
ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԵԶԵՐՎՆԵՐԸ
(ՀՀ Սահմանադրության փոփոխությունների համատեքստում)
Աշոտ Թավադյան
ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր
Դրամավարկային քաղաքականության ռեզերվներն այժմ փաստացի ունեն առաջնային ազդեցություն ինչպես մակրոտնտեսական կայունության ապահովման, այնպես էլ ՀՆԱ-ի, արտահանման աճի և ՀՀ պետական բյուջեի կատարման վրա: ՀՀ նախագահի՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործմանը նվիրված 12.02.2016թ. ծրագրային ելույթում ընդգծվեց, որ «խիստ կարևորվում է հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների խելամիտ և էլ ավելի կոորդինացված իրականացումը»1։
Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի և գնաճի տարբերությունը (իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքը) էապես բարձր է, քան ԵՄ-ում, ԵԱՏՄ-ում և տարածաշրջանի այլ երկրներում: Վարվում է թանկ փողերի քաղաքականություն, և արդյունքում՝ ներդրումների, բիզնեսի համար Հայաստանում իրական տոկոսադրույքները նպաստավոր չեն: Փաստացի, այդ առումով Հայաստանը զիջում է իր բոլոր հիմնական գործընկերներին:
Այդ պայմաններում ունենք փողայնացման շատ ցածր մակարդակ (մոտ 35%)2, իսկ ցածր փողայնացման և բարձր իրական տոկոսադրույքների պարագայում առաջանում է փողի սով, դոլարիզացիայի մակարդակի կրճատման հնարավորություններն էապես նվազում են: Նշենք, որ Ռուսաստանում փողայնացման մակարդակը 50%-ի, իսկ Եվրամիության առաջատար երկրներում՝ 100%-ի շրջանակներում է, Չինաստանում և Ասիայի արագ զարգացող երկրներում այն էապես գերազանցում է 100%-ը:
ՀՀ տնտեսության զարգացմանը նպաստում է հնարավորինս նվազագույն գնա՞ճը, թե՞ որոշակի ցուցանիշը չգերազանցող ոչ բարձր գնաճը: Ոչ ավելի, քան 5.5%, ինչը և պահանջում է «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքի չորրորդ հոդվածը. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ 2016 թվականի ընթացքում օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս առաջնորդվել 12-ամսյա գնաճի 4+/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով» [1]: Ի դեպ, օրենքում փաստացի նվազագույն թույլատրելի ցուցանիշ է նշված 2.5% գնաճը, սակայն 12-ամսյա կտրվածքով գնաճն օգոստոսին կազմել է -1.9%: Հայաստանում արդեն կես տարուց ավելի արձանագրվում է գնանկում3:
Հնարավորինս նվազագույն գնաճի քաղաքականությունն անվերապահորեն ընդունելի է միայն այն դեպքում, երբ առևտրային հաշվեկշիռը հիմնականում հավասարակշռված է, իսկ փողայնացման մակարդակն ակնհայտ ցածր չէ: Դա է ցույց տալիս նաև զարգացած երկրների փորձը: Հետաքրքիր է, որ Գերմանիայում, որտեղ գնաճն այժմ 1%-ի շրջանակներում է, 1970-1974թթ. տնտեսական աճի ժամանակ եղել է մոտ 6%, իսկ 1973թ.՝ նույնիսկ 7.9%4: Այդ տարի տնտեսական աճը կազմել է մոտ 5%:
Անդրադառնանք նաև այն մոլորությանը, թե բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքը միշտ զսպում է գնաճը, իսկ ցածրը` հակառակը: Բարձր տոկոսադրույքի ժամանակ հաճախ աշխատում է հետևյալ շղթան` բարձր իրական վերաֆինանսավորման տոկոսադրույք – ավելի բարձր բանկային տոկոսադրույքներ – սուղ սեփական միջոցների պարագայում ինքնարժեքի աճ – ծախքերի գնաճ: Հետևաբար, այդ գործիքը կարելի է կիրառել միայն ճգնաժամային իրավիճակում, կարճաժամկետ հատվածում:
Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ է վերաֆինանսավորման տոկոսադրույքի և գնաճի տարբերության էական կրճատում, տարբերությունը՝ ոչ ավելի, քան 2-3 տոկոսային կետ: Զարգացած կամ զարգացման էական աճի տեմպ ունեցող ոչ մի երկիր չունի նշված ցուցանիշների ավելի մեծ տարբերություն: Իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքն այդ երկրներում չի գերազանցում 2-3%-ը5: Բարձր իրական տոկոսադրույքը շահույթ հետապնդող կազմակերպության վարքագիծ է, իսկ երկիրը չի ունենում զարգացման բարձր տեմպ, եթե վճարում է ավելի մեծ գին նվազագույն գնաճի համար: Ինչպես ցույց է տալիս փորձը, այլապես ստիպված են լինում ունենալ ներդրումների, արտահանման, միջազգային պահուստների տեսանկյունից զարգացման համար ոչ նպաստավոր իրավիճակ:
Հակառակ դեպքում մենք կընկնենք նույն ծուղակը` գնաճը նվազագույն ցածր մակարդակին պահելու համար անհրաժեշտ կլինի ունենալ չարդարացված բարձր իրական վերաֆինանսավորման տոկոսադրույք, փոխարժեքը պահել հնարավորինս անփոփոխ` վճարելով դրա համար միջազգային պահուստների նվազմամբ, վճարային և առևտրային հաշվեկշռի վատթարացմամբ: Իսկ իրական փոխարժեքն այն է, որի դեպքում այդ բացասական գործոնները տեղի չեն ունենում: Իջեցնելով իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքը և էապես մեծացնելով արտահանումը՝ մենք կարող ենք հետագայում ապահովել փոխարժեքի ոչ էական տատանում և ոչ բարձր գնաճ:
Իհարկե, այժմ վերաֆինանսավորման տոկոսադրույքի և գնաճի տարբերության նվազման, ինչպես նաև պահուստավորման նորմի իջեցման քաղաքականությունը կարող է բերել դրամի փոխարժեքի որոշակի արժեզրկման և, համապատասխանաբար, ներմուծվող ապրանքների գնաճի, բայց միայն այս ձևով մենք կարող ենք դրամավարկային քաղաքականությամբ դրական ազդեցություն ունենալ վճարային և առևտրային հաշվեկշռի, տնտեսության զարգացման վրա:
Ուղեցույցն այստեղ հետևյալն է` անհրաժեշտ է վերաֆինանսավորման տոկոսադրույքը և պահուստավորման նորմը նվազեցնել այնպես, որ դրամավարկային քաղաքականությունը, նպաստելով տնտեսության զարգացմանը, դրա հետ մեկտեղ թույլ չտա, որ գնաճը գերազանցի ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով հաստատված 5.5%-ը: Սա է դրամավարկային քաղաքականության իրականացման առանցքային արվեստը:
Փոխարժեքի սահուն նվազումը նպաստավոր է ՀՀ տնտեսության համար6: «Դրամի շատ դանդաղ ու կայուն արժեզրկում` առանց որևէ նկատելի թռիչքների ողջ տարվա ընթացքում... շատ նորմալ եմ համարում և բարենպաստ մեր տնտեսվարողների և, առաջին հերթին, արտահանողների համար»7: Դրամի փոխարժեքի սահուն նվազումը նպաստում է նաև պետական բյուջեի կատարմանը: Սակայն նշենք, որ փոխարժեքի նվազումը չի կարող լինել ինքնանպատակ: Դրա հետ մեկտեղ ընդգծենք, որ իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը նպաստում է փողայնացման մակարդակի աճին, այն պայմանով, որ գնաճը չգերազանցի 5.5%-ը և չկրի տատանողական բնույթ, ինչը կարևոր է: Այդ պարագայում, եթե որպես հետևանք սահուն նվազում է փոխարժեքը, ապա դա բացասական երևույթ չէ: Եթե առաջին հայացքից կայուն փոխարժեքը չի համապատասխանում տնտեսության աճին, ապա չափազանց բարձր է փոխարժեքի կտրուկ փոփոխության հավանականությունը: Այստեղ տեղին է հետևյալ օրինակը. ավելի ապահով է տարեկան 24 անգամ ցատկել կես մետրի՞ց, թե՞ ունենալ 1 անգամ ընկնելու բարձր հավանականություն, բայց 10 մետրից: Կարծես թե առաջին դեպքում գումարային առումով ավելի շատ ես ցատկում՝ 12 մետր, իսկ երկրորդում՝ 10, սակայն հետևանքներն անհամեմատելի են` առաջին դեպքում գրեթե անվտանգ է, իսկ երկրորդում մեծ հավանականությամբ կունենանք լուրջ բացասական, նույնիսկ աղետալի հետևանքներ: Ակնհայտ է, որ իրականում տնտեսական աճի և, ընդգծենք, կայունության համար նպաստավոր է ունենալ ամսական 0.5-1 տոկոսային կետի փոխարժեքի փոփոխություն, քան 10 տոկոսային կետի և, ավելին, կտրուկ նվազման բարձր հավանականություն, ինչը տեղի ունեցավ 2014թ. վերջին: Նորից նշեմ, որ փոխարժեքի նույնիսկ սահուն նվազումն ինքնանպատակ չէ, դա կարող է լինել միայն իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքի, պահուստավորման նորմի նվազման և փողայնացման մակարդակի աճի հետևանք:
Կենտրոնական բանկը պետք է վարի ոչ միայն, առաջին հայացքից թվացող՝ գների կայունության քաղաքականություն, այլ նաև տնտեսության աճը խթանող և ֆինանսական կայունություն ապահովող քաղաքականություն, ինչը փաստացի պահանջում է ՀՀ Սահմանադրությունը: Կենտրոնական բանկն իր գործառույթներն իրականացնելիս անկախ է, սակայն իր կողմից վարվող դրամավարկային քաղաքականությունը, սերտորեն փոխկապված լինելով հարկաբյուջետային քաղաքականության հետ, ակնհայտ է, որ գտնվում է ընդհանուր տնտեսական քաղաքականության համակարգում:
Անհրաժեշտ է ոչ միայն հետևել միջազգային կարգավիճակ ունեցող ԵԱՏՄ պայմանագրի դրույթներին, մասնավորապես 64-րդ հոդվածին՝ «Համաձայնեցված արժութային քաղաքականության նպատակները և սկզբունքները» [2], այլ նաև ձգտել կոնկրետացնել այդ դրույթները՝ ելնելով մեր տնտեսության զարգացման համար ավելի մեծ հնարավորություններ ապահովելուց:
Ճշգրտման կարիք ունի ոչ միայն դրամավարկային, հատկապես վերաֆինանսավորման տոկոսադրույքի քաղաքականությունը, այլ նաև ՀՀ ԿԲ օրենքը, մասնավորապես 4-րդ, 14-րդ, 16-րդ, 26-րդ հոդվածները` հաշվի առնելով փոփոխված Սահմանադրության 200-րդ հոդվածը:
«ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի 4-րդ հոդվածում նշված է, որ Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաuտանի Հանրապետությունում գների կայունությունն ապահովելն է [3]: Այդ դրույթը նպատակահարմար է հնարավորինս արագ համապատասխանեցնել փոփոխված Սահմանադրության 200-րդ հոդվածին, որտեղ նշված է, որ Կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են գների և ֆինանսական կայունության ապահովումը [4], իսկ Կենտրոնական բանկի օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետը՝ «եթե Կենտրոնական բանկի մյուս խնդիրները հակասում են իր հիմնական խնդրին, Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական խնդրին և ղեկավարվում է դրա իրագործման անհրաժեշտությամբ», պետք է հանել: Եթե լուծված չեն Կենտրոնական բանկի այլ խնդիրներ, ապա նպատակահարմար է, որ Ազգային ժողովը գնահատի, թե որքանով է դա արդարացված:
ՀՀ ԿԲ-ի մասին օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետում նշված է. «Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների և խորհրդի մյուս անդամների վարձատրության չափը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը»: Անարդյունավետ է, որ խորհրդի անդամների աշխատավարձը սահմանեն հենց իրենք` խորհրդի անդամները: 16-րդ հոդվածում նշվում է, որ արտաքին աուդիտորական կազմակերպությունը կամ կազմակերպությունները մինչև երեք տարի ժամկետով ընտրվում են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Փաստացի փոքր տնտեսություն ունեցող երկրի Կենտրոնական բանկն ինքն է ընտրում իր վերահսկողին: Այդ կարգի երկրներում արդյունավետ է, երբ անկախ արտաքին աուդիտորի ընտրությանը մասնակցում է կամ կառավարությունը, կամ Ազգային ժողովը: Կարծում եմ, Հայաստանում Կենտրոնական բանկի անկախ արտաքին աուդիտորի կառավարության ընտրությունը մեզ համար նպատակահարմար է, քանզի այն ԿԲ առանցքային գործընկերն է:
Իհարկե, Կենտրոնական բանկի օրենքի փոփոխությունները, նրա համապատասխանեցումը ՀՀ Սահմանադրությանը և դրամավարկային քաղաքականության ճշգրտումը պետք է միտված լինեն իր հիմնական նպատակների, ընդգծեմ՝ համակարգված (ոչ իրավիճակային) իրականացմանը և հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականության կոորդինացմանը:
1 http://www.president.am/hy/press-release/item/2016/02/12/President-Serzh-Sargsyan-meeting-Constitution/
2 http://data.worldbank.org/indicator/FM.LBL.MQMY.GD.ZS
3 http://www.tradingeconomics.com/armenia/inflation-cpi
4 Historic inflation Germany - CPI inflation, http://www.inflation.eu/inflation-rates/germany/historic-inflation/cpi-inflation-germany.aspx
5 Եվրոգոտում առանցքային վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0% է, իսկ գնաճը 0.2% է, տարբերությունը` -0.2: Ռուսաստանում այդ ցուցանիշները հետևյալն են` 10%, 7%, տարբերությունը` 3: ԱՄՆ-ում` 0.5%, 0.8%, տարբերությունը` -0.3: Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2016թ. սեպտեմբերի 27-ին իջեցվել է, կազմում է 6.75% է (լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25%), 12-ամսյա գնաճը կազմել է -1.9%, տարբերությունը` 8.65։ http://www.cbrates.com/; http://www.tradingeconomics.com/country-list/inflation-rate
6 Նշենք, որ 2015թ. դրամն արժեզրկվել է դոլարի նկատմամբ 1.5%-ով, իսկ եվրոն` 11.3%, http://bankir.ru/kurs
7 http://www.president.am/hy/statements-and-messages/item/2011/03/11/news-88/
Հոկտեմբեր, 2016թ.
Աղբյուրներ և գրականություն
1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենք:
2. Договор о Евразийском экономическом союзе.
3. «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքը:
4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններ:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ Է. Աշոտ Թավադյան[28.08.2022]
- ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԸ ԻՋԵՑՆԵԼ. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԲ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ[13.09.2018]
- ԵԹԵ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ՎԱՐԵԼ ԹԱՆԿ ՓՈՂԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ[07.09.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[04.09.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԱՏՄ-ՈՒՄ. ԻՆՏԵԳՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ[11.07.2018]
- «ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԿԱ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՐԴԻՆԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ». «ՓԱՍՏ»[01.06.2018]
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԵՏՀԱՇՎԱՐԿ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[18.01.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ 2017Թ. ԵՎ ԵԱՏՄ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԸ[16.01.2018]
- ԿԱՐԵԼԻ՞ ԷՐ ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ԶՍՊԵԼ ԳՆԱՃԸ[15.01.2018]
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ. «ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ. ԵՄ-Ն ԵՎ ԵԱՏՄ-Ն ՄԻԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ»[30.10.2017]
- ԳՆԱՃԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՎՐԱ[20.09.2017]