
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՇԱՀՈՒԹԱԲԵՐ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐԺՈՒՅԹՈՎ
Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ
-Ռազմավարական ապրանքների առեւտրում հրաժարվել դոլարից ու հաշվարկը կատարել ռուբլով. սա վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկն է, որ արվեց ԵԱՏՄ երկրների վարչապետերի հանդիպման ժամանակ: Ակնհայտ է, որ նման քաղաքականությունը կնվազեցնի ԵԱՏՄ երկրների շուկայի կախվածությունը դոլարից, սակայն հետաքրքիր է, թե դա ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա, ասել է թե՝ ո՞րն է մեր օգուտը:
-Նախ՝ Հայաստանը ունի կոնկրետ հիմքեր նման առաջարկ անելու համար, քանի որ դա արձանագրված է ԵԱՏՄ պայմանագրում: Այնտեղ կան մեզ համար շատ բարենպաստ կետեր, որոնք պետք է կարողանանք կյանքի կոչել:
ԵԱՏՄ պայմանագրի 4-րդ հոդվածում նշված է՝ միության հիմնական նպատակն է ԵԱՏՄ անդամ երկրների կոոպերացիայի, մոդեռնիզացիայի եւ մրցունակության բարձրացումը: Չափազանց կարեւոր է նաեւ պայմանագրի 64-րդ հոդվածը, ուր ամրագրված են միության երկրների միջեւ համաձայնեցված արժութային քաղաքականության իրականացման նպատակներն ու սկզբունքները:
Մարտավարությունը ճիշտ է ընտրված՝ վարչապետի կողմից ճիշտ ժամանակին հնչեց այդ հարցը. ԵԱՏՄ բոլոր երկրների, այդ թվում եւ Հայաստանի համար շահավետ է դոլարիզացիայի մակարդակի իջեցումը, բայց Հայաստանն այդ քայլով, նախ, կկարողանա իր խնդիրները լուծել:
Վարչապետը շեշտել է, որ խոսքն առաջին հերթին ռազմավարական նշանակության ապրանքների մասին է, դրանք պաշտպանական բնույթի ապրանքներ են ու մեզ համար կարեւոր գազը, այսինքն` ապրանքներ, որոնք ներմուծում ենք: Եթե ռուսական կողմը համաձայնվի, եւ կարողանանք բանակցությունների միջոցով հասնել այս առաջարկի իրականացմանը, ապա այն անտարակույս մեզ համար կլինի նպաստավոր ու շահավետ:
-Մասնավորաբար ի՞նչ կկատարվի գազի գնի հետ՝ կաճի՞, թե՞ կնվազի, եթե հաշվարկվի ռուսական ռուբլով:
-Տեսեք, ռուսական ռուբլին դոլարի նկատմամբ արժեզրկվում է ավելի արագ տեմպերով, քան հայկական դրամը։ Այս միտումը կարող է շարունակվել, սա նշանակում է, որ ներկայումս սահմանված գազի գինը, այսինքն` 165 դոլարը, վաղը ավելի կնվազի, ասենք, կարող է հասնել 150 դոլարի: Ու քանի որ հայկական դրամն էլ արժեզրկվում է ավելի դանդաղ, այդպիսի միտում կա, ապա հավանական է, որ ռուսական գազի գինը նվազի նաեւ հայկական դրամով:
Իհարկե մեզ համար նպաստավոր է սահուն ու դանդաղ դրամի արժեզրկումը, ինչի մասին նշել է նաեւ հանրապետության նախագահը, սակայն ռուսական ռուբլու ավելի արագ արժեզրկմամբ մենք նույնիսկ հայկական դրամով լրացուցիչ օգուտ կունենանք:
Նույնը վերաբերում է պաշտպանական բնույթի ապրանքներին. այստեղ եւս մենք շահող ենք դուրս գալիս, ես կասեի՝ կրկնակի շահող. մի կողմից՝ շնորհիվ փոխարժեքի կուրսի իջեցման, մյուս կողմից՝ այն առումով, որ պաշտպանական բնույթի ապրանքները մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը մեզ կվաճառի միջազգային գներից շատ ավելի էժան:
Այսպիսով վարչապետի առաջարկությունն առաջին հերթին բխում է մեր երկրի տնտեսական շահերից, այն նպաստավոր է մեր համախառն ներքին արդյունքի աճի համար, մեր արտահանման ու երկրի անվտանգության, պաշտպանության համար:
-Ստացվում է, որ դրանից կշահեն բոլորը, նկատի ունեմ ԵԱՏՄ երկրները, որոշակի չափով կտուժի Ռուսաստա՞նը, սա ինչպե՞ս հասկանալ, արդյոք Ռուսաստանը կգնա՞ նման քայլի այն դեպքում, երբ իր տնտեսական վիճակը առանձնապես լավ չէ: Գուցե առաջնային պլան է մղվում քաղաքական բաղադրի՞չը:
-Որքան երկիրը մեծ է, այնքան բազմազան են խնդիրները, շահերը: Ռուսաստանը, որ բոլոր առումներով համարվում է համաշխարհային խաղացող երկիր, իր քայլերը հաշվարկում է համակարգված ձեւով, այսինքն՝ եթե այստեղ տնտեսապես որոշակիորեն տուժում է, ապա ռազմավարական բնույթի հարցերում՝ շահում:
Մինչդեռ փոքր երկրների առաջ կանգնած են այլ խնդիրներ: Մեր պարագայում, ինչպես ասացի, դա համախառն ներքին արդյունքի, տնտեսական աճի խնդիրն է, մեր պաշտպանության ու Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական՝ դե յուրե լուծմանը հասնելու հարցն է: Այսպիսով այս ծրագրի իրականացումը նպաստավոր ու շահավետ է մեզ համար:
-Շահավետ է նաեւ Ռուսաստանի համար, չէ՞ որ այն նպաստելու է ռուսական քաղաքականության իրականացմանը, նկատի ունեմ ԵԱՏՄ տարածքում ռուբլին որպես միասնական արժույթ ունենալուն եւ դոլարից հրաժարվելու քաղաքականությունը: Ի դեպ, փոքր-ինչ վաղ չէ՞ մտածել այդ մասին, չէ՞ որ ԵԱՏՄ-ն դեռ կայացած կառույց չէ:
-Նախ Ռուսաստանի համար այս քայլը կլինի շահավետ այն առումով, որ կիջեցնի դոլարիզացիայի մակարդակը, եւ այդ երկիրը կարող է ավելի մեծ դիվիդենտներ ստանալ: Իսկ մի՞թե դա մեզ համար վատ է, նրանք իրենց ապրանքները կարտահանեն ռուսական ռուբլով, մենք էլ դրանից կշահենք:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթ ունենալուն, ապա նման հարց օրակարգում չկա, ԵԱՏՄ տնտեսական պայմանագիրը դա չի նախատեսում: Փոխարենը, ինչպես ասացի, նշած է վարել համաձայնեցված արժութային քաղաքականություն: Այն, ինչ մենք փորձում ենք անել` ելնելով մեր շահերից:
Իսկ երբ կբարձրանա միասնական արժույթ ունենալու հարցը, երբ այն կլինի ԵԱՏՄ երկրների համար շահավետ, երբ կկարողանանք համաձայնեցված դրամավարկային քաղաքականություն վարել, երբ մեր փոխարժեքների տատանումներն իրար կլինեն մոտ, երբ ԵԱՏՄ երկրներում գնաճը որոշակի մակարդակից ցածր կլինի, այդ ժամանակ միայն կարելի է գնահատել միասնական արժույթի անցնելու գաղափարը: Իսկ առայժմ այդ կարգի խնդիրների լուծումից մենք հեռու ենք:
-Կխնդրեի անդրադառնաք Սարգսյան-Պուտին հանդիպման պաշտոնական հատվածում ՌԴ նախագահի ակնարկին, թե՝ երկու երկրների ապրանքաշրջանառությունը, ցավոք, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նվազել է։ Նա շեշտեց նաեւ, թե կան որոշակի նրբություններ, որոնց պատասխաններն ինքը դեռ չունի, սակայն մասնագետներիդ համար պետք է որ պատճառները պարզ լինեն:
-Իհարկե, պատճառն այն է, որ մենք չենք վարում ԵԱՏՄ պայմանագրին համահունչ տնտեսական քաղաքականություն: Խոսքը, ի դեպ, այդ նույն 64-րդ հոդվածի մասին է, որը հենց մեր երկրին է ձեռնտու՝ վարել համաձայնեցված արժութային քաղաքականություն: Այսինքն` խնդիրներն առաջացել են դրամավարկային, հատկապես արժութային քաղաքականության չհամաձայնեցման հետեւանքով։
Հայաստանի ու Ռուսաստանի կողմից վարվում է տարբեր դրամավարկային քաղաքականություն, մենք ակնհայտորեն թանկ փողերի քաղաքականություն ենք վարում, իրենք՝ ոչ, ունենք տարբեր փողայնացման մակարդակներ, Հայաստանի վրա դեռեւս լուրջ ազդեցություն ունեն Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկները:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
http://armworld.am/detail.php?paperid=5146&pageid=157458&lang=
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ Է. Աշոտ Թավադյան[28.08.2022]
- ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԸ ԻՋԵՑՆԵԼ. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԲ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ[13.09.2018]
- ԵԹԵ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ՎԱՐԵԼ ԹԱՆԿ ՓՈՂԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ[07.09.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[04.09.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԱՏՄ-ՈՒՄ. ԻՆՏԵԳՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ[11.07.2018]
- «ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԿԱ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՐԴԻՆԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ». «ՓԱՍՏ»[01.06.2018]
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԵՏՀԱՇՎԱՐԿ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[18.01.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ 2017Թ. ԵՎ ԵԱՏՄ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԸ[16.01.2018]
- ԿԱՐԵԼԻ՞ ԷՐ ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ԶՍՊԵԼ ԳՆԱՃԸ[15.01.2018]
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ. «ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ. ԵՄ-Ն ԵՎ ԵԱՏՄ-Ն ՄԻԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ»[30.10.2017]
- ԳՆԱՃԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՎՐԱ[20.09.2017]