• am
  • ru
  • en
Версия для печати
08.09.2017

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԴՐԱԿԱՆ ԵՆ

   

Սակայն ժամանակ է պահանջվում

Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ

-Մեկ տարի առաջ Կարեն Կարապետյանը նշանակվելով վարչապետ՝ հայտարարեց, որ երկրի տնտեսության վիճակը վատ է, շատ վատ։ Ի՞նչ հասցրեց այս մեկ տարում շտկել կառավարությունը։

-Քաղաքականությունը, մասնավորաբար, տնտեսական քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, իհարկե, դրան գումարած հստակ հաշվարկը, կազմակերպչական լուրջ աշխատանքն ու պետական մտածելակերպ ունեցող մասնագիտական թիմը: Կարծում եմ, մեկ տարում այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ են կատարվել, սակայն միանգամից մեծ արդյունքի հասնելը դուրս է անգամ հնարավորությունների արվեստից:

Այնուհանդերձ արդյունքներն իրապես դրական են. կա տնտեսական ակտիվության աճ՝ 6,1 տոկոս,արդյունաբերության աճ՝ 12 տոկոս: Հայաստանի նման փոքր երկրի համար շատ կարեւոր ցուցանիշ է արտահանման աճը, իսկ այստեղ ունենք 22 տոկոս աճ, դեպի Ռուսաստան այն կազմում է 24 տոկոս: Ի դեպ, Ռուսաստան հիմնականում պատրաստի արտադրանք է արտահանվում:

Հաջորդը. պետական բյուջեի մասով եւս ունեք 7 տոկոս աճ՝ անցած տարվա համեմատությամբ: Դա թվերն են փաստում: Չնայած պետական բյուջեի ծախսային մասը 100 տոկոսով չի կատարվել, բայց դա պայմանավորված է պակասորդի ոչ լրիվ բավարարվածությամբ, պակասորդը հիմնականում ծածկվել է արտաքին աղբյուրների հաշվին: Այս խնդիրը միշտ էլ եղել է մեզանում, դա կախված չէ կառավարության կատարողականից:

Նկատենք նաեւ, որ դրամաշնորհներն ընդամենը 30 տոկոսով են կատարվել, նույնը պետք է ասել արտաքին վարկերի մասով, որոնք զգալի թիվ են կազմում:

-Ի դեպ, արտաքին պարտքն արդեն մոտենում է 6 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմին, ինչը խիստ մտահոգիչ է, չնայած մասնագետները շարունակում են պնդել, թե խնդիր չկա:

-Այնպես չէ, որ խնդիր չկա: Պետական պարտքը 5,9 մլրդ ԱՄՆ դոլար է, որից 4,3 միլիարդը, այսինքն՝ 80,5 տոկոսը արտաքին պարտքն է, իսկ 19,5 տոկոսը՝ ներքին: Ինչպես տեսնում եք, արտաքին պարտքի բաժինն էապես բարձր է, ու սա է մտահոգիչը, շատ լավ կլիներ, եթե մենք ունենայինք հակառակ պատկերը: Այստեղ մենք էական քայլեր ունենք անելու: Չնայած հիմնականում արտոնյալ են մեր վարկերը, բայց, միեւնույն է, դրանք որոշակի խնդիրներ են ստեղծում թե՛ նպատակի, թե՛ կառուցվածքի առումով:

Ես ոչ այնքան այս թվերն եմ կարեւորում, որքան պետական պարտքի կառուցվածքը: Ինձ համար առաջնայինը վարկի արդյունավետությունն է, եթե հստակ որոշված է վարկի նպատակը, հստակ հաշվարկված են մեր ակնկալիքները, մենք տեսնում ենք, որ արդյունավետությունն էականորեն գերազանցում է կատարվելիք ծախսերը, ուրեմն կարելի է այդ վարկը արդյունավետ համարել:

Բերեմ կոնկրետ օրինակ. եթե մեզ վարկ են առաջարկում երկրի պաշտպանության համար անհրաժեշտ ռազմամթերք գնելու, այստեղ ակնհայտ է նպատակն ու արդյունավետությունը, մենք չենք կարող նման վարկից հրաժարվել:

Այսինքն՝ պետության համար կան առաջահերթ խնդիրներ: Ոչ թե պետք է վարկերից առհասարակ հրաժարվել, այլ ավելի մեծ ուշադրություն դարձնել դրանց արդյունավետության ու նպատակասլացության վրա: Եվ իհարկե, հրաժարվել այնպիսի վարկերից, որոնց արդյունավետությունն այնքան էլ հստակ չէ: Կարծում եմ, այս խնդիրները լուծելու համար որոշակի օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա:

-Վարչապետ Կարապետյանի հիմնական խոստումներից մեկը վերաբերում է դեպի Հայաստան ներդրումներ բերելուն: Դրա համար գործարարների խումբ ստեղծվեց, որտեղ ներգրավված են հիմնականում ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները, սակայն առանձնապես գործը տեղից չի շարժվում, ինչո՞ւ:

-Եթե Ռուսաստանի նկատմամբ իրականացվող պատժամիջոցները մեր պատրաստի արտադրանքի արտահանման վրա ազդեցություն չի թողնում, ապա ներդրումների առումով մենք զգում ենք որոշակի սահմանափակումներ: Ուրեմն ասել, թե ներդրումների դանդաղումը միայն կառավարության քայլերից է կախված, այդպես չէ, պատժամիջոցներն իրենց ազդեցությունը թողել են:

Բացի դրանից, այս հարցի լուծումը միայն կառավարության խնդիրը չէ, այլ ողջ պետության, այդ թվում՝ Ազգային ժողովի, հարկավոր է տնտեսական օրենսդրության մեջ որոշակի փոփոխություն կատարել: Տեսեք, մեր բոլոր արդյունավետ աշխատող կազմակերպությունները փակ բաժնետիրական ընկերություններ (ՓԲԸ) են, իսկ ամբողջ աշխարհում հայտնի բան է, եթե կազմակերպության արդյունավետությունը շուկան չի գնահատում, այդտեղ ներդրումներ անելը դժվարանում է: Այնպես որ, եթե մենք չանցնենք բաց բաժնետիրական ընկերությունների (ԲԲԸ), ապա խնդիրներ կունենանք:

Ինչ վերաբերում է գործարարների խմբի ստեղծմանը, ապա այն ստեղծվեց, որպեսզի արտաքին ներդրողներին ցույց տրվի դեպի Հայաստան կատարվելիք ներդրումների առավելությունը: Կառավարությունը լուծել է տեղեկատվական ու գովազդային խնդիրը, իսկ դա քիչ չէ:

Սակայն նշանակալից արդյունքների հասնելու համար այլ հանգամանքներ կան, այն է՝ Հայաստանը կարող է լինել կապող օղակ՝ ԵԱՏՄ-ԵՄ, ԵԱՏՄ-Իրան եւ ինչ-որ չափով ԵԱՏՄ-Չինաստան ուղղություններում: Այստեղ պետք է հաշվի առնել, որ ե՛ւ Չինաստանում, ե՛ւ Ռուսաստանում բավական մեծ է ադմինիստրատիվ գործոնի դերը, ու այլ պետություններ օգտագործում են նաեւ այս ռեսուրսը, ինչո՞ւ մենք եւս չօգտագործենք:

-Վարչապետը հայտարարեց կառավարման մշակույթի փոփոխության մասին՝ շեշտելով, որ առանց ստվերի, առանց բոլոր ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի երկրի զարգացման ճանապարհը չի տեսնում: Այս ուղղություններով արված մեկ տարվա քայլերն ինչ-որ արդյունք տվե՞լ են:

-Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այստեղ լուրջ արդյունքներ գրանցենք: Մեր երկիրը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ցանկում գոնե պետք է լինի 60-70-րդ տեղերում, հակառակ դեպքում ներդրումների առումով լուրջ խնդիրներ ենք ունենալու: Ի դեպ, նման միջազգային կառույցների ցանկերում ավելի ցածր դիրքում գտնվելով՝ ապրանքի գինը մոտ 5 տոկոսով թանկանում է, իսկ դա մրցունակության առումով բացասական գործոն է, ինչը հաշվի են առնում ներդրողները:

Խիստ կարեւորելով կոռուպցիայի դեմ պայքարը՝ պետք է նշեմ, որ այն միայն կառավարության խնդիրը չէ, առավել եւս մեկ անձի՝ միայն վարչապետի լուծելու խնդիրը չէ, այլ պահանջում է ողջ պետական համակարգի, այդ թվում՝ հասարակության ակտիվ աջակցությունը: Մենք՝ մասնագետներս, եւս պատրաստակամ ենք աջակցել կառավարությանը, նաեւ լուծման մեթոդներ առաջարկել: Մի խոսքով, այստեղ կա բոլորիս համատեղ, նպատակասլաց աշխատանքի անհրաժեշտությունը: Միայն այդպես հարցերը կլուծվեն:

-Կառավարության աշխատանքի լավագույն գնահատականը տվողը ժողովուրդն է, եւ ուրեմն, մեր ժողովուրդն ի՞նչ փոփոխություն զգաց այս մեկ տարում: Վարչապետի աշխատաոճը վստահություն ներշնչե՞լ է մեր ժողովրդին:

-Իհարկե: Կառավարության աշխատաոճը, կարելի է ասել դրական ազդակ է: Կառավարության աշխատանքը պետք է հստակ անդրադառնա ժողովրդի վրա, իսկ ինչպե՞ս է ժողովուրդը որոշում այդ աշխատանքի արդյունավետությունը: Դա, բնականաբար, պետք է արտահայտվի աշխատատեղերի ստեղծմամբ, զբաղվածության մակարդակի, իրական աշխատավարձերի ու կենասաթոշակների աճով, արտահանման աճով. սրանք այն ազդակներն են, որոնք փաստում են՝ պետության ներսում լուրջ զարգացում կա:

Ժողովուրդը պետք է տեսնի, որ իր արտադրած արտադրանքն արտահանվում է, իսկ դա նշանակում է, որ կա զբաղվածության աճ, ներքին սպառման աճ: Տեսնում ենք, որ գյուղոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման հարցում եւս կառավարությունը վճռականորեն է տրամադրված:

Իհարկե, այս բոլոր ուղղություններով դեռ մեծ անելիքներ կան, բայց կառավարությունը հայտարարել է՝ ներուժ է հավաքում, որպեսզի կարողանա այս հարցերը լուծել: Եվ կարծում եմ, որ բոլորս պետք է աջակցենք կառավարությանը, որպեսզի այն իրոք կարողանա իրականացնել իր խոստումներն ու ժողովրդի սպասելիքները:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

http://www.armworld.am/detail.php?paperid=5648&pageid=169876&lang=



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր