• am
  • ru
  • en
Версия для печати
01.06.2018

«ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԿԱ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՐԴԻՆԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ». «ՓԱՍՏ»

   

30 Մայիս, 2018

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած 7 %–անոց տնտեսական աճի և 25% արտահանման աճի ցուցանիշներին, զարմանալիորեն դրանք իրենց թվային արտահատությունը չունեցան սոցիալական խնդիրների լուծման գործում: Սա որոշակի հակասություններ առաջացրեց, որն այդպես էլ իր բացատրությունը չունեցավ նախորդ կառավարության կողմից: Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանի ներկայացմամբ, նշված ցուցանիշները պետք է արտահատվեին կոնկրետ առանցքային ցուցանիշների համատեքստում:

Եթե կա տնտեսական աճ, ապա նշանակում է, որ բյուջեի մուտքերն ավելացել են: Ինչը նշանակում է, որ աշխատավարձերը և թոշակները բարձրացնելու հնարավորությունն առկա է: Եվ եթե Հայաստանը հայտարարել է, որ սահմանադրորեն ինքը սոցիալական պետություն է, ուրեմն այս խնդրին միանշանակ պետք էր անդրադառնալ: Տնտեսագետի կարծիքով, չի կարելի պետբյուջեի հաշվին մեծացնել կապիտալ ներդրումները՝ առանց սոցիալական բաղադրիչը հաշվի առնելու: Այդ իսկ պատճառով էլ առաջացան որոշակի հակասություններ: «Բոլոր հարցերին պետք է համակարգված մոտենալ: Տնտեսական աճը պետք է որ բավականին լուրջ գումարների մուտք ապահովեր պետական բյուջե: Եվ դրա միջոցով լուծվեին որոշակի սոցիալական խնդիրներ:

Սակայն իրականում այդպես չէ: 2018–ից ունեցանք եկամտահարկի փոփոխություն, բայց դա էլ էական ազդեցություն չունեցավ կենսամակարդակի վրա: 2015 թ.–ից աշխատավարձերի և թոշակների հարցը մնացել է առկախված: Նվազագույն աշխատավարձը մնաց նույնը՝ 51 հազար, իսկ բազային կենսաթոշակը՝16 հազար դրամ: Միանգամից բարձրացան ակցիզային հարկերը, հեղուկ գազի 1000 խ/մ–ի գինը 8000 դրամից դարձավ 25 000 դրամ, բենզինինը 25 000–ից հասավ 40 հազարի: Արդյունքում տեղի ունեցավ այդ համակարգող ապրանքների գների 10 % աճ: Սրանք այն ցուցանիշներն են, որոնք միանշանակ բնորոշում են տնտեսության իրավիճակը»,–ասաց տնտեսագետը:

Մասնագետի խոսքով՝ սրանք համակարգող այն գներն են, որոնց աճի դեպքում շղթայաբար կարող են աճել տեղում արտադրվող բոլոր ապրանքների գները: Բարձր են նաև բանկային տոկոսադրույքները, ինչը թույլ չի տալիս, որ աճ տեղի ունենա ներքին ներդրումների դաշտում: «Հայտնի իրողություն է, որ եթե նպաստավոր չեն տոկոսադրույքները ներքին ներդրումների համար, ապա դա արտաքին ներդրողների համար դրական խթան չի հանդիսանում: Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա 2014 –ին մենք միջազգային սանդղակում զբաղեցնում էինք 97–րդ հորիզոնականը, իսկ նախորդ երեք տարիներին, կոռուպցիայի դեմ պայքարելուց հետո, զբաղեցրեցինք 107–րդ հորիզոնականը: Միջազգային կառույցները գրանցեցին հետընթաց:

Աշխատավարձերի, թոշակների և առաջին անհրաժեշտության ապրանքների համեմատությունը մշտապես պետք է համարժեք լինի: Ու չնայած նախորդ կառավարությունը խնդիրներից առաջնահերթությունը տալիս էր կապիտալ շինարարությանը, ինչը շատ կարևոր է, այնուամենայնիվ, միշտ պետք է հիշել, որ երբեք չի կարելի թույլ տալ, որ իրական աշխատավարձերը նվազեն: Եվ եթե այս հարցում հակասություն է առաջանում, ապա մեծանում է սոցիալական լարվածությունը»,– ասաց Ա.Թավադյանը: Կարևոր է նաև, որ տնտեսությունը բնութագրող թվերը ներկայացվեն հստակ:

Հարկավոր է կոորդինացնել Վիճակագրական ծառայության, Կենտրոնական բանկի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից հրապարակված թվային տվյալները: «Ճիշտ կլինի, որ բոլոր օղակների կողմից ներկայացվող թվերը կոորդինացվեն և հստակ ցույց տան, թե հրապարակված այս կամ այն ցուցանիշն ինչ արտահայտություն է ստացել տնտեսության զարգացման և ժողովրդի կենսամակարդակի վրա: Եվ եթե այս հարցի պատասխանը հստակ չէ, ապա միշտ կլինեն խոսակցություններ և վեճեր տարբեր ցուցանիշների վերաբերյալ»,– ասաց Ա. Թավադյանը: Տնտեսագիտության դոկտորը, պատասխանելով հարցին, թե ներկայում որոշ չափով սոցիալական լարվածությունը մեղմելու համար արդյո՞ք հնարավոր չէ իջեցնել ակցիզային հարկերը, նշեց, որ տնտեսությունը կտրուկ փոփոխություններ չի սիրում:

Ուստի ամեն ինչ պետք է հաշվարկված լինի և սահուն կերպով իրականացվի: «Ես դեմ եմ կտրուկ փոփոխություններին, քանի որ եթե տնտեսական աճը իր արտահայտությունը չի ունեցել տնտեսությունում, ապա ակցիզային հարկն իջեցնելով՝ կարող են ճեղքվածքներ առաջանալ: Եվ եթե բյուջեի մուտքերը մի տողով իջեցվում են, ապա այն հաշվեկշռելու համար պետք է հստակ իմանալ, թե դրա փոխարեն մյուս տողով ինչ աղբյուրից պետք է համարժեք չափով համալրվի բյուջեն: Ի դեպ, լուրջ խնդիր կա հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման հարցում:

Այստեղ մենք ունենք առաջարկություններ, ինչպես նաև կոռուպցիայի դեմ հակազդեցության և մենաշնորհային բնութագիր ունեցող ապրանքների գների փափուկ կարգավորման հարցով: Երբ ցածր գնաճ է պահպանվում բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքի պայմաններում, ապա ոչ նպաստավոր պայմաններ են առաջանում ներքին ներդրումների համար: Եվ դա բացասական ազդեցություն է ունենում տնտեսաան աճի վրա»,–ասաց Ա. Թավադյանը:

Տնտեսագետը համոզված է նաև, որ հարկաբյուջետային քաղաքականությունը և դրամավարկային քաղաքականությունը ճշգրտման կարիք ունեն: Ինչ վերաբերում է կոռուպցիայի հակազդեցությանը, մենաշնորհային դիրքի չարաշահմանը, ապա այն պետք է կանոնակարգվի արդյունավետ մեխանիզմներ կիրառելու շնորհիվ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

http://www.past.am/?p=193417&l=am



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր