
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԵՄԸ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Աշոտ Թավադյան
ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր
Ելնելով Հայաստանի Հանրապետության հիմնախնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունից և այդ գործընթացում գիտության դերից՝ առանցքային են դառնում գիտության արդյունքների գնահատման սկզբունքները: Հաշվի առնելով հիմնարար ու կիրառական գիտության սերտ փոխկապվածությունը և դրա նշանակությունը գիտահետազոտական կազմակերպություն – բուհ համագործակցության ապահովման գործում` առաջնային է դառնում գիտության արդյունքների պահանջարկի հիմնախնդիրների վերհանումը և դրանց ներդրման ուղղությունների ձևավորումը:
Առանց գիտության պատշաճ և նպատակային ֆինանսավորման հնարավոր չէ ապահովել մեկ համակարգում գտնվող ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական գիտության ու փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունավետ իրականացումը: Առաջնահերթ է գիտական գործունեության ֆինանսավորման սկզբունքների ձևավորումը:
1. Հիմնարար գիտության արդյունքների գնահատման սկզբունքները
1. Հեղինակավոր գիտական ամսագրերում հրապարակումները, առավել ևս` մրցանակների ստացումը, էապես բարձրացնում են ցանկացած պետության հեղինակությունը: Անվիճելի է, որ առանց լուրջ ներդրումների հիմնարար գիտության մեջ հասնել այդպիսի արդյունքների հնարավոր չէ: Այդպիսի հրապարակումներն ու մրցանակները հնարավորություն են տալիս ներգրավել լրացուցիչ էական ֆինանսական միջոցներ արտասահմանյան գրանտերի տեսքով:
2. ՀՀ կառավարության ծրագրում1 նշված է բուհ – գիտահետազոտական կազմակերպություն համագործակցության ապահովման մասին: Ընդգծենք, որ առանց որակյալ հիմնարար գիտության բացառվում է որակյալ կրթությունը, քանզի միայն բարձրորակ մասնագետները կարող են դա իրականացնել: Որակյալ կրթությունը, որն ապահովում են բարձրորակ մասնագետները, բարձրացնում է կրթության գինը տվյալ երկրում, դրա հետ մեկտեղ գրավիչ է դառնում արտասահմանյան ուսանողների համար` երկրին բերելով լրացուցիչ եկամուտներ:
3. Առանց ներդրումների հիմնարար գիտության մեջ չեն լինի որակյալ մասնագետներ, որոնք ունակ են իրականացնել նորարարական ներդրումներ: Հակառակ դեպքում նորարարական ներդրումներ իրականացնելու համար ստիպված են լինում հրավիրել արտասահմանյան մասնագետներ` վճարելով անհամեմատ ավելի բարձր գին:
4. ՀՀ կառավարության ծրագրում նշված է, որ 2018թ. սկսված գիտության ֆինանսավորման ծավալների հիմնական մասն ուղղորդվելու է կիրառական և փորձակոնստրուկտորական ծրագրերին: Առանցքային կիրառական հիմնախնդիրները լուծելու համար, ելնելով կիրառական և համապատասխան հիմնարար ուղղությունների սերտ փոխկապվածությունից, անհրաժեշտ է տվյալ ուղղությամբ մեծացնել նաև հիմնարար հետազոտությունների ֆինանսավորումը, քանզի ակնհայտ է, որ գոյություն ունի ուղղակի կապ հիմնարար հետազոտությունների և կիրառական աշխատանքների արդյունավետ իրականացման միջև:
Հայաստանում, հաշվի առնելով ԳԱԱ ավանդույթները, գիտահետազոտական կազմակերպությունների ցանցը, գիտական հետազոտությունների կոորդինացման հնարավորությունները, ԳԱԱ-ի մասին համապատասխան օրենքի առկայությունը, վերը նշված սկզբունքները կարող է համակարգել և արդյունավետ իրականացնել ԳԱԱ-ն:
2. Գիտության արդյունքների նկատմամբ պահանջարկի հիմնախնդիրները ՀՀ-ում
ՀՀ գիտության արդյունքները 2014թ. աուդիտի ենթարկելուց հետո եվրոպական զարգացած երկրների մասնագետների կողմից կազմված հանձնաժողովի եզրակացության մեջ ուղղակիորեն նշվեց, որ ՀՀ-ում վատ է օգտագործվում գիտական մեծ ներուժը2:
Հայաստանում գիտության արդյունքների նկատմամբ պահանջարկը վտանգավոր ցածր է: Նորարարությունները կարևորագույն գործոն և անհրաժեշտ պայման են պետության զարգացման համար: Մեր երկրում ոչ բավարար պահանջարկի պատճառները հետևյալն են.
1. Ներկա իրավիճակում արդյունաբերության, այդ թվում նաև ռազմարդյունաբերական համալիրի փոքր ծավալը:
2. Տնտեսության մենաշնորհային վիճակը (օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով):
3. Առկա է նորարարությունների արտահանման խնդիր, քանզի, որպես կանոն, պետությունները խրախուսում և պատվիրում են նորարարություններ իրենց գիտական կազմակերպություններին՝ հատկապես տեղական արդյունաբերության էական զարգացման նպատակից ելնելով: Դա ակնհայտ է զարգացած երկրներում, որտեղ պահանջարկը նորարարությունների նկատմամբ զգալիորեն մեծ է: Պարզ է, որ պետությունները ձգտում են մեծացնել իրենց, այլ ոչ թե ուրիշ երկրների գիտական ներուժը: Այդ պատճառով ներկրվող նորարարությունների նկատմամբ ձևավորում են բավական կոշտ պահանջներ, որոնք երբեմն ունեն արհեստական բնույթ:
3. Գիտության արդյունքների ներդրման հիմնախնդրի լուծման ուղղությունները
Առկա է նորարարությունների ներդրման աջակցության հիմնախնդիր, որն ակնհայտորեն ՀՀ-ում հնարավոր չէ լուծել առանց պետական միջամտության:
1. Այն նորարարությունները, որոնք անհրաժեշտ են մեր երկրին, ունեն միջազգային կամ ռազմավարական նշանակություն և նպաստում են տնտեսական և այլ բնույթի անվտանգային խնդիրների լուծմանը, պարտադիր պետք է ֆինանսավորվեն պետության կողմից, նույնիսկ եթե շուկայական պահանջարկն այստեղ հստակ չէ: Այդ կարգի նորարարություններն ուղղակի նպաստում են պետության ներուժի աճին, ինչպես նաև պետության վարկանիշի բարձրացմանը:
2. Հրամայական է օրենսդրորեն հստակեցնել ներդրումների խթանման մեխանիզմը.
- տրամադրել բյուջետային երաշխիքներ վարկեր ստանալու համար՝ նորարարությունները ներդնելու տեսանկյունից, կիրառել բանկային տոկոսների լրիվ կամ մասնակի փոխհատուցման մեխանիզմը,
- կիրառել հարկային արտոնությունների սկզբունքը,
- նորարարություններ ներդնելու համար կարող է կիրառվել բյուջետային վարկավորման մեխանիզմը:
3. Առաջին փուլում ընդունելի են նաև վարչական մեթոդները, երբ հիմնավորված նորարարության ներդրումն անտեսվում է:
4. Գիտական գործունեության արդյունավետ ֆինանսավորման սկզբունքները
1. ՀՀ-ում գիտությունը ֆինանսավորվում է ՀՆԱ 0.24%-ի չափով, բացարձակ թվերով դա կազմում է մոտ $25 մլն: Այս կարգի ֆինանսավորման պարագայում, ինչպես տոկոսային առումով, այնպես էլ բացարձակ թվերով գիտության արդյունավետությունը բարձրացնելու հավանականությունը շատ ցածր է:
Զարգացած երկրներում այդ ցուցանիշը զգալիորեն բարձր է, ասենք՝ Շվեդիայում և Ֆինլանդիայում կազմում է ՀՆԱ 3.3%-ը, Ճապոնիայում՝ 3.5%-ը, Իսրայելում՝ 4.2%-ը: ԵԱՏՄ մեր գործընկերների մոտ` Ռուսաստանում և Բելառուսում, այդ ցուցանիշը նույնպես բարձր է՝ համապատասխանաբար կազմում է ՀՆԱ 1.1% և 0.7%-ը3: Բացարձակ թվերով ցուցանիշներն ընդհանրապես անհամեմատելի են. Ռուսաստանում այն կազմում է $22 մլրդ, Բելառուսում՝ $0.5 մլրդ:
Ադրբեջանում գիտությունը նույնպես ֆինանսավորվում է 0.24%-ով, սակայն բացարձակ թվերով դա կազմում է մոտ $125 մլն, հինգ անգամ ավելի, քան Հայաստանում: Նույնիսկ այդ պարագայում գիտական արդյունքներով մենք զգալիորեն գերազանցում ենք Ադրբեջանին4:
Ֆինանսավորման «զգայունության շեմը», այսինքն՝ նվազագույն ծախսերը, որոնք անհրաժեշտ են իրար հետ սերտ փոխկապակցված հիմնարար և կիրառական էական արդյունքներ ստանալու համար, մեր գնահատականներով՝ կազմում են $100 մլն: Հայաստանի համար դա ՀՆԱ 1%-ն է: Հետևաբար, որպեսզի մենք կարողանանք ապահովել մեր երկրի կայուն զարգացումը, հնարավորինս արագ պետք է հասնել այդ ցուցանիշին:
Այստեղ պետք է շեշտադրել, որ ներկայում աշխարհում բավական ծախսատար գործընթաց է փորձարարական գիտություն իրականացնելը: Առանց բարձրորակ փորձարարական գիտության փաստացի բացառվում են անհրաժեշտ կիրառական արդյունքները: Ընդգծենք որ, որ ՀՀ-ում արդյունավետ կիրառական ծրագրերը տասնյակ տարիների հիմնարար հետազոտությունների արդյունքների հետևանք են:
2. Առաջնահերթ պետք է դառնա գիտության գերակա ֆինանսավորման սկզբունքը, սակայն գերակա ընտրված ուղղություններն անհրաժեշտ է ֆինանսավորել հնարավորինս լայն միջակայքում, այլ ոչ թե կետային ձևով: Կետային ֆինանսավորման դեպքում շատ մեծ է հավանականությունը, ինչպես ասում են, ջրի հետ միասին դուրս մղել նաև հիմնական արդյունքը, որն, ի դեպ, ունի ստեղծագործական բնույթ: Կետային ֆինանսավորման փորձի պարագայում գերակա ֆինանսավորման սկզբունքը վերածվում է վիճակախաղային սկզբունքի՝ իր բոլոր բացասական հետևանքներով և սպասվող արդյունքներով: Այդ դեպքում չհիմնավորված խնայողությունը կբերի նրան, որ խնայողը կվճարի կրկնակի, ընդ որում՝ արտարժույթով, նորարարությունների համար` փաստացի զարգացնելով այլ երկրի գիտությունը:
3. Մեր իրավիճակում, երբ բոլոր անվանի գիտնականներն իրար ճանաչում են և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ տեսանկյունից, նվազագույն սուբյեկտիվ է դառնում գերակա ֆինանսավորման իրականացման պետական պատվերը` հաշվի առնելով իրականացնողի գիտական անցյալը: Գերակայությունները սահմանելիս նպատակահարմար է գնահատել ֆինանսական, գիտական և տեխնիկական իրական հնարավորությունները: Այստեղ, իհարկե, իր դերը կարող է ունենալ միջազգային աուդիտը:
Երկրորդ փուլում, տվյալ աշխատանքների պետական պատվերն իրականացնելիս, անհրաժեշտ է հաշվի առնել, որ արդյունքները կարող են լինել հիմնարար գիտական աշխատանքներից մինչև կիրառական արդյունքները: Էական արդյունքներ ստանալու պարագայում պարտադիր պետք է նախատեսվեն խրախուսման լուրջ միջոցներ: Նախնական վճարն աշխատանքի գործընթացը բարեխիղճ իրականացնելու համար է:
4. Պետպատվերների ժամանակ խնդիրները նպատակահարմար է լուծել կոոպերացիայում, ինչի հնարավորությունը ստեղծում է ԵԱՏՄ Պայմանագիրը, որի դրույթներն այս առումով հստակեցման կարիք ունեն: Այստեղ մենք պետք է նախաձեռնող լինենք, քանզի ակնհայտորեն կօգտվենք այդ կոոպերացիայից: ԵԱՏՄ հիմնարար հետազոտությունների հիմնադրամ ստեղծելու առաջարկն5 ունի բարձր արդյունավետություն և ակներևաբար կնպաստի մեր ռազմավարական խնդիրների լուծմանն ու տնտեսության զարգացման հնարավորությունների մեծացմանը: Այս խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծել՝ օգտագործելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մեր հնարավորությունները:
1 Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060 - Ա որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիր, http://www.gov.am/files/docs/1950.pdf
2 Inco-Net EaP, Report on the Review of the Armenian S&T Policy Mix, March, 2015.
3 The United Nations Statistical Yearbook 2014
http://unstats.un.org/unsd/publications/statistical-yearbook/files/syb58/Table-41.pdf
4 «Наукометрия свидетельствует о наших высоких результатах», интервью "ГА" президента НАН РА Р.Мартиросяна (24.06.2016), http://www.golosarmenii.am/article/42402/naukometriya-svidetelstvuet-o-nashix-vysokix-rezultatax-
5 «Инновационные преобразования требуют скоординированных усилий», "ГА" (29.06.2016), http://www.golosarmenii.am/article/42574/innovacionnye-preobrazovaniya-trebuyut-skoordinirovannyx-usilij-
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ Է. Աշոտ Թավադյան[28.08.2022]
- ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԸ ԻՋԵՑՆԵԼ. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԲ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ[13.09.2018]
- ԵԹԵ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ՎԱՐԵԼ ԹԱՆԿ ՓՈՂԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ[07.09.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[04.09.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԱՏՄ-ՈՒՄ. ԻՆՏԵԳՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ[11.07.2018]
- «ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԿԱ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՐԴԻՆԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ». «ՓԱՍՏ»[01.06.2018]
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԵՏՀԱՇՎԱՐԿ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[18.01.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ 2017Թ. ԵՎ ԵԱՏՄ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԸ[16.01.2018]
- ԿԱՐԵԼԻ՞ ԷՐ ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ԶՍՊԵԼ ԳՆԱՃԸ[15.01.2018]
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ. «ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ. ԵՄ-Ն ԵՎ ԵԱՏՄ-Ն ՄԻԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ»[30.10.2017]
- ԳՆԱՃԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՎՐԱ[20.09.2017]