
ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ
13.09.18
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերն ընդունելը դիտարկվում է զուտ երկկողմ քաղաքական և դիվանագիտական հարաբերությունների օրինաչափության համատեքստում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը:
Նա նկատեց, որ երկկողմ այցելությունները, հանդիպումներն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ բանակցություններն այս փուլում, երբ փոխհարաբերություններում առկա են որոշակի անհամաձայնություններ, մեծ կարևորություն ունեն կողմերի համար:
«Ցանկանում եմ նշել այն հանգամանքը, որ այցը Հայաստան ռուսական կողմը դիտարկում է ոչ միայն երկկողմ հարաբերությունների համատեքստում, այլ այն կարևորվում է առաջին հերթին իր տարածաշրջանային նշանակությամբ:
Հիշեցնեմ, որ նախատեսվում է նաև Պուտինի այցելությունը Ադրբեջան: Ասել է թե, ռուսական կողմը ակտիվացնում է իր միջնորդական առաքելությունը հայ-ադրբեջանական և արցախյան ուղղությամբ: Նամանավանդ, երբ ներկայում պետք է ընթանան Ալիևի հետ Հայաստանի նոր իշխանությունների առաջին բանակցային գործընթացի նախապատրաստական աշխատանքները, որից հետո` արդեն բուն բանակցությունները»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով այցելելու է Հայաստան: Այդ մասին հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ժամկետները կհստակեցվեն»,- ասել էր Պեսկովը՝ պատասխանելով ամսաթվի վերաբերյալ հարցին։
Ըստ Կարեն Վերանյանի՝ ռուսական կողմն այդ այցելություններով վերաճշգրտում է հիմնախնդրի կագավորման բանակցությունների այս փուլում կողմերի դիրքորոշումները:
«Եթե հարցին մոտենանք ավելի լայն` տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների հարթությունից, ապա ռուսական կողմի համար էլ ավելի մեծ կարևորություն ունեն նման հանդիպումները, քանի որ Մոսկվան մոբիլիզացնում է գործընկեր պետությունների հետ քաղաքական, տնտեսական ռեսուրսները` դիմակայելու ամերիկյան տնտեսական պատժամիջոցներին: Այս տեսանկյունից պետք է ընդունել նաև սեպտեմբերի վերջերին նախատեսվող Պուտինի այցերը Միջին Ասիա»,- ասաց նա:
Վերադառնալով հայ-ռուսական հարաբերություններին և Պուտինի նախատեսվող այցին Հայաստան՝ փորձագետը նշեց, որ կարծում է՝ այցելության ընթացքում կողմերը կանդրադառնան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն սպեկտրին` երկկողմ հարաբերությունների քաղաքական, ռազմաքաղաքական տնտեսական հարցերից սկսած, մինչև տարածաշրջանային ու միջազգային ակտուալ խնդիրներ ու գործընթացներ: «Անշուշտ, հարաբերությունների զարգացման գործում կարևորվում են առկա որոշ քաղաքական անհամաձայնությունների շուրջ քննարկումները, որոնց ընթացքում հնարավոր կլինի գտնել դրանց լուծման ուղիները: Միևնույն ժամանակ, հարկավոր է հստակեցնել, որ այդ քաղաքական անհամաձայնությունները կրում են իրավիճակային բնույթ և չեն կարող ազդել երկու երկրների միջև ռազմավարական դաշնակցության տրամաբանության վրա»,- ասաց նա՝ հավելելով՝ կարելի է ենթադրել, որ հանդիպման ընթացքում կողմերը նախ կանդրադառնան առկա քաղաքական անհամաձայնություններին ու դրանց լուծման հնարավոր փոխշահավետ տարբերակներին:
Ըստ նրա՝ հանդիպմանը անդրադարձ կլինի երկու երկրների միջև ռազմաքաղաքական համագործակցության զարգացման հարցերին, այդ թվում և հարաբերություններին ՀԱՊԿ շրջանակներում, կշոշափվի նաև Սիրիայում հայկական կողմի հումանիտար առաքելության իրականացման հարցը:
«Օրակարգում, անշուշտ, դրված կլինեն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում բանակցություններին վերաբերող հարցեր: Կողմերը կքննարկեն նաև ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության և երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտուալ հարցեր` չբացառելով նաև դեպի Հայաստան բնական գազի մատակարարման գնի հետ կապված հարցը: Կարծում եմ՝ այդ այցը կլինի պրագմատիկ ու արդյունավետ երկու երկրների համար էլ»,- ասաց նա:
Հռիփսիմե Հովհաննիսյան
http://www.tert.am/am/news/2018/09/13/Karen-veranyan/2790357
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]