• am
  • ru
  • en
Версия для печати
21.03.2017

ԹՈՒՐՔ-ՀՈՒՆԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Руский

   

Հայկ Գաբրիելյան
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

2017թ. հունվարի 29-ին Թուրքիայի զինված ուժերի (ԹԶՈւ) Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը Բոդրումից TCG Meltem հրթիռակիր նավով, 2 պահականավի և առափնյա անվտանգության 4 նավի ուղեկցությամբ տեսչական այցով այցելեց Էգեյան ծովում գտնվող հունական Իմիա (թուրքական անվանումը` Քարդաք) կղզու շրջակայք (Էգեյան ծովի հարավ-արևելքում գտնվող Դոդեկանեսյան արշիպելագին պատկանող, 0.4 կմ2 տարածքով այդ փոքրիկ կղզին գտնվում է Բոդրումից 25 մղոն հեռավորության վրա)։ Աքարի այցի ժամանակ կղզուն որոշակի հեռավորության վրա մոտեցել է Հունաստանի առափնյա անվտանգության նավը և սկսել է հետևել իրադարձությունների զարգացմանը։ Թուրքական մամուլն Աքարի այս այցը որակեց որպես «անակնկալ» և «առանցքային»։ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարեց, որ Թուրքիան ցանկանում է, որ Էգեյան ծովում տիրի խաղաղության մթնոլորտ, որ այն վերածվի խաղաղության ծովի, և հիշեցրեց, որ Աքարի այցը համընկավ «Քարդաքի ճգնաժամի» 21-ամյակի հետ1։ Նշենք, որ այն ժամանակ Իմիա կղզու տարածքային պատկանելության շուրջ ծագած վեճը սուր ճգնաժամ առաջացրեց Հունաստանի և Թուրքիայի միջև։ Կոնֆլիկտը դադարեցվեց ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, միջազգային հանրության միջամտությունից հետո։ Ճգնաժամի վերջին օրերին՝ 1996թ. հունվարի 31-ին, հակամարտության գոտում կործանվեց Հունաստանի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) ուղղաթիռը, զոհվեց 3 հույն սպա։ Որպես վթարի պատճառ նշվեցին տեխնիկական խնդիրները։

Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ Աքարի կողմից Իմիա կղզի այցելելու գաղափարն առաջին անգամ ի հայտ է եկել դեռևս 2015թ., սակայն այցը հետաձգվել է 2016թ. երկրում իրականացված ռազմական հեղաշրջման փորձի (ՌՀՓ) և ԹԶՈւ-ի ձեռնարկած «Եփրատի վահան» ռազմական գործողության պատճառով2։ Աքարի այցից հետո Հունաստանի ԳՇ-ն հայտարարեց, որ Թուրքիայի ՌԾՈւ հրթիռակիր նավն այլ նավերի ուղեկցությամբ Իմիա կղզու շրջանում 7 րոպեով խախտել է երկրի տարածքային ջրերը։ Հայտարարությունում նշված էր, որ հունական կողմից ծովում գտնվել են ՌԾՈւ հրետանավակն ու առափնյա անվտանգության մոտորանավակը, որոնք շարունակ վերահսկել են թուրքական նավերի շարժը, և երբ թուրքական նավերը մտել են հունական տարածքային ջրեր, անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ նրանց այնտեղից վտարելու համար3։

Հարկ է նշել, որ Աքարի այցից առաջ՝ 2017թ. հունվարի 26-ին, Հունաստանի Գերագույն դատարանը վերջակետ դրեց 2016թ. ամռանը Թուրքիայում գրանցված ՌՀՓ-ից հետո 8 թուրք փախստական զինվորականների հանդեպ տարվող դատավարությանը։ Նիստում նախագահող դատավոր Գիորգոս Սաքասը հայտարարեց, որ թուրք սպաները չեն կարող հույս ունենալ, որ իրենց հայրենիքում կունենան արդար դատավարություն և մերժեց արտահանձնման մասին Անկարայի խնդրանքը։ Ավելի վաղ Հունաստանի արդարադատության նախարար Ստավրոս Կոնտոնիսը հայտարարել էր, որ հարգելու է դատարանի յուրաքանչյուր որոշում և չի ձեռնարկելու դրան հակասող որևէ գործողություն։ Նիստից առաջ եվրոպացի բազմաթիվ քաղաքական գործիչներ Հունաստանին կոչ էին արել չարտահանձնել թուրք զինծառայողներին՝ կապված Թուրքիայի կառավարության կողմից երկրում մարդու իրավունքները խախտելու հետ4։ Թուրքական կողմն այդ զինվորականներին մեղադրում է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի դեմ մահափորձ պատրաստելու համար։ ՌՀՓ-ից հետո թուրք զինվորականներն ուղղաթիռով փախել էին Հունաստան՝ դա պատճառաբանելով նրանով, որ ՌՀՓ-ից հետո վտանգ են զգացել իրենց կյանքի համար։ Դրանից անմիջապես հետո հունական կողմը Թուրքիային վերադարձրել էր նրանց ուղղաթիռը, բայց ոչ՝ զինվորականներին։

Փաստորեն, Աքարի այցն Իմիա կղզի հաջորդեց Հունաստանի Գերագույն դատարանի այս որոշմանը և թուրքական կողմի «յուրօրինակ պատասխանն» է։ Թուրք զինվորականների վերաբերյալ հունական դատարանի որոշումից հետո Թուրքիայի արդարադատության նախարարությունը վերստին դիմում ներկայացրեց թուրք զինվորականների արտահանձնման համար, իսկ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն սպառնաց, որ Թուրքիան դուրս կգա ապօրինի ներգաղթյալների հետընդունման մասին Հունաստանի հետ պայմանագրից. «Անկարան կձեռնարկի անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ընդհուպ մինչև Հունաստանի հետ հետընդունման մասին երկկողմ պայմանագրի չեղյալ հայտարարումը։ Հունաստանը չի ձեռնարկում ահաբեկչության դեմ պայքարի անգամ նվազագույն միջոցներ, իսկ հունական դատարանի դիրքորոշումը ճանապարհ է հարթում անպատժելիության համար»5։

Հունաստանի կառավարությունը հերքեց այդ մեղադրանքը՝ նշելով, որ դատապարտում է ՌՀՓ-ը, որ չի ողջունում ՌՀՓ մասնակիցներին, սակայն մտադիր չէ միջամտել Հունաստանի Գերագույն դատարանի որոշմանը, որով մերժվել է զինվորականներին արտահանձնելու մասին Անկարայի պահանջը. «Հունաստանի կառավարությունն ի սկզբանե դատապարտել է ՌՀՓ-ը և աջակցել է ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը։ Այսօր, ինչպես երբեք, մենք ընդգծում ենք, որ խռովարարները ցանկալի չեն մեր երկրում։ Ամեն դեպքում Հունաստանն իրավական պետություն է՝ ամրագրված սահմանադրությամբ և իշխանության տարանջատման անվիճելի սկզբունքով, այդ թվում բոլոր միջազգային կոնվենցիաներով, որոնցով երկիրն ունի պարտավորություններ։ Հունաստանում դատական համապատասխան որոշման համար միակ պատասխանատուն անկախ արդարադատությունն է, որի որոշումներն ինքնին պարտադիր են»6։

Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսն իր հերթին սադրիչ որակեց Թուրքիայի պահվածքը, որը մշտապես խախտում է երկրի օդային ու ջրային տիրույթը և սպառնում է խզել ապօրինի ներգաղթյալների հետընդունման մասին համաձայնագիրը. «Թուրքիան պետք է հասկանա, որ ժողովրդավարական երկրներում, որոնց նա ցանկանում է պատկանել, արդարադատությունը հրահանգներ չի ստանում կառավարությունից, այն անկախ է։ Թուրքիան, որը հայտարարել է ԵՄ անդամ դառնալու մտադրության մասին, չի կարող խոսել մահապատժի վերականգնման մասին, չի կարող 2017թ. կիրառել կտտանքներ ու խախտել մարդու բոլոր իրավունքները և ՌՀՓ-ին մասնակցելու պատրվակով հալածել մարդկանց, որոնք որևէ կապ չունեն դրա հետ»։ Կամենոսն Էրդողանին խորհուրդ տվեց իր սպառնալիքները հասցեագրել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին, որոնց հետ նա ստորագրել է ապօրինի ներգաղթյալների վերադարձման մասին համաձայնագիր7։

Հունաստանի կողմից Թուրքիային ժողովրդավարության, պետաիրավական դաս տալու այս դեպքը հիշեցնում է 2016թ. օգոստոսին Անկարայում ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի կողմից Էրդողանին նմանատիպ դաս տալը՝ կապված ԱՄՆ-ից իսլամական քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենի արտահանձնման խնդրի հետ։ Բայդենն Էրդողանին բացատրել էր, որ ԱՄՆ-ը կառավարվում է իշխանության տարանջատման սկզբունքով, որտեղ դատարանը ենթակա չէ նախագահ Բարաք Օբամային, որ դատարանը որոշումներ է կայացնում ոչ թե Օբամայի որոշմամբ, այլ փաստերի և ապացույցների հիման վրա, որ ԱՄՆ դատարանն իշխանության անկախ ճյուղ է, նախագահին և Կոնգրեսին հավասարազոր: Ինչպես ցույց է տալիս Հունաստանից թուրք զինվորականների արտահանձնման խնդիրը, Թուրքիայում միանձնյա, միահեծան իշխանության հասած Ռեջեփ Էրդողանի համար բավական բարդ է հասկանալ այս ամենը, որը շարունակում է պնդել իրենը։

Արդեն 2017թ. փետրվարի 1-ին Կամենոսը ՌՕՈւ հրամանատար Խրիստոս Խրիստոդուլուի ուղեկցությամբ ուղղաթիռով այցելեց Իմիա կղզու տարածաշրջան և ուղղաթիռից ծաղկեպսակ նետեց ջուրը՝ այդպիսով հարգանքի տուրք մատուցելով 1996թ. Իմիայի ճգնաժամի ժամանակ զոհված 3 հույն սպաներին8։ Ի դեպ, Պանոս Կամենոսը Հունաստանի պաշտպանության նախարար է նշանակվել 2015թ. հունվարի վերջին և անմիջապես այցելել է Իմիա կղզի, ուղղաթիռից ծաղկեպսակ է նետել ի հիշատակ 19 տարի առաջ այդ վայրում գրանցված ավիաաղետի հետևանքով զոհված հույն սպաների։ Այն ժամանակ Կամենոսի այդ քայլը հանգեցրեց ճգնաժամային իրավիճակի առաջացման. Թուրքիան իր կործանիչներն ու ռազմանավերն ուղարկեց Իմիա կղզու շրջակայք, Հունաստանը վարվեց նույն կերպ, սակայն այն ժամանակ բախում տեղի չունեցավ, և լարվածությունը նվազեց Կամենոսի հեռանալուց հետո9։

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Պանոս Կամենոսի կողմից Իմիայի շրջանում ծաղկեպսակ նետելը որակեց որպես «սադրիչ գործողություն»՝ ընդգծելով, որ Հունաստանը թեժացնում է լարվածությունն Էգեյան ծովում. «Անկասկած է, որ Պանոս Կամենոսի գործողությունները որևէ նշանակություն չունեն Անկարայի համար։ Թուրքիան չի ձեռնարկում որևէ գործողություն, որը կարող է վատթարացնել Աթենքի հետ հարաբերությունները, պահպանում է սառնասրտություն, չի պատասխանում սադրանքներին։ Հունաստանը հարևան երկիր է, իսկ հարևաններին չեն ընտրում»։ Յըլդըրըմը դրա հետ մեկտեղ ափսոսանք հայտնեց, որ հունական դատարանը մերժել է Թուրքիային արտահանձնել 8 փախստական խռովարար զինվորականների. «Այդ որոշումը վշտացրել է մեզ։ Ես նամակ եմ հղել հույն գործընկեր Ալեքսիս Ցիպրասին և կոչ եմ արել վերլուծել դատարանի որոշումն իրավական պետության շրջանակներում ու արտահանձնել դավաճաններին։ Հունաստանը պետք է վարվի իսկական հարևանի նման»։ Յըլդըրըմն ընդգծել է, որ Քարդաքի 130 խութերի շուրջ լարվածությունը Էգեյան ծովում տարածքային առավել մասշտաբային վեճի մասնիկն է10։

Չավուշօղլուն իր հերթին Կամենոսին խորհուրդ տվեց «խելք հավաքել՝ ընդգծելով, որ եթե իրավիճակը սրվի, ապա տեղի կունենա աղետ, ինչից հետո հնարավոր չի լինի շտկել այն 11։ Ի պատասխան՝ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոձիասը հայտարարեց, որ Հունաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ հարևանների հետ. «Մենք այնպիսի երկիր ենք, որը հավատում է մեր հարևանների հետ խաղաղ գոյակցությանը, համագործակցությանը։ Մենք երկիր ենք, որը չի ցանկանում ցնցումներ որևէ մեկի հետ, սակայն մենք չենք նահանջի ճնշման ներքո։ Ես ցանկանում եմ կրկնել, որ մենք երկիր ենք, որը հավատում է միջազգային իրավունքին, միջազգային ինստիտուտներին, միջազգային ընթացակարգերին, բոլորի ու յուրաքանչյուրի համար պաշտպանում է մարդու իրավունքները։ Մենք երկիր ենք, որը լավ հարաբերություններ է պահպանում իր հարևանների հետ»12։

Թուրքիայի կողմից սահմանային խախտումները, սակայն, չավարտվեցին հունվարով և շարունակվեցին նաև փետրվարին։ Փետրվարի 2-ին Հունաստանի ԳՇ-ն հայտարարեց, որ թուրքական 6 (1 զույգ և 4 առանձին) մարտական ինքնաթիռներ, որոնք եղել են ամբողջովին սպառազինված, 138 անգամ խախտել են երկրի օդային տիրույթը, ինչից հետո օդ են բարձրացվել հունական կործանիչները և վտարել են թուրքական ինքնաթիռներին։ Դրա հետ կապված՝ Կամենոսը հայտարարեց, որ Հունաստանի ԶՈւ-ն պատրաստ է պատասխանել յուրաքանչյուր մարտահրավերի. «Հունաստանը խաղաղություն ու հանգիստ է ցանկանում տարածաշրջանի երկրների հետ։ Մենք չենք փնտրում տհաճություններ ու սկանդալներ։ Հունաստանի ԶՈւ մարտական հզորությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, և հույները կպաշտպանեն հայրենիքը։ Մյուս կողմից՝ պետք է մտահոգվել ՌՀՓ-ից հետո թուրքական բանակում տիրող իրավիճակի համար»։ Նա նորմալ համարեց իր այցը Իմիա՝ ընդգծելով, որ նման միջոցառումները շարունակվելու են 3 զինվորականի զոհվելու տարելիցներին. «Յուրաքանչյուր պաշտպանության նախարարի պարտականությունն է այնտեղ լինելը»։ Կամենոսը Թուրքիային կոչ արեց պահպանել միջազգային իրավունքի նորմերն ու միջազգային պայմանագրերը13։

Հիշեցնենք, որ 2000–2009թթ. Թուրքիայի ՌՕՈւ-ն ընդհանուր առմամբ 49.228 անգամ խախտել է Հունաստանի օդային սահմանը, Հունաստանի ՌՕՈւ-ն իրականացրել է 19.888 կանխարգելիչ թռիչք, որոնց վրա հունական կողմը ծախսել է 447.5 մլն եվրո։ Հունաստանի ՌՕՈւ ԳՇ հաղորդմամբ՝ 2015թ. առաջին 8 ամիսներին թուրքական մարտական ինքնաթիռները 1306, իսկ 2014թ.՝ 2244 անգամ խախտել են երկրի օդային տիրույթը: Այս ամենի պատճառն այն է, որ Հունաստանն ու Թուրքիան տարբեր դիրքորոշումներ ունեն Էգեյան ծովում իրենց ծովային և օդային սահմանների, մայրցամաքային շելֆի բաժանման հարցերում։ Էգեյան ծովում Հունաստանին են պատկանում հազարից ավելի կղզիներ, որոնց մի մասը բավական մոտ է թուրքական ափերին։ Թուրքիայի նախկին արտգործնախարար և վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իր «Ռազմավարական խորություն» գրքում նշում է, որ այդ կղզիները անատոլիական ցամաքի «բնական շարունակությունն են», ինչի համար էլ «պետք է» պատկանեն Թուրքիային14:

Դեռևս 2016թ. սկզբին Աթենքի Պանթեոն համալսարանի դոցենտ Անգելոս Սիրիգոսը հայտարարել էր, որ Հունաստանն ու Թուրքիան քանիցս հայտնվել են պատերազմի շեմին՝ կապված Թուրքիայի մարտական ինքնաթիռների կողմից Հունաստանի օդային տիրույթը խախտելու հետ։ Սիրիգոսի խոսքերով՝ Հունաստանն ու Թուրքիան 1980-1990-ականներին կորցրել են 4-ական ինքնաթիռ, սակայն լռել են այդ մասին, քանի որ երկուսն էլ ՆԱՏՕ անդամ երկրներ են և մտավախություն են ունեցել հարաբերությունների խաթարման հարցում15:

Ուշագրավ է, որ 2012թ. աշնանը Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը պաշտոնապես ընդունեց, որ վերջին 50 տարում Թուրքիայի հարևանները կործանել են նրա միայն 3 մարտական ինքնաթիռ։ Առաջին միջադեպը գրանցվել էր 1983թ. սեպտեմբերի 14-ին, Իրաքի Զահո հովտում, երկրորդ միջադեպը՝ 1996թ. հոկտեմբերի 8-ին, Էգեյան ծովի Սաքըզ կղզու հարավում, իսկ երրորդը՝ 2012թ. հունիսի 22-ին Միջերկրական ծովում (Սիրիան է կործանել թուրքական մարտական ինքնաթիռը)16։ Ի դեպ, այն բանից հետո, ինչ թուրքական կողմն ընդունեց, որ 1996թ. հոկտեմբերին իր F-16 ինքնաթիռը կործանել է հունական կողմը, թուրքական դատախազությունը դատական գործընթաց սկսեց Հունաստանի տվյալ ժամանակվա պաշտոնյաների նկատմամբ, ինչպես որ ժամանակին արվել է «Մավի Մարմարայի» միջադեպի (Իսրայել) կապակցությամբ: Նշենք, որ ավելի վաղ թուրքական կողմն Էգեյան ծովում՝ Հիոս (թուրքական անվանումը՝ Սաքըզ) կղզու հարավային հատվածի մոտ, թուրքական ինքնաթիռի կործանման միջադեպը որակել էր որպես «շնային մարտեր» (dogfight) ու «վթար» (օդում միմյանց բավական մոտենալու վտանգավոր շարժումների հետևանքով բախում): Օդաչուներից Օսման Չիլեքլիին հաջողվել էր փրկել, իսկ Նաիլ Էրդողանն ինքնաթիռի հետ միասին հայտնվել էր ծովի հատակում (2014թ. արդյունքներ չտվեցին 400 մետր խորության վրա Նաիլ Էրդողանի դիակը փնտրելու աշխատանքները)17: Արդեն 2016թ. մայիսին թուրքական դատախազությունը պատրաստեց տվյալ գործով մեղադրականը, որում Հունաստանի ՌՕՈւ Mirage 2000 ինքնաթիռի օդաչու Թանոս Գրիվասի համար պահանջեց կրկնակի ցմահ ազատազրկում՝ «միտումնավոր սպանության» և «պետության անկախության թուլացմանն ուղղված քայլի» համար և 12 տարվա ազատազրկում՝ «ինքնաթիռը ոչնչացնելու» համար18։ Թուրքական կողմի այս քայլը նույնպես լարվածություն է առաջացնում Հունաստանի հետ հարաբերություններում։

Փետրվարի 3-ին Հունաստանն օդադեսանտային զորքերի հատուկջոկատայինների մասնակցությամբ զորավարժություններ անցկացրեց Էգեյան ծովում գտնվող Կոս (թուրքական անվանումը՝ Իսթանքյոյ) կղզու շրջանում։ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտեց դրանք՝ ընդգծելով, որ դա «անթույլատրելի է և հակասում է» 1947թ. Փարիզի խաղաղության համաձայնագրին. «1947թ. Փարիզի խաղաղության համաձայնագրով Իսթանքյոյ կղզին Իտալիայի կողմից տրվել է Հունաստանին՝ ապառազմականացման ու այնտեղ որևէ զորավարժություն անցկացնելու արգելքի պայմանով։ Դրա համար էլ Իսթանքյոյ կղզում անցկացված տվյալ զորավարժությունը միջազգային իրավունքի խախտում է»։ Թուրքիայի ԱԳՆ-ն Հունաստանին կոչ արեց խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են դառնալ լարվածության առաջացման, միջազգային իրավունքի խախտման պատճառ, և այնպիսի քայլերից, որոնք ունեն կործանիչ պոտենցիալ և որոնց հետևանքները դժվար կլինի կարգավորել։ Թուրքական ԱԳՆ-ն հունական կողմին զգուշացրեց, որ Թուրքիան զերծ չի մնա այնպիսի քայլերից, որոնք ձեռնարկելը կհամարի անհրաժեշտ միջազգային իրավունքի շրջանակներում՝ կապված Էգեյան ծովում իր քաղաքական և իրավական դիրքորոշման հետ19։

Ի պատասխան՝ Հունաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ստրատոս Էֆթիմիուն հայտարարեց, որ Թուրքիան միջազգային իրավունքի մշտական խախտող է և չի կարող մյուս երկրներին սովորեցնել պահպանել այն. «Միջազգային իրավունքի պահպանման դասեր չեն կարող տալ նրանք, ովքեր միջազգային իրավունքի մշտական խախտողներ են։ Միայն մեկ օրում հունական կղզիների վրա 10 թռիչք ու 138 խախտում գործածն իրավունք չունի միաժամանակ սպառնալիքներ հնչեցնել մեր տարածքային ինքնիշխանության ու դրա անարգել կիրառման մասին։ Հունաստանը երբեք չի հրաժարվի օրինական պաշտպանության համար հուսալի միջոցներ ձեռնարկելու իր իրավունքից։ Բացի այդ, Թուրքիան չի հանդիսանում 1947թ. Դաշնակիցների և Իտալիայի միջև Փարիզի խաղաղության պայմանագրի կողմ, չունի այդ պայմանագրով որևէ իրավունք, որի համաձայն՝ Դոդեկանեսյան կղզիները Հունաստանին հանձնվել են սեփական ամբողջական ինքնիշխանության ներքո»20։

Փետրվարի 8-ին Հունաստանի և Թուրքիայի առափնյա անվտանգության նավերն Իմիա կղզու մոտ հայտնվեցին միմյանց մոտ, ինչը թուրքական մամուլում որակվեց որպես նավերի մասնակցությամբ «շնային մարտեր»։ Դա տեղի ունեցավ Իմիա Հուլուսի Աքարի և Պանոս Կամենոսի այցերից ընդամենն օրեր հետո։ Միջադեպը տևեց 10 րոպե, ինչից հետո միմյանց բավական մոտեցած նավերը հեռացան միմյանցից21։

Փետրվարի սկզբներին հաղորդվեց, որ Հունաստանը սկսում է իր F-16 կործանիչների արդիականացման գործընթաց, ինչն իրականացվելու է ՌՕՈւ ամրապնդման շրջանակներում։ Արդիականացումն իրականացվում է Պանոս Կամենոսի հրամանով, որն արդիականացման մասին նամակն արդեն ուղարկել է ԱՄՆ։ Ներկայումս բանակցություններ են տարվում, թե որքան ինքնաթիռ է արդիականացվելու և որքան է կազմելու դրա արժեքը։ Հունվարի 31-ին Կամենոսը հանդիպել էր Աթենքում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթի հետ, Հունաստանի ՊՆ-ն չէր ներկայացրել հանդիպման մանրամասները, փոխարենն ընդգծել էր միայն, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության հարցերը։ Վերջին շրջանում Հունաստանը հետաքրքրված է նաև հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարմամբ։ Հունաստանի ՊՆ-ն վերջին շրջանում մի քանի անգամ հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ է թարմացնել ավիապարկը և գնել F-35 ինքնաթիռներ, որպեսզի սպառազինության ոլորտում չզիջի հարևան Թուրքիային22։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե Թուրքիան պատվիրել է միանգամից 100 հատ F-35 կործանիչ։ 2016թ. աշնանը Ֆիքրի Ըշըքը հայտարարեց, որ Թուրքիան F-35 տիպի առաջին 6 ինքնաթիռները ստանալու է 2018թ., և որ F-35 ինքնաթիռները փոխարինելու են ԹԶՈւ տրամադրության տակ եղած F-4 ինքնաթիռներին23:

Հունաստանը փետրվարի սկզբներին ստացավ ռուսական արտադրության S-300 նոր զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ), որոնց լուսանկարները հրապարակվեցին հունական մամուլում, ինչը որակվեց որպես հույն գեներալների կողմից Թուրքիային յուրօրինակ ուղերձի հղում։ Դրա հետ կապված՝ թուրքական մամուլը գրեց, որ Հունաստանը «կրակի հետ է խաղում» և անցկացնում է «S-300-ների մասնակցությամբ շոու»24։ Ընդգծենք, որ Հունաստանը ՆԱՏՕ անդամ միակ երկիրն է, որի սպառազինությունում կան S-300 ԶՀՀ-ներ (Թուրքիան այժմ նույնպես ցանկանում է Ռուսաստանից ձեռք բերել S-300 կամ S-400 ԶՀՀ-ներ)։

Այսպիսով, վերջին շրջանում մի շարք պատճառներով զգալիորեն սրվել են թուրք-հունական հարաբերությունները։ Ընդ որում՝ այդ լարվածությունն էլ ավելի աճելու միտում ունի՝ չնայած նրան, որ երկու երկրներին միավորում է Կասպյան և այլ տարածաշրջանների գազն իրենց տարածքներով Եվրոպա հասցնելու հարցը։ Դրան կնպաստի նաև այն, որ երկու երկրները նոր թափով են շարունակում սպառազինությունների մրցավազքը։ Կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ թուրք-հունական ներկայիս լարվածության հիմքում ընկած է 4 հիմնական գործոն. ՌՀՓ-ից հետո Հունաստան 8 թուրք զինվորականի փախուստն ու դրան հաջորդած վերոնշյալ զարգացումները, Էգեյան ծովում «վիճելի» կղզիների հարցը, երկու երկրների մարտական ինքնաթիռների ու ռազմանավերի մասնակցությամբ «շնային մարտերը», Կիպրոսում թուրքական ռազմական ներկայությունը (Կիպրոսի խնդիրը)։ Վերջին ամիսներին Հունաստանի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ Թուրքիան պետք է զորքերը դուրս բերի Կիպրոս կղզու հյուսիսային հատվածից, ինչն անփոփոխ պայման է՝ կիպրական հարցի արդար ու ամուր կարգավորման համար։ Սակայն Թուրքիայի իշխանությունները շարունակ հրաժարվում են անել դա՝ ուշադրություն չդարձնելով նաև նրան, որ Կիպրոսի խնդրի կարգավորումը զգալի առաջընթաց կապահովի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցություններում և կիպրական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա ուղղելու հարցում (թուրքական երթուղին ամենակարճն է կիպրական գազի համար)։ 2017թ. հունվարի կեսին Էրդողանը հայտարարեց, որ Հունաստանը չպետք է ակնկալի առանց Թուրքիայի մասնակցության Կիպրոսի խնդրի լուծում՝ ընդգծելով, որ խոսք չի կարող լինել այն մասին, որ թուրք զինվորականները կլքեն Կիպրոսը25։ Կարելի է բնական համարել, որ վերջին շրջանում «ռազմակայանային քաղաքականություն» վարող (օտար երկրներում իր ռազմական ներկայությունը հաստատող) Թուրքիան ոչ մի կերպ շահագրգռված չէ այդ երկրների թիվը պակասեցնել մեկով։ Ի դեպ, Թուրքիան համայն աշխարհում միակ երկիրն է, որ ճանաչել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը (ՀԿԹՀ)։ Թուրքիան չի ճանաչում Կիպրոսի Հանրապետություն պետությունը՝ ընդգծելով, որ նման պետություն «գոյություն չունի», և որ փոխարենը «գոյություն ունի» Հարավային Կիպրոս ու ՀԿԹՀ։

1 Son dakika: Hulusi Akar'dan Kardak'a kritik ziyaret, Milliyet, 29.01.2017.

2 'Kuvvet komutanlarının Kardak ziyaretinin arkasında 4 neden var', Sputnik News, 01.02.2017.

3 Греция обвинила Турцию в нарушении территориальных вод, РИА Новости, 29.01.2017.

4 Верховный суд Греции отказался выдать Турции беглых турецких военных, Российская газета, 26.01.2017.

5 Турция отменит миграционный договор с Грецией из-за невыдачи 8 мятежников, РИА Новости, 27.01.2017.

6 Греция отвергла обвинения в укрывательстве путчистов из Турции, РИА Новости, 27.01.2017.

7 Министр обороны Греции считает поведение Турции провокационным, РИА Новости, 28.01.2017.

8 Yunan Bakan Panos Kamenos Kardak’a helikopterden çelenk attı, Posta, 01.02.2017.

9 Новый министр обороны Греции едва не спровоцировал конфликт с Турцией, Newsru.co.il, 31.01.2015.

10 Binali Yıldırım: Çipras'a mektup gönderdim, Hürriyet, 02.02.2017.

11 Yunan Bakan'a böyle dedi: Aklını başına topla, Hürriyet, 01.02.2017.

12 МИД Греции заявил, что Афины не поддадутся давлению извне, РИА Новости, 02.02.2017.

13 Греция заявила о нарушениях воздушного пространства турецкими самолетами, РИА Новости, 02.02.2017.

14 Հայկ Գաբրիելյան, Էգեյան հակամարտությունը թուրք-հունական հարաբերություններում, «Նորավանք» ԳԿՀ, 16.12.2010։

15 Հայկ Գաբրիելյան, Թուրքիան որպես ՆԱՏՕ խնդրահարույց անդամ, ՄԱՀՀԻ, 17.01.2017։

16 Milli Savunma Bakanı açıkladı, Sabah, 01.09.2012.

17 Türkiye'den Yunanistan'a F-16 davası!, Habertürk, 11.12.2014.

18 Şehit yüzbaşının F-16'sını düşüren Yunan pilota 20 yıl sonra iki kez ağırlaştırılmış müebbet istemi, T24, 17.05.2016.

19 Dışişleri Bakanlığından Yunanistan açıklaması, Takvim, 03.02.2017.

20 МИД Греции обвинил Турцию в постоянном нарушении международного права, РИА Новости, 02.02.2017.

21 Kardak'ta Yine 'Bot Dalaşı'; Yunan Botuna Müdahale Edildi, Son dakika, 08.02.2017.

22 Греция начинает модернизацию истребителей F-16, РИА Новости, 08.02.2017.

23 Bakan Işık: 6 tane F-35 uçağı 2018 yılında Türkiye'ye teslim edilecek, Star, 18.11.2016.

24 Yunanistan ateşle oynuyor! S-300'lü şov!, Türkiye Gazetesi, 08.02.2017.

25 Erdoğan: Türk askerinin Kıbrıs'tan çekilmesi söz konusu değil!, T24, 13.01.2017.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր