
ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՈՒՂԵԿՑՈՂ ԿԻԲԵՌՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ
Սամվել Մարտիրոսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ
Ապրիլի 2-ին սկսված պատերազմական գործողություններն Արցախի սահմաններում ուղեկցվում էին նաև մի շարք կիբեռհարձակողական և պաշտպանողական գործողություններով, որոնք իրականացվում էին երկու կողմի հաքերային խմբերի կողմից։
Հայ-ադրբեջանական կիբեռհակամարտությունն ընթանում է դեռևս 2000թ., երբ արձանագրվել էր առաջին մեծ ընդհարումը հայկական և ադրբեջանական հաքերային խմբավորումների միջև1։ Դրանից հետո երկար տարիներ ձևավորվում էին երկու կողմերի կիբեռխմբավորումները, որոնք իրականացնում էին աստիճանաբար ավելի բարդացող և զանգվածային հարձակումներ։
Կարելի էր ենթադրել, որ ապրիլյան հարձակմանը կուղեկցեն նաև ուժեղ կիբեռգրոհներ։ Սակայն այդ օրերի կիբեռհարձակումներում DDoS տիպի հարձակումներ արձանագրվում էին երկու կողմից էլ։ Սակայն եթե 2012-2014թթ. Հայաստանի վրա արձանագրվել էին այնպիսի հարձակումներ, որոնք հանգեցրել էին ոչ միայն մի շարք պետական և լրատվական կայքերի աշխատանքի բավական երկարաժամկետ2 խափանման, ապա ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ նման ակտիվություն չնկատվեց։ Երկու կողմից էլ նկատվում էին կիբեռհարձակումներ, սակայն դրանց ուժգնությունը բավական ցածր էր՝ ռազմաճակատում իրական գործողությունների համեմատ։
Արդեն ապրիլի 2-ից հայաստանյան լրատվական և պետական կայքերի վրա սկսվեցին ուղղորդված DDoS տիպի հարձակումներ3։ Դրան զուգահեռ՝ նկատվում էր կայքերի այցելուների աննախադեպ աճ՝ պայմանավորված բնակչության հետաքրքրվածությամբ4։ Այս երկու գործոնները միասին հանգեցրին մի շարք կայքերի աշխատանքի պարբերական խաթարումների։ Իրավիճակը բավական արագ դարձավ վերահսկելի, երբ Հայաստանում լրատվական կայքերի մեծ մասն անցավ DDoS հարձակումներից պաշտպանողական միջոցների5։
Ադրբեջանական հաքերային խմբերին ապրիլի 2-ին միացան նաև թուրքական ազգայնական հաքերները THT (TurkHackTeam) թիմից (այս թիմը հայտնի է Վատիկանի կայքերի վրա հարձակումով Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հայտարարությունից հետո6)։ Այս խումբը հայտարարեց հատուկ Հայաստանի դեմ ուղղված գործողության մասին։ Խումբը հայտարարեց, որ իրենց հաջողվել է արգելափակել մի շարք հայաստանյան պետական կայքերի աշխատանքը7։ Սակայն մշտադիտարկումը ցույց տվեց, որ խումբը որպես լուրջ հարձակումներ փորձում էր ներկայացնել կայքերի աշխատանքի շատ կարճաժամկետ խաթարումը։
Ապրիլի 6-ին մեկ այլ թուրքական հաքերային խումբ՝ Aslan Neferler Tim անվանմամբ, հայտարարեց հայաստանյան պետական կայքերի վրա հարձակման մասին8։ Սակայն այս ընթացքում կայքերի աշխատանքի խափանում չնկատվեց։
Հայկական հաքերային խմբերը նույնպես իրականացրին մի շարք հարձակումներ ադրբեջանական թիրախների վրա։ Monte Melkonian Cyber Army–ն իրականացրեց DDoS հարձակում ադրբեջանական մի շարք լրատվական կայքերի վրա։ Նաև հարձակման ենթարկվեց Ադրբեջանի կառավարության կայքը9: Հաքերային թիմը համացանցում նաև բաց տեղադրեց Ադրբեջանի 25.000 քաղաքացիների տվյալներ, որոնց մեծ մասը պատկանում էր զինվորականների։ Այս միջադեպը նույնիսկ գնահատվեց որպես ապրիլի ընթացքում կիբեռանվտանգությանը վերաբերող ամենալուրջ միջադեպերից մեկը՝ Պանամայի օֆշորի և Թուրքիայի քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքերի հետ մեկտեղ10։
Չնայած հարձակումների մեծ քանակին՝ ապրիլյան դեպքերը հայ-ադրբեջանական կիբեռհակամարտության ամենաթեժ պահեր անվանել չի կարելի։
1 КАРАБАХСКИЕ WEB-БАТАЛИИ, http://soob.ru/n/2000/5/i/10
2 DDOS ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՄՏԱՀՈԳԻՉ, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=12704
3 Razm.info կայքը DDoS հարձակման է ենթարկվել, http://sputnik.co.am/arme-nia/20160402/2694038.html
4 Հայաստանյան որոշ կայքերի խափանումը DDoS հարձակումների արդյունք է. Փորձագետ, http://www.tert.am/am/news/2016/04/02/DDos-attacks-armenia/1982078
5 Հիմնականում կայքերն օգտվում էին Cloudflare ընկերության ծառայություններից։
6 Hackers Shut Down Vatican City Website Against Pope’s Comment, https://www.hackread.com/hackers-shut-down-vatican-city-website/
7 THT Armenian Operation, http://pastebin.com/AbswZfw9
8 Turkish hackers attack Armenian government websites, https://www.rt.com/news/338682-turkish-hackers-armenian-websites/
9 Հայ հաքերները կոտրել են ադրբեջանական պաշտոնական կայքերը։ Նյութի աղբյուրը՝ http://news-book.am/?p=79439/hay+haqernery+kotrel+en+adrbejanakan+pashtonakan+kayqery+lusankarner&l=am
10 Top-10 security incidents in April 2016, https://www.cybersecurity-help.cz/blog/100.html
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԸՍՏ ՕՐԻՆԱԳԾԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ՀԱՆԳԻՍՏ ԿԱՐՈՂ Է ԴԻՏԱՐԿՎԵԼ ՈՐՊԵՍ ԱՆԱՆՈՒՆ ՀՂՈՒՄ. Սամվել Մարտիրոսյան[20.10.2021]
- ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱՆԵՐԸ[27.09.2018]
- ՈՒՂԻՂ ԵԹԵՐՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ (ինչպես ձևափոխվեց տեղեկատվական դաշտը)[08.06.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԱՔԵՐԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[05.04.2018]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2017Թ.)[07.12.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[06.10.2017]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2016Թ.[26.07.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ[31.05.2017]
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՍՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ[10.05.2017]
- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՔԵՐՆԵՐԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ[29.03.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ․ ԻՐԱՎԻՃԱԿԸ 2016Թ.[30.01.2017]