
ՊԵՏՔ Է ՆԱԽ ՄԵՐ ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵՆՔ
Հարցազրույց տնտեսագետ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ
-Այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշներով ունենք ընդամենը 4,4 տոկոս տնտեսական աճ: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը:
-Նախ, վերջին տարվա ընթացքում վարվող տնտեսական քաղաքականությունը պետք չէ կտրուկ քննադատության ենթարկել, ես դա անընդունելի եմ համարում: Պետք է հասկանալ՝ իրավիճակ է փոխվել, եւ նորմալ երեւույթ է, եթե երկիրը սկսում է ճշգրտել իր տնտեսական քաղաքականությունը:
Այսօր պետք է մեկ առ մեկ տեսնենք այն հնարավորությունները, որ կարող ենք կիրառել՝ շտկելով մեր հիմնահարցերի լուծման ուղղությունները: Իսկ դրա համար հնարավորություններ կան: Առաջինը տնտեսական քաղաքականության ճշգրտումն է. հարկավոր է ճշգրտել հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականությունը: Ունենք կոռուպցիայի ցավալի մակարդակ, ինչ-որ քայլեր, իհարկե, արվում են, բայց դա անհրաժեշտ մակարդակի վրա չէ: Ի վերջո, որքան երկիրը արդյունավետ է հակազդում կոռուպցիային, այն գրավիչ է ներդրումների համար:
Դառնալով հարցին՝ ասեմ, որ ունենալով 4,4 տոկոս տնտեսական աճ, իրավիճակը մեզանում կարելի է գնահատել բավարար: Մենք պետք է գտնենք հնարավոր բոլոր ռեզերվները, հատկապես արտահանման առումով, որպեսզի ունենանք 7 տոկոսանոց աճ: Ի դեպ, դրան կարող ենք հասնել շատ կարճ ժամանակահատվածում, ասել է թե` այդ հնարավորությունն առկա է:
Մենք 4,4 տոկոս աճի պայմաններում ունենք արտահանման շրջանառության աճ` 2,7 տոկոս, այսինքն` 2,3 մլրդ ԱՄՆ դոլար: Իհարկե, դրական տեղաշարժեր կան, ինչին նպաստել են կառավարության որոշակի քայլերը, օրինակ, տարեսկզբին ստեղծված արտահանման աջակցման խորհուրդը, մեր ինտեգրացիոն հնարավորությունները: Նաեւ այս քայլերի հետեւանքով է, որ արտահանումը կազմել է 815 մլն դոլար, այսինքն` մոտ 17 տոկոս աճ, ինչը լավ ցուցանիշ է, ներմուծումը կազմել է 1 մլրդ 457 մլն դոլար, սա եւս կարելի է որպես դրական քայլ ներկայացնել:
-Իսկ, մասնավորաբար, ի՞նչ քայլեր է հարկավոր անել 7 տոկոսանոց աճ ապահովելու համար:
-Սա կարեւոր հարցադրում է. մենք պետք է հստակ ձեւակերպենք մեր հիմնական նպատակը: Որպեսզի ունենանք 7 տոկոսանոց աճ, պետք է, նախ, կտրուկ խթանենք արտահանումը, ընդ որում՝ դիվերսիֆիկացված տեսքով, ոչ միայն գյուղատնտեսական արտադրանքների, այլեւ բոլոր ուղղություններով:
Երկրորդ՝ պետք է ապահովենք ներքին շուկան հայրենական արտադրության ապրանքներով, այսինքն` ներմուծվող ապրանքները պետք է փոխարինվեն տեղականով։ Սա նշանակում է զարկ տալ տեղական արտադրությանը: Այդ կարեւոր քայլը կնպաստի զբաղվածության աճին, միայն այս կերպ կարող ենք կանխել արտագաղթը:
Հաջորդը. որպեսզի փոքր տնտեսություն ունեցող մեր երկիրը տնտեսական զարգացում ապրի, արտահանման եւ ՀՆԱ հարաբերությունը պետք է լինի ոչ պակաս, քան 30 տոկոս: Սա պետք է ձեւակերպենք որպես մեր տնտեսության հիմնական նպատակ: Մինչդեռ այժմ այդ հարաբերությունը կազմում է ընդամենը 15 տոկոս, սպասվում է, որ կհասնի մինչեւ 16 տոկոսի: Բայց, ինչպես ասացի, լուրջ տնտեսական աճ կունենանք միայն այն դեպքում, եթե արտահանումը հասնի ոչ պակաս, քան 3 մլրդ դոլարի:
-Իսկ ինչպե՞ս, ինչի՞ հաշվին է ապահովվել մեր արտահանումը:
-Պարզվում է՝ այստեղ մեծ դեր է խաղացել Եվրասիական տնտեսական միությունը:
Մենք ԵԱՏՄ երկրներ ենք արտահանել 175 մլն դոլարի արտադրանք, եւ աճը, պատկերացրեք, կազմել է 83,7 տոկոս: Իսկ կոնկրետ Ռուսաստան մենք առաջին կիսամյակում արտահանել ենք 168 մլն դոլարի արտադրանք. աճը կազմել է 88 տոկոս: Նաեւ նշեմ, որ Ռուսաստան ենք արտահանել առաջին հերթին պատրաստի արտադրանք, որի արտահանումը ամբողջ աշխարհում համարվում է խնդրահարույց: Փոխարենը` հումք արտահանելը որեւէ լուրջ խնդիր չի ներկայացնում:
Ի դեպ, այստեղ ուզում եմ ասել նաեւ հետեւյալը. հումքի արտահանման վրա պետք է մեր գործադիրը դնի արտահանման մաքսատուրք, որպեսզի արտադրողը շահագրգռված լինի ոչ թե հումք, ասենք, պղնձի խտանյութ արտահանել, այլ պղնձաձուլարաններ ստեղծել: Դրանով կնպաստի ե՛ւ աշխատատեղերի ստեղծմանը, ե՛ւ կարտահանի կիսաֆաբրիկատ, որի գինը շատ ավելի բարձր է, քան չմշակված հումքինը: Սրանով կխթանի արտահանման մեծացումն ու արտարժույթի հոսքը դեպի Հայաստան:
-Ի դեպ՝ ինչո՞վ է Եվրասիական տնտեսական միությունը նպաստել արտահանման աճին:
-Առաջինը, իհարկե, մաքսատուրքերից ազատումն է: Երկրորդը՝ արտահանման գործառույթների պարզեցումը` սկսած լիցենզիաների ձեւակերպումից ու ստացումից մինչեւ մաքսային ձեւակերպում: Երրորդը ռուսական ռուբլու կայունությունն է: Եթե տարեսկզբին պատկերն այսպիսին էր` 1 դոլարը հավասար էր 77 ռուբլու, այժմ 1 դոլարը հավասար է 64 ռուբլու, այսինքն՝ Ռուսաստան արտահանելը 10 տոկոսով շահութաբեր է դարձել:
Չորրորդը նավթի գների կայունացումն է: Հինգերորդը` գազի գնի նվազումն է. ունենք 7 տոկոս գազի գնի նվազում, ծախսային մասը մեր արտադրողների համար պակասել է:
Այս ամենն իր դրական ազդեցությունն է ունեցել մեր արտահանման վրա:
-Նոր թափ է ստանում ԵԱՏՄ երկրների համագործակցությունը ոչ անդամ երկրների` մասնավորաբար Իրանի, Չինաստանի հետ: Հայաստանն ի՞նչ կերպ կարող է օգտվել այդ ծրագրերից:
-Տեսեք, մենք դեպի ԵԱՏՄ շուկա, հիմնականում ռուսական շուկա առաջին հերթին արտահանում ենք գյուղատնտեսական ապրանքներ: Սակայն կա այլ ապրանքների արտահանման մեծ հնարավորություն, մասնավորաբար՝ մեքենաշինության, գործիքաշինության, էներգետիկայի եւ այլ ոլորտներում: Ի դեպ, ուզում եմ նաեւ հատուկ շեշտել, որ պետք է լուծենք գիտատեխնոլոգիական ոլորտի, գիտության պատշաճ ֆինանսավորման հարցը:
Այստեղ է, որ պետք է օգտագործենք այն երկրների փորձը, որոնք ունեն նման ապրանքների պահանջարկ, որոնք պատրաստ են այս ուղղություններով ներդրումներ անել Հայաստանում: Հենց այդ երկրների շարքում են Չինաստանն ու Իրանը: Մենք պարտավոր ենք օգտվել այդ հնարավորությունից:
-Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կեսին իրականացված ներդրումները եղել են ընդամենը 16,5 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ հոսքերը զգալիորեն կրճատվել են: Կա կարծիք, թե օտարերկրյա ներդրումների հոսքի նվազման պատճառը Հայաստանի ԵԱՏՄ անդամակցումն է: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Սա մակերեսային մոտեցում է: Մենք նախ պետք է գնահատենք մեր ներքին հնարավորությունները: Ընդհանրապես ինտեգրացիոն գործընթացները որոշակի ազդեցություն ունենում են երկրի տնտեսության վրա, բայց առաջին հերթին ամեն երկիր պետք է դիտարկի իր ներքին իրավիճակը:
Ի՞նչ է հարկավոր անել: Մենք հաճախ ենք դիմում մեր հայրենակիցներին` եկեք ներդրումներ արեք։ Մարդիկ տարակուսում են, ինչո՞ւ, որովհետեւ մենք փաստորեն չունենք արժեթղթերի շուկա: Եվ ներդրողը չի կարող տեսնել, թե Հայաստանում ո՞ր ոլորտն է շահութաբեր, որպեսզի գնի այս կամ այն ձեռնարկության արժեթուղթը եւ այդ ուղղությամբ Հայաստանում ներդրումներ անի:
Մյուսը՝ վարում ենք թանկ փողերի քաղաքականություն, չենք ապահովում փողերի հոսքը դեպի ներքին շուկա, հետեւաբար շատ խնդիրներ կունենանք: Հաջորդը` ունենք կոռուպցիայի բարձր մակարդակ, ինչի մասին արձանագրում են նաեւ միջազգային կառույցները: Ու այս ամենի ֆոնին մարդիկ հայտարարում են, թե ԵԱՏՄ ինտեգրացման արդյունքում ներդրումները չե՞ն խթանվել. սա վերացական խոսակցություն է:
Մենք պետք է նախ մեր ներքին խնդիրները լուծենք, միայն այդ կերպ կարող ենք նպաստել ե՛ւ արտահանման աճին, ե՛ւ երկրի մրցունակության բարձրացմանը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
http://www.armworld.am/detail.php?paperid=5381&pageid=163551&lang=
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ Է. Աշոտ Թավադյան[28.08.2022]
- ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԸ ԻՋԵՑՆԵԼ. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԲ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ[13.09.2018]
- ԵԹԵ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ՎԱՐԵԼ ԹԱՆԿ ՓՈՂԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ[07.09.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[04.09.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԱՏՄ-ՈՒՄ. ԻՆՏԵԳՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ[11.07.2018]
- «ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԿԱ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՐԴԻՆԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ». «ՓԱՍՏ»[01.06.2018]
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԵՏՀԱՇՎԱՐԿ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[18.01.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ 2017Թ. ԵՎ ԵԱՏՄ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԸ[16.01.2018]
- ԿԱՐԵԼԻ՞ ԷՐ ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ԶՍՊԵԼ ԳՆԱՃԸ[15.01.2018]
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ. «ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ. ԵՄ-Ն ԵՎ ԵԱՏՄ-Ն ՄԻԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ»[30.10.2017]
- ԳՆԱՃԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՎՐԱ[20.09.2017]