
ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՄԻԱՅՆ ԳԱԶԻ ԳՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԷ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ ՀԵՏ
-Օրերս վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայրենական արտադրողները, ներկայացնելով իրենց մտահոգությունները, նշել էին, թե տեղական արտադրանքի մրցունակության վրա էներգակիրների բարձր գները բացասական ազդեցություն են ունենում: Ինչպե՞ս կմեկնաբանեք գործարարների այս մտահոգությունը:
-Արտահանման ծավալները դոլարային արտահայտությամբ նվազել են: Սակայն եթե դիտարկենք իրավիճակը արտահանված ապրանքների ֆիզիկական ծավալներով, ապա կարձանագրենք, որ արտահանումը շատ ավելի քիչ է նվազել: Պարզապես դրանց համար ստացվող եկամուտը զգալիորեն պակասել է ռուբլու արժեզրկման պատճառով:
Քանի որ նաեւ էներգակիրների թանկ լինելու պատճառով տեղական արտադրանքի ինքնարժեքը բարձր է ստացվում ռուսական շուկայում այդ ապրանքի համար վճարվող գնից` մեր արտադրողը ստիպված է լինում այն ցածր գնով վաճառել եւ չնչին եկամուտ ունենալ: Եթե ապրանքը թանկ գնով վաճառվի` ոչ մրցունակ կդառնա:
Իսկ որ ապրանքի արտադրության եւ գնագոյացման մեջ էներգակիրները զգալի նշանակություն ունեն` ակնհայտ է: Ուստի որքան էլեկտրաէներգիայի, գազի գները ցածր լինեն, այնքան ապրանքն էժան կլինի:
Մյուս կողմից էլ մեր ապրանքների թանկ գին ունենալուն նպաստում է այն, որ հայկական դրամի փոխարժեքը ամրանում է ոչ միայն ռուսական ռուբլու, այլեւ եվրոյի, չինական յուանի նկատմամբ: Դրամի այս ամրացումը եւ դե ֆակտո կապվածությունը միայն դոլարի հետ, իհարկե, բացասաբար է անդրադառնում արտահանման վրա: Սա է խնդիրը:
Մինչդեռ Կենտրոնական բանկը դրամի կայունությունը պահպանելիս պետք է հաշվի առնի, թե այն ի՞նչ ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա` նկատի ունենալով նաեւ հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունների փոխկապվածությունը, ինչպես նաեւ արտահանման հնարավորությունները:
Դրամավարկային քաղաքականությունը փոխկապված է հարկաբյուջետային քաղաքականության, արտահանման հետ: Տնտեսության վրա բացասական ազդեցությունները նվազեցնելու տեսանկյունից այդ կապը պետք է մշտապես հաշվի առնել:
Ռուսական շուկայում հայկական արտադրանքի ոչ մրցունակ դառնալուն նպաստեց նաեւ ռուսական ռուբլու արժեզրկումը: Մի կողմից ռուսական տարադրամի տատանումները, մյուս կողմից՝ ռուսական գազը դոլարով գնելու մեր պարտավորվածությունը հայ արտահանողին անելանելի վիճակի մեջ են դրել:
Բայց որոշ դրական տեղաշարժեր այդ առումով արդեն նկատվում են: Ռուսական ռուբլու արժեզրկումը պայմանավորված է միջազգային շուկայում նավթի գների իջեցմամբ, քանի որ ռուբլու փոխարժեքն անմիջականորեն կախված է նավթի արժեքից: Սակայն այդ կապը գնալով թուլանում է` Ռուսաստանի իրականացրած հակաճգնաժամային ծրագրերի արդյունքում: Ռուսական ռուբլին այլեւս նավթի գներին համազոր չի իջնում եւ որոշակի առումով կայունացել է: Կարծում եմ, այս միտումը շարունակական կլինի:
-Արտադրողները վարչապետին հորդորել են նաեւ Ռուսաստանի հետ ի վերջո համաձայնության գալ ռուսական գազը ռուբլով Հայաստանին վաճառելու, ինչպես նաեւ գազի գինը նվազեցնելու մասին: Դա ի՞նչ ազդեցություն կունենա մեր արտահանվող ապրանքների գնի վրա, հնարավոր կլինի՞ գոնե այդ կերպ քիչ թե շատ մրցունակություն ապահովել մեր արտադրողների համար ռուսական շուկայում:
-ԵԱՏՄ պայմանագրի 64-րդ հոդվածից փաստացի բխում է, որ հստակ քայլեր պետք է ձեռնարկվեն տնտեսական համագործակցության երկրների միջեւ նաեւ գնվող գազի հաշվարկն ազգային արժույթով կատարելու համար: Այսինքն՝ պայմանագիրը դա պահանջում է: Պարզապես հարկավոր է ճիշտ օգտագործել պայմանագրի դրույթները:
Պայմանագրի 4-րդ հոդվածը հստակեցնում է, որ ԵԱՏՄ ձեւավորելու նպատակը անդամ երկրների միջեւ կոոպերացիան է, այդ երկրների ինտեգրացիան եւ ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացումն է:
Ուստի ռուսական կողմը պետք է նպաստի հայկական արտադրանքի համար ԵԱՏՄ շուկայում մրցակցային պայմաններ ապահովելուն, ինչը հնարավոր է ոչ միայն ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող ապրանքները ռուսական արժույթով վաճառելով, այլեւ հարկ եղած դեպքում գազն ավելի մատչելի գնով Հայաստանին վաճառելով, այնպիսի գնով, որը էապես մոտ կլինի գազի ներռուսաստանյան գներին:
Իհարկե, հայկական կողմին շատ ձեռնտու է, որ գազի առեւտրային հաշվարկը կատարվի ռուսական ռուբլով, այլ ոչ թե դոլարով, ինչպես հիմա է:
Դա ձեռնտու է նաեւ Ռուսաստանին հետեւյալ առումով՝ տարբեր տարադրամներով առեւտուր անելիս կոնվերտացիայի խնդիրներ են առաջանում ե՛ւ իրենց, ե՛ւ մեզ համար: Մենք 1,5 միլիարդ տրանսֆերտ ենք ստանում ռուսական ռուբլով, իսկ գազի համար վճարում ենք մոտ 400 միլիոն դոլար: Եթե կարողանանք այդ հաշվարկներն անել ռուսական ռուբլով, ապա կրկնակի կոնվերտացիայի կարիք չի լինի:
Բացի դրանից, ապահովված կլինենք փոխարժեքային տատանումներից, ինչը Հայաստանում էներգակիրների գների բարձրացման պատճառ է դառնում: Հետեւաբար էներգակիրների գների արդյունավետ կարգավորման դեպքում ապրանքների գների վրա դրանց ազդեցությունը մրցունակության տեսանկյունից կլինի ակնհայտ դրական:
Նույնը վերաբերում է գազի գնի իջեցմանը: Եթե այն էժանանա, կէժանանա նաեւ էլեկտրաէներգիան, ընդհանրապես էներգակիրները, բնականաբար տեղական արտադրության ապրանքը էներգակիրների բարձր գնի պատճառով չի թանկանա:
Բայց ապրանքների գնագոյացումը միայն էներգակիրների արժեքով պայմանավորված չէ, եւ եթե էներգակիրներն էժանանան, դա դեռ չի նշանակում, թե ապրանքերի գները նույնպես համարժեք ձեւով կիջնեն: Գնագոյացման վրա համալիր գործոններ են ազդում:
Արտահանումը զարգացնելու համար պետք է համակարգված ձեւով համապատասխան փոփոխություներ արվեն ոչ միայն դրամավարկային, այլեւ հարկաբյուջետային քաղաքականության մեջ, լուծվեն արտահանողների ապրանքի վարկավորման, ապահովագրության հարցերը, շուկայի խիստ վերահսկողության եւ կարգավորման հարցերը:
Անհրաժեշտ է համապատասխան մեխանիզմեր մշակել եւ ներդնել` տնտեսավարողներին հնարավորինս աջակցելու եւ նրանց բիզնեսի զարգացման համար: Ի վերջո նաեւ պետք է վերջնականապես հնարավորինս նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, որոնք սուբյեկտիվ բացասական ազդեցություն են ունենում արտահանման շուկայի վրա:
Միայն համակարգված համալիր մոտեցումը մեր երկրի արտահանման վրա դրական ազդեցություն կունենա: Եթե խնդիրները դիտարկվեն իրարից տարանջատված, ապա դրանց լուծումն արդյունավետ չի լինի:
-Վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանի իշխանություններն արդեն դիմել են ՌԴ իշխանություններին` մեզ համար գազի գինը հնարավորինս նվազեցնելու խնդրանքով, եւ դրական պատասխան են ակնկալում: Որքանո՞վ եք հավանական համարում ռուսական կողմի բարյացակամ վերաբերմունքն այդ հարցում, հնարավո՞ր է, որ Ռուսաստանը նման քայլի գնա:
-Այն, որ ՌԴ իշխանություններն իրենց տնտեսական գործընկերոջ համար կգնան նման զիջումների, շատ հավանական եմ համարում: Դա, ինչպես ասացի, ԵԱՏՄ պայմանագրի դրույթներից է բխում, ինչպես նաեւ միության անդամ երկրների միջեւ մրցակցային հավասար պայմանների ապահովումը, ինչը հնարավոր է ռուսական գազը Ռուսաստանում գործող գնին մոտ արժեքով այդ երկրներին վաճառելու միջոցով:
Իսկ ԵԱՏՄ պայմանագիրը, ի դեպ, ավելի բարձր է, քան ազգային օրենսդրությունը: Երկրների ինտեգրումը միայն հավասար պայմանների ապահովմամբ է հնարավոր: Ես, համենայն դեպս, լավատեսորեն եմ տրամադրված այդ հարցում, եւ կարծում եմ, որ մոտակա ժամանակահատվածում էներգակիրների հարցում կձեւավորվեն ինտեգրման համար նպաստավոր պայմաններ:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ
http://www.armworld.am/detail.php?paperid=5229&pageid=159552&lang=_arm
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ Է. Աշոտ Թավադյան[28.08.2022]
- ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԸ ԻՋԵՑՆԵԼ. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԲ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ[13.09.2018]
- ԵԹԵ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ՎԱՐԵԼ ԹԱՆԿ ՓՈՂԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ[07.09.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[04.09.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԱՏՄ-ՈՒՄ. ԻՆՏԵԳՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ[11.07.2018]
- «ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԿԱ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՐԴԻՆԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ». «ՓԱՍՏ»[01.06.2018]
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԵՏՀԱՇՎԱՐԿ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[18.01.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ 2017Թ. ԵՎ ԵԱՏՄ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԸ[16.01.2018]
- ԿԱՐԵԼԻ՞ ԷՐ ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ԶՍՊԵԼ ԳՆԱՃԸ[15.01.2018]
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ. «ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ. ԵՄ-Ն ԵՎ ԵԱՏՄ-Ն ՄԻԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ»[30.10.2017]
- ԳՆԱՃԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՎՐԱ[20.09.2017]