
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2016Թ. ՀՈՒՆԻՍ)

Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ
Ռուսաստան–Թուրքիա. Հունիսին Ռուսաստանը և Թուրքիան փոխադարձաբար միմյանցից ապացույցներ պահանջեցին ահաբեկչությանն աջակցելու համար: Թուրքիան Ռուսաստանից պահանջեց ապացուցել, որ զենք է մատակարարում ԻՊ-ին, Ռուսաստանը Թուրքիայից պահանջեց ապացուցել PKK-ին զենք մատակարարելու փաստը: Ռուսաստանը դիմեց ՄԱԿ-ին՝ խնդրելով ստուգել սիրիական տարածքում Թուրքիայի կողմից ամրություններ կառուցելու մասին տեղեկատվությունը։ ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, թե զինյալներն անարգել հատում են թուրք-սիրիական սահմանը և ներթափանցում Հալեպի նահանգ: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Ուկրաինայի, Վրաստանի, Սևծովյան, Արևելամիջերկրածովյան տարածաշրջանների և Սիրիայի հանդեպ Ռուսաստանի ագրեսիվ դիրքորոշումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի կայունության և անվտանգության համար: Թուրքիայի ԱԳՆ-ն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և ռուսական ավիացիային մեղադրեց Հալեպում հիվանդանոցներ ավերելու համար, իսկ ՌԴ ԱԳՆ-ն Թուրքիային մեղադրեց թիկունքից Սիրիայի կառավարական զորքերին հարվածելու համար` հայտարարելով, որ զինյալների հոսքը թուրք-սիրիական սահմանով չի նպաստում Սիրիայում իրավիճակի կարգավորմանը։ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆքիրի Ըշըքը Բրյուսելում հայտարարեց, որ իր երկիրը թույլ չի տա, որ Սև ծովը վերածվի ռուսական լճի` հիշեցնելով, որ ավելի վաղ այս միտքը հնչեցրել է Էրդողանը:
Հունիսի կեսին Էրդողանը նամակ հղեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ռուսաստանցիներին շնորհավորեց Ռուսաստանի օրվա (հունիսի 12) կապակցությամբ և ցանկություն հայտնեց, որ Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունները դուրս գան «արժանի մակարդակ»: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն իր հերթին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին հղած նամակում հույս հայտնեց, որ առաջիկայում երկու երկրների հարաբերություններն ու համագործակցությունը կհասնեն այն մակարդակի, որն անհրաժեշտ է երկու ժողովուրդների ընդհանուր շահերի համար: Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Պուտինին Էրդողանի նամակ հղելն ավանդական արձանագրային ուղերձ է, որը չի պահանջում պատասխան: Մոսկվան կցանկանար կարգավորել հարաբերություններն Անկարայի հետ, սակայն Պուտինը հստակ հասկացրել է, որ դա անհնար է, առանց Թուրքիայի կողմից մի շարք գործողությունների կատարման, ասել է Պեսկովը: Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Թուրքիան չի արձագանքում երկկողմ հարաբերությունների կարգավորմանն անհրաժեշտ պահանջների կատարմանը, և որ Սև ծովի վերաբերյալ Անկարայի նման հայտարարությունները չեն նպաստում Ռուսաստանի ու Թուրքիայի երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանի կայունությանը:
Հունիսին Չավուշօղլուն հրավիրվեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) արտգործնախարարների խորհրդի նիստին (Սոչի), ինչի կապակցությամբ Զախարովան հայտարարեց, որ Չավուշօղլուին հրավիրելը Ռուսաստանի պարտականությունն էր՝ որպես կազմակերպիչ: Հունիսի 27-ին Պեսկովը հայտարարեց, թե Էրդողանը նոր նամակ է հղել Պուտինին, որում առկա է «ներողություն» բառը: Կրեմլի կայքում տեղ գտած հայտարարությունում նշված էր, որ Էրդողանն ուղերձում խորին ափսոսանք է հայտնում ռուսական «Սու-24»-ի օդաչու Օլեգ Պեշկովի զոհվելու կապակցությամբ և ասում է «ներեցեք»: Թուրքական մամուլը գրեց, որ Էրդողանը միայն ափսոսանք է հայտնել և ոչ թե ներողություն է խնդրել: Ապա այդ մասին հայտարարեցին Էրդողանի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը և հենց ինքը` Էրդողանը: Ամեն դեպքում անգամ ռուսական պաշտոնական հայտարարություններում գրված չէր, որ Էրդողանը ներողություն է խնդրել «Սու-24»-ը կործանելու համար, ինչը գլխավոր հարցն է, իսկ մնացյալը (օդաչուի զոհվելը և այլն) ածանցյալ է: Ամփոփելով նշենք, որ թուրքական մամուլի համաձայն` Էրդողանը ներողություն չի խնդրել, միայն ափսոսանք է հայտնել, իսկ ռուսական մամուլի համաձայն` ստացվում է, որ Էրդողանը կա´մ ներողություն է խնդրել Պեշկովի զոհվելու համար, կա´մ էլ պարզապես անհասցե ներողություն է խնդրել, հայտնի չէ, թե ինչի համար: Անգամ հաստատված չէ, որ Պեշկովին սպանել է Թուրքիայի քաղաքացի, զինյալ Ալփարսլան Չելիքը, որի նկատմամբ Թուրքիայում հարուցված են մի քանի քրեական գործեր:
Նման խառնաշփոթ է նաև Ռուսաստանի ներկայացրած երկրորդ նախապայմանի հարցում` փոխհատուցում վճարել: Բինալի Յըլդըրըմը նախ հայտարարեց, թե Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում դիտարկել փոխհատուցում վճարելու հարցը (բնականաբար, դա դեռ չէր նշանակում, թե Թուրքիան կգնա այդ քայլին։ Հասկանալի էր, որ դա կախված կլինի նաև նրանից, թե դրա դիմաց ինչ զիջման է պատրաստ ռուսական կողմը): Ռուսական մամուլն այս կապակցությամբ անմիջապես գրեց, թե Թուրքիան «փոխհատուցում է վճարելու «Սու-24»-ը կործանելու համար»: Դրանից հետո Իբրահիմ Քալընը հայտարարեց, որ թուրքական իշխանությունները պատրաստ են դիտարկել զոհված ռուս օդաչուի ընտանիքին (բայց ոչ «Սու-24»-ը կործանելու համար) փոխհատուցում վճարելու հնարավորությունը:
Հստակություն չկա նաև Ռուսաստանի ներկայացրած երրորդ նախապայմանի (մեղավորների պատժում) հարցում: Անհասկանալի է, թե կոնկրետ ինչ է պահանջում Ռուսաստանը, արդյոք նա պատրա՞ստ է բավարարվել նրանով, որ Ալփարսլան Չելիքին ենթադրաբար ազատազրկման կդատապարտեն Թուրքիայում` մեղավոր ճանաչելով Օլեգ Պեշկովին սպանելու համար: Միգուցե Ռուսաստանը պահանջում է պատժել «Սու-24»-ի խոցման մեղավորներին, պատասխանատուներին: Հայտնի է, որ 2015թ. նոյեմբերի 24-ին «Սու-24»-ի խոցումից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, թե անձամբ ինքն է հրաման տվել հարվածել սահմանախախտ ինքնաթիռը (Թուրքիայի Սահմանադրության 117-րդ հոդվածի համաձայն` այդ երկրի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն իր գործունեության ժամանակ հաշվետու է վարչապետին): Անհասկանալի է մնում, թե արդյոք Ռուսաստանը ձգտում է հասնել Դավութօղլուին կամ էլ, ասենք, ռազմաօդային ուժերի հրամանատարին պատժելուն:
Հետագա իրադարձությունները կարծես թե գալիս են տալու բոլոր հարցերի պատասխանները: Էրդողանի անհասցե ներողությունից հետո ռուս և թուրք գործիչները հայտարարեցին հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի մասին: Դրանից հետո Պուտինն ու Էրդողանը մոտ 40 րոպեանոց հեռախոսազրույց ունեցան, որի ժամանակ պայմանավորվեցին առանձին հանդիպման շուրջ, որը կարող է տեղի ունենալ օգոստոսին Սոչիում կամ սեպտեմբերի սկզբին Չինաստանում, G20 գագաթաժողովի շրջանակում: Պուտինն ու Մեդվեդևը Թուրքիային ցավակցեցին Ստամբուլում Աթաթուրքի օդանավակայանում կատարված ահաբեկչության համար: Ապա Պուտինը Ռուսաստանի կառավարությանը հրահանգեց վերացնել դեպի Թուրքիա զբոսաշրջային արգելքը և պատրաստվել առևտրատնտեսական հարաբերությունների կարգավորմանը: Պեսկովը հայտարարեց, որ դեռ վաղ է խոսել «Թուրքական հոսք» գազատարի նախագծի վերականգնման մասին: Չավուշօղլուն Սոչիում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ զբոսաշրջային ոլորտի սահմանափակումների վերացումը շատ կարևոր է իրենց համար, որ հարաբերությունների վատթարացումից առաջին հերթին տուժել են երկու ժողովուրդները, ապրանքաշրջանառության ծավալը կհասցվի $100 մլրդ-ի։ Անկարան շարունակելու է սիրիական ճգնաժամի հարցում Մոսկվայի հետ դիրքորոշման մերձեցման կուրսը:
ԱՄՆ–Թուրքիա. Շարունակվեց քրդական գործոնի պատճառով ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առկա լարվածությունը: Բինալի Յըլդըրըմը, մեկնաբանելով Մարդին նահանգում PKK-ի մոտ ամերիկյան հակատանկային հրթիռների հայտնաբերումը, հայտարարեց, որ դա հակասում է Անկարայի և Վաշինգտոնի դաշնակցային հարաբերություններին. «Անկասկած, դա հակասում է դաշնակցային սկզբունքներին: Կարո՞ղ են մեր ռազմավարական գործընկերներն աջակցել ահաբեկչական կազմակերպություններին: Չեմ ուզում նույնիսկ մտածել, որ դա հնարավոր է»:
ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակեց ահաբեկչության մասին տարեկան զեկույցը, որի՝ Թուրքիային առնչվող մասում ահաբեկչական կազմակերպություններ են ճանաչվել PKK-ն (Քրդստանի աշխատավորական կուսակցություն), TAK-ը (Քրդստանի ազատագրման արծիվներ), DHKP-C-ն (Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցության ճակատ), MLKP-ը (Մարքսիստ-լենինիստական կոմունիստական կուսակցություն), ինչպես նաև ԻՊ-ը: Զեկույցում տեղ չեն գտել Սիրիայի քրդերի Դեմոկրատական միություն կուսակցությունը (PYD) և նրա ռազմական թև YPG-ը (Ժողովրդի ինքնապաշտպանական ուժեր): Մինչդեռ Թուրքիայի իշխանությունները PYD-ը համարում են «PKK սիրիական թև և ահաբեկչական կազմակերպություն»:
Չավուշօղլուն YPG-ի՝ Եփրատ գետի արևմտյան ափն անցնելու կապակցությամբ հայտարարեց, որ ԱՄՆ-ը Թուրքիային երաշխիք էր տվել, թե YPG-ը չի հայտնվի Եփրատն անցած ուժերի թվում: Ավելի վաղ Թուրքիայի ԱԱԽ նիստում որոշվել էր Սիրիայի քրդերի համար «կարմիր գիծ» սահմանել հենց Եփրատի արևմտյան ափը, և երբ դրանից հետո Սիրիայի քրդերը փորձել էին անցնել Եփրատ գետի արևմտյան ափը, Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչները հարվածել էին նրանց նավակներին: Ֆիքրի Ըշըքը Բրյուսելում հայտարարեց, թե Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ը հաշվի կառնի իր համար հարցի զգայունությունը և PYD-ին ու YPG-ին կվերաբերվի նույն կերպ, ինչպես PKK պարագայում է:
Թուրքական մամուլը գրեց, որ ԱՄՆ-ը չի կատարել թուրք-սիրիական սահմանին HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) տեղակայելու մասին իր խոստումը։ Դրա համար էլ Թուրքիան որոշել է յուրովի պատասխան տալ դրան և Սիրիայի սահմանի մոտ տեղակայել Kasırga-TRG/300 ՀԿՌՀ-ներ, որոնց հեռահարությունը կազմում է 130 կմ, մինչդեռ HIMARS-ինը առավելագույնը 90 կմ է։
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները, հույն թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով մուսուլմանների սրբազան Ռամադան ամսին Սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրան կարդալու թուրքական իշխանությունների որոշումը, հայտարարեց, որ Թուրքիան պետք է հարգի Սուրբ Սոֆիայի տաճարի ավանդույթները, որը բացառիկ նշանակության վայր է: Հունիսին Էրդողանն Օբամային ցավակցեց Օռլանդոյի ահաբեկչության, Օբաման Էրդողանին ցավակցեց Ստամբուլի ահաբեկչության համար: Օբաման ողջունեց նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Թուրքիայի ջանքերը:
Էրդողանը հայտարարեց, որ հիասթափվել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումից, երբ այդ երկրի նախագահ դարձավ Բարաք Օբաման. «Մենք հույսեր էինք փայփայում, երբ նախագահ դառնալուց հետո Օբաման, որպես իր առաջին արտասահմանյան այցի վայր, ընտրեց Թուրքիան: Դժբախտաբար, մեր սպասելիքները չարդարացան, և վատթարացավ երկու երկրների արտաքին քաղաքական ու տնտեսական փոխգործակցությունը»:
Էրդողանն այցելեց ԱՄՆ` ներկա գտնվելու համար աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հուղարկավորությանը: Նրա թիմը հանդես է եկել հուղարկավորության արարողության հետ կապված առաջարկներով, սակայն միջոցառման կազմակերպիչները մերժեցին դրանք և չեղյալ հայտարարեցին Էրդողանի ելույթը: Դրանից հետո նա կիսատ թողեց այցը, մեկ օր շուտ վերադարձավ Թուրքիա` ներկա չգտնվելով հուղարկավորության գործընթացին:
ԱՄՆ դաշնային դատարանը հրաժարվեց գրավի դիմաց ազատ արձակել իրանական ծագմամբ թուրք գործարար Ռեզա Զարաբին, որն ԱՄՆ-ում մեղադրվում է փողերի լվացման, ֆինանսական մեքենայությունների և Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար: Ռեզա Զարաբը 2013թ. դեկտեմբերին Թուրքիան ցնցած «Մեծ կաշառք» գործի առանցքային ֆիգուրն է։ Այս գործի հետ կապված՝ հարկադրված հրաժարական է տվել 4 նախարար, այդ թվում նաև Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը, որն այժմ կարող է կալանավորվել ԱՄՆ տարածքում հայտնվելու դեպքում: Համարվում է, որ Զարաբը շատ բաներից է տեղյակ և կարող է տեղեկություններ հաղորդել Թուրքիայի նախագահի ու նրա որդու՝ Բիլալ Էրդողանի մութ գործերի մասին:
ԵՄ–Թուրքիա. Հունիսին ԵՄ-ը և Թուրքիան բանակցային նոր գլուխ բացեցին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի շրջանակներում, որը 16-րդն էր: Խոսքը «Ֆինանսներ և բյուջե» 33-րդ բանակցային գլխի մասին է: Թուրքիայի ֆինանսների նախարար Նաջի Աղբալը հայտարարեց, որ Թուրքիան հեշտությամբ կկատարի այդ գլխով նախատեսված պահանջները` ընդգծելով, որ մաքսային ծառայությունը, հարկերը, ֆինանսական վերահսկողությունն ու վիճակագրությունն օրենսդրորեն գրեթե ամբողջովին համապատասխանում են ԵՄ նորմերին: Բացի այդ, կողմերը համաձայնագիր ստորագրեցին ահաբեկիչների և նրանց ֆինանսավորող անձանց արտահանձնման մասին:
ԵՄ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման հարցում առաջընթաց չգրանցվեց: Էրդողանը հայտարարեց, որ հավատում է դրական արդյունքների գրանցմանը: ԵՄ ներգաղթի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիոս Ավրամոպուլոսը Բրյուսելում հայտարարեց, որ Թուրքիան մինչ այժմ չի կատարել վիզային ռեժիմը վերացնելու համար ԵՄ 72 պահանջից 7-ը (կատարվել է 72 պահանջից 65-ը): Սակայն Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ Թուրքիայի հակաահաբեկչական օրենքները երբեք չեն փոխվի, անգամ եթե դա բացասաբար անդրադառնա ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմի վերացման վրա:
Հրաժարական տվեց Թուրքիայում ԵՄ դեսպան Հանսյորգ Հաբերը, որը նախորդ ամիս կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ՝ ԵՄ-Թուրքիա միգրացիոն համաձայնագիրը դատապարտելու համար: Էրդողանը, մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի այն հայտարարությունը, թե ներկայիս տեմպերով Թուրքիան ԵՄ-ին կանդամակցի 3000թ. ոչ շուտ, հայտարարեց. «Թող ոչ ոք չստուգի մեր համբերությունը: Գործընթացը սկսվել է 1963թ., անցել է 53 տարի: Մինչև ե՞րբ սա պետք է շարունակվի: Թուրքիան իսլամատյացության պատճառով է, որ չի կարողանում անդամակցել ԵՄ-ին»:
Ի պատասխան` Քեմերոնը կրկին հայտարարեց, որ նման արագությամբ Թուրքիան ԵՄ-ին կկարողանա անդամակցել 3000թ. ոչ շուտ. «Թուրքիան չի շարժվում ճիշտ ուղղությամբ: Անհնար է գտնել որևէ փորձագետի, ով կասի, թե Թուրքիան առաջիկա 30 տարում կարող է անդամակցել ԵՄ-ին»: Քեմերոնի այս հայտարարությունից օրեր անց տեղի ունեցավ Brexit-ը, և Թուրքիայի իշխանությունները սկսեցին չարախնդալ Քեմերոնի վրա: Բրիտանական Financial Times թերթը հունիսին գրեց, որ ավելի շուտ Ստամբուլը կվերանվանվի Կոստանդնուպոլիս, քան Թուրքիան կանդամակցի ԵՄ-ին:
Թուրքիան հետ վերադարձրեց Եվրոպական խորհրդարանի զեկույցը, որում, նախորդ տարվա զեկույցի նման, Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ էր անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հունիսի 2-ին Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որով ընդունեց կայսերական Գերմանիայի մեղսակցությունը Հայոց ցեղասպանությանը: Դա կտրուկ սրեց Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները, Թուրքիան Գերմանիայից հետ կանչեց իր դեսպանին և սպասում է, որ Գերմանիան հետքայլ անի:
Ադրբեջան, Վրաստան–Թուրքիա. Բունդեսթագի բանաձևի ընդունման օրը հայտնի դարձավ, որ Կարսում մեկնարկել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որոնց մասնակցում են Նախիջևանի առանձին համազորային բանակը և Թուրքիայի 3-րդ բանակը: Հունիսին Քոնիայի ավիաբազայում անցկացվեցին թուրք-ադրբեջանական İŞIK-2016 որոնողա-փրկարարական վարժանքները, որոնց մասնակցել են Ադրբեջանի ՌՕՈւ «Մի-17» տիպի 3 ռազմական-տրանսպորտային ուղղաթիռներ և «Մի-35» տիպի 3 մարտական ուղղաթիռ: Ադրբեջանում զինված ուժերի օրվա (հունիսի 26) կապակցությամբ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը կազմակերպեց հատուկ ընդունելություն, որին ներկա էր Թուրքիայի բարձրագույն ռազմական ողջ հրամանատարությունը` բացի ռազմածովային ուժերի հրամանատարից: Թուրքական մամուլը գրեց, որ Թուրքիայի բարձրագույն զինվորական հրամանատարության՝ գրեթե ամբողջ կազմով ընդունելությանը մասնակցելը ցույց է տալիս, որ թուրքական բանակն ադրբեջանականի կողքին է, որ դա աջակցության ուղերձ է Ադրբեջանին և, բացի այդ, նաև Հայաստանին հասցեագրված յուրօրինակ ուղերձ:
Հունիսի սկզբին Ադրբեջան այցելեց Բինալի Յըլդըրըմը, ինչը Թուրքիայի վարչապետի կարգավիճակով նրա առաջին այցն էր արտերկիր (չհաշված ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն այցելելը): Յըլդըրըմն Ադրբեջանում արեց մի շարք ուշագրավ հայտարարություններ. «TANAP և ТАР գազատարները կարևոր են Եվրոպայի էներգաանվտանգության համար», «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը կավարտվի այս տարի», «քաղաքական և տնտեսական ոլորտներում Ադրբեջանի ձեռքբերումները Թուրքիայի ձեռքբերումներն են», «մենք մեկ ազգ ենք, երկու պետություն», «Ադրբեջանի ընկերը մեր ընկերն է, նրա թշնամին՝ մեր թշնամին», «մենք ԼՂ հարցում մշտապես կաջակցենք Ադրբեջանին, եկել է Հայաստանին կանգնեցնելու ժամանակը»: Յըլդըրըմն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրեց օգոստոսի 26-ին մասնակցել Ստամբուլի երրորդ՝ սուլթան Սելիմ Ահեղի անվան կամրջի բացմանը:
Հունիսի վերջին Յըլդըրըմը շնորհակալություն հայտնեց Ադրբեջանին՝ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Հաղորդվեց, որ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Բաքվում կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ, իսկ երեք երկրների պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին, Բաթումում:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[05.06.2018]
- «ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ[18.04.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՋՐԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՈՒՐՋ[26.03.2018]
- ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[21.03.2018]
- 21-ՐԴ ԴԱՐԸ՝ «ՔՐԴԱԿԱ՞Ն ԴԱՐ»[19.12.2017]
- ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ[13.12.2017]
- «ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱ». ՊԱՏՄԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆՆԵՐ[10.11.2017]
- ԿԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ[21.07.2017]
- «ԻՆՋԻՐԼԻՔԻ» ԹՆՋՈՒԿԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ[27.06.2017]
- ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ[11.05.2017]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԵՓՐԱՏԻ ՎԱՀԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ[04.04.2017]