• am
  • ru
  • en
Версия для печати
04.10.2018

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 7, 2018

Կարեն Վերանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար

Հարավային Կովկասը և մերձտարածաշրջանն առաջիկայում գտնվելու է ամերիկյան տնտեսական ճնշումների ներքո։ Վաշինգտոնը աահմանում է տնտեսական փուլային պատժամիջոցներ Իրանի և Ռուսաստանի նկատմամբ, ամերիկացի հոգևորականի գործով տնտեսական անկայունության փուլ է մտնում Թուրքիան, այս ամենի տնտեսական հետևանքները տրամաբանորեն չեն շրջանցի նաև հարավկովկասյան երկրները։ Կարելի է կանխատեսել, որ տարածաշրջանի ուղղությամբ տնտեսական ճնշումները կմոբիլիզացնեն հակաիսրայելական հասարակական-քաղաքական բևեռը, լարվածությունը կմեծանա պաղեստինա-իսրայելական ճակատում, նոր խմորումներ կլինեն Սիրիայում։

Հակաքայլեր ԱՄՆ պատժամիջոցների համատեքստում
Իրան-Սիրիա ռազմական համաձայնագիր

Օգոստոսի վերջին պաշտոնական այցով Սիրիայում էր Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնելու համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում, պաշտպանական ոլորտում։ Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել Սիրիային նաև սպառազինությունների մշակումների հարցում։

Իրանի պաշտպանության նախարարի այցը Սիրիա խորհրդանշական է հետևյալ իմաստով. նախ՝ Թեհրանն այս այցով ձգտում է շեշտադրել, որ չնայած ամերիկյան սահմանափակուներին և Իրանի տնտեսության վրա դրա հնարավոր շոշափելի բացասական հետևանքներին՝ Իրանը տիրապետում է դրանց դիմագրավմանն անհրաժեշտ մեխանիզմների և շարունակելու է պահպանել իր ռազմական, ռազմաքաղաքական ներկայությունն ու դիրքերը Սիրիայում և Մերձավոր Արևելքում, չի պատրաստվում ընկրկել Իսրայելի և ԱՄՆ ճնշումների ներքո։ Երկրորդ՝ իրանական կողմը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ պահպանել Սիրիայում ՌԴ-ի և Թուրքիայի հետ համատեղ հակաահաբեկչական պայքարի եռակողմ ձևաչափը։ Այդ համատեքստում զուգադիպություն չէր, որ Իրանն օգոստոսի 21-ին Թեհրանում կայացած ավիացուցահանդեսի ժամանակ ներկայացրեց սեփական արտադրության առաջին կործանիչը՝ «Քովսար»-ը։ Իսկ սեպտեմբերի սկզբին իրանական կողմը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որ երկիրը մտադիր է հարստացնել սեփական հրթիռային ներուժը, ինչպես նաև մեծացնել կործանիչների և սուզանավերի թիվը:

Մոսկվան և Անկարան մոբիլիզացնում են ռեսուրսները

Խորհրդանշական էր նաև օգոստոսի կեսին կայացած Լավրով-Չավուշօղլու հանդիպումը, որի առանցքային թեման ամերիկյան պատժամիջոցներն են և դրանց հակազդման հնարավոր համատեղ քայլերը։ Ռուսաստանը և Թուրքիան կձգտեն ռազմաքաղաքական հարթությունում զսպել ամերիկյան ազդեցությունը Սիրիայում ու Մերձավոր Արևելքում, այդ տրամաբանությունը կանդրադառնա նաև հարավկովկասյան տարածաշրջանում ընթացիկ զարգացումների վրա։ Երկկողմ բանակցային կարևոր հարցերից մեկը կշարունակի մնալ համատեղ տնտեսական հակաքայլերի մշակման բլոկը։

Ուստի, կարելի է ենթադրել, որ առաջիկայում նման երկկողմ, եռակողմ` Իրանի մասնակցությամբ, հանդիպումների կազմակերպման անհրաժեշտությունն ավելի քան պահանջված կլինի նշյալ պետությունների համար։ Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է 2 անգամ բարձրացնել թուրքական ալյումինի և պողպատի մաքսատուրքերը, որ դրանք կազմեն համապատասխանաբար 20% և 50%։

Այդ առումով առանձնահատուկ կարևորություն պետք է տալ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հայտարարությանը։ Նա դատապարտել էր Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ պատժիչ տնտեսական գործողությունները։ Նրա բնորոշմամբ, «ՆԱՏՕ գծով իր դաշնակից Թուրքիային տնտեսական վնաս պատճառելու ցնծությունը ամոթալի է։ ԱՄՆ-ը պետք է հրաժարվի պատժամիջոցների և հալածման հակվածությունից, հակառակ դեպքում ամբողջ աշխարհը կհամախմբվի, որ ստիպի նրան դա անել, և խոսքը միայն բանավոր հանդիմանության մասին չէ։ Մենք մեր հարևանների կողքին ենք կանգնել անցյալում, կկանգնենք նաև հիմա»։

Ռուսական կողմն իր հերթին քայլեր է ձեռնարկում զսպելու և դիմակայելու ամերիկյան սահմանափակումներին՝ ներքին և արտաքին դաշտում։ Վերջինի համար կարևոր ձեռքբերում էր այն, որ վերջերս Մոսկվան Սաուդյան Արաբիայի հետ եկավ համաձայնության` կոորդինացնելու համաշխարհային շուկայում էներգակիրների արդյունահանման ծավալների և դրանց գների կայունացման հարցերը։

ԵՄ դիրքորոշումը

Իրանի և Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները միանշանակ չեն ընկալվում նաև ԵՄ-ում։ ԵՄ-ը փորձում է հնարավորինս ինքնուրույն քաղաքականություն վարել Իրանի հարցում և ուղղակիորեն չհետևել ամերիկյան պատժամիջոցների տրամաբանությանը։ ԵՄ-ը ճիշտ և պրագմատիկ դիրքորոշում է որդեգրել այդ հարցում և ըստ էության ուղղակիորեն չի սատարում ամերիկյան պատժամիջոցներին, քանի որ դրանից տուժում են մի շարք եվրոպական ընկերություններ, որոնք տնտեսական շահեր ունեն Իրանում։

Հիշեցնենք, որ վերջերս Եվրահանձնաժողովը հավանություն էր տվել €18 մլն օգնության առաջին փաթեթի հատկացմանը` Իրանի տնտեսական և սոցիալական զարգացմանն աջակցելու նպատակով։ Ի դեպ, սա ԵՄ-ից նախատեսվող ֆինանսական աջակցության առաջին փաթեթն է. ընդհանուր առմամբ ԵՄ-ը նախատեսում է Իրանին տրամադրել €50 մլն։ Նշենք, որ Իրանին հատկացվող ֆինանսական աջակցությունն իրականացվում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանագրի շրջանակներում։ ԱՄՆ Պետդեպարտամենտում այս քայլը որակվեց որպես «սխալ ազդանշան ոչ հարմար պահին»։ Պետդեպարտամենտում վստահ են, որ եվրոպական հարկատուների կողմից Իրանին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը կամրապնդի Իրանի «ռեժիմի» դիրքերը, ինչպես նաև կճնշի Իրանի արտաքին քաղաքականությունում հնարավոր փոփոխությունները։

Ուշագրավ էր օգոստոսի 27-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը, որի համաձայն՝ Ֆրանսիան ջանքեր է գործադրում եվրոպական պաշտպանական պլանի զարգացման հարցում։ Նա նաև նշել է, որ եվրոպական պաշտպանության ու անվտանգության ապահովման հարցերում Եվրոպան չպետք է այդքան շատ հույսեր կապի և վստահություն ունենա Միացյալ Նահանգների հանդեպ։ Մակրոնի խոսքերով, «եվրոպական երկրները պետք է ինքնուրույնաբար զբաղվեն սեփական անվտանգության հարցերով, և դրա համար անհրաժեշտ է ներգրավել նաև Ռուսաստանին»։

Արևմտյան փորձագետների գնահատմամբ, Ռուսաստանի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները կարող են բացասաբար անդրադառնալ նաև այլ երկրների տնտեսությունների վրա: ՌԴ-ի նկատմամբ նախատեսվող տնտեսական սահմանափակումների փաթեթը, որը քննարկվում է ԱՄՆ Կոնգրեսում, կարող է բացասական հետևանքներ թողնել նաև եվրոպական նավթագազային ընկերությունների, ինչպես նաև Միացյալ Նահանգներից բարձրտեխնոլոգիական արտադրանքի արտահանումների վրա, ինչն էլ կարող է խոշոր հաշվով հանգեցնել շուկայի քաոսի:

Ավելի վաղ՝ ս.թ. գարնանը, նախագահ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ էր սահմանել ռուսաստանյան 38 գործիչների և ընկերությունների նկատմամբ: Նրանց մի հատվածը բարձրաստիճան պաշտոնյաներ են: Այդ ցուցակում են հայտնվել նախագահ Պուտինի մերձավոր շրջապատից՝ օլիգարխ Օլեգ Դերիպասկան և նրան պատկանող 12 ընկերությունները, 17 ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև զինամթերքի վաճառքով զբաղվող ռուսական պետական ընկերություններից մեկը: Պատժամիջոցները կարգելափակեն ռուս օլիգարխների բոլոր այն միջոցները, որոնք գտնվում են ամերիկյան կողմի իրավասության ներքո: ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է որևէ գործունեություն ծավալել պատժամիջոցների ենթարկված կառույցների կամ անձանց հետ: Պատժամիջոցները տարածվում են նաև այն ընկերությունների վրա, որոնց բաժնետոմսերի կեսը պատկանում է պատժամիջոցների ենթարկված անձին: Մասնավորապես, բերվում է ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկայի և նրա ալյումինի արտադրության ընկերության նկատմամբ ԱՄՆ ֆինանսների նախարարության կոշտ պատժամիջոցների նախաձեռնման օրինակը, ինչի հետևանքով արևմտյան հաճախորդները դադարեցին գնել վերջինիս հսկողության ներքո գտնվող արտադրանքը՝ դրանով իսկ զգալի վնաս հասցնելով բաժնետոմսերի գների հետ կապված: Արդյունքում՝ ալյումինի համաշխարհային գներն աճեցին՝ չշրջանցելով ամերիկյան և եվրոպական ընկերությունները:

Կասպից ծովի իրավական կարգավիճակը սահմանող համաձայնագիր

Տարածաշրջանային կարևոր իրադարձություններից մեկը կասպյան համաձայնագիրն էր։ Օգոստոսի 12-ին կասպյան 5 երկրները երկարատև բանակցություններից հետո վերջապես համաձայնության եկան Կասպից ծովի ընդերքի և բնական պաշարների օգտագործման, ինչպես և դրա մակերեսի բաշխման հարցերում։ Նշենք, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակը սահմանող համաձայնագրի ստորագրման հարցում նշյալ 5 պետություններից, թերևս, ամենաշահագրգիռ կողմը Ադրբեջանն էր՝ իր էներգետիկ ռեսուրսների ընդլայնման հնարավորությունների ակնկալիքով։ Այս տեսանկյունից ստորագրված հռչակագիրը Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան առանցքի ռազմավարական հաղթանակն էր։

Հավելենք, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի սահմանման հարցը միանշանակ չէր մերձկասպյան երկրների շրջանում, ինչի արդյունքում տարիներ շարունակ կողմերին չէր հաջողվում ընդհանուր հայտարարի գալ կարգավիճակի վերաբերյալ։ Հակասությունների պատճառներից էին էներգետիկ ռեսուրսների բաշխման և տնօրինման, տարածքային բաժանման, ինչպես նաև քաղաքական, ռազմաքաղաքական նշանակության հիմնահարցերը։

Եվ այսպես, Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագրով Ադրբեջանն իր համար լուծում է մի քանի ռազմավարական հարց: Նախ, համաձայնագրով հնարավորություն ստանալով վերահսկել կասպյան էներգակիրների անհամեմատ ավելի մեծ ծավալներ՝ դրանց արդյունահանումից ու շահագործումից ստանում է զգալի ֆինանսական կապիտալ կուտակելու հնարավորություն, երկրորդ՝ ամրապնդում է իր դիրքերը՝ որպես տարածաշրջանային էներգետիկ-տրանսպորտային կարևոր հանգույց, երրորդ՝ ուժեղանում է Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան էներգետիկ-ռազմավարական առանցքը։ Ըստ էության, այս բոլոր նախադրյալները ավելի մեծ վստահություն են տալիս Ալիևին մեծացնելու երկրի տարածաշրջանային կշիռը, ինչն, իր հերթին, հնարավորություն է տալիս վերջինիս առավել ամուր դիրքերից հանդես գալ հայ-ադրբեջանական դիմակայությունում և արցախյան հիմնահարցում։

Կասպից ծովի իրավական կարգավիճակը կանոնակարգող հռչակագրի ստորագրման հարցում հայաստանյան փորձագիտական, նաև՝ քաղաքական դաշտում կան մտահոգություններ, և դրանք հիմնավորված են այն առումով, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի ամրագրման հարցում գլխավորապես շահագրգռված էր Ալիևը՝ արդեն հիշատակված օբյեկտիվ պատճառներով։ Իսկ սա ենթադրում է, որ մեծանում է Ադրբեջանի հնարավորությունը՝ դառնալու դեպի ԵՄ էներգակիրների արտահանման տարանցիկ և մատակարար հիմնական ուղղություններից մեկը։ Խոսքը, նախ, այն մասին է, որ այս համաձայնագրով իրականություն է դառնում Տրանսկասպյան գազամուղի լիակատար կառուցումը, քանի որ դրա իրագործման համար անհրաժեշտ էր կասպյան բոլոր 5 պետությունների համաձայնությունը։

Ավելին, համաձայնագրի ստորագրումն էապես մեծացնում է Ադրբեջանի տնտեսական-հաղորդակցային տարածաշրջանային գրավչությունը չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարական նախաձեռնության համար, որի շրջանակներում Չինաստանը նոր ուղիներ և հնարավորություններ է որոնում՝ կամրջելու Միջին Ասիան Եվրոպայի հետ։ Համաձայնագրի ստորագրումը, խոշոր հաշվով, մեծ ձեռքբերում է ոչ միայն Ադրբեջանի, այլև թուրք-ադրբեջանական տանդեմի համար, որը ջանք չի խնայում Հայաստանի տնտեսական շրջափակման գործընթացը խորացնելու համար։ Դժբախտաբար, սույն համաձայնագրով ևս մեկ էական քայլ արվեց այդ ուղղությամբ։

Ինչ վերաբերում է կասպյան մյուս երկրների շահերին, նշենք, որ Ռուսաստանը և Իրանը համաձայնել են ավելի շատ էներգակիր ռեսուրսներ զիջել Ադրբեջանին։ Իսկապես կարևոր հարց է, թե ադրբեջանական կողմին ինչպես հաջողվեց Ռուսաստանի և Իրանի ղեկավարությանը բերել ընդհանուր համաձայնության և, ի վերջո, ստորագրել այդ համաձայնագիրը, քանի որ, ըստ էության, Կասպից ծովի իրավական կարգավիճակի սահմանմամբ ժամանակին, մեղմ ասած, այնքան էլ շահագրգռված չէին Ռուսաստանը և Իրանը։ Ըստ ամենայնի, ՌԴ-ի և Իրանի համար առավել կարևոր է եղել ռազմական, ռազմաքաղաքական բաղադրիչը, այն է՝ չթույլատրել երրորդ երկրի կամ երկրների ռազմական ներկայությունը Կասպից ծովի ավազանում, ինչն առանձին կետով ամրագրված է սույն համաձայնագրում։ Հենց այս հարցի շուրջ կողմերի միջև փոխհամաձայնությունն էլ թույլ է տվել գալ ընդհանուր հայտարարի նաև ծովի ընդերքի բաշխման հարցում՝ ըստ էության էներգակիրների վերահսկման ավելի մեծ ծավալներ և հնարավորություններ ընձեռելով Բաքվին։

Մերկելի այցը Հարավային Կովկաս. հիմնական արդյունքները

Անդրադառնանք տարածաշրջանային մեկ այլ կարևոր իրադարձության. թե՛ հայաստանյան, թե՛ օտարերկրյա մեդիա-դաշտում և փորձագիտական շրջանակներում շարունակվում են քննարկումները Գերմանիայի կանցլեր Ա.Մերկելի Հարավային Կովկաս կատարած այցելության շուրջ: Նշենք, որ այցը նախ տարածաշրջանային նշանակություն ուներ, հետո նոր միայն այն դիտարկվում է առանձին վերցրած երկկողմ հարաբերությունների տիրույթում: Տարածաշրջանային առումով Մերկելի այցն ընդգծում է Գերմանիայի առանձնահատուկ շահերի առկայությունը Հարավային Կովկասում: Հարցը դիտարկելի է աշխարհաքաղաքական իրողությունների, մասնավորապես՝ ԱՄՆ-Գերմանիա, ՌԴ-Գերմանիա հարաբերությունների համատեքստում: Դժվար չէ նկատել, որ Թուրքիայի, ՌԴ-ի և Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները միանշանակ ընկալում չունեն ԵՄ-ում, և սա լավ հնարավորություն է այս այցով շեշտադրելու տարածաշրջանի կարևորությունը Գերմանիայի համար: Այս տեսանկյունից, այց է կատարվում մի տարածաշրջան, որտեղ ուղղակի շահեր ունեն ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը:

Կանցլերի այցից սպասելիքները տարբեր են երեք երկրներում էլ` ելնելով վերջիններիս, ինչպես և Գերմանիայի քաղաքական առաջնահերթություններից։ Երկկողմ հարաբերությունների մասով, թերևս, առավել շահեկան դիրքում հայտնվեց Վրաստանը՝ ստորագրելով շուրջ $200 մլն-ի համաձայնագիր։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին և Մերկելի այցից այդ երկրի իշխանությունների սպասելիքներին, ապա առանձնացնենք երկու հիմնական ուղղություն. առաջին` Գերմանիայի համար Ադրբեջանը կարևոր է որպես էներգետիկ տրանսպորտային միջանցք, որը կարող է թուլացնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից։ Հարցն իրապես ակտուալացել է կասպյան համաձայնագրի ստորագրումից հետո, ինչի արդյունքում Ադրբեջանն անհամեմատ մեծ հնարավորություններ է ստանում օգտվելու Կասպից ծովի ընդերքից և էլ ավելի ընդգծելու իր դերը որպես տարածաշրջանի էներգետիկ կարևոր հանգույցներից մեկը։ Երկրորդը վերաբերում է արցախյան հիմնախնդրին, որին Ադրբեջանը մշտապես ձգտում է տալ միջազգային հնչեղություն։ Այս տեսանկյունից, թեև Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, և Մերկելը հայտարարեց, որ իր երկիրը կարող է վերցնել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ավելի լայն պատասխանատվություն, այդուհանդերձ, նշենք, որ ներկայում, թերևս, չկան հիմնախնդրում Գերմանիայի ներգրավման խորացման նպաստավոր նախադրյալներ։

Ա.Մերկելի Հայաստան այցով Գերմանիան վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը կատարելու հարցում, ինչը, պետք է խոստովանել, ավելի շուտ դեկլարատիվ և արարողակարգային բնույթ ուներ, քան կիրառական նշանակություն, քանի որ այդ հարցում գնդակը, ըստ էության, հայկական դաշտում է։ Հայաստանը կարևորվում է Գերմանիայի կողմից նաև որպես հետխորհրդային տարածքում բացառիկ երկիր, որը կարողացել է համադրել ԵԱՏՄ և ԵՄ համագործակցային ձևաչափերը, ինչի մասին խոսվեց նաև Երևան Մերկելի այցելության ընթացքում։

Հետևություններ

Հարավկովկասյան գործընթացները զարգանալու են տարածաշրջանային առանցքային տերությունների՝ Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի նկատմամբ ամերիկյան տնտեսական սահմանափակումների տրամաբանության ներքո։ Նման իրադրության հետևանքներից, անշուշտ, կարճաժամկետ, միգուցե՝ միջնաժամկետ տեսլականում, թերևս, չեն խուսափի հարավկովկասյան երկրները։ Առավել խնդրահարույց է հատկապես Հայաստանի վիճակը, որը, երկու հարևանների կողմից գտնվելով շրջափակման մեջ, կունենա նաև առևտրային ու կոմունիկացիոն խնդիրներ մյուս՝ իրանական ուղղությամբ։ Այս ամենի համատեքստում, մեղմ ասած, ամենևին «սպասված» չէր Վրաստանի ղեկավարության որոշումը, ըստ որի՝ ս.թ. սեպտեմբերի 15-ից ՌԴ-ից Վրաստանի տարածքով դեպի ՀՀ ցորենի ցամաքային ներկրման վրա արգելք է սահմանվում։ Բարեբախտաբար, հարցը առժամանակ կարգավորվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության որոշումից հետո, որով 2018թ. սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ–ՀՀ հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նվազում են 52%-ով, ինչի արդյունքում հնարավոր կլինի խուսափել ցորենի թանկացումից։

Նշենք, որ Վաշինգտոնի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը բացասաբար կանդրադառնա հայ-իրանական առևտրաշրջանառության վրա, հարցականի տակ կարող է դրվել նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու հետագա զարգացման հարցը։ Պատժամիջոցները տարածվում են ոչ միայն իրանական կազմակերպությունների վրա, դրանցից կտուժեն այն բոլոր արտերկրյա ընկերությունները, որոնք գործակցում են Իրանի հետ։ ՀՀ տնտեսության վրա կազդեն նաև ռուսական ռուբլու տատանումները, կկրճատվեն ՌԴ-ից Հայաստան տրանսֆերտների ծավալները։



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր