
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2016թ. մարտ)

Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ
Ահաբեկչություններ. Մարտի սկզբին հզոր պայթյուն որոտաց Ստամբուլի Բայրամփաշա թաղամասում։ Երկու կին ահաբեկիչներ՝ Բերնա Յըլմազն ու Չիղդեմ Յահշին, մի քանի նռնակ նետեցին ոստիկանատան ուղղությամբ և սկսեցին կրակել իրենց մոտ եղած զենքերից, ինչից հետո վնասազերծվեցին։ Միջադեպի պատասխանատվությունը ստանձնեց ձախակողմյան Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատը (DHKP-C)։
Մարտի 13-ին Անկարայում գրանցվեց նոր ահաբեկչություն, որը վերջին 5 ամիսներին երրորդն էր Թուրքիայի մայրաքաղաքում։ Առաջին պայթյունն Անկարայում գրանցվել էր 2015թ. հոկտեմբերի 10-ին, դրա հետևանքով զոհվել էր 103 մարդ։ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, թե պայթյունը կազմակերպել է ԻՊ-ը։ Անկարայում երկրորդ պայթյունը հնչեց 2016թ. փետրվարի 17-ին, որի հետևանքով զոհվեց 29 մարդ։ Երկրի կառավարությունը դրա պատասխանատվությունը դրեց Սիրիայի քրդերի (YPG) վրա, սակայն 2 օր անց այն ստանձնեց «Քրդստանի ազատագրման բազեներ» կազմակերպությունը (TAK):
Մարտի 13-ին Անկարայի կենտրոնում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվեց 38 և վիրավորվեց 125 մարդ։ Փորձագետների պնդմամբ՝ Անկարայի ահաբեկչության ժամանակ օգտագործվել է 300 կգ պայթուցիկ։ Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը դատապարտեց Անկարայի ահաբեկչությունը և քննադատեց իշխանություններին. «5 ամսվա ընթացքում մայրաքաղաքում 3 մեծ պայթյուն եղավ։ Անհրաժեշտ է, որ կառավարությունը, որի արած միակ բանը քննադատելն է, նախ նայի հայելու մեջ։ Կարծես թե չկա քաղաքական պատասխանատվություն, և երկիրը ղեկավարվում է ինքն իրեն, իշխանություն չկա։ Մեկ անգամ էլ դուք պատասխան տվեք։ Արդեն բավական է։ 4 պայթյուն տեղի ունեցավ, հրաժարական չկա, ներողություն չկա։ Դուք խոսում եք (մեր) պատգամավորական անձեռնմխելիության վերացման անհրաժեշտության մասին, սակայն առանց քաղաքական պատասխանատվություն կրելու ինչպե՞ս եք ղեկավարում երկիրը»։
Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նույնպես դատապարտեց Անկարայի ահաբեկչությունը և քննադատեց կառավարությանը. «Սա որերո՞րդ հարձակումն է Անկարայում։ Ամիսներով Անկարայի ոստիկանապետ նշանակել չկարողացող կառավարությունն արդյոք կարո՞ղ է ղեկավարել երկիրը։ Մի՞թե կարող է լինել ամիսներով առանց ոստիկանապետի մայրաքաղաք։ Թուրքիան մահապարտ ահաբեկիչների համար վերածվել է դպրոցի։ Այս ահաբեկչությունից հետո կառավարությունը պետք է անհապաղ ուղղումներ անի իր արտաքին քաղաքականությունում, կարգավորի հարաբերությունները բոլոր հարևանների հետ, այլապես կշարունակի մնալ որպես ահաբեկչություն ներկրող։ Թուրքիայի քաղաքներում թաքցված է 200 տոննա պայթուցիկ, ինչը նշանակում է, որ քաղաքացիական բնակչության շրջանում հետագա կորուստներն անխուսափելի են»։ Քըլըչդարօղլուն Դավութօղլուին կոչ արեց պաշտոնանկ անել մայրաքաղաքն առանց ոստիկանապետի թողած ներքին գործերի նախարար Էֆքան Ալային։ Դրանից հետո Անկարայի ոստիկանապետ նշանակվեց Վանի ոստիկանապետ Մահմութ Քարաասլանը։ 2015թ. հոկտեմբերի 10-ի ահաբեկչությունից հետո պաշտոնանկ էր արվել Անկարայի ոստիկանապետ Քադրի Քարթալը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացավ վերջ դնել ահաբեկչությանը՝ անհրաժեշտ համարելով «ահաբեկչություն» հասկացությունն ընդլայնել և որպես ահաբեկիչ ճանաչել ոչ միայն ահաբեկչական գործողություններն իրագործողներին, այլև բոլոր նրանց, ովքեր աջակցում են նման գործողություններին. «Ոչ մի տարբերություն չկա զենքով կամ նռնակով ահաբեկիչների ու նրանց միջև, ովքեր իրենց հասարակական դիրքի օգնությամբ աջակցում են ահաբեկիչների նպատակներին»։ ԺՀԿ-ն, սակայն, հայտարարեց, թե Էրդողանի կողմից օրակարգ բերված «անզեն ահաբեկչություն» նախագծի նպատակը բռնապետական ռեժիմի ամրապնդումն է։
Ընդդիմադիր Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելին կողմ արտահայտվեց երկրում արտակարգ դրության ներդրմանը։ Անկարայի ահաբեկչության պատասխանատվությունը վերստին ստանձնեց TAK-ը՝ ընդգծելով, որ դա եղել է «վրեժխնդրության ակտ»՝ ի պատասխան 2015թ. հուլիսից երկրի հարավ-արևելքում անվտանգության ուժերի իրականացրած հատուկ գործողության, և խոստանալով շարունակել հարձակումները։
Մարտի 19-ին նոր ահաբեկչություն գրանցվեց Ստամբուլի կենտրոնում, որի հետևանքով զոհվեց 5 (ներառյալ մահապարտ ահաբեկիչը) և վիրավորվեց 36 մարդ (հունվարի 12-ին Ստամբուլի Սուլթանահմեթի հրապարակում իրեն պայթեցրել էր ԻՊ մահապարտ ահաբեկիչը, որի հետևանքով, նրանից, բացի զոհվել էր ևս 12 և վիրավորվել 13 մարդ)։ Մարտի 20-ին Էֆքան Ալան հայտարարեց, թե մահապարտ-ահաբեկիչ Մեհմեթ Օզթյուրքը կապված է ԻՊ-ի հետ։ Ստամբուլի ահաբեկչությունից հետո Բահչելին կառավարությանը կոչ արեց վերականգնել ահաբեկիչների նկատմամբ մահապատիժը՝ նշելով, որ Թուրքիայում մահապատժի չեղյալ հայտարարումն արձակել է ահաբեկիչների ձեռքերը, իսկ Դեմիրթաշը բարձրաձայնեց ժողովրդավարական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։
Մարտի 31-ին պայթյուն հնչեց Դիարբեքիրում, որի հետևանքով զոհվեց 7 ոստիկան և վիրավորվեց 27 մարդ (13 ոստիկան, 14 քաղաքացիական անձինք)։ Ապրիլի 1-ի Դիարբեքիրի պայթյունի պատասխանատվությունը ստանձնեց PKK-ն։ Ինչպես դիպուկ նկատել է լրագրող, Հայոց ցեղասպանությունը ծրագրողներից և իրագործողներից Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը, Էրդողանի հետ Թուրքիայում խաղաղությունը և կայունությունն անհնար են. «Էրդողանից կայունության հարցում ակնկալիքներ ունեցողները զբաղվում են ինքնախաբեությամբ։ Էրդողանի հետ Թուրքիայում միայն մեծանում է արյան ծովը»։ Մարտյան ահաբեկչությունների հարցում ուշագրավ է, որ դրանք ստանձնում են կամ դրանց պատասխանատվությունը բարդվում է տարբեր ուժերի վրա, ինչը վկայում է ահաբեկչություններ կատարելու շատ ուժերի շահագրգռվածության և խնդրի մասշտաբների մասին։
Բռնություններ. Մարտին շարունակվեցին ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի և Անկարայում թերթի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլի հանդեպ ՍԴ կայացրած որոշման հանդեպ իշխանական արձագանքները։ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը Դյունդարին և Գյուլին ազատ արձակելու մասին ՍԴ որոշումը որակեց որպես «անօրինական» և «սահմանադրության խախտում»։ Անդրադառնալով այն փաստին, որ Էրդողանը հայտարարել է, թե չի ընդունելու և հարգելու ՍԴ որոշումը (Էրդողանը ՍԴ-ին մեղադրել էր «սահմանադրությունը խախտելու» և «ժողովրդի դեմ որոշում կայացնելու» համար՝ հույս հայտնելով, որ ՍԴ-ն վերստին չի փորձի անել նման բան, քանի որ դա պատճառ կդառնա նրա լեգիտիմությունն ու գոյությունը քննարկելու համար), Բոզդաղն ասել է, թե նման քննադատություն հնչեցնելը երկրի նախագահի ժողովրդավարական իրավունքն է: ՍԴ դատավոր Զուհտու Արսլանը, սակայն, Էրդողանին և Բոզդաղին հիշեցրեց, որ ՍԴ-ն անկախ մարմին է, և որ նրա կայացրած որոշումները պարտադիր են յուրաքանչյուր մարդու և հիմնարկի համար։
Դեմիրթաշը, մեկնաբանելով Էրդողանի տվյալ հայտարարությունը, նրան մեղադրեց իրեն ՍԴ-ից վեր դասելու համար. «Եթե ես ասեմ, որ չեմ ճանաչում ՍԴ որոշումը, ապա նույն օրն իսկ կվերացնեն իմ պատգամավորական անձեռնմխելիությունը, Սահմանադրությանը տված երդմանը հակասելու դիրքորոշման պատճառով կկալանավորեն ու կնետեն բանտ։ ՍԴ-ն բոլոր երկրներում էլ ամենահարգված կառույցն է և գերագույն դատական մարմինը»։ Քեմալ Քըլըչդարօղլուն Էրդողանին մեղադրեց Թուրքիայի Սահմանադրությանը չհետևելու և նարցիսիզմի մեջ. «Երկրի նախագահն օրենքին ու դատական իշխանությանը ենթարկվելով՝ պետք է օրինակ ծառայի հասարակության համար։ Սակայն եթե նա տառապում է նարցիսիզմով, ապա նա կարծում է, որ օրենքը հենց ինքն է, և չի պատրաստվում հետևել օրենքին ու Սահմանադրությանը»։
Ի դեպ, Էրդողանը մարտին պաշտոնապես դարձավ հայցվոր՝ փաստացիորեն տուժած կողմ ճանաչվելով Դյունդարի ու Գյուլի դեմ տարվող դատական գործի շրջանակներում։ Թուրքիան մարտին նոտաներ հղեց Գերմանիային, Իտալիային, Ֆրանսիային, Նիդերլանդներին, Կանադային, Իտալիային և Լեհաստանին, որոնց հյուպատոսները մասնակցել էին Դյունդարի և Գյուլի դեմ դատին (Էրդողանը դեմ է նրանց դատավարությանը դիվանագետների ներկայությանը)։
Մարտին Թուրքիայում դատարանի որոշմամբ փակվեց 5 ԶԼՄ՝ Kanaltürk, Bugün TV հեռուստաալիքները, Bugün Gazetesi, Millet Gazetesi թերթերն ու Kanaltürk Radyo ռադիոկայանը։ Այդ լրատվամիջոցները փակվել են Koza İpek Holding հոլդինգի հանդեպ հարուցված քրեական գործի շրջանակներում, որը մեղադրվում է Ֆեթուլա Գյուլենի շարժմանը ֆինանսավորելու համար։ Բացի այդ, Քայսերիում ձերբակալվեց Boydak հոլդինգի չորս ղեկավար (Մեմդուհ Բոյդակ, Հաջի Բոյդակ, Էրոլ Բոյդակ, Մուրազ Բոզդաղ), որոնք նույնպես մեղադրվում են Գյուլենի շարժումը ֆինանսավորելու համար։ Ի դեպ, նրանք համարվում են Թուրքիայի նախկին նախագահ, Քայսերիից սերող Աբդուլա Գյուլին մոտ կանգնած անձինք։ Մարտին ոստիկանությունը խուզարկություն անցկացրեց Naksan Holding-ի շենքում, որին կասկածում են Գյուլենի շարժմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար, և կալանավորեց հոլդինգի 9 աշխատակցի։
Մարտին Բեքիր Բոզդաղը խորհրդարանում հայտարարեց, թե Թուրքիայում քաղաքացիների հանդեպ 1845 գործ է հարուցված նախագահ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով՝ սկսած 2014թ. այդ պաշտոնին նրա անցնելուց հետո։ Թուրքիայի ՔՕ 299-րդ հոդվածը նման դեպքերի համար նախատեսում է 1-4 տարվա ազատազրկում։ Ի դեպ, մարտին Ստամբուլի դատարանը որոշեց դիմել ՍԴ-ին՝ Թուրքիայի ՔՕ 299-րդ հոդվածը չեղարկելու համար։ Դա տեղի ունեցավ Ստամբուլի համալսարանի երկու ուսանողի գործը քննելուց հետո, որոնց փաստաբանը պնդում էր, որ 299-րդ հոդվածը հակասում է երկրի Սահմանադրությանը, որը երաշխավորում է խոսքի ազատություն, ինչպես նաև ՄԻԵԴ դրույթներին։ Դատարանը համոզիչ էր համարել այդ փաստարկները։
Մարտին քրեական գործ հարուցվեց Դեմիրթաշի նկատմամբ, որի պատճառը քրդերին ինքնավարություն հատկացնելու և «հակաահաբեկչական օպերացիայի» գոտում (ուր գործում է արտակարգ դրության ռեժիմ) հանրահավաք անցկացնելու մասին նրա հայտարարությունն էր։ Էրդողանը «ահաբեկչությանը հարելու հրավեր» որակեց Դիարբեքիրում հակառազմական երթ անելու Դեմիրթաշի կոչը՝ հավելելով, որ դատախազները կկատարեն իրենց գործը։
Մարտին Թուրքիայի արդարադատության նախարարությունը նախաձեռնեց ԺԴԿ 5 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Խոսքը ԺԴԿ համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի, Ֆիգեն Յուքսեքդաղի, պատգամավորներ Սելմա Ըրմաքի, Սըրրը Սուրեյյա Օնդերի, Էրթուղրուլ Քյուրքչյուի մասին է, որոնք մեղադրվում են «ահաբեկչական զինված կազմակերպությանն անդամակցելու» և «ժողովրդի շրջանում հրապարակավ ատելություն ու թշնամանք բորբոքելու» մեջ (2015թ. դեկտեմբերի 26-ին նրանք կողմ էին արտահայտվել քրդերի ինքնավարությանը)։ Դրա հետ կապված՝ Էրդողանը հայտարարել է. «Դեմիրթաշն ու Յուքսեքդաղը «ճանապարհ հարթեցին փողոց դուրս եկած 52 մարդու մահվան համար։ Այդ անձինք տեղ չունեն խորհրդարանում և պետք է դատվեն։ Քաղաքական գործիչը չպետք է զբաղվի նման բաներով»։
Մարտին Դավութօղլուն առաջարկեց անձեռնմխելիությունից զրկել բոլոր պատգամավորներին՝ ընդգծելով, որ իրենց գործողությունների համար պետք է պատասխան տան խորհրդարանական բոլոր կուսակցությունների պատգամավորները, և որ իրենք ակնկալում են այս հարցում մյուս կուսակցությունների աջակցությունը։
Մարտին Էրդողանը հայց ներկայացրեց Դեմիրթաշի դեմ՝ նրան մեղադրելով 2016թ. փետրվարի 27-ին Մերսինում անցկացված խաղաղության հանրահավաքի ժամանակ իրեն վիրավորելու համար։ Դեմիրթաշը դրանում հայտարարել էր. «Նա (Էրդողանը) իրեն համարում է համաշխարհային առաջնորդ, անգամ պալատ (Աք սարայ) է կառուցել իր համար, ցանկանում է ստեղծել Իսլամական խալիֆաթ։ Սակայն գողերը չեն կարող լինել խալիֆ»։ Էրդողանը տվյալ հայտարարության համար Դեմիրթաշից պահանջում է 50.000 լիրա ($17.500) փոխհատուցում։
Մարտի սկզբին ստամբուլյան դատարանի որոշմամբ ժամանակավոր հոգաբարձուներ նշանակվեցին թուրքական Zaman թերթի ու Cihan լրատվական գործակալության ղեկավարման համար, որոնք ունեին գյուլենական լրատվամիջոցների համբավ։ Դրա հետ կապված՝ Zaman-ի խմբագրակազմը հայտարարեց, որ Թուրքիայում ԶԼՄ-ին լռեցնելու ևս մեկ եղանակ է դարձել հոգաբարձուներ նշանակելը՝ հիշեցնելով, որ Bugün TV և Kanaltürk ընդդիմադիր հեռուստաալիքները հոգաբարձուների նշանակումից հետո փակվեցին սնանկանալու պատրվակով։ Դավութօղլուն վստահեցրեց, թե կառավարությունը «մասնակից չէ» Zaman-ի շուրջ զարգացումներին՝ ընդգծելով, որ դա «մաքուր իրավաբանական» գործընթաց է։ Նրա խոսքով՝ թերթին մեղադրում են «զուգահեռ պետության» (գյուլենականների) միջոցով փող լվանալու համար:
Ապա Zaman-ի աշխատակազմը հայտնեց, որ ծրագրում է թերթի ընդդիմադիր տարբերակի հրատարակումը շարունակել Գերմանիայում, որը ոչ մի ընդհանուր բան չի ունենա կառավարության կողմից բռնագրավված թերթի հետ։ Zaman-ի հոգաբարձուները ոչնչացրին թերթի 30-ամյա էլեկտրոնային արխիվը (սկսած 1986-ից), ներառյալ իշխանական բարձր էշելոններում կոռուպցիայի և Թուրքիայի կառավարության կողմից Սիրիայի ջիհադականներին աջակցելու մասին բազմաթիվ հրապարակումները։ Հոգաբարձուները հնարովի մեղադրանքով Ֆարուք Աքքանին հեռացրին Cihan-ի գլխավոր տնօրենի պաշտոնից, ինչպես նաև պաշտոնանկ արեցին Today’s Zaman թերթի խմբագիր Ջելիլ Սագիրին, որն այդ պաշտոնում գտնվում էր 2011-ից։ Հոգաբարձուների նշանակումից հետո Zaman օրաթերթի տպաքանակը խստապես նվազեց. եթե մինչև հոգաբարձուների նշանակումը Zaman-ի տպաքանակը կազմում էր 635.000 օրինակ, ապա նրանց ղեկավարությամբ թերթի տպաքանակն առաջին իսկ օրը նվազեցվեց 10.000 օրինակից էլ պակաս։ Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) և Ֆեթուլա Գյուլենի շարժման փոխհարաբերությունների վատթարացումից առաջ Zaman-ի տպաքանակը հասնում էր 1.2 միլիոն օրինակի։ Zaman-ը Թուրքիայում ամենամեծ տպաքանակն ունեցող թերթն էր մինչև նոր հոգաբարձուների նշանակումը։ ԺՀԿ խոսնակ Սելին Սաեկ Բյոքեի խոսքով՝ ընդդիմադիր Zaman թերթը մեկ գիշերվա ընթացքում վերածվեց կառավարության և պալատական մեկ մարդու քարոզչական գրքույկի, որով և Թուրքիայում կառավարամետ թերթերի թիվն ավելացավ ևս մեկով, ինչը Դավութօղլուն առանց ամոթի որակում է որպես «իրավական գործողություն»։
Մարտին հաղորդվեց, որ Թուրքիայում փակվում է Radikal թերթի կայքը, որի համար որպես պատճառ է ներկայացվում ֆինանսական տեսանկյունից եկամտաբեր չլինելը։ Երկու տարի առաջ ամբողջովին դադարեցվել էր Radikal-ի տպագիր հրատարակումը, և այն ամբողջովին վերածվել էր էլեկտրոնային ԶԼՄ-ի։ Radikal թերթը մտնում է Doğan մեդիահոլդինգի մեջ։ Ակնկալվում է, որ թերթի աշխատակիցներն աշխատանքի կանցնեն մեդիահոլդինգի մեջ մտնող Hürriyet թերթում։ Մարտին Haberdar news լրատվական պորտալի լրագրող Ահմեթ Ալթանը հարցաքննվեց Էրդողանին վիրավորելու գործով։ 2015թ. նոյեմբերի 25-ին Ալթանն իր հոդվածում քննադատել էր Էրդողանին՝ կապված Թուրքիայի կողմից ռուսական «Սու-24» ինքնաթիռը խոցելու հետ։
Մարտին թուրքական Birgün թերթի լրագրող Բարըշ Ինջեն դատապարտվեց 21 ամսվա ազատազրկման՝ Էրդողանին վիրավորելու համար։ 2013թ. դեկտեմբերին, երբ Թուրքիան ցնցել էր «Մեծ կաշառք» անվանումը ստացած գործը, Ինջեն հրապարակել էր աքրոստիքոսի ոճով գրված հոդված, որի տողերի սկզբնատառերով ստացվել էր՝ «Թայիփը գող է»։ Թեև Ինջեն դա որակել էր որպես պատահականություն, սակայն դատարանն այլ կարծիքի է եղել։ Ի դեպ, մեկնաբանելով ԱՄՆ-ում գործարար Ռեզա Զարաբի կալանավորումը, որը 2014թ. դեկտեմբերի 17-ին Թուրքիայում փակված «Մեծ կաշառք» գործի առանցքային ֆիգուր է, որում ներքաշված է նաև Էրդողանի կառավարության չորս նախարար, Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարեց, թե Զարաբը ԱՄՆ-ում կբացահայտի «Մեծ կաշառք» գործի բոլոր գաղտնիքները, և իրենք կիմանան ողջ ճշմարտությունը։
Մարտին ԺԴԿ հայ պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանում բարձրացրեց Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների դավանանքի ազատության հարցը՝ իշխանություններին մեղադրելով այդ հարցում քրիստոնյաների և կրոնական մյուս փոքրամասնությունների իրավունքը խախտելու մեջ. «Բոլորս, այդ թվում և ես, հարկ ենք վճարում։ Քրիստոնյաները, մուսուլմանները, ալևիները, բոլոր դավանանքի և կրոնի տեր մարդիկ հարկ են վճարում: Սակայն կրոնական գործերի նախարարությունը ծառայում է միայն մեկ կրոնի և դրա մի ուղղությանը»։ Անդրադառնալով «կրոնական հասարակություն ցանկանալու» մասին Էրդողանի խոսքերին՝ Փայլանը հետաքրքրվել է, թե այդ պարագայում ինչու չեն բացվում հոգևոր դպրոցները. «Ստացվում է, որ քրիստոնյաները կրոնական լինելու իրավունք չունե՞ն: Ինչո՞ւ: Ինչո՞ւ, օրինակ, Հայոց պատրիարքարանի հոգևոր դպրոցը պետք է փակ լինի, կամ էլ Հեյբելիադա կղզու հոգևոր դպրո՞ցը։ Կրոնական գործերի նախարարությունն օգտագործում է մեր հարկերից գոյացած բյուջեն, սակայն արդյունքում մենք չենք ստանում ազատ և հավասար դավանանքի մեր իրավունքը» (մարտին օտարվեց Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Դիարբեքիրում գտնվող Սուրբ Կիրակոս եկեղեցին, որտեղ 2012թ. նոյեմբերի 4-ին` 32 տարվա ընդմիջումից հետո, կատարվել է վերանորոգմանը հաջորդած առաջին եկեղեցական արարողությունը):
Մարտին հաղորդվեց, որ Թուրքիայում ծրագրված է ոստիկանների թիվն ավելացնել 15.000-ով, և որ ջրցանների արտադրության մեջ մասնագիտացած թուրքական Katmerciler Ekipman ընկերության եկամուտները 2015թ. աճել են 83%-ով՝ հասնելով ռեկորդային $103 մլն-ի։ Ընդգծվում է, որ այդ ցուցանիշը առավելագույնն է ընկերության 30-ամյա պատմության ընթացքում։
Մարտին Թուրքիայի նախագահի կինը՝ Էմինե Էրդողանը, «Սուլթանների մայրեր, որոնք հետք են թողել մեր պատմության մեջ» համաժողովի ժամանակ դրականորեն բնութագրեց Օսմանյան կայսրությունում սուլթանական հարեմների դերը՝ նշելով, որ դրանք եղել են կյանքի դպրոց և կրթություն են տվել։ Այս հայտարարությունը Թուրքիայում հանգեցրեց դժգոհությունների և ծաղրանքների։ Ի դեպ, մարտին հայտնի դարձավ, որ Էմինե Էրդողանի որդին՝ Բիլալը, որին Իտալիայի դատախազությունը մեղադրում է ֆինանսական մեքենայությունների մեջ, ըստ ամենայնի, ընտանիքի հետ լքել է Իտալիան և վերադարձել Ստամբուլ: 35-ամյա Բիլալը Բոլոնիա էր մեկնել մոտ մեկ տարի առաջ՝ Ջոն Հոփքինսի համալսարանում դոկտորական ատենախոսություն գրելու համար: Նրա նկատմամբ գործը հարուցվել է ֆրանսաբնակ թուրք ձեռնարկատեր Հաքան Ուզանի հայտարարության հիման վրա, որի պնդմամբ՝ Բիլալն Իտալիա է տարել արգելված կազմակերպությունների (ԻՊ-ի) հետ նավթի առևտրի արդյունքում ստացված մեծ գումար:
Քրդական հարց, նոր սահմանադրություն. Մարտին քրդաբնակ Շըրնաք նահանգի Ջիզրե քաղաքում վերացվեց շուրջօրյա պարետային ժամը, իսկ Սիլոփի քաղաքում այն կրճատվեց։ Դրանով իսկ Ջիզրեի բնակիչները 2015թ. դեկտեմբերի 14-ից առաջին անգամ հնարավորություն ստացան վերադառնալ իրենց տները, ավելի ճիշտ՝ իրենց տան ավերակները։ Ջիզրեի պաշարման ժամանակ թուրքական բանակն օգտագործել է ավիացիա, տանկեր, հրետանի, ականանետեր։ Մարտին Դիարբեքիրի Սուր շրջանում ավարտվեց 2015թ. դեկտեմբերի 2-ին մեկնարկած և 103 օր տևած հատուկ գործողությունը։ Դրա հետ մեկտեղ անժամկետ պարետային ժամ սահմանվեց Թուրքիայի հարավարևելյան մի շարք նոր շրջաններում։
Նովրուզի կապակցությամբ Թուրքիայում ձեռնարկվեցին անվտանգության խստացված միջոցառումներ, մոբիլիզացվեցին 120.000 ոստիկան ու 80.000 ժանդարմ, ինչպես նաև պայթուցիկ որոնող 10.000 սարք, հատուկ վարժեցված շներ և այլն։ Էֆքան Ալան հայտարարեց, թե Նովրուզի տոնակատարությունները թույլատրվել են Թուրքիայի 10 նահանգում և շրջանում, իսկ մի շարք նահանգներում և շրջաններում դրանք արգելվել են, քանի որ այդպես «ավելի օգտակար կլինի քաղաքացիների անվտանգության տեսանկյունից»։ PKK առաջնորդներից Մուրադ Քարայըլանը հայտարարեց, որ PKK-ն դեռ չի սկսել պատերազմել քաղաքներում, և եթե Էրդողանն ու իշխող ԱԶԿ-ն հետ կանգնեն իրենց ներկայիս մարդասպան, ռասիստական քաղաքականությունից, ապա Նովրուզին կգրանցվեն բեկումնային զարգացումներ, ինչպես որ եղավ 2013թ. (այն ժամանակ քուրդ զինյալները PKK հիմնադիր և առաջնորդ Աբդուլա Օջալանի կոչով սկսեցին լքել Թուրքիան, ինչն աննախադեպ իրադարձություն էր 1999-ից սկսած, երբ կալանավորվեց Օջալանը)։
Մարտին Դավութօղլուն հայտարարեց, թե Թուրքիայի նոր Սահմանադրության նախագիծը մինչև ապրիլի վերջ կներկայացվի խորհրդարանի քննարկմանը։ Դրա շուրջ քննարկումները կանցկացվեն մայիս-հունիս ամիսներին։ Դավութօղլուի խոսքերով՝ կառավարությունն այդ որոշումն ընդունեց, երբ ընդդիմությունը (դժգոհելով կառավարման նախագահական համակարգին անցում կատարարելու ԱԶԿ համառ պնդումներից) հրաժարվեց մասնակցել նոր Սահմանադրության նախապատրաստմամբ զբաղվող հատուկ հանձնաժողովի աշխատանքներին։
Մարտին կատարվեց ուշագրավ ևս մեկ իրադարձություն. ԺՀԿ-ն իր շարքերից հեռացրեց Անկարայից ընտրված պատգամավոր Այլին Նազլըաքային, որն իր աշխատասենյակում իջեցրել էր Թուրքիայի Հանրապետության և ԺՀԿ հիմնադիր Քեմալ Աթաթուրքի նկարը։ Այդպիսով Թուրքիայի խորհրդարանում ԺՀԿ պատգամավորների թիվը 134-ից նվազեց մինչև 133-ի, և Թուրքիայի խորհրդարանն ունեցավ իր առաջին անկախ պատգամավորը՝ հանձին Այլին Նազլըաքայայի։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[05.06.2018]
- «ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ[18.04.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՋՐԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՈՒՐՋ[26.03.2018]
- ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[21.03.2018]
- 21-ՐԴ ԴԱՐԸ՝ «ՔՐԴԱԿԱ՞Ն ԴԱՐ»[19.12.2017]
- ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ[13.12.2017]
- «ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱ». ՊԱՏՄԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆՆԵՐ[10.11.2017]
- ԿԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ[21.07.2017]
- «ԻՆՋԻՐԼԻՔԻ» ԹՆՋՈՒԿԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ[27.06.2017]
- ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ[11.05.2017]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԵՓՐԱՏԻ ՎԱՀԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ[04.04.2017]