Ցեղասպանությունների ժխտում եվ ճանաչում

Վերջին շրջանում ցեղասպանությունների ժխտման եւ ընդունման հարցը դարձել է միջազգային քաղաքականության քննարկվող թեմաներից մեկը: Խնդիրը հստակորեն քաղաքականացվել է եւ մարտավարական նշանակություն ձեռք բերել, եւ որոշ պետություններ բարոյական արժեքների վերականգնման հրամայականի միջոցով փորձում են լուծել բավականին իրատեսական խնդիրներ:
Ժխտողների համաժողով
2006թ. դեկտեմբերի 11-12-ին Իրանի ԱԳՆ Միջազգային եւ քաղաքական հետազոտությունների ինստիտուտում կազմակերպվեց «Հոլոքոստի ուսումնասիրություն, միջազգային հայացք» գիտական համաժողով, որի նպատակ էր հռչակված հետազոտողների համար սեփական հայացքներն ազատորեն արտահայտելու հնարավորության ստեղծումը: Թեհրանի համաժողովի մասնակից ավելի քան 30 երկրների գիտնականներ կարծիք հայտնեցին, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ոչնչացված հրեաների թիվը զգալիորեն ուռճացված է, իսկ համակենտրոնացման ճամբարներում գազախցիկների գոյության հարցը` կասկածելի:
Համաժողովին ակտիվ մասնակցություն ցուցաբերած Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կոչ արեց միջազգային հանրությանը Հոլոքոստի մանրամասն պատմական ուսումնասիրություն անցկացնել, ինչը կնպաստի այս հարցի շուրջ վեճերի դադարեցմանը եւ «վերջ կդնի Իսրայելի հանցագործություններին»: Ահմադինեժադը Հոլոքոստը հրապարակայնորեն առասպել անվանելով` արդեն իսկ այն երկրներին, որոնք մեղքի զգացում ունեն հրեաների զանգվածային ոչնչացման համար, առաջարկել էր իրենց տարածքի մի մասը տրամադրել նոր հրեական պետության ստեղծման համար եւ դրանով լուծել պաղեստինյան հիմնահարցը:
Սրանով Ահմադինեժադը նախ սադրանքի է ենթարկում Արեւմուտքին եւ, միաժամանակ, երկրի հասարակությանը պահում զգոնության մեջ: Բացի այդ, հակասեմիտականությունը մշտապես դրական կերպով է ընկալվել մահմեդական աշխարհում1, եւ Իրանն օգտագործում է նաեւ այդ միջոցը` ստանձնելու համար իսլամական աշխարհի առաջնորդի դերը:
Պետք է նշել, որ Իրանն առաջին անգամ չէ, որ օգտագործում է Հոլոքոստի թեման քաղաքական նպատակներով: 2006թ. փետրվարին` որպես արեւմտյան լրատվամիջոցներում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների տպագրության պատասխան, իրանական իշխանությունները նախաձեռնել էին Հոլոքոստի թեմայով ծաղրանկարների մրցույթ:
Համաժողովը դատապարտվեց շատերի կողմից, իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը կոչ արեց` Իրանի նախագահին ցեղասպանության մեղադրանքով հանձնել միջազգային դատարան, նկատի ունենալով Ահմադինեժադի բազմաթիվ արտահայտություններն Իսրայել պետության վերացման անհրաժեշտության մասին:
ՄԱԿ-ի պատասխանը
Ս.թ. հունվարի 26-ին այս հարցին անդրադարձավ նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան` ընդունելով Հոլոքոստի ժխտումը դատապարտող բանաձեւ:
Բանաձեւը, որը հավանության արժանացավ ՄԱԿ-ի 192 անդամ երկրներից 103-ի կողմից, կազմված է երկու պարբերությունից. առաջինն անվերապահորեն դատապարտում է «Հոլոքոստի ցանկացած ժխտումը», իսկ երկրորդում կոչ է արվում ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին «անվերապահորեն բացառել այս պատմական փաստի նկատմամբ բոլոր մասնակի կամ ամբողջական կասկածները, ինչպես նաեւ այն փորձերը, որոնք նպատակ ունեն ապացուցել, որ Հոլոքոստն առասպել է»:
Իրանական կողմը հրաժարվեց մասնակցել հարցի քննարկումներին` այն անվանելով քաղաքական խաղ:
Ընդհանրապես բանաձեւի ամբողջ նպատակը նմանատիպ գործողությունների վտանգավորության ընդգծումն է, ինչը ժամանակակից պայմաններում բավականին հրատապ է դառնում, հաշվի առնելով, օրինակ, սուդանական Դարֆուր երկրամասի դեպքերը, որոնք շատերը հակված են ընդունել իբրեւ ցեղասպանություն: Բանաձեւը հատուկ հղում է կատարում այն հանգամանքին, որ «Հոլոքոստի սարսափելի իրադարձությունների պատմական փաստի անտեսումն ավելացնում է դրանց կրկնվելու վտանգը»:
Պատահական չէ, որ վերջին տարիներին նման բանաձեւեր արդեն մի քանի անգամ ընդունվել են: Այսպես, 2005թ. նոյեմբերին ՄԱԿ-ն ընդունել էր «Հոլոքոստի հիշատակի մասին» բանաձեւ, որը ոչ միայն հունվարի 27-ը հռչակում էր Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր, այլ նաեւ մերժում էր Հոլոքոստի ժխտումը ցանկացած ձեւով, լինի դա ամբողջական կամ մասնակի ժխտում:
Նոր բանաձեւը գրեթե ամբողջությամբ կրկնում է նախորդը, եւ պարզ է, որ նրա ընդունումը նաեւ Իրանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանաձեւի հեղինակը ԱՄՆ-ն էր:
Եվրոպական բանաձեւ
Եվրոպան այս պարագայում ավելի արմատական գտնվեց:
Գերմանիան, որը 2007թ. Եվրամիության նախագահող պետություն է, հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ, որով Հոլոքոստի, ինչպես նաեւ վերջին երկու տասնամյակներում Աֆրիկայում ու Բալկաններում հակամարտությունների ընթացքում ցեղասպանությունների եւ ռազմական հանցագործությունների փաստը ժխտողներին սպասում է երեք տարվա ազատազրկում:
Եվրախորհրդարանի կողմից հաստատվելու դեպքում այն ուժի մեջ կարող է մտնել 2007թ. գարնանը: Այս օրինագիծը հստակ հայտարարում է. «ԵՄ անդամ յուրաքանչյուր պետություն պետք է բոլոր միջոցները ձեռնարկի մարդկության դեմ գործած հանցագործությունների, ցեղասպանությունների կամ ռազմական հանցագործությունների հանրային արդարացման, ժխտման կամ կոպիտ պարզեցման փաստերը պատժելու համար»: Ներկայումս գոյություն ունեցող օրենքներով2 դատավարությունը կարող է իրականացվել միայն այն երկրի տարածքում, որտեղ կատարվել է հանցագործությունը եւ որտեղ նախատեսված է պատասխանատվություն նմանատիպ իրավախախտման համար:
Եթե նոր ներկայացված նախագիծն ընդունվի, այն, անկասկած, կունենա ավելի մեծ կիրառություն: Առաջարկվող օրենքում «ցեղասպանություն» տերմինի մեկնաբանությունը շատ է ընդարձակվել. բացի Հոլոքոստից` այստեղ հիշատակվում են ռազմական հանցագործությունները, որոնք իրականացվել են աֆրիկյան մայրցամաքում եւ նախկին Հարավսլավիայի տարածքում:
Բացի այդ, օրենքը ընդունվելու դեպքում, ցեղասպանությունները հրապարակայնորեն ժխտելու համար կարելի է ազատազրկման ենթարկվել Եվրամիության ամբողջ տարածքում:
Նախագծի ընդունումը համընկել է ՄԱԿ-ում ընդունված բանաձեւի, ինչպես եւ հենց Գերմանիայի ներսում տեղի ունեցող նացիստական շարժումների ուժեղացման ալիքի հետ: Ըստ գերմանական մամուլի, Բեռլինի կենտրոնում տեղակայված Հոլոքոստի զոհերի հուշարձանը պարբերաբար անարգվում է նեոնացիստների կողմից, իսկ Հոլոքոստի հիշատակի միջազգային օրվա նախօրեին նեոնացիստներն այրել են վերականգնված այն գնացքը, որով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մարդկանց տանում էին համակենտրոնացման ճամբարներ:
Ժխտում եւ պատիժ
Պետք է ասել, որ նախկինում էլ Եվրոպան կիրառում էր նմանատիպ օրենքներ: Օրինակ, բավականին հայտնի է բրիտանական գրող Դեյվիդ Իրվինգի գործը, որը Վիեննայում հրապարակային ելույթների ժամանակ հերքել էր նացիստների կողմից գազախցիկների օգտագործումը համակենտրոնացման ճամբարներում: Նա նաեւ պնդում էր, որ 1938թ. նոյեմբերի 9-ին իրականացված «բյուրեղապակյա գիշերը», որը դրեց Գերմանիայում հրեաների զանգվածային ոչնչացման սկիզբը, Հիտլերի կողմից չի նախաձեռնվել, եւ վերջինս իրականում պաշտպանում էր հրեաներին եւ ոչ թե նրանց բնաջնջում: 2005թ. նոյեմբերին նա ձերբակալվեց եւ դատապարտվեց երեք տարի ժամկետով: 2006թ. դեկտեմբերին Իրվինգին վաղաժամկետ ազատ արձակեցին բանտից: Հետաքրքիր է, որ դրանից հետո էլ նա շարունակեց նմանատիպ արտահայտությունները` իտալական STG24 հեռուստաալիքին տրված հարցազրույցում հայտարարելով, որ թեեւ չի ժխտում նացիստների կողմից հրեաների ոչնչացումը, բայց համոզված է, որ Օսվենցիմում դա տեղի չի ունեցել եւ այնտեղ երբեք չեն եղել գազախցիկներ, համենայն դեպս դրանց գոյության մասին ոչ մի հավաստի հիշատակություն չկա:
Մյուս դեպքը կապված է նեոնացիստ Էրնստ Ցյունդելի հետ, որը մեղավոր է ճանաչվել Հոլոքոստի ժխտման եւ կեղծ տեղեկատվության տարածման մեջ: 2007թ. փետրվարի 15-ին Մանհեյմի դատարանը նրան դատապարտել է այս մեղադրանքի համար նախատեսվող առավելագույն` հինգ տարի ժամկետով ազատազրկման: 2005թ. մարտին նրան Գերմանիային էր հանձնել Կանադան, որտեղ Ցունդելն արդեն երկու տարի նույն մեղադրանքով բանտարկված էր, քանի որ նրա ինտերնետ-կայքերը ճանաչվել էին Կանադայի սահմանադրությանը հակասող: Նրանց միջոցով գերմանացին տեղեկատվություն էր տարածում, որ նացիստները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ չեն իրականացրել հրեաների զանգվածային սպանություններ: Նա պնդում էր, որ Օսվենցիմի եւ Տրեբլինկայի ճամբարներում կատարված բնաջնջումը հրեաների հորինվածքն է, որոնք փորձում են շանտաժի ենթարկել եւ ստրկացնել գերմանական ազգը: Իր վերջին խոսքում Ցյունդելը հայտարարեց, որ դատարանը պետք է որոշում ընդուներ Հոլոքոստի եւ համակենտրոնացման ճամբարների գոյության փաստն ուսումնասիրող անկախ հանձնաժողովի ստեղծման մասին` խոստանալով ներողություն խնդրել հրեաներից եւ նացիզմի այլ զոհերից, եթե նմանատիպ հանձնաժողովն ապացուցի գազախցիկների օգտագործման փաստը:
Նույն շարքում է տեղավորվում նաեւ Թուրքիայի բանվորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի դատավարությունը: Այս տարվա մարտի 9-ին Լոզանի դատարանը նրան մեղավոր ճանաչեց Շվեյցարիայի հակառասիստական օրենքի խախտման համար (1915թ. հայերի ցեղասպանությունը ժխտելու պատճառով): Փերինչեքը պայմանական դատապարտվել է 90 օր ազատազրկման կամ 9 հազար շվեյցարական ֆրանկի չափով տուգանքի: Դատարանի որոշումն ուժի մեջ կմտնի, եթե Փերինչեքը առաջիկա երկու տարում կրկին խախտի այն օրենքը, ինչը Շվեյցարիայում պատիժ է նախատեսում ցեղասպանությունների ուրացման համար: Լոզանի դատարանը վճռել է նաեւ Փերինչեքից գանձել դատավարության 5 հազար 873 ֆրանկ կազմող ծախսը, միաժամանակ որոշել է, որ նա Շվեյցարիայի հայերի միությանը վճարի 1000 ֆրանկ խորհրդանշական գումար, ինչպես նաեւ 10 հազար ֆրանկ` համայնքի ղեկավարներից Սարգիս Շահինյանին, որը նրա դեմ դատական հայց էր ներկայացրել:
Հիշեցնենք, որ 2005թ. մայիսին Փերինչեքը «Հայոց ցեղասպանությունը կայսերապաշտական սուտ է» կարգախոսով ցույց էր կազմակերպել Լոզանի դաշնագրի ստորագրման 82-ամյակին: Ցույցին հաջորդել էր «Լոզան-2005» կոնֆերանսի կազմակերպումը: Դրանից հետո էլ Բեռն քաղաքում ունեցած ելույթում նա Հայոց ցեղասպանությունը որակեց իբրեւ «միջազգային սուտ» եւ հաջորդ օրը կրկնեց նույն արտահայտությունը Ցյուրիխում գիտաժողովի ժամանակ:
Թեեւ հրապարակած դատավճիռը կարող է մեղմ թվալ, սակայն պետք է հաշվի առնել, որ այն առաջին պատիժն է Հայոց ցեղասպանության ժխտման համար:
Հետեւություններ
Պատմական ճշմարտության վերականգնման եւ պահպանման փորձերը թվում է, թե դառնում են եվրոպական հասարակությունների զարգացման կարեւորագույն բաղկացուցիչը:
Սակայն սույն գործընթացը բախվում է մի քանի խնդիրների, որոնց հետ փոխհարաբերությունների հարցն անլուծելի է թվում:
1. Նախ անհասկանալի է, թե ինչ չափանիշներով եւ իրավական ինչ աղբյուրներով են իրականացվելու դատավարությունները, եթե այդպիսիք լինեն: Այսինքն` դեռ ձեւավորված չէ այն օրենսդրական հիմքը, որը թույլ կտա քննարկումը տեղափոխել իրավական դաշտ:
2. Պարզ չէ, թե որ ատյանները պետք է իրականացնեն իրադարձությունների պատմականության փորձաքննությունը: Օրինակ, աֆրիկյան եւ բալկանյան հանցագործությունները մինչեւ վերջ դեռ ուսումնասիրված չեն եւ չեն արժանացել միջազգային հանրության գոնե որոշակիորեն միանշանակ գնահատականի:
Այսպես, նախկին Հարավսլավիայի գործերով Հաագայի միջազգային տրիբունալը ցեղասպանություն է ճանաչել միայն մահմեդականների զանգվածային սպանությունը Սրեբրինիցա քաղաքի մոտ` դրանում մեղադրելով բոսնիական սերբերի առաջնորդ Ռ.Կարաջիջին եւ բանակի հրամանատար, գեներալ Ռ.Մլադիչին: Սակայն սերբերը, որոնց մի մասն ուղղակի չի ճանաչում Հաագայի տրիբունալի օրինականությունը` այն համարելով ԱՄՆ-ի կամակատար, գտնում են, որ նույն բնորոշումը կարելի է տալ ալբանական Կոսովոյի ազատագրման բանակի կողմից Կոսովոյում եւ Մեթոխիայում բնակչության զանգվածային սպանություններին3:
3. Եվ վերջապես, այս օրինագծի դեմ են հանդես եկել նաեւ եվրոպական իրավապաշտպանները: Նրանք կարծում են, որ այս օրենքը կարող է որոշակի խոչընդոտ դառնալ պատմաբանների համար, որոնք այլեւս չեն կարողանա կասկածի տակ դնել մինչ այդ գիտական բանավեճերի առարկա հանդիսացող փաստեր, օրինակ` սպանվածների թիվը: Նրանց խոսքերով, «անհասկանալի է, թե ով է գրելու այսուհետ պատմությունը` մասնագետ պատմաբաննե՞րը, թե՞ դատավորները»:
Միաժամանակ այս օրինագիծը թերեւս կհստակեցնի Եվրամիության դիրքորոշումը ցեղասպանությունների հարցի վերաբերյալ, քանի որ մինչ այսօր այն աչքի է ընկել իր հակասական բնույթով: Օրինակ, հայերի դեմ իրագործված ցեղասպանության պարագայում Եվրահանձնաժողովն անհամաձայնություն հայտնեց անցած տարվա աշնանը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքման համար պատասխանատվություն սահմանելու մասին օրենքի ընդունմանը, սակայն միաժամանակ Եվրախորհրդարանը 2006թ. սեպտեմբերի 28-ին ընդունեց որոշում` պարտադրելով Թուրքիայի իշխանություններին ընդունել հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը, եթե այդ երկիրը մտադիր է դառնալ Եվրամիության լիիրավ անդամ:
Պետք է ասել, որ այսօրվա Եվրոպան այդքան էլ չի գիտակցում ցեղասպանությունների սարսափը եւ վտանգը: Հոլոքոստի մասին հիշողությունները հետզհետե փոխակերպվում են եւ դառնում հեռավոր ավանդույթ, պատմական դժվարըմբռնելի մի իրողություն եւ առավելապես ձեռք են բերում քաղաքական նշանակություն:
Ինչեւէ, ցեղասպանությունների ժխտման եւ ճանաչման հարցը վերստին դարձել է միջազգային քաղաքականության շոշափելի թեմաներից մեկը, ինչը գերազանցապես օգտագործվում է համաշխարհային խաղացողների կողմից հակառակորդների նկատմամբ ճնշում իրականացնելու նպատակով: Դրա վառ օրինակն է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերստին արծարծումը` իրանական հնարավոր կամպանիայի պայմաններում իր դաշնակից Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով:
1 Սրա մասին է վկայում մահմեդական աշխարհում նույնանման բովանդակությամբ համաժողովների անցկացումը: Վերջինը 2006թ. դեկտեմբերին տեղի ունեցավ Կահիրեում եւ կրում էր «Հոլոքոստի առասպելը եւ պաղեստինցիների ցեղասպանությունը» անվանումը:
2 Այսօր եվրոպական մի շարք երկրներ (Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Լեհաստան, Լիտվա, Չեխիա, Շվեյցարիա, Սլովակիա, Ֆրանսիա) պատժում են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաների զանգվածային ոչնչացման (իսկ Ֆրանսիայում` նաեւ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության) փաստը ժխտողներին:
3 2007թ. փետրվարի 26-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանը նույնպես հրաժարվեց մեղավոր ճանաչել Սերբիային եւ Չեռնոգորիային` 1992–1995թթ. Բոսնիայում եւ Հերցեգովինայում իրականացրած ցեղասպանության մեջ:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՎԵՐՆԱԽԱՎԵՐԻ ՓՈՓՈԽՈԻԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ[16.02.2011]
- ՊԱՅՔԱՐ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ[27.07.2010]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [21.04.2009]
- ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ [25.02.2009]
- «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ–2025» [06.02.2009]
- «ՀՈԼՈԴՈՄՈՐ»-Ը ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ[15.01.2009]
- ՆՈՐԱԴԱՐՁ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐ[08.12.2008]
- ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆԸ. ՀԱԿԱԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐ ԵՎ ԱԼՏԵՐԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐ[19.05.2008]
- ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ. ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄ [21.04.2008]
- ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ. ԻՍԼԱՄԱՖՈԲԻԱՅԻ ՄԱՍԻՆ[10.04.2008]
- ՊԱԿԻՍՏԱՆ. ԱՆՈՐՈՇ ՀԵՌԱՆԿԱՐ[18.02.2008]