• am
  • ru
  • en
Версия для печати
02.11.2016

ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է ԿԱՆԽԱՏԵՍԱԾ 3,2 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ

   

Խորհրդարանում մեկնարկել են 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները:

Առաջին իսկ պահից ակնհայտ դարձավ, որ գարնանը սպասվող խորհրդարանական ընտրություններն իրենց ազդեցությունն ունեն այս քննարկումների վրա. նախընտրական տրամադրությունների մեջ գտնվող պատգամավորների հարցադրումները ոչ այնքան տնտեսական էին, որքան քաղաքական: Իզուր չէ, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հորդորեց արդյունավետ քննարկում ծավալել, որպեսզի հնարավոր լինի գալիք տարվա համար ունենալ բյուջետային ռեսուրսների օգտագործման հնարավորինս նպատակային եւ օպտիմալ ծրագիր:

Տնտեսագիտական շրջանակները եւս խորհուրդ են տալիս ավելի սթափ վերաբերվել երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթղթին եւ տալ զուտ մասնագիտական գնահատականներ:

Մեզ հետ զրույցում տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը, շրջանցելով քաղաքական ենթատեքստ պարունակող բոլոր հարցերը, այս պահին կարեւորեց մասնագիտական կարծիքների հնչեցումը. «Այժմ շատ կարեւոր է, որ խոսեն մասնագետները, նրանց կարծիքները լինեն օբյեկտիվ եւ առաջարկեն հստակ քայլեր, այլ ոչ թե ընդամենը նկատեն պատնեշներն ու ոչինչ չասեն: Եթե տեսնում են պատնեշներ, ուրեմն պետք է առաջարկեն լուծումներ դրանք հաղթահարելու համար: Սա է մասնագետի առաքելությունը»:

-Կառավարությունը 2017 թվականի համար ծրագրում է ապահովել ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճ։ Այս առնչությամբ վարչապետն ասաց, թե նշված ցուցանիշին հասնելու համար բավական ջանքեր կպահանջվեն, բայց իրենք ամեն ինչ կանեն այն ապահովելու համար: Նման տնտեսական աճն իրատեսական համարո՞ւմ եք:

-Կարծում եմ` իրատեսական է: Բայց նպատակահարմար է միջանկյալ կանխատեսում եւս անել: Այսինքն` պետք է հաշվի առնել իրավիճակը, որ այս կանխատեսումը հնարավոր է՝ որոշակի շեղումներ ունենա: Այդ պարագայում պետք է պատրաստ լինենք, եթե տնտեսության զարգացումն այլ ընթացք ունեցավ: Պետք է իմանալ` ի՞նչ կանխարգելիչ քայլեր իրականացնել, երբ 3,2-ի փոխարեն 2 տոկոս աճ ունենանք:

Համակարծիք եմ վարչապետի հետ, իրոք, լուրջ ջանքեր են պահանջվելու հիշյալ ցուցանիշն ապահովելու համար, եւ այդ ճանապարհին առաջին հերթին կառավարությունից համակարգային լուծումներ են պահանջվելու:

-2017-ին ակնկալվող 3,2 տոկոս տնտեսական աճը գործադիրի ղեկավարը պայմանավորեց երկու գործոնով. առաջինը համեմատաբար դրական արտաքին միջավայրն է, նաեւ Ռուսաստանի տնտեսական վիճակի կայունացումը, ինչի մասին կանխատեսում են նաեւ միջազգային ֆինանսական կառույցները, եւ երկրորդ գործոնը հայրենի կառավարության գործողություններն են:

-Իսկապես, նախ շատ կարեւորում եմ երկրորդ գործոնը` մեր կառավարության վճռականությունը, ինչը մենք արդեն նկատում ենք: Կարեւոր հանգամանք եմ համարում կառավարության համակարգված գործողությունն ու համապատասխան առանցքային քայլերը, որոնք պետք է կատարվեն չորս ուղղությամբ:

Առաջինը հարկաբյուջետային քաղաքականության մեջ ճշգրտման իրականացումն է: Մասնավորաբար, բազմիցս եմ ասել, որ մենք չպետք է նպաստենք զուտ հումքի արտահանմանը, այլ պետք է խրախուսենք գոնե կիսաֆաբրիկատների արտահանումը, որը պարունակում է շատ ավելի մեծ ավելացված արժեք եւ հնարավորություն է տալիս ստեղծել նոր աշխատատեղեր:

-Ի դեպ, հարկաբյուջետային քաղաքականության իրականացման առնչությամբ վարչապետն իր խոսքում հստակ շեշտեց, որ այն պետք է լինի թափանցիկ եւ հրապարակային, հասկանալի յուրաքանչյուր հարկատուի եւ հասարակության անդամի համար:

-Լիովին համակարծիք եմ, քանի որ սա նպաստելու է ե՛ւ կոռուպցիայի դեմ պայքարին, ե՛ւ բյուջետային եկամուտների լրացմանը: Թափանցիկությունը նաեւ նպաստում է բիզնեսի զարգացմանը, ու դա հայտնի է բոլորին:

Երկրորդը դրամավարկային քաղաքականության մեջ կատարվելիք փոփոխությունն է: Այստեղ պետք է կատարվեն, այսպես ասած, շեշտադրված փոփոխություններ, երբ ընտրվում են առանցքային հարցերը եւ համապատասխան փոփոխություններ են կատարվում:

Երրորդը էներգակիրների գնագոյացման հարցում իրականացվող քաղաքականությունն է: Ես առիթ ունեցել եմ ասելու, որ էներգակիրների գների իրատեսական նվազումը, երբ այն չի խաթարի էներգամատակարար կազմակերպությունների գործունեությունը, ոչ միայն սոցիալական խնդիրներ է լուծում, այլեւ բարձրացնում է երկրի մրցունակությունը:

Չորրորդը կոռուպցիայի դեմ պայքարն է։ 167 երկրների ցանկում մենք գտնվում ենք 95-րդ տեղում: Սա նշանակում է, որ մեր ապրանքների գներն իրենց մեջ ունեն մոտ 10 տոկոս կոռուպցիոն մաս: Իսկ այն ապրանքները, որոնք մենաշնորհային բնույթ ունեն, դրանցում կոռուպցիոն բաղադրիչն ավելի բարձր է:

Եթե կարողանանք լուրջ պայքար մղել կոռուպցիայի դեմ ու լինել հարաբերականորեն «մաքուր»` չկոռումպացված 60 երկրների ցանկում, դա ոչ միայն հնարավորություն կստեղծի լրացուցիչ ներդրումների համար, այլեւ կխթանի երկրի մրցունակության բարձրացումը, երկրի տնտեսական աճը:

Թվարկածս չորս ուղղություններն առանցքային են, եւ դրանց իրականացման համար պետք է հստակ քայլեր կատարվեն:

Ինչ վերաբերում է արտաքին գործոններին, ապա մենք դրանց վրա շատ ավելի մեծ ուշադրություն ենք սեւեռում, մինչդեռ առավել կարեւոր են մեր ներքին խնդիրներն ու դրանց լուծումը: Ի դեպ, պետք է նկատի ունենանք, որ ներքին խնդիրների ներուժը ընդհանուրի մեջ կազմում է 2/3-ը, այսինքն` մոտ 67 տոկոս: Այնպես որ եթե մեզ հաջողվի թվարկածս չորս ուղղություններով լուծել մեր ներքին խնդիրները, ապա կկարողանանք ապահովել գերակշիռ մասի առաջընթացը:

Իսկ արտաքին խնդիրների առնչությամբ ասեմ հետեւյալը. միջազգային շուկայում էներգակիրների գների կայունացում է տեղի ունեցել, որոշակի չափով ամրացել է ռուսական ռուբլին, կա տնտեսական հարաբերությունների զարգացումը Իրանի հետ, Վրաստանի հետ ամրապնդվում է մեր տնտեսական համագործակցությունը, եւ այս ամենը, իհարկե, կնպաստեն համախառն ներքին արդյունքի աճին:

Ինտեգրացիոն գործընթացները եւս մեր երկրի տնտեսական աճի համար լայն հնարավորություն են ստեղծում: Բայց դրա հետ մեկտեղ մեր հույսը չպետք է դնենք միայն ինտեգրացիոն գործընթացների վրա: Քանի որ դա կարող է ապահովել մոտ 1-1,5 տոկոս լրացուցիչ տնտեսական աճ, իսկ քայլ առ քայլ 7 տոկոսանոց աճի հասնելու համար լրացուցիչ 3 տոկոսը պետք է ապահովենք ներքին գործոնների բարելավմամբ: Սա է խնդիրը:

Ամփոփելով միտքս` կրկին շեշտեմ, որ արտաքին գործոնները, իհարկե, իրենց դերն ունեն, բայց ներքին խնդիրների լուծումը ոչ պակաս կարեւոր եմ համարում:

-Վարչապետ Կարապետյանը նշեց, թե 2017թ. բյուջեի հիմքում ծախսերի առումով մաքսիմալ կոշտ քաղաքականություն է դրվել: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

-Խնդիրը շատ հստակ է դրված: Սա ես կանվանեմ ծախսերի մաքսիմալ ուղղորդվող քաղաքականություն, այսինքն` ծախսերը կլինեն հստակ ու նպատակասլաց, ըստ իս, սա է կառավարության որդեգրած կոշտ քաղաքականության հիմքը: Դա նպաստավոր է ե՛ւ բյուջեի կատարման առումով, նաեւ ծախսերի արդյունավետության առումով, ե՛ւ իհարկե` տնտեսական աճի ապահովման համար:

-Եվ վերջապես, բյուջեի կազմման հիմքում, ըստ վարչապետի, դրվել են տնտեսությունը չխեղդող, բայց միաժամանակ հարկ/ՀՆԱ հարաբերակցությունը մեծացնող կանխատեսումներ:

-Այս մոտեցման առնչությամբ կասեմ հետեւյալը. այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ են ոչ միայն ծրագրեր, որոնք ընդամենը ուղեցույց են, այլ կպահանջվի նաեւ կառավարման արվեստ: Կարծում եմ՝ սրա իրականացման հնարավորությունն ունի մեր կառավարությունը: Առ այսօր կառավարության իրականացրած քայլերը նման հույսեր են ներշնչում:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

http://www.armworld.am/detail.php?paperid=5425&pageid=164634&lang=


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր