
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՀՍՏԱԿ ՄԵԽԱՆԻԶՄ ԿԻՐԱՌՎԻ
Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ
-Նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվեց կառավարության գործունեության նոր ծրագրի նախագիծը, համաձայն որի նախատեսվում է տարեկան 5 տոկոս տնտեսական աճ, գործազրկության նվազում 12 տոկոսով, նվազագույն աշխատավարձի աճ 25 տոկոսով: Հանրապետականներն ասում են՝ սրանով գորածադիրը լուրջ հայտ է ներկայացնում: Ձեզ, որպես մասնագետի, ի՞նչ են հուշում այս թվերը, դրանք իրատեսակա՞ն են:
-Թվերը, կարծում եմ, իրատեսական են: Տնտեսական աճի տեսանկյունից կառավարությունը սահմանել է նվազագույն նիշ՝ 5 տոկոս, քանի որ տնտեսության բեկումնային աճի համար մեզ հարկավոր է ունենալ տարեկան 7 տոկոս աճ: Ըստ իս, այդ խնդիրը հնարավոր է լուծել: Բայց ինձ համար առաջնահերթություն են այն հստակ մեխանիզմները, որոնց միջոցով կառավարությունը կարող է հասնել իր առաջ դրած նպատակների իրականացմանը: Շատ կարևոր եմ համարում տնտեսական քաղաքականության առանցքային բաղադրիչների հստակ կոորդինացումը: Այնպես որ, անելիքներ դեռ շատ կան, հատկապես, դրամավարկային ու հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացման տեսանկյունից:
Այսօր կառավարությունն իրականացնում է ներդրումների խթանման քաղաքականություն, ինչի համար նպատակահարմար է խթանել անցումը փակ բաժնետիրական ընկերություններից (ՓԲԸ) բաց բաժնետիրական ընկերությունների (ԲԲԸ):
Դեռ խնդիրներ ունենք մեծ ավելացված արժեք ունեցող պատրաստի արտադրանքի արտադրության խրախուսման հարցում, մասնավորաբար, հարկային քաղաքականության միջոցով: Կա գիտահետազոտական աշխատանքի և տնտեսության զարգացման փոխկապակցության հստակեցման անհրաժեշտություն, հարկավոր է խրախուսել այն գիտնականներին, որոնց հետազոտական աշխատանքներն ուղղված են երկրի առաջ ծառացած խնդիրների լուծմանը: Եթե ուշադրության տակ առնվեն այս հարցերի լուծումը, ապա կառավարության նոր ծրագրում սահմանված թվերն անշուշտ կիրականանան:
-Կառավարությունը շարունակում է կոնկրետ քայլեր իրականացնել կոռուպցիայի դեմ պայքարում: Վերջերս այդ ուղղությամբ հերթական քայլը կատարեց, ստեղծվեց կոռուպցիան զսպող մի նոր՝ կանխարգելիչ մարմին: Սակայն հարցերի հարցը մնում է այն, թե արդյոք մարմիններ ստեղծելով հնարավոր է՞ պայքարել այդ չարիքի դեմ:
-<Թրանսփարենսի ինթերնեյշնլ> միջազգային կազմակերպության համաձայն, կոռուպցիայի ընկալման մակարդակով Հայաստանն զբաղեցրել է 113-րդ տեղը՝ 176 երկրների մեջ: Միջազգային փորձագետների հաշվարկներով կոռուպցիայի նման մակարդակի վրա գտնվող երկրում ապրանքների գներն աճում են 10 տոկոսով, իսկ մենաշնորհային բնույթ ունեցող ապրանքերի դեպքում՝ նույնիսկ 15-20 տոկոսով: Սա երկրի մրցունակության, հետևաբար, տնտեսական աճի համար լուրջ խոչընդոտ է:
Ինչ վերաբերվում է կոռուպցիայի կանխարգելման հարցերով նոր մարմնի ստեղծմանը, դա, իհարկե, քայլ է, բայց պետք է ուշադիր լինել, որ կոռուպցիայի դեմ պայքարը կրի համակարգային բնույթ, միայն մեկ մարմնի ստեղծմամբ խնդիրը չի կարող լուծվել:
Այս հարցում ես առաջնային դեր եմ տալիս հետևյալին. Ազգային ժողովը կառավարության հետ համաձայնության գալով պետք է հակակոռուպցիոն տեսանկյունից փորձաքննության ենթարկի օրենսդրությունը, հատկապես, տնտեսական օրենսդրությունը: Ինչո՞ւ եմ շեշտում այս հանգամանքը, քանի որ կան օրենքներ, որոնք ի սկզբանե սուբյեկտիվ տարրեր են պարունակում, հետևաբար, կա նման օրենքները, որոշումները գտնելու ու դրանցից ազատվելու անհրաժեշտություն: Պատրաստ եմ այդ հարցում աջակցել խորհրդարանին ու կառավարությանը՝ ցույց տալով սուբյետիվություն պարունակող հոդվածներն ու հասնել դրանց շտկմանը: Ելնելով իմ աշխատանքային փորձից, որպես Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, համոզվել եմ, որ մասնավորեցման, վարկերի ստացման ու օգտագործման գործընթացներում եղել են փուլեր, որոնք ունեցել են սուբյեկտիվության բարձր աստիճան: Հետևաբար, պետք է հետևել մասնավորացման փուլերին, վարկերի օգտագործման ու բյուջետային գնումների շարժին և տեսնել, թե որտե՞ղ են կայացվել սուբյեկտիվ որոշումները:
Ես անհանգստացած եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը կարող է ուղղվել միայն հետևանքների վերացմանը: Այսինքն՝ օրենքով հնարավորություն ենք տալիս, որ կայացվեն սուբյեկտիվ որոշումներ, հետո սկսում ենք հետևել՝ այդ որոշումները կատարվեցի՞ն, թե՞ ոչ:
Ի վերջո, ի՞նչ է կոռուպցիան: Դա միայն գումարների շորթում չէ ու դրանց հաշվին մի քանի մարդկանց անարդարացի հարստացում, ունեցվածքի ձեռքբերում: Ոչ, կոռուպցիան այնպիսի որոշումների ընդունումն է, երբ հաշվի է առնվում ոչ թե պետության շահը, այլ անձնական, բարեկամական, խմբակային նեղ շահերը, որին նպաստում է նաև սուբյետիվության տարր պարունակող օրենսդրությունը: Կոռուպցիան ուղղակիորեն հարվածում է երկրի մրցունակությանը, նպաստում ժողովրդի կենսամակարդակի անկմանը, ստեղծում սոցիալական լարվածություն:
Կադրերի ընտրության հարցում ևս կան լուրջ խնդիրներ. այս կամ այն մարմինն արդյունավետ չի կարող աշխատել, եթե կադրերին ընտրում են ոչ թե մասնագիտական որակները հաշվի առնելով, այլ ծանոթ-բարեկամ սկզբունքով կամ անընդունելի մեթոդներով: Սա հանգեցնում է տվյալ կառույցի ոչ արդյունավետ աշխատանքին: Եթե այդ մարմինը կարող էր երկու անգամ ավելի արդյունք տալ, ապա նման իրավիճակում մի քանի անգամ պակաս արդյունք է ունենում, ինչն էլ հարված է հասցնում պետությանը, ՀՆԱ-ի աճին:
Ես կողմ եմ կոռուպցիայի դեմ հարցերով կանխարգելիչ մարմնի ստեղծմանը, բայց այդ հակազդեցությունն ամբողջովին չպետք է թողնել միայն մեկ մարմնի վրա, չեմ կարծում, որ այդ դեպքում արդյունքը բավարար կլինի: Այստեղ հարկավոր է համակարգային լուծում, որը կիրականացվի բոլոր ասպարեզներում:
–Վերջերս խորհրդարանը հավանություն տվեց կառավարության 2017-2020 թ.թ մասնավորեցման ծրագրին, ցանկում 47 ընկերություններ են, այդ թվում կարևոր ռազամավարական օբյեկտներ: Այս քայլը արդարացնողները շեշտում են՝ պետությունը վատ կառավարիչ է, իսկ շուկան ամեն ինչ կարող է կարգավորել: Արդյոք սա ճի՞շտ մոտեցում է:
-Պետությունը, իհարկե, ունեցվածքի լավ կառավարիչ չէ, բայց դա չէ առաջնային խնդիրը, այլ այն, թե ի՞նչ մեխանիզմներով է իրականացվում մասնավորեցումը: Ակնհայտ է, որ մասնավորեցման այն մեխանիզմները, որոնք կիրառվել են Հայաստանում չեն եղել արդյունավետ: Ժամանակին հայտարարվում էր, թե մեր գլխավոր խնդիրը սեփականատերերի լայն դաշտ ստեղծելն է: Մինչդեռ ոչ սեփականատերերի լայն դաշտը ստեղծվեց, ոչ էլ սեփականաշնորհված ձեռնարկությունների արդյունավետությունը բարձրացավ:
Հաջորդ խնդիրն այն է, որ բոլոր մասնավորեցումների ժամանակ խոսվում է պետական բյուջեն ավելացնելու մասին: Բայց դա չի կարող մասնավորեցման նպատակ լինել: Դրա համար էլ մասնավորեցված աշխատող ձեռնարկություններում որակական փոփոխություն չեղավ, հակառակը՝ տեղի ունեցավ ներուժի փոշիացում:
Հաճախ այսպիսի խոսք են ասում՝ փակվող ձեռնարկությունը միևնույն է՝ փակվելու է, բայց այդպես չէ, պետությունը ոչ թե խնդիր պետք է դնի՝ փակվողը թող փակվի, այլ աջակցի այն ընկերություններին, որոնք դրա կարիքն ունեն ու կարող են աշխատել, և միայն դրանից հետո մասնավորեցնել, ինչն ակնհայտորեն կլինի արդյունավետ:
Կարծում եմ, այստեղ մենք ունենք լուրջ խնդիր, դա մասնավորեցման գործընթացի մեխանիզմների արդյունավետության բարձրացումն է: Ուզում եմ հիշեցնել, որ մասնավորեցման մեթոդների կատարելագործման տեսանկյունից աշխարհում կան շատ հաջողված փորձեր՝ մասնավորաբար, Մեծ Բրիտանիայում, Չեխիայում: <<Բեխերովկա>> կոչվող խմիչքի գործարանի բաժնետոմսերի շուկայական գինը որոշելուց հետո, նաև օգտագործելով բորսայի մեխանիզմը, չեխերը բաժնետոմսերի մեծ մասը զգալի զեղջով զիջեցին գերմանական ներդրողներին, որովհետև վերջիններս պատավորվեցին լուրջ ներդրումներ անել: Այս փորձերը մենք ևս պետք է հաշվի առնենք:
Հաջորդը, մասնավորացման ընթացքը ճիշտ ընտրված չէ, եթե դրա արդյունքում պետական ձեռնարկությունները կա’մ վերանում են, կա’մ վերածվում փակ բաժնետիրական ընկերությունների, քանի որ ՓԲԸ-ն հաճախ շահագրգռված չի լինում ցույց տալ իր շահութաբերությունը, ծախսերը, կամ իր ներդրումների աստիճանը, ոչ մի արժեթուղթ չի վաճառում և հնարավորություն չի ստեղծում, որ ժողովուրդը դառնա սեփականատեր՝ մասնակցելով ներդրումների գործընթացին: ՓԲԸ-ում մեծ է կոռուպցիոն ռիսկերը, բավականին բարձր է սուբյեկտիվիզմի գործոնը, ինչն էլ հաճախ հիմք է ծառայում կոռուպցիոն որոշումների կայացման համար:
Սեփականաշնորհվող ընկերությունների ցանկում պետք է առանձնացնել ակնհայտ սոցիալական ուղղվածություն ունեցող ընկերությունները, օրինակ, որոշ հիվանդանոցներ, որտեղ ի սկզբանե հնարավոր չէ շահույթ ակնկալել, հետևաբար, դրանց մասնավորեցմամբ հնարավոր չէ ակնկալել շահութաբերության բարձրացում:
Մասնավորացումը կարող է արդյունավետ լինել միայն հստակ մեխանիզմի կիրառման դեպքում, սա մասնավորեցման կարևոր նախապայմանն է: Այսինքն՝ չպետք է թույլ տրվի, որ մասնավորեցվող ընկերությունները, բացառիկ դեպքերից բացի, վերածվեն ՓԲԸ-ների, պետք է հստակ որոշվի մասնավորեցվող ընկերության շուկայական գինը, պետք է լինի ներդրումների ծրագիր:
Եթե հետևեն այս սկզբունքներին, ապա մասնավորեցումից հետո հնարավոր կլինի դրական արդյունք ակնկալել:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ Է. Աշոտ Թավադյան[28.08.2022]
- ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԸ ԻՋԵՑՆԵԼ. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԲ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ[13.09.2018]
- ԵԹԵ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ՎԱՐԵԼ ԹԱՆԿ ՓՈՂԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ[07.09.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[04.09.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԱՏՄ-ՈՒՄ. ԻՆՏԵԳՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ[11.07.2018]
- «ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԿԱ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՐԴԻՆԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ». «ՓԱՍՏ»[01.06.2018]
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԵՏՀԱՇՎԱՐԿ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[18.01.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ 2017Թ. ԵՎ ԵԱՏՄ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԸ[16.01.2018]
- ԿԱՐԵԼԻ՞ ԷՐ ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ԶՍՊԵԼ ԳՆԱՃԸ[15.01.2018]
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ. «ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ. ԵՄ-Ն ԵՎ ԵԱՏՄ-Ն ՄԻԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ»[30.10.2017]
- ԳՆԱՃԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՎՐԱ[20.09.2017]