
ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԸ ԻՋԵՑՆԵԼ. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԲ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
2018-09-10
Հարկային առաջարկվող փոփոխությունները նաև հակակոռուպցիոն բնույթ ունեն և կարող են խթանել տնտեսությունը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Թավադյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։
Նշենք, որ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հնչեցրել էր եկամտահարկի հավաքագրման առումով արմատական առաջարկներ։ Նա, մասնավորապես, երկու առաջարկ էր արել՝ երկաստիճան կամ համահարթ հարկման համակարգ։ «Մի քանի առաջարկ կա։ Առաջարկում ենք հարկման երեք սանդղակի փոխարեն ձևավորել երկու սանդղակ: Ըստ այդմ՝ սահմանել, որ մինչև 250 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարեն 20 տոկոս եկամտային հարկ, իսկ դրանից ավելի աշխատավարձ ստացողները հարկվեն եկամտային հարկի 25 տոկոսի դրույքաչափով»,- ասել էր վարչապետն ու հավելել. «Կամ առաջարկվում է սահմանել 23 տոկոս համահարթ եկամտային հարկ, շահութահարկ+դիվիդենդի հարկ։ Այսինքն՝ ունենալ այնպիսի հարկային համակարգ, որ և՛ եկամտահարկը բոլոր չափի աշխատավարձերի համար լինի 23 տոկոս, և՛ շահութահարկի և դիվիդենդի հարկի հանրագումարը ևս լինի 23 տոկոս։ Այսինքն՝ ունենանք համահարթ եկամտային հարկ և շահութահարկ»։
Աշոտ Թավադյանը նախ նշեց, թե առաջարկը հարկավոր է դիտարկել մի քանի գործոններով, ընդ որում՝ հարկաբյուջետային փոփոխություններից բացի, հարկավոր է նաև դրամավարկային քաղաքականության փոփոխություն։ «Անհրաժեշտ է ԿԲ մասին օրենքի փոփոխություն, որը կբերի նրան, որ ԿԲ-ն ոչ միայն գների կայունության գործառույթը կկատարի, այլև լիարժեք կկատարի երկրորդ կարևոր նպատակը՝ ֆինանսական կայունության ապահովումը։ Եվ երրորդ՝ դե-ֆակտո հնարավորություն չի ունենա գործել որպես շահույթ հետապնդող կազմակերպություն: Այստեղ մենք կարող ենք անել առաջարկություններ»,- ասաց նա։
Ըստ տնտեսագետի՝ նվազագույն հարկային մուտքերը, որը պետք է ապահովել, այն հարկային մուտքերն են, որոնցով պետությունը կկարողանա արդյունավետ իրականացնել իր գործառույթները, իսկ մաքսիմումը չխաթարել տնտեսվարող սուբյեկտների շահագրգռվածությունը իրականացնելու տնտեսական գործունեություն: Այս միջակայքում առկա է հարկերի կարգավորման խնդիր:
«Առաջին խնդիրը ֆիսկալ բնույթն է, մենք չենք կարող միանգամից եկամտային հարկը իջեցնել 23 տոկոսից պակաս, քանի որ այժմ մեր բյուջետային հնարավորությունները մեզ դա թույլ չեն տալիս։ Երկրորդ՝ եթե մենք անցնում ենք համահարթեցված տարբերակի, մեր կարգի երկրներում դա խթանում է աշխատավարձի բարձրացումը։ Երրորդ՝ քանի որ մեր կառավարության կարևորագույն խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարն է, համահարթեցված տարբերակը նպաստում է սուբյեկտիվ գործոնի իջեցմանը»,- նշեց Թավադյանն ու հավելեց. «Սոցիալական տեսանկյունից հարկային քաղաքականությունն առաջնահերթ չէ: Դա առաջին հերթին պետական բյուջեի ծախսային մասի խնդիր է: Հայաստանի Հանրապետությունում նաև աշխատավարձերի տարբերությունն այնքան մեծ չէ, որքան զարգացած երկրներում, որտեղ եկամտային հարկը կարող է 50 տոկոսի հասնել»։
Ըստ տնտեսագետի՝ փոփոխություններին պետք է նայել նաև մրցունակության տեսանկյունից։ «Մենք ԵԱՏՄ անդամ ենք։ Եթե Ռուսաստանում եկամտային հարկի հիմնական դրույքը 13 տոկոս է, Ղազախստանում և Ղրղըզստանում՝ 10 տոկոս, Բելառուսում՝ 13 տոկոս, այս առումով մենք զիջում ենք մրցունակության տեսանկյունից։ Հաջորդ մեր գործընկերոջ՝ կապող երկիր Վրաստանում եկամտահարկը 20 տոկոս է, և կիրառվում է համահարթեցված տարբերակը։ Ընդ որում, եթե առաջ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության մոտ 14 տոկոս էր, ապա այժմ 25 տոկոս է»,- ասաց Թավադյանը և նշեց, թե այժմ մենք, ելնելով մեր պետության խնդիրներից, եկամտային հարկը 23 տոկոսից ցածր չենք կարող իջեցնել։ Սակայն համակարգված լուծելով հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության խնդիրները՝ փուլային տարբերակով հնարավորություն կստեղծվի դա իրականացնելու:
Աշոտ Թավադյանը կարծում է, թե հարկային փոփոխություններով Հայաստանում էլ հավաքագրումների ցուցանիշը կմեծացնեն, իսկ փոփոխությունները հակակոռուպցիոն և խթանող բնույթ ունեն։
https://www.1in.am/2421970.html
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ Է. Աշոտ Թավադյան[28.08.2022]
- ԵԹԵ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ՎԱՐԵԼ ԹԱՆԿ ՓՈՂԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ[07.09.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[04.09.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԱՏՄ-ՈՒՄ. ԻՆՏԵԳՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ[11.07.2018]
- «ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԿԱ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՐԴԻՆԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ». «ՓԱՍՏ»[01.06.2018]
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԵՏՀԱՇՎԱՐԿ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[18.01.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ 2017Թ. ԵՎ ԵԱՏՄ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԸ[16.01.2018]
- ԿԱՐԵԼԻ՞ ԷՐ ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ԶՍՊԵԼ ԳՆԱՃԸ[15.01.2018]
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ. «ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ. ԵՄ-Ն ԵՎ ԵԱՏՄ-Ն ՄԻԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ»[30.10.2017]
- ԳՆԱՃԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՎՐԱ[20.09.2017]