• am
  • ru
  • en
Версия для печати
12.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՍՊԵԿՏԸ

Руский

   

Զեկուցում՝ կարդացված «ԵԱՏՄ երեք տարին. ձեռքբերումներ և հեռանկարներ» գիտաժողովում, Եվրասիական փորձագիտական ակումբի ամենամյա նիստի շրջանակներում (23 դեկտեմբերի 2017թ., Երևան, «Մետրոպոլ» հյուրանոցի կոնֆերանս-դահլիճում)

Արա Մարջանյան
«Նորավանք» ԳԿՀ առաջատար վերլուծաբան, ՄԱԿ էներգետիկայի գծով ազգային փորձագետ

Վերջին գրեթե 30 տարում Հայաստանը և մեր ողջ տարածաշրջանը գտնվում են «խզման» վիճակում երկու մեծ ինտեգրացիոն նախագծերի միջև։ Դրանք, պայմանականորեն, կարելի է անվանել «Արևմտյան նախագիծ» (ինտեգրացիա՝ Արևմուտք-Արևելք առանցքով) և «Եվրասիական նախագիծ» (ինտեգրացիա՝ Հյուսիս-Հարավ առանցքով)։ Այս իրավիճակը նոր չէ, դրա ակունքները հասնում են XX դարի սկիզբ՝ մինչև կայսերական Գերմանիայի գլխավոր շտաբի պլանները, այնուհետև 20-30-ական թթ.՝ Անդրկովկասում ՀՌԿ(բ)Կ ազգային քաղաքականության մշակումները և վերջապես 90-ական թվականների սկիզբ՝ Կովկաս-Կասպյան-Միջինասիական տարածաշրջանի վերաբերյալ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի «Tier» ծրագիր։ Վերջին մի քանի տարիներին «Արևմտյան նախագծի» ենթակառուցվածքային ձեռքբերումները նկատելի են, կոնկրետ և շոշափելի։ Իսկ, այ, Հյուսիս-Հարավ առանցքով ինտեգրացիոն նախագծի ձեռքբերումները համեստ են և ունեն առավելապես թղթային բնույթ։

Մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողություններն այնպիսին են, որ հենց «Արևմտյան նախագծի» շրջանակներում է իրականացվում Հայաստանի էներգատրանսպորտային շրջափակումը, որը շնչահեղձ է անում մեր տնտեսությունը, արգելակում մեր զարգացումը։ Նկատի ունեմ ոչ միայն լավ հայտնի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անցկացումը կամ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի կողմից Հայաստանի երկաթուղային շրջափակումը, այլև այն, ինչը պակաս հայտնի է, և ինչի մասին քիչ է խոսվում։ Նկատի ունեմ Հայաստանի մեկուսացումը բարձրավոլտ էլեկտրահաղորդագծերի տարածաշրջանային ցանցի զարգացումից, որն իրականացվեց 2004-2007թթ. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում (Բորչկա-Ախալցխա), Թուրքիայի նախաձեռնությամբ և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի աջակցությամբ։ Կամ էլ Հայաստանի մեկուսացումը լայնաշերտ կապի և ինտերնետի մայրուղային օպտիկամանրաթելային մալուխային տարածաշրջանային ցանցերի զարգացումից, որն իրականացվեց 1990-ականների վերջին և 2000-ականներին։

Դնենք հետևյալ հարցը. ինչպիսին է այսօր Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքն այս երկու ինտեգրացիոն նախագծերի հանդեպ։ Կամ՝ ավելի կոնկրետ՝ «ինչպիսի՞ն է Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը Եվրասիական տնտեսական միությանը և/կամ Եվրամիությանն անդամակցության հանդեպ»։ Սա հետաքրքիր հարց է, մանավանդ որ, նախ, ինչպես գիտեք, Հայաստանը վերջերս ստորագրել է այսպես կոչված «Հայաստանի և Եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը։ Ինչո՞ւ ենք այս համաձայնագրի անվանումը չակերտների մեջ վերցնում՝ պարզ կդառնա ստորև։ Եվ երկրորդ՝ հայտնի է հանրապետության իշխանությունների պաշտոնական դիրքորոշումն այս հարցի հանդեպ. այն կարճ կարելի է բնորոշել «կոմպլեմենտարություն» հասկացությամբ։ Այսինքն՝ մասնակցություն և՛ մեկին, և՛ մյուսին, փոխլրացնող հնարավորությունների որոնում այս երկու ինտեգրացիոն նախագծերի միջև, դրանց փոխհարստացում, խուսափում առճակատում պարունակող որոշումներից և իրավիճակներից։

Այստեղ տեղին չէ գնահատել Հայաստանի նման դիրքորոշման արդյունավետությունը կամ դրա երկարաժամկետ կայունությունը։ Փոխարենը կպատասխանենք վերն առաջադրված հարցին՝ ի՞նչ են մտածում Հայաստանի քաղաքացիներն այս առնչությամբ։ Ընդ որում, մենք կօգտագործենք այն հարցումների արդյունքները, որոնք իրականացրել է Նորվեգիայի և Հայաստանի (Վանաձորի գրասենյակ) Հելսինկյան ասամբլեան։ Այսինքն՝ բավական արևմտամետ կազմակերպություններ, որոնց դժվար է կասկածել Եվրասիական նախագծի կամ Ռուսաստանի հանդեպ տածած համակրանքի մեջ։ Այս կազմակերպությունների կողմից Հայաստանում վերջին հարցումն իրականացվել է 2017թ. մայիսին, հանրապետության բոլոր մարզերում, 1200 հարցվողների վիճակագրական ռեպրեզենտատիվ ընտրանքով։

Եվ ահա, համաձայն հարցման արդյունքների, հարցվածների մոտ մեկ երրորդը (33%) ցանկալի է համարել Հայաստանի մասնակցությունը Եվրոպական միությանը, և ևս մեկ երրորդն էլ (32%)՝ Եվրասիական տնտեսական միությանը։ 12%-ը ցանկալի է համարել մասնակցությունն այդ երկու միություններին համատեղ, իսկ 10%-ը՝ ոչ մեկին, ոչ մյուսին։ Մեկ տարի առաջ՝ 2016թ. օգոստոսին, Հայաստանի մասնակցությունը Եվրամիությանը ցանկալի էր համարել հարցվողների 41%-ը, իսկ Եվրասիականին՝ ընդամենը 25%–ը։ Եվ սա հասկանալի է։ Անշուշտ, հիշում եք, որ 2016-ը ծանր տարի էր մեզ համար՝ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ԼՂՀ-ի նկատմամբ, Երևանում ոստիկանական գնդի զավթումը, զինված հեղաշրջման փորձը Հայաստանում։ Հենց այդ ժամանակ իր ողջ ծանրությամբ մեր առջև ծառացավ Ադրբեջանին ռուսաստանյան և իսրայելական զենքի վաճառքի, մարտական գործողությունների ընթացքում մեր ռազմավարական դաշնակցի երկիմաստ դիրքորոշման հարցը։ Սա չէր կարող էական վնաս չհասցնել Ռուսաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի հանդեպ մեր վերաբերմունքին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամության հարցին։

Իսկապես, եթե 2015թ. օգոստոսին հարցվողների միայն 24%-ն էր ցանկալի համարել Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը, ապա մեկ տարի անց՝ 2016թ. օգոստոսին, նրանց թիվը գրեթե կրկնապատկվեց։ Եվ հակառակը, եթե 2015-ին Եվրասիական միության օգտին էր արտահայտվել հարցվողների 36%-ը, ապա 2016թ. օգոստոսին նրանց թիվը նվազեց՝ հասնելով 25%-ի։ Ընդհանրապես ընդգծենք հետևյալը. աշխարհում ոչ մի երկիր այդքան ծանր հարված չի հասցրել Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի և Ռուսաստանի հանդեպ Հայաստանի դրական վերաբերմունքին, որքան ինքը՝ Ռուսաստանը։ Իրավիճակը հաջողվեց կայունացնել միայն հատուկ միջոցներով՝ «Իսկանդերների» մատակարարում, ՀՕՊ և ՀՀՊ միասնական դաշտի ստեղծում, միասնական զորախմբի ձևավորում, Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգում մինչև 2026-2027թթ.։

Ընդհանուր առմամբ, հարցման արդյունքները մեզ թույլ են տալիս որոշ կարևոր եզրահանգումներ անել (որոնք, ի դեպ, էապես տարբերվում են հարցման կազմակերպիչների եզրակացություններից)։ Նախ՝ անցած 4 տարիներին Հայաստանի քաղաքացիների կողմից Եվրասիական ինտեգրացիոն նախագծի սատարման մակարդակը նկատելիորեն ավելի բարձր էր, քան Եվրոպական նախագծինը։

Երկրորդ՝ 2016թ. ծանր հետևանքներն այս իմաստով հաջողվեց մեղմել։ Եվ այսօր երկու ինտեգրացիոն նախագիծն էլ գրեթե հավասար սատարում ունեն՝ Եվրասիական նախագծի հանդեպ աճի միտմամբ։ Հիշեցնեմ, որ ս.թ. մայիսին Եվրասիական ինտեգրման օգտին է արտահայտվել հարցվողների մեկ երրորդը, իսկ մեկ տարի առաջ՝ ընդամենը մեկ քառորդը (25%)։

Երրորդ՝ հանրապետության քաղաքացիների շրջանում «կոմպլեմենտարության» քաղաքականության սատարման բազան չի գերազանցում 10-12%-ը (պատասխանները՝ «երկու նախագծին էլ»)։ Ընդ որում՝ 2016-ին հարցվողների թիվը, ովքեր ցանկալի են համարել Հայաստանի անդամակցությունը երկու ինտեգրացիոն նախագծերին, նվազագույնն էր՝ ընդամենը 6%։ Այսպիսով, համաձայն այս հարցման արդյունքների՝ «կոմպլեմենտարության» քաղաքականությունը հենվում է հանրապետության բնակչության փոքր մասի վրա։

Անդրադառնանք էներգետիկային, ավելի ճիշտ՝ ատոմային էներգետիկային։ Այս առնչությամբ դնենք հետևյալ հարցը. ի՞նչ ենք ստորագրել ս.թ. նոյեմբերի 24-ին։ Ավելի ճիշտ՝ ո՞ւմ հետ։ Վերջին 12 ամիսներին հայկական լրատվամիջոցների ավելի քան հինգ հարյուր հրապարակումներում հանդիպում ենք այն պնդմանը, որ ստորագրվելու է «Հայաստանի և Եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր»։ Սակայն նախօրեին պազվեց, որ ոչ մի նման բան։ Այս ողջ ընթացքում հայկական ԶԼՄ-ում, պաշտոնյաների հարցազրույցներում և տարաբնույթ հրատարակումներում այդ փաստաթուղթը երբևէ չի ներկայացվել իր ամբողջական և ճշգրիտ անվանմամբ։ Պարզվեց, որ մենք ստորագրում ենք «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր Եվրոպական միության և ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒ ՆՐԱ ԱՆԴԱՄՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, և Հայաստանի Հանրապետության միջև՝ մյուս կողմից»։ Այսինքն՝ ստորագրում ենք այն ոչ միայն Եվրամիության, այլև մի կազմակերպության հետ, որը կրճատ անվանում են «Եվրոատոմ», և այդ կազմակերպության բոլոր 28 անդամների հետ միասին։ Հատկանշական է, որ ԵՄ մեկուկես տասնյակ կազմակերպություններից և կառույցներից համաձայնագրի տեքստում որպես ստորագրող, ԵՄ-ից ու Հայաստանից զատ, առանձնացվել է միայն «Եվրոատոմը»։

Բանն ի՞նչ է։ Բանը համաձայնագրի 2-րդ գլխի 42-րդ հոդվածն է, որում ասվում է՝ ցիտում ենք. «Քաղաքացիական միջուկային հատվածում, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունը, մասնավորապես՝ հատուկ ուշադրություն հատկացնելով միջուկային անվտանգության բարձր մակարդակին, ԱԷՄԳ չափորոշիչների և Եվրամիության չափորոշիչների և պրակտիկաների հիման վրա, և միջուկային անվտանգության վերաբերյալ միջազգային հրահանգների ու պրակտիկաների հիման վրա՝ համագործակցությունն այս ոլորտում պետք է ներառի ... ի թիվս այլոց ... Մեծամորի ԱԷԿ-ի փակումն ու շահագործումից անվտանգ դուրսբերումը և այս նպատակով «ճանապարհային քարտեզի» կամ գործողությունների պլանի շուտափույթ ընդունումը, որոնք հաշվի կառնեն ԱԷԿ-ի փոխարինման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունն ու նրա կայուն զարգացման պայմաններն ապահովող նոր հզորություններով» (ընդգծումը մերն է - Ա.Մ.)։

Համաձայնագրի այս հոդվածի ձևակերպումները դրական կողմեր են պարունակում, բայց կան նաև վտանգավոր ծուղակներ։ Դրական կարելի է համարել այն, որ.

- Նախ՝ նշվում է ԵՄ պատրաստակամությունը՝ օգնել մեզ Մեծամորի ԱԷԿ-ի 2-րդ բլոկը շահագործումից հանելու գործում։ Խնդիր, որը կարևոր է Հայաստանի համար և ներառված է կառավարության առաջնահերթ խնդիրների ցանկում։

- Երկրորդ՝ ընդունվում է Հայաստանի «առանձնահատկության» փաստը այնպիսի ձևակերպմամբ, որն ազատություն է ապահովում այդ «առանձնահատկությունը» մեկնաբանելիս։ Այն կարելի է հասկանալ և՛ որպես ԱԷԿ հարթակի «սեյսմիկ վտանգավորություն», ինչը և ակնարկվում է համաձայնագրի տեքստում, և՛ որպես սեփական ածխաջրածնային պաշարներից զուրկ և առաջնային էներգակիրների մատակարարումներից գերկախված երկրի «էներգետիկ անվտանգության» գործոն։

- Երրորդ՝ ընդունվում է Մեծամորի ԱԷԿ-ին փոխարինող հզորության անհրաժեշտությունը, որը կարող է ապահովել «հանրապետության էներգետիկ անվտանգությունը և կայուն զարգացումը»։

Այստեղ հարկ ենք համարում ընդգծել, որ Մեծամորի ԱԷԿ-ը առաջին հերթին «երաշխավորված գեներացնող հզորություն» է (ԵԳՀ), և հետո միայն՝ էլեկտրաէներգիայի աղբյուր։ Հենց ԵԳՀ դեֆիցիտն է հանդիսանում հայկական էներգետիկ համակարգի հիմնական խնդիրը։ Եվ հենց ԵԳՀ-ն է, որը հանդիսանում է հանրապետության էներգետիկ անվտանգության հենքը, երկարաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգի զարգացման գրավականը։ Ոչ արևային, ոչ հողմային էներգետիկան, ոչ փոքր հէկերը այդպիսին չեն։ Եվ չեն կարող ծառայել որպես փոխարինող հզորություն ԱԷԿ-ի համար։ Հայաստանի պարագայում այդպիսիք են կամ նոր ատոմային բլոկը (իսկ դա, ի դեպ, պետական էներգետիկ ռազմավարության 2-րդ սկզբունքն է, որը մշակվել է կառավարության կողմից և արժանացել Հայաստանի նախագահի հավանությանը 2015թ.), կամ բազմամյա կարգավորմամբ ջրամբարներով մեծ հէկերը։

Համաձայնագրի տեքստում պարունակվող «ծածուկ» վտանգների շարքին կարելի է դասել այն, որ փաստաթուղթը «լղոզում» է Հայկական ԱԷԿ-ով զբաղվող միակ լիազոր և պրոֆեսիոնալ միջազգային կազմակերպության՝ ԱԷՄԳ-ի պատասխանատվությունը։ Համաձայնագրի ստորագրումից հետո Հայկական ԱԷԿ-ի, հետևաբար նաև ԱԷԿ-ի նոր բլոկի տեխնոլոգիայի ընտրության հարցում ԱԷՄԳ-ին կմիանան «Եվրոատոմը» և նրա 28 անդամ երկրները։ Ստեղծված իրավիճակը տագնապալիորեն հիշեցնում է Արցախի դիմակայության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի միանձնյա մանդատի «լղոզման» Ադրբեջանի և Փուրքիայի փորձերը, կամ ԱՄՆ-ի ու Իսրայելի՝ Իրանի միջուկային ծրագրի մոնիթորինգի գծով նույն ԱԷՄԳ-ի մանդատը «չեզոքացնելու» փորձերը։

Այսպիսով, Պրահան (որը զենք է վաճառում Ադրբեջանին և կոչ է անում հանել այդ երկրին մահացու զենքի վաճառքի ԵՄ սահմանափակումները), Վարշավան (ՆԱՏՕ շրջանակներում Թուրքիայի հետ իր ռազմաստրատեգիական համագործակցությամբ, ներառյալ ՀՀՊ-ն և միջուկային զենքը) կամ Բուդապեշտը (Ադրբեջանի հետ իր սերտ կապերով), ինչպես նաև Վիլնյուսը, Ռիգան կամ Տալլինը, կարող են արդյունավետորեն, և որ գլխավորն է՝ օրինական կերպով, արգելափակել ռուսաստանյան ցանկացած ատոմային տեխնոլոգիայի կիրառումը Հայկական ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման գործում։ Ներառյալ հայ մասնագետներին քաջ հայտնի ջրա-ջրային էներգետիկ (ВВЭР) տիպի ռեակտորների տեխնոլոգիան, որոնք այսօրվա դրությամբ և տեսանելի հեռանկարում առավել հուսալին են, արդյունավետը, և որ գլխավորն է՝ մրցունակն ու անվտանգը ատոմային էներգետիկայում։

Վերջին հաշվով, այս ամենը նշանակում է, որ ստեղծվում է մի մեխանիզմ, որն ունակ է զրկել Հայաստանը ատոմային էներգետիկայից։ Զրկել մեկընդմիշտ։ Եվ 2026-ից հետո մենք կարող ենք կորցնել այն, ինչով հպարտացել են մեր հայրերն ու մենք։ Այն, ինչն ուրույն է դարձրել Հայաստանի երկրորդ և երրորդ Հանրապետությունները Մեծ Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանում։ Կորցնել գեներացնող հզորությունների եռաբաղադրիչ կառուցվածքը՝ երաշխավորված հզորությունների մեծ պաշարով։ Ավելին, ստեղծվել է մի մեխանիզմ, որն ունակ է Հայաստանը կտրել Ռուսաստանից երկարաժամկետ համագործակցության առավել նշանակալի, տեխնոլոգիական և գիտատար հատվածում։

Համաձայնագրի 42-րդ հոդվածի ձևակերպումներն, ընդհանուր առմամբ, մեկնաբանումների որոշ ազատություն են պարունակում, ինչը զգուշավոր լավատեսության հիմք է թողնում։ Սակայն անցյալի դառը սխալները չկրկնելու և նոր սխալներ թույլ չտալու համար այս հարցերը հարկ է թե՛ հանրապետության իշխանությունների, թե՛ վերլուծաբանական հանրության զգոն ուշադրության կենտրոնում պահել։ Եվ որ գլխավորն է՝ անհրաժեշտ է կանգնեցնել հանրապետության տեխնոլոգիական և գիտական այլասերման միտումները, շրջել դրանք և վերականգնել ու ամրապնդել երկարաժամկետ պլանավորման, մոդելավորման և կանխատեսման ավանդույթները։ Այս հարցերի շրջանակը պետք է ներառվի Եվրասիական տնտեսական միության օրակարգում՝ որպես կարևորագույն բաղադրիչ։



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր