• am
  • ru
  • en
Версия для печати
13.07.2018

ԻՍՐԱՅԵԼԻ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ. ԳԻՏԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՈԼՈՐՏ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 5, 2018

Կարեն Վերանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար

Իսրայելի կրիտիկական ենթակառուցվածքները. Իսրայելն այն բացառիկ պետություններից է, որի կրիտիկական ենթակառուցվածքների1 համակարգն այս կամ այն չափով փոխկապակցված է երկրի, բնակչության անվտանգության, մասնավորապես՝ պաշտպանական անվտանգության ոլորտի հետ։ Եվ սա, ըստ էության, բնական գործընթաց պետք է համարել, քանի որ Իսրայել պետությունը 1948թ. հիմնադրումից սկսած մինչև օրս շարունակում է զարգանալ հարևան երկրների և զինյալ խմբավորումների ռազմական սպառնալիքների իրական վտանգի ներքո։

Իսրայելի կրիտիկական ենթակառուցվածքների համակարգը կարելի է դասակարգել մի քանի հիմնական ուղղություններով.

1. պաշտպանական անվտանգություն, որը ներառում է թե՛ սահմանային անվտանգության, թե՛ թիկունքի պաշտպանության հարցերը՝ մասնակիորեն ներառվելով «քաղաքացիական պաշտպանություն» հասկացության սահմաններում։ Պաշտպանական անվտանգության կրիտիկական ենթակառուցվածքների անքակտելի բաղադրիչներից են Իսրայելի ռազմարդյունաբերական համալիրը և Իսրայելի պաշտպանության բանակը: Ըստ վիճակագրության՝ 2017թ. Իսրայելն արտահանել է $9,2 մլրդ-ի սպառազինություն և ռազմական տեխնիկա, որը կազմում է սպառազինության համաշխարհային արտահանման ծավալների 3%-ը։ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2017թ. սպառազինությունների համաշխարհային արտահանման ծավալներով Իսրայելը եզրափակում էր առաջատար երկրների հնգյակը՝ զիջելով ԱՄՆ-ին, ՌԴ-ին, Ֆրանսիային և Գերմանիային։

2. Պաշտպանական անվտանգության ոչ նյութական՝ հոգևոր կրիտիկական ենթակառուցվածքների համակարգում կարևոր տեղ է զբաղեցնում հրեա զինվորականության բարոյա-հոգևոր դաստիարակությունը՝ համակարգված հրեա զինվորականի վարքականոնով (The IDF Code of Conduct)։ Վարքականոնը Իսրայելի ԶՈւ դոկտրինի երկու գլխավոր բաղադրիչներից մեկն է, հայեցակարգը ներկայանում է «Իսրայելի պաշտպանության ուժերի ոգին» խորագրով։

3. Հրեության հոգևոր ժառանգության պաշտպանությունը (քաղաքակրթական ասպեկտ)2. կարելի է առանձնացնել լեզուն՝ եբրայերենը, կրոնը և հրեական ողջ ժառանգությունը։ Հրեության և Իսրայել պետության գոյության շարունակականությունն ինքնին, որպես «հրեական առաքելություն», նույնպես դասվում է համայն հրեության և Իսրայելի հոգևոր կրիտիկական ենթակառուցվածքների շարքին։

4. Երկրի միջուկային-էներգետիկ պոտենցիալը, ինչը մերձավորարևելյան տարածաշրջանում ուժային հավասարակշռության պահպանման կարևոր երաշխիքներից է։ Իսրայելի, նրա բնակչության անվտանգության երաշխիքը հենց երկրի միջուկային բարձր պոտենցիալի առկայությունն է։

5. Պետություն-սփյուռք փոխգործակցություն (ցանցակենտրոն և միակենտրոն գոյակցման ռազմավարական մոտեցումների փոխլրացմամբ), հայրենադարձության կազմակերպում։

6. Կիբեռանվտանգություն, տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ։

7. Տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություններ։

8. Ջրային ռեսուրսներ և դրանց արդյունավետ կառավարում. երկիրը (հատկապես երկրի հարավային հատվածը), գտնվելով չոր, կիսանապատային բնակլիմայական պայմաններում և ունենալով ջրային սուղ ռեսուրսներ, մեծ ուշադրություն է դարձնում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման մեխանիզմներին։

9. Գիտատեխնոլոգիական և մարդկային-մտավոր կապիտալ, որի առկայությամբ է պայմանավորված յուրաքանչյուր պետության ռազմական, տնտեսական պոտենցիալը։ Գիտատեխնոլոգիական ոլորտը, թերևս, այն անկյունաքարային կրիտիկական ենթակառուցվածքն է, որից ածանցյալ են պետության կրիտիկական ենթակառուցվածքների բոլոր ոլորտները։ Սխալված չենք լինի, եթե ասենք, որ տվյալ դեպքում հենց գիտատեխնոլոգիական բազան է պայմանավորում Իսրայել պետության և համայն հրեության գոյությունն առհասարակ։ Ուստի, ելնելով այդ տրամաբանությունից՝ առավել մանրամասն կանդրադառնանք գիտատեխնոլոգիական վիճակագրական և որակական առանձնահատկություններին։

Գիտատեխնոլոգիական սեկտորը՝ որպես առանցքային կրիտիկական ենթակառուցվածք. Վերը հիշատակված կրիտիկական ենթակառուցվածքների գրեթե բոլոր ոլորտներն այս կամ այն աստիճանով փոխկապակցված են Իսրայելի անվտանգային-պաշտպանական համակարգին կամ մասնակիորեն սպասարկում են վերջինին։ Առաջին հայացքից, ընդ որում՝ օբյեկտիվորեն, կարող է տպավորություն ստեղծվել, թե պետության և հասարակության գործունեության գրեթե բոլոր ասպարեզները կարող են ուղղվել Իսրայել պետության պաշտպանության համակարգի կատարելագործմանը՝ հանգեցնելով վերոնշյալ բնագավառների մասնակի կամ հատվածային ռազմականացմանը։ Չնայած երկիրը գտնվում է մշտական ռազմական սպառնալիքների առջև, թեև գիտատեխնոլոգիական ոլորտն անմիջական ու թիրախային մասնակցություն է ունենում երկրի պաշտպանությանը, այդուհանդերձ, ներկայանում է ոչ թե որպես սոսկ այդ համակարգի բաղադրիչ, այլ ավելի շուտ ինքնակա, ինքնաբավ գործող, պաշտպանական ոլորտին սպասարկող հատված։

Իսրայելի գիտատեխնոլոգիական սեկտորը տեղական և օտարերկրյա ներդրումների համար գրավիչ միջավայր դարձնելու հարցում կարևոր նշանակություն ունեցան օրենսդրական արդյունավետ մեխանիզմները։ 1959թ. Իսրայելում ընդունվեց Կապիտալ ներդրումների խթանման մասին օրենքը (Law for the Encouragement of Capital Investment), որով կարգավորվում էր Իսրայելի տարածքում գործող ընկերությունների ներդրումային քաղաքականությունը։ Առանձնակի ուշադրություն է դարձվում այն ընկերություններին, որոնք գործունեություն են իրականացնում բարձր տեխնոլոգիաների, գիտահետազոտական ոլորտներում (մրցունակ միջավայրի ապահովում, արտոնությունների ճկուն համակարգի ընձեռում և այլն)։

1984թ. Իսրայելում ընդունվեց արդյունաբերական նշանակության գիտահետազոտական և փորձարարա-կոնստրուկտորային աշխատանքների (ԳՀՓԿԱ-НИОКР) խթանման մասին օրենքը (Law for the Encouragement of Industrial Research & Development), որով սահմանվում էին արդյունաբերական ԳՀՓԿԱ զարգացմանն ուղղված պետական աջակցության մեխանիզմները։

Իսրայելի ղեկավարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում գիտակրթական, գիտատեխնոլոգիական պոտենցիալի զարգացմանը։ Կրթությանը հատկացվող ֆինանսական ծավալները կազմում են երկրի ՀՆԱ շուրջ 10%-ը։ 2012թ. Իսրայելի պետբյուջեից բարձրագույն կրթությանը տրամադրված միջոցները կազմել են $2 մլրդ։ 2013թ. տվյալներով, երկրի առաջատար համալսարաններից միայն մեկի՝ Երուսաղեմի Հրեական համալսարանի բյուջեն կազմել է $714 մլն, որի 55-65%-ը՝ պետական միջոցների հաշվին։ Երկրի գիտատեխնոլոգիական սեկտորի առաջընթացի ապահովման գործում կարևոր դեր ունի բուհական համակարգն իր գիտահետազոտական արդյունքների «տնտեսականացման» կամ «կապիտալացման» գործառույթներով՝ ձևավորելով կրթություն-գիտություն-տնտեսություն արդյունավետ շղթայական կապը։ Գիտատեխնոլոգիական արդյունքների «կապիտալացման» ցուցանիշով նույնպես Իսրայելն աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում։ Բուհերը սերտորեն համագործակցում են երկրի տնտեսության համապատասխան մասնագիտացված ճյուղերի հետ՝ ապահովելով դասախոսա-հետազոտական կազմի՝ որպես համահիմնադիր կամ խորհրդատու, ուղղակի մասնակցությունը «start-up»-երին և տեխնոլոգիական նորարարություններին։

ՅՈւՆԵՍԿՕ-ի 2012թ. զեկույցի վիճակագրական տվյալներով, գիտության և հետազոտությունների ծախսերի ծավալով Իսրայելն աշխարհում առաջատարն է եղել՝ երկրի ՀՆԱ 4,4%-ը3 (տե՛ս Գծապատկեր 1


Աշխարհի առաջատար երկրներում զգալի ֆինանսական միջոցներ են հատկացվում գիտության և կրթության զարգացմանը։ Industrial Research Institute և R&D Magazine ասմագրի հրապարակած «2018թ. գիտության և հետազոտությունների համաշխարհային կանխատեսումները» (Global R&D Funding Forecast 2018) զեկույցում նշվում է, որ վերջին տարիներին համաշխարհային մակարդակով գիտության և հետազոտությունների ֆինանսավորման ծավալներն աճման միտում ունեն։ Զեկույցում ներառված են գիտությանը և հետազոտություններին ֆինանսական հատկացումների գծով առաջատար 40 երկրները, որոնց ցուցակը գլխավորում է ԱՄՆ-ը։ Զեկույցի 2018թ. կանխատեսումներով, ԱՄՆ գիտության և հետազոտությունների համախառն ներքին ծախսերը (GERD-Gross Domestic Expenditure on R&D) կազմելու են $553 մլրդ (ՀՆԱ 2,84%), 2016թ. այդ ցուցանիշը $522 մլրդ էր։ 2018թ. զեկույցում Իսրայելը 40 երկրների շարքում զբաղեցնում է 22-րդ դիրքը։ Այդ երկրի գիտության և հետազոտությունների համախառն ներքին ծախսերը $12,85 մլրդ են կազմում՝ երկրի ՀՆԱ 3%-ը4։ Նշենք, որ գիտության և հետազոտությունների համախառն ներքին ծախսերով Իսրայելի վերջին տարիների ցուցանիշները կայուն աճման միտում ունեն. եթե 2016թ. այդ երկրի համապատասխան ցուցանիշը կազմել է $12,51 մլրդ, ապա 2017թ.՝ $12,68 մլրդ5։

Վերջին տարիների տվյալներով, Իսրայելն աշխարհում բնակչության մեկ շնչին ընկնող հաշվարկով «start-up»-երի քանակով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ ստանալով «Startup-Nation» բրենդ-անվանումը։ 2014թ. իսրայելական «start-up» ընկերությունները ապահովեցին շուրջ $3,4 մլրդ ներդրումային ծավալներ, ինչը 46%-ով գերազանցում է 2013թ. համապատասխան արդյունքը։ Իսկ 2015թ. դրությամբ այդ ցուցանիշն աճեց ևս 30%-ով, արդյունքում՝ ներդրումների ծավալը կազմեց $4,43 մլրդ (գործարքների ընդհանուր քանակը՝ 708)6։

IVC հետազոտական կենտրոնի (IVC research center) գնահատմամբ, 2012-2018թթ. Իսրայելի բարձրտեխնոլոգիական կապիտալն (Israeli Hige-Tech capital) արձանագրել է արագ աճի դինամիկա։ Եթե 2012թ. բարձր տեխնոլոգիաների սեկտորում իրականացվել է 516 գործարք՝ $1.867 մլրդ ընդհանուր ներդրումային ծավալով, իսկ 2015թ.՝ 706 գործարք՝ $4,307 մլրդ ծավալով, ապա 2017թ. գործարկվել է 623 պայմանագիր՝ $5,27 մլրդ ընդհանուր ներդրումային ծավալով (տե՛ս Գծապատկեր 2


Իսրայելի ՀՆԱ ավելի քան 11%-ն ապահովում է բարձրտեխնոլոգիական սեկտորը, այն կազմում է նաև երկրի արտահանման ընդհանուր ծավալի ավելի քան 50%-ը։

Իսրայելի գիտատեխնոլոգիական պոտենցիալը բարձր արդյունքներ է գրանցում նաև միջազգային հեղինակավոր վարկանիշային զեկույցներում։ «Գլոբալ նորարարության ինդեքսը» (Global Innovation index) 2017թ. զեկույցում, որտեղ չափորոշվում է երկրների նորարարական պոտենցիալը, ներառված 127 երկրների շարքում Իսրայելը զբաղեցրել է 17-րդ դիրքը։ Զեկույցում երկրների վարկանիշավորման համար ընտրված ցուցիչները համախմբված են 7 խմբում՝ ինստիտուտներ, մարդկային կապիտալ և հետազոտություններ, ենթակառուցվածքներ, շուկայի արդյունավետություն, գործարար միջավայրի արդյունավետություն, գիտական և տեխնոլոգիական արտադրանք, ստեղծագործական արտադրանք։

2006թ. լույս տեսավ «Ռենդ» հեղինակավոր կորպորացիայի «Գլոբալ տեխնոլոգիական հեղափոխություն 2020թ.» հետազոտությունը՝ նվիրված աշխարհում գիտատեխնոլոգիական սեկտորի զարգացման հեռանկարներին7։ Հետազոտությունը հովանավորվել է ԱՄՆ Ազգային հետախուզական խորհրդի (Nation Intelligence Council-NIC) կողմից (միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարական հետազոտություններ իրականացնող վերլուծական կենտրոն է և գործում է ԱՄՆ Հետախուզական հանրույթի (United States Intelligence Community-IC)8 ենթակայության ներքո։ Ի դեպ, տվյալ հետազոտական նախագծի իրագործման համար հավելյալ ֆինանսական միջոցներ են հատկացվել նաև ԱՄՆ Հետախուզության նորարարական տեխնոլոգիական կենտրոնի (Intelligence Technology Innovation Center) և ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի կողմից։ Եվ այսպես, «Ռենդ» կորպորացիայի փորձագետների կողմից կազմվել է աշխարհի երկրների գիտատեխնոլոգիական պոտենցիալի վարկանիշը 1992-2004թթ. (Index of Science and Technology Capacity)։ Մեթոդաբանությունում կիրառվել է 7 չափորոշիչ՝ ՀԱԱ-ն մեկ շնչի հաշվով, 1 մլն բնակչության հաշվով գիտահետազոտական ոլորտի գիտնականների և ինժեներների թվաքանակը, գիտության և տեխնոլոգիաների թեմայով հրատարակված գիտական հոդվածների քանակը, գիտահետազոտական ոլորտի ֆինանսական հատկացումները՝ ՀԱԱ տոկոսային հարաբերակցությամբ, գիտահետազոտական ինստիտուտների թվաքանակը և այլն։ Վարկանիշային հետազոտությունում ներառված 150 երկրների շարքում լավագույն արդյունքը ԱՄՆ-ինն է՝ 5,03 ամփոփ միավոր, որին հաջորդում են Ճապոնիան (3,08) և Գերմանիան (2,12)։ Լավագույն տասնյակը եզրափակում է Իսրայելը՝ 1,53 միավոր։

Ի դեպ, 2017թ. աշնանը Իսրայելի կառավարություն էր ներկայացվել 2017-2022թթ. ազգային ենթակառուցվածքների զարգացման հայեցակարգ-նախագիծ, որն առանձնանում է գործունեության լայնընդգրկուն դաշտով և խոշոր ֆինանսական միջոցներով։ Հայեցակարգի շրջանակներում մշակված նախագծերը նախատեսվում է ուղղել տրանսպորտի, էներգետիկայի, կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորտների ենթակառուցվածքների զարգացմանը։ Ազգային ենթակառուցվածքների հայեցակարգում ներառվել է 147 նախագիծ (63-ը՝ տրանսպորտի և կապի ենթակառուցվածքների ոլորտում)՝ շուրջ $34,4 մլրդ (1$ = 3.575 շեկել) ընդհանուր ներդրումային ծավալով։

1 Գագիկ Հարությունյան, «Կրիտիկական ենթակառուցվածքներ և գաղափարախոսություն», «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (74), 2017թ., http://www.noravank.am/arm/articles/detail.php/detail.php?ELEMENT_ID=16030

2 http://www.noravank.am/rus/issues/detail.php?ELEMENT_ID=6516

3 UNESCO Institute for Statistics, 2012, http://gtmarket.ru/ratings/research-and-development-expendi ture/info։ Զեկույցի վիճակագրական տվյալները վերաբերում են 2010-ին։

4 http://digital.rdmag.com/researchanddevelopment/2018_global_r_d_funding_forecast?pg=1#pg1

5 Նույն տեղում։

6 http://www.rosinfocominvest.ru/upload/iblock/419/419e406d2b01ce002862d7df0dbd121e.pdf

7 RAND Corporation. http://www.rand.org/pubs/technical_reports/TR303.html, http://www.rand.org/pubs/monographs/MG475.html

8 ԱՄՆ Հետախուզական հանրույթը ներառում է տեղեկատվության հավաքմամբ զբաղվող և հետախուզական գործունեություն իրականացնող ԱՄՆ 17 առանձին կառավարական հաստատություն։



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր