
ՊԵՏՔ Է ՊՆԴԵԼ, ՈՐ ԵԱՏՄ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՈՒՄԸ ԿԱՏԱՐՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՌՈՒԲԼՈՎ. ՏՆՏԵՍԱԳԵՏ
http://armenpress.am/arm/news/825282/petq-e-pndel-or-eatm-shukayum-razmavarakan-apranqneri.html
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունում երկրների միջև ապրանքների առևտուրն ազգային արժույթով իրականացնելու գործընթացի կողմնակից է տնտեսագետ Աշոտ Թավադյանը: Նրա կարծիքով` պարտադիր պետք է պնդել, որպեսզի ԵԱՏՄ շուկայում ռազմավարական ապրանքերի գնումը, օրինակ, գազի դեպքում, կատարվի ռուսական ռուբլով: «Մենք դրանով կշահենք, որովհետև երկու անգամ կոնվերտացիա չենք կատարի, 1.5 միլիարդ տրանսֆերտ ենք ստանում ռուսական ռուբլով, իսկ վճարում ենք 400 միլիոն գազի համար դոլարով: Տրանսֆերտներն ուղղակիորեն կծառայեն վճարումներին: Երկրորդը` ապահովագրված կլինենք ազգային արժույթի փոխարժեքի տատանումներից և դա պատճառ չի հանդիսանա էներգակիրների գների բարձրացման համար: Երրորդ`ուսական ռուբլու նկատմամբ ճնշումը կիջնի: Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ դա ԵԱՏՄ պայմանագրի 64 հոդվածի` մեզ համար նպաստավոր պահանջներից է բխում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:
Բացի այդ` տնտեսագետը Հայաստանի տնտեսության աճին խոչընդտող փակ շղթայից դուրս գալու ուղիներ առաջարկեց: Նրա խոսքով`Հայաստանում ներմուծման ծավալը 3 անգամ ավելի է, քան արտահանմանը, ինչի պատճառով ՀՀ Կենտրոնական բանկը ձգտում է պահել դրամի փոխարժեքը, հակառակ դեպքում`ներմուծվող ապրանքների գները կաճեն ու դա կբերի գնաճի: Բայց մյուս կողմից` ՀՀ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի և գնաճի միջև տարբերությունն ամենամեծն է Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրներում: «Եթե գնաճը մեզ մոտ 3.2 տոկոս է, վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 10.25 տոկոս, ապա ՌԴ-ում 12.4 տոկոս գնաճի պայմաններում (տվյալները հոկտեմբերի վերջի դրույթամբ են) վերաֆինանսավորման տոկոսադրույքը 11 տոկոս է: Սա նշանակում է, որ մենք վարում ենք թանկ փողերի քաղաքականություն, ու մեր տնտեսությունում ներդրումների կատարումը դանդաղում է, այդ դեպքում էլ դժվար է կազմակերպել տնտեսության զարգացումը»,-նշեց Թավադյանը:
Տնտեսագետի խոսքով` մի կողմից` ներմուծումը էապես գերազանցում է արտահանմանը, դրա համար ստիպված ենք պահել փոխարժեքը, մյուս կողմից էլ` արտահանումը զարգացնելու համար պետք է փոխարժեքը սահուն արժեզրկվի:
«Արտահանման անկումը, միջազգային պահուստների նվազումը, վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքը, փողայնացման ցածր մակարդակն են բերել այս իրավիճակին: Այս շղթայից դուրս գալու համար դրամի սահուն արժեզրկում է անհրաժեշտ, որևէ կտրուկ գործողություն տնտեսությունում անընդունելի է: Այս փողի սովի պայմաններում փողայնացման մակարդակը պետք է աստիճանաբար բարձրացնել. նորմալ զարգացող երկրներում այն պակաս չէ 70 տոկոսից, մեզ մոտ 36 տոկոս է: Ես նաև կարող եմ վստահորեն ասել, որ 8 տոկոս վերաֆինանսավորման տոկոսադրույքի դեպքում որևէ էական գնաճային երևույթներ չեն դիտվի, իսկ դա ակնհայտորեն նպաստավոր կլինի մեր տնտեսության զարգացման համար»,- նկատեց տնտեսագետը` ավելացնելով, որ երբ փոխարժեքը երկար ժամանակ մնում է անփոփոխ, ներմուծվող ապրանքներն ազգային արժույթով սկսում են աճել, իսկ ճգնաժամային իրավիճակում սեղմված զսպանակը բացվում է:
Տնտեսագետը նաև նշեց, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ Կենտրոնական բանկի հիմնական նպատակը կլինի ոչ միայն գների կայունության, այլև ֆինանսական կայունության ապահովումը: «Սա նպաստավոր է, որ դրամավարկային քաղաքականությունն ավելի ճիշտ ու համակարգված իրականացվի` հաշվի առնելով գնաճի փոխկախվածությունները բոլոր առանցքային ցուցանիշների հետ»,- եզրափակեց Աշոտ Թավադյանը:
2015 թվականի հունվար-սեպտեմբերի տվյալներով` արտահանումը նվազել է 0,9 տոկոսով (1 միլիարդ 095.6 մլն դոլար), իսկ ներմուծումը նվազել է 26,6 տոկոսով (2 միլիարդ 361.7 մլն դոլար):
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ Է. Աշոտ Թավադյան[28.08.2022]
- ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԸ ԻՋԵՑՆԵԼ. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԲ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ[13.09.2018]
- ԵԹԵ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ՎԱՐԵԼ ԹԱՆԿ ՓՈՂԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ[07.09.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[04.09.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԱՏՄ-ՈՒՄ. ԻՆՏԵԳՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ[11.07.2018]
- «ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԿԱ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՐԴԻՆԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ». «ՓԱՍՏ»[01.06.2018]
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԵՏՀԱՇՎԱՐԿ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[18.01.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ 2017Թ. ԵՎ ԵԱՏՄ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԸ[16.01.2018]
- ԿԱՐԵԼԻ՞ ԷՐ ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ԶՍՊԵԼ ԳՆԱՃԸ[15.01.2018]
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ. «ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ. ԵՄ-Ն ԵՎ ԵԱՏՄ-Ն ՄԻԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ»[30.10.2017]
- ԳՆԱՃԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՎՐԱ[20.09.2017]