
ՊԱՅՔԱՐ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ
Սուրեն Մանուկյան2010թ. մայիսին Բրազիլիան, Թուրքիան եւ Իրանը Թեհրանում ստորագրեցին հուշագիր` իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ:
Այս համաձայնագրում ամենակարեւորը հենց Բրազիլիայի եւ Թուրքիայի փաստացի մարտահրավերն էր Վաշինգտոնին, որը ոչ միայն չէր արտոնել նման գործողությունները, այլեւ բավական կոշտ կերպով արձագանքեց «ինքնագործունեությանը»: Վերջին շրջանում Թուրքիայի հավակնությունների մասին բավական շատ է խոսվում, այնինչ Բրազիլիայի վերելքը եւ առհասարակ Լատինական Ամերիկայում տեղի ունեցող շեշտակի փոփոխությունները նույնպես ունեն վերլուծության եւ գնահատման կարիք:
21-րդ դարի սկզբին Լատինական Ամերիկայի պետությունների հասարակական կյանքի բոլոր ոլորտները խորքային փոփոխությունների ենթարկվեցին: Տնտեսության մեջ, ներքաղաքական կյանքում, արտաքին քաղաքական ոլորտում տեղի են ունենում այնպիսի զարգացումներ, որոնք փոխակերպում են Լատինական Ամերիկայի ամբողջ պատկերը` նոր հեռանկարներ առաջ բերելով եւ միաժամանակ ծնելով նաեւ լրացուցիչ մարտահրավերներ:
Լատինական Ամերիկան հարուստ է նավթի եւ գազի հսկայական պաշարներով, վերականգնվող էներգիայի աղբյուրներով, տիրապետում է խմելու ջրի համաշխարհային պաշարների 13-15%-ին: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ցույց տվեց լատինամերիկյան տնտեսությունների ուժը, արտաքին հարվածներին դիմագրավելու նրա ունակությունը: Թեեւ 2003–2008թթ. զարգացման աննախադեպ տեմպերը նվազեցին, սակայն տնտեսություններում խուճապահար տրամադրություններ չարձանագրվեցին, ինչպես դա պատահել էր նախկինում:
Բրազիլիայի հավակնությունները
Թեհրանի համաձայնագիրը դարձավ ժամանակակից միջազգային հարաբերություններում Բրազիլիայի հավակնությունների արտացոլումը: Երկու հարյուր միլիոն բնակչությամբ հսկայական երկիրն այլեւս չի բավարարվում տեղական, տարածաշրջանային առաջնորդի դերով եւ փորձում է իր ազդեցությունը տարածել Լատինական Ամերիկայի սահմաններից դուրս:
Վերջին մեկ ու կես տասնամյակի քաղաքական եւ տնտեսական կայունությունը, ամրապնդված ժողովրդավարությունը եւ քաղաքացիական ինստիտուտների ձեւավորումը, տնտեսական աճի կայուն տեմպերը եւ աղքատության կրճատումն ապահովեցին երկրի արագացված արդիականացումը եւ հնարավոր դարձրին նրա ակտիվ մասնակցությունը միջազգային տնտեսական եւ ֆինանսական համակարգի ժամանակակից ճարտարապետության ձեւավորմանը: Օգտակար հանածոներով հարուստ Բրազիլիան (երկաթի, ինչպես նաեւ մի շարք այլ հանածոների` ցինկ, նիկել, տիտան, նիոբիում, պաշարներով երկիրն առաջինն է աշխարհում) վերջին տարիներին ակտիվորեն ներգրավվում է ածխաջրածինների արդյունահանման ոլորտ, ինչը, հզոր գյուղատնտեսության առկայության հետ մեկտեղ, ապահովում է շարունակական ընթացք դեպի հռչակված` 2020թ. աշխարհի հինգերորդ տնտեսություն դառնալու նպատակը:
Բրազիլիան, որն անվանում էին «ննջող հսկա», «արթնացել» է նաեւ աշխարհաքաղաքական առումով: Հատկապես տպավորիչ են երկրի արտաքին քաղաքական ձեռքբերումները Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի նախագահության շրջանում (2003-2010), որին ԱՄՆ նախագահ Բ.Օբաման անվանեց «աշխարհի ամենահեղինակավոր նախագահը», եւ որի վարկանիշը նախագահության երկրորդ ժամկետի ավարտին աննախադեպ բարձր` 80 տոկոս է: Աճող տնտեսական հզորությունը թույլ է տալիս Բրազիլիային մշտապես սեփական, ուրույն կարծիք ունենալ համաշխարհային նշանակության բոլոր հիմնախնդիրներում: Հաճախ այդ կարծիքը, ինչպես, օրինակ, իրանական խնդրի պարագայում, չի համընկնում գերտերությունների դիրքորոշումների հետ: Վերջին տարիներին Բրազիլիան հանդես է գալիս ՄԱԿ քաղաքական եւ տնտեսական կառույցների լայնամասշտաբ բարեփոխումների պահանջով: Խոսքն, առաջին հերթին, ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների քանակի ավելացման մասին է` Բրազիլիան իրեն տեսնում է նոր մշտական անդամներից մեկի դերում: Երկիրն արդեն այսօր մասնակցում է աշխարհի գլոբալ կառավարմանը` հիմնականում G20 շրջանակներում:
Նոր եւ բավական լուրջ ներուժ ունեցող նախաձեռնություն է նաեւ BRIC-ը, որը միավորում է արագ զարգացող չորս հսկայի` Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան: BRIC-ի անդամ պետություններում ապրում է մարդկության 40%-ը` 2,8 մլրդ մարդ:
Բրազիլիան նաեւ մի շարք տարածաշրջանային նախաձեռնությունների հեղինակ է, որոնց նպատակն է միավորել Լատինական Ամերիկան մեկ միասնական տնտեսական եւ գուցե նաեւ քաղաքական միավորման մեջ` Բրազիլիայի ղեկավարությամբ: Սա հստակ հակադրվում է ԱՄՆ թելադրանքի տակ գործող, ամերիկյան բիզնեսի համար ռեսուրսներ եւ մենաշնորհային շուկաներ ապահովող համամայրցամաքային միավորումների գաղափարին: Ստեղծվել է ՄԵՐԿՈՍՈՒՐ-ը, որը սկզբնական շրջանում մեկ տնտեսական օրգանիզմի մեջ միավորեց նախկին մրցակիցներին` Բրազիլիային եւ Արգենտինային, հետագայում նաեւ Պարագվային եւ Ուրուգվային` ներառելով Հարավային Ամերիկայի տարածքի 60%-ը եւ ՀՆԱ 50%-ը: Մեկ այլ «մաքուր լատինամերիկյան» միավորում է «Ռիոյի խումբը», որը համախմբեց արդեն ամբողջ Լատինական Ամերիկայի երկրները` հանդիսանալով տարածաշրջանի երկրների քաղաքական խորհրդակցությունների եւ հավաքական դիվանագիտության յուրօրինակ մեխանիզմ: 2010թ. փետրվարին հայտարարվեց նաեւ Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի պետությունների միության ստեղծման մասին, որի անդամ են դառնում 32 պետություն:
Բրազիլիայի աճող հեղինակության վկայականն է նաեւ այն, որ հենց այս երկրին է վստահվել անցկացնել 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը եւ 2016թ. ամառային Օլիմպիական խաղերը:
Ձախ արշավ
Մեկ այլ տպավորիչ միտում է տարածաշրջանի շրջադարձը դեպի ձախ քաղաքական կողմնորոշում: 90-ականների ազատական բարեփոխումները սոցիալական խիստ բեւեռացում առաջացրին, ինչը բերեց բնակչության քաղաքական տրամադրությունների կտրուկ փոփոխության: Մեկը մյուսի հետեւից տարբեր հարավամերիկյան երկրներում իշխանության գլուխ անցան ձախ քաղաքական ուժերի ներկայացուցիչները. Վենեսուելայում` Ուգո Չավեսը (1998), Արգենտինայում` Նեստոր Քիրշները (2002), Բրազիլիայում` Լուլան (2002 եւ 2006), Ուրուգվայում` Տաբարե Վասքեսը (2003), Բոլիվիայում` Էվո Մորալեսը (2005), Էկվադորում` Ռաֆայել Կորրեան (2006), Նիկարագուայում` Դանիել Օրթեգան (2006), Չիլիում` Միշել Բաչելեթը (2006), Կոստա Ռիկայում` Օսկար Արիասը (2006): Նրանք բոլորը սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական կամ առնվազն սոցիալական ուղղվածության կուսակցությունների առաջնորդներ են:
Ձախ շրջադարձը երկրների մեծ մասում ուղեկցվում էր սեփական ինքնության կառուցման, վերարժեւորման եւ ընդգծման գործընթացներով: Դրան գումարվում էր տեղաբնիկների քաղաքական ինքնագիտակցության շեշտակի աճը` այսպես կոչված «հնդկացիական վերածնունդը»: Որպես հետեւանք` առաջացավ նոր, այլընտրանքային ճանապարհով շարժվելու ձգտումը:
Այս շարժման ամենամեծ ջատագովը Վենեսուելայի խարիզմատիկ առաջնորդ Ուգո Չավեսն է, որը հսկայական նավթային պաշարներից ստացվող եկամուտների հաշվին ոչ միայն իր ազդեցությունն է տարածել հարեւանների, մասնավորապես` Կուբայի, Էկվադորի, Բոլիվիայի, Ուրուգվայի եւ Նիկարագուայի վրա, աջակցել հակակառավարական զինված միավորումներին Կոլումբիայում, այլ նաեւ փորձում է ավելի լուրջ դերակատարում ունենալ համաշխարհային քաղաքականության մեջ: Նրա քաղաքական գործընկերների շարքում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լիբիան, Սիրիան, Ալժիրը, Իրանը եւ Բելառուսը: Վենեսուելայի կարեւորագույն գործընկերը Ռուսաստանն է, որը 2008թ. ընդունեց Չավեսի առաջարկը եւ սեփական տարածքային ջրերից դուրս (Սառը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ) Վենեսուելայի հետ համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացրեց: Վենեսուելան նաեւ ռուսական զենքի ամենամեծ գնորդներից է, ինչպես նաեւ այն եզակի երկրներից, որը ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:
Ուգո Չավեսի արտաքին քաղաքականությունը եւ ամբողջ հռետորաբանությունը խարսխված են ԱՄՆ-ի դեմ պայքարի գաղափարի վրա: Նույնիսկ Հաիթիում տեղի ունեցած երկրաշարժից հետո, երբ ԱՄՆ-ը որոշեց 16 հազար զինվորական տեղափոխել այդ երկիր` մարդասիրական օգնություն ցույց տալու եւ կարգ ու կանոնը պահպանելու համար, դա Չավեսի կողմից որակվեց իբրեւ Հաիթին օկուպացնելու ԱՄՆ ծրագիր: Մնալով ԱՄՆ նավթի ամենամեծ մատակարարը` Չավեսը միաժամանակ ձգտում է նվազեցնել եւ հնարավորության դեպքում բացառել Վաշինգտոնի ներգրավվածությունը Լատինական Ամերիկայի գործերին: Այս խնդիրը, սակայն, չափազանց դժվարիրագործելի է` հաշվի առնելով տարածաշրջանում ԱՄՆ ներկայության ավանդույթները:
Մոնրոյի դոկտրինի սասանումը
ԱՄՆ-ն իր հատուկ շահերը Արեւմտյան կիսագնդում հռչակեց դեռ 1823թ., երբ նախագահ Մոնրոյի անունը կրող դոկտրինը հայտարարեց «Ամերիկան` ամերիկացիների համար» սկզբունքը եւ հորդորեց եվրոպական տերություններին զերծ մնալ Հարավային Ամերիկայում սեփական ազդեցության տարածման եւ գաղութացման փորձերից:
Սկսվեց մայրցամաքում ԱՄՆ գերիշխանության մի դարաշրջան, երբ ոչ մի նշանակալի զարգացում տեղի չէր ունենում առանց ԱՄՆ իմացության եւ թույլտվության: Վաշինգտոնը խառնվում էր նույնիսկ լատինամերիկյան պետությունների ներքին գործերին` իրեն առավել հարմար վարչակարգեր իշխանության բերելով:
Միակ պետությունը, որը կարողացավ դիմագրավել այս ճնշմանը, Կուբան էր, որը մինչեւ այսօր հակաիմպերիալիստական պայքարի խորհրդանիշ է շատերի համար: Սառը պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ը, զբաղված լինելով այլ տարածաշրջաններում սեփական ազդեցությունը տարածելով, որոշ չափով ուշադրությունից դուրս թողեց Հարավային Ամերիկան, վստահ լինելով սեփական դիրքերի ամրության վրա: Նույնիսկ Վենեսուելայում «անցանկալի» վարչակարգի հայտնվելը մեծ հաշվով չանհանգստացրեց նրան. Վաշինգտոնն ընտրեց Չավեսին մեկուսացնելու, նրա դեմ ընդդիմության ելույթներ հրահրելու քաղաքականությունը: Վաշինգտոնը չսթափվեց նույնիսկ, երբ 2003թ. Չիլին եւ Մեքսիկան հրաժարվեցին աջակցել ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ դիրքորոշմանն Իրաքի հարցում:
Արդյունքում` տարածաշրջանը կարծես դուրս է գալիս ԱՄՆ վերահսկողությունից: Իրավիճակը փրկելու փորձերն ավելի են վատթարացնում դրությունը: Կոլումբիայի հետ «Պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցության եւ տեխնիկական աջակցության մասին» պայմանագիրը, որը թույլ տվեց այս երկրում առնվազն 7 ռազմաբազա տեղակայել, վատ ընդունվեց մայրցամաքի այլ պետությունների կողմից: Մորալեսը դա համարեց «հայրենիքի դավաճանություն»:
2009թ. Հոնդուրասում տեղի ունեցած հեղաշրջման կազմակերպումը նույնպես վերագրում են ԱՄՆ-ին: Թեեւ նախագահ Օբաման խիստ քննադատեց կատարվածը` անվանելով այն ապօրինի գործողություն, որը կարող է «սարսափելի նախադեպ» դառնալ տարածաշրջանի համար, սակայն պաշտոնանկ արված նախկին նախագահ Մանուել Սելայայի սերտ բարեկամական կապերը Ուգո Չավեսի հետ, ինչպես նաեւ ԱՄՆ բացահայտ աջակցությունը նորընտիր նախագահին կասկածները շատ հիմնավոր են դարձնում:
Այսպիսով, ԱՄՆ ազդեցությունը Հարավային Ամերիկայի նկատմամբ ավելի խնդրահարույց է դառնում: Հակառակ դրան, ավելանում է լատինամերիկյան համայնքի ազդեցությունը ԱՄՆ-ում: 21-րդ դարի սկզբին իսպանախոս ամերիկացիները, գերազանցելով սեւամորթ ամերիկացիներին, դարձել են ԱՄՆ ամենամեծ փոքրամասնությունը: Այս համայնքի քաղաքական ազդեցությունը (հատկապես մեքսիկական ծագում ունեցող) զգալիորեն մեծացել է: Դեպի ԱՄՆ չավարտվող արտահոսքն աստիճանաբար ուժեղացնում է արդեն ձեւավորված լատինամերիկյան լոբբին, որը հիմնականում ներքաղաքական խնդիրների լուծմանը միտված գործիքից ձեւափոխվում է արտաքին քաղաքական որոշումների վրա ազդեցության լծակի:
Մեկ այլ ազդեցության գործոն է թմրաբիզնեսի եւ թմրանյութերի շրջանառության աճը: ԱՄՆ-ը թմրանյութերի աշխարհի ամենամեծ սպառողն է, իսկ Կոլումբիան, Պերուն, Բոլիվիան եւ Մեքսիկան` խոշորագույն մատակարարներ: Թեեւ թմրաբիզնեսի դեմ պայքարը հայտարարվել է ԱՄՆ-ում «ամերիկյան ազգի ապագայի հետ» անմիջականորեն կապված ազգային անվտանգության առաջնային խնդիրներից մեկը, այն էական արդյունք չի տալիս:
Այս պայմաններում արձանագրվում է նոր դերակատարների (Եվրամիություն, Չինաստան եւ այլն) աճող հետաքրքրությունը, որոնք փորձում են շահավետ ներդրումային հնարավորություններ ստեղծել իրենց համար եւ աշխարհաքաղաքական առավելություն ստանալ ԱՄՆ հարեւանությամբ:
Եվրամիությունը, հիմնականում ոչ ֆորմալ կերպով, գործում է Իսպանիայի եւ որոշ չափով Պորտուգալիայի միջոցով` փորձելով շահարկել էթնոլեզվական ընդհանրությունները եւ ընդհանուր պատմական անցյալը:
Չինաստանը չափազանց հետաքրքրված է տարածաշրջանի օգտակար հանածոներով եւ առեւտրական հարաբերությունների զարգացմամբ: 2009թ. այն դարձավ Բրազիլիայի գլխավոր առեւտրական գործընկերը` առաջ անցնելով ԱՄՆ-ից:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՎԵՐՆԱԽԱՎԵՐԻ ՓՈՓՈԽՈԻԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ[16.02.2011]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [21.04.2009]
- ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ [25.02.2009]
- «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ–2025» [06.02.2009]
- «ՀՈԼՈԴՈՄՈՐ»-Ը ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ[15.01.2009]
- ՆՈՐԱԴԱՐՁ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐ[08.12.2008]
- ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆԸ. ՀԱԿԱԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐ ԵՎ ԱԼՏԵՐԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐ[19.05.2008]
- ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ. ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄ [21.04.2008]
- ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ. ԻՍԼԱՄԱՖՈԲԻԱՅԻ ՄԱՍԻՆ[10.04.2008]
- ՊԱԿԻՍՏԱՆ. ԱՆՈՐՈՇ ՀԵՌԱՆԿԱՐ[18.02.2008]