ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2016Թ. ՀՈՒՆԻՍ)
Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ
Պայթյուններ - Հունիսին Թուրքիայում շարունակվեց պայթյունների շարքը: Հունիսի 7-ին Ստամբուլի Բեյազիթ թաղամասում ոստիկանական ավտոբուսի դեմ իրականացվեց ռմբային հարձակում: Հետագայում հաղորդվեց, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը՝ կիրառելով 400 կիլոգրամանոց պայթուցիկ: Դրա հետևանքով զոհվեց 13 մարդ, որոնցից 5-ը՝ ոստիկաններ, 7-ը՝ քաղաքացիական անձինք, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչը: Բացի այդ, վիրավորվեց 36 մարդ: Պայթյունից վնասվեցին հարակից շինություններն ու ավտոմեքենաները: Ուշագրավ է, որ հարձակումն իրականացվել էր 2015թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից ուղիղ մեկ տարի անց:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Ստամբուլի կենտրոնում կատարված պայթյունի հետևում կանգնած է «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK)՝ ընդգծելով, որ խոշոր քաղաքներում հարձակումներ իրականացնելը PKK-ի անդամների «սովորական մարտավարությունն» է: Էրդողանի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը նույնպես հայտարարեց, որ Ստամբուլի ահաբեկչությունը, ըստ ամենայնի, իրականացրել է PKK-ը: Սակայն դրանից օրեր անց ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց «Քրդստանի ազատագրման բազեներ» (ТАК) խմբավորումը՝ զբոսաշրջիկներին զգուշացնելով, որ Թուրքիան այլևս անվտանգ երկիր չէ նրանց համար: PKK-ն իր հերթին հերքեց Ստամբուլի ահաբեկչության հետ կապ ունենալը՝ հայտարարելով, որ ահաբեկչություններ չի իրականացնում խաղաղ բնակչության դեմ, առավել ևս՝ պատահական մարդկանց դեմ, որոնցից շատերը նույնիսկ Թուրքիայի քաղաքացիներ չեն և որևէ առնչություն չունեն թուրքական օկուպացիայի դեմ իր պայքարի հետ. «Մենք արդար պայքար ենք մղում միայն թուրք զինվորականների ու հատուկջոկատայինների դեմ, կռվում ենք լեռներում, որտեղ հարձակվում ենք օկուպացիոն ուժերի վրա, այլ ոչ թե պայթյուններ իրականացնում օդանավակայաններում և այլ խաղաղ օբյեկտներում»:
Ստամբուլի ահաբեկչության հաջորդ օրն իսկ մեկ այլ խոշոր պայթյուն տեղի ունեցավ Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Մարդինի նահանգի Միդյաթ քաղաքում: Տեղի ոստիկանության շենքի մեջ մխրճվեց պայթուցիկով լի ավտոմեքենա: Պայթյունի հետևանքով զոհվեց 5 և վիրավորվեց 51 մարդ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հարձակման պատասխանատվությունը դրեց PKK-ի վրա. «Մարդասպանը PKK-ն է, ինչը մեզ չի ապշեցնում»: Հունիսին մի շարք պայթյուններ գրանցվեցին նաև Թուրքիայի արևելքում ու հարավ-արևելքում գտնվող քրդաբնակ այլ շրջաններում, որոնք համարվում են ռազմական գործողությունների թեժ գոտի (Մարդինի նահանգի Նուսայբին շրջան, Թունջելի նահանգի Օվաջըք շրջան): Բացի այդ, հաղորդվեց Թուրքիայում մի շարք ահաբեկչությունների կանխման մասին (Ստամբուլի, Դիարբեքիրի նահանգներ): Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ վերջին 11 ամսում Թուրքիայում պայթեցվել են պայթուցիկով լեցուն բազմաթիվ ավտոմեքենաներ, ընդհանուր առմամբ՝ 51 տոննա պայթուցիկ:
Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Ֆարուք Չելիքը հունիսին հայտարարեց, որ Թուրքիան արգելում է ամոնիումի նիտրատ պարունակող պարարտանյութերի վաճառքը, քանի որ դրանք կարող են կիրառվել պայթուցիկ սարքերի պատրաստման մեջ: Նրա խոսքերով՝ վաճառքից արդեն իսկ հանվել է 64.000 տոննա պարարտանյութ, և նախարարությունն ուսումնասիրում է ազոտական պարարտանյութերին այլընտրանք առաջարկելու հարցը:
Հունիսի 28-ի ուշ երեկոյան 3 պայթյուն որոտաց, ինչպես նաև կրակոցներ հնչեցին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում: Դրա հետևանքով զոհվեց 45 և վիրավորվեց 236 մարդ: Թուրքական մամուլի պնդմամբ՝ երկրի հետախուզական ծառայություններն իշխանություններին միջադեպից դեռ 20 օր առաջ էին զգուշացրել Ստամբուլում պատրաստվող ահաբեկչությունների մասին: Ահաբեկչությունից հետո Թուրքիայում հայտարարվեց մեկօրյա ազգային սուգ: Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական չորս ուժերը՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ), քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ), հանդես եկան հայտարարությամբ, որում դատապարտեցին Աթաթուրքի անվան օդանավակայանի ահաբեկչությունը: Պայթյունից հետո Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ նախնական տեղեկությունները ցույց են տալիս, որ օդանավակայանի հարձակման հետևում կանգնած է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: Էրդողանն էլ դատապարտեց այդ հարձակումը՝ ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ այն կատարվել է սուրբ Ռամադան ամսին, ինչը վկայում է, որ ահաբեկիչները չունեն որևէ սուրբ բան, այդ թվում նաև՝ կրոն:
Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչությունից հետո թուրքական մամուլը գրեց, որ վերջին 34 տարում Թուրքիայի օդանավակայաններում գրանցվել է հարձակման 3 դեպք՝ ներառյալ Ստամբուլում Աթաթուրքի անվան օդանավակայանում կատարված հարձակումը: Առաջին դեպքը գրանցվել է 1982թ. Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում, իսկ երկրորդը՝ 2015թ. դեկտեմբերի 23-ին, Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում: Առաջին հարձակումը 1982թ. օգոստոսի 7-ին իրականացրել են ASALA-ի մարտիկներ Լևոն Էքմեքչյանը և Զոհրաբ Սարգսյանը, որոնք ներկայացվում են որպես «ահաբեկիչներ»: Թուրքական մամուլը նաև գրեց, որ Թուրքիայում 2015թ. հունիսի 7-ից մինչև 2016թ. հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 10 ահաբեկչություն, որոնք խլել են մոտ 250 մարդկային կյանք և յուրաքանչյուր հարձակումից հետո իշխանությունները ԶԼՄ-ներին արգելել են մանրամասներ հայտնել և տեսանյութեր հրապարակել:
Ստամբուլի օդանավակայանի պայթյունի հետ կապված կան մի շարք ուշագրավ դրվագներ, որոնց հարկ է անդրադառնալ: Նախ հատկանշական է դրա ժամկետը՝ հունիսի 28-ի ուշ երեկոյան: Հայտնի է, որ հունիսի 29-ը շատ կարևոր օր է թե՛ ԻՊ-ի, թե՛ Թուրքիայի քրդերի համար: ԻՊ-ի համար այդ օրը կարևոր է նրանով, որ 2014թ. հունիսի 29-ին ԻՊ-ը հայտարարել է իր խալիֆաթի հռչակման մասին: Ինչ վերաբերում է Թուրքիայի քրդերին, ապա ուղիղ 17 տարի առաջ՝ 1999թ. հունիսի 29-ին, թուրքական դատարանը մահվան դատապարտեց PKK-ի հիմնադիր ու առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, որն ավելի ուշ փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ: Բացի այդ, 1925թ. հունիսի 29-ին Թուրքիայում մահապատժի ենթարկվեց քուրդ առաջնորդ, ապաստամբական շարժման ղեկավար շեյխ Սայիդը: Ելնելով այս ամենից՝ կարելի է եզրակացնել, որ ահաբեկչության կազմակերպիչներին նախապես հայտնի է եղել, որ ահաբեկչությունից հետո հիմնական սլաքները կուղղվեն կա՛մ ԻՊ-ի, կա՛մ Թուրքիայի քրդերի ուղղությամբ: Ուշագրավ է, որ ցայժմ ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: Էրդողանը հայտարարել է, որ պայթյունի ժամանակ երևում է ԻՊ-ի ձեռագիրը, նրա կիրառած մեթոդները: Թուրքիայի նախագահը, ըստ ամենայնի, այստեղ նկատի ունի հենց օդանավակայանում պայթյուն կազմակերպելը, և հաշվի առնելով ընթացիկ տարվա մարտի վերջին ԻՊ-ի կողմից Բրյուսելի օդանավակայանում իրականացրած պայթյունը՝ կարելի է կարծել, որ այդ գործոնը նույնպես ծառայելու էր նրան, որ սլաքներն ուղղվեն դեպի ԻՊ: ԻՊ-ը, սակայն, ոչ միայն չստանձնեց Ստամբուլի օդանավակայանի պատասխանատվությունը, այլև նրան մոտ կանգնած ԶԼՄ-ները հերքեցին այդ մեղադրանքը: Ավելին, ԻՊ-ը ցայժմ երբևէ չի ստանձնել Թուրքիայում կատարված ահաբեկչությունների պատասխանատվությունը: Բացի այդ, ԻՊ-ն արագորեն ստանձնեց Ստամբուլից հետո մի շարք այլ երկրներում (Բանգլադեշ, Սաուդյան Արաբիա, Իրաք) կատարված ահաբեկչությունների պատասխանատվությունը (անգամ կարծիքներ կան, որ ԻՊ-ն իր հզորությունն ի ցույց դնելու համար երբեմն ստանձնում է այնպիսի ահաբեկչությունների պատասխանատվությունը, որոնց հետ նա իրականում առնչություն չունի): Ամեն դեպքում չպետք է բացառել նաև ԻՊ-ի կողմից Ստամբուլի օդանավակայանի պայթյունը կազմակերպելու տարբերակը՝ հաշվի առնելով, որ Թուրքիայի հետ ընդհանուր սահմանից զրկվող ԻՊ-ը սկսել է Անկարայի համար կորցնել իր նշանակությունը, կարևորությունը, անհրաժեշտությունը, որ Թուրքիան այժմ սկսել է ավելի շատ բևեռվել «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման վրա, որպեսզի նրա միջոցով կասեցնի Սիրիայի քրդերի հաղթարշավը դեպի Միջերկրական ծով:
Սակայն առավել հավանական կարելի է համարել այն, որ Ստամբուլի օդանավակայանի պայթյունը կարող էին կազմակերպած լինել հենց Թուրքիայի հատուկ ծառայությունները: Արդեն իսկ նշվեց, որ պայթյունի դեպքում դրա թիվ մեկ կասկածյալներ պետք է դառնային ԻՊ-ը, Թուրքիայի քրդերը, ինչպես նաև ձախ ծայրահեղական «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական ճակատը» (DHKP-C), որին բնորոշ է մահապարտ ահաբեկիչներ օգտագործելը: Կասկածի տեղիք է տալիս նաև այն, որ պայթյունից հետո ընդդիմադիր ԺՀԿ, ԺԴԿ, ԱՇԿ կուսակցությունները հանդես եկան վերջին շրջանի ահաբեկչությունները հետազոտելու մասին առաջարկով, սակայն, իշխող ԱԶԿ-ն քվեարկության ժամանակ մերժեց այդ առաջարկը: Նրանց հետաքրքրել է, թե ինչով են զբաղված երկրի ներքին գործերի նախարարը, հետախուզությունը, անվտանգության մարմինները, որ շարունակ գրանցվում են նման ահաբեկչություններ:
Իսկ ի՞նչ կարող էր Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչությունը տալ Թուրքիայի իշխանություններին: 1) Նախևառաջ ահաբեկչությունը գրանցվեց այն բանից մեկ օր անց, ինչ Կրեմլը հայտնեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Էրդողանի հղած նամակի մասին, որում առկա է «ներողություն» բառը: Դա որոշակի դժգոհություն առաջացրեց Թուրքիայում (ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարեց, թե ով է Էրդողանը, որ ներողություն խնդրի Թուրքիայի անունից): Եվ ահա Ստամբուլի ահաբեկչությունը թուրք հասարակության ուշադրությունը մեծապես շեղեց Էրդողանի նամակից ու դրա հետևանքներից: 2) Ստամբուլի ահաբեկչությունը պարարտ հող ստեղծեց ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցման համար: Վլադիմիր Պուտինը նախաձեռնեց հեռախոսազրույց Էրդողանի հետ և ցավակցեց նրան օդանավակայանի պայթյունի համար: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր հերթին ցավակցեց Բինալի Յըլդըրըմին: Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչությունը նպաստեց ռուս-թուրքական հարաբերությունների միջև սառույցի է՛լ ավելի հալչելուն: 3) Եվ վերջապես պետք է հիշել, որ վերջին շրջանում զգալի մեկուսացման մեջ գտնվող Թուրքիան կարիք ուներ միջազգային հանրության աջակցության, նա շարունակ դժգոհում էր, որ միջազգային հանրությունը լայն արձագանք չի ցուցաբերում Թուրքիայում (Անկարա) իրականացված ահաբեկչություններին: Ինչպես հայտարարեց ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, համայն աշխարհը պայթյունից հետո համախմբվեց Թուրքիայի շուրջ:
Բռնություններ – Հունիսին թուրքական մամուլը գրեց, որ 2014թ.-ից Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակներում, որին Թուրքիայում որակում են «ահաբեկչական կազմակերպություն», «զուգահեռ կառույց» (FETÖ/PDY) ձերբակալվել է 4011 մարդ, որոնցից 882-ը կալանավորվել է: Այս տարի ձերբակալվածների թիվը հասել է 2211-ի, իսկ 2014-2015թթ. ձերբակալվել էր 1800 կասկածյալ, որոնցից մոտ 750-ը ոստիկան են, 80-ը՝ զինվորական: Հունիսին Իզմիրի դատախազը «զուգահեռ պետության» գործով 984 էջից բաղկացած մեղադրականում ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենի համար պահանջեց 217 անգամ ցմահ ազատազրկում:
Հունիսին Էրդողանը վավերացրեց պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքը, ինչից հետո այն հրապարակվեց Պաշտոնաթերթում (օրինագիծը Թուրքիայի խորհրդարանում ընդունվել էր մայիսի 20-ին): Դրանից հետո Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարեց, որ դատախազությանն ուղարկվել են պատգամավորական անձեռնմխելիության զրկման մասին 117 թղթապանակ, որոնք առնչվում են 152 պատգամավորի, որ արդեն իսկ բաց է նրանց դատարանի առջև կանգնեցնելու ուղին (ԺԴԿ համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին սպառնում է 2 ցմահ և 486 տարվա ազատազրկում): Հունիսին Թուրքիայի Սահմանադրական դատարանը (ՍԴ) մերժեց պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու մասին օրենքի ընդունման կապակցությամբ ԺՀԿ-ի ու ԺԴԿ-ի բողոքը: ԺԴԿ համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը դատապարտեց այդ որոշումը՝ ընդգծելով, որ ՍԴ-ն գործել է պատմական սխալ՝ կայացնելով երկրի Սահմանադրության ոգուն հակասող որոշում. «Մեկ հույս ունեինք, այն էլ կորցրինք: Նմանատիպ որոշումներից Թուրքիան է տուժում»: ԺԴԿ-ը պատգամավոր Մերալ Դանիշը հայտարարեց, որ իրենք դիմելու են ՄԻԵԴ:
ԺԴԿ-ը նաև առանձին հայտարարություն տարածեց, որում նշեց, որ պատգամավորների անձեռնմխելիության վերացման մասին օրենքի ընդունումն ուղղված է երկրի քաղաքական կյանքից իր հեռացմանը. «Թուրքիայում գործարկվել է հակասահմանադրական մեխանիզմ, որն ուղղված է մեր պատգամավորներին խորհրդարանական ժողովրդավարական գործընթացից բացառելուն: Մենք այն դիտարկում ենք որպես 2015թ. հունիսի 7-ի ընտրություններում ԺԴԿ-ի հաջողության համար հիշաչար վրիժառություն, ինչն ԱԶԿ-ին խանգարել է ձևավորել միակուսակցական կառավարություն և խոչընդոտել է նախագահական համակարգի ճանապարհին Էրդողանի հավակնություններին: Էրդողանն օրինագիծը հավանության արժանացրեց այն բանից հետո, ինչ իր հրամանով վերջերս կադրային փոփոխություններ կատարվեցին դատական համակարգում, որոնք առնչվեցին ավելի քան 3000 դատավորի ու դատախազի: Մենք կասկածում ենք, որ Էրդողանն օրենքը վավերացրել է դատական համակարգում անհրաժեշտ միջոցներ ընդունելուց հետո, որպեսզի կարողանա վերահսկել պատգամավորներին պատասխանատվության ենթարկելու դատական գործընթացը»:
Հունիսին Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ Թուրքիան անցում է կատարելու կառավարման նախագահական համակարգին, և բացի այդ, երկրում ընդունվելու է նոր Սահմանադրություն: Յըլդըրըմը քաղաքական կոռեկտություն չհամարեց Թուրքիայի նախագահից պահանջելը, որ նա չմիջամտի քաղաքական գործերին՝ հայտարարելով, որ Թուրքիայի գործող Սահմանադրությունը չի համապատասխանում երկրի շահերին: Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Մեհմեթ Ուչումն էլ հայտարարեց, որ կառավարությունը ցանկանում է պարզեցնել սահմանադրության 110-120-րդ հոդվածները և ընդհանրապես 1/3-ով կրճատել սահմանադրության մեջ տեղ գտած հոդվածները. «Նոր սահմանադրության նախագիծը հանրությանը կներկայացվի հուլիսին, իսկ խորհրդարանին կներկայացվի դեկտեմբերին: Նոր սահմանադրությունից դուրս են մնալու (ԹՀ հիմնադիր) Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի սկզբունքներն ու գաղափարները, համապատասխան փոփոխություններն առնչվում են մասնավորապես 2-րդ, 42-րդ, 58-րդ, 81-րդ, 103-րդ և 134-րդ հոդվածներին: Պատգամավորների թիվը 550-ից կարող է նվազեցվել 450-ի»:
ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն դատապարտեց կառավարման նախագահական համակարգին անցում կատարելու Էրդողանի ձգտումը. «Նրա դարդը ոչ թե նախագահական համակարգն է, այլ՝ իր և ընտանիքի համար ցմահ անձեռնմխելիություն ապահովելը: Այդպիսով նա երբևէ չի կանգնի դատարանի առջև»: Ավելի վաղ Էրդողանը հավաստիացրել էր, որ նախագահական համակարգին անցում կատարելը «անհրաժեշտություն է» և «բխում» է ոչ թե իր անձնական, այլ ժողովրդի շահերից, քանի որ այն Թուրքիան կդարձնի ուժեղ պետություն: Քըլըչդարօղլուն նաև հայտարարեց, որ 2015թ. հունիսի 7-ից ցայսօր ահաբեկչության (PKK) դեմ պայքարում զոհվել է անվտանգության ուժերի 540 ներկայացուցիչ, ինչը շատ ավելին է՝ համեմատած 1974թ. Կիպրոսի ափհանման գործողության ժամանակ կրած կորուստների հետ:
Հունիսին Թուրքիայում քրեական գործ հարուցեցին ռեժիսոր Մուստաֆա Ալտիոկլարի դեմ, որին կասկածում են Էրդողանին վիրավորելու մեջ: Ալտիոկլարը, Twitter-ի իր միկրոբլոգում, մեկնաբանելով Օսմանյան կայսրության կողմից Կոստանդնուպոլսի գրավման 563-ամյակի կապակցությամբ իշխանությունների կազմակերպած հանդիսությունները, գրել էր. «Դուք չգիտե՞ք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն է փրկել Ստամբուլը, որը ձեր օսմանյան նախնիները մուրացկանություն անելով տվել էին նվաճողներին»: Դրա հետ կապված՝ դատախազությունը սկսել է հետաքննություն՝ ակնարկը համարելով որպես վիրավորանք գործող նախագահին, ինչպես նաև՝ հասարակության մեջ ատելություն սերմանելու փորձ:
Հունիսին թուրքական դատարանը երկրի քաղաքացի Ռիֆաթ Չեթինին դատապարտեց մեկ տարի պայմանական ազատազրկման՝ Էրդողանին «Մատանիների տիրակալի» կերպար Գոլումի հետ համեմատելու համար: 2014թ. Facebook-ի իր էջում կողք կողքի տեղադրել էր Էրդողանի և Գոլումի մի շարք նկարներ՝ դեմքի նույն արտահայտությամբ: Չեթինը մտադիր է դիմել Վերաքննիչ դատարան, քանի որ իր արարքի պահին Էրդողանը եղել է երկրի ոչ թե նախագահը, այլ վարչապետը (թուրքական օրենքների համաձայն՝ նախագահին վիրավորելու համար նախատեսվում է մինչև 4 տարվա ազատազրկում):
Հունիսին հաղորդվեց, որ Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի դեմ մահափորձ կատարած անձին սպառնում է 4-11 տարվա ազատազրկում: Խոսքը Մուրաթ Շահինի մասին է, ով դատական նիստի ժամանակ զինված հարձակում էր կատարել Դյունդարի նկատմամբ, սակայն նա չէր տուժել: Շահինը հարձակման ժամանակ Դյունդարին անվանել էր «հայրենիքի դավաճան»: Ջան Դյունդարը հունիսին գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթի հետ զրույցում հայտարարեց, որ Թուրքիան իրենց երկիրն է և չի պատկանում Էրդողանին: Խոսելով լրագրողների ազատության հարցում առկա խնդիրների մասին՝ Դյունդարը նշեց, որ Թուրքիայում Դամոկլեսյան սուրը մշտապես կախված է իրենց գլխին, ինչը դրսևորվում է գրաքննության, սպառնալիքների, հայցերի, հարձակումների տեսքով, որոնք ողջ երկրում ստեղծել են վախի մթնոլորտ. «Սա մեր երկիրն է, և ես չեմ ցանկանում, որ տիրի բռնապետություն»: Դյունդարը հիշեցրել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից Թուրքիա վերջին այցից առաջ նամակ է հղել նրան՝ խնդրելով հանդիպել նաև թուրքական ընդդիմության հետ, սակայն Մերկելը չի արձագանքել: Դյունդարը ցավով է նկատել, որ Եվրոպայի առաջնորդներն աջակցում են Էրդողանին այն ժամանակ, երբ Թուրքիայում պատմական պայքար է ծավալվել դեմոկրատների ու ավտոկրատների միջև:
Հունիսին թուրքական դատախազությունը պատրաստեց 2003թ. Թուրքիայում ծրագրված Balyoz («Մեծ մուրճ») զինվորական հեղաշրջման բացահայտման գործով կասկածյալների մեղադրական եզրակացությունը: Կալանքի տակ գտնվող Մեհմեթ Բարանսուի և ընդհատակում թաքնվող Թունջայ Օփչիի համար պահանջվում է 35-75 տարվա ազատազրկում, իսկ մյուս կասկածյալներ Ահմեթ Ալթանի, Յասեմին Չոնգարի ու Յըլդըրայ Օղուրի համար՝ 20-52.5 տարվա ազատազրկում: 5 կասկածյալների մեղադրական եզրակացությունը կազմում է 276 էջ: Նրանք մեղադրվում են Ստամբուլում տեղակայված 1-ին բանակի շտաբի «գաղտնի» և «հույժ գաղտնի» փաստաթղթերը հրապարակելու համար:
Հունիսին հայտնի դարձավ, որ Թուրքիայում լեգենդար ֆուտբոլիստ համարվող (ֆուտբոլային ընտրանու լավագույն ռմբարկու), նախկին պատգամավոր Հաքան Շուքյուրը լքել է երկիրը և տեղափոխվել է ԱՄՆ: Շուքյուրը պետք է ներկայանար դատարան, սակայն նրա փաստաբանը հայտարարել է, որ նա արդեն ԱՄՆ-ում է: Հաքան Շուքյուրը մեղադրվում է 2015թ. փետրվարի 12-ին Twitter-ի իր միկրոբլոգում գյուլենականների հալածանքները դատապարտելիս Էրդողանին վիրավորելու համար: Նշենք, որ 2013թ. վերջին «Մեծ կաշառք» գործից հետո ԱԶԿ-ական մի շարք պատգամավորներ, այդ թվում նաև Հաքան Շուքյուրը լքեցին նրա շարքերը` դառնալով անկախ պատգամավորներ։ Էրդողանը Շուքյուրին կոչ էր արել վայր դնել մանդատը՝ հիշեցնելով, որ խորհրդարանում հայտնվել է ԱԶԿ-ի միջոցով, սակայն Շուքյուրը մերժել էր նրան։
Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) հունիսին տուգանեց մի շարք հեռուստաալիքների՝ Էրդողանին վիրավորելու համար: RTÜK-ը պատժեց Can Erzincan, Habertürk, NTV, Ulusal, CNN Türk, Bengütürk և Halk Tv հեռուստաալիքներին՝ մայիսի 24-ին ԺՀԿ խորհրդարանական խմբակցության ժամանակ Էրդողանին վիրավորող խոսքերն ուղիղ եթերով հեռարձակելու (ռադիոյի և հեռուստահեռարձակման 8-րդ հոդվածը խախտելու) համար: Բացի այդ՝ պատժվել է HTV Hayat հեռուստաալիքը, որի եթերում տեղ էր գտել Գերմանիայում հեռուստաալիքներից մեկով հեռարձակված և Էրդողանին վիրավորող տեսահոլովակ:
Հունիսին Էրդողանը հայտարարեց, որ մտադիր է կյանքի կոչել Ստամբուլի կենտրոնում Գեզի այգու վերակառուցման ծրագիրը: Էրդողանի խոսքերով՝ անհրաժեշտ է քաջություն դրսևորել և ավարտին հասցնել նախագիծը, որպեսզի «վերադարձվի Թուրքիայի պատմական ժառանգությունը»։ Վերակառուցումը ենթադրում է մզկիթի կառուցում, օպերային թատրոնի և Օսմանյան կայսրության դարաշրջանի զինվորական կացարանների կրկնօրինակների կառուցում: Քեմալ Քըլըչդարօղլուն դատապարտեց Գեզի այգու կառուցապատման ծրագրին վերադառնալու Էրդողանի ցանկությունը՝ հիշեցնելով, որ 3 տարի առաջ դրա պատճառով Թուրքիայում անցկացվել են բողոքի զանգվածային ակցիաներ. «Նա 3 տարի անց կրկին օրակարգ է բերում Գեզի այգու հարցը: Էրդողանը ցանկանում է գործը հասցնել քաղաքացիական պատերազմի»:
Հունիսին ԺԴԿ հայ պատգամավոր Գարո Փայլանը դատապարտեց Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության առջև կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների պահվածքը: Խոսքը մոտ 200 անձանց մասին է, որոնք իրենց հետ ունեցել են այլատյացություն քարոզող պաստառներ, ինչը Փայլանը որակել է որպես քրեորեն պատժելի արարք: Փայլանը բողոք է հղել Ստամբուլի դատախազությանը՝ այդ անձանց կողմից ակցիայի ժամանակ հակահայկական («Ամենալավ հայը մեռած հայն է») կարգախոսներ հնչեցնելու համար և պահանջել է զբաղվել նրանց արարքով՝ «Ժողովրդի շրջանում ատելություն ու թշնամանք սերմանելու», «Սպառնալու», «Վիրավորելու» մեղադրանքով:
Հունիսին հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստի ժամանակ կասկածյալներից Մուհիթթին Զենիթը, ով սպանության ժամանակ աշխատել է Տրապիզոնի ոստիկանությունում, հայտարարեց, որ պատրաստվող սպանության մասին պետությանը գրավոր հայտնել է դրանից 10 ամիս առաջ: Հունիսին Թուրքիայի Իգդիր նահանգի Թուզլուջա շրջանում փոփոխություններ կատարվեցին 4 լեզվով գրված ցուցանակում, որի վրա հայերենով, անգլերենով, քրդերենով ու թուրքերենով գրված է եղել՝ «Բարի գալուստ», «Ցտեսություն»: Հայերեն գրության առկայությունը հարուցել է Իգդիրի նահանգում բնակվող ադրբեջանական արմատներով քաղաքացիների դժգոհությունը, ինչի պատճառով էլ հրշեջ ծառայության աշխատակիցները ցուցանակի վրայից հանեց հայերեն գրությունը: 4 լեզվով գրություններով ցուցանակը տեղադրվել էր 2015թ. սեպտեմբերին:
Հունիսին Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK) միաձայն մերժեց Էրդողանի համալսարանական դիպլոմի հարցով հետաքննություն անցկացնելու մասին դիմումը՝ ընդգծելով, որ դա չի մտնում իր գործառույթների մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանի դիպլոմը կարող է դառնալ նրա հրաժարականի պատճառ: Պաշտոնական տվյալներով՝ Էրդողանը 1981թ. ավարտել է Մարմարայի համալսարանի Տնտեսական և առևտրային գիտությունների ֆակուլտետը: Մարմարայի համալսարանից, սակայն, հայտնել են, որ նման անվանումով ֆակուլտետ համալսարանում երբևէ չի եղել, իսկ Տնտեսական և վարչական գիտությունների ֆակուլտետը հիմնադրվել է 1982թ.: ԺԴԿ-ը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Էրդողանի խնդրահարույց դիպլոմը՝ խոստանալով շարունակել իրավական պայքարը՝ Էրդողանի դիպլոմի կեղծ կամ իրական բնույթը պարզելու համար:
Հունիսին Taraf թերթի նախկին գլխավոր խմբագիր, թուրք հանրահայտ գրող ու մեկնաբան Ահմեդ Ալթանն Էրդողանին համեմատեց ամերիկացի գանգսթեր Ալ Կապոնեի հետ՝ նշելով, որ Թուրքիայի նախագահին բնորոշ են խոշոր հանցանքները և ոչ թե օրենքի մանր խախտումները, ինչպես որ եղել է հանրահայտ մաֆիոզի պարագայում. «Այսօրվա Թուրքիան նման է Չիկագոյին, որին իր ժամանակին կնախանձեր Ալ Կապոնեն: Մեր երկրում (Թուրքիա) էլ նույն վիճակն է (ինչպես 1920-1930-ական ԱՄՆ-ում). չկա օրենք: Այստեղ հեշտությամբ հանցանքներ են գործում, չեն հետապնդվում օրենքով, հանցագործներին չեն ենթարկում պատասխանատվության: Այստեղ ուժեղները ճնշում են թույլերին, ժողովուրդն ապրում է վախի մթնոլորտում»: Ալթանը հիշեցրել է, որ Ալ Կապոնեն գործել է սարսափելի հանցանքներ, սակայն նրա կործանման պատճառ դարձավ փոքր հանցանքը. ավազակն ազատազրկման դատապարտվեց հարկեր չվճարելու համար. «Էրդողանը քիչ հանցանքներ չի գործել, սակայն ինչպես և Ալ Կապոնեի դեպքում է, ոչ ոք ուշադրություն չի դարձնում հարաբերական «մանրուքների» վրա, ինչպես որ արեց հաշվապահը՝ հայտնաբերելով մեծ գանգսթերի կողմից հարկեր չվճարելը: Դրա համար էլ թուրքական ընդդիմությունը պետք է լուրջ ուշադրություն դարձնի Էրդողանի հնարավոր կեղծ դիպլոմի վրա»:
PKK – Հունիսին հաղորդվեց, որ Թուրքիայում մինչև տարեվերջ թե՛ ոստիկանության, թե՛ ժանդարմերիայի հատուկջոկատայինների թիվը կհասցվի 20.000-ի (ընդհանուր՝ 40.000): Համապատասխան որոշումն ընդունել են Թուրքիայի ՆԳՆ-ն ու Գլխավոր շտաբը՝ PKK-ի դեմ պայքարը թեժացնելու համար: Ներկա դրությամբ ոստիկանության հատուկջոկատայինների թիվը կազմում է 7800 (ուսուցման փուլում գտնվողների հետ միասին այն կկազմի 12.800), իսկ ժանդարմերիայի հատուկջոկատայինների թիվը ներկայումս կազմում է 13.500, ուսուցման փուլում է ևս 4000 մարդ:
Հունիսին Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ Թուրքիայում «չկա» էթնիկ հակամարտություն թուրքերի ու քրդերի միջև. «Թուրքիայում կա ահաբեկչության խնդիր, որի նպատակը երկրի մասնատումն է: Թուրքիան կպայքարի ահաբեկչության դեմ՝ ընդհուպ մինչև դրա արմատախիլ արվելը: Այսօր առաջնահերթությունը մեր քաղաքացիների համար ներքին կայունություն ու անվտանգություն ապահովելն է»: Էրդողանի տվյաներով՝ թուրք ուժայինները 2015թ. հուլիսի 20-ից ոչնչացրել են PKK-ի 7600 անդամի. «Ահաբեկչական կազմակերպությունը (PKK) կրել է խոշորագույն պարտությունն իր պատմության մեջ»:
Հունիսին Դեմիրթաշը զգուշացրեց, որ Թուրքիայում թուրքերի ու քրդերի միջև կարող է բռնկվել քաղաքացիական էթնիկ պատերազմ. «Այդ պատերազմը միմյանցից էլ ավելի կբաժանի քրդական ու թուրքական հասարակություններին: Բախումների պատճառով ավելի քան 500.000 քուրդ լքել է իր տունը, հազարավոր մարդիկ մնացել են անօթևան: Հիմնահատակ ավերվել է ավելի քան 10 բնակավայր, առաջին հերթին նրանց բնակիչներն են զգում մարդասիրական օգնության կարիք: Եթե ես ստիպված լինեմ դեմ առ դեմ բախվել Էրդողանի հետ հանուն խաղաղության, ապա ես պատրաստ եմ»: Նա զգուշացրել է, որ անհնար է խաղաղություն ունենալ Սիրիայում՝ առանց այն ունենալու Թուրքիայի հարավ-արևելքում, որովհետև Անկարան Թուրքիայի ու Սիրիայի քրդերին դիտարկում է որպես մեկ ամբողջություն:
Հունիսին Դեմիրթաշն ավելի մեծ աջակցություն խնդրեց Եվրոպայից՝ «Քրդական հարցի» լուծման համար։ Նա Ստրասբուրգում հանդիպումներ ունեցավ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդի, Մարդու իրավունքների հարցերով եվրահանձնակատար Նիլս Մույժնիեքսի հետ, իսկ Բրյուսելում՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ: Դեմիրթաշն այդ հանդիպումների ժամանակ հայտարարեց, որ Եվրոպան պետք է նախաձեռնի Թուրքիայում խաղաղության գործընթաց և չպետք է լուռ մնա Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների համար՝ հիշեցնելով, որ Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցություններ վարող երկիր է, Եվրախորհրդի հիմնադիր ու կարևոր անդամներից է, ինչի համար էլ Թուրքիայում մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերը պետք է մեծապես գտնվեն այդ կառույցների ուշադրության կենտրոնում։
Հունիսին Թուրքիայի ՍԴ-ը մերժեց Աբդուլլահ Օջալանի փաստաբանների դիմումը՝ կապված նրա գործով նոր դատավարություն անցկացնելու հետ: Օջալանի փաստաբանները տվյալ հարցում հենվել էին 2013թ. Թուրքիայում ընդունված դատական բարեփոխումների 4-րդ փաթեթի ընդունման վրա, սակայն ՍԴ-ն մերժեց նրանց: Դրանից հետո Օջալանի փաստաբանները նրա գործն ուղարկել են ՄԻԵԴ: Նրանց կարծիքով՝ 1999թ. Օջալանի գործով կայացվել է հակաիրավական վճիռ և անհրաժեշտ է չեղյալ հայտարարել այն:
Հունիսին ավարտվեց Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին շրջանում PKK-ի դեմ հատուկ գործողությունը, որը մեկնարկել էր մարտի 14-ից: Հունիսին Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը հանգեց այն եզրակացության, որ 2015թ. օգոստոսից Թուրքիայի արևելյան ու հարավարևելյան մի շարք շրջաններում պարետային ժամի ներդրումը սահմանադրական չէ. «Պարետային ժամի ներդրումը պետք է կապված լիներ արտակարգ դրության հետ: Դա նախատեսված է Թուրքիայի Սահմանադրության 119-րդ և 122-րդ հոդվածներով: Սակայն քրդաբնակ շրջաններում պարետային ժամը սահմանվել է առանց արտակարգ դրություն հայտարարելու: Դրա ներմուծումը հենվել է միայն տեղի ադմինիստրացիաների մասին օրենքի վրա, որը հնարավորություն է տալիս սեփական հայեցողությամբ որոշակի քայլեր ձեռնարկել անվտանգության ապահովման ուղղությամբ»: Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ևս մեկ անգամ վկայեց, որ Թուրքիայի իշխանությունները քրդական շարժումը ճնշելու ուղղությամբ չափից ավելի կոշտ միջոցներ են ձեռնարկում:
Հունիսին Թուրքիայի անվտանգության գլխավոր ծառայությունը զեկույց պատրաստեց PKK կողմից շարժական զենիթահրթիռային համալիրով Հաքքարի նահանգի Չուքուրջայի շրջանում մայիսի 13-ին Cobra տիպի մարտական ուղղաթիռ կործանելու վերաբերյալ: Թուրքիայի քրդաբնակ նահանգների անվտանգության ծառայություններին ուղարկված զեկույցում զգուշացվում էր, որ PKK-ն ունի 50 հրթիռ: Թուրքական մամուլի պնդմամբ՝ PKK-ն 1984թ. ցայժմ 3 անգամ է կործանել Թուրքիայի զինված ուժերի մարտական ուղղաթիռ: Առաջին դեպքը գրանցվել է 1997թ. մայիսի 18-ին, Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում, երկրորդ դեպքը՝ 2008թ. փետրվարի 24-ին Իրաքի հյուսիսում թուրքական բանակի ձեռնարկած գործողության ժամանակ: Իսկ երրորդ դեպքն էլ այս տարվա մայիսի 13-ին էր: Այն ժամանակ զոհվել էին ուղղաթիռի երկու օդաչուները:
PKK առաջնորդներից Ջեմիլ Բայըքը հունիսին հայտարարեց, որ Թուրքիան ռազմական գործողության միջոցով չի կարողանա հասնել իր նպատակին. «Թե՛ Թուրքիայի կառավարությունը, թե՛ PKK-ն չեն կարող ռազմական ճանապարհով հասնել իրենց նպատակներին: Թուրքիայի քրդերի խնդիրները կարելի է լուծել միայն քաղաքական ու ժողովրդավարական մեթոդներով: Ոչ ոք չի կարող քրդերին ոչնչացնել մշակութային ձուլման քաղաքականությամբ ու քրդերի զանգվածային սպանությամբ: Թուրքիայի քրդերի խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ճանաչել խնդրի առկայությունը, և եթե քայլ կատարվի, ապա մենք պատրաստ ենք ընդառաջ գնալ և նրանց պարզել մեր ձեռքը»:
PKK առաջնորդներից Մուրադ Քարայըլանն էլ, մեկնաբանելով Թուրքիայի քրդաբնակ շրջաններում իրականացվող ռազմական հատուկ գործողությունը և դրա հանգեցրած ավերածությունները, հայտարարեց. «Մենք պատմական գործընթացի մեջ ենք, որի ընթացքում Քուրդիստանը մեծ և հերոսական դիմադրություն է ցույց տալիս։ Քրդստանում առաջին անգամ գրանցվեց քաղաքային պատերազմ։ Այդ պատերազմի դրական կամ բացասական կողմերը կարելի է շատ քննարկել, սակայն վերջնական արդյունքը մեր պատմական դիմադրությունն ու հաղթանակն է»:
Հունիսին Թուրքիայի խորհրդարանն իրավական անձեռնմխելիություն շնորհեց երկրի արևելքում ու հարավ-արևելքում PKK-ի դեմ պայքարող ուժայիններին, որոնք այսուհետ ենթակա չեն քրեական հետապնդման՝ երկրի օրենսդրության դրույթները խախտելու համար: Բացառությունները հնարավոր են այն դեպքերում, եթե հետաքննությունը արտոնված է անմիջականորեն բարձրագույն զինվորական կամ քաղաքական ղեկավարության կողմից: Այդպիսով՝ բանակն ու հատուկ ծառայությունները ստանում են հավելյալ լիազորություններ, ընդլայնվում են ռազմական դատարանների իրավասության շրջանակները: Ընդգծվում է, որ նոր օրենքը կունենա հետադարձ ուժ՝ դրանով իսկ պատասխանատվությունից ազատելով 2015թ. հանցանքներ գործած զինվորականներին:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[05.06.2018]
- «ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ[18.04.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՋՐԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՈՒՐՋ[26.03.2018]
- ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[21.03.2018]
- 21-ՐԴ ԴԱՐԸ՝ «ՔՐԴԱԿԱ՞Ն ԴԱՐ»[19.12.2017]
- ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ[13.12.2017]
- «ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱ». ՊԱՏՄԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆՆԵՐ[10.11.2017]
- ԿԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ[21.07.2017]
- «ԻՆՋԻՐԼԻՔԻ» ԹՆՋՈՒԿԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ[27.06.2017]
- ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ[11.05.2017]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԵՓՐԱՏԻ ՎԱՀԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ[04.04.2017]