• am
  • ru
  • en
Версия для печати
04.02.2016

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2015թ. դեկտեմբեր)

   

Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ


Քրդեր.
Դեկտեմբերի 27-ին Դիարբեքիրում գումարվեց Դեմոկրատական հասարակության կոնգրեսի (DTK) երկօրյա կոնֆերանսը, որի մասնակիցներն Անկարային կոչ արեցին «Քրդական հարցը» լուծել քրդաբնակ շրջաններում ժողովրդավարական ինքնավարության ստեղծման միջոցով, ինչպես նաև ազատ արձակել PKK առաջնորդ Աբդուլա Օջալանին։ Ի պատասխան՝ Դավութօղլուն հրաժարվեց նոր Սահմանադրության հարցով հանդիպել Դեմիրթաշի հետ, որը նույնպես մասնակցել է հանդիպմանը։

Կոնֆերանսից հետո թուրքական դատախազությունը հետաքննություն սկսեց Դեմիրթաշի նկատմամբ, որը դրա ժամանակ կողմ է արտահայտվել «Քրդական հարցի» քաղաքական որոշմանը և այն հռչակագրի օգտին, որում քրդաբնակ նահանգներում ինքնավարության կոչ է արվում։ Դատախազությունը կարծում է, որ այդ կոչերը հակասում են Թուրքիայի Սահմանադրությանը։ Թուրքիայի իշխանությունները ԺԴԿ-ին մեղադրում են «բռնությանը նպաստելու», «PKK-ի հետ համագործակցելու», «թուրք հասարակությանը բևեռացնելու փորձերի» մեջ, ինչի համար էլ երկրում քննարկվում է ԺԴԿ մի շարք անդամների պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Դավութօղլուն քրդամետ կուսակցությանը մեղադրել է արտաքին ուժերի կողմից ղեկավարվելու համար. «ԺԴԿ-ն ոչ թե քաղաքական կուսակցություն է, այլ PKK պաշտպան»։ ԺԴԿ-ն 2015թ. Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից և դրանցում բարձր արդյունքներ ցուցաբերելուց հետո հայտնվել է թուրքական իշխանությունների թիրախում՝ նրան երկրի քաղաքական ասպարեզից դուրս մղելու համար։

Երկրի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել քրդաբնակ մի շարք շրջաններում՝ Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում, Շըրնաք նահանգի Ջիզրե և Սիլոփի շրջաններում, Մարդին նահանգի Նուսայբին և Դարգեչիթ շրջաններում, ուր շարունակվում են փողոցային բախումները։ Մոտ 10.000 զինվորական և ոստիկան լայնամասշտաբ գործողություն են իրականացնում դրանցում։ Դավութօղլուն հայտարարել է, թե Անկարան թույլ չի տա սիրիական կամ իրաքյան սցենարով երկրի հարավ-արևելքում հակամարտության զարգացում։ Սակայն պետք է նշել, որ շատ բան տանում է հենց դրան։ Թուրքիայի հարավ-արևելքում բախումների պատճառով մոտ 114.000 դպրոցական զրկվել է ուսումնական հաստատություն հաճախելու հնարավորությունից։ Մոտ 10.000 երեխա դպրոց չի հաճախում Դիարբեքիրում, մոտ 16.000-ը՝ Նուսայբինում ու Դարգեչիթում, 88.000-ը՝ Սիլոփիում ու Ջիզրեում։ Մի շարք դպրոցներ այրվել են PKK զինյալների կողմից, իսկ մի մասն էլ բազավորման կետ է ծառայում զինյալների և ուժայինների համար։

Թուրքիայի ՆԳՆ զեկույցի համաձայն, երկրի հարավ-արևելքում մոտ 100.000 մարդ բախումների հետևանքով դարձել է հարկադիր վերաբնակ։ Ընդհանուր առմամբ, զինված հակամարտության գոտում՝ 5 շրջաններում, ապրում է մոտ 1.3 միլիոն մարդ, որոնցից մոտ 100.000-ը հարկադրված է եղել լքել տները։ Զեկույցում ասվում էր, որ PKK-ն ցանկանում է զինված հակամարտությունը տեղափոխել խոշոր քաղաքներ։ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբն ամանորից առաջ չեղյալ է հայտարարել բոլոր զորամասերում ամանորը տոնելը, ինչի պատճառը զգալի կորուստներն են, որ թուրքական բանակը կրել է PKK զինյալների դեմ պայքարում. վերջին մեկ ամսում Թուրքիայում PKK-ի հետ բախումներում զոհվել է ավելի քան 60, իսկ 2015թ.՝ ավելի քան 200 զինվորական։ Թուրքական կողմի բռնությունները մեծացնում են PKK համակիրների թիվը, իսկ ԵՄ-ը սկսել է մտահոգվել Թուրքիայի հարավ-արևելքից քուրդ փախստականների հնարավոր ալիքի կապակցությամբ։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր