ԻՐԱՆ. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նախագահական ընտրություններից հետո ծավալված իրադարձությունները նշանային դարձան գլոբալ իմաստով տեղեկատվական հոսքերի կառուցվածքի փոփոխության առումով։ Իրանական հեղափոխությունը նոր խոսք բերեց տեխնոլոգիական հաղորդակցությունների ոլորտում։ Մասնավորապես, առաջին անգամ տեղեկատվական ասպեկտն ամբողջովին տեղաշարժվեց դեպի ինտերնետ և մոբիլ տեխնոլոգիաներ, որոնք դաշտից գրեթե լիովին դուրս մղեցին ավանդական մամուլը։
Վերջին տարիներին նկատվում էր ավանդական լրատվամիջոցներից տեղեկատվական հոսքերի մի մասի տեղափոխման միտում դեպի այսպես կոչված այլընտրանքային կամ նոր մեդիա։ 2008թ. օգոստոսի պատերազմը Վրաստանում կամ Իսրայելի Գազայի հատվածում իրականացվող «Ձուլածո կապար» գործողությունը որոշակի չափով նախապատրաստական փուլեր հանդիսացան։ Այս հակամարտությունների ժամանակ արդեն, տեղեկատվական պատերազմում, ցանցային տեխնոլոգիաներն առաջին պլան մղվեցին։ Հատկանշական էր Իսրայելի ԱԳՆ` երկրին օգնելու խնդրանքով պաշտոնական դիմումը բլոգերներին՝ «Ձուլածո կապար» գործողության ժամանակ տեղեկատվական պատերազմ մղելիս։
Իրանական իրադարձություններն այս առումով շրջադարձային էին։ Իշխանությունների և ընդդիմության հակամարտությունը երկու կողմերի համար դարձավ ճակատամարտ տեղեկատվական դաշտի համար։ Հաշվի առնելով այն, որ ընդվզողների շարքերում մեծ էր երիտասարդների թիվը, իսկ դիսիդենտների մեդիա-հնարավորությունները սահմանափակ էին, ընդդիմությունը որպես հիմնական գործիք ընտրեց ինտերնետը, հատկապես սոցիալական ցանցերն ու բլոգերը։ Մոբիլ հեռախոսը դարձավ գլխավոր տեղեկատվական զենքը։
Մոբիլ տեխնոլոգիաների կիրառումը
Իրանական իրադարձությունների տեղեկատվական առավել լուրջ բաղադրիչը դարձան Twitter-ը1 և Facebook-ը2։ Սկզբում այս սոցիալական ցանցերն օգտագործվում էին մոտավորապես այնպես, ինչպես Մոլդովայի հուզումների ժամանակ. երկրի ներսում տեղեկատվության օպերատիվ փոխանցման, ակտիվիստներին ներգրավելու, հանրահավաքներ և բողոքի ակցիաներ կազմակերպելու համար։ Սոցիալական այս ցանցերում ակտիվ քաղաքացիների բարձր ներգրավվածությունը հնարավորություն է տալիս նրանց տեղեկատվության օպերատիվ տարածման աղբյուր դարձնել։
Բայց կապված այն բանի հետ, որ ընտրություններից հետո առաջին իսկ օրերին իշխանություններն սկսեցին սահմանափակել արտասահմանյան ԶԼՄ գործունեությունն այնտեղ, ուր բախումներ էին տեղի ունենում, սոցիալական ցանցերը դարձան վերջին նորությունների աղբյուր և դրանց փոխանցման միջոց: Իրանի իշխանություններն առաջին իսկ օրերին սահմանափակումներ մտցրին արտասահմանյան թղթակիցների աշխատանքի մեջ: Մասնավորապես, մի շարք լրագրողներ հետ ուղարկվեցին, իսկ մեծամասնությանն արգելվեց ռեպորտաժ վարել փողոցներից: Փաստորեն, արտասահմանյան մամուլը հայտնվեց տնային կալանքի մեջ, իսկ տեղի մամուլը հատուկ ծառայությունների կողմից վերցվեց կոշտ վերահսկողության տակ:
Մամուլի նկատմամբ կիրառվող արգելքները ստիպեցին ընդդիմությանը շրջանցող ուղիներ փնտրել: Գործի դրվեցին մոբիլ սարքերը: Այսօր միջին արժողության ստանդարտ բջջային հեռախոսը թույլ է տալիս ոչ միայն ինտերնետ մտնել, այլև օպերատիվ ռեժիմով ցանցում լուսանկարներ և տեսանյութեր հրապարակել անմիջապես իրադարձությունների վայրից:
Իրանցիները տեղի ունեցածը հենց իրադարձությունների վայրից հեռարձակում էին բջջային հեռախոսների օգնությամբ: Քանի որ Twitter-ն ավելի հեշտ կիրառելի է և, ամեն ինչից բացի, թույլ է տալիս SMS հաղորդագրություններ ուղարկել, այն շատ շուտ տեղեկատվության աղբյուր դարձավ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրանց համար, ովքեր արտասահմանում էին հետևում իրանական իրադարձություններին: Twitter-ն այս առումով տեղեկատվության տարածման առավել խնայողական միջոց է, որովհետև թույլ է տալիս տնտեսել.
- ժամանակը, քանի որ առաքվող հաղորդագրությունն ունի նվազագույն չափ և ցանցում տեղակայվելու համար երկար ժամանակ չի պահանջում և, փաստորեն, ուղարկելուց հետո ինտերնետում հայտնվում է հաշվված վայրկյաններում,
- ֆինանսները, քանի որ հաղորդագրության հրապարակումը Twitter ցանցում հնարավոր է պարզ SMS հաղորդագրության օգնությամբ, որն ուղարկվում է սերվիսի շլյուզային (անցուղային) համարներին, ինչպես նաև բջջային հեռախոսների համար հատուկ ծրագրային ապահովման օգնությամբ, որը տնտեսում է տրաֆիկը:
Բացի այդ, Twitter-ն ունի դուստր սերվիս` twitpic.com, որտեղ կարելի է հրապարակել լուսանկարներ բջջային հեռախոսից գրեթե իրական ժամանակի հետ նույն պահին` տեքստի կրոս-հրապարակման և հենց Twitter-ում լուսանկարին հղում կատարելու հետ մեկտեղ: Այսպիսով, մեկ մարդն իր բջջային հեռախոսով կարող է ռեպորտաժ վարել իրական ժամանակի ռեժիմում, ամենածանր դաշտային պայմաններում և ժամանակի ու ֆինանսների նվազագույն ծախսմամբ: Իրականում Twitter սերվիսն օգտագործվում էր որպես անցուղի (շլյուզ). այնտեղից տեղեկատվությունն արդեն տարածվում էր մնացած բոլոր սոցիալական ցանցերին, բլոգերին և վերջնարդյունքում հայտնվում էր մամուլում: Ավանդական լրատվամիջոցներն այս անգամ իրոք չէին հասցնում իրանական բլոգերների և մոբիլ հանրային լրագրողների հետևից ինչպես Իրանի իշխանությունների գործողությունների, այնպես էլ այն պատճառով, որ ի տարբերություն լրագրողների` բլոգերները հայտնվում էին ուժայինների հետ ցուցարարների բախումների ամենավտանգավոր տեղերում:
Թե որքան կարևոր էր դարձել այդ կայքը տեղեկատվական դաշտում, կարելի է եզրակացնել ընկերության սերվերների նորոգման աշխատանքների պատմությունից դատելով: Հունիսի 15-ին Twitter-ը պաշտոնապես տեղեկացրեց, որ մեկ ժամով համակարգն անջատվելու է` տեխնիկական աշխատանքներ կատարելու հետ կապված: ԱՄՆ Պետդեպարտամենը պաշտոնապես դիմեց Twitter-ին` խնդրելով «չանջատել այն, քանի դեռ Իրանում ժողովրդավարական գործընթացներ են տեղի ունենում»: Ըստ Reuters-ի, Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը բացատրել է Twitter-ի սեփականատերերին, որ այն «հաղորդակցության կարևոր ձև է»:
Հուզումների երկրորդ օրվանից Twitter-ն ամբողջովին լցված էր իրանական հեղափոխության թեմայով: #iranelection հեշթեգը3 ամենատարածվածը դարձավ Twitter-ում: Բացի այդ, սերվիսի ժողովրդականություն վայելող թեմաներից 3-5-ը մշտապես վերաբերում էին իրանականին:
Միայն իրանական թեմայով հաղորդագրությունների հոսքը Twitter ցանցում հսկայական էր: Պատճառը ոչ թե Իրանից եկող տեղեկատվության մեծ հոսքն էր, այլ այն, որ օգտվողների մեծամասնությունն օգնում էր տեղեկատվության տարածմանն ու պատճենում էր կարևոր հաղորդագրությունները: Այսպիսով, հիմնական հոսքը Իրանից եկող հաղորդագրությունների (համեմատաբար) ոչ մեծ հոսքի պատճենումներն էին:
Twitter-ը ամենահարմար սերվիսն էր, որն իր մեջ մեկտեղում էր սոցիալական ցանցերն ու մոբիլ տեխնոլոգիաները (անգամ այն պարագայում, երբ սոցիալական ցանցերի մեծ մասն այժմ տեղափոխվում է այլընտրանքային մոբիլ պլատֆորմ): Բացի այդ, տեղեկատվության տարածման համար բավական ակտիվորեն օգտագործվում էին լուսանկարներն ու տեսանյութերը, որոնց հանդեպ վստահությունը շատ ավելի մեծ է, քան տեքստային հաղորդագրությունների: Մասնավորապես, Youtube տեսահոսթինգում, Flickr և Picasa ֆոտոհոսթինգներում, ինչպես նաև նման այլ հոսթինգներում զետեղվում էին բավական մեծաթիվ տեսանյութեր դեպքերի վայրերից: Բայց քանի որ Իրանում արգելափակված էր ինտերնետ-կապը և դժվարություններ կային մեծաքանակ տեղեկատվության տեղակայման հետ կապված, այս հոսթինգներն ուշանում էին օպերատիվ առումով:
Տեղեկատվության զուգահեռ հոսքերի ձևավորումը
Իրանական թեմայի շուրջ օգտագործող-մոբիլ տեխնոլոգիա (համակարգիչ)-սոցիալական ցանցեր-մամուլ ուղղությամբ տարածվող տեղեկատվության ծավալների խտացումը հանգեցրեց նրան, որ հետաքրքրությունը ԶԼՄ-ի հանդեպ սկսեց նվազել: Միևնույն ժամանակ, կտրուկ աճեց սոցիալական ցանցեր հաճախողների թիվը, և որ գլխավորն է` դրանց հեղինակությունը: Համապատասխանաբար, տեղեկատվության` ողջ աշխարհում հսկայական լսարան ունեցող նոր հոսքերի առաջացումը հանգեցրեց միանգամից մի քանի բացասական տեղեկատվական հետևանքների:
Նախ` իրանական թեմատիկան անհապաղ իրենց նպատակներով սկսեցին օգտագործել սպամերները: Իրանական նշաններով հսկայաքանակ գովազդային տեղեկատվություն մտցրին ցանց (մասնավորապես, Twitter ցանց)` Իրանի հանդեպ իրարանցումային հետաքրքրությունը «նյութականացնելու» համար: Բացի այդ, Իրանից ստացվող տեղեկատվության անվան տակ սկսեց տարածվել ոչ միայն գովազդը, այլ նաև համակարգչային վիրուսներ. հաշվի առնելով թեմայի նկատմամբ հետաքրքրությունը և թարմ տեղեկատվություն ստանալու օպերատիվությունն ու մասշտաբայնությունը` համակարգիչների վարակվելու հավանականությունը նման պայմաններում էապես բարձրանում է:
Բացի այդ, ի հայտ եկան մեծ թվով սադրիչներ, որոնք ապատեղեկատվություն էին տարածում: Իրանցի օգտվողների արձագանքներից դատելով, ինչպես նաև ըստ տեղեկատվական հոսքերի վերլուծության, կարելի է ենթադրել, որ սոցիալական ցանցերում, իրավիճակի կտրուկ սրացման շրջանում, Իրանում գործում էին տարբեր կառույցներ, որոնք կարելի է բաժանել մի քանի խոշոր կլաստերների.
- Ընդդիմության կողմնակիցներ Իրանում
- Ընդդիմության կողմնակիցներ իրանցի վտարանդիների շրջանում, ինչպես նաև նրանց թվում, ովքեր ժամանակավորապես ապրում են արտասահմանում, օրինակ` ուսանողները
- Ընդդիմության կողմնակիցներ այլ երկրների բնակիչների շրջանում, ովքեր համակրում են ցուցարարներին
- Իշխող վարչակարգի կողմնակիցներ
- Սադրիչներ, ենթադրաբար` վարչակարգի կողմնակիցներից, ինչպես նաև հատուկ ծառայությունների աշխատակիցներից, ովքեր ակտիվորեն ապատեղեկատվություն էին տարածում և տեղեկատվության հոսքերն ուղղորդում էին դեպի իրենց անհրաժեշտ հուն
- Երրորդ երկրների սադրիչներ
- Տեղեկատվական աղմուկ ստեղծող համակարգչային օգտվողներ:
Ընդդիմադիր տեղեկատվական հոսքի ներկայացուցիչները մշտապես ցանց էին մտցնում լարվածությունը թեժ պահող նյութեր: Երբ Իրանից նոր տեղեկատվություն չէր ստացվում (խոսքը հատկապես ֆոտո և տեսանյութերի մասին է), այդ ժամանակ զետեղվում էին ավելի վաղ ժամանակվա նյութերը` հուզական մակարդակը պահպանելու նպատակով: Հարկ է հաշվի առնել, որ հոսքերի արագությունն այնքան նշանակալի էր, որ անգամ նոր նյութերի բացակայությունը մի քանի ժամվա ընթացքում քաոս էր առաջացնում և սպառնում էր խաղից դուրս բերել հիմնական խաղացողներին, համապատասխանաբար` նոր դերակատարների ասպարեզ բերելով: Սրանից խուսափելու համար ընդդիմադիր տեղեկատվական լիդերները ջանում էին մշտապես պահպանել թարմ կամ թարմի տեղ մատուցվող հնացած տեղեկատվության մատակարարման արագությունը, կամ էլ դրանք ներկայացնել նոր պարզաբանումներով ու մեկնաբանություններով: Օրինակ` զոհված ցուցարարների նույն լուսանկարները պարբերաբար ցանց էին մտցվում մահվան պատճառների տարբեր բացատրություններով:
Ինչ վերաբերում է սադրիչների (այսինքն` այն մարդկանց, ովքեր քողարկվում էին ընդդիմադիրների անվան տակ) ցանց մտցրած տեղեկատվությանը, ապա այն կարելի է բաժանել մի քանի խմբի: Ընդդիմադիրները ցանցում պարբերաբար տեղակայում էին սադրիչների անուններ, որոնք, նրանց կարծիքով, ապատեղեկատվություն և մանիպուլյացիոն բնույթի տեղեկատվություն են հրապարակել, որն, իր հերթին, կարելի է բաժանել երկու մեծ խմբի.
- ապատեղեկատվություն, որը նպատակ ունի վարկաբեկել ընդդիմությունը կամ հանդարտեցնել մթնոլորտը: Համապատասխանաբար` այն կարելի է վերագրել կամ ակտիվիստների գործունեությանը, որոնք աջակցում են իշխող վարչակարգին, կամ իրանական հատուկ ծառայությունների աշխատանքին,
- ապատեղեկատվություն, որը նպատակ ունի առաջ բերել մեծ քաոս և ապակայունացնել իրավիճակն Իրանում: Նման տեղեկատվությունը, ամենայն հավանականությամբ, տարածվում էր կամ ընդդիմության, կամ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների ու երրորդ երկրներ ինտերնետ պատերազմների ակտիվիստների կողմից: Մասնավորապես, ընդդիմությունը մեղադրում էր իսրայելական Մոսսադին այն բանում, որ այն հենց Twitter ցանցի աշխատանքի միջոցով ապակայունություն տարածող խմբեր է ձևավորում:
Համաշխարհային մամուլն, իր հերթին, ստիպված էր մի կողմից օգտվել իրանական բլոգերներից, սոցիալական ցանցերից ստացվող տվյալներից և Youtube-ի տիպի կայքերում զետեղված տեսանյութերից: Մյուս կողմից` խնդիր կար ճիշտ զտել տեղեկատվությունը` ապատեղեկատվության ի հայտ գալուց խուսափելու համար: Ապստամբությունն սկսվելուց հետո արդեն երեք օր անց փողոցներում շատ լրատվամիջոցներ սեփական տեղեկատվության հաղորդման ռեժիմից անցում կատարեցին սոցիալական ցանցերի մոնիթորինգին. մի քանի բլոգեր նստեցրին խմբագրություններում: Նրանք զտում էին Twitter-ով և այլ սոցիալական ցանցերով ու բլոգերով անցնող տեղեկատվական հոսքը:
Այսպես շարունակվեց այնքան ժամանակ, մինչև որ Իրանի իշխանությունները վերջապես հասկացան, որ հարկավոր է էլ ավելի կոշտ սահմանափակումներ մտցնել ցանցում: Սկզբում արգելափակում էին մեկ այս, մեկ այն կայքը և դրան բավական անփույթ էին վերաբերվում. ակնհայտ էր, որ չկա ֆիլտրմանն ուղղված համակարգային մոտեցում: Այսպես, օրինակ, Youtube պաշտոնական բլոգի տվյալներով` արդեն հունիսի 16-ին Իրանից տրաֆիկը կրճատվեց 10%-ով: Եվ այնուամենայնիվ, կայքն ամբողջությամբ փակել չկարողացան: Հատուկ ծառայություններին հաջողվեց արգելափակել արբանյակային հեռուստատեսության ալիքները: Անգամ դրանով իսկ ինտերնետը շարունակում էր աշխատել, չնայած այն բանին, որ ցանցն արգելափակելը շատ ավելի հեշտ խնդիր է: Կամ հատուկ ծառայությունները վատ էին համակարգում գործողությունները, կամ էլ իշխանությունները սկզբում թերագնահատել էին ինտերնետի իրական ազդեցությունն իրադարձությունների վրա: Դրա համար էլ արգելափակումը կատարվում էր փուլ առ փուլ և ընդհատումներով, մինչև որ հունիսի 21-22-ին վերածվեց գրեթե համընդհանուր արգելափակման:
Իրանական իշխանությունները չկարողացան ամբողջովին արգելափակել ինտերնետը: Ինտերնետի արգելափակումը մինչ օրս չի հանգեցրել լուրջ արդյունքների այն դեպքում, երբ օգտվողները ցանկություն ունեն շրջանցել արգելքը: Իրանցիների մեջ տարածում գտան ինտերնետ-կապի ֆիլտրումը շրջանցելու հնարավոր տարբերակների ուղեցույցներ: Բացի այդ, ընդդիմության համակիր արտասահմանցի օգտվողները դիտավորյալ ցանցում սկսեցին ի հայտ գալ որպես Իրանի բնակիչներ, որպեսզի մոլորության մեջ գցեն իրանական հատուկ ծառայություններին, որոնք ջանում էին գտնել ակտիվ օգտվողներին` նրանց չեզոքացնելու համար:
Հետևություններ Հայաստանի համար
Հայաստանի համար ակնհայտ է դառնում արտակարգ իրավիճակների համար տեղեկատվական պլանի ստեղծման անհրաժեշտությունը: Հաղորդակցային միջոցների զարգացումը որակապես փոխում է սցենարները: Արժե հաշվի առնել նաև այս ոլորտի դինամիկ փոփոխությունները, որոնք թելադրում են ինչպես ռազմավարական, այնպես էլ մարտավարական մշակումների պարբերական վերանայման անհրաժեշտությունը: Ակնհայտ է, որ Ադրբեջանի հետ ռազմական (կամ այլ երկրի հետ քաղաքական) հակամարտություն սկսվելու դեպքում Հայաստանի մեդիա-դաշտն անհապաղ գրոհների կենթարկվի, որոնց նպատակը կլինի հանրապետության տեղեկատվական ցանցը շարքից դուրս բերելը: Գրոհների կենթարկվեն ինտերնետ պորտալներն ու ցանցերը, Ադրբեջանի ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերը կջանան ճնշել Հայաստանի հեռարձակման հաճախականությունները:
Գրեթե անհնար է լիովին ճնշել տեղեկատվական դաշտը, մանավանդ Ադրբեջանի կողմից, որը համապատասխան կադրեր ու հզորություններ չունի: Սակայն էական սահմանափակումներն այս ոլորտում կարող են հանգեցնել կորուստների տեղեկատվական ճակատում:
Միևնույն ժամանակ, տեղեկատվական ցանցերի վրա իրականացվող գրոհներն առաջ են բերում մամուլի և երրորդ երկրների բնակիչների հետաքրքրությունը: Նոր հաղորդակցային միջոցների օգտագործումը և դրանց գերակայությունն ինտերնետում ստեղծվող հոսքերում կարող են հնարավորություն տալ ստեղծելու ոչ միայն պահուստային տեղեկատվական դաշտ: Նման հոսքերը հնարավորություն են ընձեռում ստեղծել ակտիվ տեղեկատվական խմբեր, որոնք վերջին հաշվով որոշակի նշանակալի ազդեցություն ունեն համաշխարհային մամուլի վրա: Համապատասխանաբար, ծայրահեղ պայմաններում ավանդականներին զուգահեռ այլընտրանքային տեղեկատվական հոսքերի ստեղծումը հնարավորություն կտա հակառակորդի միջոցների նկատմամբ գերիշխանություն հաստատելու ծրագիր իրականացնել:
Այս առումով, նույնքան էական է համարվում զուգահեռ տեղեկատվական աղմուկի և ապատեղեկացնող ալիքների ստեղծման հնարավորությունը, որոնք կարող են խափանել հակառակորդի նմանատիպ գործողությունները ցանցերում: Նման համալիր միջոցառումների իրականացումը, որոնք նախապես պետք է մշակված լինեն, թույլ կտա ծայրահեղ արագ ժամանակաընթացքում հակառակորդի նկատմամբ գերազանցության հասնել տեղեկատվական դաշտում:
1Twitter (անգլ. twit - «ծլվլալ», «շաղակրատել») – անվճար սոցիալական ցանց. միկրոբլոգերի համակարգ է, որն օգտվողներին թույլ է տալիս կարճ տեքստային նշումներ (մինչև 140 նիշ) ուղարկել՝ օգտագործելով վեբ-ինտերֆեյսը, SMS-ը, ակնթարթային հաղորդագրությունների ծառայությունները կամ անհատական համակարգիչների և մոբիլ սարքերի կողմնակի ծրագիր-հաճախորդները։ Twitter-ն ստեղծել են Ջեկ Դորսին, Բիզ Սթոունը և Էվան Ուիլյամսը։ Սկզբնապես նախագիծը մտածվել էր որպես հետևյալ հարցին պատասխանելու հնարավորություն. «Հիմա ի՞նչ ես անում»։ Դորսին ուզում էր մի ինչ-որ պլատֆորմ ստեղծել, որն իրեն թույլ կտար մշտապես կարճ հաղորդագրություններ փոխանակել ընկերների հետ։ Twitter-ի հաղորդագրություններն անմիջապես պատկերվում են օգտվողի էջում և ակնթարթորեն կարող են առաքվել այլ օգտվողների, որոնք բաժանորդագրված են դրանք ստանալու համար: Առաքումը կարող է տեղի ունենալ Twitter կայքի, ակնթարթային հաղորդագրությունների ծառայության, SMS-ի, RSS-ի, էլեկտրոնային փոստի կամ Twitter-հաճախորդի միջոցով:
Այսօրվա դրությամբ առավել դինամիկ աճող սոցիալական ցանց է: Մինչ իրանական իրադարձությունները, Twitter ցանցում մոտ 20 մլն գրանցված օգտվող կար: Ընդ որում` այս ցուցանիշի աճը վերջին ամիսներին հասնում է ամսական մի քանի տասնյակ տոկոսի, իսկ վերջին կիսամյակի աճը գերազանցել է 600%-ը:
2Facebook – հանրահայտ սոցիալական ցանցի վեբ-կայք, որն սկսեց աշխատել 2004թ. փետրվարի 4-ին: Հիմնադիրն է Մարկ Ցուկերբերգը: 2009թ. հունիսի վերջի դրությամբ` կայքում գրանցված էր ավելի քան 200 միլիոն ակտիվ մասնակից:
3# նշանը, որով օգտվողները նշում են հաղորդագրության թեման, ինչը թույլ է տալիս առանձնացնել այն թեմատիկ որոնման ժամանակ:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԸՍՏ ՕՐԻՆԱԳԾԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ՀԱՆԳԻՍՏ ԿԱՐՈՂ Է ԴԻՏԱՐԿՎԵԼ ՈՐՊԵՍ ԱՆԱՆՈՒՆ ՀՂՈՒՄ. Սամվել Մարտիրոսյան[20.10.2021]
- ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱՆԵՐԸ[27.09.2018]
- ՈՒՂԻՂ ԵԹԵՐՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ (ինչպես ձևափոխվեց տեղեկատվական դաշտը)[08.06.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԱՔԵՐԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[05.04.2018]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2017Թ.)[07.12.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[06.10.2017]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2016Թ.[26.07.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ[31.05.2017]
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՍՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ[10.05.2017]
- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՔԵՐՆԵՐԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ[29.03.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ․ ԻՐԱՎԻՃԱԿԸ 2016Թ.[30.01.2017]