
ԵԱՏՄ-ԻՆ ՉԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ԿՈՒՆԵՆԱՅԻՆՔ
Վերջերս Եվրասիական զարգացման բանկի նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի ունեցավ 10-րդ միջազգային կոնֆերանսը՝ նվիրված ԵԱՏՄ ինտեգրացիոն հիմնախնդիրներին: Կոնֆերանսում Հայաստանը ներկայացրել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԸ, որ լիագումար նիստում հանդես է եկել «ԵԱՏՄ երկրների տնտեսական քաղաքականության կոորդինացման առանցքային հիմնախնդիրները ճգնաժամային իրավիճակում» ելույթով։
-Պարոն Թավադյան, ի՞նչ հիմնախնդիրների եք անդրադարձել ձեր ելույթում:
- Հիմնականում կենտրոնացա ԵԱՏՄ պայմանագրի կատարման ընթացքի վրա։ Մասնավորաբար ներկաների ուշադրությունը հրավիրեցի պայմանագրի մակրոտնտեսական եւ արժութային քաղաքականություններին վերաբերող բաժինների վրա: Հիշեցնելով ԵԱՏՄ պայմանագրի «Հիմնական տնտեսական ցուցանիշները» գլխում նշվածը, որ անդամ երկրների գնաճի տարբերությունը չպետք է գերազանցի 5 տոկոսը, ցույց տվեցի, թե ինչ է կատարվում այսօր Հայաստանում:
Սեպտեմբերի տվյալներով՝ ՀՀ-ում գնաճը կազմել է 3,2 տոկոս, իսկ ՌԴ-ում` 13 տոկոս: Ստացվում է, որ պայմանագրի այդ կետը չի կատարվում: Առաջին հայացքից մեղավոր է ՌԴ Կենտրոնական բանկը, բայց խնդիրը նաեւ մեր մեջ է: Վարում ենք թանկ փողերի քաղաքականություն: Իրականում ստացվում է, որ ցածր գնաճի համար շատ թանկ ենք վճարում:
Իսկ ի՞նչ ունեցանք ցածր գնաճի հետեւանքով. առաջին՝ պետական պարտքի աճ, երկրորդ` ԵԱՏՄ երկրների համեմատությամբ տեղի ունեցավ միջազգային պահուստների էական նվազում` 35 տոկոսով, երրորդ՝ վերաֆինանսավորման բարձր` 10, 25 տոկոսադրույք: Չորրորդ՝ ցածր փողայնացման մակարդակ: Հինգերորդ` արտահանման ծավալների կրճատում: Ահա թե ինչ ենք վճարում ցածր գնաճի դիմաց:
Տեսեք, ինչ շղթա է ստեղծվում. որպեսզի գները էապես չաճեն, որպեսզի արտահանումը զարգացնենք ու այս վատ միտումը վերացնենք, ազգային արժույթը պետք է սահուն արժեզրկվի: Այդ մասին ժամանակին ասաց Հայաստանի նախագահը: Կտրուկ փոփոխությունը տնտեսության մեջ անթույլատրելի է։
Մոսկովյան կոնֆերանսում հատուկ շեշտեցի նաեւ Հայաստանի վարչապետի առաջարկի մասին, այն է` ռազմավարական ապրանքների առեւտրում հրաժարվել դոլարից ու հաշվարկը կատարել ռուսական ռուբլով: Դա առաջին հերթին բխում է ԵԱՏՄ պայմանագրի 64-րդ հոդվածից: Ասացի` կոնվերտացիայի խնդիրներ են առաջանում ե՛ւ իրենց, ե՛ւ մեր համար: Մենք 1,5 միլիարդ տրանսֆերտ ենք ստանում ռուսական ռուբլով, իսկ գազի համար վճարում ենք մոտ 400 միլիոն դոլար:
Եթե մենք կարողանանք այդ հաշվարկներն անել ռուսական ռուբլով, ապա կրկնակի կոնվերտացիայի կարիք չի լինի: Բացի դրանից, ապահովված կլինենք փոխարժեքային տատանումներից, ինչը Հայաստանում էներգակիրների գների բարձրացման պատճառ է դառնում:
Ի դեպ, նշեմ, որ մոսկովյան ելույթս քննադատական ուղղվածություն ուներ, անգամ ինձ հարց ուղղեցին` ի՞նչ է, դուք կողմ չե՞ք Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցմանը: Ես ասացի` կողմ եմ, բայց բավարարված չեմ ձեռք բերված արդյունքներից, մենք պետք է հստակ իրականացնենք ԵԱՏՄ պայմանագրի առանցքային դրույթները։ Դա հնարավորություն կտա, որ մեր երկրներն իսկապես զարգանան, կոոպերացիան ուժեղանա։
-Դառնանք անհանգստություններին, որ հայտնում են այն վերլուծաբանները, ովքեր ի սկզբանե դեմ են եղել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցմանը։ Այսօր անվերջ շեշտում են, թե մեր տնտեսության համար ստեղծված դժվարին իրավիճակի պատճառը ոչ այլ ինչ է, քան անդամակցումը ԵԱՏՄ-ին: Ասել է թե՝ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին նպաստավոր չէ: Կխնդրեի ձեր մեկնաբանությունը:
-Նախ ասեմ, որ միշտ կողմ եմ եղել «եւ…եւ» բանաձեւին, Հայաստանի ղեկավարությունը փորձեց դա իրականացնել` հնարավորությունների սահմանում: Ես տնտեսագետ եմ, բերում եմ հստակ թվեր ու կատարում կոնկրետ հաշվարկ:
Հիմա եկեք դարձյալ հաշվարկը կատարենք. ասվում է, թե GSP+ ռեժիմով դեպի ԵՄ հայկական արտադրանքն արտահանելով՝ մենք ստանում ենք մոտ 70 միլիոն դոլար: Եթե GSP+ ռեժիմը չլիներ, ապա կունենայինք մոտ 20 միլիոն դոլարի կորուստ: Հիմա դառնանք ԵԱՏՄ-ին ու տեսնենք՝ ինչպիսի կորուստներ կունենայինք, եթե չանդամակցեինք այդ միությանը:
Առաջին՝ նախկինում գազը սահմանին 270 դոլար էր, հետո դարձավ 189, այսօր Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում 165 դոլարով: Սակայն Ուկրաինային զեղչով վաճառում է 230 դոլարով: Հետեւություն. եթե Հայաստանը չդառնար ԵԱՏՄ անդամ, ապա Ռուսաստանը մեզ գազ կվաճառեր 230 դոլարով, այսինքն՝ տարեկան կունենայինք 150 միլիոն դոլարի կորուստ:
Երկրորդ՝ մենք Ռուսաստանից ստանում էինք մոտ 2,2 միլիարդ դոլարի տրանսֆերտներ, հիմա թիվը իջել է, մոտավորապես կազմում է 1,5 միլիարդ: Համոզված եմ, եթե չլինեինք ԵԱՏՄ անդամ, ապա տրանսֆերտների կորուստը կհասներ ոչ թե 1,5 միլիարդի, այլ 800 միլիոնի, ինչը կհանգեցներ լրացուցիչ սոցիալական լարվածության: Դա անընդունելի է մեր երկրի համար:
Իրատես լինենք, ամեն երկիր իր շահերով է առաջնորդվում, եթե չլինեինք միեւնույն ինտեգրացիոն միության մեջ, բնականաբար Ռուսաստանը որոշակի սահմանափակում կդներ մեր առաջ` առաջնությունը տալով այն երկրների աշխատուժին, որոնք անդամ են ԵԱՏՄ-ին:
Երրորդ՝ մենք նաեւ ռազմավարական բնույթի ապրանքներ ենք ստանում Ռուսաստանից, եթե դրանց գինը հավասարվեր շուկայականին, ապա այստեղ եւս մեծ ֆինանսական կորուստներ կունենայինք:
Այլ կետեր եւս կան, եւ այդ ամենը հաշվարկելով՝ ամենայն պատասխանատվությամբ ասում եմ` ԵԱՏՄ-ին չանդամակցելու դեպքում մենք մեկ միլիարդ դոլարի կորուստ կունենայինք, այսինքն` մեր պետբյուջեի 1/3-ը: Եվ դա կլիներ ԵԱՏՄ-ին մեր չանդամակցության գինը: Փոխարենը, որեւէ այլ աղբյուր որեւէ այլ երկրից չեմ տեսնում այդ տարբերությունը լրացնելու համար: Ու իմ խոսքն այդ մասին է:
Եթե Եվրամիության հետ կնքվի մի պայմանագիր, որով վերջինս մեզ առաջարկի` տարեկան 1 միլիարդ դոլար, որ կարողանանք գազը կոմերցիոն գներով գնել, նաեւ նպաստի ԼՂ հիմնախնդրի հայանպաստ լուծմանը, այսինքն` աջակցի, որ ներկայիս դե ֆակտոն դառնա դե յուրե, այդ դեպքում կասեմ՝ այո, դա միակ ուղղությունն է: Բայց դա ֆանտաստիկայի ժանրից է:
Ռուսաստանի վիճակը, այո, ծանր է, մի՞թե սա չեն գիտակցում նման պնդում անողները: Գիտեք, նրանք շատ ավելի մեծ ընդդիմախոսներ են Հայաստանի ԵԱՏՄ անդամակցմանը, քան Եվրամիության ղեկավարությունը: Մենք լսեցինք ե՛ւ Մերկելի, ե՛ւ Օլանդի կարծիքները. մարդիկ ասում են` հարգում ենք Հայաստանի որոշումը, իսկ Մերկելի խոսքի տողատակերում կար հետեւյալ միտքը` լավ եղավ, որ Հայաստանը մեզանից չկախվեց, ինչպես Ուկրաինան: Մենք մեր շահերը պետք է հստակ գիտակցենք ու գնանք դրանց իրականացման ճանապարհով:
Ռուսական մեծ շուկայում բացասական երեւույթներ են տեղի ունենում, ու տարածաշրջանի բոլոր երկրներն այդ ազդեցությունը կրում են իրենց վրա: Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ երկիր չէ, բայց նրա տնտեսության վրա եւս կա այդ ազդեցությունը: Ստեղծված բարդ իրավիճակները ամենեւին կապ չունեն ԵԱՏՄ-ի հետ:
Հիմա պետք է մտածենք եղած դժվարությունները հաղթահարելու մասին, ինչին կարող են նպաստել ԵԱՏՄ պայմանագրի մեզ համար նպաստավոր դրույթները: Իսկ նրանում կան այնպիսի պայմաններ, որոնք մեզ հնարավորություն են տալիս զարգացնելու հարաբերությունները ե՛ւ ԵՄ-ի հետ, ե՛ւ Իրանի հետ: Մեզ մնում է բոլոր ուղղություններով ազատ աշխատել:
Պետք է ասեմ, որ կորուստները մեծացան նաեւ մեր ու իրենց կողմից վարվող ոչ ճիշտ դրամավարկային քաղաքականության հետեւանքով։ Սակայն դրանք այն կորուստներն են, որոնք պայմանավորված չեն Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցմամբ: Ու եթե մենք չլինեինք ԵԱՏՄ անդամ, այդ կորուստներն այսպես թե այնպես լինելու էին, ավելին՝ դրանց կգումարվեր, ինչպես ասացի, եւս մեկ միլիարդ դոլարը:
-ԱՎԾ հրապարակումների համաձայն՝ այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 158,5 միլիոն դոլարի ապրանք, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում` 219,5 միլիոն դոլարի: Այսինքն՝ կա նվազում, որը կազմում է 61 միլիոն դոլար: Սա փաստում է, որ ռուսական շուկայում հայկական ապրանքները կորցրե՞լ են իրացման հնարավորությունները:
-Խոսքն այն մասին է, որ ընկել է ռուսական շուկայի գնողունակությունը, պակասել են մարդկանց եկամուտները, պակասել է պահանջարկը, երկրի գնողունակությունն է իջել: Ես նորից պետք է կրկնեմ. եթե մենք չլինեինք ԵԱՏՄ անդամ, վստահեցնում եմ, Ռուսաստանը, ելնելով իր իսկ շահերից, կկիրառեր որոշակի սահմանափակումներ, որոշակի մաքսեր կդրվեին հայկական ապրանքների վրա, եւ այդ դեպքում արդեն ձեր նշած թիվը կլիներ ոչ թե 158,5 միլիոն, այլ 100 մլն: Հետեւաբար մեր քայլերն ու ընտրությունը ճիշտ էին:
Իսկ այսօր մենք պետք է մտածենք հետեւյալի մասին. ինչպես ասացի, ԵԱՏՄ պայմանագրում կան դրույթներ, որոնք առավել նպաստավոր են Հայաստանի համար, հետեւաբար պետք է այդ դրույթներն առավել գործուն դարձնենք:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
http://www.armworld.am/detail.php?paperid=5190&pageid=158581&lang=
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ Է. Աշոտ Թավադյան[28.08.2022]
- ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԸ ԻՋԵՑՆԵԼ. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԲ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ[13.09.2018]
- ԵԹԵ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ՎԱՐԵԼ ԹԱՆԿ ՓՈՂԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ[07.09.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[04.09.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԱՏՄ-ՈՒՄ. ԻՆՏԵԳՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ[11.07.2018]
- «ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԿԱ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՐԴԻՆԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ». «ՓԱՍՏ»[01.06.2018]
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԵՏՀԱՇՎԱՐԿ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[18.01.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ 2017Թ. ԵՎ ԵԱՏՄ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԸ[16.01.2018]
- ԿԱՐԵԼԻ՞ ԷՐ ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ԶՍՊԵԼ ԳՆԱՃԸ[15.01.2018]
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ. «ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ. ԵՄ-Ն ԵՎ ԵԱՏՄ-Ն ՄԻԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ»[30.10.2017]
- ԳՆԱՃԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՎՐԱ[20.09.2017]