• am
  • ru
  • en
Версия для печати
09.11.2017

ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 8, 2017


Կարեն Վերանյան

«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար

Վերադասավորումներ Իսրայելի մերձավորարևելյան դիվանագիտությունում

Վերջին մի քանի տարիներին Իսրայելն զգալիորեն ակտիվացրել է իր քաղաքականությունը հարավկովկասյան ուղղությամբ: Կարելի է ասել, որ Հարավային Կովկասն աստիճանաբար էլ ավելի մեծ կարևորություն է սկսում ներկայացնել Իսրայելի՝ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանային քաղաքականությունում: Հարավկովկասյան ուղղությամբ իսրայելական կողմի ներգրավվածությունը պայմանավորված է մերձավորարևելյան ռազմաքաղաքական նոր վերադասավորումներով, որտեղ առանցքային նշանակություն ունեն իրաքյան Քուրդիստանի անկախացման գործընթացը, տարածաշրջանում Իրանի դերակատարության մեծացումը, թուրք-իսրայելյան հարաբերություններում նկատվող նոր միտումները, նախկին գործող և նոր էներգետիկ հանգույցները և այլն:

Վերջին շրջանում մերձավորարևելյան տարածաշրջանում և մասնավորաբար սիրիական զարգացումներում իրանական գործոնի ազդեցության ընդլայնման միտումները լրջորեն մտահոգում են իսրայելական կողմին, և Իրանի անմիջական հարևանությամբ գտնվող հարավկովկասյան տարածաշրջանում Իսրայելի ակտիվացումը Թել Ավիվում դիտում են նաև որպես հնարավորություն՝ հավասարակշռելու իրանական ազդեցությունը: Ավելին, Թուրքիայում իրականացված վերջին հեղաշրջման փորձից հետո էապես վատթարացել են Թուրքիա-Արևմուտք հարաբերությունները, ինչը նպաստել է Թուրքիայի գործակցության խորացմանը տարածաշրջանային այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Իրանը, Ռուսաստանը: Թուրքիայի և Իրանի շահերը համընկնում են նաև քրդական հարցում, և վերջիններս ակտիվ համատեղ գործունեություն են իրականացնում մասնավորապես իրաքյան Քուրդիստանի անկախացման գործընթացի ձախողման ուղղությամբ: Այս իրողությունը տրամաբանորեն ուժեղացնում է Իրանի դիրքերը տարածաշրջանում, ինչը մտահոգում է առաջին հերթին իսրայելական կողմին: Հավելենք նաև, որ Մերձավոր Արևելքում քրդական շարժումներին զգալի աջակցություն է ցուցաբերում Իսրայելը, որոնց միջև համագործակցությունը ձևավորվել է դեռևս նախորդ դարի 60-ականներից սկսած: Իսրայելը զգալի դերակատարում ունի այդ թվում և իրաքյան Քուրդիստանի անկախացման գործընթացում:

Մյուս կողմից, վերջերս անհարթ են ընթանում թուրք-իսրայելական հարաբերությունները: Խոսքը Թուրքիայի նկատմամբ Իսրայելի արտաքին քաղաքականությունում նկատվող որոշակի վերադասավորումների մասին է: Սա հիմք հանդիսացավ, որպեսզի տարբեր փորձագիտական գնահատականներ հնչեն Իսրայելի՝ այսպես կոչված հակաթուրքական դաշինք ձևավորելու մտադրության մասին: Հարցի առնչությամբ նշենք, որ վերջին մի քանի տարիների կտրվածքով Իսրայելը մի կողմից ակտիվ աշխատանքներ է տանում Թուրքիայի դաշնակից երկրների՝ թուրքական ազդեցության դաշտից դուրսբերման ուղղությամբ, ինչպես դա վկայում են Իսրայելի համագործակցության զարգացման միտումները Ադրբեջանի, Ղազախստանի հետ, մյուս կողմից՝ Թել Ավիվը ձգտում է երկխոսություն հաստատել այնպիսի պետությունների հետ, որոնք ավանդաբար հանդիսանում են պաշտոնական Անկարայի բնական հակառակորդները: Տասը տարի առաջ անհավատալի կհնչեր այն միտքը, որ Իսրայելը գործընկերային կամ դաշնակցային հարաբերություններ է հաստատել Կիպրոսի և Հունաստանի հետ, բայց այսօր Իսրայել-Կիպրոս-Հունաստան եռակողմ համագործակցությունն այլևս իրականություն է: Վերջին 2-3 տարիներին ձևավորված Իսրայել-Կիպրոս-Հունաստան եռակողմ համագործակցային ձևաչափը տարբեր լրատվամիջոցներ չհապաղեցին կոչել եռակողմ հակաթուրքական դաշինք:

Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի միջխորհրդարանական համագործակցության արդյունքում դեռևս 2016թ. առաջին կեսին Նիկոսիայում երեք երկրների արտաքին հարաբերությունների և պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովների միջև ստորագրվեց ռազմավարական երկխոսության զարգացման համատեղ հռչակագիր։ Այն ստորագրվեց երեք երկրների կառավարությունների միջև համագործակցության խորացման մասին մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա: Փաստաթուղթը հնարավորություն կտա կողմերին համագործակցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կիբեռանվտանգությունը, գործարարությունը, տեխնոլոգիական նորարարությունները: Կողմերը պայմանավորվել են նաև համագործակցություն հաստատել երեք ժողովուրդների սփյուռքի համայնքների միջև: Որոշ տվյալների համաձայն, նշյալ երկրները երկխոսություն են սկսել արդեն այդ թվում և պաշտպանական ոլորտում գործակցության հաստատման հարցերի շուրջ։

Երեք երկրների ղեկավարները նախատեսում են զարգացնել համագործակցությունը նաև տնտեսական-էներգետիկ բնագավառում: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել դեպի Եվրոպա գազատարի կառուցման տնտեսական նպատակահարմարությունն ուսումնասիրող եռակողմ հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ: Առաջին փուլում նախատեսվում է կառուցել գազատարի՝ Իսրայելից դեպի Կիպրոս հատվածը, այնուհետև՝ դեպի Հունաստան, որտեղից հնարավորություն կլինի գազն արտահանել Եվրոպա: Հիշեցնենք, որ դեռևս 2009-2010թթ. Միջերկրական ծովի իսրայելական շելֆի առանձին հատվածներում հայտնաբերվեցին բնական գազի խոշոր պաշարներ։ Դա մեծ ազդեցություն ունեցավ դեպի Իսրայել բնական գազի արտահանումների նախկին նախագծերի և ձեռք բերված պայմանավորվածությունների առումով։ Միջերկրական ծովում, Հայֆա քաղաքից ոչ հեռու, բնական գազի խոշոր հանքավայրերի հայտնաբերումը մեծ վնաս հասցրեց առաջին հերթին Ռուսաստանից և Ադրբեջանից դեպի Իսրայել բնական գազի մատակարարումներին։ Արդյունքում՝ Իսրայելը ոչ միայն զգալի չափով լուծեց իր էներգետիկ անվտանգության հիմնահարցերը, այլև փորձեց նոր հայտնաբերված հանքավայրերի բնական գազն այլ երկրներ արտահանելու նոր ուղիներ գտնել։ Մասնավորապես, շատ է խոսվում իսրայելական Լևիաֆան և Թամար հանքավայրերում հայտնաբերված բնական գազի զգալի պաշարների մասին։ Լևիաֆանը գտնվում է Միջերկրական ծովի իսրայելական շելֆում, Լիբանանի հետ Իսրայելի ծովային սահմանի մոտ՝ Հայֆա քաղաքից 135 կմ արևմուտք։ Վերջինս, նախնական տվյալներով, ունի 453 մլրդ մ3 գազի ապացուցված պաշարներ։ Լևանտի ավազանի բնական գազի ընդհանուր ապացուցված և հնարավոր պաշարներն Իսրայելի և Կիպրոսի սահմաններում կազմում են 1.18 տրլն մ3, որից 127 մլրդ մ3՝ Կիպրոսի շելֆում և ավելի քան 1 տրլն մ3՝ Իսրայելի հատվածում։ Իսրայելի բնական գազի պաշարների շուրջ 88%-ը կենտրոնացած է վերը հիշատակված 2 հանքավայրերում։ Ելնելով այս իրողություններից՝ փորձագետների մի հատված հակված էր հաստատելու այն տեսակետը, ըստ որի՝ Իսրայել-Կիպրոս-Հունաստան եռակողմ դաշինքը գլխավորապես հետապնդում է զուտ էներգետիկ շահեր։ Սակայն այդ դեպքում տրամաբանորեն հարց է առաջանում՝ որքանո՞վ է հիմնավորված կամ նպատակային դաշինքի գործակցության ամրագրումն այլ ոլորտներում ևս։

Ինչևէ, Իսրայել-Կիպրոս-Հունաստան եռակողմ՝ այսպես կոչված հակաթուրքական դաշինքի ձևավորումը լավ հնարավորություն է ստեղծում նաև այս ուղղությամբ Հայաստանի դիվանագիտության ակտիվացման համար: Նախ՝ Հայաստանն ավանդաբար բարիդրացիական հարաբերություններ է պահպանում թե՛ Կիպրոսի, թե՛ Հունաստանի հետ, ուստի այս ձևաչափում Հայաստանը կարող է երկխոսության կամուրջ հանդիսանալ Իսրայելի, մյուս կողմից՝ Հունաստանի և Կիպրոսի գործակցության զարգացման հարցում: Ավելին, հայկական սփյուռքն ավանդաբար ջերմ հարաբերություններ և համագործակցության բարձր մակարդակ ունենալով հունական և կիպրական սփյուռքի հետ՝ կարող է դրական ավանդ ունենալ հրեական, հունական ու կիպրական սփյուռքի տարբեր համայնքների միջև երկխոսության հաստատման և խորացման գործում: Սա լավ հնարավորություն է հայկական կողմի համար Իսրայելի հետ երկկողմ քաղաքական-տնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով ևս:

Ակտիվացում հայ-իսրայելական երկկողմ հարաբերություններում

Վերջին տարիներին նկատվում է որոշակի ակտիվացում հայ-իսրայելական քաղաքական փոխհարաբերություններում: Երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը խթանեցին երկկողմ խորհրդարանականների միջև երկխոսության հաստատմանը և զարգացմանն ուղղված նախաձեռնությունները: 2015թ. դեկտեմբերի կեսերին Իսրայելի Քնեսեթի հրավերով ՀՀ ԱԺ պատվիրակությունն այցելեց Իսրայել՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար Արտակ Զաքարյանի գլխավորությամբ: Իսրայելում պատվիրակները հանդիպեցին Քնեսեթի փոխխոսնակ Թալի Պլոսկովի, Ասիայի և Մերձավոր Արևելքի հարցերով դեպարտամենտի ղեկավար Արիել Շաֆրանսկու, Քնեսեթի Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով մշտական հանձնախմբի ղեկավարության հետ: 2016թ. ապրիլին իսրայելական կողմը պատասխան այցելություն կատարեց. իսրայելական խորհրդարանական պատվիրակությունը, նույն՝ Թալի Պլոսկովի ղեկավարությամբ, առաջին անգամ այցելեց Հայաստան: Ապրիլի 3-ին արտգործնախարար Էդ. Նալբանդյանն ընդունեց Իսրայելի Քնեսեթի փոխխոսնակ, Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկեցին հայ-իսրայելական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր:

2017թ. հունվարի 17-ին սկսվեց ՀՀ խորհրդարանական ընդլայնված պատվիրակության այցն Իսրայել՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի նախկին ղեկավար Ա.Զաքարյանի գլխավորությամբ: Հայկական պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ գործարար շրջանակների, ՏՏ ոլորտի իսրայելական ընկերությունների հետ՝ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների քննարկման նպատակներով: Հանդիպումներ եղան Թել Ավիվի «Ասուտ» առողջապահական համալիրի, բժշկական կրթության պատասխանատուների հետ, որի արդյունքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ։ Նշենք նաև, որ բարեկամության խորհրդարանական խմբերը վերջին հանդիպումներում համաձայնել էին ստեղծել հայ-իսրայելական հասարակական ֆորում:

Ս.թ. հուլիսին Հայաստան էր այցելել արդեն ձևավորված «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։ Նա կարևոր դերակատարում է ունեցել վերջին շրջանում հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման գործում:

Ս.թ. հուլիսի վերջին պաշտոնական այցով Հայաստան եկավ Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին: Հուլիսի 25-ին վերջինիս հետ հանդիպում ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Նախարարները ստորագրեցին «ՀՀ կառավարության և Իսրայել պետության կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին» համաձայնագիրը և «ՀՀ-ի և Իսրայել պետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան։ Իսկ Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը ստորագրեցին «ՀՀ-ի և Իսրայելի միջև մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության ոլորտներում 2017-2020թթ. համագործակցության մասին» ծրագիրը։ Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիին ընդունեց նաև ՀՀ վարչապետ Կ.Կարապետյանը։ Քննարկվել են տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, գյուղատնտեսության բնագավառներում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Իսրայելի միջև տնտեսական հարաբերությունների և գործարար կապերի աշխուժացման հեռանկարների շուրջ:

Ի դեպ, հայ-իսրայելական երկկողմ կապերի ակտիվացման նպատակով ս.թ. մայիսի 19-ին բացվեց Երևան-Թել Ավիվ չվերթը։ Երևան-Թել-Ավիվ-Երևան երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին:

Առաջին անհամաձայնություններն Ադրբեջան-Իսրայել համագործակցությունում

Վերջին ամիսներին Ադրբեջան-Իսրայել բարձր մակարդակի գործակցությունում նկատելի են որոշակի անհամաձայնություններ։ Սա հիմք հանդիսացավ հայ և օտարերկրյա փորձագիտական որոշ շրջանակների համար՝ արձանագրելու, որ չնայած Իսրայելի և Ադրբեջանի միջև շարունակվում են դաշնակցային համագործակցության տեմպերը, այնուհանդերձ, Իսրայելը նոր ճշգրտումներ է մտցնում իր հարավկովկասյան արտաքին քաղաքականությունում։ Ադրբեջանի և Իսրայելի միջև անհամաձայնությունների առաջին նշանները դրսևորվեցին ս.թ. կեսերին՝ Արցախ իսրայելցի հայտնի քաղաքագետ Ավիգդոր Էսքինի այցելության հետ կապված։ Էսքինը, որի փորձագիտական հայացքները բավական ընդունելի են Իսրայել պետության ղեկավարության շրջանում, արցախյան հակամարտության հարցում հայտնի է իր ադրբեջանամետ հայտարարություններով։ Այս տեսանկյունից հայկական հասարակական-փորձագիտական որոշ շրջանակների ակտիվ նախաձեռնությամբ Էսքինի՝ Ստեփանակերտ կատարած այցելությունն իսկապես նախադեպ պետք է համարել, ինչի հետևանքով իսրայելցի քաղաքագետն անմիջապես հայտնվեց Ադրբեջանի այսպես կոչված «սև ցուցակում»։ Արցախում Էսքինը հյուրընկալվեց ամենաբարձր մակարդակով. վերջինիս հետ հանդիպում ունեցավ նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Աննախադեպ էր նաև Էսքինի հայտարարությունը, թե՝ «Արցախը դե-ֆակտո և իր կարգավիճակով ստեղծել է անկախ պետականություն՝ շեշտելով Արցախի միջազգայնացման հարցի անհրաժեշտությունը ոչ միայն հակամարտության համատեքստում, այլև որպես հայ ժողովրդի բնօրրան»։

Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունում հաջորդ անհամաձայնությունը մեծ աղմուկ բարձրացրեց լրատվական դաշտում։ Իսրայելական հեղինակավոր թերթերից մեկը հրապարակեց տեղեկատվություն Ալիևի ընտանիքի ֆինանսական գործունեության և ընտանեկան այլ տվյալների մասին։ Ադրբեջանի նախագահի որդու հիվանդության և Իսրայելում նրա բուժման, Մեհրիբան Ալիևայի և որդու կողմից Իսրայելում իրականացված շուրջ $600 մլն ներդրումների, նրանց կողմից իսրայելական Հայֆա քաղաքում $6 մլն արժողությամբ առանձնատան ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը չէր կարող իրականացվել Իսրայելի ղեկավարության հսկողությունից դուրս, ուստի տեղեկատվության լուսաբանումը թերևս կարելի է համարել իսրայելական կողմից տեղեկատվության միտումնավոր արտահոսք։ Այդ եզրահանգման համար հիմք է ծառայում այն հանգամանքը, որ արտերկրում Ալիևների ընտանիքի ֆինանսական հսկայածավալ կարողությունների կուտակման վերաբերյալ տեղեկատվության արտահոսքերը մեկ անգամ չէ, որ մեծ աղմուկ են բարձրացրել, ինչն ադրբեջանական հասարակությունում դժգոհությունների առիթ է տվել։ Ուստի Իսրայելում Մեհրիբան Ալիևայի իրականացրած ներդրումների, առավել ևս՝ Ալիև-կրտսերի հիվանդության և բուժման մասին տեղեկատվությունը պետք է գաղտնի պահվեր։ Սակայն իրականությունն այն է, որ իսրայելական կողմը միակողմանիորեն բացում է փակագծերը, մնում է պարզել՝ ինչո՞ւ։ Սցենարներից մեկի համաձայն, սա կարող է մասամբ պայմանավորված լինել վերջին շրջանում հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման միտումներով, ինչի առնչությամբ Ալիևը կարող էր իսրայելական կողմին նախապես արտահայտած լինել իր դժգոհությունը։ Պատահական չէր, որ Ալիևների ընտանիքի հետ կապված վերոնշյալ տեղեկատվությունը զուգադիպեց Իսրայելի տարածքային համագործակցության նախարարի Հայաստան կատարած պետական պաշտոնական այցելությանը։ Եթե հետևենք այս վարկածի տրամաբանությանը, ապա կարող ենք արձանագրել Ադրբեջան-Իսրայել համագործակցությունում դրսևորված առաջին բացահայտ հակասությունները։ Խոշոր հաշվով, Իսրայել-Ադրբեջան տարակարծությունները հարկ է դիտարկել հարավկովկասյան և մերձտարածաշրջանային գործընթացների նկատմամբ Իսրայելի արտաքին քաղաքականության նոր վերադասավորումների հարթությունում։

Իսրայելում Ալիևների ֆինանսական ներդրումների, Ալիևի որդու բուժման մասին տեղեկատվության բացահայտմանը հաջորդեց հերթական միջադեպը, երբ իսրայելական հեղինակավոր Aeronautics Defense Systems ռազմարդյունաբերական կազմակերպության օպերատորները մերժեցին ադրբեջանական կողմի պահանջը՝ Ադրբեջանին տրամադրված իսրայելական ԱԹՍ-ները փորձարկել հայկական դիրքերի ուղղությամբ։ Սա նշանակում է, որ կազմակերպության օպերատորներն Իսրայելի պաշտպանության նախարարությունից հանձնարարական են ունեցել ԱԹՍ-ները փորձարկել միմիայն ոչ մարտական պայմաններում։ Ընդ որում, նշենք, որ այս միջադեպը երկկողմ հարաբերություններում ռազմաքաղաքական նշանակության առաջին հակասությունն էր կամ տհաճ միջադեպը։ Այս ամենի հետևանքով Իսրայելի ՊՆ-ն հետաքննություն սկսեց, ինչի արդյունքում ժամանակավորապես դադարեցվեց Ադրբեջանին Orbitier տեսակի ԱԹՍ-ների վաճառքը։ Ելնելով հայ-իսրայելական քաղաքական հարաբերությունների ակտիվացման և ադրբեջանա-իսրայելյան որոշակի անհամաձայնությունների տրամաբանությունից` հնարավորություն է բացվում Հայաստանի դիվանագիտությունում Իսրայելի հետ քաղաքական համագործակցությունում գոյացած վակուումն արդյունավետ լրացնելու համար։

Ամփոփում

Հայաստանյան հասարակական-փորձագիտական որոշ շրջանակներում այն մտավախությունը կա, որ Իսրայելի հետ Հայաստանի քաղաքական հարաբերությունների զարգացման հարցը մտահոգում է իրանական կողմին և այդ պատճառով կարող է բացասական հետևանքներ ունենալ հայ-իրանական քաղաքական-տնտեսական համագործակցության ներկա մակարդակի վրա։ Պաշտոնական Թեհրանը բացասաբար է մոտենում Մերձավոր Արևելքում կամ, մասնավորաբար, Հարավային Կովկասում իսրայելական գործոնի ակտիվացման ցանկացած դրսևորմանը։ Նշենք, սակայն, որ նույն Ադրբեջանը շարունակում է զարգացնել ռազմավարական գործակցությունն Իսրայելի հետ և չնայած իրանական կողմի դժգոհությանը՝ միաժամանակ կարողանում է խորացնել բազմակողմանի համագործակցությունն Իրանի հետ։ Այսպիսով, Իրան-Իսրայել հակամարտությունը, ըստ էության, լուրջ բացասական ազդեցություն մինչ օրս չի թողել իրանա-ադրբեջանական համագործակցության վրա։ Վերադառնալով հայ-իսրայելական հարաբերություններին՝ նշենք, որ հաշվի առնելով Ադրբեջան-Իսրայել ռազմաքաղաքական գործակցության բավական բարձր մակարդակը, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում իսրայելական կողմի ակտիվացման միտումները՝ ըստ էության, պետք է առանձնակի կարևորել Հայաստան-Իսրայել քաղաքական երկխոսությունը։ Ի տարբերություն Ադրբեջանի, որն իսրայելական կողմի հետ գործակցությունը դիտարկում է նախևառաջ իսրայելական արտադրության սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մատակարարումների համատեքստում՝ այդպիսով խախտելով տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը, հայկական կողմն Իսրայելի հետ գործակցությունը դիտարկում է գլխավորապես որպես տարածաշրջանում կայունության և ուժերի միջև հարաբերակցության պահպանման հնարավորություն։



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր