• am
  • ru
  • en
Версия для печати
17.03.2016

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2016Թ. ՓԵՏՐՎԱՐ)

   

Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ


Թուրքիա-Ռուսաստան

Տնտեսական – Փետրվարին Թուրքիան արգելեց ռուսական ավտոտրանսպորտի բեռնափոխադրումներն իր տարածքով, ինչը պայմանավորված էր նրանով, որ 2016թ. հունվարի 31-ին ավարտվել էր 2015թ. տրված թուրքական թույլտվության ժամկետը։ Թուրքիայի Արտահանողների ասամբլեան հայտարարեց, թե հունվարին Ռուսաստան թուրքական ապրանքների արտահանումը կրճատվել է 2.8 անգամ՝ 2015թ. հունվարի համեմատ՝ $313 մլն-ից մինչև 110 մլն։

Փետրվարին լրատվամիջոցները հայտնեցին, որ թուրք բանկիրները սկսել են զանգվածաբար լքել Ռուսաստանի բանկային սեկտորը, ինչի պատճառը ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումն է։ Մասնավորապես, «Կրեդիտ Եվրոպա» բանկը, որը ռուսական վարկային կազմակերպություն է և պատկանում է թուրքերին, հանվել է վաճառքի։ Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը փետրվարի 10-ից զգալիորեն կրճատեց Թուրքիա գազի մատակարարումները` կապված թուրքական մասնավոր ընկերությունների հետ գնային վեճի հետ։

Քաղաքական-ռազմական – Փետրվարին Ռուսաստանը խզեց Թուրքիայի հետ ռազմատեխնիկական ողջ համագործակցությունը, ներառյալ սպասարկման պայմանագրերը։ Փետրվարին Ռուսաստանը Թուրքիային մեղադրեց խոշոր տրամաչափի հրանոթներով Սիրիան հրետակոծելու համար, ինչպես նաև ապօրինի որակեց Թուրքիայի կողմից Սիրիա ցամաքային հնարավոր ներխուժումը։ Ռուսաստանին նման մտավախության տեղիք էր տվել նաև այն, որ Թուրքիան չէր թույլատրել, որ նա Բաց երկնքի մասին պայմանագրի շրջանակներում դիտորդական թռիչք կատարի իր տարածքում։ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարեց, թե կողմերը համաձայնության չեն եկել դիտորդական թռիչքի երթուղու հարցում, ինչի համար այն չի կայացել։ Ռուսաստանը խոստացավ անպատասխան չթողնել Թուրքիայի կողմից Բաց երկնքի մասին պայմանագրի խախտումը՝ հայտարարելով, թե այդ երկիրը փորձել է քողարկել Սիրիայի հետ սահմանին ռազմական ապօրինի գործունեությունը, այսինքն՝ թաքցնելու բան է ունեցել։ Ռուսական կողմը գրեթե նույն կերպ մեկնաբանեց նաև այն, որ Թուրքիան վիզային ռեժիմ սահմանեց ռուսաստանցի լրագրողների համար։ Ռուսաստանի Հասարակական պալատը հայտարարեց, որ Թուրքիան այդպիսով փորձում է սահմանափակել երկրում տեղի ունեցող դեպքերի օբյեկտիվ լուսաբանումը։

Փետրվարին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, թե դեռ չկան Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման պլաններ, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, թե Պուտինը չի ծրագրում որևէ շփում ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ՝ հավելելով, որ ռուս-թուրքական հարաբերությունները ներկայումս վատագույն վիճակում են վերջին մի քանի տասնամյակի համար, որ Ռուսաստանը ցավում է, սակայն մեղավոր չէ դրա համար։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, թե Թուրքիան հրաշալի գիտի, թե ինչ է պետք անել՝ հարաբերությունները նորմալ հուն վերադարձնելու համար:

Փետրվարին կողմերը փոխանակեցին մի շարք սուր հայտարարություններ։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե Թուրքիան և ԻՊ-ը գաղտնի բանակցում են, Մոսկվան չի մոռանա ահաբեկիչներին Թուրքիայի աջակցելու մասին։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սիրիայի սահմանին Թուրքիայի գործողությունները որակեց «բացարձակ ամենաթողություն»՝ ընդգծելով, թե Անկարան չի կարողանում հաշտվել, որ այդ շրջաններն ազատագրվել են ահաբեկիչներից։ ՌԴ ԱԳՆ-ն Թուրքիային մեղադրեց Կիպրոսի խնդրի կարգավորմանը կոպտորեն միջամտելու համար և ափսոսանք հայտնեց Թուրքիայում լրագրողների հալածանքների համար։

Էրդողանն իր հերթին Ռուսաստանին վերստին մեղադրեց «Սիրիայի ներքին օկուպացմամբ զբաղվելու և, մասնավորապես, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի համար գաճաճ պետություն ստեղծելու» փորձերի համար՝ Պուտինին անվանելով «զավթիչ»։ Բացի այդ, Էրդողանը Ռուսաստանին և Ասադի վարչակարգին մեղադրեց Սիրիայում «քրդական միջանցք» ստեղծելու մեջ, իսկ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ռուսաստանին կոչ արեց ավիաաջակցություն չցուցաբերել Սիրիայի քրդերին. «Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Ռուսաստանից, որը վտանգավոր խաղ է խաղում Սիրիայում, ուր առկա է ՆԱՏՕ-ի հետ բախվելու ռիսկ։ Թող ոչ ոք չմոռանա, որ Աֆղանստան մտած ԽՍՀՄ-ն Աֆղանստանը լքել է գլխիկոր։ Նույնը կլինի Սիրիայում։ Ռուսաստանն արդեն խախտել է 3 երկրների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Սիրիայի տարածքային ամբողջականությունը, իսկ այժմ սպառնալիքի տակ է հայտնվել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ռուսաստանը Սիրիայի և Իրանի ավագ եղբայրն է։ Ասադի վարչակարգը, Իրանն ու «Հըզբոլլահի» զինյալները չեն կարողացել դիմակայել սիրիական ընդդիմությանը, ինչի համար էլ օգնություն են խնդրել Ռուսաստանից, որն այժմ Սիրիայում իրեն պահում է ինչպես ահաբեկչական կազմակերպություն։ Բոլոր նրանք, ովքեր աջակցում են Ասադի վարչակարգին, ռազմական հանցանքներ են գործում»։

Ուշագրավ էր Էրդողանի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը 2 օդաչուի պատճառով կորցրեց այնպիսի ընկերոջ, ինչպիսին Թուրքիան է, ինչին ՌԴ ԱԳՆ-ն հակադարձեց, որ Էրդողանը բառերը ճիշտ չի դասավորել և պետք է ասեր, որ Ռուսաստանը Թուրքիայի պատճառով կորցրեց 2 օդաչու։ Այստեղ պետք է հիշել, որ «Մավի Մարմարայի» միջադեպից (31.05.2010) հետո Էրդողանը հայտարարել էր, թե «թուրք 9 ակտիվիստի սպանությունն իրենց բավական հիմք էր տալիս Իսրայելին պատերազմ հայտարարելու համար»։ Դավութօղլուն միջադեպը որակել էր «թուրքական սեպտեմբերի 11»՝ ընդգծելով, որ իր երկրի քաղաքացիները սպանվել են այլ երկրի կանոնավոր բանակի կողմից։

Փետրվարին ՌԴ Պետդումայի Կոմկուսի խմբակցությունը դիմեց Վլադիմիր Պուտինին և Սերգեյ Լավրովին՝ կոչ անելով չեղյալ հայտարարել 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը։ Դիմումի հեղինակներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը հայտարարել են, որ Թուրքիան պետք է հասկանա, թե իր համար ինչ հետևանքներ կարող է ունենալ հակամարտության սրումը, և որ միայն Մոսկվայի պայմանագրի չեղարկումը կարող է սթափեցնել նրան։ Նախաձեռնությանն աջակցել է «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունը: ՌԴ ԱԳՆ-ն խոստացել է դիմումը դիտարկել օրենքով սահմանված կարգով։ Ի դեպ, մարտի 16-ին լրանալու է այդ պայմանագրի 95-ամյակը։

Փետրվարին ռուս-թուրքական հարաբերություններում քիչ թե շատ դրական կարելի է որակել փոխադարձ ցավակցությունները։ ՌԴ ԱԳՆ-ն Անկարայի ահաբեկչության կապակցությամբ խորին ցավակցություն հայտնեց թուրք ժողովրդին, զոհվածների ազգականներին ու մերձավորներին, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն իր հերթին Վորկուտայի «Սևերնայա» ածխահանքի վթարի կապակցությամբ ցավակցություն հայտնեց զոհվածների հարազատներին ու մերձավորներին և ռուս ժողովրդին։ Այստեղ, սակայն, աչքի է զարնում այն, որ կողմերը չեն ցավակցել մյուս երկրի իշխանություններին։

Թուրքիա-ԱՄՆ - Փետրվարին Էրդողանը վերջնագիր ներկայացրեց ԱՄՆ-ին՝ պահանջելով ընտրություն կատարել Թուրքիայի և Սիրիայի քրդերի Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) միջև, որին Թուրքիայում համարում են PKK սիրիական թև ու ահաբեկչական կազմակերպություն. «Դուք մե՞զ հետ եք, թե՞ PYD-ի»։ Էրդողանն այդ հայտարարությունն արեց ԱՄՆ նախագահի՝ ԻՊ-ի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաք-Գերկի՝ Սիրիայի քրդերի վերահսկած Քոբանի կատարած այցից հետո, ինչն ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի Սիրիա կատարած առաջին այցն էր՝ սկսած 2012-ից, երբ փակվեց Դամասկոսում ԱՄՆ դեսպանատունը։ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը, սակայն, հայտարարեց, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան արդեն երկար ժամանակ դաշնակիցներ են, բայց նրանք չեն կարող համակարծիք լինել բոլոր հարցերում։

Էրդողանն ԱՄՆ-ին և արևմտյան գործընկերներին մեղադրեց «PKK ու PYD նպատակները և հավակնությունները ճիշտ գնահատել չկարողանալու համար»՝ ընդգծելով, որ «նրանց սխալ հաշվարկների պատճառով Մերձավոր Արևելքը վերածվել է արյան ծովի»։ ԱՄՆ-ը, սակայն, անդրդվելի մնաց. Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարեց, որ ԱՄՆ-ը YPG-ը (PYD ռազմական թև) ահաբեկչական չի համարում. «Մենք հասկանում ենք YPG-ի հետ կապված Թուրքիայի մտահոգությունները, սակայն YPG-ը ԻՊ-ի դեմ պայքարում ամենահաջողված ուժերից մեկն է»։ Դա պատճառ դարձավ, որ Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասին կանչեն Թուրքիայի ԱԳՆ՝ պահանջելով հստակեցնել Քիրբիի այն խոսքերը, որ ԱՄՆ-ը PYD-ը չի ճանաչում ահաբեկչական կազմակերպություն: Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչն «ապշեցուցիչ և վիրավորական» որակեց Քիրբիի այն խոսքերը, որոնցում նա Թուրքիային և Սիրիայի քրդերին կոչ է արել կենտրոնանալ ընդհանուր թշնամու՝ ԻՊ-ի դեմ պայքարի վրա՝ ընդգծելով, որ այդպիսով ԱՄՆ-ը մեկ հարթությունում է դրել Թուրքիային ու Սիրիայի «քուրդ խռովարարներին»։ Չավուշօղլուն պահանջեց, որ ԱՄՆ-ը խզի իր կապերը Սիրիայի քրդերի հետ՝ հայտարարելով, որ «ԻՊ-ի դեմ պայքարում նրանց օգտագործելը թուլության նշան է»։

Փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույցի ժամանակ Դավութօղլուին կոչ արեց դադարեցնել Սիրիայի տարածքի հրետակոծումները։ Օբաման հեռախոսազրույց ունեցավ Էրդողանի հետ, ցավակցեց Անկարայի ահաբեկչության կապակցությամբ, հայտարարեց, որ Թուրքիան ունի ինքնապաշտպանվելու իրավունք։ Էրդողանն ու Օբաման պայմանավորվեցին հետ չկանգնել մյունխենյան պայմանավորվածություններից և Ռուսաստանին կոչ արեցին դադարեցնել սիրիական ընդդիմությանը հարվածելը։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ցավակցեց Չավուշօղլուին և քննարկեց Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու հարցը։ Այդ զրույցից հետո Չավուշօղլուն հայտարարեց, թե իրենք գոհ են, որ ԱՄՆ-ը մասնակիորեն փոխել է կարծիքը PYD-ի հանդեպ՝ նրան համարելով անհուսալի։ Քերին հայտարարեց, որ ԱՄՆ-ը հարգելու է Թուրքիայի մտավախությունները։

Փետրվարին Էրդողանի գլխավոր խորհրդական Շերեֆ Մալքոչը հայտարարեց, որ եթե ԱՄՆ-ը PYD-ը չճանաչի ահաբեկչական կազմակերպություն, ապա Թուրքիան կարող է ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար փակել «Ինջիրլիքի» ավիաբազան։

Թուրքիա-ԵՄ - Փետրվարին ԵՄ-ը հավանության արժանացրեց Թուրքիայի տարածքում փախստականներին աջակցելու հիմնադրամի ֆինանսավորումը։ Ֆինանսական մեխանիզմի օգտին կողմ են արտահայտվել ընկերակցության անդամ բոլոր 28 երկրները, այդ թվում նաև Իտալիան, որն ավելի վաղ արգելափակել էր անհրաժեշտ 3 մլրդ եվրոյի հատկացումը։ Դա համաձայնեցվել էր 2015թ. նոյեմբերի 29-ին տեղի ունեցած ԵՄ-Թուրքիա գագաթաժողովում։ Փետրվարին հաղորդվեց, թե Էրդողանը 2015թ. նոյեմբերին Անթալիայում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ հանդիպման ժամանակ ԵՄ-ից պահանջել է 30 մլրդ եվրո փախստականների խնդիրը լուծելու համար` սպառնալով հակառակ դեպքում փախստականներին ավտոբուսներով ուղարկել Եվրոպա

Փետրվարին Անկարա այցելեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը քննարկեց փախստականների հարցը՝ հայտարարելով, թե իրենք կշարունակեն օգնել փախստականներին։ Մերկելի խոսքերով՝ ԵՄ-ն ու Թուրքիան պետք է կիսեն միգրացիոն ճգնաժամի պատասխանատվությունը։ Փետրվարին Եվրոպական հանձնաժողովը հայտարարեց, որ Թուրքիան պետք է շուտափույթ զգալի առաջընթաց գրանցի ԵՄ ապօրինի ներգաղթյալների և փախստականների հոսքը կանխելու հարցում, որը ձմեռային ժամանակաշրջանի համար մնում է բարձր։ Փետրվարին Տուսկը հայտարարեց, թե ԵՄ-Թուրքիա նոր գագաթաժողովը Բրյուսելում պետք է տեղի կունենա մարտի 7-ին, և որ այն կոչված է նվազեցնելու ԵՄ ներգաղթյալների հոսքը։ Հանդիպումը նշանակված էր փետրվարի 18-ին, սակայն չեղարկվել էր Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով։

Իրան, Իրաք – Փետրվարին Թուրքիան շահեց Իրանի հետ գազի բազմամյա վեճը։ Միջազգային միջնորդ դատարանն իր որոշումը կայացրեց հօգուտ Թուրքիայի, ըստ որի՝ Իրանը պետք է Թուրքիային 10-15% զեղչ տրամադրի գազի 2011-2015թթ. գնումների համար։ Խոսքը մոտ $1 մլրդ-ի փոխհատուցման մասին է։ Թուրքիան տվյալ հարցով Միջազգային միջնորդ դատարան դիմել է 2012թ. մարտին։ Նշենք, որ Իրանը Թուրքիայի երկրորդ հիմնական գազամատակարարն է Ռուսաստանից հետո, և որ իրանական գազն ամենաթանկն է՝ ռուսական ու ադրբեջանական գազի գնի համեմատ։ Որոշակի տվյալներով՝ Թուրքիան 1000 մ3 գազի համար Ադրբեջանին վճարում է $340, ռուսական գազի համար՝ $418, իսկ իրանական գազի համար՝ $487։

Փետրվարին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնեց, որ խստացվում է Իրաքի քաղաքացիների հանդեպ վիզային ռեժիմը՝ պատճառաբանելով ապօրինի ներգաղթի դեմ պայքարով։ Դրանից հետո Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաֆարին սպառնաց, որ Իրաքը կարող է համանման միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ հավելելով, որ Իրաքը Թուրքիայից ակնկալում էր լարվածությունը նվազեցնելու և Իրաքի հետ մերձենալու փորձ, սակայն փոխարենը տեսավ հակառակը։

Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին փետրվարին Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ բարձրացրեց Թուրքիայի կողմից երկրի տարածքում զորք տեղակայելու հարցը՝ ընդգծելով, որ դա անընդունելի է, և որ Թուրքիան չի ունեցել Իրաքի իշխանությունների թույլտվությունը։ Փետրվարին ԱՄՆ-ը հերթական անգամ Թուրքիային կոչ արեց հարգել Իրաքի տարածքային ամբողջականությունը, դուրս բերել իր զորքն այնտեղից, սակայն Թուրքիան մնաց անդրդվելի։

Սիրիա-Սիրիայի քրդեր – Փետրվարին Թուրքիան հերթական անգամ հայտարարեց, որ PYD-ը չպետք է անցնի Եփրատ գետի արևմտյան սահմանը, ինչը նա որակել է որպես Սիրիայի քրդերի համար «կարմիր գիծ»։ Դրանով Թուրքիան ձգտում է թույլ չտալ Սիրիայի քրդերի Քոբանի և Աֆրին ինքնավար շրջանների միավորումը, իր իսկ խոսքերով՝ քրդական միջանցքի ձևավորումը, ինչպես նաև ձգտում է չզրկվել ԻՊ-ին սահմանակից լինելուց։ 2015թ., երբ Սիրիայի քրդերը փորձել են Քոբանիի շրջանից նավակներով հատել Եփրատ գետը և հարձակվել ԻՊ վերահսկած Ջերաբլուսի վրա, Թուրքիայի F-16 կործանիչները հարվածել են այդ նավակներին։ Թուրքիան ամեն գնով ձգտում է, որ ԻՊ-ը շարունակի պահպանել Ջերաբլուս–Ազեզ 98 կմ հատվածը, քանի որ եթե Սիրիայի քրդերը գրավեն այն, ապա դրանով գրեթե կմիավորվեն նրանց ինքնավար բոլոր շրջանները (Աֆրինի մոտ ոչ մեծ տարածք գտնվում է սիրիական ընդդիմության վերահսկողության ներքո)։ Թուրքիան այս անգամ չափազանց լրջորեն է տրամադրված, որպեսզի չկրկնվեն Թալ-Աբյադի դեպքերը, որը ժամանակին գտնվում էր ԻՊ վերահսկողության տակ և սեպի պես խրված էր Սիրիայի քրդերի Քոբանի ու Ջիզրե շրջանների միջև։

Փետրվարին Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիան թույլ չի տա իր հարավային սահմանին «նոր Ղանդիլի» (նկատի ունենալով PKK ճամբարները Ղանդիլի լեռներում՝ Հյուսիսային Իրաք) առաջացում, սակայն դրանք սին խոսքեր են, քանի որ նրա բնորոշած «նոր Ղանդիլը» գործում է դեռևս 2012-ից, երբ Ասադը Հալեպի ճակատամարտի համար իր զորքերը հետ քաշեց քրդաբնակ շրջաններից, և դրանցում սկսեցին ծածանվել Սիրիայի քրդերի դրոշները, որոնք տեսանելի էին Թուրքիայից և խստապես զայրացնում էին նրան։ Ընդ որում՝ «սիրիական Ղանդիլն» այդ ընթացքում բավական ընդլայնվել է։

Փետրվարին Հալեպի նահանգում սիրիական բանակի մասշտաբային գրոհի ժամանակ Դավութօղլուն հայտարարեց, թե Թուրքիան մտադիր է պաշտպանել Հալեպը՝ դա համարելով պատմական պարտքի վերադարձ. «Մենք կվերադարձնենք մեր պատմական պարտքը։ Ժամանակին Հալեպից մեր եղբայրները պաշտպանել են մեր քաղաքները՝ Շանլըուրֆան, Գազիանթեփը, Քահրամանմարաշը։ Այժմ մենք կպաշտպանենք հերոսական Հալեպը։ Նրա պաշտպանների թիկունքում ողջ Թուրքիան է»։ Հարկ է նշել, որ քեմալական շարժման ժամանակ (Անտանտին) դիմադրություն ցույց տալու համար Ուրֆան դարձել է Շանլըուրֆա (Փառապանծ Ուրֆա), Այնթափը՝ Գազիանթեփ (Հաղթող Այնթափ), իսկ Մարաշը դարձել է Քահրամանմարաշ (Հերոս Մարաշ)։

Փետրվարին ակտիվացան Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի կողմից Սիրիայում իբր թե ԻՊ-ի դեմ ցամաքային ռազմական գործողություն պատրաստելու մասին լուրերը։ Հետաքրքիր է, թե ինչու ԻՊ-ի դեմ պայքարի հարցով այդքան «մտահոգ» այդ երկու երկրները չէին ծրագրում դա իրականացնել Սիրիայի հարևան Իրաքում։ Ամեն դեպքում ժամանակի ընթացքում թուրքական կողմը հետքայլ կատարեց, ինչն ըստ ամենայնի պայմանավորված էր նրանով, որ ԱՄՆ-ից և ընդհանրապես ՆԱՏՕ-ից չստացավ աջակցություն՝ նման արկածախնդրության գնալու համար։ Սա, ի դեպ, ցույց է տալիս, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն ի վիճակի է զսպել Թուրքիային իր համար առանցքային համարվող հարցերում։ Մնացյալ բոլոր դեպքերում մենք տեսնում ենք, որ Թուրքիան անտեսել է ԱՄՆ բոլոր կոչերը՝ Սիրիայի և Իրաքի քրդերին ռմբակոծելու, հրետակոծելու փոխարեն կենտրոնանալ ԻՊ-ին հարվածելու վրա, փակել թուրք-սիրիական սահմանը (98 կմ հատվածը), թուրքական զորքը դուրս բերել Իրաքի տարածքից, վերջ դնել Թուրքիայում մարդու իրավունքների շարունակական խախտումներին։

Թուրքիան շարունակ փորձում է շահարկել հավաքական պաշտպանության մասին ՆԱՏՕ կանոնադրության 5-րդ հոդվածը։ Եթե նախկինում Թուրքիան սահմանային տարատեսակ սադրանքների միջոցով փորձում էր ՆԱՏՕ-ին ներքաշել սիրիական հակամարտության մեջ՝ Բաշար Ասադի վարչակարգի տապալմանը հասնելու համար, ապա այժմ Թուրքիան փորձում է դրան հասնել Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի դեմ դիմակայությունում միայնակ չմնալուն, ՆԱՏՕ-ի միջոցով իր նպատակներին հասնելուն, ՆԱՏՕ-ի հետ բախման սպառնալիքի ստեղծմամբ Ռուսաստանին ահաբեկելուն։ Դավութօղլուն հայտարարեց, որ Սիրիայում կա ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախման սպառնալիք՝ հիշեցնելով, որ Թուրքիայի օդային տիրույթը ՆԱՏՕ օդային տիրույթն է։ Սակայն ՆԱՏՕ անդամ երկրները չեն ցանկանում պաշտպանել Թուրքիայի արկածախնդրական պլանները և տուժել դրանից։ Արևմտյան մամուլում Թուրքիան արդեն որակվում է անհուսալի գործընկեր, և քննարկվում է Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու հարցը։ Պետք է ընդգծել, որ առանց ՆԱՏՕ հովանու, աջակցության՝ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կլինի շատ ավելի զուսպ։ Նման իրավիճակում այն հաստատապես ռիսկի չէր դիմի հարվածել միջուկային տերության (Ռուսաստան) ինքնաթիռին։

Բուլղարիա-Հունաստան – Փետրվարին Բուլղարիան անցանկալի անձ հայտարարեց Բուրգասում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության կցորդ Ուղուր Էմիրօղլուին, որը, չնայած որ լիազորվել է որպես սոցիալական հարցերով կցորդ, սակայն ժամանակի մեծ մասը զբաղվել է կրոնական գործունեությամբ, ինչպես նաև ճնշում է գործադրել կուսակցությունների վրա, ինչն էլ որակվել է որպես Բուլղարիայի ներքին գործընթացներին կոպիտ միջամտություն։ Ի պատասխան՝ Թուրքիան անցանկալի անձ ճանաչեց Ստամբուլում Բուլղարիայի գլխավոր հյուպատոս Զորնիցա Պետրովա Ապոստոլովային։

Փետրվարին Հունաստանը վճռական բողոք հայտնեց Թուրքիային՝ Իրան մեկնող վարչապետ Ալեքսիս Ցիպրասի պլանը չընդունելու համար, որը նման այցերի համար օգտագործում է մարտական ինքնաթիռ։ Դրա պատճառով Ցիպրասի ինքնաթիռը հարկադրված է եղել փոխել երթուղին։ Թռիչքի պլանի համաձայն՝ Ցիպրասի ինքնաթիռն Աթենքից թռչելուց հետո լիցքավորման համար պետք է վայրէջք կատարեր Հռոդոս կղզում, ինչից հետո՝ Թուրքիայի և Սիրիայի վրայով թռչեր Իրան։ Թուրքիան, սակայն, հայտարարել է, թե Հռոդոսն ապառազմականացված կղզի է, և որ մարտական ինքնաթիռը չի կարող այնտեղ վայրէջք կատարելուց հետո ուղին շարունակել իր տարածքով։ Թուրքիան պահանջել է, որ Ցիպրասի ինքնաթիռը լիցքավորման նպատակով վայրէջք կատարի Անկարայում կամ Էդիրնեում։

Ուկրաինա, Ղազախստան – Փետրվարին Դավութօղլուն մեկնեց Կիև՝ քննարկելու համար Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերությունը։ Նա աջակցություն հայտնեց Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ ընդգծելով, որ Թուրքիան Ղրիմն ընկալում է որպես Ուկրաինայի անքակտելի մաս։ Այցի արդյունքներով հաղորդվեց, որ Ուկրաինան Թուրքիայից ստանալու է $50 մլն-ի վարկ (հնգամյա ժամկետով, 2.5% տոկոսադրույքով), որ Ուկրաինան ու Թուրքիան ծրագրում են մինչև 2018թ. ապրանքաշրջանառության ծավալը հասցնել $10 մլրդ-ի, ինչպես նաև վերսկսելու են ազատ առևտրի գոտու մասին բանակցությունները։ Թուրքիան ցանկանում է օգտագործել Ուկրաինայի գազապաստարանները (ներկայումս Թուրքիան ունի միայն մեկ գազապաստարան՝ Սիլիվրիում)։ Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտարարեց, որ Անկարան և Կիևը կարող են հաստատել ռազմական համագործակցություն՝ հավելելով, որ Թուրքիայի հետ գործընկերությունը պահանջվում է Սև ծովում Ռուսաստանի ազդեցության զսպման համար։

Փետրվարին Դավութօղլուն այցելեց Ղազախստան, որտեղ հայտարարեց, որ յուրաքանչյուր այցի ընթացքում իրեն զգում է ինչպես հայրենիքում և հպարտ է Թուրքիայի վարչապետի կարգավիճակով առաջին անգամ Ղազախստան այցելելու համար։ Դավութօղլուն Նազարբաևին հիշեցրել է Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալի խոսքերը, որը Թուրքիայում ղազախ ապօրինի ներգաղթյալների քանակի մասին հարցին պատասխանել էր. «70 միլիոն՝ ներառյալ ես». «Մենք ոչ վաղ անցյալում հաշվարկել ենք Թուրքիայի բնակչության թիվը, և կարող եմ ձեզ վստահեցնել, որ այսօր իմ երկրում ապրում է 78.6 միլիոն ղազախ, որոնց անունից էլ ողջունում եմ ձեզ»։ Դավութօղլուն նաև հայտարարեց, որ Թուրքիան Ղազախստանի համար դուռ է դեպի ԵՄ, իսկ Ղազախստանը Թուրքիայի համար դուռ է դեպի ԵՏՄ, և որ տրանսպորտային միջանցքների իրագործմամբ Թուրքիան և Ղազախստանը ձեռք կբերեն Եվրասիայի կենտրոնների կարգավիճակ։ Նազարբաևը հայտարարեց, որ Ղազախստանի համար Թուրքիայի կարևորությունը շատ մեծ է, և որ իրենք երբեք չեն հրաժարվի նրա հետ համագործակցելուց:

Ի դեպ, Սու-24-ի միջադեպին թյուրքական աշխարհի արձագանքը ցույց տվեց, որ նրանք չեն աջակցում Թուրքիային, որը չպետք է նման լուրջ հարցերում պատրանքներ կապի թյուրքական գործոնի հետ։ 2009թ. Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի ստեղծման մասին նախիջևանյան համաձայնագիրը Թուրքիայի հետ ստորագրած երկրներից Ղազախստանի և Ղրղզստանի (ԵՏՄ, ՀԱՊԿ, ՇՀԿ, ԱՊՀ անդամներ) արձագանքը կարելի է որակել որպես ռուսամետ, իսկ Ադրբեջանի արձագանքը՝ չեզոք (Նազարբաևը հայտարարել էր, թե Սու-24-ը չէր շարժվում դեպի Թուրքիայի տարածքի խորքեր և Սիրիայում առաջադրանք էր կատարում ահաբեկիչների դեմ պայքարում, իսկ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևն ընդհանրապես հայտարարեց, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի Սու-24-ի միջադեպի համար)։

Ադրբեջան, Վրաստան – Փետրվարին Ադրբեջանում պետք է տեղի ունենար Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը, որին պետք է մասնակցեր Էրդողանը։ Սակայն նախօրեին Անկարայում իրականացված ահաբեկչության պատճառով հետաձգվեց Էրդողանի ադրբեջանական այցը։ Հաղորդվեց, որ նիստը տեղի է ունենալու մոտ ժամանակներս։ Փոխարենն Ադրբեջան ժամանեց Վրաստանում գտնվող Չավուշօղլուն։

Փետրվարին Վրաստան այցելեց Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը և քննարկեց ռազմական ոլորտում համագործակցության ու տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Փետրվարին վերջապես Թբիլիսիսում տեղի ունեցավ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուի, Միխայիլ Ջանելիձեի և Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպումը, որը պետք է կայանար դեռևս 2015թ. դեկտեմբերին, ապա՝ 2016թ. հունվարին։ Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվեցին իրենց հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարի Ադրբեջանում։ Ի թիվս այլ հարցերի, նրանք քննարկեցին նաև Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու հարցը՝ այն որակելով պատմական նախագիծ։

Թբիլիսիում տեղի ունեցավ նաև ԲԹԿ նախագծի Համակարգող խորհրդի 7-րդ հանդիպումը, որին մասնակցել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին, Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը, Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը։ Կումսիշվիլին հայտարարեց, որ Թուրքիան իրենց խոստացել է ԲԹԿ երկաթուղու մասով աշխատանքներն ավարտել այս տարի, և 2017թ. իրենք կունենան գործող երկաթուղի։ Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը նույնպես հայտարարեց, որ ԲԹԿ երկաթուղին շահագործման կհանձնվի 2017թ. (Թուրքիայի կողմից ԲԹԿ ձգձգման պատճառներին անդրադարձել ենք մեր նախկին հոդվածներից մեկում)։ Փետրվարին Թուրքիան և Վրաստանը քննարկեցին ազատ առևտրի ռեժիմի վերանայումը, ինչը միտված է տվյալ համաձայնագիրն ավելի արդյունավետ գործարկելուն և առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր