• am
  • ru
  • en
Версия для печати
21.04.2008

ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ. ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄ

   

Սուրեն Մանուկյան

untitled (original) Հակասեմիտիզմը մարդկության պատմության ամենահետաքրքիր եւ վիճահարույց երեւույթներից մեկն է: Հրեաների նկատմամբ առանձնակի` բացասական եւ նույնիսկ թշնամական վերաբերմունքը բազմաթիվ ուսումնասիրությունների առարկա է դարձել, իսկ հաճախ էլ օգտագործվել քաղաքական նպատակներով:

Հակասեմիտիզմն իբրեւ ավանդույթ

Հակասեմիտիզմն, անշուշտ, պատմական արմատներ ունի: Հրեաների հետապնդման մասին հիշատակումներ կան դեռ Հին Կտակարանում: Հին դարերում հրեաները հստակորեն առանձնանում էին Հռոմեական աշխարհի մյուս ժողովուրդներից եւ իրենց ինքնատիպության պատճառով ճնշումների ենթարկվում, որոնք հաճախ վերածվում էին կոտորածների, ինչպես, օրինակ` Կալիգուլա եւ Դոմետիանոս կայսրերի օրոք: Քրիստոնեության հաղթանակից հետո իրավիճակը չփոխվեց: Ճնշումները շարունակվում էին, ավելացան իրավական, ունեցվածքային, կրոնական ծիսակարգի հետ կապված սահմանափակումները:

Վաղ միջնադարում հրեաների ճնշումները Եվրոպայում հասան գագաթնակետին: Անգլիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում շատ հրեական համայնքներ ժամանակ առ ժամանակ ուղղակի ոչնչացվում էին: Այն տարածքներում, որտեղ հրեաներին տրվում էր կյանքի իրավունք, նրանց արգելվում էր ապրել հատկացված որոշակի տարածքից դուրս: Նրանք զրկված էին գրեթե բոլոր իրավունքներից, նրանց տնտեսական գործունեությունը սահմանափակվում էր: Իտալական քաղաքներում 16-րդ դարից հրեաները տեղավորվեցին հատուկ թաղամասերում` գետտոներում. այրվում էր հրեական գրականությունը, նրանց ստիպում էին քրիստոնեություն ընդունել:

Բացի ծիսական, լեզվական եւ կրոնական տարբերություններից, Եվրոպայում պարբերաբար տարածվում էին հրեաների մասին առասպելականացված պատկերացումներ: Այսպես, 12-րդ դարից տարածվեց հայտնի մեղադրանքն այն մասին, որ հրեաները ծիսական նպատակներով օգտագործում են քրիստոնյա մանուկների արյունը: 1348թ. ժանտախտի համաճարակի ժամանակ հրեաներին մեղադրեցին ջրհորները թունավորելու մեջ, եւ գերմանական շատ քաղաքներում նրանց կոտորեցին ու խարույկի վրա այրեցին: Այս մեղադրանքներին գումարվում էր նաեւ հրեաների տնտեսական գործունեության դիվականացումը: Քանի որ քրիստոնյաներին չէր թույլատրվում վաշխառությամբ զբաղվել եւ տոկոսով փող տալ, Եվրոպայում դրանով զբաղվում էին միայն հրեաները, եւ հետեւաբար աճում էր նաեւ նրանց նկատմամբ սոցիալական ատելությունը, քանի որ նրանց հարստանալը շատերի կարծիքով անազնիվ էր: Այս ամենն ուղեկցվում էր միջնադարյան եվրոպական մշակույթում հրեայի բացասական կերպարի ստեղծումով:

Վերաբերմունքը հրեաների նկատմամբ ավելի վատացավ նոր դարերում, եվրոպական ազգայնականության առաջացման հետ մեկտեղ: Առաջացան ռասիստական տեսություններ, որոնք հայտարարեցին, թե սեմիտները ցածր ռասայի ներկայացուցիչներ են: Գերմանիայում եւ Հունգարիայում հիմնվեցին կուսակցություններ, որոնք սկսեցին քարոզել հակասեմիտիզմ, նրանցից մի քանիսը նույնիսկ տեղեր ստացան խորհրդարաններում: Ռուսաստանում եւ Ռումինիայում հակասեմիտիզմը գրեթե պետական մակարդակով էր իրականացվում: Հենց այս ընթացքում առաջանում է «հակասեմիտիզմ» տերմինը, որն առաջին անգամ կիրառում է գերմանական լրագրող Վիլհելմ Մարը` իր կողմնակիցներին անվանելով «հակասեմիտական լիգա»: Գրեթե բոլոր խոշոր կուսակցությունները Գերմանիայում եւ Ավստրո-Հունգարիայում իրենց ծրագրերում ընդգրկել էին հակասեմիտական պահանջներ: Ռուսաստանում հրեաները հռչակվեցին «պարազիտ տարրեր, որոնք շահագործում են տեղաբնիկներին», երկրում տեղի ունեցավ հրեական «պոգրոմների» մի քանի ալիք:

Ռուսական հեղափոխությունից հետո Եվրոպայում հակասեմիտիզմը խորացավ, քանի որ թվում էր, թե «սիոնիստական իմաստունների» կանխագուշակումները սկսել են իրականանալ. ռուսական, բավարական եւ հունգարական հեղափոխություններում, ինչպես նաեւ առաջացած կոմունիստական կուսակցություններում հրեաները մեծ ազդեցություն ունեին:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո ավելի մեծ տեղ են ստանում ռասայական տեսությունները, եւ հենց հրեաներն են համարվել բոլոր քաղաքական եւ տնտեսական դժվարությունների պատճառ: Պատահական չէ, որ Գերմանիայում իշխանության եկած նացիստական կուսակցության արտաքին քաղաքական հայեցակարգում հակասեմիտիզմը գրավեց ամենակարեւոր տեղը: Իր «Մայն կամպֆ»-ում Հիտլերը հստակորեն ձեւակերպեց հրեատյացությունը որպես գաղափարախոսություն: Այն տարածվեց նաեւ այլ երկրներում, որտեղ հրեաներին սկսեցին վտարել պետական եւ հասարակական աշխատանքից, ավելացվեցին հարկերը, սահմանափակվեցին նրանց իրավունքները:

Հակասեմիտիզմի վերափոխումը` հակասիոնիզմ

Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի ընթացքում ոչնչացվեց Արեւելյան Եվրոպայի գրեթե ամբողջ հրեականությունը, Եվրոպայում հավաքական մեղքի զգացում առաջացրեց, որն իր հետ բերեց հակասեմիտիզմի նվազում: Նույնիսկ նեոֆաշիստական կուսակցություններն աշխատում էին խուսափել հակասեմիտական գաղափարներից:

20-րդ դարի 60-ական թթ. հակասեմիտիզմը որոշակիորեն վերափոխվեց: Հրեական պետության ստեղծումից եւ Վեցօրյա պատերազմից հետո հակասեմիտիզմը ստանում է հակասիոնիզմ անունը. վերջինս, սակայն, օգտագործում է ավանդական հակասեմիտական տերմինաբանությունը: Նրա տարածման հիմնական կենտրոնները երեքն էին` արաբական պետությունները, ԽՍՀՄ-ը եւ Արեւելյան Եվրոպայի երկրները, «նոր ձախերի» խմբավորումները Եվրոպայում, որոնք հանդես են գալիս պաղեստինցիների պաշտպանությամբ եւ դասական հակասեմիտական կարգախոսներով (հրեաները պարազիտներ են, շահագործողներ եւ ձգտում են իշխել ամբողջ աշխարհին):

Արաբների նկատմամբ տարած հաղթանակներից հետո վերացավ հրեաների զոհի կերպարը: Այն վերափոխվեց մի նոր ձեւի, որն իր արտահայտությունը գտավ ռեւիզիոնիզմի (երբ կասկածի տակ սկսեցին դրվել հրեական ժողովրդի Հոլոքոստի որոշակի տարրեր), ինչպես նաեւ «սիոնիստական մեղքերի» պարզաբանման մեջ, ինչն իր հերթին բացատրվում էր հրեական ժողովրդի «ազգային գծերով» (ագրեսիվություն, մեծամտություն, ժլատություն) եւ հրեական կրոնի «ռասիստական էությամբ»: Այս ֆոնին հատկանշական են մի շարք դեպքեր: Օրինակ, դ’Գոլի հայտարարությունը, որում նա մեղադրում էր Ֆրանսիայի հրեաներին երկակի հավատարմության եւ Իսրայելին ավելի ակտիվ աջակցելու մեջ: Կամ գերմանական ռազմական ուսումնարանի կուրսանտների կազմակերպած «հրեաների ցուցադրական հրկիզումը»: Հենց Ֆրանսիայում է գործում երեւի Եվրոպայի ամենաակտիվ հակասեմիտական կուսակցությունը` Ազգային ճակատը, որը պնդում է, որ վերահսկելով ազգային ԶԼՄ-ն` հրեաները վերահսկում են ֆրանսիացիների ուղեղները:

Հակասեմիտիզմի վերադարձը Եվրոպա

Գրեթե բոլոր հետազոտությունները վկայում են, որ Եվրոպայում այսօր հակասեմիտիզմը կտրուկ զարգանում է: Եվրոպական հրեական կոնգրեսի նախագահ Վյաչեսլավ Մոշե Կանթորը սպառնալից անվանեց հակասեմիտիզմի մակարդակը Եվրոպայում: 2008թ. փետրվարին Երուսաղեմում տեղի ունեցած Հակասեմիտիզմի դեմ պայքարի համաշխարհային ֆորումի ժամանակ նա նշեց, որ եվրոպական երկրներում նկատվում են հակասեմիտիզմի կայուն աճ եւ դրա դեմ պայքարի ոչ բավարար մակարդակ: Թերեւս, Կանթորը չի սխալվում:

Այս տարի հունվարին հրեա աշակերտները հարձակման ենթարկվեցին Բեռլինում, իսկ գերմանական երիտասարդության բառապաշարում «հրեա» բառը սկսեց օգտագործվել իբրեւ վիրավորական արտահայտություն: Փետրվարին իտալական ոստիկանության պահանջով հանվեց ինտերնետային բլոգներից մեկում տեղադրված իտալական համալսարանների 150 հրեա դասախոսների «սեւ ցուցակը»: Նույն ամսին Հունգարիայում արդեն չորրորդ անգամ պղծվեց հրեական Կապոշվար գերեզմանոցը: Իսկ Ֆրանսիայում առեւանգվեց հրեա երիտասարդ, որին հետագայում գտան խոշտանգված եւ հակահրեական արտահայտություններով խարանված դեմքով: Մարտին հաղորդագրություն տարածվեց, որ Բրուքլինում` նյույորքյան մետրոյում մահմեդականները «Ալլահ աքբար» գոչյուններով հարձակվել եւ ծեծի են ենթարկել մեկ ռաբբիի: Նույն ամսին Ռուսաստանի երրորդ քաղաքում` Նովոսիբիրսկում հայտնվեցին պաստառներ, որոնք զգուշացնում էին բնակիչներին ուշադիր լինել իրենց երեխաների հանդեպ, քանի որ գալիք հրեական Զատկի տոներին մոտ հրեաները կարող են քրիստոնյա մանուկներ առեւանգել:

Սակայն հետաքրքրականը ոչ թե արձանագրված դեպքերն են եւ հակասեմիտական գործողությունների քանակական աճը, այլ որակական փոփոխությունները: Կարելի է համաձայնել Նաթան Շարանսկու հետ, որը պնդում է, թե այսօր Եվրոպայում հակասեմիտիզմը քաղաքականապես կոռեկտ թեմա է դարձել:

Փոխվել է հանրային գիտակցությունը, որն այլեւս չի դիտարկում հրեաների նկատմամբ բացասական վերաբերմունքն իբրեւ հասարակության համար մեծ խնդիր: Հարցումները ցույց են տալիս մի տպավորիչ ցուցանիշ` Եվրամիության բնակչության մեծ մասը գտնում է, որ հենց Իսրայելն է ներկայացնում ամենամեծ սպառնալիքը աշխարհի խաղաղության համար: Փաստորեն, Իսրայելը եվրոպացիների աչքում ավելի վատ կերպար է ստացել, քան, օրինակ` Հյուսիսային Կորեան կամ Իրանը:

Այսպիսով, հրեաների նկատմամբ բացասական վերաբերմունքը տարածված է Եվրոպայում ավելի լայն մշակութային համատեքստում` սկսած ընտանիքից, դպրոցից, համալսարաններից, եկեղեցիներից մինչեւ ԶԼՄ եւ քաղաքականություն: Այս բոլոր հասարակական ինստիտուտներում ինչ-որ չափով անհասկանալի, սակայն կայուն հակասեմիտիզմի տրամադրություններ են տարածվում:

Հակասեմիտիզմի արդի ձեւերը

Հակասեմիտիզմի դեմ պայքարի համակարգման իսրայելական ֆորումը, որը միավորում է այդ երկրի հետախուզության եւ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչներին, հստակ տարանջատում է ժամանակակից Եվրոպայում հակասեմիտիզմի երեք ձեւ` դասական, մահմեդական եւ նոր հակասեմիտիզմ:

Դասական հակասեմիտիզմը պատմականորեն հաստատված այն հայացքների եւ գաղափարների ամբողջականությունն է, որոնք ստեղծել են հրեաների բացասական կերպարը, եւ շատ եվրոպական դժբախտությունների պատճառ մինչեւ օրս էլ համարում են հրեաներին: Ընդ որում, խոսքը ոչ թե ինչ-որ մարգինալ խմբերի ներկայացուցիչների մասին է, այլ բավական ներկայացուցչական եւ ընդունելի շրջանակների, որոնք եվրոպական երկրների էլիտայի մի մասն են կազմում: Ժամանակ առ ժամանակ այդ դրսեւորումները քննարկման առարկա են դառնում, ինչպես, օրինակ, այն դեպքը, երբ գերմանական խորհրդարանի պատգամավորը հայտարարեց, որ խորհրդային բանակի վայրագությունների մեղավորը հրեաներն են, իսկ գերմանական բանակի հատուկ նշանակության զորքերի հրամանատարը համաձայնեց նրա հետ, ինչից հետո նրանց ստիպեցին հրաժարական տալ: Կամ երբ հունական երգահան Միքիս Թեոդորակիսը, Փարիզում հրեական դպրոցի հրդեհից հետո հայտարարեց, որ հրեաներն են ամեն չարիքի աղբյուրը:

Կան մի քանի ժամանակակից հասարակական կարծրատիպեր, որոնք ամենատարածվածն են Եվրոպայի հասարակ քաղաքացիների շրջանում. հրեաներն ավելի հավատարիմ են Իսրայելին, քան երկրներին, որտեղ ապրում են, հրեաները չափից ավելի մեծ ազդեցություն ունեն տնտեսության մեջ եւ միջազգային ֆոնդային շուկաներում, հրեաները չափազանց շատ են խոսում Հոլոքոստի մասին, հրեաները մեղավոր են Հիսուս Քրիստոսի մահվան մեջ եւն:

Եվրոպայում մահմեդական հակասեմիտիզմն ավելի երիտասարդ երեւույթ է: Այն առաջացել է 20-րդ դարի կեսերին, Իսրայել պետության ստեղծումից հետո եւ տարածվել Արեւմուտքում միայն դարավերջին, երբ այնտեղ իսլամադավան բնակչության ներկայությունը մեծացավ: Մահմեդական աշխարհի կրթական ծրագրերը, քարոզչությունը, մզկիթներում տարածվող հակահրեական կոչերը ստեղծում են հասարակական ֆոն, որը տեղափոխվում է նաեւ Եվրոպա` այնտեղ ապրող համայնքների միջոցով:

Այսօր այն հաճախ դիտարկվում է իբրեւ հակասեմիտիզմի ամենավտանգավոր ձեւը, քանի որ ընդունում է ահաբեկչական հարձակումների, փողոցային ավազակության եւ հրեաների հետապնդումների տեսք: Օրինակ, հրեաները համարում են, որ հենց այս պատճառով է հակասեմիտիզմը տարածվել այնպիսի երկրներ, որոնք մինչ այդ նման այլատյացության մեջ չեն նկատվել, օրինակ` Դանիան, որն ավանդաբար հրեաների պաշտպանն է եղել եւ հսկայական ներդրում ունի Հոլոքոստի ժամանակ նրանց փրկության գործում:

Եվ վերջապես, նոր հակասեմիտիզմը, որն իր արտահայտությամբ նախորդ երկու տարատեսակների խառնուրդ է. այն նախաձեռնվում է եվրոպական ազդեցիկ հասարակական խմբերի` գիտնականների, քաղաքական գործիչների եւ ԶԼՄ-ի կողմից: Հիմնական քննարկման թեման Պաղեստինի օկուպացումն է եւ հրեական բանակի վայրագությունները գրավյալ տարածքներում: Ըստ հրեական գիտնական Դեբորա Լիպշտադտի, այս ուղղության կողմնակիցները «տարածում են խտրական պատկերացումներ Իսրայելի դեմ եւ կենտրոնանում Իսրայելի կողմից մարդու իրավունքների խախտման վրա` լիովին անտեսելով այն հանգամանքը, որ արաբական պետություններն իրենց հերթին թույլ են տալիս մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ»:

Այսինքն, ի տարբերություն դասականի` այսօրվա հակասեմիտիզմը հիմնական շեշտը դնում է մարդու իրավունքների խախտումների վրա: Միաժամանակ, Երուսաղեմի Հուդայական համալսարանի տնօրեն Ռոբերտ Ուիստրիչի խոսքերով, դրանով ընդամենը քողարկվում է համաշխարհային սիոնիստական դավադրության գաղափարի նկատմամբ այն վախը, որը նկատի է առնում «հրեաներ–Ամերիկա–համաշխարհային տիրապետություն–գլոբալացում» քառակուսին: Ի հայտ է գալիս շատ հետաքրքիր մի երեւույթ` իսրայելական պետության դիվականացում, նրա նույնացում նացիստական պետության հետ, եւ հնչում են նույնիսկ ցեղասպանության մեղադրանքներ հենց հրեաների հանդեպ: Եվ այս ամենը նույնպես տեղի է ունենում մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր