• am
  • ru
  • en
Версия для печати
27.12.2016

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՃԻՇՏ ՔԱՅԼԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ

   

Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ

-Լրանում է վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100-րդ օրը, ավանդույթի համաձայն վերլուծենք այս ընթացքում արածն ու չարածը:

-Առհասարակ 100 օրը կառավարության աշխատանքի գնահատման տեսանկյունից շատ քիչ ժամանակահատված է, եւ ճիշտ կլիներ նախնական գնահատականներ հնչեցնել գոնե կես տարի անց: Բայց քանի որ, ինչպես ասացիք, մեզանում արդեն ավանդույթ է ձեւավորվել, ասեմ հետեւյալը:

Մենք այս ամիսների ընթացքում տեսնում ենք կառավարության կողմից տնտեսական քաղաքականության` դրամավարկային, հարկաբյուջետային քաղաքականության, էնեգակիրների գներ, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում որոշակի աշխատանքներ:

Նախ՝ դրամավարկային քաղաքականության մասին ասեմ հետեւյալը. չնայած նոր վարչապետի պաշտոնավարման ժամանակ վերաֆինանսավորման տոկոսադրույքը շոշափելիորեն իջել է, բայց դեռ խնդիրներ կան այստեղ, Կենտրոնական բանկը դեռ անելիք ունի: ԿԲ-ի մասին օրենքն էլ պետք է փոխվի ու համապատասխանեցվի նոր սահմանադրությամբ հռչակված դրույթներին:

Հարկաբյուջետային քաղաքականության մեջ եւս լուրջ աշխատանքներ են տարվում: Դրա հետ մեկտեղ պետք է զգալիորեն մեծացվի կարգավորիչ ու խթանիչ դերը, այդ ուղղությամբ նկատում եմ կատարվող կոնկրետ աշխատանքներ, ինչն ուղղված է մրցունակության բարձրացմանը, պատրաստի արտադրանքի արտահանման խթանմանը:

-Ի դեպ, պետեկամուտների կոմիտեն հրապարակեց, որ եկամուտների հավաքագրման հետ կապված լուրջ խնդիր կա. դրանք թերակատարվում են:

-Կարծում եմ՝ դա ընթացիկ, անցումային խնդիր է ու կկարգավորվի: Հարկաբյուջետային քաղաքականությունը դեռ փոփոխման կարիք ունի, որպեսզի այն իրոք դառնա խթանիչ, հատկապես պատրաստի արտադրանքի ստեղծման ու արտահանման խթանման հարցում: Մենք արտահանման աճն էականորեն մեծացնելու խնդիր ունենք:

Երրորդ կարեւոր քայլը, ինչպես ասացի, էներգակիրների` մասնավորաբար գազի գների էական նվազեցումն է: Այստեղ հստակ փոխվել են գնագոյացման սկզբունքները: Իրոք, գնային լուրջ փոփոխություն արվեց, եթե նախկինում առաջնայինը մատակարարի ծախսերի փակման հարցերն էին, ապա հիմա լուծվեց կարեւորագույն խնդիր` նոր գները ոչ միայն արդարացված են սոցիալական առումով, այլեւ կունենան խթանիչ դեր:

Տեսեք, 2016-ի հունվարին, մասնավորաբար, ջերմոցներն ու վերամշակող ձեռնարկությունները 1 խմ-ի համար վճարում էին 156 դրամ, իսկ այժմ կվճարեն 100 դրամ: Սա լուրջ խթան է ոլորտի զարգացման համար: Մանավանդ երբ այդ ոլորտն ունի արտահանման մեծ ներուժ, կնշանակի գազի գների նվազմամբ լրջագույն հիմնախնդիր է լուծվում:

-Կկարողանա՞ կառավարությունը երկար պահել գազի ցածր գինը. նկատենք, որ ընդդիմադիր շրջանակները սա ընդամենը նախընտրական քայլ բնութագրեցին:

-Եկեք տնտեսագիտությանը լուրջ վերաբերվենք: Բացառում եմ, որ դա ընդամենը նախընտրական քայլ է։ Ինչո՞ւ. որովհետեւ գների կտրուկ փոփոխությունը ուղղակիորեն կհարվածի տնտեսությանը: Ոչ մի լուրջ կուսակցություն չի կարող գնալ նման քայլի: Այնպես որ ընտրություններից հետո գազի գների էական փոփոխությունը բացառում եմ:

-Գործադիրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո Կարեն Կարապետյանը հայտարարեց կառավարման մշակույթի փոփոխության մասին, շեշտելով` առանց ստվերի, առանց բոլոր ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի երկիրը զարգացնելու ճանապարհ չի տեսնում: Խոսքից բացի ի՞նչ քայլեր կատարվեցին այս ամիսներին: Կարծում եք, ժողովուրդն իր վրա զգա՞ց կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ազդակները:

-Կոռուպցիայի դեմ հակազդեցության առումով իսկապես զգացվում է, որ լուրջ աշխատանք է կատարվում: Բայց նաեւ իմ խորհուրդն է` իրականացնել հակակոռուպցիոն փորձաքննություն, հատկապես տնտեսական հատվածի օրենսդրության մեջ, որպեսզի, օրինակ, վարկերի, տենդերների, պետպատվերի օգտագործման հարցում սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը հասցվի նվազագույնի:

Հայաստանը 167 երկրների ցանկում, կոռուպցիայի ընկալման ցուցանիշով, գրավում է 95-րդ տեղը: Սա, իհարկե, բարձր ցուցանիշ չէ: Իմ գնահատմամբ, դա հանգեցնում է ապրանքների գների մոտ 10 տոկոս թանկացման: Հետեւաբար մեր առաջ որպես կարեւորագույն խնդիր պետք դնենք գոնե 60 մաքուր երկրների ցանկում հայտնվելը: Այդ դեպքում մեր ապրանքների գները մոտավորապես 5 տոկոսով կէժանանան:

Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարի ազդակները զգալուն, ապա բոլոր ոլորտներում կատարվում են քայլեր, իսկ ազդակներ ստանալու համար 100 օրը շատ կարճ ժամանակաշրջան է: Որպես մասնագետ ես այս պահին կարող եմ ասել հետեւյալը` մինչ օրս կատարված քայլերը դրական եմ գնահատում: Իսկ առավել նկատելի արդյունքների համար, եկեք ժամանակ տանք կառավարությանը` գոնե կես տարի: Աշխատանք շատ կա, բայց կարեւորն այն է, որ ուղղությունը ճիշտ է ընտրված:

-Հակամենաշնորհային քաղաքականության առումո՞վ ինչ կասեք, բավարա՞ր է արվածը:

-Դժվարությունները մեզանում պայմանավորված են փոքր երկիր լինելու հանգամանքով: Բայց դրա հետ մեկտեղ կոնկրետ քայլեր են արվել ներկրողների համար հավասար պայմանների ստեղծման, արտահանողներին աջակցություն ցույց տալու ուղղությամբ: Ես սա դրական եմ գնահատում: Նկատենք, որ նման հարցերը շատ արագ չեն լուծվում:

-Վարչապետ Կ.Կարապետյանի բացառիկ ուշադրության կենտրոնում է գիտության զարգացումը, առանձնապես կարեւորում է կառավարություն-գիտությունների ակադեմիա նոր հարաբերությունների ստեղծումը, վարչապետի խոսքով ասած` պետք է հասնել նրան, որ գիտնականն արժանավայել ապրի, որ գիտնականը հավելյալ արժեք ստեղծի ՀՆԱ-ի մեջ, ունենա ինքն իրեն գնահատելու հայտանիշներ:

-Սրանք, իհարկե, շատ կարեւոր են: Կարեւոր է նաեւ գիտության ֆինանսավորումը, կա նվազագույն շեմ, երկրի համար դա մոտավորապես ՀՆԱ-ի մեկ տոկոսն է: Մեզ մոտ այժմ այն կազմում է մոտ 24 մլն դոլար, մինչդեռ պետք է փուլային քայլերով հասնել 100 մլն դոլարի: Այսինքն՝ գիտության մեջ արդյունքներ ունենալու համար անհրաժեշտ է համապատասխան ֆինանսավորում:

Ինձ համար շատ կարեւոր է, որ կառավարությունը, հատկապես վարչապետը շատ վճռական է տրամադրված տնտեսության առաջ ծառացած այս խնդիրների լուծման հարցում: Իր ծրագրերի իրականացման համար վարչապետն ի սկզբանե լուրջ ուշադրություն դարձրեց կադրերի պատրաստման վրա՝ առանձնահատուկ կարեւորելով մասնագիտական ունակություններն ու պետական մտածելակերպը: Դա երեւում է վարչապետի ձեւավորած թիմի աշխատաոճից: Այս ամիսներին նկատելիորեն բարձրացել է գործադիրի աշխատանքի օպերատիվությունը, ճկունությունը: Նկատելի է վարչապետի կաբինետի հրապարակային աշխատաոճը:

Այս ամենը գնահատելով՝ մենք էլ պետք է հնարավորինս աջակցենք նրան, որպեսզի համատեղ ուժերով այս հարցերին լուծում տանք:

Արմինե Սիմոնյան

http://www.armworld.am/detail.php?paperid=5466&pageid=165680&lang=


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր