• am
  • ru
  • en
Версия для печати
08.09.2016

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2016թ. հուլիս)

Руский

   

Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ

Ռուսաստան

Տնտեսական. Հուլիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարեց միջոցներ ձեռնարկել Թուրքիայի հետ չարտերային ավիափոխադրումների արգելքի վերացման ուղղությամբ, որը սահմանվել էր 2015թ. նոյեմբերի 28-ին: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարեց բացառել չարտերային չվերթները դեպի Թուրքիայի այն շրջաններ, ուր մեծ է ահաբեկչական վտանգը։ 2016թ. առաջին կիսամյակին Թուրքիայի հանգստավայրերում ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 87%-ով՝ մինչև 184.000 մարդու (նախորդ տարվա առաջին կեսին Ռուսաստանից Թուրքիա այցելել է 1.5 մլն զբոսաշրջիկ)։ Հուլիսին Ռուսաստանն ու Թուրքիան քննարկեցին նաև վիզային սահմանափակումների վերացման հարցը:

Դ.Մեդվեդևը հերքեց, թե Ռուսաստանն անմիջապես վերացնելու է թուրքական գյուղմթերքի բեռնարգելքը և բացելու է իր շուկան՝ հայրենական արտադրողներին աջակցելու համար: Հուլիսին հայտնի դարձավ, որ թուրքական շինարարական ընկերությունները Ռուսաստանում ստացել են 15 մրցույթի մասնակցելու հրավեր. ռուսական կողմը թուրքական շինարարական գործունեությունից գոհ էր մնացել 2014թ. Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստության ժամանակ։

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին հայտարարեց, որ Թուրքիան ակնկալում է վերսկսել բանակցություններն ազատ առևտրի գոտու ստեղծման մասին՝ չբացառելով, որ այդ համաձայնագիրը կձևակերպվի 2017թ.: Նրա խոսքերով՝ Թուրքիան պատրաստ է սկսել «Թուրքական հոսք» գազատարի առաջին ճյուղի կառուցումը։ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են «Թուրքական հոսք» գազատարի երկու ճյուղերի կառուցման հարցը, որոնցից մեկը ռուսական գազը կհասցնի Եվրոպա։

Քաղաքական. Հուլիսի սկզբին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Սոչիում հանդիպեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պատրաստ է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել օգոստոսին Սոչիում՝ նախքան սեպտեմբերին Չինաստանում կայանալիք G20-ի գագաթաժողովը: Չավուշօղլուն ընդգծեց, որ Թուրքիան պատրաստ է «Ինջիրլիք» ավիաբազան տրամադրել բոլոր այն երկրներին, այդ թվում նաև Ռուսաստանին, որոնք ակտիվորեն պայքար են մղում ԻՊ-ի դեմ։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը չբացառեց «Ինջիրլիքից» ռուսական օդուժի օգտվելը՝ ընդգծելով, որ դա լուրջ քայլ կդառնա ահաբեկչության դեմ պայքարում: Ավելի ուշ Չավուշօղլուն հերքեց, թե Ռուսաստանին առաջարկել է օգտվել «Ինջիրլիքի» ավիաբազայից: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չի նշանակում, թե մոռացության են մատնվելու երկկողմ օրակարգի խնդիրները և հատկապես Թուրքիայի կողմից Սիրիայի զինյալներին զենքով աջակցելը:

Չավուշօղլուն և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարեցին, որ Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերություններում վերադարձ է կատարելու հին օրերին, որ Ռուսաստանը խոստացել է չեղարկել հակաթուրքական պատժամիջոցները: Չավուշօղլուի խոսքերով՝ Ռուսաստանի հետ հարաբերություններն այլընտրանք չեն ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ հարաբերություններին: Էրդողանը հաստատեց, որ օգոստոսի 9-ին մեկնելու է Սանկտ Պետերբուրգ՝ Պուտինի հետ հանդիպելու համար: Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը հայտարարեց, թե ռուսական «Սու-24» ինքնաթիռը խոցած թուրք օդաչուներն իրենք են որոշել հարվածել ռուսական ռմբակոծչին, և որ նրանց ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալել են: Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարեց, որ Անկարան կարող է նոր հետաքննություն անցկացնել «Սու-24» ինքնաթիռի խոցման գործով, և որ այդ քայլը կարագացնի Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

ԱՄՆ

Հուլիսին Չավուշօղլուն հայտարարեց, որ Սիրիայի Մենբիչ քաղաքի (Եփրատ գետի արևմուտք) հարցում ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև գոյություն ունի գաղտնի ռազմական համաձայնություն: Սակայն Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Թանժու Բիլգիչը հերքեց դա: ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին, պատասխանելով Էրդողանի հնչեցրած քննադատությանը, հայտարարեց, որ Սիրիայի քրդերի Դեմոկրատական միություն կուսակցությունը (PYD) և նրա ռազմական թև YPG-ը նույնը չեն, ինչպես որ PKK-ն և ԻՊ-ն են, որ YPG-ի ու PYD-ի հարցում իրենց դիրքորոշումը չի փոխվել: Քիրբիի խոսքերով՝ ԱՄՆ իշխանությունները շարունակում են ուշադիր հետևել ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում մտահոգիչ իրադարձությունների զարգացմանը։ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Ըրնեսթն իր հերթին հայտարարեց, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Թուրքիայի օրինական կառավարությանը, որին, սակայն, կոչ է անում պաշտպանել ժողովրդավարական արժեքները:

Ռազմական հեղաշրջման փորձի հանգամանքները և Գյուլենի արտահանձնման հարցը քննարկեցին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Էրդողանը, ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և Բինալի Յըլդըրըմը: Էրդողանը հայտարարեց, որ ԱՄՆ-ի կողմից մեծ սխալ կլինի Գյուլենին չարտահանձնելը։ Չավուշօղլուն հայտարարեց, որ եթե ԱՄՆ-ը ցանկանա ձգձգել Գյուլենի արտահանձնման գործընթացը, ապա այն կարող է տարիներ տևել, բայց եթե վճռականություն դրսևորվի, ապա դրան հնարավոր կլինի հասնել սեղմ ժամկետներում: Հուլիսին Օբաման Թուրքիայից ապացույց պահանջեց, որ Գյուլենն ինչ-որ կերպ մասնակից է տեղի ունեցած հեղաշրջմանը՝ հիշեցնելով, որ արտահանձնման որոշումն ընդունում է ոչ թե ինքը, այլ Արդարադատության նախարարությունը և դատարանը։ Օբամայի խոսքերով՝ ԱՄՆ-ը ոչ մի կապ չի ունեցել Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի հետ, և ցանկացած հակառակ պնդում բացասաբար կանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա: ԱՄՆ պետդեպարտամենտը թարմացրեց Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքի մասին իր քաղաքացիների համար զգուշացումը և արտոնեց արտակարգ դրություն հայտարարած Թուրքիայից ամերիկացի դիվանագետների ընտանիքների հեռանալը:

Թուրքական Yeni Şafak իշխանամետ թերթը գրեց, որ Թուրքիայի ռազմական հեղաշրջման նախապատրաստումն «Ինջիրլիքում» մեկնարկել է 2015թ. երկրորդ կեսին, որ այն ղեկավարել է ամերիկացի պաշտոնաթող գեներալ Ջոն Ֆ. Քեմփբելը, որը հեղաշրջումից առաջ երկու անգամ գաղտնի այցելել է Թուրքիա՝ «Ինջիրլիք», գաղտնի հանդիպումներ է ունեցել այնտեղ, ԿՀՎ միջոցները հատկացրել է խռովարարներին: Ջոն Քեմփբելը հերքեց այդ մեղադրանքը՝ այն որակելով որպես ծիծաղելի։ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեպերը հայտարարեց, որ ռազմական հեղաշրջման ձախողումից հետո Թուրքիայում սկսված զտումները խոչընդոտում են ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի հետ համագործակցությանը. «Թուրքիայում մեր զրուցակիցներից շատերը կալանավորվել կամ պաշտոնանկ են արվել: Դա բարդացնում է թուրքերի հետ համագործակցությունը»: ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոտելը հաստատեց, որ բանտում են հայտնվել շատ զինվորականներ, որոնց հետ աշխատել է ամերիկյան կողմը:

Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, թե Թուրքիան հիասթափված է Գյուլենի արտահանձնման հարցում ԱՄՆ ոչ բավարար աջակցության համար. «Ապացույցները կասկածի տեղ չեն թողնում։ Մենք ցնցված ենք նրանից, թե ինչպես է ԱՄՆ-ը մոտենում այդ հարցին։ Մենք պարզապես չենք կարող հասկանալ, թե ինչու ԱՄՆ-ը չի կարող հանձնել այդ մարդուն»։ Կարելի է կարծել, որ Օբաման, որի նախագահական լիազորությունները մոտենում են ավարտին, այդ ընթացքում կձգձի Գյուլենի արտահանձնման հարցը: Ամեն դեպքում, եթե Թուրքիայի իշխանություններն իսկապես կարողանան հստակ ապացույցներ ներկայացնել Գյուլենի կողմից ռազմական հեղաշրջում կազմակերպելու մասին, ինչը հազիվ թե հաջողվի, ապա ԱՄՆ-ը չի կարողանա չարտահանձնել նրան՝ անկախ նրանից, որ Գյուլենը կարող է ԱՄՆ ձեռքում լծակ ծառայել Թուրքիայի իշխանությունների դեմ: Երկու երկրների միջև գոյություն ունի հանցագործներին արտահանձնելու մասին համաձայնագիր, սակայն Գյուլենի արտահանձնման համար կարևոր պայման է նաև այն, որ ԱՄՆ-ում չեն հավատում, որ արտահանձնման դեպքում Թուրքիայում Գյուլենին կսպասի արդար, բաց, թափանցիկ դատավարություն:

Եվրամիություն

Էրդողանը Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ ունեցավ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Դա Մերկելի ու Էրդողանի առաջին տետ-ա-տետ հանդիպումն էր այն բանից հետո, երբ հունիսի 2-ին Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Իսկ Քեմերոնի և Էրդողանի հանդիպումը կայացավ այն բանից հետո, երբ Քեմերոնը հայտարարեց, որ Թուրքիան ներկայիս տեմպերով ԵՄ-ին կանդամակցի 3000թ. ոչ շուտ: Էրդողանն ավելի ուշ կոշտ պատասխան էր տվել Քեմերոնին` հիշեցնելով, որ նրա այդ հայտարարությունից ընդամենը 3 օր անց տեղի ունեցավ Brexit-ը: Էրդողանի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարեց, որ Էրդողանը Մերկելի հետ քննարկել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Թուրքական մամուլի պնդմամբ՝ Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը Բունդեսթագի կողմից բանաձևի ընդունումից հետո չի հրավիրվել Թուրքիայի ԱԳՆ-ի և կառավարության այլ ներկայացուցիչների հետ հանդիպումներին: Գերմանիայի ՍԴ-ն արգելեց Էրդողանի ելույթի ուղիղ հեռարձակումը Քյոլնում ի պաշտպանություն ժողովրդավարության և ընդդեմ հեղաշրջման ցույցի 40.000 մասնակիցների համար: Գերմանական ոստիկանությունը ելույթի արգելքը բացատրեց անվտանգության նկատառումներով: Արդյունքում՝ Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվեց Թուրքիայի ԱԳՆ:

Թուրքիայի ԱԳՆ-ն մտահոգություն հայտնեց ֆրանսիական «Հավասարության և քաղաքացիության մասին» օրենքում կատարված ուղղումների վերաբերյալ, որը քրեականացնում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերքումը: Թանժու Բիլգիչը հայտարարեց, որ դա «հակասում» է ՄԻԵԴ-ի և Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի իրավական նախադեպին: Հուլիսին Թուրքիայի իշխանությունները Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյոռն Յագլանդին տեղեկացրին, որ երկրում մտցված արտակարգ դրության կապակցությամբ չեղյալ են հայտարարում Մարդու իրավունքների հարցերով եվրոպական կոնվենցիան:

Էրդողանը դժգոհեց, որ ԵՄ-ը ցայժմ Անկարային չի վճարել 3 մլրդ եվրոն, որը նախատեսված էր նրա հետ կնքված միգրացիոն համաձայնագրով. «Մենք ստացել ենք միայն աննշան գումարներ: Թուրքիան ընդունել է 3 մլն փախստականի՝ նրանց վրա ծախսելով 12 մլրդ եվրո: Մենք կատարում ենք մեր խոստումները, իսկ եվրոպացինե՞րը»: Չավուշօղլուն ԵՄ-ից պահանջեց Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնել հոկտեմբերի կեսերից ոչ ուշ՝ սպառնալով, որ հակառակ դեպքում փախստականների գործարքի իրագործումը կհայտնվի սպառնալիքի տակ:

Էրդողանն «անազնիվ» որակեց ԵՄ դիրքորոշումը, որը դատապարտել էր Թուրքիայում արտակարգ դրության ներդրումն ու սպառնացել էր ռազմական հեղաշրջման փորձից հետո մահապատժի վերականգնման դեպքում կասեցնել անդամակցության շուրջ բանակցությունները. «Մենք արդեն 53 տարի է, ինչ կանգնած ենք ԵՄ դռների առջև և չեղյալ ենք հայտարարել մահապատիժը: Իսկ ի՞նչ է փոխվել: Շատ երկրներ, որոնք եղել են մեզանից հետո, արդեն անդամակցել են: Յուրաքանչյուր ժողովրդավարական պետությունում որոշումն ընդունում են քաղաքացիները: Ժողովուրդը պահանջում է մահապատիժ: Հասարակության դիրքորոշումը միանշանակ է, և անկարելի է հաշվի չնստել դրա հետ։ Արտակարգ դրության երկարաձգումը կախված կլինի իրավիճակի զարգացումից: Ֆրանսիայում, ուր չի իրականացվել հեղաշրջման որևէ փորձ, արդեն 9 ամիս է, ինչ գործում է արտակարգ դրության ռեժիմ։ Եվրոպական երկրներն իրավունք չունեն արտակարգ դրության ռեժիմի սահմանումից հետո քննադատել Թուրքիային»:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հակադարձեց Էրդողանին՝ նշելով, որ Թուրքիայում մահապատժի սահմանումն անհնարին կդարձնի Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը նույնպես հայտարարեց, որ եթե Թուրքիայում վերականգնվի մահապատիժը, ապա ԵՄ-ն անմիջապես կդադարեցնի Թուրքիայի անդամակցության գործընթացը: Չավուշօղլուն իր հերթին հակադարձեց, որ ԵՄ-ն «իրավասու չէ» մահապատժի հնարավոր վերականգնման մասին ցուցումներ տալ և սպառնալ Թուրքիային: Դժվար է պատկերացնել, որ Էրդողանը կարող է մահապատժի վերականգնման հարցում զիջումների գնալ ԵՄ-ին, քանի որ դա մեծ սարսափի մեջ կգցի Թուրքիայի ներսում Էրդողանի քննադատներին, հակառակորդներին, այլակարծներին, իսկ մյուս կողմից էլ Էրդողանը ներքուստ համոզված է, որ Թուրքիան մոտ ապագայում չի կարող անդամակցել ԵՄ-ին:

Սիրիա, Իրաք

Էրդողանը հայտարարեց, որ սիրիացի փախստականները կարող են ստանալ Թուրքիայի քաղաքացիություն՝ ընդգծելով, որ իրենք ընդհանուր արժեքներ ունեն նրանց հետ. «Մենք ճիշտ չենք համարում, որ այդ մարդիկ ապրեն վրանային ճամբարներում, և պատրաստ ենք նրանց տրամադրել Թուրքիայի քաղաքացիություն»: Բինալի Յըլդըրըմն էլ հայտարարեց, որ քաղաքացիություն չի տրվի նրանց, ովքեր կապված են ահաբեկիչների հետ կամ ունեն այլ խախտումներ: Դրա հետ կապված՝ բրիտանական Times թերթը գրեց, որ Էրդողանը քվեներ ստանալու համար է քաղաքացիություն առաջարկում 2.7 մլն սիրիացիներին։ Մեր կողմից հավելենք, որ Էրդողանը դրանով իսկ ցանկանում է նաև որոշակիորեն փոխել քրդաբնակ նահանգների ժողովրդագրական պատկերը, որը թուրքական իշխանությունների համար դառնում է ավելի ու ավելի մտահոգիչ:

Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց ունեցավ Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադիի հետ, դատապարտեց մայրաքաղաք Բաղդադի ահաբեկչական հարձակումը, որի հետևանքով զոհվեց ավելի քան 200 մարդ. «Թուրքիան այս դժվարին ժամանակներում եղբայրական ու հարևան Իրաքի ժողովրդի և կառավարության կողքին է: Մենք պատրաստ ենք թռիչքներ իրականացնել դեպի Թուրքիա, որպեսզի վիրավորներին բերենք և բուժենք մեր երկրում: Թուրքիան և Իրաքը ահաբեկչական կազմակերպությունների թիրախում են, նրանց կայունությունն ու բարօրությունը փոխկապակցված են: Անհրաժեշտ է համատեղ պայքար մղել ահաբեկչական կազմակերպությունների դեմ՝ լինի դա ԻՊ-ը, թե PKK-ն: Թուրքիան թե՛ այսօր, թե՛ վաղը ահաբեկչության դեմ պայքարում կլինի Իրաքի կողքին»: Հուլիսին Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտեց Ռամադանի ընթացքում Իրաքում իրականացված ահաբեկչությունները։ Այդպիսով, Թուրքիան սկսել է քայլեր ձեռնարկել Իրաքի հետ մերձենալու ուղղությամբ:

Եգիպտոս

Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը հայտարարեց, որ Եգիպտոսը Ֆեթհուլա Գյուլենից չի ստացել քաղաքական ապաստան տրամադրելու մասին դիմում, սակայն եթե այն իսկապես ստացվի, ապա կդիտարկվի: Եգիպտոսի վարչապետի այս հայտարարությունը ոչ միանշանակ արձագանք առաջացրեց թուրքական մամուլում: Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը չէր բացառել, որ Գյուլենը կարող է ԱՄՆ-ից մեկնած լինել Եգիպտոս: Եգիպտոսի խորհրդարանի անդամ Իմադ Մահրուսն էլ հայտարարեց, որ կառավարությունը պետք է քաղաքական ապաստան տրամադրի Գյուլենին, որը պետք է հրատապ մեկնի Կահիրե: Նա Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին խորհուրդ տվեց օրինակ վերցնել հանգուցյալ նախագահ Անվար Սադաթից, որը քաղաքական ապաստան է տվել 1979թ. իսլամական հեղափոխությունից հետո Իրանից փախած վերջին շահ Մոհամեդ Ռեզա Փեհլևիին:

Էրդողանը հայտարարեց. «Մենք որևէ խնդիր չունենք Եգիպտոսի ժողովրդի հետ, մենք խնդիր ունենք նրա ղեկավարության ու առաջնորդների հետ: Մենք չենք ընդունում Մոհամեդ Մուրսիի ու նրա ընկերների հանդեպ կայացված դատական որոշումները: Թուրքիայից ու Կատարից բացի՝ չի մնացել այլ երկիր, որը կաջակցեր Մուրսիին: Մուրսիին ու ընկերներին դատապարտել են մահապատժի և ցմահ ազատազրկման: Մենք չենք կարող «այո» ասել նման զուլումին»: Եգիպտոսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Աբու Զեյդը քննադատեց Էրդողանին Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին «խռովարար» անվանելու համար և Էրդողանին խորհուրդ տվեց ռազմական հեղաշրջման հետ չշփոթել ժողովրդական հեղափոխությունը, որը Եգիպտոսում հանգեցրել էր Մուրսիի տապալմանը։

Հարավային Կովկաս

Չավուշօղլուն հայտարարեց, որ Ղազախստանն ու Ադրբեջանը կարևոր դեր են խաղացել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Հաղորդվեց, որ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը կարող է Ադրբեջանում տեղի ունենալ 2016թ. աշնանը: Թուրքական մամուլը գրեց, որ Թուրքիայի իշխանությունները վերստին դիտարկում են Հայաստանի հետ հաշտեցման գործընթաց սկսելու և երկու երկրների միջև սահմանը բացելու հնարավորությունը, որ Չավուշօղլուն տվյալ հարցը քննարկել է հուլիսի կեսին Բաքու կատարած վերջին այցի ժամանակ՝ փորձելով ճշգրտել այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշումն ու արձագանքը: Ավելի ուշ Չավուշօղլուն հաստատեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը քննարկել է Բաքվում՝ նշելով, որ իրենք կաջակցեն լուծման այն բոլոր առաջարկներին, որոնք ընդունելի կլինեն Ադրբեջանի համար:

Վրաստանում Թուրքիայի դեսպան Զեքի Լևենթ Գյումրուքչուն Թբիլիսիում հայտարարեց, որ Ադրբեջանից հետո հարևան Վրաստանում նույնպես կարող է դադարեցվել գյուլենական դպրոցների գործունեությունը. «Մենք տվյալ հարցի շուրջ բանակցում ենք վրացական կողմի հետ: Սակայն ներկա փուլում ճիշտ չի լինի մամուլում հավելյալ տեղեկատվություն հայտնելը»: Հուլիսի վերջին Ադրբեջանի իշխանությունները փակեցին Ֆեթհուլա Գյուլենից հարցազրույց վերցրած ANS հեռուստաալիքը: Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից անմիջապես հետո Ադրբեջանում մեկնարկել է «գյուլենականների» հանդեպ բռնությունների նոր ալիք, որն առաջին հերթին միտված է Թուրքիայի իշխանություններին Ադրբեջանի իշխանությունների հավատարմությունն ընդգծելուն: Բացի այդ, Ադրբեջանի իշխանություններին լավ առիթ է ընձեռվել «գյուլենականների» դեմ պայքարի պատրվակով անցանկալի անձանցից, տարրերից ձերբազատվելու համար: Պետք է հիշել, որ Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները հուլիսի 15-ի գիշերը սպասողական դիրքորոշում են որդեգրել և անմիջապես չեն աջակցել Թուրքիայի լեգիտիմ կառավարությանը. «Նրանք կարծես թե չեն կարողանում ներել, որ ամենալարված պահին բերանները ջուր են առել։ Սակայն ես այն ժամանակ միանշանակ հայտնեցի իմ դիրքորոշումը։ Դուք կարծում եք, թե Թուրքիայի իշխանություններն այդքան միամիտ են և տարբերություն չեն դնում նրանց միջև, ովքեր աջակցել են օրինական իշխանությանը և նրանց միջև, ովքեր 15 ժամ շարունակ լռել են»։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր