• am
  • ru
  • en
Версия для печати
03.02.2016

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2015թ. դեկտեմբեր)

   

Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ


Թուրքիա-Ռուսաստան.
2015թ. դեկտեմբերին, ինչպես և ակնկալվում էր, ռուս-թուրքական հարաբերություններն ավելի սրվեցին։ Թուրքիան հրաժարվում է կատարել «Սու-24» ինքնաթիռի խոցումից հետո Ռուսաստանի ներկայացրած 3 նախապայմանները՝ ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել և պատժել մեղավորներին։ Ամենաբարդը վերջին նախապայմանն է, եթե հաշվի առնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն միջադեպից հետո հայտարարել է, թե անձամբ ինքն է հրաման տվել կործանել (իր պնդմամբ) սահմանախախտ ինքնաթիռը (Թուրքիայի Սահմանադրության 117-րդ հոդվածի համաձայն՝ երկրի Գլխավոր շտաբի պետն իր գործունության համար հաշվետու է վարչապետին)։ Ինչ վերաբերում է կողմերի միջև շփումներին, ապա դեկտեմբերին Բելգրադում ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցավ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի ու Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը, որը, ինչպես ակնկալվում էր, շոշափելի արդյունք չտվեց։

Տնտեսական. Ռուսաստանը տնտեսական մի շարք պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի հանդեպ. արգելել է մի շարք ապրանքատեսակների ներկրումը Թուրքիայից, կասեցրել է չարտերային չվերթները, 2016թ. հունվարի 1-ից վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար, սահմանափակումներ է մտցրել թուրքական շինարարական ընկերությունների գործունեության հանդեպ։ Դրանք, ամենայն հավանականությամբ, միայն առաջին փուլի պատժամիջոցներն են, հետագայում պատժամիջոցները կարող են ավելի խստացվել՝ կախված Թուրքիայի պահվածքից։

Թուրքիան հայտարարել է, թե վիզային ռեժիմ չի սահմանելու Ռուսաստանի քաղաքացիների համար։ Դա բնական է՝ հաշվի առնելով, որ 2014թ. Թուրքիա ժամանած 42 մլն զբոսաշրջիկների թվում Ռուսաստանից եկածները զբաղեցրել են երկրորդ տեղը՝ Գերմանայից հետո։ Ռուսաստանում արդեն արգելել են վաճառել Թուրքիա զբոսաշրջային ուղեգրերի վաճառքը, ինչը մեծ հարված է այդ երկրի զբոսաշրջային եկամուտներին, ինչպես նաև ռուսական տուրօպերատորներին։ Թուրքիայում մեծ հույսեր էին փայփայում ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ կապված, որոնք Սինայի թերակղզու հյուսիսում ռուսական A321 մարդատար օդանավի կործանումից հետո զրկվել էին Եգիպտոս այցելելու հնարավորությունից, և Թուրքիան պատրաստվում էր փոխարինել Եգիպտոսին։ Թեև այդ երկիրն ուներ դրա բոլոր հնարավորությունները, սակայն «Սու-24»-ի միջադեպն ի չիք դարձրեց այդ հույսերը։

Ներկայումս Թուրքիան սկսել է լրջորեն զբաղվել ռուսական գազին այլընտրանքներ փնտրելով. 2014թ. երկիրը ներկրել է ավելի քան 49 մլրդ մ3 գազ, որի գրեթե 55%-ը՝ 27 մլրդ մ3, բաժին է ընկել Ռուսաստանին (Ռուսաստանը Թուրքիայի թիվ մեկ գազամատակարարն է)։ Այդ առումով արդեն ուրվագծվել են Թուրքիայի հետագա քայլերը։ Նախագահ Ռեջեփ Էրդողանը դեկտեմբերին այցելեց Կատար, ստորագրվեց գազային հուշագիր։ Դրա համաձայն՝ Կատարը պետք է 1.2 մլրդ մ3 հեղուկացված գազ մատակարարի Թուրքիային։ Անկարայում Կատարի դեսպան Ալ-Շաֆին հայտարարել է, թե իր երկիրը պատրաստ է ամբողջովին բավարարել Թուրքիայի գազի պահանջարկը։

Բնականաբար, հեղուկացված գազի թիվ մեկ մատակարար Կատարը կարող է անել դա, սակայն հարցն այն է, թե որքանով է այդ երկրի գազի գինը ձեռնտու Թուրքիային, և թե որքան ծավալով այն կարող է գնել գազը։ Կարելի է ենթադրել, որ Թուրքիայի համար ծախսատար և ժամանակատար կլինի Կատարից հեղուկացված գազ գնելը, և որ դրա ոչ այնքան ձեռնտու լինելու մասին է խոսում հայտարարված փոքր ծավալը։ Բացի այդ, Թուրքիայում կա հեղուկացված գազի ընդունման միայն 2 տերմինալ, որոնց տարեկան ընդհանուր հզորությունը կազմում է 12.2 մլրդ մ3 (Թուրքիան 2014թ. ներկրել է 7.5 մլրդ մ3 հեղուկացված գազ, ինչը կազմում է բնական գազի ողջ ներկրման մոտ 15%-ը)։

Էրդողանն այցելել է նաև Թուրքմենստան, որտեղից գազի մատակարարումները Թուրքիային կարող են իրականացվել Բաքու-Թբիլիսի-Էրզրում (ԲԹԷ) գազատարով, սակայն Կասպից ծովի իրավական չլուծված կարգավիճակը խոչընդոտում է Անդրկասպյան գազատարի կառուցմանը։

Դավութօղլուն, իր հերթին, այցելել է Ադրբեջան և պայմանավորվել արագացնել Անդրանատոլիական (TANAP) գազատարի կառուցման աշխատանքները, որը կարող է կառուցվել 2018թ. շուտ։ Բացի այդ, Թուրքիան քայլեր է ձեռնարկում Հյուսիսային Իրաքից և Իսրայելից գազ ներկրելու ուղղությամբ։ Այս քայլերը կարող են որոշակի արդյունքներ տալ հետագայում, ինչը կհանգեցնի նրան, որ կնվազի ռուսական գազից Թուրքիայի կախվածությունը։

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, թե «Թուրքական հոսք» գազատարի նախագծի շուրջ աշխատանքները դադարեցվել են, իսկ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարել է, որ եթե Թուրքիային անհրաժեշտ է այդ գազատարը, ապա պետք է դիմի իրենց։ Էրդողանը հայտարարել է, որ ոչ թե Ռուսաստանը, այլ Թուրքիան է սառեցրել «Թուրքական հոսքի» նախագիծը։ Ավելի վաղ հաղորդվել էր, թե Թուրքիան ցանկանում է դրա միայն առաջին ճյուղի կառուցում, որով ռուսական գազ կմատակարարվի Թուրքիայի ներքին սպառման համար։ Սակայն դա ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ տվյալ դեպքում ավելի նախընտրելի կլինի կառուցել «Երկնագույն հոսք 2» գազատարը, որի երթուղին ավելի կարճ է, և որը կլինի ավելի պակաս ծախսատար՝ «Թուրքական հոսքի» համեմատ։ Ռուսաստանը ցանկանում է «Թուրքական հոսքի» առնվազն երկու ճյուղի կառուցում, որպեսզի ռուսական գազը Թուրքիայի տարածքով մատակարարվի նաև Եվրոպային։

Ինչ վերաբերում է Թուրքիայի առաջին ատոմակայանին, որը գտնվելու է միջերկրածովյան Մերսին նահանգի Աքքույու վայրում, և որի կառուցման իրավունքը տրվել է ռուսական «Ռոսատոմ» ընկերությանը, ապա Ռուսաստանը կարող է ձգձգել դրա կառուցումը։ Ուշագրավ է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել է այն տեղեկատվությունը, թե Ռուսաստանն արդեն $3.5 մլրդ է ծախսել Աքքույուի նախագծի իրագործման վրա։ Մյուս կողմից էլ, ի տարբերություն գազի ոլորտի, ատոմակայանի հարցում Թուրքիայի այլընտրանքային հնարավորությունները շատ ավելի մեծ են։ Ինչպես ասել է Էրդողանը, եթե Ռուսաստանը չկառուցի Աքքույուի ատոմակայանը, ապա այն կկառուցի մեկ ուրիշը։

Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը հայտարարել է, թե Ռուսաստանի հետ ճգնաժամի պատճառով Թուրքիայի կորուստները կարող են հասնել $9 մլրդ-ի։ Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) զեկույցի համաձայն՝ ներկայումս դրա ցուցանիշը տարեկան կազմում է $8.5-12.2 մլրդ, իսկ առաջիկա 4 տարում կհասնի $52.5 մլրդ-ի։ Թուրքիան հրաժարվում է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ սահմանելուց՝ հիշեցնելով, որ նախկինում էլ չի միացել Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին։

Քաղաքական (ռազմական). Այս ոլորտում Ռուսաստանը նույնպես Թուրքիայի դեմ ձեռնարկել է բազմակողմ գրոհ՝ ի ցույց դնելով, թե որ հարցերում կարող է գործել Թուրքիայի դեմ։ Ի դեպ, դրանք Թուրքիայի համար շատ ավելի զգայուն ու ցավագին են, քան տնտեսական բնույթի պատժամիջոցները։ Ռուսաստանը Թուրքիային հասկացրել է, որ կարող է քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության հարցում (ՌԴ Պետդումային ներկայացվել է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծ)։ Թուրքական մամուլի համաձայն՝ Թուրքիայի իշխանություններին մտահոգել է նաև այն, որ Հայաստանն ու Ռուսաստանը միավորել են իրենց ՀՕՊ համակարգերը։ Հայաստանում ռուսական ռազմակայանն ուղղաթիռներով ուժեղացնելու հետ կապված՝ թուրքական իշխանամետ մամուլը գրել է. «Ռուսաստանը վտանգավոր խաղ է խաղում մեր սահմանին»։ Բացի այդ, ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լուկաշևիչը հայտարարել է, թե Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին պաշտպանելու Թուրքիայի փորձերն ապակառուցողական են:

Ռուսաստանը սկսել է ակտիվորեն գործարկել նաև քրդական խաղաթուղթը։ Ընդ որում՝ Ռուսաստանն այստեղ գրոհում է միանգամից երկու ճակատով՝ Թուրքիայի քրդեր և Սիրիայի քրդեր։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի հետ, ինչը մեծ արձագանք է ստացել Թուրքիայում։ Դեմիրթաշը, ինչպես «Սու-24»-ի միջադեպից անմիջապես հետո, այնպես էլ Մոսկվայում հայտարարել է, թե Թուրքիան չպետք է խոցեր ռուսական ինքնաթիռը։ Դավութօղլուն Դեմիրթաշի այդ պահվածքը որակել է «ամոթալի և դավաճանական»։ Ի պատասխան՝ Դեմիրթաշը հայտարարել է, թե պատրաստ է ներողություն խնդրել, եթե մատնանշեն գեթ մեկ օգուտ, որը Թուրքիան ստացել է ռուսական ինքնաթիռի խոցումից։ ՌԴ ԱԳՆ-ն Թուրքիային կոչ է արել «Քրդական հարցը» կարգավորել քաղաքական ճանապարհով և զերծ մնալ ուժային մեթոդներ կիրառելուց։

Ռուսաստանը մեծապես աջակցում է Սիրիայի քրդերին՝ ցուցաբերելով ավիաաջակցություն, ինչպես նաև օդից զենք-զինամթերք նետելով։ Թուրքական մամուլը գրել է, որ Վլադիմիր Պուտինը «Քրդական միջանցք» է ձևավորում Սիրիայի հյուսիսում։ Դա տեղի կունենա այն դեպքում, եթե քրդերին հաջողվի միավորել Աֆրինի և Քոբանիի ինքնավար շրջանների միջև ընկած 98 կմ գոտին, որը սեպի նման խրվել է նրանց միջև և վերահսկվում է ԻՊ-ի կողմից։ Ի դեպ, դրանով քրդերը կդառնան Թուրքիայի հետ ցամաքային ամենաերկար սահմանն ունեցող ուժը (թեև չպետք է բացառել, որ արդեն դարձել են)։ Պաշտոնական Անկարային մտահոգում են Թուրքիայի և Սիրիայի քրդերի հարցում Ռուսաստանի ներկայիս գործողությունները, որոնք կարող են թափ հավաքել հետագայում։ Չի բացառվում, որ Սիրիայի քրդերին Ռուսաստանի տրամադրած զենքի մի մասն արդյունքում կհայտնվի Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ձեռքին։

Ռուսաստանի ներկայացուցիչները սկսել են տարբեր հարթակներում բարձրացնել Թուրքիայի կողմից ԻՊ-ից նավթ գնելու, ինչպես նաև թուրք-սիրիական սահմանով զինյալների ելումուտի հարցը։ Ռուսաստանի Գլխավոր շտաբը հրապարակել է ԻՊ-ի կողմից Թուրքիային նավթի մատակարարման երեք երթուղիների մասին ապացույցներ։ Թուրքական մամուլի համաձայն՝ Ռուսաստանը Կիպրոսի հետ բանակցում է այդ երկրում ռազմակայան ստեղծելու շուրջ։ ՌԴ-ն ավելացնում է նաև Սիրիայում իր ուժերը, ինչը նույնպես չի կարող ողջունվել Թուրքիայի կողմից։ Թուրքական մամուլի համաձայն՝ Սիրիայում ռուսական С-400 նորագույն զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) տեղակայումից հետո թուրքական օդուժը որևէ անգամ չի հատել Սիրիայի սահմանը՝ մասնակցելու ԻՊ-ի դեմ գործողություններին։ Սիրիայում ռուսական ռմբակոծիչներն արդեն թռիչքներ են գործում կործանիչների ուղեկցությամբ։

Պետք է նշել, որ գործ ունենք երկարաժամկետ հակամարտության հետ՝ դատելով նրանից, որ երկու կողմն էլ որդեգրել են անզիջում դիրքորոշում։ Վ.Պուտինի խոսքերով, Թուրքիայի ներկայիս իշխանությունների հետ պայմանավորվելը գործնականում անհնար է։ Ռուսաստանն իրականում Թուրքիայի նկատմամբ ավելի շատ լծակներ ունի տնտեսական ու քաղաքական ոլորտներում, և, բացի այդ, Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացումը Թուրքիային զրկում է Արևմուտքի նկատմամբ մանևրելու նախկին հնարավորություններից։

Թուրքիա-ԱՄՆ (Սիրիա, Իրաք). 2015թ. դեկտեմբերին թուրք-ամերիկյան հարաբերությունների ուշադրության կենտրոնում էին տարածաշրջանում Թուրքիայի վերջին քայլերը (ռուսական ինքնաթիռի խոցում, Հյուսիսային Իրաքում զորքի տեղակայում, սիրիական զարգացումներ)։ Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Փարիզում կլիմայական փոփոխություններին նվիրված գագաթաժողովի շրջանակներում հանդիպեց Էրդողանի հետ, քննարկվեցին ռուս-թուրքական ինքնաթիռային ճգնաժամի, սիրիական զարգացումների և այլ թեմաներ։ Օբաման հայտարարեց, որ ԱՄՆ-ը հավանություն է տալիս Թուրքիայի՝ իրեն պաշտպանելու իրավունքին։

Դեկտեմբերին ԱՄՆ-ը տարբեր մակարդակներով (Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթեր, որը դեկտեմբերին այցելեց Ինջիրլիքի ավիաբազա, պետքարտուղար Ջոն Քերի, նախագահ Բարաք Օբամա) մի շարք պահանջներ ներկայացրեց Թուրքիային, որոնք առնչվում էին PKK-ի փոխարեն ԻՊ-ին հարվածելու վրա կենտրոնանալուն, Սիրիայի հետ սահմանը փակելուն, ինչպես նաև Հյուսիսային Իրաքում տեղակայված զորքը դուրս բերելուն։ Սակայն թուրքական կողմը չկատարեց դրանցից և ոչ մեկը։

Ինչպես նշվեց, Սիրիայում С-400-ների տեղակայումից հետո թուրքական օդուժը դադարեցրել է իր թռիչքները Սիրիայում։ Ինչ վերաբերում է Սիրիայի հետ սահմանը փակելուն, ապա խոսքը Ջերաբլուս-Ազեզ 98 կմ վերոնշյալ հատվածի մասին է։ Թուրքական կողմը սահմանը չփակելը պատճառաբանում է նրանով, որ այդ դեպքում «չի կարողանա» ընդունել սիրիացի փախստականներին, և բացի այդ, սահմանի վերահսկողության համար անհրաժեշտ է այնտեղ կենտրոնացնել 30.000 զինծառայող (Թուրքիան ՆԱՏՕ-ում ունի երկրորդ խոշոր բանակը, դեկտեմբերին՝ 612.862 մարդ)՝ ԱՄՆ-ին առաջարկելով այդ ծախսերը վերցնել իր վրա։ Բնական է, որ Թուրքիան ոչ մի կերպ չի ցանկանում զրկվել ԻՊ-ի հետ սահմանից և կապ ունենալուց (ԻՊ-ը վերջին 8 ամսում այդ երկրի «սև շուկայում» վաճառել է $800 մլն-ի նավթ, որը վաճառվել է նավթի համաշխարհային գնի համեմատ կեսից էլ պակաս գնով)։ Բացի այդ, տվյալ գոտին Թուրքիայի իշխանությունների կողմից դիտարկվում է որպես անվտանգության գոտի ձևավորելու վայր, ինչի «անհրաժեշտության» մասին քանիցս հայտարարել է Էրդողանը։ Պետք է ընդգծել, որ Ջերաբլուս-Ազեզ հատվածը Թուրքիայի համար վերջին հնարավորությունն է՝ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում իր համար դրական որևէ լուրջ ներդրում և դերակատարություն ունենալու համար։ Դրա համար էլ Սիրիայի քրդերի համար «կարմիր գիծ» է սահմանել Եփրատ գետի արևմտյան ափը (թուրքական մամուլի պնդմամբ՝ տվյալ շրջանը դիտարկվում է որպես Թուրքիայի 82-րդ նահանգ)։

Ինչ վերաբերում է Հյուսիսային Իրաքում զորք տեղակայելուն, ապա դա տեղի ունեցավ Օբամայի և Էրդողանի փարիզյան հանդիպումից 3 օր հետո։ Թուրքիան տանկային մեկ գումարտակ տեղակայեց Մոսուլի մոտ գտնվող Բաշիքայի ուսումնական ճամբարում։ Դա հարուցեց Իրաքի իշխանությունների զայրույթը, որոնք դա որակեցին որպես ներխուժում և պահանջեցին գումարտակը դուրս բերել երկրի տարածքից։ Թուրքիան, սակայն, պնդում է, թե իր զինծառայողներն Իրաքում «գտնվում» են նրա իշխանությունների խնդրանքով, որ զբաղվում են Փեշմերգայի մարտիկների ռազմական ուսուցմամբ և հրաժարվում են դուրս բերել զորքը։ Ի դեպ, թուրքական զորքի տեղակայումից հետո ԻՊ-ը դեկտեմբերին, կարծես պատվերով, երկու անգամ հարձակվեց այդ ճամբարի վրա՝ հաստատելու համար այնտեղ թուրքական զորքի գտնվելու անհրաժեշտության մասին թուրքական պնդումը։ Չնայած Օբաման Էրդողանից պահանջել է զորքը դուրս բերել Իրաքից՝ Թուրքիան զորքի միայն մի մասն է հեռացրել Բաշիքայից։

Թուրքիայի այս քայլը կարելի է բացատրել նրանով, որ տարածաշրջանային և գլոբալ հավակնություններ ունեցող երկրին մտահոգում է այն, որ չի կարողանում որևէ լուրջ դերակատարություն ունենալ անգամ իր հարևանների՝ Սիրիայի և Իրաքի հակամարտություններում, ինչը բացասաբար է ազդում նրա վարկի վրա։ Թուրքիան այդ քայլով ցանկանում է տարածաշրջանում (և ոչ միայն) հիշեցնել իր ազդեցիկ խաղացող լինելու մասին։ Այս քայլը տեղավորվում է նաև նրա նեոօսմանյան քաղաքականության շրջանակներում՝ հաշվի առնելով, որ Մոսուլը (Իրաք) գտնվել է Օսմանյան կայսրության կազմում, և Թուրքիայի Հանրապետությունը միշտ էլ աչք է ունեցել Մոսուլի վրա։ Քրդական մամուլում հրապարակումներ եղան, թե Թուրքիան զբաղված է Իրաքում սուննիական բանակ ձևավորելով, ինչը վկայում է, որ Թուրքիայում մտածում են Իրաքում հետԻՊ-յան ժամանակաշրջանի մասին։

Թուրքիան Սիրիայի և Իրաքի հարցերում ներկայանում է «տուժած երկրի» դիրքերից՝ ցուցադրելու համար իր բացառիկ վիճակն ու քայլերի օրինականությունը. ա) Թուրքիան հայտարարում է, որ պատերազմի բոցերով բռնկված Սիրիայի և Իրաքի հետ ունի մոտ 1250 կմ սահման, և որ այդ երկրների դեպքերն անմիջականորեն ազդում են իր վրա, բ) Սիրիայից և Իրաքից ընդունել է 2.7 մլն փախստական և նրանց վրա ծախսել $9 մլրդ, գ) Սիրիայի իշխանությունները վերահսկում են Թուրքիայի հետ սահմանի աննշան հատվածը, իսկ Իրաքի իշխանություններն ընդհանրապես չեն վերահսկում նրա հետ սահմանը։

Դեկտեմբերին հաղորդվեց նաև, որ Թուրքիայի խնդրանքով Իսպանիայի տրամադրած Patriot ԶՀՀ-ները ևս մեկ տարի կմնան Ադանայում՝ մինչև 2017թ. հունվարի 25-ը (ժամկետը լրանում էր 2016թ. հունվարի 31-ին)։ Դեկտեմբերին ավարտվեց Թուրքիայից Գերմանիայի տրամադրած Patriot ԶՀՀ-ների դուրսբերման գործընթացը, որոնք տեղակայված էին Քահրամանմարաշում։ ՆԱՏՕ-ն համաձայնել է Թուրքիային օգնել ՀՕՊ ուժեղացման հարցում և կարող է նոր Patriot ԶՀՀ-ներ տեղակայել Թուրքիայում:

Թուրքիա – Իրան. Դեկտեմբերին թուրք-իրանական հարաբերություններն էլ ավելի սրվեցին։ Եթե նոյեմբերին Իրանն աչքի ընկավ ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցելու համար Թուրքիային քննադատելով, ինչպես նաև ԻՊ-ի հետ նավթի առևտրի համար այդ երկրին մեղադրելով, ապա դեկտեմբերին նման առիթներն ավելացան առնվազն երկուսով։ Իրանը դատապարտեց Հյուսիսային Իրաքում թուրքական զորքի տեղակայումը և Իսրայելի (իրանական կողմի խոսքերով՝ Երուսաղեմն օկուպացրած ռեժիմի) հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի փորձերը։ Էրդողանն, իր հերթին, քննադատել է Իրանին՝ նեղ դավանաբանական համոզմունքներից ելնելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին աջակցելու և Սիրիայում «միջդավանաբանական ատելություն բորբոքելու» համար։ Էրդողանը նաև հայտարարել է, թե վերջնական չի համարում Իրանի ու «Վեցյակի» միջև ձեռք բերված միջուկային համաձայնությունը՝ չմանրամասնելով, թե ինչու։

Թուրքիա-ԵՄ. Դեկտեմբերին Դավութօղլուն հայտարարեց, թե Թուրքիան մտադիր է արագացնել եվրաինտեգրման գործընթացը, և որ նրա համար շատ կարևոր է ԵՄ-ին լիիրավ անդամակցելը. «ԵՄ-ի հետ հարաբերություններում սկսվում է նոր ժամանակաշրջան։ Մենք կարագացնենք բանակցային գործընթացը։ Մենք իրագործում ենք ԵՄ-ին անդամակցելու մեր ազգային պլանը, և 2016թ. հոկտեմբերից Թուրքիայի քաղաքացիները կկարողանան ազատորեն մեկնել ԵՄ։ Ոչ վաղ անցյալում անցկացված ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի ժամանակ ձեռք են բերվել լուրջ հաղթանակներ։ ԵՄ-ը սկզբի համար խոստացել է 3 մլրդ եվրո հատկացնել սիրիացի փախստականներին օգնելու համար»։

Թուրքիա-Իսրայել. Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից հետո նոր թափ հավաքեցին թուրք-իսրայելական շփումները, որոնք միտված են երկկողմ հարաբերությունների կարգավորմանը։ Թուրքիայում իսրայելական գազը դիտարկում են ռուսական գազի այլընտրանքների թվում, բացի այդ, Թուրքիան ցանկանում է, որ իսրայելական (ինչպես նաև կիպրական) գազն իր տարածքով տեղափոխվի Եվրոպա և տվյալ հարցում վերածվի տարանցիկ երկրի։ Մյուս կողմից՝ Իսրայելը հայտնվել է ծանր դրության մեջ՝ կապված իր գազը վաճառելու խնդրի հետ։ Վերջինս ծրագրել էր Միջերկրական ծովում արդյունահանվող գազի մեծ մասը վաճառել Եգիպտոսին, սակայն նրա բացառիկ տնտեսական գոտում «Զոհր» գազային հանքավայրի հայտնաբերումը խափանել է այդ պլանները։ Փաստորեն, գազի հարցում համընկնում են Թուրքիայի և Իսրայելի շահերը, ինչը կարող է նպաստել նրանց հարաբերությունների կարգավորմանը։ Որոշ տվյալներով՝ Թուրքիային իսրայելական գազի մատակարարումները կարող են սկսվել 2019թ., և Իսրայելը կառուցվելիք մոտ 500 կմ ստորջրյա գազատարով կկարողանա Թուրքիային մատակարարել տարեկան 30 մլրդ մ3 գազ, որից 10 մլրդ-ն նախատեսված կլինի Թուրքիայի, իսկ մնացյալ մասը՝ Եվրոպայի համար։

Էրդողանը հայտարարել է, թե հարաբերությունների կարգավորման համար Իսրայելը պետք է կատարի «Մավի Մարմարայի» միջադեպից հետո Թուրքիայի ներկայացրած մյուս նախապայմանները. «Ներողություն խնդրելու պայմանը կատարվել է։ Սակայն չեն կատարվել փոխհատուցում վճարելու և Գազայի հատվածի շրջափակումը վերացնելու պայմանները։ Եթե իրականացվի այս ամենը, ապա տեղի կունենա կարգավորում»։ Էրդողանն Իսրայելին նաև մեղադրել է մուսուլմանների իրավունքները ոտնահարելու և Գազայի հատվածի ռմբահարումները շարունակելու մեջ։

Առկա տեղեկություններով, Իսրայելն այժմ պատրաստ է $20 մլն-ի փոխհատուցում կճարել «Մավի Մարմարայի» միջադեպի հետևանքով զոհված Թուրքիայի 10 քաղաքացիների ընտանիքներին։

Թուրքիա-Ադրբեջան, Վրաստան. Դեկտեմբերը հարուստ էր այս երեք երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների շփումներով։ Ամսվա սկզբին Ադրբեջան այցելեց Ահմեթ Դավութօղլուն, ինչը նրա արտասահմանյան առաջին այցն էր նոյեմբերին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից և նոր կառավարության ձևավորումից հետո (չհաշված այն, որ մինչ այդ նա մեկնել էր ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն)։ Դավութօղլուի այցը միտված էր TANAP-ի կառուցումն արագացնելուն և ադրբեջանական գազի մատակարարումների ծավալը մեծացնելուն։ Ապա Ադրբեջան այցելեց Թուրքիայի խորհրդարանի նորընտիր նախագահ Իսմայիլ Քահրամանը, որի այցը կարելի է որակել որպես ճանաչողական։

Դեկտեմբերին ՆԱՏՕ նախարարական հանդիպման շրջանակներում տեղի ունեցավ Վրաստանի արտգործնախարար (ներկայիս վարչապետ) Գեորգի Կվիրիկաշվիլու հանդիպումը Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են միջազգային էներգետիկ և տարանցման նախագծերը, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու կառուցման հարցը։ Բացի այդ, դեկտեմբերին Թուրքմենստանում տեղի ունեցավ Վրաստանի և Թուրքիայի նախագահներ Գեորգի Մարգվելաշվիլու և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել են ԲԹԿ երկաթուղու կառուցման արագացման, Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի թողունակության բարձրացման և կասպյան էներգապաշարների տեղափոխման նոր հնարավորության հարցերը։

Դեկտեմբերին չեղյալ հայտարարվեց Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված էր դեկտեմբերի 23-ին, Թբիլիսիում, ինչի պատճառը Վրաստանի արտգործնախարարի ընտանիքում ծանր կորուստն էր։ Ավելի ուշ հաղորդվեց, որ այդ հանդիպումն անցկացվելու է 2016թ. հունվարին։ 2016թ. փետրվարի 19-ին Քայսերիում անցկացվելու է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան տնտեսական գագաթաժողովը, որին մասնակցելու է 500 գործարար:

Դեկտեմբերին Ստամբուլում տեղի ունեցավ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Իսմեթ Յըլմազի, Թինա Խիդաշելու և Զաքիր Հասանովի եռակողմ հանդիպումը։ Հանդիպումից հետո Իսմեթ Յըլմազը հայտարարեց, որ երեք երկրները պատրաստ են ստորագրել պաշտպանական ոլորտի համատեղ հռչակագիր։ Զաքիր Հասանովն, իր հերթին, հայտարարեց, որ երեք երկրների պաշտպանության նախարարների հաջորդ հանդիպումը կանցկացվի Բաքվում։

Ի դեպ, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները եռակողմ հանդիպման շրջանակներում Ստամբուլում ունեցան երկկողմ հանդիպում, որի ժամանակ քննարկեցին երկու երկրների զինված ուժերի միջև ռազմական համագործակցության հարցը, նրանց հարաբերությունների զարգացման հեռանկարները, ռազմական, ռազմատեխնիկական ու ռազմական ուսուցման ոլորտներում համագործակցության հարցեր, համատեղ զորավարժությունների անցկացումը և այլն։ Նախարարներն ընդգծել են թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 8-րդ նիստի արդյունքներով ամփոփիչ արձանագրության ստորագրման կարևորությունը։

Այդ նիստը Բաքվում անցկացվեց դեկտեմբերի 14-15-ին, նրա մասնակիցները քննարկեցին ռազմաքաղաքական համագործակցության մակարդակի, պաշտպանական արդյունաբերությունում համագործակցության և նյութատեխնիկական ապահովման հարցերը։ Ստորագրվեց ամփոփիչ արձանագրություն, որում տեղ են գտել առաջիկա խնդիրների լուծմանն ուղղված գործունեության ուղղությունները։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր