• am
  • ru
  • en
Версия для печати
10.09.2015

ԹԱՎԱԴՅԱՆ. ԴՈԼԱՐԻԶԱՑԻԱՅԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆՎԱԶԵՑՈՒՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱԿՆՀԱՅՏ ԿՇԱՀԻ

   

«Հայաստանի վարչապետը շատ հստակ պաշտպանում է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի այն դրույթները, որոնք ակնհայտ նպաստավոր են մեզ համար և գործում է հենց այդ պայմանագրից ելնելով»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում արված առաջարկին՝ ԵՏՄ-ում առևտրային փոխհարաբերություններում անցնել ազգային արժույթի ու հրաժարվել դոլարից:

«Խոսքը պայմանագրի 4-րդ հոդվածի մասին է, որտեղ նշված է, որ հիմնական նպատակն է ԵՏՄ անդամ երկրների կոոպերացիան, մոդեռնիզացումն ու մրցունակության բարձրացումը: Եվ հատկապես մեզ համար չափազանց կարևոր է տվյալ պայմանագրի 64-րդ հոդվածը՝ «Համաձայնեցված արժութային քաղաքականության նպատակները և սկզբունքները»: Եվ այստեղ հարցը շատ գրագետ է դրված, որ բարձրացնելով դոլարիզացիայի մակարդակի նվազեցման հարցը Հայաստանը ակնհայտ կշահի»,- ասաց նա: Տնտեսագետը պարզաբանեց, թե ինչու է այս խնդիրը այդչափ կարևոր Հայաստանի համար, քանզի մենք ներկրող երկիր ենք և նույն Ռուսաստանից մենք գազ ենք ներկրում, ռազմավարական բնույթի ապրանքներ ենք ներկրում:

«Ես առաջարկում եմ, որ լինի սահուն դրամի փոփոխություն, բայց միևնույն է՝ դրամի փոխարժեքի փոփոխությունը լինելու է ավելի սահուն տվյալ իրավիճակում, քան ռուսական ռուբլու: Այսինքն՝ եթե պայմանագրերը լինեն ռուսական ռուբլիով, ապա և գազը, և գազի գինը, և ռազմավարական բնույթի ապրանքների գինը դոլարով կիջնեն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ քանի որ մենք ներկրում ենք էներգակիր ապրանքներ, ապա դոլարիզացիայի մակարդակի իջեցումը մեզ նաև մրցունակ է դարձնում, ինչպես նաև Հայաստանի անվտանգության խնդիրները ավելի հեշտ ձևով կլուծվեն.

«Այնպես որ այս պարագայում լուծումը ակնհայտ մեզ համար շահավետ է և շատ հստակ փորձ է արվում, օգտագործելով ու ուշադրություն դարձնելով դրա վրա մեր դաշնակիցներին, որ եթե կնքել ենք ԵՏՄ պայմանագիր, ապա բարի եղեք այս դրույթները կատարեք, որոնք, կրկնում եմ, ակնհայտ նպաստավոր են մեզ համար: Կարծում եմ, որ տվյալ պարագայում Հայաստանի վարչապետը պաշտպանում է մեր տնտեսական շահերը»,- ընդգծեց Աշոտ Թավադյանը:

Հայաստանի համար այսօր առաջնահերթ խնդիր է էներգակիրների գների իջեցումը, հիշեցրեց տնտեսագետը, քանի որ դա և սոցիալական խնդիրների լուծման համար է անհրաժեշտ, և անհրաժեշտ է Հայաստանի բիզնեսի մրցունակության բարձրացման համար.

«Իհարկե այս քայլը նպաստավոր է այդ առումով, քանի որ ստացվում է, որ դու ոչ միայն կարողանում ես էժան գնել, այլև նպաստել մրցունակությանը»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ նկատելով, որ որքան էլ գաղափարն ու առաջարկը ողջունելի են, բայց Հայաստանը դեռ որոշակի ներքին խնդիրներ ունի՝ դրամավարկային քաղաքականության և հարկաբյուջետային քաղաքականության ներդաշնակեցման առումով:

http://www.aysor.am/am/news/2015/09/09


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր