ՊԱԿԻՍՏԱՆ. ԱՆՈՐՈՇ ՀԵՌԱՆԿԱՐ

2007թ. օգոստոսին Պակիստանում հանդիսավոր պայմաններում նշվում էր երկրի անկախության 60-ամյակը: Տոնակատարությունները պետք է ցույց տային խոշորագույն` 160 միլիոն բնակչությամբ, իսլամական միակ միջուկային տերության հաջողությունները, հզորությունը եւ հավակնությունները:
Սակայն իրականում այնպես ստացվեց, որ հոբելյանը Պակիստանը դիմավորեց չափազանց ծանր ժամանակահատվածում, երբ երկիրը բախվել է բազմաթիվ լրջագույն խնդիրների, իսկ համընդհանուր ճգնաժամը գնալով խորանում է:
Ներքաղաքական ճգնաժամ
Տարվա հենց սկզբից երկիրը ցնցվեց բռնության ակտերից` քաղաքների փողոցներում պայթյուններ էին որոտում, Աֆղանստանի հետ սահմանային շրջաններում իսկական պարտիզանական պատերազմ էր, քաղաքական սպանություններ էին իրականացվում, աննախադեպ ակտիվացել էին կրոնական ծայրահեղականները:
Տարվա վերջում լրջորեն սրվեց ներքաղաքական իրավիճակը: Քաղաքական ակտիվացումը կարելի էր բնական համարել, քանի որ հոկտեմբերին նշանակված էին նախագահի, իսկ 2008թ. հունվարին` խորհրդարանական ընտրություններ: Սակայն այն ծայրահեղ առճակատումը, որին գնացին կողմերը, աննախադեպ էր:
1999թ. ռազմական հեղաշրջումից հետո իշխանությունը գրաված եւ 2002թ. հանրաքվեի միջոցով իր լիազորությունները երկարաձգած նախագահ Փերվեզ Մուշարաֆին մարտահրավեր նետեցին երկու նախկին վարչապետեր, որոնք երկրից հեռացել էին հեղաշրջումից հետո: Նրանցից մեկին` Նավազ Շարիֆին, Գերագույն դատարանը հայրենիք վերադառնալ թույլատրեց օգոստոսին, իսկ մյուսին` Բենազիր Բհուտոյին, հոկտեմբերին:
Հետաքրքիր է հենց Գերագույն դատարանի պահվածքը, որն ուղղակի առճակատման գնաց նախագահի հետ` նրա դեմ ուղղված քայլեր ձեռնարկելով եւ պայմաններ առաջադրելով, մինչեւ որ նախագահը չնախաձեռնեց այս դատական ատյանի մի քանի դատավորների փոփոխությունը իր հանդեպ ավելի լոյալ տրամադրված անձանցով:
Մեղքերի թողություն ստացած երկու վարչապետերն էլ շտապեցին վերադառնալ հայրենիք, սակայն եթե Շարիֆը հենց օդանավակայանից կրկին հեռացվեց երկրից (նա նորից վերադարձավ Պակիստան միայն նոյեմբերի վերջին), ապա Բհուտոն սկզբնական շրջանում որոշակի համաձայնության գալով Մուշարաֆի հետ (Մուշարաֆը խոստացել էր վերընտրվելու դեպքում նրան վարչապետի պաշտոն առաջարկել)` հոկտեմբերին ժամանեց Պակիստան եւ սկսեց ակտիվ քաղաքական գործունեությունը:
Հոկտեմբերի 6-ին Մուշարաֆը հաղթեց ընտրություններում, սակայն Գերագույն դատարանը ձգձգեց նրան նախագահ հռչակելու գործընթացը, ինչի հետեւանքով իրավիճակն այնքան սրվեց, որ վերընտրված Մուշարաֆն ուղղակի ստիպված եղավ արտակարգ դրություն մտցնել երկրում եւ դադարեցնել սահմանադրության գործունեությունը: Սա առաջացրեց մեծ դժգոհություն երկրի ներսում եւ ճնշումներ երկրից դուրս: ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Մուշարաֆն ուղղակի պարտավոր է չեղյալ հայտարարել արտակարգ դրությունը եւ հրաժարվել բանակի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Նրան միացավ նաեւ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Այս խառը իրավիճակում, նոյեմբերի 15-ին լրացավ խորհրդարանի լիազորությունների ժամկետը, եւ նախագահը ժամանակավոր կառավարություն կազմեց` մինչեւ նոր ընտրությունների անցկացումը:
Նոյեմբերի կեսերից ընդդիմության առաջնորդ դարձավ Բհուտոն, որը մինչ այդ բավական լոյալ էր տրամադրված նախագահի նկատմամբ: Հստակ գիտակցելով Մուշարաֆի ակնհայտ թուլացումը` նա արմատականացրեց սեփական դիրքորոշումը: Բհուտոն նույնիսկ խոստացավ մասնակցել ընդդիմության ամենամեծ հանրահավաքին, իսկ հետո գլխավորել երթը Լահորից դեպի Իսլամաբադ: Բհուտոյի ակտիվությունն օրեցօր աճում էր, եւ նրան չխանգարեց նույնիսկ տնային կալանքը:
Նոյեմբերի 25-ին երկիր վերադարձավ նաեւ Նավազ Շարիֆը, իսկ 28-ին Մուշարաֆը վերջապես կատարեց իր խոստումը` հանելով զինվորականի համազգեստը եւ հաջորդ օրը հռչակվելով որպես երկրի քաղաքացիական նախագահ: Դեկտեմբերի 15-ին նա գնաց եւս մեկ զիջման` դադարեցնելով երկրում արտակարգ դրությունը:
Դեկտեմբերի 27-ին Ռավալպինդիում իր կուսակցության հանրահավաքի ժամանակ ռումբի պայթյունի հետեւանքով սպանվեց Բենազիր Բհուտոն, որից հետո նրա հարազատ Սինդ նահանգում սկսվեցին զանգվածային անկարգություններ:
Հունվարի 6-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները նորից հետաձգվեցին:
Երկիրը կանգնած է քաղաքացիական պատերազմի առաջ, քանի որ ընտրությունների տապալումը կարող է շարունակական դարձնել զանգվածային անկարգությունները, որոնց դեմն առնելու մի տարբերակ կմնա` դուրս բերել բանակը զորանոցներից:
Պակիստանյան ժողովրդավարություն
Վերլուծելով պակիստանյան խմորումները` զարմանքով կարելի է արձանագրել, թե որքան հաճախ է արտասանվում «ժողովրդավարություն» բառը: Ինքը` Բհուտոն, բազմիցս հայտարարում էր, թե գալիս է վերականգնելու ժողովրդավարությունը: Արդյո՞ք դա այդպես է:
Երկրի պատմությունը ցույց է տալիս, որ նախկին մետրոպոլիայից` Մեծ Բրիտանիայից ստանալով ժողովրդավարական համակարգ` Պակիստանը մշտապես ծնում է դիկտատորներ, որոնք փոխարինում են մեկը մյուսին` իշխանությունը սեփական ձեռքերում կենտրոնացնելու համար ժողովրդավարությունն ամեն անգամ շահարկելով:
Այսպես, Բենազիր Բհուտոն իր պաշտոնավարման ժամանակ (1988-ի դեկտեմբերից 1990թ. օգոստոս եւ 1993թ. հոկտեմբերից 1996թ. նոյեմբեր) առանձնապես աչքի չի ընկել ազատական հայացքներով, թեեւ հետեւողականորեն փորձել է ժողովրդավարության հաղթանակը նույնացնել զինվորականների իշխանության դեմ պայքարով: Իրոք, նա, ինչպես եւ իր հայրը` Զուլֆիքար Ալի Բհուտոն, որն իշխանության եկավ 1971թ., փորձում էին նվազեցնել երկրի կառավարման մեջ բանակի ազդեցությունը եւ որոշակիորեն ազատականացնել տնտեսությունը, սակայն դիտարկել այդ պայքարը ժողովրդավարություն–ավտորիտարիզմ համակարգում` սխալ է. այն ավելի շատ քաղաքացիական եւ զինվորական էլիտաների միջեւ պայքար է: Բհուտո-ավագն, օրինակ, որին դուստրն իր քաղաքական կուռքն էր համարում, բնաջնջեց մոտ երեք միլիոն բենգալցիների, երբ վերջիններս 1971թ. անկախության պահանջ բարձրացրին:
Իշխանության համար այս պայքարը, սակայն, հետեւում է թողել ավելի խորքային երկու խնդիր, որոնք չեն լուծվելու` անկախ պակիստանյան վերնախավի միջեւ ընթացող պայքարից:
Բելուջական հանգույցը
Պակիստանն իր անկախության առաջին իսկ տարիներից պայքար է մղել կենտրոնախույս դրսեւորումների դեմ (հիշեցնենք, որ 1971 թվականին Արեւելյան Պակիստանն անջատվեց արյունալի պատերազմից հետո եւ վերածվեց Բանգլադեշ պետության):
Այսօր էլ երկրի բանակը ստիպված է մշտապես ճնշել ինքնավարության ձգտումները եւ անջատողական խմբերի գործողությունները:
Այս առումով, ներկայումս ամենալուրջ խնդիրը բելուջական ընդվզումն է: Իրավիճակը բելուջական փոքրամասնությամբ բնակեցված երկրի հարավային մասում գտնվող ամենամեծ նահանգում սկսեց սրվել դեռ 2003թ.: Պակիստանի մոտ 40 տոկոսը զբաղեցնող նահանգում բնակվում է ընդամենը 8 մլն մարդ, ինչի պատճառը Բելուջիստանի ծանր գյուղատնտեսական պայմաններն են, արդյունաբերության ցածր զարգացածությունը եւ որպես հետեւանք` համատարած հետամնացությունը եւ բնակչության չափազանց աղքատությունը: Դրան գումարվում է տեղական ցեղերի եւ ցեղախմբերի առաջնորդների դժգոհությունն այն ստորադաս դիրքից, որ վերջիններս զբաղեցնում են ժամանակակից Պակիստանի հասարակական-քաղաքական վերնախավում: Այստեղ 2004 թվականից արդեն փաստացի պարտիզանական պատերազմ է ընթանում կենտրոնական իշխանությունների դեմ:
Ներկայումս Բելուջիստանում նախաձեռնվել են երկու խոշորագույն նախագիծ, սակայն տեղական էլիտան մտավախություն ունի, որ նորից1 դրանք կհայտնվեն իշխող փանջաբցիների լիակատար վերահսկողության տակ:
Խոսքը չինացիների ֆինանսական եւ տեխնիկական օգնությամբ կառուցվող ժամանակակից Գվադար նավահանգստի եւ Իրան–Պակիստան– Հնդկաստան նավթամուղի կառուցման մասին է:
Տեղացիները չեն ցանկանում այս նոր նախագծերում էլ հայտնվել խաղից դուրս վիճակում եւ բարձրացնում են կայունության գինը` ժամանակ առ ժամանակ կազմակերպելով դիվերսիոն եւ սաբոտաժի գործողություններ:
Մուշարաֆն իսլամականների եւ ԱՄՆ-ի միջեւ
Եվս մի գործոն, որը հսկայական նշանակություն ունի Պակիստանի համար, իսլամիզմն է: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Պակիստանը որպես պետություն առաջացել է հենց իսլամական ինքնության հիման վրա` դառնալով Բրիտանական Հնդկաստանի մահմեդականների երկիր:
Թեեւ երկրում հաստատված են աշխարհիկ կարգեր, սակայն իսլամիստական կուսակցությունները բավական ակտիվ են եւ հաջողակ: Այսպես, 2002թ. խորհրդարանական ընտրություններում նրանք տպավորիչ հաղթանակ տարան եւ կառավարություն ձեւավորեցին Հյուսիսարեւմտյան սահմանային նահանգում, ինչպես նաեւ մտան Բելուջիստանի կառավարության կոալիցիայի մեջ:
Սակայն նույնիսկ այս պարագայում երկրում կա իսլամիստական դժգոհություն, եւ հստակ նկատվում է իսլամականների ուժեղացում:
Ամենատպավորիչ իրադարձությունը, թերեւս, 2007թ. հուլիսի սկզբին մայրաքաղաքում Կարմիր մզկիթի գրավումն էր իսլամական դպրոցների ուսանողների կողմից, որը պակիստանյան ուժային կառույցները դաժանորեն ճնշեցին:
Ծայրահեղ իսլամականները մեղադրում են Մուշարաֆի կառավարությանն ԱՄՆ-ի հետ սերտ հարաբերությունների եւ 2001 թվականից հակաահաբեկչական կոալիցիայի ակտիվ անդամ լինելու մեջ: Սակայն Պակիստանի նախագահն այլ ելք չուներ: 1999թ. հեղաշրջումից հետո նա միջազգային մեկուսացման մեջ էր հայտնվել. դառնալով տարածաշրջանում ԱՄՆ հիմնական դաշնակիցը` Մուշարաֆը կարողացավ որոշակիորեն օրինականացնել իր իշխանությունը եւ ազատվեց մեկուսացումից:
Սակայն արտաքին օգնությունը բերեց ներքին բարդությունների: Վարչակարգը հայտարարվեց իսլամից հեռացած եւ բանադրվեց: Պակիստանի եւ Աֆղանստանի միջեւ ընկած, փուշտունական ցեղերով բնակեցված Հյուսիսարեւմտյան սահմանային նահանգում իսկական իսլամական ապստամբություն բռնկվեց, եւ պակիստանյան բանակը հնարավորություն չունի հաջող գործողություններ իրականացնել լեռնային դժվարանցանելի շրջաններում, որտեղ ապաստան են գտել Տալիբանի եւ ալ Կաիդայի ուժերը:
Ծայրահեղ իսլամական ուժերի հնարավոր հաղթանակն, իր հերթին, ամենասարսափելի ելքն է ԱՄՆ-ի համար, որն արդեն հայտարարել է, թե երկրում ապակայունացման շարունակման դեպքում պատրաստ է նույնիսկ Պակիստանի դեմ հակաահաբեկչական գործողություն կիրառել, որի ընթացքում ամերիկյան խմբավորումը զբաղեցնելու է Պակիստանի միջուկային զենքի տեղակայման վայրերը` դրանց վերահսկելիությունն ապահովելու համար:
Պակիստանյան իրադարձությունները շատ հետաքրքիր իրավիճակ են ստեղծել, որը կարող է հանգուցալուծվել արեւելյան հասարակությունների համար սովորական բանաձեւով` կամ երկրում սահմանվում է ուժեղ իշխանություն (բռնատիրություն), կամ ժողովրդավարացման փորձերը բերում են անկանխատեսելի հետեւանքների եւ քաոսի:
1Բելուջիստանը հարուստ է բնական •ազի պաշարներով, սակայն Սուի հանքավայրը, •ազ մատակարարելով ամբողջ երկրին, միայն վերջին հերթին սկսեց օ•տա•ործվել տեղական կարիքների համար:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՎԵՐՆԱԽԱՎԵՐԻ ՓՈՓՈԽՈԻԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ[16.02.2011]
- ՊԱՅՔԱՐ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ[27.07.2010]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [21.04.2009]
- ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ [25.02.2009]
- «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ–2025» [06.02.2009]
- «ՀՈԼՈԴՈՄՈՐ»-Ը ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ[15.01.2009]
- ՆՈՐԱԴԱՐՁ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐ[08.12.2008]
- ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆԸ. ՀԱԿԱԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐ ԵՎ ԱԼՏԵՐԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐ[19.05.2008]
- ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ. ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄ [21.04.2008]
- ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ. ԻՍԼԱՄԱՖՈԲԻԱՅԻ ՄԱՍԻՆ[10.04.2008]