• am
  • ru
  • en
Версия для печати
05.11.2016

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

   

Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ

Քրդեր. Սեպտեմբերին քրդական քաղաքական ուժերի (DTK, BDP, HDK, KJA) ներկայացուցիչներն անժամկետ հացադուլ հայտարարեցին՝ պահանջելով հանդիպում քուրդ առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ, որը 1999-ից ցմահ ազատազրկում է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում։ Ընդգծվեց, որ արդեն 510 օր (18 ամիս) է, ինչ քուրդ գործիչները չէին հանդիպել Օջալանի հետ և, բացի այդ, նրանց չեն գոհացրել Օջալանի բանտային պայմանները: Հացադուլը մեկնարկեց սեպտեմբերի 5-ին, դրան մասնակցեց 50 քուրդ քաղաքական գործիչ, որոնք Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ-HDP), Ժողովրդավարական շրջանների կուսակցության (ԺՇԿ-DBP), Ժողովրդավար հասարակության կուսակցության (ԺՀԿ-DTK), Ժողովուրդների ժողովրդավարական խորհրդի (ԺԺԽ-HDK) և Ազատ կանանց խորհրդի (ԱԿԽ-KJA) անդամներ են։ Օջալանի առողջական և անվտանգության վիճակի վերաբերյալ մտավախություններն ուժգնացել էին հուլիսի 15-ին Թուրքիայում կատարված ռազմական հեղաշրջման փորձի (ՌՀՓ) պատճառով։

Դրա հետ կապված՝ ԺԴԿ համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարեց, որ հացադուլ սկսելու պատճառը ոչ թե բանակցությունների վերսկսումն է, այլ այն, որ հուլիսի 15-ի գիշերը բախում գրանցվեց Իմրալը կղզում, ինչի համար էլ անհրաժեշտություն ծագեց պարզելու, թե արդյոք Օջալանը ողջ է. «Չնայած ՌՀՓ-ից անցել է 50 օր՝ մենք տեղեկություններ չունենք նրանից, չգիտենք՝ ո՞ղջ է նա, թե՞ ոչ։ Հուլիսի 15-ի երեկոյան մեկ մարտական ինքնաթիռ է ցանկացել իջնել Իմրալը կղզում։ Բախում է տեղի ունեցել։ Մենք չգիտենք, թե ինչ ավարտ է ունեցել բախումը»։

Հացադուլի մասին հայտարարության տարածումից հետո Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարեց, որ Աբդուլա Օջալանի անվտանգության հետ կապված խնդիր չկա։ Ի պատասխան՝ Դեմիրթաշը հայտարարեց. «Եթե այդքան վստահ եք, ապա թույլ տվեք, որ Օջալանի փաստաբաններից մեկը կամ ընտանիքը կարճ այցելություն ունենա և բոլորին տեղեկացնի նրա վիճակի մասին»։ Դա տեղի ունեցավ Ղուրբան բայրամի (Զոհաբերության տոնի) ժամանակ. Իմրալըի անվտանգության ծառայությունը Ղուրբան բայրամի կապակցությամբ սեպտեմբերի 14-18-ը կղզու բանտարկյալների համար կազմակերպեց բաց դռների օր, և Աբդուլա Օջալանին տեսակցեց նրա եղբայր Մեհմեթ Օջալանը: Նա հանդիպումից հետո հայտարարեց, որ եղբոր առողջական վիճակը լավ է. «Եղբայրս ինձ ասաց, որ ծրագրեր ունի՝ կապված պետության հետ: Եթե պետությունը պատրաստ լինի դրանց, ապա մենք քրդական հարցը կլուծենք 6 ամսում: Մենք չենք ավարտել նախորդ գործընթացը: Քրդական հարցը 100-200 տարվա հարց է: Եթե պետությունն անկեղծ լիներ, ապա հարցը լուծված կլիներ: Օրական 30 մարդ է զոհվում: Արդեն 30-40 տարի է՝ շարունակվում է արյունահեղությունը: Արցունքները պետք է դադարեն»: Մեհմեթ Օջալանը նաև հայտարարեց, որ դադարեցվել է Օջալանի համար սկսված հացադուլը:

ԺԴԿ 8 պատգամավոր կանչվեց պարտադիր հարցաքննության։ Դա կապված է Քրդստանի համայնքների միության (KCK) գործի հետ, որը քննում է Դիարբեքիրի՝ ծանր հանցանքները քննող 2-րդ դատարանը։ 26-րդ գումարման խորհրդարանի պատգամավորները չէին մասնակցել 2015թ. նոյեմբերի 1-ի դատական նիստին, ինչի համար էլ սեպտեմբերին կանչվեցին պարտադիր հարցաքննության։ Խոսքը 2004-2014թթ. Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի, Դիրայեթ Թաշդեմիրի, Չաղլար Դեմիրելի, Սելմա Ըրմաքի, Ահմեթ Յըլդըրըմի, Բեսիմե Քոնջայի, Ալիջան Օնլուի ու Նադիր Յըլդըրըմի մասին է։ KCK գործով առանձին ներգրավված է Սելահաթթին Դեմիրթաշի ավագ եղբայր Նուրեթթին Դեմիրթաշը։

Սելահաթթին Դեմիրթաշը ցանկություն հայտնեց, որ Թուրքիայի կառավարությունն ու Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) վայր դնեն զենքը՝ ընդգծելով, որ «քրդական հարցը» չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, և որ հակամարտող կողմերը պետք է գիտակցեն դա, ինչը հատկապես կարևոր է ներկայիս պայմաններում, երբ ռազմական հեղաշրջման սպառնալիքը դեռ շարունակվում է: Սեպտեմբերին Դեմիրթաշի գլխավորած պատվիրակությունը քառօրյա այցով մեկնեց Իրաքի հյուսիս և հանդիպումներ ունեցավ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի, վարչապետ Նեչիրվան Բարզանիի, Իրաքի նախկին նախագահ Ջելալ Թալաբանիի հետ, քննարկեց ժողովրդավարական ճանապարհով քրդական հարցի լուծման տարբերակները: Դեմիրթաշից բացի՝ պատվիրակության կազմում ընդգրկվել են ԺԴԿ-ական մի շարք պատգամավորներ, այդ թվում նաև Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը: Դեմիրթաշն ու Մասուդ Բարզանին քննարկեցին քրդերի շրջանում միասնությանն աջակցելու հարցը և հատկապես քրդական քաղաքական կուսակցությունների միջև հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև Թուրքիայի քրդաբնակ նահանգների վերջին դեպքերը: Կողմերն ընդգծեցին, որ ներկա դրությամբ Քրդստանի բոլոր չորս մասերն էլ մեծ սպառնալիքի տակ են, ուստի նրանք պետք է գան ընդհանուր համաձայնության, որը կծառայի քուրդ ժողովրդի շահերին: Դեմիրթաշը Բարզանիին ավանեց Քրդստանի բոլոր չորս մասերի ազգային միասնության խորհրդանիշ: Հանդիպման արդյունքներով չբացառվեց, որ Բարզանին կնախաձեռնի PKK-ի և Թուրքիայի հաշտեցման գործընթաց:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ երկրի հարավ-արևելքի 6 նահանգում ամեն տարի կառուցվելու է 30 գործարան, և որ ծրագրված է մինչև 2020թ. երկրի արևելքում ու հարավ-արևելքում կատարել մոտ $45 մլրդ-ի ներդրում. «Ընդհանուր առմամբ 5 տարածաշրջանում պետք է ստեղծվի 8 ձգողականության կենտրոն: Առաջին տարածաշրջանն առնչվում է Կարսին, Արդահանին, Ըղդըրին, Աղրըին։ Երկրորդն առնչվում է Վանին, Մուշին, Բիթլիսին, Հաքքարիին, Շանլըուրֆային, Դիարբեքիրին ու Մարդինին։ Երրորդ տարածաշրջանն ընդգրկում է Բաթմանը, Սիիրթը, Շըրնաքը, իսկ չորրորդը՝ Էրզինջանը, Գյումուշհանեն ու Բայբուրթը։ Հինգերորդն էլ վերաբերում է Էլյազըղին ու Մալաթիային»։ Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Ֆարուք Օզլյուն հայտարարեց, որ Թուրքիան ներկայիս բարեփոխումների փաթեթի շնորհիվ ներդրողների համար կդառնա դրախտ:

Սեպտեմբերին Թուրքիայի կրթական նախարարությունը պաշտոնանկ արեց 11.500 ուսուցչի, որոնց կասկածում են PKK-ի հետ կապերի համար։ Բինալի Յըլդըրըմը Դիարբեքիր կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ տարածաշրջանում PKK-ի հետ կապերի մեջ է մոտ 14.000 ուսուցիչ: Յըլդըրըմը հայտարարեց, որ PKK-ն չունի քրդեր անունով խնդիր, փոխարենը՝ քրդերն ունեն PKK անունով խնդիր, և խոստացել էր, որ Թուրքիան կշարունակի անզիջում պայքար մղել ահաբեկչական կազմակերպությունների դեմ: Ուսուցիչների պաշտոնանկությունից հետո Դիարբեքիրում անցկացվեց բողոքի ակցիա, ինչին իրավապահ մարմինները պատասխանեցին ջրաշիթեր կիրառելով և տասնյակ մարդկանց ձերբակալելով։ Ի դեպ, UNESCO-ն սեպտեմբերին Գրագիտության համաշխարհային օրվա կապակցությամբ տվյալներ հրապարակեց աշխարհում կրթական մակարդակի մասին: Թուրքիայի մասով նշված էր, որ գրել-կարդալ չիմացողների թիվը կազմում է 7 մլն մարդ, որոնց մեծ մասը կանայք են:

Էրզինջան (Երզնկա) նահանգի Ուզումլու շրջանի ղեկավար Ֆաթիհ Աջարը հայտարարեց, որ հոկտեմբերին Ուկրաինայից Թուրքիա մշտական բնակության կբերվի թուրք մսխեթցիների 108 ընտանիք: Նրա խոսքերով՝ թուրք մսխեթցիների ընտանիքներին տեղավորելու են հենց իրենց շրջանում, և այդ նպատակով գումարներ է հատկացրել Թուրքիայի ֆինանսների նախարարությունը: Թուրք մսխեթցիների առաջին խումբը՝ 439 մարդ, Ուկրաինայից Թուրքիա հասել է 2015թ. դեկտեմբերին, իսկ երկրորդ խումբը՝ 510 մարդ, 2016թ. ապրիլին:

Բռնություններ, ՌՀՓ-ի հետևանքները. Սեպտեմբերին Թուրքիայի իշխանությունները հետաձգեցին ՄԱԿ՝ կտտանքների գծով հատուկ զեկուցող Խուան Մենդեսի այցը երկիր, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 10-14-ը։ Մեկնաբանելով դա՝ Մենդեսը հայտարարեց, որ վերջին ամիսներին Թուրքիայում իրավիճակի զարգացումը պահանջում է լիակատար ուշադրություն, և իր այցի հետաձգումը սխալ ազդանշան է։ Մենդեսը հիշեցրեց, որ ՌՀՓ-ից հետո Թուրքիայում կալանավորվել են հազարավոր մարդիկ, ուղղիչ հիմնարկները լեփլեցուն են, դրանց պայմանները վատն են, և այդ պատճառով էլ իր այցն ունի բացառիկ կարևորություն։ Մենդեսը, որի լիազորությունների ժամկետը լրանում է հոկտեմբերի 31-ին, հույս հայտնեց, որ մինչ այդ ամեն դեպքում կկարողանա այցելել Թուրքիա։

Հաղորդվեց, որ Թուրքիայում ազատ են արձակվել բոլոր քաղաքացիները, որոնք կալանավորվել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Էրդողանը որոշեց հետ կանչել քաղաքացիների դեմ ներկայացրած հայցերը: Բեքիր Բոզդաղը սեպտեմբերի սկզբին հայտարարեց, որ Թուրքիայի իշխանությունները բանտերից վաղաժամկետ ազատ են արձակել 33.838 մարդու. «Նրանց մի մասին մնացել էր 1 տարուց էլ պակաս ժամանակ ազատության մեջ հայտնվելու համար: Ազատ են արձակվել նաև այն բանտարկյալները, որոնք դեռ բանտում պետք է մնային առնվազն 2 տարի՝ պայմանով, որ իրենց լավ դրսևորեն ազատության մեջ: Ազատ արձակված բանտարկյալները գտնվելու են հսկողության ներքո: Սա համաներում չէ և պարզապես միտված է ՌՀՓ-ից հետո բանտերի մեծ բեռնվածությունը թեթևացնելուն»:

Ավելի ուշ հաղորդվեց, որ Թուրքիայի օրենսդրական դաշտում կատարված փոփոխությունների արդյունքում ազատ է արձակվել 36.000 բանտարկյալ: Օրենսդրական փոփոխությունների համաձայն` օգոստոսի 17-ից «լավ վարք» դրսևորած 36.000 բանտարկյալի ազատազրկումը փոխարինվել է ազատ արձակմամբ, իսկ 16.223 բանտարկյալ փակ ռեժիմով բանտերից տեղափոխվել է բաց ռեժիմով բանտեր: Այդ ամենը չի տարածվել Թուրքիայի քրեական օրենսգրքի կանխամտածված սպանության, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, անձի առողջությանը միտումնավոր վնաս պատճառելու, թմրամիջոցներ և հոգեմետ դեղեր արտադրելու, պահելու, վաճառելու, լրտեսության և ահաբեկչության հատկանիշներով դատապարտված բանտարկյալների վրա:

Թուրքիայի արդարադատության նախարարությունը, ընդունելով, որ ներկայում բանտարկյալների թիվը գերազանցում է երկրի քրեակատարողական համակարգի հնարավորությունները, հայտարարեց երկրում 174 նոր բանտ կառուցելու պլանի մասին։ Նոր բանտերը կառուցվելու են առաջիկա 5 տարում, դրանցում տեղավորվելու է մոտ 100.000 մարդ։ Բոզդաղի խոսքերով՝ ՌՀՓ-ի կապակցությամբ կալանավորվածների թիվը հասել է արդեն 32.000-ի, և որ հետաքննություն է տարվում 70.000 մարդու նկատմամբ, որոնց կասկածում են Ֆեթհուլա Գյուլենի կազմակերպության (FETÖ) հետ կապեր ունենալու համար: Բոզդաղը նաև հայտարարեց, որ թուրքական ուղղիչ հաստատությունների մոտ 1500 աշխատակից հեռացվել է զբաղեցրած պաշտոններից, և չբացառեց, որ Թուրքիան կարող է զգալ դատարանների համար նոր շենքեր կառուցելու կարիք՝ հազարավոր նոր դատավարություններ անցկացնելու համար:

Թուրքիայի Դատավորների և դատախազների բարձրագույն խորհուրդը (HSYK) հայտնեց 543 դատավորի և դատախազի պաշտոնանկության մասին: Ընդգծվեց, որ նրանք կապված են եղել FETÖ-ի հետ: Այդպիսով, FETÖ-ի գործի հետաքննության շրջանակներում պաշտոնանկ արված դատավորների ու դատախազների թիվը հասավ 3390-ի:

Թուրքիայի քաղաքաշինության և բնապահպանության նախարար Մեհմեթ Օզհասեքին հայտարարեց, որ երկրում պետականացվել է FETÖ-ին պատկանող 2514 օբյեկտ. «Կա FETÖ-ի հետ ասոցացվող անշարժ գույքի ևս 1500 օբյեկտ, որոնք նույնպես կանցնեն պետությանը: Այդ ողջ գույքի ընդհանուր արժեքը կազմում է մոտ $4 մլրդ»: Բացի այդ, ավելի քան 200 ընկերություն մեղադրվում է FETÖ-ին ֆինանսապես աջակցելու համար:

Թուրքիայում գործող արտակարգ դրության ռեժիմի պայմաններում փակվել է 12 հեռուստաալիք (Hayatın Sesi, İMC TV, TV 10, Van TV, Jiyan TV, Azadi TV, Zarog TV), որոնց մի մասը գործել է Թուրքիայի քրդաբնակ նահանգներում: Հեռուստաալիքների փակման պատճառը «հակապետական գործունեությունն ու PKK գաղափարների քարոզչությունն» է: Ներկայում թուրքական բանտերում կա արդեն ավելի քան 107 լրագրող: Թուրքիայում ՌՀՓ-ից հետո կառավարությունը փակել է 130-ից ավելի ԶԼՄ, այդ թվում` 3 լրատվական գործակալություն, 16 հեռուստակայան, 23 ռադիոկայան, 46 թերթ, 15 հանդես և 29 հրատարակչություն: Բացի այդ, Թուրքիայի պետական հիմնարկներից մոտ 82.000 մարդ հեռացվել է աշխատանքից:

Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին հայտարարեց, որ մոտ 28.000 ուսուցիչ պաշտոնանկ է արվել ահաբեկչության հետ կապերի կասկածանքով, իսկ ավելի քան 9000 ուսուցիչ ժամանակավորապես պաշտոնանկ է արվել հետաքննության ժամանակ։ Թուրքիայի կրթության Գերագույն խորհուրդը պաշտոնանկ արեց 1577 դեկանի, որոնց արգելվեց լքել երկիրը:

Էրդողանն Անկարայում նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ կոչ արեց արդարություն ցուցաբերել այն պետծառայողների գործերի հետաքննության ժամանակ, որոնց կասկածում են ՌՀՓ-ին մասնակից լինելու համար. «FETÖ-ի ու PKK-ի դեմ պայքարի շրջանակներում պետծառայողներ են պաշտոնանկ արվում: Արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում մենք ընդունել ենք մի շարք միջոցներ, որոնք ուղղված են պետական հիմնարկներում ահաբեկչական կազմակերպությունների կողմնակիցներ ի հայտ բերելուն: Սակայն ես ձեզ խնդրում եմ դրան մոտենալ ողջ պատասխանատվությամբ: Պետք չէ մրցել այն հարցում, թե ով ավելի շատ կորսա իր աշխատակիցներին: Անհրաժեշտ է արդար գտնվել տվյալ հարցում»: Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ անվտանգության մարմինները չեն դիտարկելու FETÖ-ի վերաբերյալ առանց ստորագրության քաղաքացիներից ստացված դիմումները. «FETÖ-ի դեմ պայքարն ազգային անվտանգության հարց է, սակայն անանուն հաղորդագրություններ ընդունելը պաշտոնյաների մեծ սխալն է: Կան դեպքեր, երբ իրենց հարևանների ու գործընկերների հանդեպ մատնագրություններ են գրում այնպիսի մարդիկ, որոնք պարզապես ատում են նրանց: Դա խանգարում է իրական մեղավորներին փնտրելու գործին, և զոհ են դառնում անմեղ մարդիկ: Մենք կհրապարակենք հրամանագիր այն մասին, որ անանուն, անհասցե հաղորդագրությունները չդիտարկվեն»:

Թուրքական մամուլը գրեց, որ FETÖ-ի դեմ պայքարը կարող է առնչվել նաև իշխող Արդարություն և զարգացում կուսակցությանը (ԱԶԿ): Նշվեց, որ խոսակցությունների համաձայն՝ կուսակցության ներսում կա 48 գյուլենական պատգամավոր, ինչպես նաև ԱԶԿ-ն ներկայացնող 3 գյուլենական քաղաքապետ և 2 գյուլենական նախարար: Քննարկվում է այդ անձանց հրաժարականի հարցը: Ընդգծվեց, որ գյուլենականներն ԱԶԿ ներսում ամենաուժեղը եղել են 2013թ. դեկտեմբերի «Մեծ կաշառք» գործից առաջ, ինչից հետո հրաժարական էր տվել 14-15 պատգամավոր:

Թուրքիայի ՆԳՆ-ն պաշտոնանկ արեց ՏԻՄ 28 ղեկավարի՝ նրանց մեղադրելով PKK-ի ու FETÖ-ի հետ կապերի մեջ: Թուրքիայի ՆԳՆ հաղորդագրության մեջ նշված էր, որ այդ 28 անձանցից 24-ը կապված են եղել PKK-ի, իսկ չորսը՝ FETÖ-ի հետ: Սեպտեմբերին Թուրքիայում կալանավորվեցին գրող-լրագրող Ահմեթ Ալթանն ու նրա եղբայր, դոկտոր-պրոֆեսոր Մեհմեթ Ալթանը, ինչը տեղի ունեցավ FETÖ-ի դեմ պայքարի շրջանակներում։ Դրա համար պատճառ է դարձել 2016թ. հունիսի 14-ին Can Erzincan TV-ի ծրագրերից մեկին եղբայրների մասնակցելը, որի ժամանակ նրանք իբրև թե բացահայտ հայտարարել են պատրաստվող ՌՀՓ-ի մասին։

Էրդողանը վերստին հայտարարեց Թուրքիայում մահապատժի վերականգնման հնարավորության մասին: Նրա խոսքով, եթե Թուրքիայի խորհրդարանը որոշի վերականգնել մահապատիժը, ապա որևէ մեկն «իրավասու չէ» քննադատել դա, քանի որ խորհրդարանի որոշումներն արտացոլում են ժողովրդի կամքը:

Հաղորդվեց, որ հոկտեմբերին Թուրքիայում արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի 3 ամսով՝ մինչև 2017թ. հունվարի 20-ը: Համապատասխան որոշումն ընդունվել է Էրդողանի նախագահությամբ անցկացված Ազգային անվտանգության խորհրդի նիստում: Նիստից հետո Էրդողանը հայտարարեց, որ արտակարգ դրության ռեժիմը 3 ամսով երկարաձգելը բխում է երկրի շահերից, և որ երկարաձգման մասին որոշումն ուղղված կլինի «բացառապես» ահաբեկչության դեմ պայքարին: Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը 90 օր ժամկետով մտցվել էր ՌՀՓ-ից 5 օր անց՝ հուլիսի 20-ին: Դրա ժամկետը լրանում է հոկտեմբերի 20-ին: Էրդողանի խոսքերով՝ հուլիսի 15-ը Թուրքիայում հայտարարվելու է ոչ աշխատանքային օր և այսուհետ նշվելու է որպես ժողովրդավարության ու ազատության օր. «Հուլիսի 15-ը թուրք ժողովրդի համար երկրորդ ազգային-ազատագրական պատերազմն է, քանի որ այդ օրը մեր երկիրը կարող էր օկուպացվել, սակայն մեր ժողովուրդը թույլ չտվեց, որ դա տեղի ունենա»:

Ռազմական. Սեպտեմբերին հաղորդվեց, որ պատրաստվում է Թուրքիայի զինված ուժերի (ԹԶՈւ) ամենամեծ «մաքրումը»: Դրա հետ կապված՝ պատրաստվում են ամենամասշտաբային ստուգումները՝ զինված ուժերի շարքերում գյուլենականներին հայտնաբերելու համար: Ամեն ինչ ենթարկվելու է մանրակրկիտ ուսումնասիրության, որպեսզի գյուլենականները բացառվեն ԹԶՈւ-ից: ՌՀՓ-ից հետո ԹԶՈւ շարքերից արդեն հեռացվել է 4545 զինվորական, սակայն առաջիկայում այդ ցուցանիշը կարող է մի քանի անգամ բազմապատկվել: Թուրքական մամուլի պնդմամբ՝ ԹԶՈւ-ում կա 22.000 գյուլենական: Մասնավորապես, գյուլենական են համարվում 10.000 սպա, 12.000 ենթասպա:

Թուրքիայի կառավարության նոր որոշմամբ պաշտպանության նախարարության քաղաքացիական կադրերը հավասարեցվել են ԹԶՈւ-ում իրենց գործընկերներին։ Այդպիսով՝ պաշտպանության նախարարի տեղակալի համար սահմանվել են բանակի գեներալի, նրա տեղակալների, վարչությունների պետերի ու գլխավոր տնօրենների համար՝ գեներալ-մայորի, գլխավոր փոխտնօրենների ու առանձին դեպարտամենտների ղեկավարների համար՝ բրիգադի գեներալի, պաշտպանության նախարարության համալսարանի ռեկտորի համար՝ գեներալ-լեյտենանտի, բաժնի պետերի համար՝ գնդապետի կոչումներ։ Դյուզջե նահանգի նախկին նահանգապետ Ալի Ֆիդանը նշանակվեց պաշտպանության նախարարության ղեկավարի տեղակալ և այդպիսով դարձավ Թուրքիայի առաջին քաղաքացիական «բանակի գեներալը»։

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարեց, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ձեռնարկվող բարեփոխումների արդյունքում կունենա 60%-անոց քաղաքացիական անձնակազմ. «Քաղաքացիական անձինք ու զինվորականներն այժմ կատարելու են համատեղ գործունեության մոդելի վրա հենված աշխատանք: Մենք աշխատանքներ ենք իրականացնում այն ուղղությամբ, որի դեպքում մեր ՊՆ անձնակազմի 60%-ը կազմված կլինի քաղաքացիական անձանցից, իսկ 40%-ը՝ զինվորականներից»: Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ ձեռնարկվող ռազմական բարեփոխումների արդյունքներում ՊՆ առանցքային պաշտոններում արդեն իսկ նշանակվել են քաղաքացիական պաշտոնյաներ: Օրինակ՝ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրել է ԱԳՆ միջազգային անվտանգության հարցերով դեպարտամենտի նախկին ղեկավարը, իսկ ՊՆ կադրերի վարչության պետ է դարձել գյուղատնտեսության նախարարության համանման դեպարտամենտի ղեկավարը: ՊՆ գնումների ստորաբաժանումը գլխավորել է Հաշվիչ պալատի ներկայացուցիչը:

Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հաղորդակցությունների նախարար Ահմեթ Արսլանը հայտարարեց, որ շուտով խորհրդարանին կներկայացվի Թուրքիայի տիեզերական գործակալության ստեղծման օրինագիծը: Թուրքական մամուլը հայտնեց, որ դեկտեմբերի 5-ին տիեզերք կարձակվի նոր արբանյակ. Göktürk-1 արբանյակը տիեզերք է արձակվելու Հարավային Ամերիկայում գտնվող Ֆրանսիական Գվիանայից և հետևելու է 50 սանտիմետրից մեծ երևույթների։ Դրա շնորհիվ ԹԶՈւ-ն երկրի սահմանների ներսում և դրանցից դուրս կստանա հետախուզական տվյալներ, ինչը մասնավորապես վերաբերում է PKK-ի դեմ պայքարին։ Ընդգծվեց, որ տարիներ առաջ ուղեծիր արձակված Göktürk-2 արբանյակն ունակ է հետևել 2.5 մետրից մեծ երևույթներին, մինչդեռ Göktürk-1-ի դեպքում արդեն հնարավոր կլինի հետևել 1 մետրից էլ փոքր երևույթներին։ Խոսքը Թուրքիայի արևելյան ու հարավարևելյան լեռնային շրջանների, Իրաքի ու Սիրիայի շրջանների մասին է, որտեղ բազավորված են քուրդ զինյալները։ Göktürk-1 արբանյակի արժեքը գնահատվում է $261.5 մլն։ Հաղորդվեց նաև, որ Թուրքիան էլեկտրոնային պատերազմի կենտրոն է հիմնում Քոնիայի ավիաբազայում, ուր անցկացվում են «Անատոլիական արծիվ» միջազգային զորավարժությունները:

Թուրքիայում բազմաթիվ բախումներ տեղի ունեցան անվտանգության ուժերի և PKK զինյալների միջև, որոնց ժամանակ սպանվեցին ու վիրավորվեցին տասնյակ զինծառայողներ: Անգամ հաղորդվեց, որ երբ Բինալի Յըլդըրըմն անակնկալ այցով ժամանեց երկրի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջան, PKK զինյալներն ականանետով հարվածեցին տեղի մարտական ուղղաթիռների բազային և ոչնչացրին 3 մարտական ուղղաթիռ: Թուրքիայի իշխանությունները հերքեցին դա, սակայն քուրդ զինյալները համացանցում տարածեցին համապատասխան տեսանյութը: PKK զինյալները սեպտեմբերին Թուրքիայի հարավ-արևելքում աչքի ընկան նաև երկաթգծեր պայթեցնելով:

Այլ. Սեպտեմբերին Թուրքիայում 30 հոգանոց խմբի կողմից ստեղծվեց Օսմանյան կուսակցություն անվանումը, որի խորհրդանիշի վրա պատկերված են արաբերեն «Էլիֆ» և «Վավ» տառերը։ Կուսակցության կարգախոս ընտրվեց «Թուրքիան առաջատար է» արտահայտությունը, իսկ նախագահ դարձավ Իբրահիմ Ունյեն։ Հայտարարվեց, որ կուսակցությունը մտադիր է մասնակցել առաջիկա ընտրություններին։ Այն դարձավ Թուրքիայում գործող 91-րդ քաղաքական կուսակցությունը։

Թուրքիայի օսմանյան անցյալին անդրադարձան Էրդողանն ու փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը: Խոսելով Սիրիական հակամարտության մասին՝ Էրդողանը հայտարարեց. «Մենք աչք չունենք Սիրիայի տարածքի մեկ կտորի վրա: Մենք 20 մլն քառակուսի կիլոմետրից 780 հազ. կմ2 փոքրացած երկիր ենք: Ներկայում մենք աչք չունենք որևէ մեկի հողերի վրա: Ջերաբլուսում զուլումի էին ենթարկվում թուրքմեններն ու արաբները: Մենք չէինք կարող անտարբեր գտնվել: Մեր տարածքը կազմում է 780 հազ. կմ2 , սակայն մեր սրտերը շատ ավելի լայն են, քան տարածքները»: Նուման Քուրթուլմուշը, Չիկագոյում մասնակցելով Հյուսիսային Ամերիկայի իսլամական հանրության (ISNA) 53-րդ կոնգրեսին, հայտարարեց. «Թուրքիան իսլամական աշխարհի սիրտն է։ Թուրքիան՝ որպես սելջուկյան և օսմանյան պետությունների ժառանգորդ, շարունակելու է համայն աշխարհում պաշտպանել մուսուլմանների իրավունքները»:

UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում սեպտեմբերին ընդգրկվեց ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող 10 օբյեկտ: UNESCO-ի այդ ցուցակում ընդգրկվեց մասնավորապես Վանի ամրոցը (դրանից առաջ՝ Անիի ավերակները): Այդպիսով UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում արդեն իսկ ընդգրկվել է Թուրքիայի տարածքում գտնվող 70 օբյեկտ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր