ԱԴՐԲԵՋԱՆԸ ԹԵԺԱՑՆՈՒՄ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Ադրբեջանում շարունակում են ակտիվացնել ինտերնետի օգտագործմամբ վարվող տեղեկատվական պատերազմը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ։ Վերջերս ադրբեջանցիները հայերեն նոր տեղեկատվական կայք են գործարկել։ Թշնամու լեզվով ցանցային հաղորդումներն, իհարկե, ազդեցություն գործում են, սակայն ծախսված ֆինանսական միջոցներն ու օգտագործված մարդկային ռեսուրսները տվյալ պարագայում չեն արդարացվում։
Այսօր, սակայն, օգտագործում են նաև առավել քողարկված բնույթի մեթոդներ, մասնավորապես՝ հայկական դրոշի ներքո ստեղծվում են ինտերնետային կեղծ ռեսուրսներ, որոնք իրականում հսկվում են ադրբեջանցիների կողմից։ Այդպիսին է, այսպես կոչված, «Խրոնիկա» տեղեկատվական պորտալը (www.xronika.com)։
Այս ռեսուրսի առաջմղման համար երկքայլ հնարք է օգտագործվել։ Օգոստոսին Ադրբեջանի տեղեկատվական ռեսուրսները հաղորդագրությունների լայն ալիք բարձրացրին առ այն, որ հայկական հաքերները գրոհել են ադրբեջանական Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնի (ՏՍԶԿ) www.cesd.az տեղեկատվական կայքը։ Ասվում էր, թե իբր կազմակերպության կայքը կոտրելուց հետո հաքերներն այն փոխարինել են www.xronika.com հայերեն կայքով։ Եվ իբր «գրոհն» արագ հետ է մղվել, իսկ կայքը՝ վերականգնվել։
ՏՍԶԿ-ն տեղեկատվություն է տարածել, թե իրենց կայքը հարձակման է ենթարկվել այն պատճառով, որ կազմակերպությունը քարոզչական ակտիվ աշխատանք է տանում։ Որպես փաստարկ բերվում է այդ կազմակերպության վարչության նախագահ Վուգար Բայրամովի զեկույցը, որում նշվում է, որ եթե ժամանակակից եվրոպական մակարդակին հասնելու համար Ադրբեջանին անհրաժեշտ է 20 տարի, ապա Հայաստանին պետք կլինի 50 տարի։ Բացի այդ, ՏՍԶԿ-ն միջազգային տարբեր կառույցներում հայտարարել է, որ մինչև Ղարաբաղյան հակամարտությունն արդար լուծում չստանա, չի մասնակցի ոչ մի միջոցառման, ուր ներկա կլինեն հայկական կազմակերպություններ։
Անշուշտ, ՏՍԶԿ փաստարկները համոզիչ չեն։ Բացի այդ, հայտնի է, որ անցած 2-3 տարիների ընթացքում ադրբեջանական կողմի վրա հայկական կողմից լուրջ հարձակումներ չեն եղել, եղածներն էլ նախաձեռնվել են ադրբեջանական հաքերների հարձակումներին ի պատասխան։
Սակայն փաստ է, որ տեղեկատվական նման «լցոնման» արդյունքում xronika.com կայքը նշվել է որպես հայկական։ Առաջին հայացքից անհնար է որոշել, թե ում է պատկանում այս ռեսուրսը։ XRONIKA.COM դոմենը գրանցվել է այս տարվա վերջին, Մոսկվայում, չեզոք ռուսական անվան տակ։
Ադրբեջանցիները «բռնվեցին» հետևյալ կերպ։ Նրանք սխալվեցին այն հարցում, որ կրկին օգտագործեցին հայկական կողմի դեմ հաքերության մեջ բացահայտված կեղծանունը։ Ոմն «Արթուր Օհանյան» սկսում է նամակներ տարածել ինտերնետում ակտիվ հայերի մեջ։ Նամակով առաջարկվում էին Ադրբեջանին վարկաբեկող նյութեր, որոնք զետեղված են հենց www.xronika.com կայքում։ Ֆայլը բացելիս պարզվում էր, որ այն «տրոյան» է, այսինքն՝ վնասաբեր մի ծրագիր, որը, հայտնվելով ինչ-որ մեկի համակարգչում, բացահայտում է օգտագործողի բոլոր գաղտնաբառերը և դրանք հետ ուղարկում չարամիտ նամակագրին։
Բանն այն է, որ «Արթուր Օհանյան» կեղծանվան տակ թաքնվում է ժամանակին հայտնի ադրբեջանցի հաքեր Բաջիօղլուն, որին անցյալ տարի հաջողվեց մի քանի հայկական կայք կոտրել։ Ընդ որում՝ նրա գործելակերպն առանձնապես չի փոխվել։ Նախ՝ Բաջիօղլուն, ինչպես և առաջ, իբր Ադրբեջանի վերաբերյալ վարկաբեկիչ նյութեր պարունակող «տրոյան» ֆայլեր էր ուղարկում։ Երկրորդ՝ նա հայտնի դարձավ նրանով, որ սկսեց լուրեր տարածել կոտրված հայկական կայքերի մասին, որոնք, սակայն, իրականում հենց իր ստեղծածն էին։ Բացի դրանից, ձեռագրից դատելով՝ նույն հաքերը ժամանակին կոտրել էր ադրբեջանական հեռուստաալիքի կայքը և Հայաստանի հատուկ ծառայությունների անունից դրանում զետեղել էր անգրագետ մի հաղորդագրություն, ինչին հետևել էր հարձակումը հայկական կայքերի վրա։ Բացի այդ, հայի անվան տակ, նույն ինքը կոտրել էր Ադրբեջանի Ազգային ճակատի կայքը։
Ամենահավանականն այն է, որ www.xronika.com կայքը հսկվում է հենց ՏՍԶԿ-ի կողմից, կամ էլ այդ կազմակերպությունն ադրբեջանական այլ կառույցներն օգտագործել են որպես քողածածկույթ կայքն աշխատեցնելու համար, որի միջոցով կարելի կլինի ապատեղեկատվություն տարածել և աշխատել հայ-վրացական հարաբերությունների ապակայունացման ուղղությամբ։ Համենայնդեպս, քիչ հավանական է, որ այդ կայքով հանդես է գալիս մասնավոր անձ, քանի որ դրանում բավական ծավալուն ու ամենօրյա մանրակրկիտ աշխատանք է կատարվում։
Թեև արդյունքներն առայժմ բավական համեստ են, բայց ադրբեջանական կողմն աշխատում է տեղեկատվական պատերազմի ծավալման ուղղությամբ։ Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանի կողմից որևէ համակարգված քայլ չի արվում ոչ տեղեկատվական ճակատում հարձակում իրականացնելու, ոչ էլ ադրբեջանական հարձակումներին հակադարձելու առումով։ Ավելին, Ադրբեջանում այդ հարցերով զբաղվում են պաշտոնական մակարդակով, մինչդեռ Հայաստանում այս ուղղությանը գրեթե ուշադրություն չի դարձվում։
Այսպես, օրերս Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաևան հայտարարել է. «Ադրբեջանի հետ կապված դոմենների մեծ մասը գրավված է հայերի կողմից, ինչը սպառնալիք է ներկայացնում մեր պետության տեղեկատվական անվտանգությանը»։ Նրա խոսքերով՝ պետությունն ակտիվորեն պետք է զբաղվի այդ հարցով. «Առաջին հերթին, մենք պետք է վերադարձնենք մեր դոմենները։ Երկրորդ՝ այս գործը պետք է հանձնարարվի պետական կառույցի։ Երրորդ՝ անհրաժեշտ է, որ մենք նոր դոմեններ գրանցենք, որոնք կապված կլինեն Ադրբեջանի աշխարհագրական տեղանունների, պատմական արժեքների հետ»։
Ըստ Փաշաևայի՝ այդ հարցն իրենց համար «ռազմավարական կարևորություն ունի, քանի որ ներկայիս գլոբալ աշխարհում, ուր ինտերնետը կյանքի անբաժանելի մասն է, տեղեկատվական պատերազմը վարվում է հենց այդ վիրտուալ աշխարհում։ Մեր գործերի ներկայիս վիճակը տեղեկատվական անվտանգության առումով սպառնալիք է պարունակում, և մենք պետք է վերացնենք այն»։ Պատգամավորն առաջարկում է գնել առևտրային կազմակերպություններին պատկանող այն դոմենները, որոնք առնչվում են Ադրբեջանին։ Մնացած դեպքերում Փաշաևան մտադիր է բողոքներ հղել ICANN կազմակերպությանը, որը զբաղվում է դոմենների գլոբալ գրանցմամբ։
Իհարկե, ICANN –ի միջոցով դժվար թե հնարավոր լինի հետ վերցնել դոմենները, քանի որ azerbaijan, karabakh, fizuli, lachin աշխարհագրական տեղանուններով դոմենները (հենց նման դոմեններն են վերահսկվում հայերի կողմից) առևտրային բրենդներով պաշտպանված չեն։ Այստեղ, սակայն, ակնհայտ է, որ պետական մակարդակով հարցը բարձրացնելու փորձ է արվում։ Միևնույն ժամանակ, բոլոր այդ դոմենները, որոնց մասին խոսվում է, հայերի կողմից վերահսկվում են բոլորովին էլ ոչ այն պատճառով, որ Երևանն ագրեսիվ քաղաքականություն է վարում, այլ շնորհիվ Հայաստանում և Սփյուռքում իրականացվող մասնավոր նախաձեռնությունների։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԸՍՏ ՕՐԻՆԱԳԾԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ՀԱՆԳԻՍՏ ԿԱՐՈՂ Է ԴԻՏԱՐԿՎԵԼ ՈՐՊԵՍ ԱՆԱՆՈՒՆ ՀՂՈՒՄ. Սամվել Մարտիրոսյան[20.10.2021]
- ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱՆԵՐԸ[27.09.2018]
- ՈՒՂԻՂ ԵԹԵՐՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ (ինչպես ձևափոխվեց տեղեկատվական դաշտը)[08.06.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԱՔԵՐԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[05.04.2018]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2017Թ.)[07.12.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[06.10.2017]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2016Թ.[26.07.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ[31.05.2017]
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՍՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ[10.05.2017]
- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՔԵՐՆԵՐԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ[29.03.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ․ ԻՐԱՎԻՃԱԿԸ 2016Թ.[30.01.2017]