախկինում փոխարինվել են թուրքական տեղանուններով:
6. Քրդերեն լեզուն ինստիտուտներում: Կառավարությունը երաշխավորում է, որ Մարդինի ու Դիարբեքիրի ինստիտուտներում կբացվեն քրդերեն լեզվի, գրականության ու պատմության ուսումնասիրման ամբիոններ (Սահմանադրության 42-րդ հոդվածով արգելվում է Թուրքիայի ուսումնական հաստատություններում թուրքերենից բացի, այլ լեզուներով դասավանդումը): Նախատեսվում է նաեւ քրդերենով Ղուրանի հրատարակումը:
7. Երեխաներն ահաբեկիչներ չեն: Թուրքիայի արեւելքում ու հարավ-արեւելքում տեղի ունեցած ցույցերի ժամանակ թուրքական ոստիկանության կողմից ձերբակալված քուրդ երեխաները հակաահաբեկչական օրենքի հիման վրա դատապարտվել են գերագույն դատարանի կողմից: Դրա հետ կապված` կառավարությունը պլանավորում է փոփոխություններ մտցնել Հակաահաբեկչական օրենքի 9-րդ հոդվածում, որով կկանխվի երեխաների նկատմամբ այնպիսի պատժամիջոցների կիրառումը, որոնք կիրառվում են չափահասների նկատմամբ: Կառավարությունը նաեւ պլանավորում է սահմանափակել երեխաների մասնակցությունը ցույցերին: Կթույլատրվի նաեւ քուրդ երեխաներին քրդական անուններ շնորհելը:
8. «Ակտիվ զղջման օրենքն» ուժի մեջ է մտնում: Թուրքիայի Քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածով մասնակի համաներման օրենքը, որը կոչվում է «ակտիվ զղջման օրենք», մտնում է ուժի մեջ: Այս օրենքն էֆեկտիվ ազդեցություն կունենա այն զինյալների վերադարձի վրա, որոնք ժամանակին միացել են PKK-ին:
9. Դաժան հանցագործությունները չեն ներվի: Նախատեսվում է փոփոխություններ մտցնել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածում, ինչի շնորհիվ այն ավելի լոյալ կդառնա: Սակայն կառավարությունը երաշխավորում է, որ դաժան հանցագործությունների նկատմամբ կկիրառվեն համարժեք միջոցառումներ:
10. Ազատություն քուրդ մտավորականությանը: Պլանավորվում է, որ կվերականգնվի ահաբեկչական ակցիաներին չմասնակցած քրդերի քաղաքացիությունը:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը նշել է. «Հեռանկարում անհրաժեշտ է, որ Թուրքիան ընդունի նոր «դեմոկրատական եւ քաղաքացիական» սահմանադրություն, որը կփոխարինի 1982 թվականին ռազմական խունտայի օրոք ընդունված սահմանադրությանը»: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Սահմանադրության 66-րդ հոդվածին, որում նշված է. «Ամեն ոք, ով քաղաքացիական պարտականությամբ կապված է թուրքական պետության հետ, թուրք է»: Այս հոդվածով փաստացիորեն ժխտվում է Թուրքիայում այլ ազգությունների առկայությունը: Նախատեսվում են այս արտահայտության այլընտրանքային տարբերակներ:
Սույն նախաձեռնությունների հետ կապված` ընդդիմադիր կուսակցությունները խորհրդարանում բուռն գործունեություն ծավալեցին: Ընդդիմությունը քննարկման օրվա ընտրությունը (նոյեմբերի 10) համարեց անհարգալից վերաբերմունք Քեմալ Աթաթուրքի հիշատակին, քանի որ այդ օրը նրա մահվան 71-րդ տարեդարձի օրն էր: Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) ներկայացուցիչները խորհրդարանում ցուցապաստառներ հանեցին, որոնց վրա գրված էր. «Մեր Աթաթուրք, քո թողածին տեր ենք կանգնելու», «Աթաթուրքի հետքերով ենք գնում», «PKK-ն, հայերն ու ահաբեկիչները թուրքերի թշնամիներն են», «Քուրդ ահաբեկիչներին ներում չկա» եւ այլն: Անգամ ծեծկռտուք տեղի ունեցավ:
Ագրեսիվ վարքով աչքի ընկավ Իզմիրից ընտրված կին խորհրդարանական Զանան Արըթմանը, ով ժամանակին մեղադրել է Գյուլին, թե նրա մայրական կողմը հայկական արմատներ ունի: Զանանը լրագրողների ներկայությամբ նշել է. «Տեսա՞ք, թե Գյուլի կինը վերջին անգամ ինչ հագուստ էր կրում: Միայն միանձնուհիներն են կրում այդպիսի հագուստ: Եթե ասեմ, որ Գյուլի կինը նման է պինգվինի, ապա պինգվիններին վիրավորած կլինեմ»:
ԴՀԿ առաջնորդ Ահմեթ Թուրքն իր հերթին առաջնային համարեց քրդական բնակչության իրավունքների պահպանումը եւ հավելեց, որ թուրքական իշխանությունը պարտավոր է լուծել նաեւ մյուս բոլոր ազգային փոքրամասնությունների խնդիրները2: Կարծիքներ կան, որ Ահմեթ Թուրքի պապը եղել է հայ, որ 1925 թվականին փոխել է անունն ու ազգանունը` հալածանքներից խուսափելու համար:
ԺՀԿ փոխնախագահ Օնուր Օյմենը, որ հայտնի է իր հակաքրդական ու հակահայկական պահվածքով, անսպասելիորեն հայտարարեց, որ ներկայում քրդական հարցը պետք է լուծել այնպես, ինչպես 1937–1938 թվականներին Դերսիմի (հետագայում վերանվանված Թունջելի) կոտորածների ժամանակ: Օյմենն իշխանություններին քննադատել է. «Մի՞թե Աթաթուրքն այդպես է վարվել 1925 թվականի քրդական ապստամբության ղեկավար Շեյխ Սայիդի հետ: Իսկ դուք ահաբեկչի հետ սեղան եք նստում, բանակցություններ վարում: Զենքը ձեռքն առածին ու լեռները բարձրացածին բաց եք թողնում, իսկ ձեռքը գրիչ վերցնողին բանտ նետելը նորմալ եք համարում: Սա՞ է ժողովրդավարացման ձեր հասկացողությունը»: Օյմենի այս հայտարարությունը ցնցել է անգամ ԺՀԿ նախագահ Դենիզ Բայքալին, որը քննադատել է Օյմենին` զգացմունքային թեմաներին անդրադարձ կատարելու համար:
Դրանից հետո Թունջելիի ղեկավարությունն Օյմենին կոչ արեց ներողություն խնդրել թունջելիցիներից: Թունջելիի բնակիչներն էլ Օյմենին հայտարարեցին ֆաշիստ` քաղաքի պատերին փակցնելով նրա նկարները` Հիտլերի նմանությամբ: Նոյեմբերի 17-ին թուրքական «Զաման» թերթին տված հարցազրույցում Օյմենը նշել է. «Ես, իհարկե, չեմ ընդունում, երբ ինձ Հիտլերի հետ են նույնացնում: Ե՞ս եմ ճնշել Դերսիմի ապստամբությունը: Մի՞թե ֆաշիստ էր նաեւ Աթաթուրքը»: Փաստորեն, սրանով Թուրքիայում նախադրյալներ են ստեղծվում Աթաթուրքի թաբուի վերացման համար (երկար տարիներ Աթաթուրքի արժանիքները կասկածի տակ առնողներին սպառնացել է 301-րդ հոդվածով բանտարկվելու կամ աշխատանքից հեռացվելու ու պայմանական բանտարկության վտանգը):
Անդրադառնալով Օյմենի խոսքերին` «Հյուրիյեթի» գլխավոր խմբագիր Էրթուղրուլ Օզքյոքը նշում է. «Օյմենին ուղղված իր քննադատական խոսքում Էրդողանն օգտագործել է «Դերսիմի կոտորած» բառերը: Բացի այդ, Դարֆուրի (Սուդան) ցեղասպանության կապակցությամբ նա նշել է, որ մահմեդականն ի վիճակի չէ ցեղասպանություն իրականացնելու: Իսկ այդ դեպքում ո՞վ է 1937-1938 թվականներին Դերսիմում կոտորել քուրդ-ալավիներին, ո՞վ է ռումբեր նետել նրանց քարանձավների վրա: Միգուցե քրիստոնյա թո՞ւրքը: Ցայժմ անհայտ է մնում «Դերսիմյան իրադարձության» ժամանակ զոհվածների թվաքանակը, որը տատանվում է 7000-90.000-ի միջեւ: Եվ եթե այդչափ մարդկանց սպանությունը պաշտոնապես (Էրդողանի մակարդակով) անվանվում է կոտորած, ապա ինչ ասել «Հայկական հարցի» մասին: Հայկական թեզերի համաձայն, 1915 թվականին զոհվածների թվաքանակը կազմել է 1.5 միլիոն մարդ: Լավ, ասենք թե 600.000 է: Որքա՞ն է այդ թվաքանակը գերազանցում «դերսիմյանը»: Եթե Դերսիմում զոհվածների թվաքանակը կազմել է 7000, ապա` 200 անգամ, իսկ եթե 90.000, ապա 17 անգամ: Եթե Դերսիմում տեղի ունեցածը կոտորած է, ապա ինչպես բնութագրել «Հայկական հարցը». «մեծ կոտորած», «խոշոր կոտորած», «սարսափելի կոտորած», «մեծամասշտաբ կոտորած»: Եվ եթե վաղն այս հարցի պատասխանը ծառանա Թուրքիայի ղեկավարության առջեւ, ապա ո՞րը կլինի պաշտոնական պատասխանը»:
Օյմենի խոսքերում միակ դրական հանգամանքը կարելի է համարել այն, որ մինչ այդ շատ թուրքեր Դերսիմի կոտորածների մասին կա՛մ ոչինչ չգիտեին, կա՛մ էլ գիտեին, որ դա քրդական 28 ապստամբություններից մեկի ճնշումն էր:
Քննարկումները շարունակվեցին նոյեմբերի 12-ին ու 13-ին: Նոյեմբերի 13-ին Էրդողանը թուրքական խորհրդարանում իր ելույթի սկզբում հիշեցրեց, որ Քեմալ Աթաթուրքը քեն չի դրսեւորել այն երկրների նկատմամբ, որոնց դեմ պատերազմել է: Սակայն ընդդիմադիրները, աղմուկ բարձրացնելով, ընդհատեցին Էրդողանի ելույթը, ապա նաեւ ցուցադրաբար լքեցին դահլիճը: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Էրդողանը հարցրեց, թե Դենիզ Բայքալի կուսակցությունը վերջին 3.5 տարում ինչ է արել Թուրքիայի համար: Բացի այդ, Էրդողանն առանց անուններ նշելու, ասաց, որ մարդիկ սկսել են վերակենդանացնել Աթաթուրքին` իշխանության դեմ օգտագործելու համար: Այս խոսքերն իրեն վերագրելով` ԺՀԿ-ն լքեց դահլիճը (Քեմալ Աթաթուրքը ԺՀԿ հիմնադիրն ու հավերժ նախագահն է):
Դահլիճը լքելուց անմիջապես հետո ԺՀԿ ղեկավար Դենիզ Բայքալն ասել է, որ ինքը հարգանքով է վերաբերվում էթնիկ ինքնությանը, սակայն դա չի ենթադրում առանձին ազգի ձեւավորում: Նա հավելել է. «Մեր պետությունը կոչվում է Թուրքիա: Մեր ազգը կրում է թուրք անունը: Թուրքիայում բնակվող քրդերն էլ թուրք ազգին պատկանող քրդեր են: Ասում են, թե թուրքերը հայերին մորթեցին: Մի՞թե դա նշանակում է, որ քրդերը չեն մորթել եւ մորթել են միայն էթնիկ թուրքերը: Սա սխալ է, բայց թիրախի դերում հայտնվել ենք միայն մենք»:
Նոյեմբերի 14-ին Բայքալն իշխանություններին մեղադրեց քուրդ անջատողականների հետ համագործակցության մեջ` այս նախաձեռնությունները որակելով որպես իշխանական խորամանկություն: ԺՀԿ-ն վստահ է, որ ԱԶԿ-ն գաղտնի բանակցություններ է վարում Օջալանի հետ, որպեսզի վերջինս հանդես գա PKK-ի հետ միջնորդի դերում: Չնայած մեկուսացմանը` մատնանշվում է, որ Օջալանը դեռ վերահսկում է PKK-ի գործունեությունը: Բայքալը ճակատագրական սխալ է անվանել զինված կազմակերպության հետ բանակցություններ սկսելը` նշելով, որ եվրոպական եւ ոչ մի երկիր երբեք ահաբեկիչների հետ սեղան չի նստել:
Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դեւլեթ Բահչելին նոյեմբերի 13-ին կայացած նստաշրջանն անվանեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 89-ամյա պատմության ամենատխուր օրերից մեկը: Նա հիշեցրել է, որ երբ 2002 թվականին, ԱԶԿ-ն իշխանության եկավ, խոստացավ վերջ տալ ահաբեկչությանը, իսկ այժմ` 7 տարի անց, ցանկանում է վերջ տալ էթնիկ պետությանը: Բահչելին մտադիր է դատի տալ Էրդողանին: Նոյեմբերի 12-ին, երբ Բահչելին ելույթ էր ունենում թուրքական խորհրդարանում, Էրդողանը ցածրաձայն ծանր հայհոյանք է ուղղել Բահչելիի հասցեին: Դա պարզվել է այն բանից հետո, երբ թուրք ազգայնականները դիմել են շուրթերով կարդացող մասնագետների օգնությանը, ինչի արդյունքում էլ պարզվել է վերոնշյալը:
Էրդողանն իր հերթին մեղադրել է այս երկու կուսակցություններին` Արեւելյան Անատոլիայի բնակիչներին անտեսելու մեջ. «Այդ տարածաշրջանի խնդիրները մեր խնդիրներն են, ինչի համար էլ անհնար է անտեսել դրանք»,–ասել է նա:
Թուրքական հասարակական կարծիքը նույնպես անհանգստացած է: Ցայժմ շատ թուրքեր, պետական քարոզչության շնորհիվ, քրդական հարցը դիտարկել են որպես բացառապես ահաբեկչության խնդիր: Դրա համար էլ թուրքական հասարակությունը դեռ պատրաստ չէ այդ նախաձեռնություններին: Այս պատճառով էլ հասարակության շրջանում որոշակիորեն նվազեց իշխանությունների վարկանիշը: Նոյեմբերի կեսին «MetroPOLL» կենտրոնի անցկացրած սոցհարցումներից հայտնի դարձավ, որ ԱԶԿ կողմնակիցների թվաքանակը կազմել է 32 տոկոս (օգոստոսին` 39 տոկոս): Հասարակության շրջանում ապատեղեկատվություն տարածելուց խուսափելու համար ԱԶԿ-ն ստեղծել է 40 անձից բաղկացած հատուկ խումբ, որի մեջ են մտել մի շարք նախարարներ ու խորհրդարանականներ: Վերջիններս պետք է պարբերաբար շրջեն ողջ երկրում (81 վիլայեթներում) ու բնակչությանը բացատրեն, թե որն է այս նախաձեռնությունների էությունը: Էրդողանը հայտարարել է, որ այդ նպատակով պատրաստ է անձամբ այցելել երկրի 50 վիլայեթ: Նոյեմբերի 14-ին, ելույթ ունենալով Մալաթիայում, Էրդողանը հայտարարեց, որ, հանուն այս գաղափարի, իրենք անգամ պատրաստ են զրկվել իրենց պաշտոններից:
Նոյեմբերի 13-ին ուժի մեջ մտան «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքի» շրջադարձային փոփոխությունները, համաձայն որոնց` վերացվեցին ազգային փոքրամասնությունների լեզուներով ու բարբառներով հեռարձակումների վերաբերյալ ժամանակային եւ այլ կարգի սահմանափակումները: Անշուշտ, շուրջօրյա եթերը կշարունակի վերահսկվել, թերեւս, անհնար կլինի հաղորդումներում քրդական հարցի համակողմանի արծարծումը, Թուրքիայի դատական համակարգի կամ ուժային կառույցների քննադատումը: Սակայն, միեւնույն ժամանակ, այժմ Թուրքիայում կարելի է այլ լեզուներով (ասենք` հայերենով) բացել մասնավոր հեռուստաալիքներ, առանց «Թուրքիայի հեռուստատեսության ու ռադիոյի կազմակերպության» (RTUK) հատուկ թույլտվության:
Ձգտելով երկրում իրականացնել «դեմոկրատական նախաձեռնություններ»` ԱԶԿ-ն այդ նպատակով մտադիր է ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության անկախ մարմին, խտրականության դեմ պայքարի հանձնաժողով, ուժային կառույցների կողմից մարդու իրավունքների խախտման հարցերով անկախ մարմին, ինչպես նաեւ վավերացնել տանջանքների դեմ ՄԱԿ կոնվենցիան:
ԱԶԿ առաջադրած «դեմոկրատական նախաձեռնությունները» դրականորեն կանդրադառնան ոչ միայն Թուրքիայի խոշորագույն ազգային փոքրամասնության` քրդերի իրավունքների բարելավման վրա, այլեւ համապատասխան հիմք կստեղծեն մյուս ազգային փոքրամասնությունների, այդ թվում նաեւ հայերի իրավունքների բարելավման համար:
Բարեփոխումների իրագործմամբ ԱԶԿ-ն հետապնդում է մի քանի նպատակ.
- Ցույց տալ ԵՄ-ին, որ Թուրքիայում կոնկրետ ու հստակ քայլեր են ձեռնարկվում նրա կողմից մատնացույց արված խնդիրների ուղղությամբ, որ չեն անտեսվում ԵՄ խորհուրդներն ու հորդորները: Թուրքիան այս բարեփոխումներով ցանկանում է մեղմել ԵՄ առաջատար որոշ երկրների, մասնավորապես` Ֆրանսիայի ու Գերմանիայի կոշտ դիրքորոշումն իր անդամակցության նկատմամբ: Թուրքիան ցանկանում է կանխել ԵՄ-ի կողմից նոր բեռլինյան պատի ստեղծումը (ինչպես արտահայտվել էր նախագահ Գյուլը): ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության արդյունքում Թուրքիայում զգալիորեն կնվազի զինվորականների դերը, ինչը ԱԶԿ ջանքերով արդեն իսկ որոշակի անկում է ապրել: ԵՄ-ին անդամակցության պարագայում կբացառվի ռազմական հեղաշրջման տարբերակը, ինչը Թուրքիայում մշտապես արդիական է եղել:
- Հանդարտեցնել օրեցօր ակտիվացող քրդական շարժումը, վերջ դնել ռազմական ու ահաբեկչական գործողություններին, դրանով իսկ զգալի գումարներ տնտեսել: Մասնավորապես, ներկայում թուրքական կառավարությունը մեծ գումարներ է ծախսում գյուղական անվտանգության համակարգերի վրա:
- ԱԶԿ-ն արդեն իսկ սկսել է պատրաստվել 2011 թվականի խորհրդարանական ընտրություններին, քանի որ «քրդական նախաձեռնությունները» նրան հնարավորություն են ընձեռում մեծ թվով քվեներ հավաքել երկրի արեւելյան ու հարավարեւելյան քրդաբնակ շրջաններում:
- Ըստ Էրդողանի` «Միամիտ կլինի կարծել, թե դեմոկրատական նախաձեռնությունները ոչ մի ընդհանուր կապ չունեն տնտեսության հետ»: Քրդաբնակ տարածաշրջանում հանդարտության ու կայունության ապահովումը Թուրքիային հնարավորություն կընձեռի զերծ մնալ այն տնտեսական վնասներից, որոնք նա կրում է տարածաշրջանի անհանգիստ լինելու պարագայում. օրինակ, 2008 թվականին, երբ քրդերը պայթեցրին «Թավրիզ–Անկարա» գազամուղը: Քրդերի հանդարտության պարագայում կարելի կլինի Իրանից նոր խողովակաշար (Ասալույե–Բազարգան գազատար) կառուցել դեպի Թուրքիա, ապա նաեւ` դեպի Եվրոպա (ի դեպ, Թուրքիան մտադիր է մինչ 2023 թվականը տեղ զբաղեցնել աշխարհի խոշորագույն տնտեսություն ունեցող երկրների լավագույն տասնյակում):
1Չնայած «քրդական նախաձեռնություններին», նոյեմբերի վերջից սկսած` ողջ Թուրքիայում տեղի ունեցան քրդերի զանգվածային ցույցեր` Օջալանի բանտային պայմանները բարելավելու պահանջով: Այս գործողությունների հետեւում, անշուշտ, կանգնած է PKK-ն, որն իր հիմնադրման 35-ամյակը որոշեց «նշել» Մերսինի շրջանի թուրքական ոստիկանատներից մեկի վրա հարձակմամբ: Թուրքիայի տարբեր վայրերում բախումներ տեղի ունեցան քուրդ ցուցարարների ու ոստիկանական ուժերի միջեւ, ձերբակալվեց 153 մարդ:
2Դեկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը (ՍԴ) քննարկելու է ԴՀԿ գործունեության կասեցման հարցը: ԴՀԿ-ն, որը 550 հոգանոց խորհրդարանում ունի 21 մանդատ, մեղադրվում է PKK-ի հետ կապեր ունենալու մեջ: Մեղադրող կողմը պահանջում է Սահմանադրության 69/9 եւ «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի 95-րդ հոդվածների համաձայն` ԴՀԿ 220 անդամներին, այդ թվում նաեւ կուսակցական վերնախավին 5 տարով արգելել քաղաքական գործունեությամբ զբաղվել: Հատկանշական է, որ թուրքական դատարանի հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ երկրի կառավարությունը պլանավորել է բարեփոխումներ իրականացնել: Ի դեպ, այսպիսի հայց բացվել էր դեռեւս երկու տարի առաջ` 2007թ. նոյեմբերին, սակայն այն ժամանակ դա մերժվել էր, եւ կուսակցությունն իրավունք էր ստացել մասնակցելու 2008թ. մարտի տեղական ինքնակառավարման ընտրություններին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ՍԴ-ն բաղկացած է 11 հիմնական ու 4 պահեստային անդամներից, եւ որոշման ընդունման համար անհրաժեշտ է 7 քվե:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[05.06.2018]
- «ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ[18.04.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՋՐԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՈՒՐՋ[26.03.2018]
- ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[21.03.2018]
- 21-ՐԴ ԴԱՐԸ՝ «ՔՐԴԱԿԱ՞Ն ԴԱՐ»[19.12.2017]
- ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ[13.12.2017]
- «ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱ». ՊԱՏՄԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆՆԵՐ[10.11.2017]
- ԿԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ[21.07.2017]
- «ԻՆՋԻՐԼԻՔԻ» ԹՆՋՈՒԿԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ[27.06.2017]
- ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ[11.05.2017]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԵՓՐԱՏԻ ՎԱՀԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ[04.04.2017]